… զարգացումը կազմակերպել ազգային սկզբունքով։ Սակայն ԽԱՀՄ-ի պայմաններում այդ սկզբունքը կենսագործվում էր ոչ հետևողականորեն։

Պետության մշակութային քաղաքականության բնորոշ կողմը նրա դասակարգային-կուսակցական ուղղվածությունն էր։

 

Կադրերի հարցը

Խորհրդային իշխանությունը ծրագրում էր իրականացնել վիթխարածավալ խնդիրներ ոչ միայն մշակույթի, այլև տնտեսության, պետական շինարարության և մյուս բնագավառներում։

Այդ խնդիրների հաջող լուծման կարևոր երաշխիքներից էր կադրերի հարցի լուծումը։ Գոյություն ունեին լուծման տարբեր ուղիներ, որոնցից գլխավորը նոր կադրերի պատրաստումն էր, որ իրականացնում էին հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական դպրոցները։ Կադրեր էին պատրաստվում նաև ԽՍՀՄ խոշոր քաղաքների բուհերում։ Մյուս ուղին գոյություն ունեցող հայ կադրերի վերադարձն էր խորհրդային մյուս հանրապետություններից, ինչպես նաև արտասահմանից, որոնց թիվը քիչ չէր։ Ստեղծված պայմաններում խորհրդային իշխանությունը կարևոր նշանակություն էր տալիս հին կադրերի օգտագործմանը։ Միայն բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետների թիվը մշակութային հիմնարկություններում 1941թ. կազմում էր 9600 մարդ։ Դրա հիմնական գանգվածը նոր կադրերն էին։ Ընդ որում, ամբոդջ ժողովրդական տնտեսության մեջ զբաղված համապատասխան մասնագետների թիվը հասնում էր 19400-ի։ Դրանք հիմնականում խորհրդային իշխանության 20 տարիների ընթացքում պատրաստված կադրերն էին։ Նոր կադրերի թվում զգալի էին կանայք, որոնց ներգրավմանը խորհրդային իշխանությունը առանձնահատուկ ուշադրություն էր նվիրում։ Միաժամանակ պետք է նշել այն մեծ կորուստների մասին, որ կրեցին նաև մշակույթի բնագավառի կադրերը 1930-ական թվականների երկրորդ կեսին կիրառված քաղաքական բռնաճնշումների պատճառով։

Մշակույթի կառավարման գործը կենտրոնացած էր հանրապետության լուսժողկոմատում։ Խորհրդահայ մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեն առաջին լուսժողկոմ, ապագա ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, երկարամյա լուսժողկոմ Ասքանազ Մռավյանը, ինչպես նաև Արտավազդ Եղիազարյանը և ուրիշներ։

 

Զանգվածային անգրագիտության վերացումը

Խորհրդային իշխանությունը գտնում էր, որ նոր հասարակարգի ստեղծումը կարելի է իրականացնել միայն գրագետ մարդկանց միջոցով։ Ուստի նա ձեռնամուխ եղավ, մի կողմից, երեխաների դպրոցական կրթության կազմակերպման, մյուս կողմից, չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։ Անգրագիտության վերացումը նպատակ ուներ հանրապետության աշխատավորական լայն խավերին հնարավորություն տալ, որպեսզի նրանք գործուն մասնակցություն ունենան երկրի քաղաքական ու մշակութային կյանքին։ Անգրագիտության վերացման մասին որոշումը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է 1921թ. սեպտեմբերին։ Ստեղծվեցին «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը և նրա տեղական լայն ցանցը։

Առաջին հնգամյակում հնարավոր չեղավ ամբողջությամբ հաղթահարել անգրագիտությունը, ուստի գործի ընթացքն արագացվեց։ Գյուղատնտեսության կոլեկտիվացման հետ կապված ուշադրությունը մեծացավ գյուղի նկատմամբ։ Ի վերջո 1939թ. մարդահամարի տվյալներով գրագետ էր դարձել Հայաստանի բնակչության 83,9 տոկոսը 1897թ. 9,2 տոկոսի դիմաց։ Հայաստանում անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծված էր, որը շատ մեծ նվաճում էր։

 

Հանրակրթական դպրոցը

Հայաստանի խորհրդային իշխանությունը իր ձեռքը վերցրեց կրթության ամբողջ գործը և ձեռնամուխ եղավ կրթական նոր համակարգի ստեղծմանը։ Առաջին քայլը դպրոցի անջատումն էր եկեղեցուց, կրոնական առարկաների դասավանդման արգելումը, կրթությունն աշխարհիկ դարձնելը։ Խորհրդային դպրոցի խնդիրը դարձավ կոմունիստական գաղափարների ոգով մատաղ սերնդի դաստիարակումը։

1921թ. որոշում ընդունվեց հանրապետությունում ունենալ երկաստիճան դպրոց՝ տարրական և յոթամյա։ Մի քանի տարի անց նպատակահարմար համարվեց, ելնելով կրթության առաջին հաջողություններից, անցնել եռաստիճան՝ տարրական, յոթամյա և միջնակարգ դպրոցին։ Տարրական դպրոցը գերակշռում էր գյուղական վայրերում։

1920-1930-ական թվականներին ստեղծվեց հանրակրթական դպրոցների լայն ցանց։ 1940-1941 ուսումնական տարում հանրապետությունում գործում էր 1155 դպրոց (326517 աշակերտներով և 11217 ուսուցիչներով)։ Առաջին հնգամյակի վերջում իրականացվել էր պարտադիր տարրական կրթությունը։ Սկսվեց անցումը յոթամյա կրթության։ Հարյուրավոր դպրոցական շենքեր կառուցվեցին պետության միջոցներով, որն էլ հոգում էր դպրոցական բոլոր ծախսերը։ Ուսուցչական կադրերի աճը հիմնականում տեղի էր ունեցել նոր կադրերի պատրաստման միջոցով։

Դպրոցական դասագրքերի մեծ մասը թարգմանական էր (ռուսերենից), քանի որ առարկաներն ընդհանուր էին ամբողջ ԽՍՀՄ-ի համար, բացի հայոց լեզվի, գրականության և այլ առարկաներից։

Հանրակրթական դպրոցների լայն ցանցը մեծ նշանակություն ունեցավ մատաղ սերնդի անգրագիտության վերացման գործում։

 

Բարձրագույն կրթությունը

Հայաստանի բարձրագույն կրթության առաջնեկը Երևանի պետական համալսարանն է, որը, Երևանի ժողովրդական համալսարան անունով, հիմնադրվել է 1919թ.։ Սկզբնապես գործող երկու ֆակուլտետներին 1921թ. ավելացան նորերը՝ 1941թ. հասնելով 8-ի։ Ուսանողների թիվը 20 տարվա ընթացքում աճեց մոտ 6 անգամ, իսկ դասախոսներինը՝ 9 անգամ։ Նրա ֆակուլտետների հիման վրա ստեղծվեց հանրապետության բուհերի ցանցը՝ բավարարելով դրանց դասախոսական անձնակազմի հիմնական պահանջը։

Հաջորդ բուհը դարձավ Երևանի կոնսերվատորիան (1923թ.), որը կոչված էր պատրաստելու բարձրագույն երաժշտական կադրեր։ 1928թ. բացվեց անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, որը կադրեր էր պատրաստում Անդրկովկասի հանրապետությունների համար։

Առաջին հնգամյակը կադրերի մեծ պահանջ առաջացրեց, ուստի 1930թ. Երևանի համալսարանի ֆակուլտետները դարձան ինքնուրույն ինստիտուտներ՝ պոլիտեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական, մանկավարժական։ 1940թ. Հայաստանում գործում էր 9 բուհ՝ 11100 ուսանողներով և պրոֆեսորա-դասախոսական բարձրորակ անձնակազմով։

Կազմավորվեց նաև միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանց։ 1940թ. գործում էր 62 տեխնիկում շուրջ 9000 սովորողներով։

1928–1941թթ. Հայաստանի բուհերը և տեխնիկումները միասին տվեցին շուրջ 22 հազար շրջանավարտ։

 

Գիտություն

Նոր հասարակարգի պայմաններում գիտությունը ևս ծառայելու էր նրա ամրապնդմանն ու զարգացմանը։ Գիտության զարգացումը կազմակերպվում էր բուհերում և գիտահետազոտական հիմնարկներում։ Դրանք էին, առաջին հերթին, Երևանի համալսարանը, պոլիտեխնիկական ինստիտուտը։ Հայաստանի առաջին գիտական հիմնարկությունը Էջմիածնի պատմամշակութային ինստիտուտն էր։ Այն շուտով տեղափոխվեց Երևան և 1925թ. վերակառուցվեց Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի, ուր աշխատանքի հրավիրվեցին հանրապետության գիտական ուժերը։ 1930թ. այն կոչվում էր Գիտությունների ինստիտուտ։ 1930-ական թվականներին տնտեսության արագ զարգացումը նոր պահանջներ էր դնում գիտական կադրերի առաջ։ Ուստի 1935թ. կազմակերպվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղը։ Կադրերի առկայության առումով Հայաստանում շատ թե քիչ նպաստավոր պայմաններ կային հայագիտության զարգացման համար (պատմություն, լեզու, գրականություն և այլն)։

Հայկական մասնաճյուղի գործունեությունը ղեկավարում էին հայտնի գիտնականներ Ֆրանց Լևինսոն-Լեսինգը, ապա վաստակաշատ արևելագետ Հովսեփ Օրբելին։

Հայաստանում զարգանում էին ինչպես հասարակական, այնպես էլ բնական գիտությունները։ Պատմաբաններից շարունակում էին ստեղծագործել Հ. Օրբելին, Լեոն (Առաքել Բաբախանյան), Հակոբ Մանանդյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աշխարհաբեկ Քալանթարը և ուրիշներ։ Նրանք գիտական արժեքավոր աշխատություններ ստեղծեցին հայոց պատմության վերաբերյալ։ Այդ ուսումնասիրությունները իրենց գիտական արժեքը պահպանում են մինչև այժմ։

Լեզվագիտության ու գրականագիտության գծով Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփանոս Մալխասյանը, Արսեն Տերտերյանը և շատ ուրիշներ գիտական-ստեղծագործական բեղուն գործունեություն էին ծավալել։

Բնական գիտությունների զարգացումը կապվում էր ինդուստրացման խնդիրների լուծման հետ։ Լևոն Ռոտինյանի և Ստեփան Ղամբարյանի ղեկավարությամբ գիտական աշխատանքներ էին կատարվում քիմիական արդյունաբերության բնագավառում։ Ջրատեխնիկայի և ջրաէներգետիկայի տեսական ու կիրառական հարցերի լուծումը կապված է Հովսեփ Տեր-Աստվածատրյանի անվան հետ։ Նա առաջատար դեր է խաղացել Շիրակի ջրանցքի, մի շարք հէկերի, նաև Սևանա լճի ջրօգտագործման նախագծի պատրաստման գործում։ Երկրաբաններ Հովհաննես Կարապետյանի և Տիգրան Ջրբաշյանի գործունեությունը ծավալվել է կիրառական երկրաբանության ասպարեզում։

 

Գրական կյանքը

1920-30-ական թվականները խորհրդահայ գրականության ձևավորման ու զարգացման տարիներ էին։ Կուսակցության պահանջով գրողների կարևոր խնդիրը դարձավ գեղարվեստական ստեղծագործության միջոցով մասնակցել խորհրդային մարդու դաստիարակությանը։

Հակասական իրադրության պայմաններում ծավալվեց 1920-ական թվականների գրական շարժումը։ Հասարակության կյանքում տեղի ունեցող վերափոխումները թելադրում էին գեղարվեստական որոնումների նոր ընթացք։ Գեղարվեստական խոսքի ճանաչված վարպետներ Հովհաննես Թումանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Նար-Դոսը, Դերենիկ Դեմիրճյանը և ուրիշներ կողմնորոշվեցին դեպի խորհրդային իշխանությունը։ Քաղաքական համոզմունքների բերումով վտարանդիության մեջ հայտնվեցին Ավետիս Ահարոնյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը։ Նոր կարգերի համար 19-րդ դարի ականավոր գրողները, մասնավորապես Ռափայել Պատկանյանը և Րաֆֆին դարձան «ազգայնական»։

Նոր գրականության ստեղծումը դարձավ գրական նոր սերնդի խնդիրը։ Ստեղծվեցին գրական տարատեսակ խմբակներ, որոնք 1932թ. միավորվեցին Խորհրդային Հայաստանի գրողների միության մեջ։

Հետագա տարիներին Հայաստանի գրողների առաջ ծառացավ իրականության գեղարվեստական արտացոլման նոր սկզբունքների մշակման խնդիրը։ Նոր սկզբունքն իր արտացոլումը գտավ «սոցիալիստական ռեալիզմի» մեջ, որը պահանջում էր գրականության հերոս դարձնել նոր հասարակարգ ստեղծողներին, հեղափոխական գործիչներին, արտադրության առաջավորներին։ Եվ չնայած այսպիսի կաշկանդվածությանը, այնուամենայնիվ գրական տաղանդն օգնում էր դուրս գալու պարտադրող սահմաններից։ Դրա շնորհիվ ուղի էր հարթում հայրենասիրության, համամարդկային բովանդակության թեմատիկան։

Արձակի բնագավառում շարունակում էին ստեղծագործել Ալեքսանդր Շիրվանզադեն, Նար-Դոսը, Դերենիկ Դեմիրճյանը, Վահան Թոթովենցը, Նոր գրողներից Ստեփան Զորյանը, Ակսել Բակունցը։ Հին ու նոր գյուղի, նրա շարքային մարդկանց կերպարը, նաև արևմտահայության ճակատագիրը հիանալի է վերարտադրել ու մշակել Բակունցը իր պատմվածքներում։

1930-ական թվականները դարձան հայ գրականության զարգացման նոր փուլի սկիզբ։ 1934թ. կայացած Հայաստանի գրողների և ԽՍՀՄ գրողների 1-ին համագումարները ուղենշեցին գրականության զարգացման խնդիրները։ Սակայն անհատի պաշտամունքի շրջանում, 1930-ական թվականների երկրորդ կեսին, իրականացված քաղաքական բռնությունները խաթարեցին ամբողջ երկրի գրական կյանքը։ Կամայականությունների զոհ դարձան նշանավոր գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Զապել Եսայանը, Վահան Թոթովենցը, աքսորվեցին Գուրգեն Սահարին, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը և ուրիշներ։ Եվ, այնուամենայնիվ, չնայած վախի ու բռնությունների մթնոլորտին, հայ գրական կյանքը վերելք էր ապրում։

 

Կերպարվեստ

1920-ական թվականներին գործում էին կերպարվեստի ճանաչված վարպետներ Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Եղիշե Թադևոսյանը, Հակոբ Կոջոյանը։ Նրանց ստեղծագործական ավանդույթների հիման վրա Հայաստանում ստեղծվեց կերպարվեստի նոր դպրոց։ Այդ գործում բացառիկ է համաշխարհային ճանաչման արժանացած Մարտիրոս Սարյանի դերը։ Մ. Սարյանը մարմնավորել է հայրենիքի գեղեցկությունը։ Նրա կտավներին բնորոշ են վառ ու ներդաշնակ գույները, որոնք կարծես ճառագում են լույս ու ջերմություն։

Կերպարվեստի զարգացման կարևոր գրավականը կադրերի պատրաստումն է։ Այդ նպատակով 1922թ. Երևանում բացվեց գեղարվեստի դպրոց։ 1935թ. կազմակերպվեց Հայաստանի կերպարվեստի թանգարանը, որն այսօր գործող Հայաստանի ազգային պատկերասրահն է։

Հայ քանդակագործների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Սերգեյ Մերկուրովը, Արա Աարգսյանը, Երվանդ Քոչարը։ Մերկուրովի հայտնի գործերից է 1931թ. Երևանում տեղադրված Ստեփան Շահումյանի մոնումենտը։ Արա Սարգսյանի գործերից է «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակը, որը տեղադրված է Երևանի պետական համալսարանի առջև։ Երվանդ Քոչարը նկարիչ-քանդակագործ է։ Նրա ամենանշանավոր ստեղծագործությունը Սասունցի Դավթի արձանն է Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում։

 

Երաժշտական արվեստ

Վերելք էր ապրում երաժշտական կյանքը։ Ստեղծվեց առաջին սիմֆոնիկ նվագախումբը, կազմակերպվեց պետական ֆիլհարմոնիան, բացվեց օպերայի և բալետի պետական թատրոնը։ Ավելի վաղ ստեղծվել էր Երևանի կոնսերվատորիան։ Երաժշտական արվեստի զարգացման գործում մեծ է Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Սելիքյանի, Արմեն Տիգրանյանի վաստակը։ Ալ. Սպենդիարյանի ստեղծագործություններից հիշատակության արժանի են «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ գործը և «Ալմաստ» օպերան (ըստ Հովհ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի)։ Այս օպերայով 1933թ. բացվել է Երևանի օպերային թատրոնը։ Ալ. Սպենդիարյանը հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է։ Նշանավոր է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։

Հայ երաժշտության զարգացման գործում մեծ է աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի վաստակը, որի ստեղծագործությունը սկիզբ է առել 1930-ական թվականներին։ Նա ընդլայնեց երաժշտության ժանրային սահմանները, ստեղծելով ազգային առաջին սիմֆոնիան, առաջին բալետը («Երջանկություն», հետո վերանվանվեց «Գայանե»), առաջին գործիքային կոնցերտները։

Հայ երաժշտության կատարողական արվեստի, նրա ժողովրդականացման մեջ մեծ է օպերային երգիչներ Հայկանուշ Դանիելյանի և Շարա Տալյանի դերը։

1938թ. կազմակերպվեց և լայն ժողովրդականություն վայելեց Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթը, որն այսօր կրում է իր ղեկավարի անունը։

 

Թատրոն և կինո

1922թ. կազմակերպվեց հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվեց Գ.Սունդուկյանի անունը։ Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը մարմնավորեցին հանդիսականի մոտ երկար հիշվող կերպարներ։ Թատրոնի խաղացանկում մնայուն պիեսներ էին հայ դրամատուրգիայից «Պատվի համար»–ը, «Նամուս»–ը, «Չար ոգի»–ն, «Պեպո»–ն, օտար հեղինակներից՝ «Օթելլո»–ն, «Լիր արքա»–ն և այլ գործեր։

Առանձնանում է հայ բեմի ականավոր վարպետ Վահրամ Փափազյանի խաղը Շեքսպիրի ստեղծագործություններում։ Հանրահայտ է նրա խաղացած Օթելլոն։ Հրաչյա Ներսիսյանի խաղն աչքի էր ընկնում հուզական մեծ ուժով։

1920-30-ական թվականներին դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության որոշ շրջկենտրոններում։ Երևանում գործում էին պատանի հանդիսատեսի և ռուսական դրամատիկական թատրոնները։ Շրջիկ թատերախումբ գոյություն ուներ Ամո Խարազյանի ղեկավարությամբ։

Երկուհազարամյա հայ թատրոնի պատմության մեջ խորհրդային տարիները առանձնացան բեղմնավոր գործունեությամբ։

1920-ական թվականները նշանավորեցին հայկական կինոարվեստի ծնունդը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով։ Առաջին հնչյունային կինոնկարը «Պեպո»–ն էր, որը թողարկվեց 1935թ. և ճանաչվեց որպես այն ժամանակի լավագույն նկար։ Հայ կինոարվեստի ստեղծման ու զարգացման գործում մեծ է կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։

 

Ճարտարապետությունը

1920-30-ական թվականները նշանավորվեցին քաղաքաշինության զարգացման արագ ընթացքով։ Հայ ճարտարապետությունը պետք է զարգանար ոչ միայն ազգային դարավոր ճարտարապետության հարուստ ավանդույթների, այլև համաշխարհային ճարտարապետության նվաճումների հիման վրա։

Հանրապետությունում սկսված լայնածավալ շինարարության խնդիրների լուծումը վիճակվեց ճարտարապետների ավագ սերնդին, որի նահապետն է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Նա դարձավ հայ նոր ճարտարապետության հիմնադիրը։ Նրա ղեկավարությամբ մշակվեց մայրաքաղաք Երևանի կառուցապատման գլխավոր հատակագիծը։ Թամանյանի ստեղծագործության արգասիք են կառավարության տունը, օպերայի և բալետի թատրոնը, հանրային (ազգային) գրադարանը, բուհական մի շարք շենքեր։ Այս կառույցների բնորոշ արժանիքներն են դրանց վեհությունն ու գեղեցիկ ճարտարապետությունը, նուրբ համաչափությունները։ Դրանք հիրավի ճարտարապետական գլուխգործոցներ են։

Այսպիսով, 1920-30-ական թվականներին, չնայած պատմական ոչ տևական ժամանակաշրջանին, խորհրդահայ մշակույթն ունեցավ մեծ նվաճումներ։

 

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա

1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Գերմանիան վաղուց նախապատրաստվել էր պատերազմին և ստեղծել հզոր բանակ։ Դեռևս 1939թ., սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերյան Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային պատերազմ, այսինքն՝ այն ավարտել սեղմ ժամկետում, վերացնելով նրան որպես պետություն։

Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն երկրի զինված ուժերը համապատասխան պատրաստության չբերվեցին, որի պատճառով պատերազմի սկզբում անհաջողություններ ունեցան։ Խորհրդային զորքերը կրեցին մեծ կորուստներ, թշնամուն հանձնեցին շատ տարածքներ։ Սխալ էր նաև պատերազմի նախօրյակին հազարավոր սպաների բանտարկությունը, որից բանակը խիստ թուլացավ։ Այլ խոսքով՝ պատերազմը սկսվելու պահին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան երկրի սահմաններում կանգնեցնելու։ Այդուհանդերձ անհրաժեշտ է նշել Ի. Ստալինի դրական դերը Հայրենական պատերազմում։ Նա էր գլխավորում խորհրդային պետությունը երկրի պատմության ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում։ Ի. Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարն էր, զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը։ Նրա ձեռքում կենտրոնացվել էր ահեղ թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման ամբողջ գործը։

Ռազմաքաղաքական և դիվանագիտական հաղթանակ էր, որ ԽՍՀՄ-ը միայնակ չմնաց ֆաշիզմի դեմ մղվող պայքարում։ ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան և այլ պետություններ համագործակցեցին ԽՍՀՄ-ի հետ՝ ֆաշիզմի դեմ համատեղ պայքարելու համար։ Ձևավորվեց դաշնակից երկրների հակաֆաշիստական խմբավորումը։

 

Հայաստանը ֆաշիստական պլաններում

Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը կրում էր «Կովկաս» անունը՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում «Հայաստանի կոմիսարիատով»։

Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» (նախագահությամբ Արտաշես Աբեղյանի), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրելով ֆաշիստական Գերմանիայի հետ, փաստորեն օգնում էր նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942թ. վերջ- 1943թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։

1943թ. ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների օգտին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բեկումը շրջադարձ կատարեց ֆաշիզմին ծառայող հայ ազգային շրջանների մոտ։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Սկսեցին քայքայվել նաև հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։

 

Տնտեսության վերակառուցումն ըստ պատերազմական պահանջների

Հայ ժողովուրդը ինչպես թիկունքում, այնպես էլ ռազմաճակատում գործեց հերոսաբար։

Առաջնահերթ խնդիր էր տնտեսության վերակառուցումը պատերազմի պահանջներին համապատասխան։ Պատերազմի ընթացքում Հայաստանը երկրին մատակարարում էր կաուչուկ, որի արտադրությունն ավելացավ 5 անգամ, պղինձ, կարբիդ և ռազմական կարիքների համար անհրաժեշտ այլ արտադրատեսակներ։ Յուրացվեց զենքի ու զինամթերքի որոշ տեսակների արտադրությունը, ինչպես՝ ականանետ, հրացաններ, նռնակներ, ականներ, պայթուցիկ նյութեր։ Երևան էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում դրանց մասեր։ Արդյունաբերության մյուս ճյուղերը ևս սպասարկում էին բանակին։ Կառուցվեցին ավտոդողերի (Երևան), ծծմբաթթվի (Ալավերդի) և այլ գործարաններ։ Մեծ լարումով էր աշխատում երկաթուղային տրանսպորտը՝ ռազմաճակատ հասցնելով ամենատարբեր բեռներ։

Ռազմաճակատ մեկնած գյուղի աշխատավորներին փոխարինեցին կանայք, տարեցները, նաև շատ անչափահասներ։

Ըստ պատերազմի պահանջների իր գործունեությունը վերակառուցեց Հայաստանի մտավորականությունը՝ գրականության, արվեստի, գիտության գործիչները։ ժողովրդի և ռազմիկների՝ հայրենասիրության, թշնամու դեմ ատելության ոգով դաստիարակությունը դարձավ նրանց աշխատանքի առանցքը։ Գիտության զարգացմանը մեծապես նպաստեց ահեղ պատերազմի ժամանակ՝ 1943թ. Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կազմակերպումը։

Հայ ժողովուրդը հատուկ նամակով դիմեց ռազմի դաշտում գտնվող իր զավակներին՝ նվիրումով մարտնչելու ԽՍՀՄ-ի, որպես ընդհանուր հայրենիքի, ազատության ու անկախության համար։

Թշնամու դեմ պայքարի կազմակերպմանն ակտիվորեն մասնակցեց նաև հայոց եկեղեցին՝ թե՛ հոգևոր-բարոյական, թե՛ նյութական միջոցներով։ Ընդ որում, պատերազմական պայմանների բերումով փոխվեց խորհրդային իշխանության վերաբերմունքը հայ եկեղեցու նկատմամբ։ Այն դարձավ մեղմ ու հանդուրժող։ Ավելին, 1945թ. ապրիլի 19-ին ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ի. Ստալինը Մոսկվայում ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը առաջադրեց լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն։

 

Հայկական դիվիզիաների կազմակերպումը և մարտական ուղին

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտին և Հայրենականին) մասնակցել է 600 հազար հայ։

Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.։ 1941–1942թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայաստանի տարածքում Կարմիր բանակի 8 այլ դիվիզիաներ ու մի շարք բրիգադներ ևս համալրվեցին նրա զավակներով։

Հայ քաջորդիները պատերազմի ամբողջ ընթացքում մարտնչում էին ամենուրեք, ամենատարբեր ռազմաճակատներում։ Միայն Ստալինգրադի ճակատամարտի հայ մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 30 հազարի։

Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան։ Նա 1942թ. գարնանը Նովոռոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչի թերակղզում և ունեցավ ծանր կորուստներ։ Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։ Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ գվարդիական դիվիզիա։ 1942թ. սեպտեմբերից Նովոռոսիյսկի շրջանում մարտական առաջադրանքներ էր կատարում 408-րդ դիվիզիան։ Մինչև վերջնական հաղթանակը թշնամու դեմ կռվել են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Հիրավի, փառավոր էր 89-րդ «Թամանյան» (շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտական ուղին (3700 կիլոմետր), որն սկսվել էր Հյուսիսային Կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում։ Նա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր։ Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն են պատերազմի բովով անցած ու աճած մարշալները, գեներալները, Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» 3 շքանշանների լրիվ ասպետները (Սրանք հավասարեցված են հերոսներին), հայտնի ու անհայտ հազարավոր ուրիշներ։

Պատերազմի ժամանակ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան) ծովակալ, ապա նավատորմի ծովակալ էր, իսկ հետագայում Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց) ավիացիայի մարշալ էր։ Հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվեց Հովհաննես Բաղրամյանին, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում՝ Համազասպ Բաբաջանյանին և ինժեներական զորքերի մարշալի կոչում՝ Սերգեյ Ագանովին (Ագանյան)։ Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։

Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հրամանատարներ՝ գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի։

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։ Գնդապետ, ԽԱՀՄ հետախույզ Գևորգ Վարդանյանին հերոսի կոչումը շնորհվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության (1943թ., Թեհրան), Իրանում գերմանական գործակալությունը բացահայտելու և այլ առաջադրանքների կատարման համար։

Պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները, իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը բանակի, 6-ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատարներ էին։ Հայերն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (80 հազար մարդ կամ 8-րդ տեղում)։

 

Պարտիզանական պայքարի շարքերում

Խորհրդային պարտիզանների շարքերում քիչ չէին նաև հայ ժողովրդի զավակները։ Հայ պարտիզանների հիմնական զանգվածը կազմում էին ռազմագերիները և թշնամու ռազմակալած տարածքների (Ղրիմ, Հյուսիսային Կովկաս) հայկական բնակավայրերի բնակչությունը։ Հայ ռազմագերիները պարտիզանության են դիմել երկու ճանապարհով՝ փախուստով համակենտրոնացման ճամբարներից (փոքր մասը) և հայկական լեգեոնից (մեծ մասը)։

Պատերազմի սկզբնական շրջանում խորհրդային բանակը նահանջում էր՝ տալով մեծ կորուստներ, այդ թվում և գերիներ։ Գերմանական հրամանատարությունը խորհրդային ռազմագերիներից կազմակերպեց ազգային լեգեոններ՝ դրանց ռազմաճակատ ուղարկելու և այլ նպատակներով օգտագործելու համար։ 1942թ. կազմակերպվեց նաև 12 գումարտակից բաղկացած հայկական լեգեոնը։ Այդ գործին մասնակից դարձան մի խումբ հայ ազգային գործիչներ (Դրո, Արտաշես Աբեղյան, Գարեգին Նժդեհ և ուրիշներ)։ Լեգեոնի միջոցով նրանք ձգտում էին ֆաշիստական հնարավոր ճնշումներից պաշտպանել հայ ժողովրդին, եթե պատերազմն ավարտվեր Գերմանիայի հաղթանակով։

Թշնամու թիկունքում գործել են «Հաղթանակ», Միկոյանի անվան, 10-րդ, 41-րդ, «Կարմիր աստղ» պարտիզանական ջոկատները, որոնց անձնակազմը բաղկացած էր հայերից։

Շատ հայ մարտիկների և հրամանատարների վիճակվեց կռվել Եվրոպայի պարտիզանական-դիմադրական շարժման մասնակիցների շարքերում։ Նրանք մեծ թիվ էին կազմում Ֆրանսիայում կազմավորված խորհրդային առաջին պարտիզանական գնդում։ Մի խումբ ռազմագերիներ ֆաշիստների դեմ խռովություն կազմակերպեցին Հոլանդիայում։ Հայ պարտիզաններ են գործել Լեհաստանում, Հունաստանում, Չեխոսլովակիայում, Իտալիայում և այլ երկրներում։

1945թ. մայիսին Բեռլինի ճակատամարտում խորհրդային բանակի տարած հաղթանակով վերջացավ Հայրենական մեծ պատերազմը։ Մայիսի 9-ը դարձավ խորհրդային ժողովուրդների տարած պատմական մեծ հաղթանակի տոնական օր։ 1945թ. սեպտեմբերին ճապոնիան, որի դեմ ԽՍՀՄ-ը ևս մտավ պատերազմի մեջ, նույնպես անձնատուր եղավ։ Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը դաշնակից երկրների (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ) հաղթանակով, որում վճռական էր ԽՍՀՄ-ի դերը։

 

Տնտեսության վերակառուցումը

Խորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ տնտեսությունը 1941–45թթ. հարմարեցվել էր ռազմաճակատի պահանջներին։ Հայաստանը, ինչպես մի շարք խորհրդային հանրապետություններ, պատերազմի տարիներին ավերածությունների չէր ենթարկվել, ուստի նրա ղեկավարության առջև խնդիր էր դրված վերականգնել հանրապետության տնտեսությունը, այն համապատասխանեցնել խաղաղ ժամանակների պահանջներին։

Կառավարությունը 1945թ. օգոստոսին ուղղություն վերցրեց նախապատրաստել չորրորդ հնգամյակի նախագիծը։ Դրա քննարկման ժամանակ առաջարկներ եղան տնտեսության բնագավառում մեղմել վարչարարությունը, վերակառուցել կոլեկտիվ տնտեսությունները։ Սակայն պատերազմում ծանր զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը այն պատրանքն էր ստեղծել, թե գոյություն ունեցող համակարգը ամենակենսունակն է։ Դա նշանակում էր վերադարձ տնտեսավարման նախապատերազմյան եղանակին։

Տնտեսության վերակառուցումն ու նրա առաջընթացը հնարավոր էր իրականացնել միայն համապատասխան էներգետիկ բազայի առկայության պայմաններում։ Այդ պատճառով, Հայրենական պատերազմից հետո, մեծ նշանակություն տրվեց էլեկտրակայանների կառուցմանը։ 1948թ. ավարտվեց Ձորագետի հիդրոէլեկտրակայանի (հէկ) վերակառուցումը, Քանաքեռի հէկի վերջին ագրեգատի կառուցումը։ Շահագործման հանձնվեց Սևանի ջրամբարող կառույցը, որն ապահովեց Սևան–Հրազդան ստորգետնյա հիդրոկայանի կառուցումը։ Վերջինիս շահագործմամբ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն ավելացավ մոտ 30%-ով։

Պատերազմի ավարտից հետո սկսվեց Սևան-Հրազդան կասկադի ամենահզոր հէկի՝ Գյումուշի կառուցումը, որի առաջին հերթը շահագործման հանձնվեց 1953թ.։

Վերակառուցվեց և հետագա զարգացում էր ապրում գունավոր մետալուրգիան։ Զգալի աշխատանք էր տարվում Քաջարանի մոլիբդենի կոմբինատի առաջին հերթի գործարկման համար։

 

Արդյունաբերության զարգացումը

Հայաստանում տնտեսության վերակառու… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz