…ցմանը զուգահեռ շարունակվում էր նոր ձեռնարկությունների կառուցումը։ 1946–1950-ական թթ. Հայաստանում կառուցվեցին Երևանի կաբելի, էլեկտրամեքենաշինական, ալյումինի, հիդրոտուրբինների, ավտովերանորոգման, Գյումրիի հեծանիվի, Սպիտակի շաքարի և այլ գործարաններ։

1950թ. հանրապետության արդյունաբերական արտադրանքը 1945թ. համեմատ աճեց շուրջ երեք անգամ։ Արդյունաբերության վերելքը ապահովելու համար 1950-ական թվականներին կազմակերպվեցին ժողովրդական տնտեսության խորհուրդներ։ Նրանց հիմնական խնդիրն էր՝ նկատի ունենալով տեղական առանձնահատկությունները՝ ճիշտ տեղաբաշխել ձեռնարկությունները և արդյունավետ օգտագործել հումքն ու աշխատուժը։ Այդ տարիներին հանրապետությունում ձևավորվեցին և զարգացան արդյունաբերության նոր ճյուղեր, որոնք հետագայում կարևոր դեր խաղացին տնտեսության մեջ։

Պատերազմին հաջորդող տարիներին հանրապետության տնտեսության վերակառուցման և զարգացման մեջ նշանակալի ավանդ ունեն ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը, որն այդ պաշտոնը վարում էր 1937–1953թթ., ինչպես և նրան հաջորդած Սուրեն Թովմասյանը (1953–1960թթ.)։

Նախորդ շրջանում հիմքեր էին դրվել Հայաստանում քիմիական արդյունաբերությունը արմատավորելու համար։ 1958թ. ԽՍՀՄ կառավարությունը որոշում ընդունեց քիմիական արդյունաբերության զարգացման մասին։ Այդ քաղաքականության հետևանքով մինչև 1980-ական թվականների վերջը Հայաստանի քիմիական ձեռնարկությունների թիվը հասավ 46-ի։ Գործարկվեցին Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու և Կիրովականի քիմիական ձեռնարկությունները։

Հետպատերազմյան շրջանում արտադրության զարգացման շնորհիվ Հայաստանը հետզհետե ագրարային երկրից դառնում էր արդյունաբերական հանրապետություն։ 1960-1980–ական թվականներին հանրապետությունում կառուցվեցին 390-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ ժամանակաշրջանում կառուցվեցին մի շարք նոր քաղաքներ, որոնք դարձան արդյունաբերության կենտրոններ։ Դրանցից էին Չարենցավանը, Հրազդանը, Աբովյանը և այլն։

Այդ նույն ժամանակ բարելավվեց հանրապետության տրանսպորտային համակարգը։ Կառուցվեցին ավտոմայրուղիներ, Սևան-Շորժա-Զոդ, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները։ Կառուցվեցին Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի օդանավակայանները։ Արդյունաբերության կենտրոնացումը քաղաքներում նպաստեց քաղաքային բնակչության աճին։ Հանրապետության 27 քաղաքներում և 31 քաղաքատիպ ավաններում կենտրոնացված էր ազգաբնակչության 2/3-ը։

Հայաստանի արդյունաբերության ամենախոշոր կենտրոնը մայրաքաղաք Երևանն էր։ Այստեղ էին գտնվում ամենահզոր գործարարների մեծ մասը։ Այդ պատճառով արհեստականորեն ավելանում էր քաղաքի ազգաբնակչության թվաքանակը։ 1990թ. Հայաստանի ազգաբնակչության գրեթե 1/3-ը բնակվում էր Երևանում։

Արդյունաբերության զարգացումը առաջ բերեց բնապահպանական բազմաթիվ խնդիրներ։ Դրանցից առաջինը Սևանի հիմնահարցն էր։ Հրազդան գետի վրա կառուցված հէկերը աշխատում էին Սևանի ջրի հաշվին, և դրա բացթողման հետևանքով իջել էր լճի ջրի մակարդակը։ Այդ հիմնախնդրի լուծմանը որոշ չափով նպաստեց Արփա-Սևան ջրատար թունելի, ջէկերի և Հայկական ատոմակայանի կառուցումը։ Այդուհանդերձ, Սևանի հիմնախնդիրը մինչև այժմ լիովին լուծված չէ։

Չնայած Հայաստանում արդյունաբերական նոր ճյուղերի՝ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, հաստոցաշինության առաջացմանը՝ հանրապետության գրեթե ողջ արդյունաբերական համալիրը կախման մեջ էր միութենական կենտրոնից և մյուս հանրապետություններից։ Հայաստանը չուներ իր հումքը, և արտադրանքը վերջնական, ավարտուն չէր։

 

Գյուղատնտեսության հիմնախնդիրները

Պատերազմի տարիներին գյուղատնտեսության մեջ իշխում էր ձեռքի աշխատանքը, խիստ նվազել էր կոլտնտեսությունների աշխատանքային ներուժը, զգալիորեն կրճատվել էին ցանքատարածությունները։

Գյուղատնտեսությունը դժվարին կացությունից դուրս բերելու նպատակով հետպատերազմյան շրջանում մի շարք որոշումներ ընդունվեցին, բայց դրանք հիմնականում չհասան իրենց նպատակին։

Որոշ ձեռնարկումներ եղան գյուղատնտեսության մեքենայացման ուղղությամբ։ Չնայած գյուղերում աստիճանաբար ավելանում էր գյուղատնտեսական մեքենաների քանակը, սակայն իրեն զգալ էր տալիս տեխնիկայի պակասը։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց գյուղերի էլեկտրիֆիկացման վրա։ Խրախուսվեց փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը։ 1950թ. արդեն Հայաստանում գործում էին ավելի քան 50 գյուղական հիդրոէլեկտրակայաններ։ Դրա շնորհիվ գյուղերի էլեկտրիֆիկացումը հասավ 68 տոկոսի։

Կոլտնտեսություններում կատարվող միջոցառումները իրականացվում էին առանց գիտական լուրջ հիմնավորման, այդ պատճառով էլ արդյունքները գոհացուցիչ չէին լինում։ 1950թ. մայիսի 30-ին ընդունվեց որոշում կոլտնտեսությունների խոշորացման վերաբերյալ։ Կոլտնտեսությունների քանակը Հայաստանում 1043-ից 1950թ. վերջերին նվազեց մինչև 666-ի։ Խրուշչովյան մտահղացում էր ագրոքաղաքների ստեղծումը։ Ագրոքաղաքը լինելու էր ժամանակակից քաղաք, ուր գյուղացին, բնակվելով բազմահարկ շենքում, իր կենցաղով նմանվելու էր քաղաքաբնակի։ Այսպիսի պարզունակ եղանակներով ցանկանում էին լուծել քաղաքի և գյուղի միջև եղած տարբերությունը։

Հանրապետության գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց նաև սեփական հացով ապահովելու մասին ԽՍՀՄ կառավարության 1950թ. որոշումը։ Նախատեսվում էր արոտավայրերի, խոտհարքների և այգեգործության հաշվին մի քանի տարվա ընթացքում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններն ավելացնել 180 հազար հեկտարով։ Այդ որոշման կենսագործման հետևանքով անօգտագործելի դարձան հազարավոր հեկտար խոտհարքներ և արոտավայրեր։

Դրա հետ մեկտեղ գյուղացիությունից գանձվող հարկերը հետևողականորեն աճում էին։ Պետությունը մթերումները կատարում էր շատ ցածր գներով։ Կաթի 1 լիտրը մթերելով 25 կոպեկով՝ պետությունը այն ազգաբնակչությանն էր վաճառում 2 ռ. 70 կոպեկով, 1 կգ միսը մթերում էր 14 կոպեկով և վաճառում 11 ռուբ. 40 կոպեկով։

Այդպիսի քաղաքականությունը պետությանը հնարավորություն էր տալիս ժամանակ առ ժամանակ իջեցնել գները։ Սակայն այդ արվում էր գյուղացիության հաշվին՝ ծանրացնելով նրա հարկատվությունը։

Ցածր վարձատրությունը կոլտնտեսություններում գյուղացիներին ստիպում էր եկամտի այլ աղբյուր գտնել։ Նրանք իրենց աշխատաժամի զգալի մասը հատկացնում էին անձնական տնտեսություններին։

Հետպատերազմյան մի քանի տասնամյակների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում եղան նաև հաջողություններ։ Կառուցվեցին Թալինի, Հրազդանի, Սպիտակի, Կոտայքի ջրանցքները, Ազատի, Շամբի և այլ ջրամբարներ։ Բազմաթիվ ջրհան կայաններ և արտեզյան հորեր կառուցվեցին Արարատյան դաշտի գյուղական շրջաններում։ Ոռոգելի հողատարածությունները ավելացան 48 հազար հեկտարով, ճահճուտներից ազատվեցին և յուրացվեցին 16 հազար հեկտար հողեր։

Ոչ միայն գյուղատնտեսության, այլև ամբողջ ժողովրդական տնտեսության զարգացման մեջ որոշակի էր հանրապետության ղեկավարության դերը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ Յակով Զարոբյանի (1960-1966 թթ.), Անտոն Քոչինյանի (1966-1974 թթ.) և Կարեն Դեմիրճյանի (1974–1988թթ.) գլխավորությամբ։

Գյուղատնտեսության հետ մնալը հաղթահարելու նպատակով ԽՄԿԿ Կենտկոմը 1953 թ. սեպտեմբերին հատուկ որոշում ընդունեց, որի հիման վրա բարձրացվեցին մթերումների գները, կրճատվեցին գանձվող հարկերը և այլն։ Դրա շնորհիվ ավելացավ գյուղատնտեսական արտադրանքը, կոլտնտեսականների դրամական եկամուտները 1953թ. 53 միլիոն ռուբլուց 1962 թ. հասան 116.5 միլիոնի։ Գյուղացիության դրամական եկամուտների աճը խթանեց բնակարանային շինարարությունը, բարելավվեցին գյուղացիների կենցաղային պայմանները։

Այդ ամենով հանդերձ գոյություն ունեցող համակարգում ոչ արմատական միջոցառումներով գյուղատնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու փորձերը փաստորեն ձախողվեցին, քանի որ գյուղացին իր արտադրած արդյունքի իրական տերը չէր համարվում։

Նման պայմաններում գյուղատնտեսությունը պարբերաբար հայտնվում էր ճգնաժամի մեջ, և անհաջողության էին մատնվում պետության կողմից իրականացվող միջոցառումները։

 

Բնակչության սոցիալական դրությունը

Հայրենական պատերազմի ավարտից հետո բնակչության սոցիալական վիճակը բավականին ծանր էր։ Իշխանությունները որոշ քայլեր էին ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։ 1947թ. վերջերին վերացվեց պարենային մթերքների բաշխման քարտային համակարգը, անցկացվեց դրամական ռեֆորմ։ Իրականացված քաղաքականությունը նպաստեց ապրանքադրամային հարաբերությունների ծավալմանը։

1960–1970-ական թթ. Հայաստանի ազգաբնակչության սոցիալական ապահովվածության մակարդակը, նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ, որոշակի բարձրացավ։ Տնտեսության զարգացումը հնարավորություն տվեց բարձրացնել աշխատավարձերը և կենսաթոշակները։ Քաղաքաշինությունը զգալիորեն բարելավեց բնակչության բնակարանային պայմանները։ Գյուղական շրջաններում նույնպես հնարավորություն ստեղծվեց շինարարական աշխատանքներ ծավալել։ Գյուղերում նախկին հողաշեն տների փոխարեն կառուցվում էին նոր քարե առանձնատներ։ Բարելավվեցին բնակչության կենցաղային պայմանները։ Հանրապետության ամբողջ տարածքի էլեկտրիֆիկացման աշխատանքները ավարտվեցին, և կենցաղում սկսեցին օգտագործել տեխնիկայի նոր նվաճումները՝ սառնարան, հեռուստացույց, իսկ գազաֆիկացումից հետո՝ նաև գազօջախ։ Սակայն Հայաստանի բնակչության բարեկեցությունը, ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, զարգացած երկրների բնակչության հետ համեմատած, ցածր էր։

Ազգաբնակչության սոցիալական վիճակը մեծապես կախված էր նրա դրամական եկամուտներից, մասնավորապես աշխատավարձերից։ Բավականին ցածր էր ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատավարձը։

Հանրապետության մի շարք շրջաններում աշխատանքը սեզոնային բնույթ էր կրում (աշխատանքով ապահովված էին տարվա որոշ ամիսներին), ուստի միջոցներ վաստակելու համար տարեկան շուրջ 20 հազար մարդ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստան և այլ հանրապետություններ։

Հանրապետության բնակչության սոցիալական ապահովության ոլորտում բազմաթիվ դժվարություններ էին առաջացել, որոնց հետևանքով աստիճանաբար իջնում էր նրա կենսամակարդակը։

 

Ազգային-եկեղեցական ժողովը

1938թ. Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի սպանությունից հետո ԽՍՀՄ իշխանություններն արգելեցին նոր կաթողիկոսի ընտրությունը։ Կաթողիկոսական տեղապահ նշանակվեց Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը։

Պատերազմի ընթացքում, ելնելով մի շարք քաղաքական նկատառումներից, Ստալինը որոշ չափով վերանայեց եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Նա թերևս հարկադրված էր այդ հարցում հաշվի նստել նաև իր դաշնակիցների հետ, մանավանդ որ ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտը ջերմեռանդ հավատացյալ էր։ Խորհրդային զորքերը սեփական տարածքները ազատագրելուց հետո պատրաստվում էին մտնել եվրոպական երկրներ, որոնց կյանքում զգալի էր եկեղեցու նշանակությունը։ Ստալինի առնչությունները տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների հետ վերսկսվեցին պատերազմի վերջին տարիներին։

Հայ առաքելական եկեղեցին պատերազմի ամբողջ ընթացքում բովանդակ հայությանը կոչ էր անում պայքարել ֆաշիզմի դեմ։ Նրա կողմից կազմակերպված հանգանակության շնորհիվ ստեղծվեց տանկային շարասյուն և ուղարկվեց ռազմաճակատ։

ԽՍՀՄ ղեկավարությունը միջազգային հարաբերություններում փորձում էր օգտագործել հայկական սփյուռքի ազդեցությունը։ Այդ նպատակով 1945թ. ապրիլի 19-ին Ստալինն ընդունեց հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին։ Վերջինս Խորհրդային Միության ղեկավարին ներկայացրեց հայկական հողերի վերադարձի, սփյուռքահայերի հայրենադարձության հարցերը և խնդրեց թույլատրել ազգային-եկեղեցական ժողով հրավիրել՝ կաթողիկոս ընտրելու համար։

1945թ. ազգային-եկեղեցական ժողովին մասնակցելու համար Խորհրդային Միությունից և աշխարհի 15 երկրներից ժամանեցին 111 պատգամավորներ։ Հունիսի 16-ին Էջմիածնում իր աշխատանքը սկսեց ազգային-եկեղեցական ժողովը, որը արքեպիսկոպոս Գևորգ Չորեքչյանին ընտրեց Ամենայն հայոց կաթողիկոս։

 

Հայկական հարցի վերաբացումը Երկրորդ աշխարհամարտից հետո

1941 թ. հունիսի 25-ին թուրքական կառավարությունը հայտարարեց իր չեզոքության մասին, բայց ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն էր ցույց տալիս ֆաշիստական Գերմանիային։ 1942թ. աշնանը ԽՍՀՄ սահմանին Թուրքիան կենտրոնացրեց մեծ ուժեր՝ ստիպելով Խորհրդային Միությանը Անդրկովկասում զորքեր պահել, որոնք այնքան անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Խախտելով նեղուցների վերաբերյալ 1936թ. կոնվեցիան՝ Թուրքիան թույլատրեց գերմանական և իտալական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Նրա, այսպես կոչված, «ակտիվ չեզոքությունը» շարունակվեց մինչև 1944թ. ամառը։ Երբ պարզ դարձավ, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզեց դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և 1945թ. փետրվարի 23-ին պատերազմ հայտարարեց Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։

Թուրքական դիվանագիտությունը փորձում էր խուսափել ԽՍՀՄ-ի հետ հարցերի սրումից, մինչդեռ վերջինս փորձում էր խաղարկել հայկական տարածքները Խորհրդային Հայաստանին վերադարձնելու խաղաքարտը։

1945թ. հուլիսի 16-ին, Պոտսդամի խորհրդաժողովի աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ, հանդիպեցին ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Մոլոտովը և Իդենը։ Դաշնակից տերությունների ղեկավարների հանդիպման նախօրյակին տեղի էին ունենում այդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց ընթացքում լուծվում էին «ոչ շատ էական» հարցեր։ Նման հարցերից էր հայկական տարածքների հարցը։ Մոլոտովն ասաց, որ 1921թ. թուրքերն օգտվեցին խորհրդային պետության թուլությունից և նրանից խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը, և հայերն իրենց վիրավորված են զգում։ Այդ պատճառով խորհրդային կառավարությունը պահանջում է օրինականորեն իրեն պատկանող տարածքները վերադարձնել։ Իդենը շատ լավ պատկերացնում էր խնդիրը, մանավանդ որ թուրքական դիվանագետները Լոնդոնում բանակցել էին նրա հետ։ Նա հայտնեց, որ թուրքերը համաձայն չեն բավարարելու Խորհրդային Միության տարածքային պահանջները։ Ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից՝ արևմտյան տերությունները պաշտպանության տակ առան Թուրքիային, քանի որ հայկական տարածքների հարցը պատրվակ էր դաշնակիցներից որոշ զիջումներ կորզելու համար։ Ուստի խորհրդային պատվիրակությունը չպնդեց, որպեսզի այն քննարկման առարկա դառնա։

Այդուհանդերձ Լոնդոնում կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում 1945թ. սեպտեմբերին ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր Մոլոտովը պնդում է Կարսն ու Արդահանը անպայմանորեն Խորհրդային Միությանը կցելու մասին, սակայն հաջողության չի հասնում։

1946թ. հունվարին Լոնդոնում գումարված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանի օրերին բազմաթիվ հայկական կազմակերպություններ իրենց հեռագրերով, ուղերձներով նորից պահանջում էին անդրադառնալ հայկական հարցին։ ՀՅ Դաշնակցության անունից նստաշրջանի նախագահին հանձնված ուղերձում ասվում էր, որ Սևրի պայմանագրով սահմանված հայկական գավառները անհրաժեշտ է վերամիավորել Հայաստանին։ Նույն թվականի մայիսին ԱՄՆ-ի 16 հայկական կազմակերպություններ ուղերձով դիմեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որով խնդրում էին Անվտանգության խորհրդի օրակարգ մտցնել Հայկական հարցը։

1947թ. Նյու Յորքում կայացած Հայկական համաշխարհային կոնգրեսի անունից հուշագիր ներկայացվեց ԱՄՆ-ի կառավարությանը, որով խնդրվում էր ՄԱԿ-ի օրակարգ մտցնել հայկական հողային պահանջների հարցը։ Բայց այդ շրջանում Թուրքիան արդեն, կողմնորոշվելով դեպի Արևմուտք ընդդեմ ԽՍՀՄ-ի, պաշտպանություն էր գտնում այդ երկրների կողմից։ Մի քանի տարի անց ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, 1953թ. մայիսի 30-ին հայտարարեց, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր համարեցին հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից»։

Հետագայում, 1960–1980-ական թվականների հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, բնականաբար, բարձրացվում էր Հայկական հարցը։ 1965թ. սփյուռքի բոլոր համայնքներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը։ Սփյուռքահայությունը տարբեր երկրների խորհրդարաններին և կառավարություններին, միջազգային կազմակերպություններին ներկայացրեց դիմումներ և ուղերձներ։ Նպատակն էր միջազգային հասարակության ուշադրությունը կրկին հրավիրել Հայկական հարցի վրա, պարտադրել Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այդ խնդիրների կապակցությամբ մեծ գործունեություն ծավալեցին Հայ դատի հանձնախմբերը։ Քաղաքական այդ գործունեությունը տվեց իր արդյունքները։ Կիպրոսի և Ուրուգվայի կառավարությունները հանդես եկան պաշտոնական հայտարարություններով՝ առաջարկելով Հայկական հարցը քննարկել ՄԱԿ-ում։ Ֆրանսիան դատապարտեց հայերի ցեղասպանությունը, իսկ որոշ միջազգային կազմակերպություններ ճանաչեցին Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստը։ 1987թ. հուլիսին Եվրախորհրդարանը կոչ արեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանության փաստը։

 

Մեծ հայրենադարձության կազմակերպումը (1946–1948թթ.)

Երկրորդ աշխարհամարտի ավարտին, 1945թ. մայիսի 15-ին, Խորհրդային Հայաստանի իշխանությունները ԽՍՀՄ կառավարության առջև հարց բարձրացրին նոր հայրենադարձություն կազմակերպելու անհրաժեշտության մասին։

1945թ. նոյեմբերին ԽՍՀՄ կառավարությունը որոշում կայացրեց հայրենադարձությունը կազմակերպելու վերաբերյալ։

Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ձևավորվեցին հայրենադարձությանը նպաստող հանձնաժողովներ։

Հայրենադարձների առաջին քարավանը 1946թ. հունիսի 23-ին «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս եկավ Բեյրութից և մի քանի օր անց ժամանեց Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխեցին Հայաստան։ Հաջորդ քարավանները հայրենիք եկան մինչև հոկտեմբեր ամիսը։

1946թ. Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան ներգաղթեց շուրջ 51 հազար հայ։ 1947թ. Հայաստանն ընդունեց 25 հազար, իսկ 1948թ. 10 հազար հայրենադարձ։ Այդ ընթացքում աշխարհի 12 երկրներից հայրենադարձվեցին շուրջ 90 հազար հայեր։

Սկսված սառը պատերազմի պայմաններում ԽՍՀՄ-ում սկսվեց բռնաճնշումների նոր ալիք։ Հայրենիքի ճանապարհը բռնած սփյուռքահայերին մեղադրեցին օտարերկրյա պետություններին ծառայելու մեջ, և 1948թ. սեպտեմբերի 14-ին ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվեց հայրենադարձության գործընթացը։ Ստալինի մահվանից հետո հայրենադարձությունը նորից շարունակվեց, բայց ավելի համեստ չափերով։

Այսպես, 1950-ական թվականներին Հայաստան ներգաղթեց 4 հազար, իսկ 1960–1970-ական թվականներին՝ ևս 32 հազար մարդ։

Հետագա տարիներին հայրենադարձությունը ոչ միայն շարունակություն չունեցավ, այլև սկսվեց հակառակ գործընթացը, երբ հայրենիքից արտասահման հեռացան հարյուրավոր ընտանիքներ։

 

Քաղաքական բռնությունների նոր փուլը

Պատերազմը որոշ չափով փոխել էր ԽՍՀՄ-ում 1930-ական թվականներին ձևավորված հասարակական-քաղաքական մթնոլորտը։ Ստեղծված պայմաններն ստիպում էին մարդկանց մտածել ու գործել ինքնուրույն և Երբեմն դիմել քայլերի, որոնք ոչ միշտ էին համահունչ տիրող գաղափարախոսությանը։ Այդ երևույթները մտահոգում էին իշխանություններին, և նրանք դիմում էին բռնությունների։

Իշխանությունների գործը դյուրին էր այնքանով, որ երկրի բնակչության մեծամասնությունը պատերազմում տարած հաղթանակը վերագրում էր Ստալինին ու կուսակցությանը և հավատում էր նրանց անսխալականությանը։

Իշխանությունները մտավորականության շրջանում թուլացած գաղափարական վերահսկողությունը վերականգնելու նպատակով ձեռնարկեցին մի շարք «միջոցառումներ»։

1946թ. օգոստոսի 14-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմը «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի վերաբերյալ կայացրեց հատուկ որոշում, որտեղ այդ պարբերականները մեղադրվում էին «կուսակցության ոգուն խորթ» գաղափարների քարոզչության մեջ։ Հատուկ քննադատության ենթարկվեցին գրող Միխայիլ Զոշչենկոն և բանաստեղծուհի Աննա Ախմատովան։

Այդ որոշումը կուսակցության Կենտկոմի հատուկ ցուցումով քննարկվեց բոլոր հանրապետություններում։ Սեպտեմբերին այն քննարկվեց նաև Հայաստանի գրողների ընդհանուր ժողովում, ապա՝ համագումարում։ Համագումարը, համերաշխվելով Կենտկոմի որոշման հետ, նշեց հայ գրականության մեջ «վտանգավոր բուրժուաազգայնական ավանդույթների գոյությունը, անցյալի ֆետիշացման, ազգայնական գաղափարներով պարփակման» բազմաթիվ փաստեր։

ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կրկնելով Մոսկվայի որոշումները, գաղափարական աշխատանքներում շեղումներ թույլ տված մտավորականներ էր հայտնաբերում նաև Հայաստանում։

1940-ական թվականների վերջերից նորից սկսվեցին բռնաճնշումները։ 1949թ. հունվարին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հանձնարարությամբ Անդրկովկասի տարածաշրջանում և սևծովյան առափնյա շրջաններում սկսում են կազմվել նախկին դաշնակցականների, հայ լեգեոնականների, հայրենադարձների ու նրանց ընտանիքների ցուցակներ։ Նախապատրաստվում էր հայ բնակչության զանգվածային արտաքսում Ալթայի երկրամաս։ Այդ աշխատանքներն իրականացվում էին գաղտնի պայմաններում։

Արտաքսման գործը կազմակերպելու համար Երևան է ժամանում գեներալ Բոգդան Քոբուլովը։ Հունիսի 11-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմում խիստ գաղտնի պայմաններում տեղի է ունենում խորհրդակցություն, որին մասնակցում էին կուսակցության և պետական անվտանգության բարձրաստիճան աշխատակիցներ։ Երեք օր անց առավոտյան սկսվեց արտաքսման գործողությունը, որն ավարտվեց նույն օրը երեկոյան։

Բեռնատար շարժակազմերով 2750 ընտանիք՝ ավելի քան 13 հազար մարդ, արտաքսվեց Ալթայի երկրամաս։ Ստալինի մահվանից հետո նրանք արդարացվեցին և վերադարձան հայրենիք։

Գիտությունների ակադեմիայում, պետական համալսարանում, մյուս բուհերում, այսպես կոչված, միասնական հոսանքի, օտարամոլության և այլ արատների մեջ 1950-ական թվականների սկզբներին մեղադրվեցին անվանի գիտնականներ Հր. Աճառյանը, Գ. Ղափանցյանը, Մ. Ներսիսյանը, Աբ. Հովհաննիսյանը, Վ. Ռշտունին, Ա. Թախտաջյանը և ուրիշներ։

Դրությունը որոշ չափով փոխվեց, երբ ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն սխալ համարեց միասնական հոսանքի մեջ մտավորականներին մեղադրելու քաղաքականությունը։ Դասախոսական աշխատանքում վերականգնվեցին Աճառյանն ու Ղափանցյանը։ Նկարիչ Մարտիրոս Սարյանը, որը նույնպես հալածանքների էր ենթարկվել, ընտրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

 

Անհատի պաշտամունքի դատապարտումը

1953թ. մարտի 5-ին մահացավ Իոսիֆ Ստալինը։ Նրա մահվանից մի քանի ամիս անց ձերբակալվեց և գնդակահարվեց Բերիան՝ բռնություններն իրականացնող հիմնական պաշտոնյաներից մեկը։

Հաջորդ տարիների ընթացքում Ստալինի մերձավոր շրջապատի ներսում պայքար էր գնում իշխանության համար։ Այդ պայքարում հաղթանակ տարավ Նիկիտա Խրուշչովը։

Երկիրը դրական վերափոխումների կարիք ուներ, որը կարևորվում էր պետության ղեկավարության կողմից։ Բայց որոշակի քայլեր ձեռնարկելու համար նախ և առաջ անհրաժեշտ էր հրաժարվել բռնությունների քաղաքականությունից և ժողովրդին հայտնել ճշմարտությունը։

1956թ. փետրվարին տեղի ունեցավ ԽՄԿԿ XX համագումարը, որը քննադատեց անհատի պաշտամունքը։ Այդ գործում կարևոր դեր կատարեց ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ն. Խրուշչովը։ Նրա ջանքերով նույն տարվա հունիսի 30-ին Կենտկոմը ընդունեց «Անհատի պաշտամունքը և նրա հետևանքները հաղթահարելու մասին» որոշում։ Այդ որոշման մեջ բազմանշանակ գնահատականներ էին տրվում Ստալինին։ Երկրում կատարված բռնությունների ամբողջ քաղաքականությունը կապվում էր միայն նրա անվան հետ։ Սակայն դրա հետ մեկտեղ դրվատվում էր կոմունիստական կուսակցությունը, որն իբր չէր շեղվել ճիշտ ուղուց։

Համագումարից հետո ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Հայաստանում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է ստուգեր և վերանայեր բռնադատվածների գործերը։ Հազարավոր մարդկանց գործեր վերանայվեցին, և նրանք արդարացվեցին։ Վերականգնվեցին նրանց իրավունքները։ Իսկ բռնադատվածներից շատերը, որոնք մահացել կամ գնդակահարվել էին, արդարացվեցին հետմահու։

Անհատի պաշտամունքի քննադատությունից հետո որոշակիորեն աշխուժացավ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։

 

Ազգային զարթոնքը

1960-ական թթ. սկզբներին խրուշչովյան ազատությունների հետևանքով սկսեց աշխուժանալ ազգային կյանքը։

1965թ. լրացավ Հայոց մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը։ Իշխանությունները չէին պատկերացնում, թե ազգային այդ վշտի արտահայտությունը ինչպիսի ծավալ կարող է ընդունել և ինչ անդրադարձ կունենա։ ժողովուրդն առաջին անգամ ինքնաբուխ տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։

ՊԱԿ-ի (Պետանվտանգության կոմիտե) և ՆԳՄ (Ներքին գործերի մինիստրություն) համատեղ ջանքերով ցույցը ցրվեց, բայց եղան նաև ձերբակալություններ։ Իշխանությունները և առաջին հերթին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յա. Զարոբյանը հասկանում էին, որ անհրաժեշտ է բավարարել ժողովրդի որոշ ազգային պահանջները։ Նա նախաձեռնեց և 1967թ. տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Ի հիշատակ եղեռնի զոհերի և ի նշան պատմական հիշողության պահպանման ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է հուշակոթող։

Մեկ տարի անց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ բացվեց հուշահամալիր։

Շուտով ստեղծվեց Ազգային միացյալ կուսակցությունը, որն իր «Փարոս», «Անկախություն» և «Հանուն հայրենիքի» թերթերով պայքարում էր Հայաստանի անկախության համար։

1977թ. ապրիլի 24-ին ստեղծվեց Հայաստանի հելսինկյան խումբ։ Այն իր գործունեությունը կառուցել էր 1975թ. Հելսինկյան խորհրդաժողովի առաջադրած՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա։

1960–1970-ական թթ. Հայաստանում գործում էին մի շարք ընդհատակյա կազմակերպություններ, որոնք նպատակ էին դրել հասնել Հայ դատի և պահանջատիրության միջազգային ճանաչմանը, Արցախը և Նախիջևանը Հայաստանի հետ վերամիավորելուն։

Ինչպես ԽՍՀՄ մյուս հանրապետությունների, այնպես էլ Հայաստանի իշխանությունները տասնամյակներ շարունակ պայքարում էին ազգային խնդիրներ բարձրացնող, դեմոկրատական պահանջներ առաջադրող այդ մարդկանց դեմ։ Հակախորհրդային գործունեության համար Հայաստանում այդ տարիներին դատապարտվեց ավելի քան 70 մարդ, որոնք իրենց պատիժը կրում էին բանտերում և ուղղիչ աշխատանքային գաղութներում։

 

Վերափոխումների քաղաքականությունը

1985թ. մարտին փոխվեց ԽՍՀՄ ղեկավարությունը։ Լճացման տարիների ղեկավարությանը փոխարինելու եկան ավելի երիտասարդ գործիչներ։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ նախագահ։

Երկիրը կանգնած էր արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առաջ։ Գորբաչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ։

Վերակառուցման սկզբնական շրջանում շեշտը դրվեց աշխատանքային կարգապահության բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն արագացնելու, քաղաքական բարենորոգումների վրա։ Բայց այս ուղղություններով ձեռնարկված միջոցառումները ձախողվեցին։

Վերակառուցման ընթացքում իրականացվող բարենորոգումների անկատարությունը, ոչ արմատական ձեռնարկումները հանգեցրին ճգնաժամային վիճակը խորացնող բարդ ու հակասական գործընթացների։ Սոցիալ-տնտեսական ոլորտում ճգնաժամն ավելի խորացավ։

Սոցիալիստական հասարակարգի խոր ճգնաժամը, կուսակցական-պետական գաղափարախոսության սնանկությունը, չլուծված բազմաթիվ հարցեր և առավելապես ազգային խնդիրը շարժման մեջ դրեցին Խորհրդային Միության միլիոնավոր քաղաքացիների, տարբեր ժողովուրդների ու ազգերի։

Եղած ընդհանուր դժվարություններին Հայաստանում գումարվեցին նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, շրջափակումը, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները, բնապահպանության սրված հիմնախնդիրները։ Այս ամենը Հայաստանի առանց այն էլ դժվարին սոցիալ-տնտեսական կացությունը դարձրին աղետալի։

 

Ղարաբաղյան ազատագրական շարժումը

Խորհրդային Միությունում ազատագրական շարժումների ծավալումը վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանք էր։ Իր ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար առաջինը հանդես եկավ արցախահայությունը։ Վերջինս ամենևին չէր հաշտվել պատմական իր տարածքները Ադրբեջանին բռնակցելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության հետ։

Արցախահայությունը, հավատալով կուսակցության հռչակած վերակառուցման նոր քաղաքականությանը, պայքար սկսեց սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու համար։

1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց։ Մարզխորհուրդը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին։

Հայաստանում և սփյուռքում արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցերի մեծ ալիք սկսվեց։ Մայրաքաղաքում և հանրապետության բազմաթիվ քաղաքներում, Ղարաբաղում սկսեցին կազմակերպվել բազմահազարանոց հանրահավաքներ։ Սակայն ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը հենց սկզբից Ղարաբաղյան շարժման նկատմամբ բացասական դիրք գրավեց։ Նա Արցախում և Հայաստանում ընթացող այդ հանրահավաքները որակեց որպես սադրիչ, ծայրահեղական, մի խումբ ազգայնականների պահանջ։

Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրից հանրապետության ղեկավարությունը սպասողական դիրք գրավեց և չկարողացավ ներազդել իրադարձությունների ընթացքի վրա։ 1988թ. փետրվարին ստեղծվեց կազմկոմիտե, որը կազմակերպում և ղեկավարում էր բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները։

Հանրահավաքներին մասնակցում և ելույթներ էին ունենում հայ ականավոր գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, արձակագիր Սերո Խանզադյանը, դերասան Սոս Սարգսյանը և ուրիշներ։

Թեև հետագայում հանրապետության կուսակցական նոր ղեկավարությունը (1988թ. մայիսից ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին փոխարինեց Սուրեն Հարությունյանը) ջանքեր էր գործադրում շարժումը գլխավորելու, սակայն հաջողության չէր հասնում։ Ղարաբաղյան շարժումը ներդաշնակելու, համակարգելու նպատակով մարտ ամսին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր մասնաճյուղերը ստեղծեց հանրապետության շրջաններում։

Հայաստանում և Արցախում ծավալվող իրադարձություններին հետևում և իրենց բարոյական աջակցությունն էին ցուցաբերում ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների ճանաչված գործիչներ։

 

Սումգայիթյան ողբերգությունը

Այն ժամանակ, երբ Հայաստանում և Ղարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքներ, 1988 փետրվարի 27–29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց քաղաքի հայության վայրագ կոտորած։ Արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ հայեր, մոտ 200 մարդ վիրավորվեց։ Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազար հայ ազգաբնակչություն ստիպված բռնեց գաղթի ճանապարհը։

Պաշտոնական աղբյուրների վկայությամբ՝ զոհերի թիվը կազմել է 27 մարդ, սակայն ստույգ պարզված չէ զոհված քաղաքացիների քանակը։

Հայերի կոտորածը նախապատրաստված էր ադրբեջանական տեղական իշխանությունների կողմից։ Իրավապահ մարմինները մի քանի օր մատնված են եղել անգործության։ Երեք օր ուշացումով միութենական կենտրոնական իշխանությունը զորք մտցրեց Սումգայիթ։ Զինվորները մեծ դժվարությամբ կարողացան դադարեցնել ջարդը և քաղաքից դուրս բերել հայ բնակչությանը։

Երկրի ղեկավարությունը ջանում էր կատարվածը ներկայացնել որպես մի խումբ խուլիգանների արարք։ Բնականաբար, նման որակավորում տվեցին նաև միութենական պաշտոնական լրատվամիջոցները։

Որպեսզի չբացահայտվեն այդ ողբերգության իրական կազմակերպիչները և հաստատվի պաշտոնական վարկածը, մարդասպանների դատավարությու

Создать бесплатный сайт с uCoz