ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՐԴԻՉՆԵՐ


Խորհրդային Միության փլուզումից հետո մեր հասարակության առջև ծառացած կարևորագույն խնդիրը աշխատատեղերի բացակայությունը դարձավ, ինչն էլ հանգեցրեց ազգաբնակչության զգալի զանգվածի արտագաղթին: Եթե ԽՍՀՄ օրոք գործում էր պլանային տնտեսավարման համակարգըը, ապա նորանկախ Հայաստանում այն փոխարինվեց կապիտալիստական հարաբերություններով: Արդյունքում ի հայտ եկան որոշ ձեռներեցներ, որոնք գրավեցին շուկայի այս կամ այն դաշտը՝ հետագայում վերածվելով մոնոպոլիստների:

Սակայն առանձին գործարարների համար հասկանալի է, որ առևտրի միջոցով շատ ավելի կարճ ժամանակահատվածում հնարավոր է գումար դիզել: Թեև առևտուրը ռազմավարական կտրվածքով երկրի տնտեսության զարգացմանը ոչինչ չի տալիս: Մինչդեռ պետք է առաջնորդվել մեկ սկզբունքով. «Ինչը հնարավոր է արտադրել երկրի ներսում, չպետք է ներկրվի»:

Արդյունաբերության, արտադրության համար հարկավոր է շատ ավելի մեծ միջոցներ ներդնել ու երկար սպասել ցանկալի արդյունքին, որին պետք է օժանդակի նաև պետական համակարգը, մասնավորապես փոքր ու միջին բիզնես զարգացման համար: Բնականաբար արտադրանքի համար անհրաժեշտ է շուկա. հայաստանյան շուկան բավականին փոքր է, իսկ արտասահմանի շուկայում ներգրավվելու համար անհրաժեշտ է որակյալ ու մրցունակ ապրանքներ թողարկել:

Իրավիճակը նաև նրանով է անհանդուրժելի դառնում, որ որոշ սեփականատերեր աշխատանքային անմարդկային պայմաններ են առաջադրում ու չնչին գրոշներ վճարում մարդկանց աշխատանքի դիմաց, իսկ աշխատանքից բխող իրավունքների մասին խոսելն ուղղակի անհիմն է:

Այսպիսի իրավիճակը նաև նրանով է բարդանում, որ մենք կիսապատերազմական իրավիճակում ենք: Եթե ոսոխը կարող է իրեն թույլ տալ վայելել անցումային երկրներին բնորոշ մոնոպոլիստական հաճույքներ, ապա մենք ոչ. մենք ածխաջրածնային ռեսուրսներ չունենք:

Դրա փոխարեն ունենք հարուստ ու ազդեցիկ սփյուռք, սակայն սփյուռքահայ մեր բարեկամները ամեն անգամ ականատես են լինում այն բանին, թե որքան անարդյունավետ են օգտագործվում իրենց կողմից Հայաստանին նվիրաբերված գումարները, ինչպես են որոշ կլաններ գրպանում այդ միջոցները: Բնական է, որ նման պայմաններում ոչ ոք նոր նվիրատվություններ չեն անի:

* * *

Այս իրավիճակից էլ ելք կա.

1. Հարկավոր է տնտեսվարման նոր եղանակ գործի գցել, որի առանցքային հենքը կլինի այն, որ տվյալ կառույցի եկամուտները ոչ մեկին չեն պատկանելու, այլ կծառայեն բարեգործական նպատակների, նույն սկզբունքով նոր աշխատատեղերի բացմանը, երկրի բարեկարգմանը և այլ համապետական, համահայկական շահերի բավարարմանը:

Իսկ կառույցի մեջ ներգրավված բոլոր անձինքն՝ սկսած հիմնադիր-տնօրեններից մինչև սովորական աշխատակիցներ կստանան միայն աշխատավարձ:


2. Կարող է լինել նաև տնտեսվարման երկրորդ եղանակը, որը կազմակերպվում է համակարգվում է պետության կամ համայնքի կողմից: Դրանք կլինեն կիսապետական կամ կիսահամայնքային բաժնետիրական ձեռնարկություններ, որում բաժնետոմսերի կեսից ավելին կպատկանի պետությանը կամ համայնքին:

Նախ պլանավորվում է, թե ինչպիսի ձեռնարկություններ է պետք գործի գցել, ապա կատարվում է բաժնեթղթերի վաճառք: Անհատ ձեռներեցները դրանով վճարում են տվյալ կոնկրետ ձեռնարկության ստեղծման համար ողջ գումարը, իսկ պետությունը իր կողմից երաշխավորում է տվյալ ձեռնարկի հուսալիությունը ու կայունությունը, պետությունը կամ համայնքը գումար չի ներդնում:

Այս եղանակով ստեղծված ձեռնարկությունների շահույթի կեսը պետությունն է տնօրինում, իսկ մնացյալ կեսը բաժին են հասնում բաժնետերերին:


* * *

Արտադրության այս երկու նոր եղանակների միջոցով հնարավոր է միանգամից մի շարք արտադրությունների գործի գցել՝ անկախ այն բանից, թե կարող է պետությունը տվյալ ձեռնարկի համար բյուջեից միջոցներ տրամադրել:

Ստացված արտադրանքը անհամեմատ ավելի էժան, որակյալ ու մրցունակ կլինի:

Создать бесплатный сайт с uCoz