ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի՛ բարեկամ,

Մեր պապերից ժառանգված երկիրն այսօր զգում է Ձեր կարիքը: Սոցիալական ծանր պայմանների, աշխատատեղերի բացակայության իրավիճակում մեծ չափերի է հասնում արտագաղթը: Մեր հարազատները լքում են մեր հայրերի արյունով պահած այս մի բուռ երկիրը, քանզի հույս չունեն վաղվա օրվա հանդեպ:

Իսկ մյուս կողմից մենք պատերազմական վիճակում ենք. մեր ոսոխը տնտեսական զգալի լծակներ ունի, որով կարողանում է իր կողմ թեքել համաշխարհային հանրության կողմնորոշումը: Եթե այսօր մեր երկրում սոցիալական էական փոփոխություններ չկատարվեն, ապա ոչ այնքան հեռու ապագայում մենք տանուլ կտանք հաղթանակած պատերազմում:

Այսօր մենք տեսնում ենք մեր արարող ազգի հիմնական խնդիրը. մեզ մեջ մեռել է կոլեկտիվ գիտակցությունը: Մեզանից յուրաքանչյուրը մտածում է իր անձնական ու իր հարազատների խնդիրների մասին՝ անտեսելով ազգի խնդիրը՝ չգիտակցելով, որ երկրի խնդիրը կամա, թե ակամա նաև իրեն կհասնի: Նույն տրամաբանությամբ «օլիգարխ» հորջորջված հայրենի մեծահարուստները կեղեքում են ժողովրդին: Սովորական քաղաքացին մի քանի գրոշի դիմաց ստիպված է բանել հանուն իր «տիրոջ» բարեկեցության: Մի՞թե սա ճորտատիրություն չէ, մի՞թե մեր երկիրը գլորվել է կրկին միջնադար:

Գնալով աճում են առևտրի կենտրոնները, խանութները, ժամանցի վայրերն ու ռեստորանները, մինչդեռ երկրում արտադրությունը կաթվածահար է արված, Հայաստանը դարձել է «բանանային» պետություն:

Սակայն այս ամենին լուծում կա. հարկավոր է ձեռներեցության նոր տեսակ զարգացնել, ստեղծել հիմնարկներ, որոնք չեն ունենա սեփականատերեր: Հարկավոր է ստեղծել շահույթ չհետապնդող ընկերություններ, որոնք կոնկրետ արտադրություններ կտան՝ ըստ պահանջարկի: 

Այս ձեռնարկի մեջ առանցքային այն է, որ նախ ներգրավված անձինք միայն աշխատավարձ կստանան, իսկ ստացված եկամուտները, պետական բոլոր վճարումներից հետո, կուղղվի նույն մեխանիզմով նոր աշխատատեղերի ստեղծմանը և բարեգործական այլ ծրագրերի: Ու սա կլինի իրական բարեգործություն՝ հանուն համընդհանուր շահի, այլ ոչ թե «բարեգործական» կոչվող այն նախագծերը, որոնց առաջնային նպատակներ է անձնական հարստացումը կամ հարկերից ազատումը: Իսկ գործունեությունը կվերահսկեն պետական համապատասխան լիազոր մարմինները:

Պետք է առաջնորդվել մեկ սկզբունքով. «Ինչը հնարավոր է արտադրել երկրի ներսում, չպետք է ներկրվի»: Ապա արդեն կարելի է մտածել արտաքին շուկա մեր որակյալ արտադրությունը հանելու ուղղությամբ:

Պատասխանատու Արմեն Բադալյան     

Այս նամակը 05.09.2012 թ. տպագրված տարբերակով ու որոշ մանրամասնություններով ուղղվել է Ազգային ժողովի բոլոր 131 պատգամավորներին:
Համաձայն օրենքի պահանջի մեկամսյա ժամանակահատվածում սպասում ենք նրանց արձագանքներին:  

Создать бесплатный сайт с uCoz