ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ


Ժամանակակից միջազգային թատերաբեմում այնքան էլ հստակ չէ ԵՄ դերը: Այս հիմնախնդիրը չափազանց կարևոր է, քանի որ ԵՄ-ը` որպես համաշխարհային քաղաքականության կարևորագույն  դերակատարներից մեկը և մի ամբողջական տարածաշրջանի քաղաքական կուրս թելադրող կառույց իրապես յուրօրինակ է և աննախադեպ:

Կարևոր է հասկանալ, թե ինչ է դառնալու ԵՄ-ն. ակնհայտ է մի բան, որ այդ կառույցն ունի զարգացման հստակ այլընտրանքներ: ԵՄ-ն և՛ պետություն է, և՛ ոչ, և՛ կարող է դառնալ պետություն, և՛ ոչ: Այսինքն ԵՄ-ն պատրաստ է ապագայի վայրիվերումներին:

ԵՄ-ի դերը համաշխարհային քաղաքականության մեջ հասկանալը կարևորվում է նաև մեր հանրապետության համար, քանի որ այն ունի հստակ եվրաինտեգրացիոն քաղաքական կուրս: Ի վերջո այս հարցի վերլուծությունը հնարավորություն կտա հստակություն մտցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական տենդենցների մեջ: Քանի որ ԵՄ-ն կարող է թելադրել համաշխարհային քաղաքականության ընթացքը կամ էլ կարող է կառուցվածքային-համակարգային փոփոխություններ կրել` համաձայն համաշխարհային քաղաքականության ընթացքի:

Սույն անհատական աշխատանքի շրջանակներում օգտագործվել են հիմնականում ինտերենետային կայքեր, որոշ թվական ճշտումներ կատարելու համար:  Իսկ այլ առումով սա լոկ իմ անձնական պատեկրացումների շարադրանք է:

Տվյալ աշխատանքի նպատակն է հասկանալ ԵՄ դերը համաշխարհային քաղաքականության մեջ: Նպատակին հասնելու համար հարկավոր է առանձնացնել երկու հիմնական հետազոտական խնդիրներ` ԵՄ-ի համակարգային կառուցվածքի ընկալում և ԵՄ-ի պոնտեցյալ հզորության դուրսբերում: Իհարկե հիմնախնդիրը չափազանց լայն է, սակայն մենք կփորձենք դուրս բերել այն հիմնական գործոնները, որոնք պայմանավորում են հիմնախնդիրների ձևակերպումը:

Աշխատանքում կիրառվում է հիմնականում համակարգային և համեմատական վերլուծության մեթոդներ:

Իսկ որպես աշխատանքային հիպոթեզ սահմանում ենք, որ համաշխարհային քաղաքականության մեջ ԵՄ-ի դերը գնալով կրճատվում է, իսկ եվրոպական տարածաշրջանում` գնալով աճում, ինչն էլ հանգեցնում է ԵՄ-ին չեզոքության կարգավիճակ ստանալուն կամ իզոլյացիոնիզմի քաղաքականությունը:

 

Եվրամիությունը որպես համակարգ

 

Ինչ-որ սուբյեկտի դերի ընդգծման համար հարկավոր է նախ առանձնացնել այն հիմնական գործոնները, որոնք պայմանավորում են այդ դերը: Տվյալ դեպքում համաշխարհային քաղաքականության մեջ ԵՄ-ի դերը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է դուրս բերել այդ կառույցի հզորությունը` տնտեսական, ռազմական, դիվանագիտական, ժողովրդագրական և այլն: Սակայն նման դասակարգումը բնորոշ է առավելապես  պետության համար, իսկ մեզ հետաքրքրող երևույթի մասին կարծիքները միանշանակ չեն, թե կարելի է արդյոք այն պետություն համարել : Այսինքն նախևառաջ հարկավոր է հասկանալ տվյալ երևույթը որպես համակարգ. այն է թե ինչպիսի տարրեր ունի իր մեջ,  ինչպիսի կապեր կան նրանց միջև և ի վերջո այդ «սև արկղի» մեջ ինչպիսի գործառույթներ են իրականացվում:  Նշենք, որ վերլուծվող համակարգը միշտ հարկավոր է դիտարկել արտաքին միջավայրի պայմաններում: Ի վերջո համակարգը ենթակա է որոշակի փոփոխությունների, տենդենցների, ընդլայնման կամ կրճատման:

Եվրամիությունը 27 երկրների տնտեսական և քաղաքական միավորում է:  Այն ունի հիմն, դրոշ, ընդհանուր դրամական միավոր, առանձին ինտերնետային դոմեն և այլ տարբերակիչ գործոններ : Այսինքն այն մի կառույց է, որը հիշեցնում է պետություն (համադաշնություն): ԵՄ-ում անցկացվում են համաեվրոպական ընտրություններ, ունի ընդհանուր իշխանական մարմիներ: Սակայն այն պետություն չէ, այնքանով, որքան նրան անդամ պետությունները պահպանում են իրենց սուվերենության իրավունքը, այսինքն ԵՄ-ն գերակա չէ նրանց նկատմամբ:

Գործնականում ԵՄ-ում չափազանց մեծ կարևորություն ունեն մի քանի երկրներ, որոնք հանդես են գալիս որպես տվյալ կառույցի «լոկոմոտիվներ»: Դրանց թվում նախևառաջ անհրաժեշտ է շեշտել ԳԴՀ-ն, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը:

Գերմանիան իր տնտեսական հզորությամբ` ՀՆԱ-ի ցուցանիշով հինգերորդ երկիրն է աշխարհում : Մինչդեռ ընդամենը 2 տարի առաջ այն երրորդն էր նույն ցուցանիշով: Սա չափանաց կարևոր է շեշտել, քանի որ ԵՄ-ն կազմավորվել է նախևառաջ որպես տնտեսական կառույց: Միացյալ թագավորությունը և Ֆրանսիան նույնպես տնտեսապես հզոր երկրներ են, համապատասխանաբար նույն ցանկի յոթերորդ և ութերորդ տեղերն են զբաղեցնում: Այս երկրները ինչպես նաև ԵՄ մեկ այլ անդամ պետություն` Իտալիան, որը այդ վերը նշված ցուցակում զբաղեցնում է տասներորդ տեղը, «Մեծ ութնյակի» անդամ երկրներ են: Նպատակահարմար չեմ համարում շեշտել Իտալիայի լրջագույն դերը, սակայն այն չի կարելի համեմատել իմ կողմից առանձնացրած երեք պետությունների հետ: Թեկուզ այն, որ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և երկրորդ` ունեն  միջուկային զինանոց:

Այսինքն այս երեք երկրները ունեն մեծ լծակներ, որոնցով հնարավոր է կառուցվածքային փոփոխության ենթարկել  կազմակերպությունը և ազդել նրա քաղաքական կուրսի վրա: ԵՄ-ի անդամ մնացած երկրները, որոնք  բավականին զարգացած են, ունեն բարձր կենսամակարդակ, սակայն ռեալ լծակներ, որոնցով կարելի է համաշխարհային քաղաքականության մեջ ինչ-որ զգալի փոփոխություններ կատարել դրանք չունեն:

Անդրադառնանք այն հիմնական կապերին, որոնք առկա են ԵՄ անդամ երկրների միջև: Այս խնդիրը հանգեցնում է այն հարցի պարզաբանմանը, թե ինչ հիմքով է պայմանավորված  ԵՄ  ձևավորումը: Առավել ևս այնպիսի մի տարածաշրջանում, որ պատմության ընթացքում կոնֆլիկտներից անպակաս է եղել և նույն անդամ երկրները միանգամայն այլ շահեր և ձգտումներ են ունեցել:

Այս հարցը ուղղակիորեն կապված է ընդհանուր համաշխարհային գործընթացներով: Հստակորեն կարելի է շեշտել, որ մինչև 20-րդ դարի կեսերը, այսինքն մինչև երկբևեռ աշխարհակարգի ձևավորումը համաշխարհային քաղաքականությանը եվրոպակենտրոն էր: Իսկ երկբևեռ աշխարհում Եվրոպան  ոչ միայն երկրորդային պլան անցավ, այլ անգամ հստակ բաժանվեց երկու ռազմաքաղաքական ճամբարների միջև: Հենց երկբևեռ աշխարհն էլ կատալիզատոր հանդիսացավ եվրաինտեգրացման գործընթացների համար:

Անշուշտ եվրոպական երկրները և մասնավորապես վերը նշված  3 հզորագույն երկրները չէին կարող համակերպվել արդեն իրենց իսկ «սատելիտային» կարգավիճակի հետ: Բայց և պրագմատիզմը ցույց էր տալիս, որ իրենք  բավարար հզորություն չունեին ԱՄՆ-ի կամ ԽՍՀՄ-ի հետ ձեռք մեկնելու համար: Իսկ այսօր համաշխարհային թատերաբեմ են իջնում այնպիսի պոտենցյալ ունեցող երկրներ, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, որոնք այսօր տնտեսական և հետևաբար այլ պոտենցյալ հզորությամբ շրջանցում կամ էլ ըստ իրատեսական կանխատեսումների կշրջանցեն յուրաքանչյուր եվրոպական առանձին երկրի: Մասնավորապես Չինաստանն այսօր իսկ ՀՆԱ-ի ցուցանիշով երկրորդն է, Հնդկաստանը` չորրորդը, իսկ Բրազիլիան` իններորդը :

Այս կոնտեքստում եվրոպական երկրների առանձին ազգային շահերը երկրորդական պլան են մղվում, գերակա է դառնում համաեվրոպական շահը: Այլ է հարցը, թե անդամ երկրների զուտ ազգային շահերի իրականացման համար   ինչքանով է համաեվրոպական շահերը միջոց ծառայում: Տվյալ կոնտեքստի համար արձրագրենք, որ համաեվրոմիութենական  և առանձին անդամ երկրների  պետական-ազգային շահերը համընկնում են: Այնուհանդերձ տեղին է անդրադառնալ «առաջատար» հորջորջված եռյակի հնարավոր ազգային շահերի շեշտադրմանը:

ԳԴՀ-ին դեռ հետապնդում է ֆաշիստական սինդրոմը, որը հնարավորություն չի տալիս բացեիբաց խոսել  համաշխարհային թատերաբեմում «արևի տակ իր տեղը գրավելու մասին»: Սակայն  «գերմանական կենսական տարածքները» անշուշտ ներկա ԳԴՀ-ով չէր կարող սահամանափակվել: Այսինքն Գերմանիայի համար ԵՄ-ն կարող է լինել միջոց Եվրոպան ավելի հեշտ գերմանացնելու համար (նկատի ունենք մշակութային էքսպանսիան): Իսկ որոշ դեպքերում էլ իրեն հարմար և իր համար կարևոր հայտարարությունները կատարել ոչ թե գերմանացու, այլ եվրոպացու չեզոք անվան տակ:

Ֆրանսիան այն երկիրն է, որը մշտապես հավակնել է համաեվրոպական գերիշխանության: Ամենևին պատահական չէ, որ հենց Ֆրանսիան է միշտ հանդես եկել եվրաինտեգրացիոն ծրագրերով: Սակայն Ֆրանսիան հասկանում է, որ միայնակ չի կարող ոչինչ անել տարածաշրջանում, առավել ևս հաշվի առնելով գերմանական գործոնը: Այս պարագայում կարելի է համոզված հայտարարել, որ Ֆրանսիայի դեպքում տեղի է հայտնի գովազդային արտահայտությունը. «մեր շահերը համընկնում են»: Տվյալ դեպքում ֆրանսիական և եվրամիութենական շահերը համընկնում են միանգամայն:

«Ֆրանս-գերմանական դաշինքը» իրոք եվրամիության և ցանկացած եվրաինտեգրացման «թիվ 1» հենքն է և ցուցանելի օրինակ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց կազմակերպելու համար:

Միացյալ Թագավորության դեպքը սկզբունքորեն այլ է: Նախ այն անդամագրվել է եվրոպական ընտանիքին ավելի ուշ` 1973թ.-ին: Սակայն նրա անդամագրությունը կառույցի բովանդակությունը արմատականորեն փոխեց: Միացյալ Թագավորությունը շատերը համարում են ոչ այն է եվրոպական երկիր, այլ ատլանտիստական: Այսինքն շեշտվում է նրա կապվածությունը օվկիանոսի մյուս ափին գտնվող «մեծ եղբոր»` ԱՄՆ-ի հետ: Այդ կապակցությամբ ոմանք այն համարում են «եվրոպայում ԱՄՆ-ի չխորտակվող ավիակիր»; Սա իհարկե հիմք է եվրոպական այլ երկրների համար Մացյալ Թագավորության հանդեպ անվստահություն ունենալու համար:

Չնայած այս տարաձայնություններին տրամաբանական է նաև համաեվրոպական գաղափարի առկայությունը բոլոր երկրներում: Այսինքն այն ինչ  բարձրաձայնում է ԵՄ լոզունգը. «միասնականություն բազմազանության մեջ»: Այդ միասնականությունը ընդհանուր ձգտում է աշխարհագրորեն ամբողջական կառույց ձևավորելու համար: Եվ ամենևին էլ անսպասելի չի լինի ԵՄ-ին անդամագրումը զուտ եվրոպական այնպիսի երկրների, ինչպես Նորվեգիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Հորվաթիայի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովիանայի, Ալբանիայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի և եվրոպական գաճաճ պետությունների անդամագրումը: Այլ հարց է, թե արդյոք Եվրոպան պատրաստ է ընդունելու Թուրքիային: Քանի որ նման հնարավոր զարգացումների  դեպքում ԵՄ-ի գոյության տրամաբանությունը արմատականորեն կվերափոխվի:  Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին` Անդրկովկասին, ապա ես սկզբունքորեն բացառում եմ անդամագրումը ԵՄ-ին, առանց Թուրքիայի անդամագրության: Քանի որ հազիվ թե ԵՄ-ին ձեռնտու լինի ունենալ իր հիմնական հողային զանգվածից բավական հեռու գտնվող մի երկրամաս, անշուշտ խնդիրները շատ կլինեն: Վերջին շրջանում արդիականություն են ստանում ԵՄ-ՌԴ ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացումները և անգամ ՌԴ հնարավոր անդամակցությաւնն Ընդհանուր շուկային: Սակայն այս խնդիրները ևս չափազանց լայն քննարկման նյութ է:

Կարևոր է նաև շեշտել ԵՄ-ԱՄՆ գերկարևոր ռազմավարական համագործակցությունը, ինչը պայմանավորում են մի շարք մերձեցնող գործոններ: Սակայն այսօր նկատելի է մի տենդենց, որ Եվրոպա - ԱՄՆ հարաբերությունների զարգացումը  իր տեղը զիջում է ԱՄՆ - Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պոտենցյալ զարգացման հնարավորությանը;

Այդպիսով ԵՄ-ը ոչ միայն ինչ-որ կառույց է, այլ մի ստվար եվրոպական զանգվածի համար նպատակների մարմնավորում: Իսկ որ՞ն է այդ նպատակը. իհարկե, համաեվրապականացում: Այս համատեքստում  ԵՄ-ն հանդես է գալիս որպես այդ ոչ միայն նպատակի, այլև գաղափարի մարմնավորում և դրոշակակիր:

ԵՄ-ի ընդհանուր դերի մասնավորեցման համար անհրաժեշտ է նաև անդրադառնալ ԵՄ-ի պոտենցյալ ընդհանուր հզորությունը:

 

Եվրամիության հզորությունը

 

«ԵՄ-ի հզորություն» հասկացությունը անշուշտ պայմանական է: Այսինքն ԵՄ-ն դիտարկվում է որպես պետություն, իսկ որպես ցուցանիշ վերցնում ենք անդամ երկրների համապատասխան ցուցանիշների պարզ գումարը, այս պրակտիկան արդեն իսկ տարածված է գրականության մեջ: Անդրադառնանք հզորության հարցին ըստ որոշակի գործոնների` տնտեսական, ժողովրդագրական, դիվանագիտական և ռազմական:

Տնտեսական բաղադրիչը ԵՄ հզորության առաաջնային տարրն է: Տնտեսական միասնականությունն է հենց պայմանավորել եվրաինտեգրացման գործընթացները: Եվրամիությունը տնտեսական պոտենցյալով առաջինն է աշխարհում: Ընդհանուր ԵՄ-ի ՀՆԱ-ն կազմում է մոտ 15 տրիլիոն դոլարը. այդ ցուցանիշով ԵՄ-ն գերազանցում  է ԱՄՆ-ին մոտ 1 տրիլիոնով : Սակայն շեշտենք մի հանգամանք, որ զարգացման տեմպերն ավելի ցածր են քան ԱՄՆ-ում: Կանխատեսումներն այնպիսին են, որ առաջիկա մեկ-երկու տասնամյակում ԱՄՆ կգերազանցի նույն ցուցանիշով ԵՄ-ին:

Մյուս կողմից կարևոր է ԵՄ գոտում էներգակիրների առկայությունը: Ինչը մասնավորապես ածխաջրածնային հումքի համար այնքան էլ լավ ցուցանիշ չի ապահովում: Այսինքն ԵՄ-ն ածխաջրածինների ներկրող երկիր է: Զուտ ներքին ռեսուրսներն ոչ մի կերպ չեն կարող բավարարել ԵՄ-ի պահանջարկը :

Հենց ածխաջրածնային «քաղցն» է, որ ԵՄ-ին հարկադրում է շրջվել դեպի արևելք: Իսկ արևելքում ՌԴ-ի մոնոպոլիային անհրաժեշտ է այլընտրանք: Այդպիսն կարող է լինել Կասպից ծովի ավազանի հումքը:  Հենց այս գործոնով է պայմանավորված  ԵՄ-ի հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանով: Այս հանգամանքն առավել քան կարևոր է մեզ` հայերիս համար, որպեսզի չներշնչենք ինքներս մեզ, թե Եվրոպան զմայլված է մեր «գեղեցիկ հայկական աչքերով»: ԵՄ-ին անշուշտ պետք չէ ո՛չ պրոբլեմատիկ տարածաշրջանում, ո՛չ էլ ուղղակի հարևանություն մուսուլմանկան «ճագարային» արագությամբ բազմացող երկրների հետ:

Դա արդեն ԵՄ-ի ժողովրդագրական հզորությանն է առնչվում: Մինչև 20-րդ դարի կեսերը Եվրոպան իր բնակչության ընդհանուր թվով զգալի դիրք ուներ աշխարհում: Այսօր ԵՄ-ն իր կես միլիարդ բնակչությամբ կազմում է աշխարհի բնակչության 7,3%-ը, ինչը երրորդ ցուցանիշն է Չինաստանից և Հնդաստանից հետո : Դարասկզբին այդ ցուցանիշը ավելին էր քան կրկնակի և տենդենցը շարունակվում է, ԵՄ-ի բնակչության տոկոսային թիվը գնալով կրճատվում է: Սա պայմանավորված է ծնելիության ցածր և մահացության բարձր մակարդակով: Իսկ մյուս կողմից ԵՄ-ի համար գերխնդիր է դառնում միգրանտների խնդիրը:

Տարեց տարի ԵՄ-ում տիտղոսակիր բնակչությունը թվաքանակի անկում է ապրում և աճում է մահմեդական բնակչության թիվը, այժմ նրանց թիվը 13 մլն է :  Մահմեդական բնակչությունից վտանգը այն է, որ շատ դեպքերում դրանք չեն ուծացվում եվրոպական ընտանիքի մեջ, ինչը կարող է ապագայում անջատողական  քաղաքականության հանգեցնել: Մյուս կողմից միգրանտները նաև  հանցածին տարրեր են համարվում: Այս ամենն  իհարկե իր արտացոլումն է գտնում եվրոպական բնակչության մեջ և ամրագրվում նեոֆաշիստական գաղափարախոսություններրում և քաղաքական կուրսերում:

Քանի որ ԵՄ-ն բավականին հրապուրիչ է արտաքին ավելի ցածր զարգացման մակարդակ ունեցող երկրների բնակչության համար, ապա դա հնարավորություն է տալիս այդ երկրների հետ խոսել ավելի հրամայական տարբերակով, առաջ տանել իրեն նախընտրելի դիվանգիտություն:

ԵՄ-ն ունի  դիվանագիտական  զգալի լծակներ: ԵՄ-ն ունի դիվանգիտական առաքելությունններ աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում երկկողմանի և բազմակողմ: ԵՄ-ն մասնակից է մի շարք միջազգային կազմակերպությունների գործունեության մեջ` դիտորդական առաքելությամբ:  ԵՄ-ն շուրջ 3 տասնյակ երկրներում ունի դեսպաններ: 2009թ. դեկտեմբների 1-ից Լիսաբոնյան պայմանագրի հիմքով Եվրամիությունը դարձավ իրավասուբյեկտ:

Այս ամենի հետ մեկտեղ ԵՄ-ի դիվանագիտությունը ունի ևս մեկ կռվան: Բացի այն, որ ԵՄ-ն հանդես է գալիս մեկ ընդհանուր սուբյեկտի ձևով, այլև կարող է իրեն հարմար որոշումները կայացնել 27 միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի անվան ներքո, իհարկե համապատասխան ներքին պայմանավորվածությամբ, ինչ էլ պրակտիկայում իրականացվում է;

Այսօր ԵՄ-ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում իրենց երկրի դրոշի կողքին ծածանվում է նաև ԵՄ դրոշը: Իսկ որոշ դեպքերում անգամ ԵՄ-ի հետ գործնականում կապ չունեցող երկիրը` մեր հարևան Վրաստանը, ԵՄ դրոշը միշտ պետության առաջին դեմքի ելույթների ժամանակ ուղեկցում է պետական դրոշին: Չմանրամասնենք, թե ինչպիսի նշանակություն կարող է ունենալ այսպիսի սիմվոլիկան:

ԵՄ հզորության «Աքիլլեսյան գարշապարը» ռազմականն է: Եղել են հստակ ծրագրեր եվրոպական բանակ ստեղծելու ուղղությամբ, այսօր էլ նման քայլերը շարունակվում են: Սա իհարկե չափազանց կարևոր  նշանակություն ունի ռեալ ԵՄ-ի դերի բարձրացման համար: Այսինքն «ԵՄ-ն, լինելով տնտեսական հսկա, ռազմական գաճաճ» է: ԵՄ-ը իրականցնում է խաղաղապահ առաքելություններ հիմնականում ՄԱԿ-ի համապատասխան լիազորությամբ:

Այստեղ հարկավոր է շեշտել  ՆԱՏՕ-ի սկզբունքային նշանակությունը: Այն թերևս փոխարինում է եվրոպական առանձին բանակի գաղափարին: Սակայն ավելին քան պարզ է, որ այդ կառույցում  թելադրող դիրքում ԱՄՆ-ն է, որն էլ դա ապացուցեց 1999թ. Հարավսլավիայում և 2003թ. Իրաքում: ԱՄՆ-ի «միջուկային վահանը» այսօր ԵՄ համար դարձել է «միջուկային ճաղավանդակ»: Քանի դեռ ամերիկյան պրոտեկցիոնիզմը առկա է Եվրոպայում, ԵՄ-ն կշարունակի մնալ թույլ արտաքին քաղաքականության վիճակում, բնականաբար իր տարածաշրջանային գոտուց դուրս:

Այդպիսով՝ ԵՄ-ի դեր համաշխարհային քաղաքականության մեջ հասկանալու համար հարկավոր է հստակեցում մտցնել նրա համակարգային կառուցվածքի մեջ, և համեմատական վերլուծության ենթարկել  ԵՄ-ի հզորությունը այլ առաջատար երկրների հետ:

ԵՄ-ում առաձնային նշանակություն ունեն ԳԴՀ-ն, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, որոնցից յուրաքանչյուրը ունի ուրույն տեսլական և փորձում  է առավելագույնս քաղել ԵՄ-ից իր պետական նպատակների իրականացման համար:

Միևնույն ժամանակ Եվրոպայում առկա է համաեվրոպական մի գաղափար, որը ամրանում է համաշխարհային քաղաքականության մեջ Եվրոպայի դերի անկման հետ զուգընթաց: Իսկ դրա դրոշակակիրը այսօր ԵՄ-ն է:

Այդպիսով վերլուծությունը հանգեցրեց այն եզրակացության, որ  համաշխարհային քաղաքականության մեջ ԵՄ-ի դերը գնալով կրճատվելու է, իսկ եվրոպական տարածաշրջանում սկսելու է աճել: ինչն էլ ի վերջո կհանգեցնի Եվրոպա-ԵՄ-ի վերջնական չեզոքացմանը կամ իզոլյացիոնիզմին: Եմ-ը կստանձնի համաշխարհային քաղաքականության մեջ «շվեյցարական» դեր, այսինքն միջնորդ կհանդիսանա կոնֆիկտող կողմերի միջև: Քանի որ մեր առաջադրած հիպոթեզը ավելի շուտ կանխատեսական բնույթ ունի, ուրեմն դրա իսկության մասին չեն կարող խոսել հիմնավորվածորեն, այն միայն մի հավանական տենդենց է, որը կարող է  իրագործվել: 

Создать бесплатный сайт с uCoz