ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

   

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը  Ղարաբաղյան հիմնահարցն է: Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում այս խնդրի հետ կապված արմատական փոփոխությունները հանգեցնում են պետական իշխանության, քաղաքական ռեժիմի վերափոխումների:

 

Սկսենք տնտեսությունից: Ադրբեջանական ՀՆԱ-ն գերազանցում է հայկականը շուրջ 6 անգամ, տնտեսական ներուժի հարաբերակցությունն այնպիսին է, ինչպես եթե համեմատենք Ռուսաստանն ու Հունաստանը: Եվս հինգ-վեց տարվա ընթացքում այն  կարող է հասնել ինը և անգամ տասնապատիկի: Սա արդեն լուրջ մտահոգության առարկա է, ու լուրջ ահազանգ էր մեզ՝ հայերիս համար:

 

Նման անջրպետի հիմնական գրավականն ադրբեջանական ածխաջրածնային հումքն է, որի արդյունահանումն ապահովում է երկրի եկամուտների գրեթե 90 տոկոսը: Արդյունահանման ներկա տեմպերի պահպանման դեպքում 15 տարվա ընթացքում ադրբեջանական նավթը կսպառվի, ևս 35 տարուց՝ նաև գազը: Այսինքն հակամարտության ձգձգումն անցանկալի է Ադրբեջանի համար, այս երկիրն ամեն կերպ ձգտելու է շուտափույթ լուծում պարտադրել:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական նման հսկայական տարբերությունը չի կարող չազդել հարաբերությունների քաղաքական հարթության վրա: Փորձենք ուրվագծել հակամարտության մեջ հիմնական գործոնները՝ ըստ այդմ մոդելավորել դեպքերի զարգացման հետագա ընթացքը:

 

Ղարաբաղյան հակամարտությունն ինքնին բավականին բարդ երևույթ է, քանի որ դրանում առկա են մի քանի հարթության դերակատարներ: Նախ հակամարտող կողմերն են, ապա  միջնորդական գործունեություն իրականացնող ուժերը և այլ շահագրգիռ կողմերը:

Հակամարտության մեջ ներգրավված են երեք հիմնական կողմեր՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը: Եթե հակամարտությունը դիտարկվում է Արցախ-Ադրբեջան հարթության վրա, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից գերակա է «Ազգերի ինքնորոշման» սկզբունքը: Իսկ եթե Հայաստան-Ադրբեջան հարթությունն է, ապա «Տարածքային ամբողջականության» սկզբունքը: Բացահայտում արա չեմ լինի, եթե նշեմ, որ մեզ՝ հայերիս համար առավել ձեռնտու կլիներ առաջին տարբերակը: Սակայն 1998 թ. քաղաքական դեպքերը և մեր իշխանական այրերի անհեռատես դիվանագիտությունը որպես հակամարտության լուծման կողմեր ամրագրեց մեզ համար ոչ այնքան նպաստավոր երկրորդ տարբերակը:

 

Սակայն հակամարտությունն այսքան չէր ձգձգի, եթե դրա լուծմանը շահագրգռված լինեին առավել մեծ տրամաչափի ու տարածաշրջանում իրենց հստակ պետական շահերը հետապնդող տերությունները: Մասնավորապես խոսքը վերաբերում է միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա:

 

ԱՄՆ տարածաշրջանում կոնկրետ այս կամ այն պետությանը սատարելու ոչ մի տրամաբանական նպատակադրություն չունի: Առաջավոր Ասիայում իր դիրքերի ամրապնդման համար ԱՄՆ-ի «թիվ 1» խնդիրը կապված է Իրանի հետ ու հենց այս երկրի հետ հարաբերությունների հետագա ընթացքը ցույց կտա, թե ինչպիսի քաղաքականություն կվարի  ԱՄՆ-ը յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածում:

 

Ֆրանսիան գործնականում միջնորդական գործունեության մեջ ներկայացնում է ողջ Եվրամիությունը, անգամ նպատակադրություն կար Ֆրանսիայի փոխարեն որպես միջնորդ կողմ դարձնել Եվրամիությունը: Վերջինս տարածաշրջանից ունի հստակ տնտեսական շահեր: Եվրոպան այսօր այլընտրանք է փորձում գտնել ռուսական էներգակիրներին, մասնավորապես գազին: Հավանական տարբերակներից մեկը ադրբեջանական ու միջինասիական էներգակիրներն են: Թեև ադրբեջանական ողջ ածխաջրածնային ռեսուրսներն Եվրոպայի համար ընդամենը մեկ տարվա սպառումը կապահովեին: Եթե Ադրբեջանական ողջ գազը հաշվվում է շուրջ 840 մլրդ խմ, ապա միայն Եվրամիության տարեկան սպառման ծավալը հասնում է 515 մլրդ խմ-ի: Իսկ նավթի առումով Եվրամիությունը տարեկան սպառում է շուրջ 5 մլրդ բարրել, մինչդեռ ադրբեջանական հումքը ընդամենը 7 մլրդ է: Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից ներկայացվող պաշտոնական թվերը բավականին ուռչացված են: Եվրոպան այդ ամենը շատ լավ գիտակցում է, ուստի Ադրբեջանին նայում է որպես զուտ էներգետիկ ռեսուրսների տրանզիտային երկիր, քանի որ նույն միջինասիական նավթն ու գազը բազմիցս գերազանցում է ադրբեջանականին ու կարող է իրական այլընտրանք լինել ռուսաստանյան ածխաջրածնային ճիրաններին:

 

Հակամարտության մեջ թերևս առանցքային միջնորդական գործունեություն է իրականացնումՌուսաստանը: Հենց Ռուսաստանի թեթև ձեռքով  հակամարտությունն առաջացավ, ու հետագայում հենց ռուսական կողմն էր սկզբունքային որոշում ընդունողը: Ռուսաստանն աստիճանաբար վերկանգնում է իր կորուսյալ դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ, ինչը զգալի է նաև մեր տարածաշրջանում: Անդրկովկասում Ռուսաստանի համար որպես հուսալի դաշնակից անփոխարինելի է Հայաստանը, ցավոք այդ հանգամանքը մենք այնքան էլ լավ չենք հասկանում: Եթե Հայաստանը, սկսած Խ. Աբովյանից, օրհնում է հանրահայտ «սհաթը», ապա այլ է իրավիճակը մյուս երկու անդրկովկասյան երկրների պարագայում: Վրաստանի վրա հույս դնել հնարավոր չէ, քանի որ այդ երկիրը սիրահարված ռուսամոլ կամ արևմտամոլ չէ, այլ կոնկրետ իրավիճակում կոնկրետ ազգային շահերից ելնելով է ընտրում այս կամ այն քաղաքական կողմնորոշումը (Պետք է արձանագրել, որ նման դիրքորոշումը ցանկալի կլիներ նաև մեզ համար): Ռուսաստանը իր ազդեցության գոտում Վրաստանը պահելու համար պետք է ջանքեր չխնայի հոկտեմբեր ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և դրանից մեկ տարի անց նախագահական ընտրությունների արդյունքում պրոռուսական վարչակարգ հաստատելու գործում: Ադրբեջանի առումով վիճակը միանգամայն այլ է: Այս երկիրը միտված է դեպի Թուրքիա, ինչն ի վնաս Ռուսաստանի ուժեղացնում է թուրքական տարրի գործոնը տարածաշրջանում: Թուրք-ադրբեջանական երազանքի հիմնական խոչընդոտը կրկին Հայաստանն է: Այս իրավիճակում Ռուսաստանի համար ավելին քան ցանկալի է ստատուս քվոյի պահպանումը, իսկ ժամանակը աշխատում է հենց Ռուսաստանի օգտին:

 

Հակամարտության ընդհանուր բնույթի մեջ առանձնացվում են ևս երկու կողմեր, որոնք այս կամ այն ազդեցությունն ունեն, դրանք են Թուրքիան և Իրանը:

Պանթուրքիզմը քողարկված տարբերակով ժամանակակից թուրքական քաղաքական ռեժիմի ու ազգայնականների տեսլականն է, որի տրամաբանությամբ հակամարտության մեջ Թուրքիան ամեն կերպ սատարելու է Ադրբեջանին: Այսօր Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտուց հանելու տարատիպ նախաձեռնություններով՝ միաժամանակ ձգտելով սանձել հայոց պահանջատիրական քայլերը: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի «աքիլլեսյան գարշապարը» քրդական խնդիրն է, որը բռնկվելու մեծ հավանականություն ունի: Եթե օրինակ Սիրիայում իրադարձություններն այնպես ընթանան, որ երկիրը բաժանվի մասերի, դրան կհետևի շղթայական ռեակցիան ողջ Առաջավոր Ասիայում, այդ թվում նաև Թուրքիայում:

 

Հակամարտության ընթացքի մեջ իր շահերն ունի նաև Իրանը: Նախ հստակ է ադրբեջանական սին հավակնություններն Իրանի հյուսիսային շրջանների հանդեպ, որը մեր արևելյան «բարիդրացիները» համարում են Հարավային Ադրբեջան: Իրանն այսօր համաշխարհային քաղաքականության թատերաբեմում է իր մեծ ամբիցիաներով, արևմտյան դերակատարների խաղաքարերի խառնելու պատճառով: Եթե պատկերացնենք միջուկային զենքի տիրապետող, հսկայական տնտեսական ներուժ ու  էներգակիրներ ունեցող Իրան, որը միաժամանակ սերտ համագործակցության մեջ է Ռուսաստանի հետ, ապա Արևմուտքն ուղղակիորեն դուրս է մղվում տարածաշրջանից: Թերևս սա էլ լավագույն տարբերակը կլինի Հայաստանի համար:

 

***

 

Սա դերակատարների ընդհանուր հարաբերակցությունն է, սակայն միջազգային հարաբերությունների ավանդական դերակատարներից բացի, առկա են նաև այլ ուժեր, մասնավորապես տնտեսական կորպորացիաները, որոնց համար անցանկալի է պատերազմական ցանկացած գործողություն: Ու հենց այս խումբն էլ բավականին զգալի ազդեցություն է գործում առանձին պետությունների արտաքին քաղաքական կուրսի վրա:

Այժմ փորձենք մոդելավորել հնարավոր իրադարձությունների ընթացքը: Պետք է արձանագրել, որ հայկական կողմն այսօր մեծ հաշվով գտնվում է հաղթական դիրքերում, ու մենք գործնականում առաջխաղացման խնդիր չենք դնում մեր դիմաց: Իսկ Ադրբեջանը ցանկանում է գրավել մեր կողմից ազատագրված տարածքները: Այսինքն հնարավոր պատերազմական գործողությունները կարող են սկսվել միայն  Ադրբեջանի կողմից: Ռազմագիտության մեջ ընդունված օրինաչափություն կա, որ հարձակվող կողմը պետք է մի քանի անգամ ավելի ուժեղ լինի, որպեսզի կարողանա հաղթանակի հույս ունենալ: Մինչդեռ այսօր մեր միջև ուժային հարաբերակցությունը գրեթե նույնական է: Ադրբեջանը գնալով ավելացնում է իր ռազմական բյուջեն, հասկանալով որ ռազմավարական կտրվածքով ժամանակն աշխատում է ի վնաս իրեն, իսկ սեփական ածխաջրածնային մանանան գնալով սպառվում է:

Ինքնին 2013 թ. արմատական փոփոխությունների է հանգեցնելու. փետրվարին Հայաստանում, իսկ նոյեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են լինելու: 2013 թ. աշնանը լարվածությունը չափազանց կմեծանա, ինչը ադրբեջանական նախագահական ընտրությունների ժամանակ Ի. Ալիևի կատարյալ ֆիասկոնը կապահովի: Արդեն 2014 թ. կարելի է ակնկալել պատերազմական գործողություններ ողջ ճակատով. Ադրբեջանը կփորձի անցնել լայնածավալ հարձակման: Սակայն պատերազմը շատ կարճ է կտևի, մոտ տասն օր: Քանի որ երկարատև պատերազմական գործողությունները ձեռնտու չեն լինի հակամարտությանն առնչվող ոչ մի կողմի համար:

Նշենք, որ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պարտավորվում են հնարավոր պատերազմի դեպքում աջակցել Հայաստանին: Սա բնականաբար շատ լավ գիտակցում է նաև Ադրբեջանը, ուստի ռազմական գործողություններն ընթանալու են բացառապես Արցախի ուղղությամբ, իսկ այսօր Հայաստանի սահմանին չդադարող կրակոցները ամենևին չեն ազդարարում այդ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հնարավորության մասին: Արցախի առումով ՀԱՊԿ-ն լիազորված չէ օժանդակություն ցուցաբերելու, այնպես որ մեր հույսը միայն մեզ վրա պետք է լինի:

Նման արագ պատերազմին կհաջորդի միջնորդական  գործունեությունը՝ հակամարտության վերջնական կարգավորման նպատակադրությամբ:

Դեպքերի ընթացքի նման մոդելի համար կարող է կատալիզատոր հանդիսանալ իրադարձությունները Իրանի շուրջ: Սակայն դա արդեն նոր վերլուծության նյութ է:

Создать бесплатный сайт с uCoz