ՀԱՅԱՑԱՆՑ


Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների՝ մասնավորապես բջջային հեռախոսակապի ու ինտերնետի տարածմամբ լսվեց հայոց լեզի մահախոսականը: Այսօր մեր հասարակության  այսպես կոչված «էլիտար զանգվածը», որը արդեն իսկ այսօր և առավել ևս վաղը լինելու է ազգի հենքը, աղավաղում է մեր լեզուն լատինատառ հիմարաբանությամբ: Պարադոքսալ ազգ ենք. ունենք 39 տառից կազմված այբուբեն, բայց բռնել ենք հազիվ 27 տառեր ունեցող ճղճիմ լատիներենի գործածությունը: Ինչպե՜ս կարելի է ետ մնալ. չէ՞ որ ժամանակին մեր «սիրելի» հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանն էլ անցան լատինատառ այբուբենի: Վտանգավորն այն է, որ այդ նորահայերենը օգտագործվում է մեր՝ հայերիս միջև առօրյա հաղորդակցությունների ժամանակ: Ու հենց այդ այբուբենը ժրաջանորեն օգտագործող մարդկանցից շատերն իրենց համարում են հակագլոբալիստներ, ազգային շահը առաջնային համարող ուժեր, քավ լիցի՝ նման անձինք կա՛մ հիմար են, կամ է՛լ զուտ գործիք են վերազգային կենտրոնների ձեռքին:

Այսօր դեռ «տաք» ենք, բայց վաղն արդեն ուշ կլինի: Երբ մեր զավակները, ովքեր այսպես, թե այնպես կբախվեն «հնարավորությունների ու սպառնալիքների հազարագլուխ հրեշին»՝ Ինտերնետին, հեշտության ու հարմարավետություն պահանջմունքի ներքո կբոյկոտեն մաշտոցյան այբուբենը: Ու հենց այդտեղ կազդարարվի հայ կոչված «հին ու բարի ժողովրդի» մահախոսականը:

Գրավոր հայերեն հաղորդակցության պրոբլեմներից մեկն էլ բարբառային հայերենով գրելն է: Ա՜խր, ոչ մի տեղ ոչ ոք չի սովորել գրել այն լեզվով, ինչպես որ խոսում է: Հասկանալի է, որ ամենօրյա զրույցների ժամանակ հնարավոր չէ վերահսկել խոսքը, սակայն նույնը չի կարելի ասել գրավոր խոսքի ժամանակ: Այնպես, որ եկեք չմոռանանք, թե ովքեր ենք մենք ու գրենք մաքուր ու գրական հայերենով:

Անգլիախոս ժողովուրդները վաղուց արդեն տառափում են բառերի «լակոնիզացման» հիվանդությամբ, ինչը վիրուսի նման մտել է նաև մեր հասարակության թվացյալ անգլոիմաց էլիտայի մեջ:

Ինտերնետային կեղծավորության պարզագույն դրսևորումներից մեկն էլ էմոցիաները տարբեր «ժպիտիկներով» կամ բառերով փոխանցելու մեջ է: Ի վերուստ մարդն ունակ չէ կառավարել իր էմոցիաները, իսկ  մենք՝ Ինտերնետ օգտագործող կամ Ինտերնետի կողմից օգտագործվող շարքային քաղաքացիներս, ամեն ինչ անում ենք ռոբոտացվելու, շաբլոնային մտածելակերպով առաջնորդվելու համար: Մենք մոռանում ենք, որ մարդ ենք. մեզանից յուրաքանչյուրը «մի ամբողջական տիեզերք» է, այլ ոչ թե գործարանային արտադրության միլիոնավոր նմանօրինակ իրերից մեկը:

Սա դեռ ամենը չէ. Ինտերնետին առնչվող թեման չափազանց լայն են, իսկ նրա հնարավորություններն անսպառ են: Փոխաբերությամբ կարելի է այն համեմատել վառոդի հետ, որը հիմք է և՛ հրավառության, և՛ հրանոթի համար: Պետք է սովորել ճիշտ օգտագործել այդ հզոր գործիքը:

Ինտերնետի ընձեռած հնարավորությունները ջնջում են պետական սահմանների կարևորությունը, այն ստեղծում է վիրտուալ իրականություն, որում ամեն ոք կարող է գտնել իր գողտրիկ անկյունը, արտահայտել իր կարծիքը ու չվախենալ պատժված լինելու համար:

Այդպիսով՝ ի՞նչ է պետք անել, միայն մի բան գրեք գրական հայերենով: 

Создать бесплатный сайт с uCoz