|
ՏՐԱՆՍՊՈՐՏ
Անդրադառնանք հայրենական տրանսպորտային երթևեկության արատներին: Խնդիրների առաջին տրցակը վերաբերում է հասարակական տրանսպորտին: Այսօր հասարակության մեջ ձևավորվել է մարշուտկային հնազանդության մշակույթ: Նախ երթուղային տաքսի կոչեցյալ «ժողովրդիս տանջամեքենաները» նախատեսված են որոշակի հստակ թվով մարդկանց համար, իսկ մեր «գերգրագետ» գծի տերերն ու «ընդօրինակելի» վարորդները երևի կարդալ չգիտեն: Դե, ո՛չ… իհարկե գիտեն կարդալ, բայց նայած երբ, որտեղ ու որ ամենակարևորն է՝ ինչ… Ամեն ինչ սկսվում է կանգառից, երբ ուղևորները նստում են փողոցի երկրորդ ու երրորդ շարքերի մեջտեղում կայանած երթուղայինը: Աստծո ողորմածությամբ՝ առանց մահացու վնասվածների տրանսպորտ նստելու հետո սկսվում է դժոխային տանջանքների տեղատարափը:Հաջորդ խնդիրն այն է, որ այդ նույն «մարշուտկաները» գործարանային արտադրությունից հետո երբևէ չեն մաքրվել ու վերանորոգվել: Համոզած եմ, որ այս նյութը կարդացող անձանցից շատերը բախվել են տրանսպորտից կեղտոտված ու ճղված հագուստով դուրս գալու չարեբախտությանը: Իսկ այդպիսի իրավիճակում, ու՞մ եք հղել ձեր բողոքը, իհարկե ոչ մեկին: Ու թող «Ձերդ գերազանցություն Ոչ ոքն» էլ հատուցի ձեր անփութության համար, որ չեք նկատել հասարակական տրանսպորտի բազմաչարչար աթոռների ազատատենչ զսպանակներն ու նստել եք մաքրությունից սև գույն հագած ձյունաճերմակ նստատեղին:Իսկ վարորդն ու նրա վարքը միանգամայն այլ զրույցի նյութ է: Զարմանալի է, թե ինչպե՞ս կարելի է այդքան լպիրշ լինել: Նախ, վարպե՛տ վարորդ, մեքենայի սրահում ոչխարների հոտ չէ, այլ 21-րդ դարի քաղաքակիրթ ժողովուրդ: Երկու վայրկյան առաջ մարդաշատ կանգառում հայտնվելու համար 13 տեղանոց, բայց 25 հոգի ներառող «դատարկ» մեքենան «շումախերյան» արագությունից արգելակել, որպեսզի ուղևորները չմոռանան դպրոցական տարիներին տեսականորեն յուրացրած իներցիա երևույթը, անմարդկային է: Ահա ևս մեկ առիթ մեր դպիր-վարորդին շնորհակալություն հայտնելու համար:Վարորդի նստատեղի ետևի մասում բավական արտահայտիչ տառերով զգուշացվում է ծխելն արգելելու մասին, իսկ մեր վարորդը թաղապետի հեռու հարևանի մոտիկ բարեկամի մանկության ընկերն է, այսինքն «ձև ունի էլի»: Թեպետ այնքան էլ պարզ չէ, թե այդ ի՞նչ ձևի մասին է խոսքը: Մինչ վարորդը «ձև ունի» ուղևորը շնչում է հայրենական ծխախոտի առողջարար ծուխն անմահական: Բայց պարոնաց պարոն վարորդին ոչ ոք չի ասում. «Միգուցե, չծխե՞ք»:Եթե փորձենք հաշվել, թե քանի անգամ է մեր վարորդը քսանրոպեանոց ուղևորափոխադրման ընթացքում խախտում օրենքը, ապա ակամա մտածում ես, թե ինչու մի քանի տասնյակ մատ ավել չունեմ, գոնե կասեինք, թե մատների վրա հնարավոր է հաշվել:Մեր արդեն սիրված վարորդը վազանց է կատարում կողքից ընթացող մեկ այլ ոչ պակաս հեղինակություն վայելով վարորդի՝ չմոռանալով մեկ-երկու բարեհունչ խոսք ասել կոլեգայի նկատմամբ իրեն հատուկ վարորդական բառապաշարով ու էլ ավելի բորբոքված շարունակում գահավեժ ընթացքը դեպի այդքան սպասված հաջորդ մահապարտ հարյուր դրամը: Ու դեռ այդ ամենն այնքան էլ չէր մտահոգի, եթե մարդկային թույլ էակ լինելով, բոլորս էլ չունենայինք էմպացիա կոչված հոգետանջ զգացումը:Իսկ հայրենի երկրիս ոստիկանության հզորության մասին է խոսում այն փաստը, որ բոլոր վարորդները ամրագոտիները գցում են: Այո՛, գցում են, բայց թե ու՞ր ու ինչի՞ համար, դժվար է պատասխանել, բայց որ այն իր նպատակին չի ծառայում, փաստ է:Բավ է երկիրը մարշուտկախեղդ անեք, հասկանում եմ, որ լավ բիզնես է, որ հաճելի է տանջալլուկ ժողովրդի լռելայն հառաչից ծնված “Range Rover”-ը վարել: Բայց ամեն ինչ մի օր ավարտվում է…Ստացվում է, որ մեր հլու-հնազանդ ժողովուրդը, թողնված ճակատագրի բարեհաճությանը, դեռ դարեր շարունակ ճգրտելու է Հայաստանի ոգին դարձած հազարաբույր Գազելներում՝ շլինքների ու մեջքերի խոնարությամբ:Իսկ, հարգելի՛ ժողովուրդ, և դու՛, որ քեզ հպարտությամբ «հայ» ես կոչում, ի՞նչ ես արել այդ ստրկական վիճակից դուրս գալու համար: Բողոքե՞լ ես, նամա՞կ ես գրել, թե ասել ես, ինչպես բոլորը. «Սա երկիր չէ»: Իհարկե սա երկիր չի դառնա, քանի դեռ հենց քեզ պես քաղաքացիներ ունենք, քեզ պես վախկոտ, գոյությունը պատառ հացի համար քարշ տվող, հպարտությունը կորցրած, օտարի խղճահարությունը հայցող... բավական է...
|
|