ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Յուրաքանչյուր պետության գոյատևման համար հիմնաքարային նշանակություն ունեն երկու տարրեր՝ տնտեսությունն ու կրթությունը, իսկ մնացած ամեն ինչ ածանցվում է սրանցից:

Անդրադառնանք մեր երկրում կրթության հիմնախնդրի լուսաբանմանը: Անկախությունից հետո մենք ժառանգեցինք խորհրդային կրթական համակարգը՝ պարտադիր ութնամյա, տասնամյա միջնակարգ և երկաստիճան բարձրագույն ուսուցմամբ: Ուշագրավ է, որ այդ համակարգը բավականին արդարացված էր ու մեր էությանը բնորոշ: Հենց այդ կրթության արդյունքում մենք ունեինք բավականին բարձր կրթական ցենզ, որակյալ մասնագետներ ու գիտական մեծ նվաճումներ:

Սակայն ժամանակների փոփոխության հետ փոփոխվեցին նաև կրթական համակարգի ուրվագծերը: Հայաստանը որդեգրեց եվրոպական ինտեգրացման ճանապարհը և հայրենական կրթությունն ստիպված էր ենթարկվել եվրոպականացման տանջանքներին: Միջնակարգ կրթությունը դարձվեց արհեստականորեն տասներկուամյա, նույնպիսի արհեստավարժությամբ արհեստականացվեց նաև բարձրագույն կրթահամակարգը՝ այն դարձվեց եռաստիճան: Ստացում է, որ ամբողջական բարձրագույն կրթություն ստանալու համար, եթե ԽՍՀՄ շրջանում անհրաժեշտ էր 15 տարի, ապա այսօր այն 18-ն է:

Հիմա կհարցնեք, դա պրոգրե՞ս է, թե՞ ռեգրես: Պարզ տրամաբանությունը մեզ հուշում է, որ առաջընթաց սովորաբար համարվում է այն, երբ միևնույն գործունեության համար վատնվում է ավելի քիչ ժամանակահատված, իսկ կրթության պարագայում մենք 20 տոկոսի հետընթաց ունենք: Ու սա դեռ միայն համակարգային խնդիրն է, որը իրավամբ չարյաց փոքրագույնն է:

Իրական կրթության վիճակը շատ ավելի ողբալի է. դպրոցներում տարեց տարի երեխաների ունակությունների սանդղակը իջնում է, իսկ համալսարաններում ընդհանրապես խայտառակություն է:

Այսօր բավականին շահավետ բիզնես է դարձել համալսարան բացելը. գիտության ինչ-որ պսևդոթեկնածու, եթե ունի «վերևներում» տեղը տեղին կապեր, կարող է սեփական Ակադեմիան բացել, թող Պլատոնը ների հանդգնությանս համար:

Ու այդ բուհաբույլն «սպառման է հանում» զանգվածային կիրառության համար ոչ պիտանի արտադրանք. իհարկե տարեկան մի քանի հազար իրավաբանն ու տնտեսագետը մեր «գերտերության» համար չափազանց մեծ թիվ է, այնպես որ համալսարանական կրթություն ստացած անձը հազիվ թե կարողանա աշխատել ըստ մասնագիտության:

Եթե նախկինում համալսարանական դիպլոմն ակնածանք էր առաջացնում մարդկանց մոտ և ապացույց էր բարձր գիտելիքի, ապա այսօր այն հավասարվել է միջակարգ կրթության ատեստատի, որն ունեն գրեթե բոլորը:

Կարելի է անվերջ խոսել հայաստանյան իրականության մեջ կրթության թերությունների մասին, սակայն միայն քննադատությամբ ոչ մի հարց չի լուծվում: Փորձենք հասկանալ միմյանց ու լուծումներ գտնել այս տհաճ իրավիճակից...

Создать бесплатный сайт с uCoz