ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Տարիներ առաջ գյումրեցիներս մեծ հպարտությամբ էինք խոսում մեր քաղաքի ու մեր ծագման մասին: Գյումրեցին աչքի էր ընկնում իր յուօրինակությամբ ու կամքով: Իսկ այսօր, ի՞նչ է մնացել մեր երբեմնի փառապանծ Լենինականից, պատկերացրեք ստվերն էլ չի մնացել: Անգամ այն բնատուր հումորն այսօր սկսում է մարել մարդկանց մեջ; 

Իսկ ի՞նչն է կամ ո՞վ է (այնուամենայնիվ ճիշտ կլիներ ասել Ի՞ՆՉՆ է) պատճառը. խորը ցավով պետք է արձանագրեմ, որ գյումրեցին չի կարող անգամ գոյատևելու համար մեկ-երկու գրոշ վաստակել՝ աշխատանք չունի:

Արդեն 23 տարի է անցել ավերիչ երկրաշարժից, բայց ազգաբնակչության մի ստվար զանգված դեռ շարունակում է ապրել իրենց գլխին պատուհաս դարձած տնակներում: Ցանկացած քաղաքակիրթ, անգամ ոչ այնքան քաղաքակիրթ երկրի համար այդքան տարիների ընթացքում ու այդքան հարակից ներդրումներից հետո կիսավեր քաղաք ունենալն ուղղակի անհեթեթություն է: Դե, իհարկե, պետությունը բնակարաններ է կառուցում, սակայն այնպիսի բնակարաններ, որոնցում ապրելու համար գյումրեցիներին գերմարդկային կարողություններ են հարկավոր, պետք է թքած ունենալ սեփական կյանքի ու անվտանգության նկատմամբ նման ինքնազոհողության գնալու ու այդ «նորակառույց գերեզմանատուն» հորջորջված շենքերում ապրելու համար:

Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ յուրաքանչյուրը, ով փոքր-ինչ հնարավորություններ ունի ինչ-որ տեղից ինչ-որ բան գռփելու, թալանչական այնպիսի ունակություններ է ի ցույց դնում, որ անգամ մոնղոլ-թաթարական հորդաները երանի կտային նման կարողություններ ունենալու համար: Ցավալին այն է, որ այդ թալանչիները թուրքեր կամ թաթարներ չեն, այլ մեր հայրենակիցները, մեր համաքաղաքացիները: Ու հիմա հարց եմ տալիս քեզ, պատվակա՛ն գյումրեցի, մի՞թե այդ անձինք գյումրեցի կոչվելու իրավունք ունեն: Իսկ այդ գործի գլխին կանգնած է, Աստված պահպանի նրան, թալանչապետը, ներեցեք՝ քաղաքապետը:

Գիտեք, քաղաքապետն իրոք ունիկալ կերպար է. նա իդեալական պատկերն է այն բանի, թե ինչպիսի չպետք է լինի քաղաքի գլուխը: Սակայն պարադոքսն այն է, որ այդ կերպարն արդեն լճացել է իր «գահին»: Չզարմանաք, եթե պայծառ, բայց ոչ այնքան արևոտ օր տեսնենք, որ մեր քաղաքը դարձել է միջնադարյան ժառանգական միապետության նմանությամբ իշխանապետության, Շիրակի մարզը կունենա մի քանի նմանատիպ իշխաններ, իսկ իշխանաց իշխան կլինի ո՞վ, իհարկե է Նորին գերազանցություն իշխան Վարդանը (ի դեպ՝ չշփոթեք, սա անեկդոտների հերոս Վարդանչիկ չէ, թեպետ ես էլ սկսեցի կասկածել, միգուցե հենց նա է): Այսօր այդ գործընթացի սաղմերն են ձևավորվում. քաղաքում աշխատատեղեր չկան, երիտասարդների համար ազատ ժամանակն անցկացնելու վայրեր չկան, սակայն արձաններն ամենուրեք սնկի պես աճում են: Տրամաբանորեն արձանների աճը պետք է նաև տուրիստների աճին համահունչ լինի, սակայն այսօր Գյումրիում զբոսաշրջիկ տեսնելը համահավասար է գիշերով սև կատու տեսնելուն:

Երբ գալիս ես քաղաք ոչ մի լուսավոր անկյուն աչքովդ չի ընկնում, անգամ չես տեսնի մեկին, ով ժպտում է, ա՜խր, ինչպես կարող է ժպտալ, երբ չի կարող օրվա հացի խնդիրը լուծել: Ամենուր ավերակներ են. կիսավեր շենքեր ու «դոմիկներ», կիսաքանդ փողոցներ ու աղբածեփ մայթեր: Հետո էլ ասում ենք, թե տուրիստներ չեն գալիս:

Իսկ ի՞նչ վիճակ է քաղաքի հենց կենտրոնում՝ Մեծն իշխանի անթաքույց անունով անվանակոչված հրապարակում: Կենտրում ժանգոտված, կես դրույքով աշխատող շատրվաններն են, որի դիմաց փռվել է Հանրապետական հրապարակի քարաշեն գորգին ոչնչով չզիջող, բայց Գյումրիի փողերը լավ քամած «փալասը», որից քիչ այն կողմ կանգնած է քաղաքապետանց արձանաբույլը: Ի վերջո կառուցվեց չարաբաստիկ, բայց և այնպես ԽՍՀՄ շրջանի ճարտարապետությունից ժառանգություն մնացած թալանչապետարանի շենքը, որի հենց դեմ դիմացի կառույցն անգամ պատուհաններ չունեն: Մյուս կողմից 20 տարուց ավել վերակառուցվում է Անիի Մայր տաճարի նմանությամբ կառուցված Ամենափրկիչ եկեղեցին, որի կառուցման ավարտը հայտնի է միայն Ամենափրկիչ Աստծուն, որովհետև հազիվ թե մենք այն կառուցված տեսնենք: Ճիշտ է մեր խղճի առջև մեղանչած կլինենք, եթե չասենք, որ այնուհանդերձ վերականգվում է հնամենի հրապարակի «կոլորիտը», լոկ մի բան չեմ հասկանում, որտեղից հայտնվեց այդ ապակե արկղը (ծառայում է որպես բանկ) քաղաքիս հենց սրտի միջին:

Ու այսպես շարունակ, մեր քաղաքի պրոբլեմները մեծ են ու բազմազան, սակայն մեր՝ գյումրեցներիս, պարտքն է հոգ տանել մեր հայրենի հողի հանդեպ: Մենք հետևողականորեն պայքարելու ենք, որպեսզի նշված ու չնշված հարյուրավոր խնդիրները լուծում ստանան…

Создать бесплатный сайт с uCoz