ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ

 

Կյանքի փիլիսոփայությունը մեր աշխարհայացքն է: Յուրաքանչյուրը փորձում է գտնել իրեն համար կենսական հարցերի սեփական պատասխանները (կյանքի իմաստ): Սակայն հասարակությունը դարերի ընթացքում մշակել է նման հարցերի լուծումներ, որոնք էլ ներկայացվում են առաձին աշխարհայացքների ձևով, որոնց անկյունաքարը արժեքներն են: Իսկ արժեքներն էլ մարմնավորվում են սկզբունքների, գաղափարախոսությունների, կրոնական հավատալիքների մեջ:

 Բոլոր կրոնների մեջ առանցքային միտքն այն է, որ մահից հետո մարդու կյանքը չի ավարտվում (հոգու անմահություն), ու մեր այսօրյա «ճիշտ» ապրած կյանքն է պայմանավորելու վաղվա հետմահու կյանքի ինչպիսին լինելը: Իհարկե բոլոր կրոններին էլ փորձում են ցույց տալ կյանքի «ճիշտ ուղին»՝ սեփական ճշմարտացիությունը և մյուս հավատքների սխալականությունը: Սակայն խնդիրն այն է, որ հավատքը որպես այդպիսին բանականությամբ անընկալելի է. մնում է միայն մեկ ուղի՝ հավատալ կուրորեն: Մյուս կողմից տարածված են բազմաթիվ փաստարկներ, որոնք հերքում է կրոնական գաղափարները: Սկզբունքորեն եթե հավատում ես, պետք է ամբողջ էությամբ հավատաս, ինչը շատ դժվար է դառնում, քանի որ ունես մեծ կասկածներ այն ամենի վերաբերյալ, ինչը որ գրված է «Աստվածաշնչում»: Թերևս պետք չէ մտահոգվել, թե ինչ է լինելու մահից հետո, պետք չէ վախով ապրել, ընդհակառակը պետք է անել այն, ինչ արդարացի ու ճիշտ ես համարում (այն ամենն, ինչ գալիս է քո էությունից), իսկ թե վաղը ինչ կլինի էական չէ: Պետք է այսօր  ճիշտ կյանքով ապրել:

 

Եթե փորձում ենք վերլուծել մարդկային էությունը, ապա պարզ է, որ այն իր մեջ կրում է 2 հիմքեր՝ կենդանական և մարդկային:  

Կենդանականն  բնորոշ է բոլոր կենդանիներին. այն է՝ պայքար տարական պահանջմունքների բավարարման համար (կյանքի պահպանում, վերարտադրություն)Օբյեկտիվորեն կենդանի էակն ունի հստակ պահանջմունքներ, նշենք Ա. Մասլոուի կողմից ներկայացված պահանջմունքները:

Ֆիզիոլոգիական (մարմնական) պահանջմունքներ

-         Քաղց

-         Ծարավ

-         Սեռական հարաբերություններ և այլն

Անվտանգության պահանջմունք

-         Քեզ պաշտպանված զգալ

-         Ազատվել վախի ու անհաջողության զգացումից

Պատկանելության, սիրո պահանջմունք

-         Պատկանել որոշակի հանրույթի

-         Ընդունված լինել

-         Սիրել ու սիրված լինել

Հարգված լինելու պահանջմունք

-         Հասնել հաջողության

-         Ճանաչված լինել

Ճանաչողական պահանաջմունքներ

-         Գիտենալ

-         Ունակություն ունենալ

-         Հասկանալ

-         Հետազոտել

Էստետիկ պահանջմունքներ

-         Հարմոնիա

-         Գեղեցկություն

-         Կանոնակարգվածություն

Ինքնաիրացման պահանջմունք

-         Նպատակների իրագործում

-         Ունակությունների արտահայտում

-         Սեփական անհատականության զարգացում:

Նշված վերջին պահանջմունքները բնական է բնորոշ չեն կենդանիներին, դրանք զուտ մարդկային են: Մեր պահանջմունքների մեծ մասը եսասիրական բնույթի են, սակայն հասարակության մեջ ապրելիս, մարդիկ ենթարկվում են հասարակական հարաբերությունների ընդհանուր համակարգին: Մենք զիջել ենք մեր ազատության որոշակի մասը, որպեսզի ստանանք անվտանգություն (հասարակական դաշինք):  Մեր պահանջմունքը հասարակականության մեջ ներկայացվում են արժեքների տեսքով, որով դրանց եսասիրական բնույթը թաքցվում է: Իսկ պահանջմունքների առանձին դրսևորումներն են շահերը, որոնք էլ իրենց հերթին հասարականության մեջ դիմակավորվում են սկզբունքների տեսքով: Այս ամենից գալիս ենք այն եզրակացության, որ արժեքները, շահերն ու սկզբունքները միայն պահանջմունքների այս կամ այն դրսևորումներն են:

Պահանջմունքների բավարարման համար մշտական մրցակցության արդյունքում դու երբեք ապահովված չես կարող լինել վաղվա համար: Ժամանակակից հասարակության հիմնական արժեքները մրցակցության արդյունք են. ավելի ուժեղ, ավելի գեղեցիկ, ավելի հարուստ, ավելի շքեղ և անգամ ավելի խելացի: Դեռ ավելին՝ մենք արդեն սկսում ենք որոշակի ինդեքսներով (թվերով) նշել մեր մրցակցային կարողությունները: Այս ամենը, որը նաև կապիտալիզմի ոգին է, իրականում սուտ է,  խաբկանք ու ոչ մարդկային: Եթե դու քեզ կենդանի ես համարում, ապա վերը նշված է հենց քեզ համար է: Կենդանական նախահիմքը անցողիկ է, մարդկայինը՝ հարատև:

                

Մարդկայինը մրցակցությունից վեր է, կյանքը պայքար է կենդական աշխարհում, իսկ մի՞թե մարդիկ չենք տարբերվում կենդանիներից: Մարդկային կյանքը ոչ թե պետք է պայքար լինի, այլ համագործակցություն, պետք է ձգտել համատեղ ուժերով հասնելու ընդհանուր բարեկացությանը: Համոզված եմ, որ շատերը կհամաձայնեն այս մտքի հետ, քանի որ ոչ ոք չի կարող ասել, որ ինքը լավագույնն է. հնարավոր է, որ ինչ-որ ժամանակաշրջանում այդ անձը լավագույնը լինի որոշակի հատկանիշներով, բայց դա ժամանակավոր է. կհայտնի մեկն, ով կգերազանցի իրեն: Գերազանցված լինելու միտքն արդեն անարդար լինելու միտքն է ծնում: Եթե ուզում ես մշտապես ապրել մարդավայել, պետք է պատրաստ լինես համագործակցության, պետք է ընդունես, որ դու հավասար ես բոլոր մնացած մարդկանց. ոչ ոք քեզանից առավել չէ, դու էլ ոչ մեկից առավել չես:

Մարդուն պետք է պայքար, բայց ոչ մրցակցություն: Անհրաժեշտ է պայքարել միայն սեփական անձի, սեփական ունակությունների հետ, անհրաժեշտ է մշտապես կատարելագործել սեփական անձը: Սա մարդուն հարատև երջանկություն է տալիս, դու ազատագրված ես պարտված լինելու դառնությունից: Ի վերջո երբ դու քեզ չես համեմատում ուրիշների հետ, ինչ-որ բան անհիմն ձեռք բերելու, ունենալու ցանկություն չի առաջանում: Մարդկային երջանկությունը ոչ թե «ունենալու» մեջ է, այլ «լինելու»: Դու կարող ես շատ բան ունենալ, սակայն չլինել երջանիկ: Եթե քեզ համար ունենալն է երջանկության հիմքը, ապա մարդկային ընչաքաղցությունը անհնար է հագեցնել, դու քո ողջ կյանքում կցանկանաս նոր բաներ ունենալ, իսկ քո երջանկության խաբկանքն ընդամենը դրվագ կլինի:

Հավասարության ընկալումը ենթադրում է համեստություն: Մարդը պետք է միշտ համեստ լինի՝ անկախ իր դիրքից և կարողությունից: Իսկ բարձր ինքնագնահատականը հավասարության հիմնական հակառակորդն է: Առավել մեծ վնաս է քեզ բերելու փառասիրությունը, ամեն դեպքում ու ցանկացած իրավիճակում պետք չէ գոռոզանալ: Հիշիր, որ իրականում դու մարդկային հանրույթի մի մասն ես ընդամենը: Թեև մարդկանց մեծամասնություն իրեն համարում է յուրօրինակ ու հատուկ առաքելություն ունեցող անձ: Եթե 7 միլիարդ մարդ յուրօրինակ է իրեն համարում, ուրեմն զուտ այդ գիտակցությամբ բոլորն էլ հասարակ մարդիկ են: Ու այս հավասարությունը նաև արդար է:

Մարդկային կարեկից էության հիմքում դրված է նաև խղճը, որը մարդուն մարդ է դարձնում: Կրոնական ընկալմամբ խիղճը դիտարկվում է որպես Աստծո օրենքը մեզ մեջ, հենց խիղճն է քո հիմնական ու ամենամեծ դատավորը: Խիղճն ինչ-որ տեղ անբացատրելի է, սակայն այն օբյեկտիվ իրողություն է:

Ստացվում է, որ մարդուն կյանքում անհրաժեշտ է երկու բան. «Բավարարել սեփական պահանջմունքները և ունկնդիր լինել խղճին»:

   

* * *

Կյանքի համար անհրաժեշտ է նաև իմանալ, որ ոչինչ հավերժ չէ. կյանքն ունի բնական ռիթմ՝ կազմված դեպրեսիաներից և էյֆորիաներից, անկախ ամեն ինչից կյանքում հաջորդում են իրար ցանկալի և ոչ ցանկալի վիճակները: Այս հանգամանքի ընկալումն հնարավորություն է տալիս քեզ արժևորել ցանկալի պահերն ու չմտահոգվել դառը դրվագներով, քանի որ բոլորն էլ անցողիկ են:

Մարդու կյանքի նպատակը երջանիկ լինելն է, որին հնարավոր է հասնել միայն ներկայում, ո՛չ անցյալում, ո՛չ էլ ապագայում: Անցյալի հիշողությունները պատրանք են, իսկ ապագայի տեսլականը՝ կյանքը հետաձգելու անդադար գործողություն: Հարկավոր է մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե որքան առիթներ ունենք երջանիկ լինելու համար, հենց այս պահին: Երջանկություն վրա է հասնում հիմնականում այն ժամանակին, երբ քո առջև դրված նպատակին կամ ակնկալիքին մեկ քայլ է մնացել հասնելու համար, ուստի պետք հասանելի ու ճիշտ նպատակներ դնել: Դրան հասնելու ճանապարհին առկա ձախողումները միայն ավելի են մոտեցնում նպատակիդ, պետք է համառորեն ձգտել դրան: 

Կյանքը շատ բազմաբովանդակ է. կարելի է հետաքրքրություն գտնել ամեն մի փոքր դրվագի մեջ: Սակայն իրական կյանքը վայելելու համար պետք չէ խորասուզվել տիեզերական կամ ատոմային անսահմանությունների մեջ (եթե իհարկե տվյալ բանագավառների մասնագետ չես), կյանքում շատ բաներ կան, որոնց իմացությունը քեզ ամենևին էլ անհրաժեշտ չէ: Պետք է մարդկային կյանքով ապրել:

Создать бесплатный сайт с uCoz