Մարդու իրավունքների 
եվրոպական կոնվենցիա

 

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ: 
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը, նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է, կրկին հավաստելով իրենց խորին հավատը այդ հիմնարար ազատությունների նկատմամբ, որոնք արդարության ու խաղաղության հիմքն են աշխարհում, և որոնց լավագույն պահպանումը կախված է, մի կողմից, քաղաքական արդյունավետ ժողովրդավարությունից և, մյուս կողմից, մարդու` դրանց վերաբերող իրավունքների ընդհանուր ըմբռնումից ու պահպանումից, համակված վճռականությամբ` որպես միասնական հայացքներ և քաղաքական ավանդույթների, իդեալների, ազատության և իրավական պետության ընդհանուր ժառանգություն ունեցող եվրոպական երկրների կառավարութ-յուններ` առաջին քայլերն անել Համընդհանուր հռչակագրում ամրագրված որոշ իրավունքների հավաքական իրականացման ճանապարհին, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

ԲԱԺԻՆ I .

Իրավունքներ և ազատություններ

ԲԱԺԻՆ II

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Բաժին III

Այլ դրույթներ

Հոդված 1
Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը


Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում:

ԲԱԺԻՆ I


Իրավունքներ և ազատություններ

Հոդված 2 Կյանքի իրավունք

  1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: 

    Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:

  2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է` 

    ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար, 

    բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար, 

    գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

Հոդված 3 Խոշտանգումների արգելում


Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հոդված 4 Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում

  1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ կամ անազատ վիճակում:

  2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:

  3. Սույն հոդվածի նպատակների համար «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում` 

    ա. ցանկացած աշխատանք, որը սովորաբար պահանջվում է կատարել սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կալանքի տակ գտնվելու կամ նման կալանքից պայմանականորեն ազատված լինելու ընթացքում, 

    բ.զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը, 

    գ. ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում, 

    դ. սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:

Հոդված 5 
Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

  1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. 

    ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո, 

    բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով, 

    գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, 

    դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով, 

    ե. անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը, 

    զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

  2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

  3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

  4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

  5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:

Հոդված 6 Արդար դատաքննության իրավունք

  1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում` ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:

  2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

  3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. 

    ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, 

    բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, 

    գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, 

    դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, 

    ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով:

Հոդված 7 Պատիժբացառապես օրենքի հիման վրա

  1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:

  2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:

Հոդված 8 Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք

  1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

  2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 9 Մտքիխղճի և կրոնի ազատություն

  1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:

  2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:

Հոդված 10 Արտահայտվելու ազատություն

  1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

  2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Հոդված 11 Հավաքների և միավորման ազատություն

  1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:

  2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:

Հոդված 12 Ամուսնության իրավունք


Ամուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք` այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 13 
Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք


Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Հոդված 14 Խտրականության արգելում


Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

Հոդված 15 
Արտակարգիրավիճակներում պարտավորություններից շեղում

  1. Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգդրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ:

  2. Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացա-ռությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներից:

  3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, օգտագործելով շեղվելու այդ իրավունքը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկում է իր կիրառած միջոցառումների և դրանք կիրառելու դրդապատճառների մասին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցվում է նաև այդ միջոցառումների գործողությունը դադարեցնելու և Կոնվենցիայի դրույթների լիակատար իրագործումը վերսկսելու մասին:

Հոդված 16 Օտարերկրացիների քաղաքական գործունեության 
սահմանափակում


10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներում ոչինչ չի կարող խոչընդոտել Բարձր պայմանավորվող կողմերին` սահմանափակումներ նախատեսելու օտարերկրացիների քաղաքական գործունեության համար:

Հոդված 17 Իրավունքների չարաշահման արգելում


Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով:

Հոդված 18 
Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման 
սահմանները


Նշված իրավունքների և ազատությունների` սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են:

   

ԲԱԺԻՆ II

   
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հոդված 19 Դատարանի հիմնումը


Սույն Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետև` Դատարան): Այն գործում է մշտական հիմունքով:

Հոդված 20 Դատավորների թիվը


Դատարանի դատավորների թիվը հավասար է Բարձր պայմանավորվող կողմերի թվին:

Հոդված 21 Դատավորներին ներկայացվող պահանջները

  1. . Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:

  2. Դատավորները Դատարանի աշխատանքին մասնակցում են անձամբ:

  3. Պաշտոնավարության ժամկետի ընթացքում դատավորները չպետք է իրականացնեն որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրանց անկախության, անաչառության կամ նրանց աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ. սույն կետի դրույթների կիրառման առնչությամբ ծագող հարցերը լուծում է Դատարանը:

Հոդված 22 Դատավորների ընտրությունները

  1. Խորհրդարանական վեհաժողովն ընտրում է յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի դատավորին Բարձր պայմանավորվող կողմի առաջադրած երեք թեկնածուների ցուցակից` քվեների մեծամասնությամբ:

  2. Նույն ընթացակարգը կիրառվում է նոր Բարձր պայմանավորվող կողմի միանալու դեպքում Դատարանի կազմը, ինչպես և առաջացող թափուր տեղերը համալրելիս:

Հոդված 23 Պաշտոնավարության ժամկետը

  1. Դատավորներն ընտրվում են վեց տարի ժամկետով: Նրանք կարող են վերընտրվել: Սակայն առաջին ընտրության ժամանակ ընտրված դատավորների կեսի պաշտոնավարության ժամկետը երեք տարի է:

  2. Դատավորները, որոնց պաշտոնավարության ժամկետը պետք է լրանա առաջին երեք տարվա ավարտին, որոշվում են իրենց ընտրվելուց անմիջապես հետո` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող վիճակահանությամբ:

  3. Յուրաքանչյուր երեք տարին մեկ Դատարանի կազմի, ըստ հնարավորին, կիսով չափ նորացումն ապահովելու նպատակով Խորհրդարանական վեհաժողովը կարող է մինչև ցանկացած հաջորդ ընտրություններն անցկացնելը որոշում ընդունել, որ մեկ կամ մի քանի ընտրվող դատավորների պաշտոնավարության ժամկետը կամ ժամկետները լինեն այլ, քան վեց տարին է, բայց ամեն դեպքում ոչ ավելի, քան ինը և ոչ պակաս, քան երեք տարի:

  4. Այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պաշտոնավարության մեկից ավելի ժամկետի, և Խորհրդարանական վեհաժողովը կիրառում է նախորդ կետի դրույթները, պաշտոնավարության ժամկետը որոշում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը` ընտրություններից անմիջապես հետո անցկացվող վիճակահանությամբ:

  5. Այն դատավորը, որն ընտրվել է պաշտոնավարության ժամկետը դեռևս չլրացած դատավորին փոխարինելու համար, այդ պաշտոնն զբաղեցնում է նախորդ դատավորի լիազորությունների ժամկետից մնացած ժամանակահատվածում:

  6. Դատավորների պաշտոնավարության ժամկետն ավարտվում է, երբ լրանում է նրանց 70 տարին:

  7. Դատավորները պաշտոնավարում են մինչև փոխարինվելը: Նրանք, սակայն, փոխարինվելուց հետո շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը:

Հոդված 24 Պաշտոնից հեռացնելը

  1. Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ նա այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին: 

    Թարգմանությունը տրամադրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

Հոդված 25 
Գրասենյակը և իրավական հարցերով քարտուղարները


Դատարանն ունի Գրասենյակ, որի գործառույթներն ու կազմակերպումը սահմանվում են Դատարանի ընթացակարգի կանոններով: Դատարանն օգտվում է իրավական հարցերով քարտուղարների ծառայություններից:

Հոդված 26 Դատարանի լիագումար նիստերը


Լիագումար նիստերում Դատարանը` 
ա. ընտրում է իր Նախագահին և Նախագահի մեկ կամ երկու տեղակալի` երեք տարի ժամկետով. նրանք կարող են վերընտրվել, 
բ. ձևավորում է Պալատներ, որոնք ստեղծվում են որոշակի ժամկետով, 
գ. ընտրում է Դատարանի պալատների նախագահներ. նրանք կարող են վերընտրվել, 
դ. ընդունում է Դատարանի ընթացակարգի կանոնները, 
ե. ընտրում է Քարտուղար և Քարտուղարի մեկ կամ մի քանի տեղակալ:

Հոդված 27 ԿոմիտեներըՊալատները և Մեծ պալատը

  1. Իրեն հանձնված գործերը քննելու համար Դատարանը նիստեր գումարում է երեք դատավորից կազմված կոմիտեներում, յոթ դատավորից կազմված Պալատներում և տասնյոթ դատավորից կազմված Մեծ պալատում: Դատարանի Պալատները որոշակի ժամկետով կազմում են կոմիտեներ:

  2. Շահագրգիռ մասնակից պետությունից ընտրված դատավորը Պալատի և Մեծ պալատի ex officio անդամ է. նման դատավորի բացակայության դեպքում, կամ եթե նա չի կարող մասնակցել նիստին, այդ պետությունը նշանակում է որևէ այլ անձի, որը հանդես է գալիս որպես դատավոր:

  3. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաև Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները և Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատասխան: Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հանձնվում է Մեծ պալատ, որևէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մասնակցել Մեծ պալատի նիստերին, բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի և շահագրգիռ մասնակից կողմի դատավորի:

Հոդված 28 Կոմիտեների հայտարարությունները գանգատի 
անընդունելիության մասին


Կոմիտեն միաձայն որոշմամբ կարող է անընդունելի հայտարարել 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատը կամ այն հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման: Այդ որոշումը վերջնական է:

Հոդված 29 
Պալատների որոշումները գանգատի ընդունելիության մասին 
և ըստ էության

  1. Եթե 28-րդ հոդվածին համապատասխան որոշում չի ընդունվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մասին և ըստ էության:

  2. Պալատը որոշում է կայացնում 33-րդ հոդվածին համապատասխան պետության ներկայացրած գանգատի ընդունելիության մասին և ըստ էության:

  3. Գանգատի ընդունելիության մասին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում:

Հոդված 30 Ընդդատության զիջումը Մեծ պալատին


Եթե Պալատի քննության ներքո գտնվող գործը հանգեցնում է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն առնչվող լուրջ հարցի, կամ եթե Պալատի քննության ներքո գտնվող հարցի լուծումը կարող է հակասել Դատարանի ավելի վաղ կայացրած որոշմանը, Պալատը կարող է, մինչև իր որոշումը կայացնելը, ցանկացած ժամանակ ընդդատությունը զիջել Մեծ պալատին, եթե կողմերից ոչ մեկը չի առարկում:

Հոդված 31 Մեծ պալատի լիազորությունները


Մեծ պալատը`

  1. ա.քննության է առնում 33-րդ կամ 34-րդ հոդվածներին համապատասխան ներկայացված գանգատները, եթե Պալատը 30-րդ հոդվածի դրույթների հիման վրա զիջել է ընդդատությունը, կամ եթե գործը նրան է հանձնվել 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, 

    բ. քննության է առնում խորհրդատվական եզրակացություններ տալու մասին 47-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ներկայացված խնդրանքները:

Հոդված 32 Դատարանի իրավազորությունը

  1. Դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք իրեն հանձնվում են 33-րդ, 34-րդ և 47-րդ հոդվածների դրույթներով նախատեսված դեպքերում:

  2. Դատարանի իրավազորության շուրջ եղած վեճի դեպքում հարցը լուծում է Դատարանը:

Հոդված 33 Միջպետական գործեր


Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է Դատարան դիմել Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որը թույլ է տվել մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմ:

Հոդված 34 Անհատական գանգատները


Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Հոդված 35 Ընդունելիության պայմանները

  1. Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վեց ամսվա ընթացքում`սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը:

  2. Դատարանը քննության չի ընդունում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն` 

    ա. անանուն է կամ, 

    բ. ըստ էության այն նույն հարցն է, որը Դատարանն արդեն քննել է կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի և չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:

  3. Դատարանն անընդունելի է համարում 34-րդ հոդվածին համապա-տասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե գտնում է, որ այն անհամատեղելի է սույն Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ կամ ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:

  4. Դատարանը մերժում է իրեն հանձնված ցանկացած գանգատ, որն անընդունելի է համարում սույն հոդվածին համապատասխան: Դատարանը կարող է դա անել քննության ցանկացած փուլում:

Հոդված 36 Երրորդ կողմի մասնակցությունը

  1. Պալատի կամ Մեծ պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործի կապակցությամբ յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, որի քաղաքացին է դիմողը, իրավունք ունի ներկայացնելու գրավոր դիտողություններ և մասնակցելու լսումներին:

  2. Ելնելով արդարադատությունը պատշաճ կերպով իրականացնելու շահերից` Դատարանի նախագահը կարող է ցանկացած Բարձր պայմանավորվող կողմի, որը գործի կողմ չէ, կամ ցանկացած շահագրգիռ անձի, որը դիմող չէ, հրավիրել` ներկայացնելու գրավոր դիտողություններ կամ մասնակցելու լսումներին:

Հոդված 37 Գանգատը ցուցակից հանելը

  1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե` 

    ա. դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին, 

    բ. վեճն արդեն կարգավորվել է, 

    գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ: 

    Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:

  2. Դատարանը կարող է որոշել գանգատը վերստին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա:

Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz