… style="text-align: justify;">Հոդված 38 Գործի քննությունը և բարեկամական կարգավորման 
ընթացակարգը
  1. Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, նա` 

    ա. նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները, 

    բ. իր ծառայությունն է տրամադրում գործին առնչվող կողմերին` սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված իրավունքների պահպանման հիման վրա հարցի բարեկամական կարգավորումն ապահովելու նպատակով:

  2. 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան իրականացվող քննությունը խորհրդապահական է:

Հոդված 39 Բարեկամական կարգավորում ձեռք բերելը


Բարեկամական կարգավորման դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից` կայացնելով որոշում, որում տրվում է փաստերի և ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը:

Հոդված 40 
Դռնբաց լսումները և փաստաթղթերի մատչելիությունը

  1. Լսումները դռնբաց են, եթե Դատարանը բացառիկ հանգամանքներում այլ որոշում չի ընդունում:

  2. Քարտուղարությանն ի պահ հանձնված փաստաթղթերը մատչելի են հանրությանը, եթե Դատարանի նախագահը այլ որոշում չի ընդունում:

Հոդված 41 Արդարացի բավարարումը


Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

Հոդված 42 Պալատների վճիռները


Պալատների վճիռները վերջնական են դառնում 44-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան:

Հոդված 43 Գործի հանձնումը Մեծ պալատին

  1. Պալատի` վճիռ կայացնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում գործի ցանկացած կողմ բացառիկ դեպքերում կարող է պահանջել, որ գործը հանձնվի Մեծ պալատին:

  2. Մեծ պալատի հինգդատավորից բաղկացած հանձնախումբն ընդունում է պահանջը, եթե գործն արծարծում է այնպիսի լուրջ հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը, կամ` ընդհանուր կարևորության այլ լուրջ հարց:

  3. Եթե հանձնախումբն ընդունում է պահանջը, ապա Մեծ պալատը գործը լուծում է` վճիռ կայացնելով:

Հոդված 44 Վերջնական վճիռները

  1. Մեծ պալատի վճիռը վերջնական է:

  2. Պալատի վճիռը դառնում է վերջնական, եթե` 

    ա. կողմերը հայտարարում են, որ չեն պահանջի գործի հանձնում Մեծ պալատին, կամ 

    բ. վճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում չի պահանջվում գործի հանձնում Մեծ պալատին, կամ 

    գ. Մեծ պալատի հանձնախումբը, 43-րդ հոդվածին համապատասխան, մերժում է գործը հանձնելու պահանջը:

  3. Վերջնական վճիռը ենթակա է հրապարակման:

Հոդված 45 Վճիռների և որոշումների պատճառաբանումը

  1. Ինչպես վճիռները, այնպես էլ գանգատների ընդունելիության կամ անընդունելիության մասին որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

  2. Եթե վճիռը ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք: ]

Հոդված 46 Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը

  1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:

  2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

Հոդված 47 Խորհրդատվական եզրակացությունները

  1. Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է խորհրդատվական եզրակացություններ տալ Կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը վերաբերող իրավական հարցերի առնչությամբ:

  2. Նման եզրակացությունները չպետք է շոշափեն այն հարցերը, որոնք վերաբերում են Կոնվենցիայի I բաժնում և նրան կից Արձանագրություններում սահմանված իրավունքների կամ ազատությունների բովանդակությանը կամ ընդգրկմանը, կամ` ցանկացած այլ հարց, որը Դատարանը կամ Նախարարների կոմիտեն կարող էին քննարկել ցանկացած այնպիսի լսումների արդյունքում, որոնք կարող էին տեղի ունենալ Կոնվենցիային համապատասխան:

  3. Դատարանի խորհրդատվական եզրակացություն խնդրելու մասին Նախարարների կոմիտեի որոշումն ընդունվում է կոմիտեի նիստերին մաս-նակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների քվեների մեծամասնությամբ:

Հոդված 48 Դատարանի խորհրդատվական իրավազորությունը


Դատարանը որոշում է, թե արդյոք խորհրդատվական եզրակացության համար Նախարարների կոմիտեի ներկայացրած խնդրանքը 47-րդ հոդվածով սահմանված իր իրավասության շրջանակում է:

Հոդված 49
Խորհրդատվական եզրակացությունների 
պատճառաբանությունը

  1. Դատարանի խորհրդատվական եզրակացությունները պետք է լինեն պատճառաբանված:

  2. Եթե խորհրդատվական եզրակացությունն ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

  3. Դատարանի խորհրդատվական եզրակացությունն ուղարկվում է Նախարարների կոմիտե:

Հոդված 50 Դատարանի պահպանման ծախսերը


Դատարանի գործունեության հետ կապված ծախսերը կրում է Եվրոպայի խորհուրդը:

Հոդված 51 
Դատավորների արտոնություններն ու անձեռնմխելիությունը


Դատավորներն իրենց գործառույթները կատարելու ընթացքում օգտվում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 40-րդ հոդվածով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիությունից:

Բաժին III


Այլ դրույթներ

Հոդված 52 Գլխավոր քարտուղարի պահանջները


Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, ի պատասխան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պահանջի, ներկայացնում է պարզաբանումներ այն կարգի վերաբերյալ, որով իր ներպետական իրավունքն ապահովում է Կոնվենցիայի ցանկացած դրույթի արդյունավետ իրականացումը:

Հոդված 53 Մարդու առկա իրավունքների երաշխավորումը


Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես մարդու այն իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակում կամ շեղում, որոնք կարող են երաշխավորվել ցանկացած Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրությամբ կամ նրա մասնակցությամբ որևէ այլ համաձայնագրով:

Հոդված 54 Նախարարների կոմիտեի լիազորությունները


Սույն Կոնվենցիայում ոչինչ ի վնաս չէ Նախարարների կոմիտեի լիազորություններին, որոնք նրան վերապահված են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությամբ:

Հոդված 55 Վեճերի կարգավորման այլ միջոցներից հրաժարվելը


Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ, բացառությամբ հատուկ համաձայնագրի, իրենք չեն օգտվի իրենց միջև գործող պայմանագրերից, կոնվենցիաներից կամ հռչակագրերից` սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագած վեճը գանգատի միջոցով կարգավորման այլ միջոցների ներկայացնելու նպատակով, քան նրանք, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով:

Հոդված 56 Տարածքային կիրառումը

  1. Ցանկացած պետություն վավերացնելիս կամ հետագայում ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով հայտարարել, որ սույն Կոնվենցիան, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:

  2. Կոնվենցիայի գործողությունը ծանուցագրի մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա տարածվում է այդ ծանուցագիրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո 30-րդ օրվանից:

  3. Սույն Կոնվենցիայի դրույթները հիշյալ տարածքներում կիրառվում են` պատշաճորեն հաշվի առնելով տեղական պահանջները:

  4. Ցանկացած պետություն, որը սույն հոդվածի 1-ին կետին համա-պատասխան հայտարարություն է արել, հետագայում ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է այդ հայտարարությունը, հայտարարել, որ ինքը ճանաչում է անհատներից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից գանգատներ ստանալու Դատարանի իրավասությունը, ինչպես դա նախատեսված է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

Հոդված 57 Վերապահումները

  1. Ցանկացած պետություն սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավե-րագիրն ի պահ հանձնելիս կարող է վերապահում անել Կոնվենցիայի ցանկացած դրույթի վերաբերյալ` այն առումով, որ այդ ժամանակ իր տարածքում գործող այս կամ այն օրենքը չի համապատասխանում այդ դրույթին: Սույն հոդվածը ընդհանուր բնույթի վերապահումներ չի թույլատրում:

  2. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարված ցանկացած վերապահում պետք է բովանդակի համապատասխան օրենքի հակիրճ շարադրանքը:

Հոդված 58 Չեղյալ հայտարարումը

Создать бесплатный сайт с uCoz