… մերձակա գյուղերի բնակչության անվտանգությունը: Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ պաշտպանության բանակի զորքերը հակահարձակման անցան ռազմաճակատի հարավային ուղղությամբ` ճնշելով հակառակորդի մի շարք խոշոր կրակակետեր, մասնավորապես Հորադիզ բնակավայրի կրակակետերը: Գրավելով այդ ռազմակայանը` ղարաբաղյան ուժերը Ադրբեջանից մեկուսացրին Զանգելանի շրջանը, Ջաբրայիլի եւ Ղուբաթլուի շրջանների մի մասը: Նոյեմբերի 1-ի առավոտյան պաշտպանության բանակի մարտիկները իրենց հսկողության տակ վերցրին Զանգելան շրջկենտրոնը` սահմանակից բնակավայրերի հետ միասին: Դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը 3 անգամ հարձակում ձեռնարկեց ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածում, սակայն ղարաբաղյան բանակին հաջողվեց ետ մղել հակառակորդի բոլոր գրոհները: Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի Աղջաբեդու շրջանի ռազմակայանից սկսվեց Մարտունու շրջանի բնակավայրերի, այդ թվում Մարտունի քաղաքի զանգվածային հրթիռա-հրետանային գնդակոծումը: Դեկտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը` տանկերի եւ օդուժի օգնությամբ, կրկին գրոհեցին Մարտունու շրջանի արեւելյան հատվածում գտնվող ղարաբաղյան բանակի դիրքերը: ԼՂՀ զինված ուժերին հաջողվեց կասեցնել գրոհը, իսկ դեկտեմբերի լույս 20-ի գիշերը հակառակորդին ետ շպրտել ելման դիրքերը: Դեկտեմբերի 22-ին հրետակոծման ենթարկվեցին ԼՂՀ հյուսիսում եւ արեւելքում գտնվող ղարաբաղյան զորքերի դիրքերը, իսկ ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածում ադրբեջանական ուժերը անցան հարձակման: Ամբողջ հաջորդ օրը 30 կմ ձգվող ռազմաճակատի գծի երկայնքով հակառակորդը անհաջող փորձեր արեց ճեղքել ղարաբաղյան պաշտպանական դիրքերը: Դեկտեմբերի 26-27-ին ադրբեջանական զորքերը հարձակողական գործողություններ էին վարում Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի ուղղություններով, սակայն նրանց չհաջողվեց առաջ ընթանալ: 1993թ. ավարտին ղարաբաղյան կողմի հսկողության տակ անցավ Հորադիզի երկաթուղային հանգույցից մինչեւ Հայաստանի պետական սահմանն ընկած ողջ տարածքը, ինչը հնարավորություն տվեց ԼՂՀ հարավային սահմանների մոտ ստեղծել անվտանգության գոտի:

Այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց 18-40 տարեկան տղամարդկանց բանակային զորահավաք: Բացի այդ ղարաբաղյան ռազմաճակատում ադրբեջանական բանակի կազմում ընդգրկված էին նաեւ վարձկաններ, այդ թվում Աֆղանստանից բերված շուրջ 1,5 հազար մոջահեդներ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ վկայել են նաեւ միջազգային դիտորդները: Պատերազմին Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցությունը հաստատում են նաեւ ղարաբաղցի զինվորներին որպես ռազմավար մնացած անձնական փաստաթղթերը, ռազմական քարտեզները, նամակներն ու լուսանկարները, բառարանները, ազգային տարադրամը:

1994

1994թ. սկզբներին Ադրբեջանը մեկ անգամ եւս փորձ արեց տիրել իրավիճակին` ողջ ռազմաճակատով մեկ ակտիվացնելով հարձակողական գործողությունները: Ծանր մարտեր ծավալվեցին Օմարի լեռնանցքից մինչեւ Արաքս: Անտեսելով վիթխարի կորուստները` հակառակորդը չէր հրաժարվում իր պլաններից: Ապահովելով պաշտպանությունը եւ իրականացնելով հակահարձակողական մի շարք հաջող գործողություններ` ԼՂՀ զորքերը փետրվարի սկզբներին ձեռնամուխ եղան Օմարի լեռնանցքի գոտում հակառակորդի ունեցած ռազմակայանների վերացմանը: Փետրվարի 18-ին հյուսիսային հատվածը` ներառյալ Օմարի լեռնանցքը լիովին անցավ ղարաբաղյան ուժերի հսկողության ներքո: Այդպիսով, Քելբաջարի շրջանը ամբողջովին գրավվեց ԼՂՀ պաշտպանության բանակի զորքերի կողմից:

Փետրվարի վերջին եւ մարտի սկզբներին հիմնական մարտերը ծավալվեցին Հորադիզի ուղղությամբ` ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածում: Հակառակորդի զորքերը զրահատանկային ուժերի, հրետանու եւ օդուժի աջակցությամբ փորձում էին ճակատային հատվածից ճեղքել ղարաբաղցիների պաշտպանությունը եւ առաջ շարժվել դեպի Ֆիզուլի: Սակայն վերջիններին հաջողվեց ոչ միայն պաշտպանել իրենց դիրքերը, այլեւ մի շարք հատվածներում անցնել հակահարձակման:

Ապրիլի 10-ին ռազմաճակատի հյուսիս-արեւելյան հատվածում ծավալած հակահարձակողական գործողությունների շնորհիվ ԼՂՀ զինված ուժերը գրավեցին Գյուլիստան-Թալիշ հատվածի մի շարք ռազմավարական բարձունքներ: Ապրիլի կեսերին ԼՂՀ պաշտպանության բանակը ազատագրեց հայկական Թալիշ, Չայլու, Մատաղիս եւ Լեւոնարխ գյուղերը: Ղարաբաղյան զորքերին հաջողությունն ուղեկցում էր նաեւ ռազմաճակատի հարավ-արեւելյան ուղղության վրա: Մինչ այդ նրանց հաջողվել էր իրենց հսկողության տակ վերցնել Աղդամ-Բարդա մայրուղին:

Ռազմական պարտությունները Ադրբեջանին հարկադրեցին ընդունել ՌԴ կողմից արված հրադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ստորագրեցին մի արձանագրություն, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ մտավ բիշքեկյան արձանագրություն անվամբ, որի հիման վրա պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի մասին: Մայիսի 12-ին Մոսկվայում, բիշքեկյան պայմանագրի իրավաբանական ձեւակերպման նպատակով, տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հանդիպումը, որտեղ համաձայնագիր ստորագրվեց 1994թ. մայիսի 17-ի 00 ժամից կրակը դադարեցնելու վերաբերյալ: Պատրաստվեց նաեւ մի փաստաթուղթ, որով նախատեսված էր ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջեւ բուֆերային գոտու ստեղծում եւ այնտեղ խաղարարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարներ Պավել Գրաչովը եւ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը փաստաթուղթը չստորագրեց. նրան շտապ ետ կանչեցին Բաքու: Թեպետ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, ղարաբաղյան հակամարտության գոտում սկիզբ առավ տեւական հրադադար: 

Создать бесплатный сайт с uCoz