ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ

Հայկական սփյուռքը հայերի համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից դուրս: Հայերի ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում նվազագույնը կազմում է 10-12 միլիոն մարդ: 

Հայերը Ռուսաստանում բնակվել են 13-րդ դարից: Այժմ նրանց թիվը շուրջ 2.250.000 է։ Ռուսաստանի հայերն հիմնականում բնակվում են Մոսկվայում, Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում,  Եկատերինբուրգում, Հյուսիսային  Օսիայում,  Սոչիում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում,  Ադիգեայում,  Նովոռոսիյսկում, Մոսկվայի մարզում,  Յակուտիայում,  Արմավիրում, Վոլգոգրադում,  Կալինինգրադում և այլ վայրերում:

Հայերը ԱՄՆ-ումԱՄՆ-ում բնակվող հայերը: Հայերը ԱՄՆ-ում բնակվել են 19-րդ դարից: Այժմ նրանց թիվը շուրջ 1.400.000 է: ԱՄՆ-ի ամենահայահոծ նահանգը Կալիֆորնիան է, որն հաճախ անվանում են «Ամերիկյան Հայաստան»:

Հայ-ամերիկյան առնչություններն վաղեմի պատմություն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ: Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ: Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ: Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի Մեծ Եղեռնին: Այդ բռնություններից ցնցված` ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն հայ ժողովրդի հովանավորությունը: Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը` ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով: Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը: ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները: Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում:

Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին:

Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմիցհետո, ապա և 1950-70-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ: Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները:

Հայերի թիվը քաղաքներում

#

Քաղաք

Թիվը

1

Լոս Անջելես

600.000

2

Գլենդեյլ

165.600

3

Նյու Յորք

100.000

4

Բոստոն

60.000

5

Սան Ֆրանցիսկո

40.000

6

Նյուարկ

35.000

7

Չիկագո

10.000

8

Հյուստոն

4.000

Լոս Անջելեսի Փոքր Հայաստան թաղամասը:

Ներկայումս ԱՄՆ-ում հայերի թիվը շուրջ 1 մլն 400 հզ. է. բնակվում են հիմնականում Կալիֆորնիա, Նյու Յորք,Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան,Մասաչուսեթս, Իլինոյս, Ֆլորիդա, Կոնեկտիկուտ, Տեխաս նահանգներում: Միացյալ Նահանգներում այժմ կարելի է հանդիպել տարբեր զբաղմունքի տեր հայերի՝ մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ, առևտրականներ, արհեստավորներ, բանվորներ, գիտնականներ, բժիշկներ: Հայ գործիչներ կան ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում: Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝Կալիֆորնիայի նահանգապետն էր (1981-92) Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985 թ-ին (Հայոց Ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից հիշատակության արժանի են գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը:

Կրոն և հասարակական կազմակերպություններ

Ամերիկահայ գաղութի հոգևոր կյանքում առանցքային դեր ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Առաջին Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1851 թ-ին Ուստրում: Ներկայումս ԱՄՆ-ում գործում են մոտ 90 հայկական եկեղեցիներ: Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, մարզական կազմակերպություններ: Առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886 թ-ին Նյու Յորքում, որը կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ում աստիճանաբար ստվարացող հայությանը ձուլման վտանգից զերծ պահելու, նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանելու գործում: Նշանակալի դեր են կատարում հայ ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ իրավանց խորհուրդը, Ամերիկայի հայկական համագումարը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը:

Կրթություն

ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով:

Հայտնի ամերիկահայեր

Հայտնի ամերիկահայեր և հայկական ծագումով ամերիկացներ

Հայտնի ամերիկահայերից են Վիլյամ Սարոյանն ու Մայքլ Առլեն Կրտսերը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանն ու Լուսին Ամարան, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, գեղանկարիչներ Հովսեփ Փուշմանը և Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), երգահան Ալան Հովհաննեսը, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը:

ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն ամերիկահայ գիտնականները: Դեռևս 1843 թ-ին քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները, Միհրան Ղասաբյանը Ֆիլադելֆիայում 1903 թ-ին հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան, կենսաքիմիկոս Միհրան Կյուլյանը Չիկագոյի համալսարանում (1967 թ-ին) ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը գեղավիրահատության հիմնադիրներից է: Նշանավոր գիտնականներ են ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վերգինիա Աբգարը, վիրաբույժ-գյուտարար Ջոն Նաջարյանը, աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ), կենսաքիմիկոս Մանասե Սևակը, էլեկտրատեխնիկայի քաջագիտակ Հրաչ (Չառլզ) Փափազյանը, պատմաբաններ Հրանտ Արմենը, Ռիչարդ Հովհաննիսյանը և շատ ուրիշներ: Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հատնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Ալեպյանը, Երվանդ Թերզյանը: Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում: Ամերիկյան աստղագնացների խմբում է Ջեյմս Բաղյանը, որը թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» (1989 թ-ի մարտ) և «Կոլումբիա» (1991 թ-ի հունիս) տիեզերանավերով: Ամերիկահայ գաղութն ամենասերտ հարաբերություններն է պահպանում մայր հայրենիքի՝ ՀՀ-ի հետ:

Հայերը Ֆրանսիայում Ֆրանսիայում բնակվող հայերը: Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ VI դարում: Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա` XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում: Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն, Վիեն, Վալանս, Նիս և այլ քաղաքներում: Սրանք Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, ով 591 թ.-ին հյուրընկալել է Տուր քաղաքի մայր եկեղեցում: Ֆրանսիացիների և հայերի միջեւ ռազմական եւ առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում` խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում` մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաեւ "ամուսնական" դաշինքներ են կնքվել հայ եւ ֆրանկ ազնվականների միջև: Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները: 2003թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու` Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը` "Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 մլն հայերի հիշատակին" մակագրությամբ: Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 900 հազար է: Ֆրանսահայ համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական եւ մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են: Այս առումով անգնահատելի դեր ունեն Համազգային ամենօրյա վարժարանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, "Ազնավուրը Հայաստանին" բարեգործական կազմակերպությունը և այլն: Ֆրանսահայ գաղութներում ակտիվ է նաև հոգևոր կյանքը: Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջաններում: Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ: Օրինակ` Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում Երևան անունով փողոցներ և այլն: Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը, Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը և այլն:


Հայերը Վրաստանում բնակվում են հնագույն ժամանակներից, III դարի վերջից, որովհետև հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ ճնշված երկու կողմից, իսկ հայրենիքը բաժանված Սասանյան Իրանի և Բյուզանդական կայսրության միջև, հայերը ստիպված էին լքել հայրենի երկիրը, սևեռելով հայացքը նախ և առաջ դեպի Վրաստան, որտեղ և հետագայում բնակություն հաստատեցին: Այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 460.000) հայ որոնք բնակվում են հիմնականում Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում, Քոբուլեթում, Սուրամիում, Գորիում և այլ վայրերում : Մուսուլմանական իշխանության օրոք Հայաստանում հայերի վիճակը օրեց- օր վատանում էր: Նրանք մշտապես գտնվում էին ֆիզիկական բնաջնջման, իսպառ ոչնչացման կամ բռնի գաղթի սարսափելի վտանգի ներքո: Մշտական ջարդերի, կոտորածների, դաժան պատերազմների և թշնամական հարձակումների պայմաններում հայերը իրենց համար ավելի ապահով ապաստան էին փնտրում համակրոնացի հարևանների մոտ: Քանզի Վրաստանը ռազմա-տարանցիկ ճանապարհներից այն կողմ էր գտնվում, ինչպես նաև պաշտպանված էր Կովկասյան լեռնաշղթայով: Եվ ի վերջո վրաց թագավորները շատ հաճախ իրենք էին հայոց բանակը հրավիրում ընտանիքներով հանդերձ: Քիչ չեն Հայաստանի և Վրաստանի քույր քաղաքները ինչպիսիք են Թբիլիսին ու Երևանը, Քութայիսն ու Գյումրին, Բաթումն ու Վանաձորը : Եղբայրական հարաբերություններ են հաստավել Հայաստանի ու Վրաստանի միջև :

Հայերն Իրանում: Դարեր շարունակ հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի: Այս երկու հնդեվրոպական ժողովուրդներին շատ ընդհանուր բան է միավորում. նրանք պատկանում են միևնույն` արիական ռասային, հայերենն ու պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են, ունեցել ենք հին աստվածների նույն անունները` օր, Արամազդ և Ահուրամազդա, Անահիտ և Անախիտա, Միհր և Միտրա: 1604-05թթ. Իրանի Շահ Աբասը կազմակերպում է հայերի բռնագաղթը դեպի Պարսկաստան` տանելով շուրջ 300 հազար հայի: Հիմնականում նրանք Ջուղայից են լինում և հիմնում են Նոր Ջուղա քաղաքը: Շահ Աբասը, ինչպես նաև պարսիկ մի քանի տիրակալներ, օգտվում էին տաղանդավոր հայերի ծառայություններից` դարձնելով իրենց խորհրդականներ, դեսպաններ, թարգմանիչներ, զինվորականներ: Հայերի գալով` երկրում ավելի է ծաղկում մշակույթը, ակտիվանում առևտուրը, զարգանում են արհեստներն ու արտադրությունը: Սակայն Շահ Սուլեյմանի, Սուլթան Հուսեյնի ժամանակ հայերի վիճակը վատանում է, և նրանք սկսում են հեռանալ երկրից` հիմնականում Հնդկաստան ու Եվրոպա: Իրանահայերի վիճակը մասամբ բարելավվում է 19-րդ դարում, երբ շահական կառավարությունը զգում է արհեստավորների, առևտրականների մեծ կարիք: Արգելվում է հայերի բռնի հավատափոխությունը, կանոնակարգվում են հարկերը, վերացվում սահմանափակումները: Մեծ թվով հայեր են մասնակցել 1979թ. Իսլամական հեղափոխությանը և Շահի ռեժիմի տապալմանը: 17 հազար հայ էլ մասնակցել է 1980-88թթ. իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել են: Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության բավականին լայն իրավունքներ: Հայերը` որպես կրոնական փոքրամասնություն, մասնակցում են երկրի կառավարմանը: Իրանական Մեջլիսը` խորհրդարանը, ունի 290 պատգամավոր, որոնցից պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ` հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին: Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները: Սպահանում կա երկու տասնյակ եկեղեցի, որոնցից 13-ը գործող են: Թեհրանում կա 8 գործող եկեղեցի: Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում: Վերականգնվում, բարեկարգվում և պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ: Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է: Ներկայումս իրանահայերի թիվը 560.000 մարդ է որոնք ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլ վայրերում: Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանության և մատաղ սերնդի դաստիարակության գործով: Ամենամեծը Թեհրանում գտնվող “Արարատ” մշակութային կենտրոնն է: Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր: Ամենահայտնին "Ալիք" օրաթերթն է, որն այս տարի նշում է իր 80-ամյակը: Իրանահայերն ակտիվորեն ընդգրկված են երկրի ներքին կյանքում: Շատ հայտնի հայեր կան գիտության, կրթության, բժշկության, արդյունաբերության, մշակույթի, բիզնեսի ոլորտներում: Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Իրանի միջև :

Հայերը Լիբանանում, Լիբանանի հայ քաղաքացիներ: Թիվը՝ մինչև 254.000 կամ երկրի բնակչության 6.51 %-ը: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Լիբանանի ներկայիս տարածքում հայեր բնակվել են հնագույն ժամանակներից: Լիբանանի հայկական գաղութը գոյատևել է համարյա անընդհատ՝ պարբերաբար համալրվելով Հայաստանից գաղթած ստվար խմբերով և երբեմն կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի կյանքում: Ըստ հռոմեական պատմիչների՝ մ.թ.ա. IV-III դդ. հայ առևտրականները Սիդոնի (Սայդա) և Տյուրոսի (Սուր) շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգեղենը, անտառանյութը, որդան կարմիրը և այլ ապրանքներ: Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) զգալի թվով հայեր է վերաբնակեցրել Ասորիքում և նրան հարող փյունիկյան տարածքում:

Սելջուկյան արշավանքների ժամանակաշրջանում (XI-XII դդ.) Հայաստանից «հազարք առ հազարս եւ բիւրք առ բիւրս» գաղթել են Կիլիկիա, Ասորիք, մասամբ՝ Լիբանան: XII-XIII դդ. Լիբանանի նավահանգստային Տրիպոլի և Սայդա քաղաքներում հիշվում են հայ համայնքներ, որոնք Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո ավելի են ստվարացել: Հայերի հոսքը Լիբանան մեծացել է XVIIդ. կեսից, երբ տեղի դրուզ իշխանապետներն ու մարոնական ավատատերերը, ձգտելով ամրապնդել կիսանկախության իրենց հենարանները, ապաստան են տվել օսմանյան լծից փախչող քրիստոնյաներին: 1721-ին հայ կաթոլիկական նորաստեղծ Անտոնյան միաբանությունը Ղոսթա գյուղի մերձակայքում կառուցել է Քրեյմի Ամենափրկչյան, իսկ ավելի ուշ՝ Ղազիր գյուղից ոչ հեռու Բեյթ Խաշբոյի վանքերը, որոնք գործել են մինչև XIXդ. կեսը: Սկզբնական տարիներին Քրեյմում իր նստավայրն է հաստատել 1742-ին Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը՝ Աբրահամ Պետրոս Ա Արծիվյանը (գահակալել է 1742-49-ին): Նրա հրամանով 1749-ին կառուցվել է Զմմառի հայ կաթողիկե վանքը, որը մինչև 1866-ը ծառայել է որպես հայ կաթոլիկ կաթողիկոսի նստավայր:

Լիբանանահայ համայնքն ավելի է ստվարացել XIXդ. 20-30-ական թթ. Կ. Պոլսում և Թուրքիայի գավառներում բորբոքված հակակաթոլիկական հալածանքներից փախածների հաշվին: Հայ կաթոլիկ գաղթականների մեծ մասը, սակայն, շուտով ձուլվել է դավանակից քրիստոնյա արաբների հետ: Հետագայում Լիբանանում են հաստատվել նաև թուրք կառավարողների 1894-96-ի և1909-ի բռնություններից փախած հայեր, գլխավորաբար՝ առաքելական համայնքից: Հայերին դեպի Լիբանան է հրապուրել ոչ միայն բնիկների բարյացակամությունը, այլև 1861-ին նրա լեռնային մասում (Ջաբալ Լուբնան) ինքնավարության հաստատումից տեղի վարչակառավարման մարմնում որոշ հայազգի պաշտոնյաների ներկայությունը: Լիբանան լեռան կառավարիչներից երկուսը եղել են հայազգի կաթոլիկ պետական գործիչներ: 1861-68-ին Դաուդ փաշան (Կարապետ ԱրթինՏավուտյան, 1816-73) վարել է երկրամասի ինքնավարությունն անձեռնմխելի պահելու, համայնքները միմյանց շաղկապելու, առևտրատնտեսական և կրթամշակութային վերելքը խթանելու քաղաքականություն, իսկ 1912-15-ին Հովհաննես փաշա Գույումճյանը (1858-1933) ձգտել է շրջանի բնակչությանը զերծ պահել երիտթուրքերի ճնշումներից: Քաղաքաշինության ասպարեզում Մուհանդիզը (Մանուկ Մանուկյան, 1841-1925) շուրջ 50 տարի գլխավորել է Դամասկոսի և Բեյրութի ճարտարագիտա-ճարտարապետական վարչություններ, Բեյրությում կառուցել ճանապարհներ և հասարակական օգտագործման շենքեր: 1904-ին հայազգի էմիլ Խաշոն նշանակվել է Լիբանան լեռան գլխավոր ճարտարագետի պաշտոնում, աչքի է ընկել ջրաբաշխական բազմաթիվ աշխատանքներով: 1862-ից մի շարք արևմտահայ գործիչներ քանիցս առաջարկել են Օսմանյան կայսրության սահմաններումՀայկական հարցը լուծել` հայերով բնակեցված նահանգներին շնորհելով Լիբանան լեռան նման կարգավիճակ: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Լիբանան լեռանն անմիջականորեն հարող Բեյրութ քաղաքում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Ակնից, Կ.Պոլսից, Բաղդադից և այլ վայրերից գաղթածներ էին: Զգալի թիվ են կազմում նաև Լիբանանի ծովափնյա մյուս քաղաքների և լեռնային բնակավայրերի հայերը: 1895-ին Սուր քաղաքի շրջակա գյուղերում բնակվել է շուրջ 500, իսկ Մերջայունում` 200 հայ: Լիբանանահայերը դեռևս XIX դ. բաժանված են եղել կրոնադավանական երեք համայնքի: Առաքելականները ենթարկվել են Երուսաղեմի հայոց պատրիարքի կողմից նշանակված հոգևոր տեսուչներին, Բեյրութում ունեցել Ս.Նշան եկեղեցին (1851-ից), նրան կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց և գերեզմանատուն: Կաթոլիկ համայնքը վարչականորեն կապված է եղել Զմմառի վանքի հետ, Բեյրութում ունեցել Ս.Եղիա եկեղեցին (1890-ից), Ս.Հայտնության մատուռը և մի այլ գերեզմանատուն: Ավետարանականները, փոքրաթիվ լինելով, միախառնված են եղել դավանակից արաբներին կամ եվրոպացիներին: Լիբանանի հայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, փոքր մասը՝ հողագործությամբ: 1840-ական թթ., երբ Լիբանանը սկսել է ներգրավվել համաշխարհային կապիտալիստական շուկայի ոլորտը, հայերի դերր մեծացել է հատկապես առևտրի ասպարեզում: Հետագա տարիներին բեյրութահայ խոշոր առևտրականներ Անտոն Մասրին (Մսրլյան), Հաննա (Հովհաննես) Ղուկասը և ուրիշներ, որոնք հիմնադրել էին «Հայկական շուկան» («Սուք ալարման», ավերվել է 1976-ին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ), իրենց ձեռքն են վերցրել Մերսինից մինչև Գազանավահանգստային մաքսատների կապալային շահագործման մենաշնորհը և գործարար կապեր պահպանել ոչ միայն Օսմանյան կայսրության տարբեր շրջանների, այլև Անգլիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հետ՝ զբաղվելով ներմուծվող, տարանցիկ, մասամբ էլ արտահանվող առևտրով:Լիբանանի ներկայիս տարածքում բնակվող հայերը Մեծ եղեռնի օրերին չեն տեղահանվել: Առաջին համաշխարհային պատերազմում ֆրանսիական զորքերի կազմում կռվող հայ լեգեոնականները 1918-ի հոկտեմբերին մասնակցել են Բեյրութից և Լիբանանի ծովափնյա քաղաքներից օսմանյան բանակի արտաքսմանը: Լիբանանի` ֆրանսիական իշխանությանը ենթարկվելուց հետո, եղեռնից փրկված տասնյակ հազարավոր հայեր ապաստան են գտել այնտեղ՝ հիմնելով հայկական մի նոր և հոծ գաղութ: 1920-ական թթ. սկզբին նրանց են միացել ֆրանսիացիների կողմից քեմալականներին հանձնված Կիլիկիայից գաղթած բազմահազար հայեր: 1923-24-ին Լիբանանում բնակվել են շուրջ 35-40 հզ. հայ գաղթականներ և որբեր: Նրանցից շուրջ 25 հզ-ը Կիլիկիայից էին, շուրջ 8 հզ-ը՝ Անատոլիայի, իսկ մոտ 5 հզ-ը՝ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից: Նորեկ գաղթականներից շատերը, չդիմանալով Լիբանանում իրենց դեմ ծառացած տնտեսական, կենցաղային և այլ դժվարությունների, 1920-ական թթ. վերջին գաղթել են Հարավային Ամերիկա: 1932-ի մարդահամարի տվյալներով Լիբանանում բնակվել են 26,102 հայ առաքելական և 5890 հայ կաթոլիկ քաղաքացիներ: Հայ ավետարանականները, Լիբանանում իբրև առանձին կրոնական համայնք ճանաչված չլինելով, մարդահամարի տվյալներում առանձին չեն հիշատակվել: Հայ և արաբ ավետարանականները միասնաբար եղել են 6869 հոգի: Ենթադրվում է, թե նրանցից շուրջ 3 հզ-ը հայեր էին: Այսպիսով, 1932-ին հայերը կազմել են Լիբանանի ընդհանուր բնակչության շուրջ 4 տոկոսը: 1939-ին հազարավոր նոր հայ գաղթականներ Լիբանան են եկել Թուրքիային հանձնված Ալեքսանդրետի սանջակից: Ըստ մոտավոր հաշվումների` 1945-ի վերջին Լիբանանում բնակվել են 50802 հայ առաքելականներ և 10261 հայ կաթոլիկներ:Տեղաբնիկների հետ համեմատաբար բարվոք փոխհարաբերությունների պայմաններում հայ գաղթականների մեծագույն մասը 1930-ական թթ. դուրս է եկել Բեյրութի մոտակայքում հաստատված գաղթականների վրանաքաղաքից, գլխավորաբար վերահիմնավորվել նորաստեղծ Նոր Սիս, Նոր Հաճըն, Նոր Մարաշ, Նոր Ադանա և այլ թաղամասերում, կարճ ժամանակամիջոցում ամուր կռվաններ ստեղծել Լիբանանի տնտեսության տարբեր բնագավառներում: Մի շարք արհեստներ (կոշկակարություն, ասեղնագործություն, ոսկերչություն, որմնադրություն, դերձակություն, ատաղձագործություն ևն) հիմնականում կենտրոնացել են հայերի ձեռքում: Հայերը հիմնել են նաև գորգագործական, մետաքսագործական, մետաղագործական, կաշեգործական, հյուսվածքեղենի, սննդարդյունաբերական և այլ մանուֆակտուրաներ, որոնք հետագայում վերածվել են ժամանակակից գործարանների: Առավել խոշորներից են եղել Պողոս Նաճարյանի, Պարսումյանի և Փոլատյանի՝ մետաղաձուլական-սարքաշինական, Գևորգ Չաթալպաշյանի՝ կաշեգործական, Խանամիրյան-Տետեյանի՝ կոշիկի, Չելեպի եղբայրների՝ հրուշակեղենի, Սարգիս Պագգալյանի՝ ալյուրի, Հովհաննես Թաշճյանի՝ գորգագործական, Սարհատյան եղբայրների և Ապրո Ապրոյանի հյուսվածքեղենի ձեռնարկությունները: Աչքի են ընկել նաև մի շարք հայ խոշոր ու միջին առևտրականներ:Ֆրանսիական իշխանությունները Լիբանանում անփոփոխ են պահել օսմանյան դարաշրջանից ավանդված համայնքային դրությունը: 1924-ի օգոստոսից Լիբանանի քաղաքացիության իրավունք ձեռք բերած հայ առաքելական գաղթականների համայնքային կազմակերպության հիմք է ընդունվել արևմտահայերի 1860-ի Ազգային սահմանադրությունը: 1930-ին Բեյրութից հյուսիս գտնվող Անթիլիաս ավան է տեղափոխվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որը ֆրանսիական իշխանությունների կողմից (և Մայր աթոռ Ս. էջմիածնի հավանությամբ) ճանաչվել է Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի առաքելական հայերի հոգևոր կենտրոն: 1929-ին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Կիլիկիայի կաթողիկոսությանն էր փոխանցել Լիբանանում իր բոլոր կալվածներն ու վարչական իրավա¬սությունները: 1931-ին Կ. Պոլսից Լիբանան է վերափոխադրվել նաև Հայ կաթողիկե կաթողիկոս-պատրիարքությունը:Լիբանանի հայերի տնտեսական վերելքը շարունակվել է 1943-ին երկրի անկախացումից հետո: 1960-ական թթ. սկզբին հայ բուրժուազիային էր պատկանում Լիբանանի խոշոր արդյունաբերական և մանր արհեստավորական ձեռնարկությունների, ներդրված կապիտալի և խոշոր ներմուծումների կարևոր մի բաժինը: Պատկառելի է եղել նաև Լիբանանում հայ բժիշկների (6%), ատամնաբույժների (25%), դեղագործներների (23%), ճարտարագետների (10%) տեսակարար կշիռը (ըստ 1975-ի տվյալների): Սակավաթիվ են եղել հայազգի իրավաբանները, որովհետև լիբանանահայերի առաջին սերունդները լավ չեն տիրապետել պետական լեզվին` արաբերենին, որով տարվել են երկրում իրավաբանական աշխատանքները: 1940-ական թթ. երկրորդ կեսից Սփյուռքում գործող հայ ազգային երեք կուսակցություններն աստիճանաբար Բեյրութ են տեղափոխել իրենց կենտրոնական մարմինները:

1946-48-ի զանգվածային հայրենադարձության օրերին Լիբանանից Հայաստան է ներգաղթել շուրջ 10 հզ. հայ: 1953-ին Լիբանանում բնակվում էին 69 հզ. հայ առաքելականներ և 15 հզ. հայ կաթոլիկներ: 1960-ական թթ. Լիբանանում հաստատվել են բազմահազար սիրիահայեր (հրապուրված երկրի ավելի ազատ քաղաքական, տնտեսական և մշակութային մթնոլորտով): 1975-ի քաղաքացիական պատերազմի նախօրյակին Լիբանանում բնակվում էր շուրջ 200 հզ. հայ (նրանցից շուրջ 60 հզ.-ը, սակայն, հիմնականում` սիրիահայեր ու պաղեստինահայեր, երկար ժամանակ զրկված էր լիբանանյան քաղաքացիություն ստանալու իրավունքից):

1975-90-ին քաղաքացիական պատերազմը հարյուրավոր զոհեր և նյութական ծանրագույն վնասներ է պատճառել Լիբանանի հայերին: Բազմահազար հայեր գաղթել են ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Ավստրալիա: Լիբանանում 1932-ից հետո պաշտոնական մարդահամար չի անցկացվել: Ներկայումս այլազան աղբյուրեր քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Լիբանանում մնացած հայերի թիվը հաստատում են 60-100 հզ. (առավել հավանական է համարվոում 70-80 հզ.-ը): Ըստ պաշտոնական տվյալների` Լիբանանի 2000-ի խորհրդարանական րնտրությունների ընթացքում ընտրացուցակներում նշվել են 91706 հայ առաքելական և 19856 հայ կաթոլիկ քվեարկողներ` կազմելով Լիբանանում ընտրողնեների ընդհանուր թվի շուրջ 4%-ը (Լիբանանում քվեարկելու իրավունք ունեն 21 տարին լրացած քաղաքացիները, իսկ այդ ցանկերում շուրջ 120 հզ. ընտրողների կրոնադավանական պատկանելությունը տարբեր պատճառներով չի նշվել): Ընտրություններին մասնակցել են նաև ընդամենը 16,835 հայ առաքելական և 2571 հայ կաթոլիկ ընտրողներ, այսինքն` մասնակիցների ընդհանուր թվի միայն 1,9 %-ը: Հայերի մասնակցության այս տոկոսը շուրջ 20%-ով ավելի ցածր է համալիբանանյան միջինից: Մասնակցության այս` համեմատաբար ցածր տոկոսը կարելի է մասամբ բացատրել այն հանգամանքով, որ քաղաքացիական պատերազմի և հետագա տարիներին բազմաթիվ հայեր արտագաղթելով հանդերձ Լիբանանից, դեռևս պահպանում են իրենց լիբանանյան քաղաքացիությունը (Լիբանանի օրենսդրությունը ընտրության օրը երկրից դուրս գտնվող քաղաքացիների մասնակցության իրավունքը չի ճանաչում): Իբրև առանձին համայնք չճանաչված հայ ավետարանականների թվին և մասնակցության տոկոսին վերաբերող տվյալներ չկան:

Լիբանանի պետական համակարգը երկրում բնակվող տարբեր կրոնադավանական համայնքների միջև գործակցության և իշխանության բաժանման հիման վրա: Հայ առաքելականները համարվում են երկրի 7-րդ խոշորագույն համայնքը: Հայ առաքելականները (1934-ից) ու կաթոլիկները (1951-ից) Լիբանանի խորհրդարանում Բեյրութի քաղաքային խորհրդում) ունեն իրենց մշտական ներկայացուցիչները: 1992-ից Լիբանանի խորհրդարանի 128 պատգամավորական աթոռներից 5-ը վերապահված է հայ առաքելական, իսկ 1-ր՝ հայ կաթոլիկ համայնքին: Հայ ավետարանական թեկնածուները կարող են պայքարել հայ և արաբ ավետարանականներին միասնաբար հատկացված միակ խորհրդարանական տեղի համար: Լիբանանի հայերր ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում, երկրի դիվանագիտական կորպուսում: 1983-ից Լիբանանում գործում է պարտադիր գինծառայության օրենքը: Լիբանանահայ երիտասարդները ևս պարտավոր են մեկ տարի ժամկետով ծառայել երկրի զինված ուժերում, իսկ զինվորական ասպարեզը կամավոր ընտրած ու սպայական աստիճանի հասած հայերը սակավաթիվ են:

Տարբեր ժամանակներում Լիբանանի խորհրդարանի պատգամավոր են ընտրվել հայ առաքելական համայնքից Վահրամ Լեյլեկյանը (1934-39), Խոսրով Թյությունճյանը (1937-39), Հրաչյա Շամլյանը (1943-47), Մովսես Տեր-Գալուստյանը (1943-72), Մելքոն Հայրապետյանը (1947-53), Տիգրան Թոսպաթը (1951-60), Խաչիկ Պապիկյանը (1957-99), Վարդգես Շամլյանր (1960-64), Սուրեն Խանամիրյանը (1960-96), Անդրե Թապուրյանը (1964-72, 1999-2000), Արա Երևանյանը (1972-91), Մելքոն էպլիղաթյանը (1972-92), Շահե Պարսումյանը (1991-96), Եղիա Ճերեճյանր (1992-ից), ժորժ Գասարճին (1992-ից), Սեպուհ Հովնանյանը (1996-ից), Հակոբ Տեմիրճյանը (1996-2000), Հակոբ Գասարճյանը (2000-ից), ժան Օղասապյանը (2000-ից), հայ կաթողիկե համայնքից՝ Աբդալլահ Իսհակը (1929-32), Ժոզեֆ Շադերը (1951-75), Անտուան Շադերը (1991-92), Հակոբ (Ժակ) Չուխատարյանը (1992-2000) և Սերժ Թուրսարգիսյանը (2000-ից), հայ ավետարանական համայնքից՝ Անդրանիկ Մանուկյանը (1972-92), Նուրիճան Տեմիրճյանը (1992-96) և Աբրահամ Տետեյանը (1996-2000):

Միաժամանակ 1961-ից Լիբանանի տարբեր կառավարություններում նախարարական պաշտոններ են վարել մի շարք հայազգի գործիչներ: Ժոզեֆ Շադերը եղել է պլանավորման (1958) և պետական (1973-74), Խաչիկ Պապիկյանը՝ վարչական բարեփոխումների (1960-61), առողջապահության (1969), զբոսաշրջության (1969-70), տեղեկատվության (1972- 1973), պլանավորման (1973) և արդարադատության (1980-82 և 1989-1990), Սուրեն Խանամիրյանը՝ զբոսաշրջության (1973-75), նավթի և արդյունաբերության (1989-90), Հակոբ Չուխատարյանը՝ կենսոլորտի պետական (1989-90), Շահե Պարսումյանր՝ պետական (1992-94), սոցիալական հարցերի (1994-95), նավթի և արդյունաբերության (1995-97), հետագայում՝ միայն նավթի (1997-98), Հակոբ Տեմիրճյանը՝ տնտեսության և առևտրի (1992-95), քաղաքապետական ու գյուղական հարցերի (1995-98), Արթուր Նազարյանը՝ կենսոլորտի (1998-2000), Սեպուհ Հովնանյանը՝ երիտասարդության և սպորտի (2000-ից), Քերիմ Բագրատունին՝ վարչական բարեփոխումների (2003-ից) նախարար: Միջհամայնքային անպաշտոն համաձայնությամբ մշտապես հայ համայնքից է նշանակվում նաև Լիբանանի կենտրոնական բանկի փոխկառավարիչներից մեկը: Առ այսօր այդ պաշտոնն զբաղեցրել են ժոզեֆ Ուղուրլյանը (1964-84), Մկրտիչ Պուլտուքյանը (1985-90), Կարապետ Գալայճյանը (1990-93), Հարություն Սամուելյանը (1993-2003) և Ալեն Պալյանը (2003-ից): Ներկայումս Լիբանանի տնտեսության, հատկապես՝ արդյունաբերության, շինարարության և առևտրի բնագավառներում շարունակում են կարևոր դիրքեր զբաղեցնել հայազգի Նազարյան, Պարսումյան, Տեմիրճյան, Տանձիկյան, Այանյան ընտանիքները, Աբրահամ Տետեյանը, Նուպար Վարդանյանը և ուրիշներ: Լիբանանահայ բազմաթիվ գործարարներ ու արդյունաբերողներ մաս են կազմում երկրի արդյունաբերողների ու առևտրականների միություններին: Այսուհանդերձ, լիբանանահայության մեծ մասը հետպատերազմյան տարիներին՝ Լիբանանի բնակչության այլ խավերի հետ, շարունակում է կրել քաղաքացիական պատերազմի տնտեսական և սոցիալական ծանր հետևանքները:

Լիբանանի հայ համայնքի կապերը Հայաստանի հետ զգալիորեն սերտացել են 1950-ական թթ. 2-րդ կեսից: Հաստատվել է Երևան-Բեյրութ օդային գիծ: Հայաստանի բուհերում և ասպիրանտուրայում սովորել են ավելի քան 300 լիբանանահայ երիտասարդներ: Ամառային ամիսներին, Հայաստանում վերաորակավորման դասընթացների են հրավիրվել լիբանանահայ դպրոցների ուսուցիչներ, իսկ դպրոցականներն իրենց ամառային արձակուրդն անցկացրել են Հայաստանի մանկապատանեկան ճամբարներում: Լիբանանի մի շարք հայկական դպրոցներում հայերեն, հայ գրականություն և Հայաստանի աշխարհագրություն առարկաները սկսել են դասավանդել Հայաստանից առաքված դասագրքերով: Լիբանանահայ քաղաքական լրագրերից «Արարատը», «Զարթոնքը» և «Կանչը» կանոնավորապես առաքվել են Հայաստան: 1967-ին Արմենպրեսը ուղղակի հեռատիպային կապ է հաստատել Բեյրութի հետ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում, Մայր աթոռ Ս. էջմիածինն ու ՀԽՍՀ պետական մարմինները քան… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz