Գյումրի

ՀՀ-ի երկրորդ քաղաքն է, Շիրակի մարզկենտրոնը:
Միջին բարձրությունը ծովի մակարդակից 1550 մ:
Գտնվում է Արփի լճից սկիզբ առնող Ախուրյան գետի ձախ ափին:Գյումրու տարածքով են անցնում Գյումրի,Ղոռղոբա (Ջաջուռ), Չերքեզի գետակները:Ավտոճանապարհներով միացած է Վրաստանի և Թուրքիայի հետ: Ունի միջազգային նշանակության օդանավակայան:
Թբիլիսի - Գյումրի - Երևան - Բաքու երկաթուղային մայրուղու և Թբիլիսի - Գյումրի – Կարս երկաթգծի գլխավոր ուղեմասն է: Կլիման առողջարար է ու կազդուրիչ, ջուրը բարձրորակ ու համեղ, օդը մաքուր ու կենարար: Տարվա արևոտ օրերի քանակով Գյումրին ՀՀ-ում առաջիններից մեկն է: Նրա շրջակայքը գեղեցիկ է, հարուստ հազվագյուտ ծաղիկներով ու խոտաբույսերով: Քաղաքը հյուսիսից ու արևելքից շրջափակող սարերը, հարավ-արևելքից վեհորեն բարձրացող ձյունապատ Արագածը մինչև օգոստոս ծածկված են աչք շոյող կանաչով ու ծաղիկներով: Մայրամուտին այդ սարերը Շիրակի կապույտ երկնքի ֆոնին գծագրվում են որպես նրբագույն գրաֆիկական պատկեր:Ամառը Գյումրիում զով է, աշունը մեղմ ու երկարատև, ձմեռը ձյունառատ:

 

***

 

 

 


***

Պատմություն

Գյումրին եղել է բնակավայր դեռ անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908-ին գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջանները ու դանակները։ 1929-ին Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ. ։ 1939-ին մսի կոմբինատի տարածքում եղած հանագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշաատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր):

Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են Կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին մեզ տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնը իր Անաբասիս ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775 թթ. արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։

Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը, տարբեր ժամանակներում, Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, որի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալից շրջանը դարձավ XIX դարը, երբ իր շրջակայքով 1804 թ. ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։

Կումայրի

Բրոնզե զարդեր` պեղված Ազատանի մոտի հնավայրում: Շիրակի Երկրագիտական թանգարան

Կումայրիի դերը և նշանակությունը վաղնջական ժամանակներում

Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղագույն ժամանակներից: Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում: Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում` Կումայրիում և ներկայիս Մսի Կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին:Մսի Կոմբինատի տարածքում կատարված հողային աշխատանքների ժամանակ բացված հնագույն ընդարձակ բնակավայրն ունեցել է կիսագետնափոր, խոշոր, վեմերով կառուցված քառանիստ բնակարաններ: Ի հայտ բերված նեոլիթյան քարե գործիքները, խեցանոթների բեկորները, ոսկրե, բրոնզե և երկաթե իրերը վկայում են, որ Կումայրին, որպես բնակավայր քարի, բրոնզի և երկաթի դարաշրջաններում գոյատևել ու զարգացել է: Նրա բնակիչներն ունեցել են տոհմատիրական կարգերին բնորոշ կեսնակերպ: Այնտեղ հայտնաբերված բրոնզե կոթառով սեպաձև կացինը, պղնձե դաշույնը, ձուլարանը և մետաղներ ձուլելու քարե կաղապարները խոսուն ապացույց են` տեղում մետաղաձուլության առկայության մասին: Ընդ որում` Գյումրիի գավառագիտական թանգարանում պահվող մարտական կացինը նման է Միջագետքում (հին Շումմերում) մ.թ.ա. IV-III հազարամյակներում արտադրվածին:

Կավե խեցեղեն` հայտնաբերված Ազատանի մոտի հնավայրից: Շիրակի Երկրագիտական թանգարան

Կումայրիում հայտնաբերված բրոնզե, պղնձե և երկաթե զինատեսակները (կացին, դաշույն, նետասլաքներ, ձիու սանձի երկաթե մասեր) վկայում են հեռավոր այդ ժամանակներում տեղում ծանր հետևակազորի ու հեծելազորի առկայության և ընտիր սպառազինության մասին: Դրանք նաև արտադրության տարբեր ճյուղերի մասնագիտացման, ինչպես նաև Կովկասի և այլ երկրաշրջանների հետ տեղաբնիկների ունեցած մշակութային, տնտեսական առնչությունների ապացույցն են: Կումայրիում հայտնաբերված բրոնզաձույլ դաշույններն իրենց զուգահեռներն ունեն Շիրակավանում կատարված հնագիտական պեղումների ընթացքում ի հայտ բերվածների մեջ: Իսկ Արթիկի դամբարանադաշտում հայտնաբերված ձեռքի փոքր կացինը նման է Կումայրիում արտադրվածին: Դրանք անշուշտ, արտադրվել են Կումայրիում, որն, այսպիսով, Շիրակի մյուս բնակավայրներին ևս զինել է անհրաժեշտ զինատեսակներով` նրանց օժտելով պաշտպանական կարողություններով: Կումայրիում վաղնջական ժամանակներից եղել է բերդ: Շիրակի մյուս բնակավայրերի` Արգինա, Մարմաշեն, Գուսանագյուղ, Դարբանդ (այսօր` Կարմրաքար), Հոռոմոս և այլն, մոտերքում հայտնաբերվել են նախաքրիստոնեական ամրակառույց բերդերի ավերակներ: Կարելի է կարծել, որ հնուց ի վեր Շիրակն ունեցել է պաշտպանական զորեղ ուժեր, որոնք զինված են եղել Կումայրիում արտադրված զինատեսակներով:

Բրոնզե նետասլաքներ և կոճակներ` Շիրակի մարզից: Շիրակի Երկրագիտական թանգարան

[խմբագրել]Գրավոր հիշատակություններ՝ Շիրակի և Կումայրիի վերաբերյալ

Շիրակի բազմադարյան պատմության գրավոր էջերը բացվում են Շարայի մասին պատմահայր Մովսես Խորենացու միջոցով` մեզ հասած հին հայկական ավանդազրույցով, որի համաձայն Շարան` հայոց նախահայր Հայկի ծոռը, եղել է Շիրակ գավառի անվանադիրն ու նրա բնակչության նախահայրը: Իսկ Շիրակի ու Շարայի մասին առաջին հավաստի գրավոր տեղեկությունը գտնում ենք դեպի Նաիրի երկրներ (Հայկական լեռնաշխարհ) իր արշավանքի մասին Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար I-ի թողած մի արձանագրության մեջ (մ.թ.ա. 1114 թ.): Վերջինս պատմում է, թե ինչպես հարավից Հայկական Լեռնաշխարհ ներխուժած ասորեստանյան բանակը հաղթական պատերազմով հասել է Դայաենի երկիր (հետագայում` Տայք), և թվարկում այդ ճանապարհին հնազանդեցված Նաիրյան տասնվեց "Հզոր լեռները", որոնցից 11-րդը Շախիշարան է, նաև այն 23 ցեղային երկրները, որոնցից երկուսը` Աբաենին և Ադաենին գիտնականները տեղադրում են հետագա Շիրակի տարածքում:

Շախիշարան (շախի - շարա) լեռը ձոնված է եղել Շարային, ինչպես նրա եղբայր Ամասիային էր ձոնված և նրա անունն էր կրում Մասիս լեռը: Մովսես Խորենացու "Հայոց Պատմության" մեջ կարդում ենք. Արամայիսը "Իր որդուն` բազմազավակ և շատակեր Շարային ամբողջ աղխով ուղարկում է մի մերձակա արգավանդ ու բերրի դաշտ, Հյուսիսային լեռան` Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր են հոսում. նրա անունով, ասում են, գավառը կոչվեց Շիրակ":

Շախիշարա լեռը, ամենայն հավանականությամբ որպես "հզոր լեռ", կարող էր լինել միայն Արագածը: Ասորեստանի արքայի վերոհիշյալ արձանագրության մեջ հիշատակված Աբաենի և Ադաենի տեղանունների ստուգաբանությունը ցույց է տալիս, որ հնագույն ժամանակներում Շիրակը բնակեցված է եղել հնդեվրոպական ցեղերով:

Նախաուրարտական բնակավայր. կացարան` կենտրոնում ամբար

Հնագույն Շիրակի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ պահպանված են ուրարտական սեպագիր արձանագրություններում: Դրանց վկայությամբ Շիրակը, Էրիախի անունով, մտնում էր Հայկական Լեռնաշխարհի ողջ հյուսիս-արևելքը բռնած Էթիունի ցեղամիության մեջ: Էրիախին Հայկական Լեռնաշխարհի հարուստ ցեղային երկրներից մեկն էր` հայտնի իր զարգացած տնտեսությամբ, հացահատիկի պաշարով, մանր ու խոշոր եղջերավոր անասունների և ձիերի քանակով ու ռազմական ուժով: Էրիախիի մասին առաջին հիշատակությունը կա Արգիշթի I-ի (մ.թ.ա. 786-764 թթ.) Մարմաշենի սեպագրի արձանագրության մեջ: Ախուրյանի ձորում` գետի ձախափնյա ժայռերից մեկին փորագրված այս արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. "Խալդյան մեծությամբ Արգիշթին ասում է. գրավեցի Էրիախի երկիրը, գրավեցի Իրդանիու քաղաքը` մինչև Իշկիգուլու երկիրը": Ժամանակին կարծում էին, թե Իրդանիուն գտնվել է Ախուրյանի ձորում և անգամ նույնացնում էին այժմյան Մարմաշենին: Սակայն, ըստ նորագույն ուսումնասիրությունների` Իրդանիուն պետք է փնտրել ոչ թե Մարմաշենի ձորում, այլ ներկայիս Գյումրի քաղաքի տարածքում: Իրդանիուի այսպիսի տեղեկության ճշմարտացիությունը հաստատվում է մի քանի հանգամանքներով. նախ, որ` "Իրդանիու քաղաքը" արձանագրության մեջ հիշատակված է հենց Էրիախիի առնչությամբ, ուրեմն եղել է Էրիախիի կենտրոնատեղին` նրա "արքայական քաղաքը": Երկրորդը` Էրիախիի կենտրոնատեղին` նրա ցեղապետ - արքայի նստավայրը, անտարակույս գտնվելու էր նրա տարածքի մի այնպիսի մասում, որտեղից նրա ցեղապետ - արքաները կկարողանային համեմատաբար հեշտությամբ իրականացնել իրենց հսկողությունը, ինչպես տոհմացեղային կազմակերպությունների ու բնակավայրերի, այնպես էլ Էրիախին արտաքին աշխարհին կապող ճանապարհների վրա: Ուրեմն, Իրդանիուն գտնվել է այնպիսի մի վայրում, որտեղ ձևավորվում էին Էրիախիի (մասնավորապես) և Հայկական Լեռնաշխարհի (ընդհանրապես) չորս կողմերն իրար կապող ճանապարհները: և, վերջապես հնագիտական հարուստ նյութով էլ ապացուցվում է, որ բրոնզե դարից սկսած` Շիրակով և հենց այժմյան Գյումրիի տարածքով էր անցնում Կովկասից Առաջավոր և Փոքր Ասիա տանող մայրուղին: Այդ ճանապարհի` հետագայում ևս բանուկ լինելու փաստը հիմք է տալիս հետազոտողներին` Իրդանիուն տեղադրելու Կումայրիի - Գյումրիի տարածքում և այն նույնացնելու Չերքեզի ձոր գետակի ձախափնյա բարձրադիր մասում գտնվող Կումայրի հնավայրին:

Նախաուրարտական կիկլոպյան ամրոցի պատ` Ազատանի հնավայրում

Իրդանիու քաղաքը, ինչպես համոզված են հնագետները, շարունակել է գոյատևել նաև Սարդուրի II-ի (մ.թ.ա. 764-735 թթ.) ավերիչ արշավանքներից հետո: Իր արձանագրության մեջ Սարդուրին գրում է. "Գրավեցի Էրիախի երկիրը, մեկ օրում նվաճեցի: Մառանները, որ հայրն ու պապն էին Խալդյան հրամանով տիրական` ես մեկ  հարյուր հիսուն մառան գրավեցի, կողոպտեցի":

Սարդուրի II-ի հիշատակած մառանները քարանձավային շտեմարաններ, ամբարներ են եղել: Այս տեսակետից ուշագրավ է Գր. Ղափանցյանի կողմից Կումայրիի տեղանվան մեջ "այր"` քարանձավ բառի առկայության նշելը, իսկ "կում", "գում" բառերն ունեն "կույտ", "խումբ" իմաստ: Այսպիսով, Գյումրի անվան Կումայրի նախաձևը նշանակում է "անձավախումբ" և առնչվում է Շիրակի նախնադարյան այն բնական քարանձավներին, որոնք որոշակի ձևափոխման ենթարկվելուց հետո հնագույն շիրակցուն ծառայել են թե՛ որպես գյուղատնտեսական արտադրանքի (նախ և առաջ` հացահատիկի) պահեստավորման վայրեր, թե՛ որպես հուսալի ապաստարաններ: Կումայրի անվանաձևի "Կումիրի" համարժեքը հայտնի է մ.թ. XIII դարի սկզբից, իսկ նրա հնչյունափոխված ձևը` "Կումրին", բարբառային "Գումրի" ձևով ունի "Գյումրի", "Գումբրի", "Գյումբրի", "Գիմրի" արտասանական տարբերակները:

Վանի թագավորության վերացումից (մ.թ.ա. 590 թ.) հետո Կումայրին ընդգրկվել է Հայոց միասնական թագավորության` Երվանդունիների պետության կազմում: Աշխարհագրական բարենպաստ դիրքի ու պաշտպանական առավելությունների, իհարկե, նաև Արարատյան դաշտի, Արմավիր մայրաքաղաքի հետ բանուկ ճանապարհով կապված լինելու շնորհիվ Կումայրին բարգավաճել և դարձել է գավառի կենտրոններից մեկը:


Կումայրին Երվանդունիների և Արտաշեսյանների օրոք


Մ.թ.ա. 520 թ. Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ը կախման մեջ գցեց Երվանդունիների թագավորությունը, որի տարածքը բաժանվեց 2 վարչամիավորների՝ սատրապությունների։ Կումայրին, Շիրակի մյուս մասերն ընդգրկվեցին 8-րդ սատրապության կազմում, որտեղով անցնում էր Դարեհի կառուցած Շոշ քաղաքից մինչև Փոքր Ասիայի Սարդես քաղաք հասնող "արքայական ճանապարհը"։ Այն Հայաստանը կապում էր Պարսկաստանի, Միջագետքի ու փոքրասիական երկրների հետ և խորապես նպաստում նրա տնտեսության և մշակույթի զարգացմանը։ Կումայրին, դեպի Արմավիր ձգվող երթուղու միջոցով կապված էր այդ ճանապարհին։

Ամենայն հավանականությամբ, Կումայրի տանող ճանապարհով մ.թ.ա. 401 թ. անցել է նաև Քսենոփոնի գլխավորած 10 հազարանոց զորքը՝ շարժվելով Արարատյան դաշտից դեպի Շիրակ, ապա Տայք՝ խալյուբների երկիր։ Այդտեղից հասել են "սկյութենների" երկիր, որի միջով 20 փարսախ (մոտ 120 կմ) ճանապարհ են անցել՝ "հարթավայր տեղով դեպի գյուղերը, որոնցում, - գրում է Քսենոփոնը, - մնացին երեք օր և պարենավորվեցին։ Այստեղից նրանք անցան չորս կայան՝ 20 փարսախ, դեպի մեծ, բարգավաճ և մարդաշատ մի քաղաք, որը կոչվում էր Գյումնիաս։ Այս քաղաքից երկրի իշխողն ուղեցույց ուղարկեց հելլեններին...":

Տեսարան Կումայրի - Գյումրիից

Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը գրում է. "... Նահանջող զորքի այս ճանապարհը պետք է ենթադրել Արարատյան դաշտից դեպի Շիրակ, իսկ Գյումնիաս քաղաքը, համաձայն Քսենոփոնի ցույց տված տարածության, պետք է լինի հին Կումայրին... Քեսնոփոնի մոտ այս քաղաքի Гоминас անունը պարզապես Կումայրի - Գյումրիի անվան աղավաղությունն է": Նա գտնում է նաև, որ Գյումնիասի ուղիղ ձևը պետք է լինի Գյումրիաս: Բայց դժվար է համաձայնել գիտնականի ենթադրության հետ, որ Գյումնիաս - Գյումրին "կենտրոնն է եղել Շիրակ - Վանանդ - Այրարատում գտնվող կիմմերական սկյութական ցեղերի միության և ծագել է ըստ երևույթին կիմմերների Gimmirrai անունից":

Այն փաստը, որ երկրի իշխողը Գյումնիասից է ուղեկցող ուղարկել հույներին, թույլ է տալիս կարծելու, որ նրա նստավայրն այդ քաղաքում էր: Գյումնիասի նույնացումը Կումայրի - Գյումրիի հետ ցույց է տալիս, որ վերջինիս մ.թ.ա. 5-րդ դարում արդեն մեծ ու բարգավաճ բնակավայր էր:

Մ.թ.ա. 330-ական թթ. Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակ Կումայրին նույնպես ընդգրկվել է հելլենիստական քաղաքակրթության ոլորտ և հոգևոր - մշակութային ու տնտեսական սերտ առնչություններ է ունեցել Մեծ Հայքի մյուս քաղաքների հետ: Երվանդունի վերջին թագավոր Երվանդ 4-րդը մ.թ.ա. III դարի վերջին Երասխի և Ախուրյանի միախառնման տեղում հիմնում է նոր մայրաքաղաք` Երվանդաշատը, որը ևս բանուկ ճանապարհով կապված էր Կումայրիի հետ: Վերջինիս բնակչությունը հոգևոր հաղորդակցություն ուներ նույն թագավորի կողմից Երվանդաշատի մոտ հիմնված պաշտամունքային նոր կենտրոնի` Բագարանի հետ, որտեղ Երվանդ 4-րդն Արմավիրից տեղափոխել էր հայոց հեթանոսական աստվածների հուշարձանները:

Մ.թ.ա. 201 թ. Սելևկյան Անտիոքոս 3-րդ թագավորի կողմից Մեծ Հայքի կառավարիչ կարգված Արտաշեսը վերացրեց Երվանդունիների հայոց թագավորությունը: Արտաշեսը նախարարության աստիճանի է բարձրացնում Դիմաքսյաններին, որոնց մի ճյուղն իշխում էր Շիրակում: Գուցե վերջինիս բնակիչները (նաև կումայրեցիները) սատար են կանգնել Արտաշեսին` հետևելով Դիմաքսյաններին: Մ.թ.ա. 189 թ.-ից Կումայրին ընդգրկվել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ: Ստրաբոնի վկայությամբ` Արտաշես I թագավորն արշավել է Վրաստան:Այդ արշավանքն անշուշտ, կատարվել է Արտաշատ - Մարմաշեն - Կումայրի - Վրաստան ճանապարհով, քանի որ նույն այդ ճանապարհով էին սովորաբար հյուսիս արշավող զորքերը Արտաշատից հասնում Վրաստան ու Աբխազիա: Հայտնի է, որ հետագայում` 774 թ. Արտավազդ Մամիկոնյանը ծառանալով արաբ հարկահանների դեմ, Կումայրիից անցավ Վրաստանի Սամցխե գավառը, անշուշտ, նույն այդ ճանապարհով:

Մեծ Հայքը և Վիրքը

Արտաշես I-ից հետո գահակալած նրա որդու` Արտավազդ I-ի օրոք (160 - 115 թթ.) ինչպես նաև վերջինիս հաջորդներից` Տիգրան 2-րդի (մ.թ.ա. 95-55 թթ.) թագավորության տարիներին` ընդհուպ մինչև մ.թ.ա. 96 թ., Հայաստանը վայելում էր քաղաքական անդորր, տնտեսական ու մշակութային վերելք, ինչը համակել էր անշուշտ, նաև Շիրակն ու նրա բաբախուն կենտրոններից մեկը` հնավանդ արժեքներով հայտնի Կումայրին: Մ.թ.ա. 69 թ. գարնանը Հռոմի զորապետ Լուկոլլոսի սանձազերծած հայ - հռոմեական պատերազմի ժամանակ Կումայրին հեռու էր ընկած ռազմաբեմերից, ուստի պետք է ենթադրել, որ գրեթե չի տուժել: Բայց նրա և Շիրակի մյուս բնակավայրերի ռազմիկները չէին կաող զորակից չլինել Հայոց թագավորին` երկրի գլխին կախված ահավոր վտանգի ժամանակ: Հնարավոր է, որ Տիգրան Մեծի օրոք Կումայրիում շարունակել է գործել մետաղաձուլարանը, որտեղ նախկինի պես զենքեր են արտադրվել: Մ.թ.ա. 66 թ. Տիգրան Մեծի և հռոմեական զորապետ Պոմպեոսի միջև Արտաշատում կնքված պայմանագրից հետո, վերջինս զորքը շարժեց դեպի Վրաստան (Վիրք)` անշուշտ անցնելով նաև Կումայրիով: 66 թ. հայ - հռոմեական պայմանագրի կնքումից հետո ձեռք բերած խաղաղության պայմաններում Կումայրին ևս շարունակել է տնտեսական և մշակութային զարգացումը Տիգրան Մեծի թագավորության վերջնափուլում (մ.թ.ա. 66 - 55 թթ.) և նրան հաջորդած որդու` Արտավազդ II-ի օրոք, ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը (մ.թ.ա. 34 թ): Սակայն մ.թ.ա. 36 թ. հռոմեական զորքերը Հայաստանով շարժվել են դեպի Պարթևստան, ապա պարտվել և նահանջել են, դարձյալ Հայաստանով: 34 թ. հռոմեական զորքն Անտոնիոսի գլխավորությամբ ներխուժում է Հայաստան: Արտավազդ II-ը դառնում է Անտոնիոսի նենգադրուժ դավի զոհ: Վերջինս Հայաստանի ամրակառույց վայրերում զորքեր է տեղակայում, կամենում ավարառության ենթարկել երկրի հատկապես այն ամրոցները, որտեղ գանձեր էին պահվում: Սակայն, ինչպես հաղորդում է հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսը, "գանձերի պահապաններն ուշադրություն չդարձրին նրան և զենք կրողներն էլ Արտավազդի փոխարեն թագավոր ընտրեցին նրա որդիներից ավագագույնին` Արտաշեսին": Չի բացառվում, որ հռոմեացիները փորձել են կողոպտել նաև Կումայրիի անձավներում պահվող գանձերը: Նրանց հաջողվել է Հայաստանից հափշտակել "թագավորության ամբողջ զարդը", գրում է Հովսեպոս Փլավիոսը:


Շիրակը և Կումայրին վաղ միջնադարում


Վաղմիջնադարյան Շիրակին տիրում էին երեք նախարարական տոհմեր` Սահառունիները, Դիմաքսյանները և Կամսարականները: Սահառունիների տիրույթը հարավային Շիրակում էր` Սահառունիք կենտրոնատեղիով: Այս նախարարական տոհմը Հայաստանում ժամանակ առ ժամանակազդեցիկներից է եղել: Մուշկ Սահառունին Արշակ 2-րդի օրոք (345-368 թթ.) կաթողիկոսի գլխավորությամբ Կոստանդնուպոլիս գործուղված պատվիրակության մեջ էր, որն իր հետ Հայաստան բերեց Արշակ 2-րդի` կայսեր մոտ պատանդության մեջ գտնվող Գնել և Տիրիթ եղբորորդիներին: Վարազդատ թագավորի օրոք (374-378 թթ.) բացառիկ բարձր դիրքի էր հասել մեկ այլ Սահառունի` Բաթը: Փավստոս Բուզանդի վկայությամբ` "Վարազդատ թագավորը զորավարության և սպարապետության գործը հանձնեց Բաթ Սահառունուն, որ իր դայակն էր... Նա Մուշեղի փոխարեն դարձավ, բոլոր Հայոց զորավար սպարապետը": Դիմաքսյանները տեղավորված էի հյուսիսային Շիրակում (բնականաբար Երազգավորսը և Կումայրին ներառյալ): Հենց նրանք են առաջատար դեր խաղացել Շիրակում մինչև Կամսարականների այստեղ հայտնվելը: Դիմաքսյան տոհմի ազդեցիկ դիրքի մասին է խոսում հետևյալ փաստը. Հռոմը ձգտում էր և հարևան Վրաստանի օգնությամբ հասավ Հայոց գահին իր դրածո Միհրդատի հաստատմանը և դա իրականացրեց` մեծ դժվարությամբ կոտրելով հայոց բանակի համառ դիմադրությունը: Հռոմեացի պատմիչ Տակիտոսի հաղորդմամբ` հայերի զորքի գլուխ կանգնած էր Դեմոնաքս կուսակալը, որին Հ. Մանանդյանը համարում է Դիմաքսյանների նախնիներից մեկը, որ "Հայաստանի սպարապետն էր ու այդ խառն ու անտերունչ շրջանում աշխատում էր պահպանել Հայաստանի անկախությունը ":

Տեսարան Լմբատավանքի մոտից: Հեռվում Արագած լեռան գագաթները.Շիրակի մարզ

Կամսարական նախարարները համարվում էին Շիրակի և Արշարունիքի ժառանգական սեփականատերեր և կրում էին համապատասխան տիտղոս` "տեարք Շիրակայ և Արշարունեաց": Արշարունիքը Հայաստանի պատմական գավառներից մեկն է, որը գտնվում է Շիրակի հարավում, Ախուրյանը Երասխին միանալու եռանկյունում: Կամսարական նախարարական տոհմը սերում էր Արշակունի արքայատոհմի ազգակից պարթևական Կարեն (Կարենի Պահլավ) տոհմից: Այս տոհմի` Հայաստանում հայտնվելը կապված էր Սասանյան Պարսկաստանում նրա դեմ ձեռնարկված հալածանքերի, իսկ Շիրակն ու Արշարունիքը, որպես ժառանգական տիրույթ ստանալը` Տրդատ Մեծի (298-330 թթ.) օրոք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու և տոհմի նախնի Կամսարի մկրտության հետ: Պատմահայրը գրում է. "Կամսարը ևս յուրայինների հետ մկրտվում է Մեծն Գրիգորի ձեռքով և (Տրդատ) թագավորը նրան ջրից ընդունելով, ժառանգություն է տալիս Արտաշեսի մեծ դաստակերտը, որն այժմ Դրասխանակերտ է կոչվում, և Շիրակ գավառը` իբրև իր ազգականին և մտերիմ հարազատին": ԵՎ երբ մկրտությունից 7 օր անց նա վախճանվում է, Տրդատը նրա Արշավիր որդուն "մխիթարելով` նշանակում է հոր փոխարեն, նախարարական ցեղ է սահմանում նրա հոր անունով և մտցնում է նախարարությունների թվի մեջ": Կամսարական նախարարական տան հետագա վերելքը Շիրակի հին նախարարական տոհմերին` Դիմաքսյաններին ու Սահառունիներին, թողեց երկրորդական նախարարությունների կարգավիճակում: Եթե Հայոց գահնամակում Կամսարականները 13-րդն էին, ապա Սահառունիները` 25-րդը, իսկ Դիմաքսյանները` միայն 67-րդը, զորանամակում էլ Կամսարականների հեծելազորն իր քանակով (600) կրկնակի գերազանցում էր մյուս երկուսին:

Տրդատ Մեծի գահակալությունից հետո (298 թ.) ընդհուպ մինչև 338-ը Կումայրին ապրել է խաղաղ զարգացման շրջափուլ` ընդգրկվելով քրիստոնեական քաղաքակրթության ծիրի մեջ: Ագաթանգեղոսի "Պատմության" հունարեն խմբագրության համաձայն` Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրվելուց հետո վերադառնալով Հայաստան` 13 հոգու ձեռնադրեց եպիսկոպոս: Նրանցից Արսուկեսը կարգվում է Շիրակի եպիսկոպոս` իր ենթակայության տակ ունենալով նաև Կումայրին:

Քարե աշխատանքային գործիքներ` կողերին պատկերված սոսու` հայոց հնագույն պաշտամունքային ծառի տերևը

330 թ. Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս տեղափոխվելու շնորհիվ մեծացավ Չինաստանից Բյուզանդիա հասնող միջազգային տարանցիկ առևտրաուղու ("Մետաքսյա ճանապարհի") հյուսիսային ճյուղավորման նշանակությունը: Վերջինս անցնում էր նաև Հայաստանի տարածքով, իսկ նրա մի ճյուղավորումն Արտաշատից ձգվում էր դեպի Կումայրի, որպես "հացի շտեմարան" հռչակված Շիրակով, ապա Աշոցքով հասնում էր Կուրի հովիտ, Թբիլիսի:

Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թ.) Կումայրին անցավ պարսից տիրապետության տակ: Պարսից Շապուհ թագավորի հրամանով, իրենց դիմադիր կեցվածքի պատճառով, Կամսարականները հալածանքների ենթարկվեցին, իսկ նրանց տիրույթներն, այդ թվում` Շիրակը, Կումայրին հարքունիս գրավվեցին, Գազավոն Կամսարականը նետվեց Անհուշ բերդը: Եղիշե պատմիչի հավաստմամբ` 451 թ. Ավարայրի ճակատամարտին կումայրեցիները մասնակցել են Արշավիր Կամսարականի գլխավորությամբ` Շիրակի և Արշարունիքի ռազմիկների հետ: Շիրակի զորագունդն աչքի է ընկել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Խաղխաղ քաղաքի մատույցներում պարսից զորքի դեմ հայոց բանակի մղած հաղթական մարտում: Ղազար Փարպեցին վկայում է, որ այդ մարտից առաջ Վարդանը հայոց այրուձին բաժանեց երեք մասի և "աջ կողմում զորագլուխ կարգեց" Արշարունիքի և Շիրակի իշխան Արշավիր Կամսարականին, իսկ նրան օգնական կարգեց Մուշ Դիմաքսյանին, որի տոհմն իշխում էր Շիրակի մի մասին: Խաղխաղում, ապա Ավարայրում պարսից զորքերի դեմ մղված մարտերին գործում մասնակցություն ունենալու համար Շիրակի և Արշարունիքի տերերը` Արշավիր, Թաթ, Վարձ, Ներսեհ և Աշոտ Կամսարականներին պարսիկները դատապարտեցին տաժանակրության` աքսորում անցկացնելով մոտ 13 տարի` 452-464 թթ.: Մուշ Դիմաքսյանը զոհվել էր Խաղխաղի մարտերում, բայց նույն տոհմից կալանված ազատների մեջ հիշատակվում են Թաթուլը և Սատոն:

Հագուստի բրոնզե մասեր և քորոցներ ու քարե աշխատանքային գործիքներ

Շիրակի ռազմիկների մարտական կորովը դրսևորվեց նաև 482-484 թթ. Վահան Մամիկոնյանի գլխավորածազատագրական մարտերում: Շիրակի և Արշարունիքի իշխաններ Ներսեհ և Հրահատ Կամսարականները 482 թ. Մասիսի հյուսիսային ստորոտում ընկած Ակոռի գյուղի մոտ տեղի ունեցած հաղթական ճակատամարտերում գլխավորում էին ապստամբ բանակի չորս զորագնդերից մեկը: Ակոռիի ճակատամարտում Շիրակի զորասյունը մարտական փառքով պսակեց իրեն` Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ:

Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի 2-րդ բաժանումից (591 թ.) հետո Կումայրին, ամբողջ Շիրակն անցան կայսրության գերիշխանության տակ: Բայց 602 թ. պատերզամը վերսկսվեց կողմերի միջև: Բյուզանդական զորաճամբարը Շիրակում էր: "Հունաց զորքը, - գրում է Սեբեոս պատմագիրը, - գումարվեց Շիրակի դաշտում և Շիրակավան կոչվող գյուղում": Պարսից զորքերի ճնշմանը չդիմանալով` բյուզանդական զորքը նահանջեց ոչ հեռու գտնվող Ականից (Ականիս) դաշտը, ապա Գետիկ ավան, որտեղ տեղացի այրերի մասնակցությամբ հակահարված տրվեց պարսիկներին: Սակայն բյուզանդական զորքը պարտվեց ու նահանջեց, ինչից հետո պարսիկները դաժան հաշվեհարդար տեսան շիրակցիների հետ:

Ալեքսանդրապոլ

Ռուսական մուտքը Գյումրի. 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները

Առաջին անգամ ռուսական զորագնդերն Արևելյան Հայաստան արշավեցին 1804 թվականի մայիսի 29-ին: Անցնելով Լոռի-Փամբակով, նրանք մտան Շիրակ և բանակեցին Գյումրիից մոտ 18 կմ հեռու ընկած մի վայրում։ Հունիսի 10-ին Փոքր Զարաքիլիսա (Ազատան) գյուղի մոտ նրանք ընդհարվեցին պարսիկների հետ և հաղթանակ տարան: Ռուսներին զորակցում էին շիրակցիները, որոնց շարքերում էին նաև գյումրեցիները: Նույն ժամանակ ռուսական զորքը գրավեց Գյումրին, գերությունից ազատեց 400 հայ ընտանիք։

Փոքր Ղարաքիլիսայի մոտ մղած մարտերով սկսվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը (1804 - 13 թթ.)։ 1804-ի հունիսի 12-ին ռուսական կորպուսի գլխավոր ուժերը, գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ, մտան Շիրակ, բանակեցին Գյումրիում և նախապատրաստվեցին Երևան արշավելուն։ Հունիսի 15-ին ռուսական գլխավոր ուժերը Գյումրիի, Ապարանի վրայով, շարժվեցին դեպի Երևան։ Հուլիսի 2-ին ռուսները պաշարեցին Երևանի բերդը, բայց այն գրավել չհաջողվեց։ Գյումրին, ամբողջ արևելյան Շիրակը, վերստին անցան պարսից գերիշխանության տակ՝ ենթարկվելով Երևանի սարդարից կախյալ Շորագյալի սուլթանությանը։

1805-ի հունվարին ռուսական զորքը, գեներալ Նեսվետաևի գլխավորությամբ, դարձյալ արշավեց Արևելյան Հայաստան, մտավ Շիրակ և մարտի 30-ին գրավեց Շորագյալի սուլթանության կենտրոն Արթիկը։ Շիրակի գրավումը հիմք դարձավ Երևանի գավառի գրավման համար։ Սակայն Գյումրիի նկատմամբ սպառնալիքը չվերացավ։ Ուստի 1805-ի հունիսի 15-ին Փոքր Ղարաքիլիսայից Նեվեստաևը Ցիցիանովին հղած զեկուցագրում նշում է, որ անհրաժեշտ է մեկ գումարտակ տեղակայել Գյումրիում՝ դեպի Կարս և Թալին տանող ճանապարհը փակելու համար։ Գյումրիին սպառնում էին թե՛ պարսիկները, թե՛ թուրքերը։ Թուրքական ուժերի ներխուժումը կանխելու մտահոգությամբ 1805-ի հունիսի 19-ին Ցիցիանովին ուղղված մեկ այլ զեկուցագրում Նեվեստաևը հույս է հայտնում, որ Գյումրիի ռուսական զորաբաժինը փակելու է թուրքերի ճանապարհը դեպի Շիրակ։ Նա միաժամանակ հավաստիացնում է, որ Գյումրիում գտնվող ռուսական գումարտակը կարող է կանխել նաև պարսիկների հնարավոր հարձակումը։

Ալեքսանդրապոլ, 19-րդ դար: Քաղաքի հյուսիսային հատվածի ընդհանուր տեսարանը

Գյումրիի նկատմամբ սպառնալիքը չվերացավ նաև 1806 թվականին։ Ուշագրավ է, որ նույն թվականի հունիսի 16-ին կովկասյան ռազմուղու գլխավոր հրամանատար, գեներալ Գլազենապին ուղղված զեկուցագրում Նեվեստաևը նշում է, որ պարսից զորքը կամենում է հարձակվել Շորագյալի, Փամբակի վրա, բայց նրանց հակահարված են տալու Գյումրիի գրենադերական գնդի մարտիկները, որոնց տրամադրության տակ կա երկու հրանոթ։ Փաստորեն Շիրակի պաշտպանությունը հանձնարարված էր Գյումրիի ռուսական զորաբաժնին: Մինչդեռ թուրքերն ավելի ու ավելի էին մեծացնում իրենց ուժերը Գյումրիի դիմաց։ Ուստի Նեվեստաևը Գյումրի ժամանած գեներալ Գուդովիչին ուղղած զեկուցագրում (1807 թ., մայիսի 27) անհրաժեշտ է համարում նոր ուժեր հասցնել Գյումրի՝ թուրքերի հարձակումից Շորագյալը պաշտպանելու համար: Թուրքերը փորձեցին գրավել Գյումրին՝ նրա դեմ նետելով քառապատիկ ավելի ուժեր: Սակայն Գյումրիից ռուսական զորքը, տեղացիների զորակցությամբ, 1807-ի հունիսի 17-18-ին տեղի ունեցած մարտերում ուժեղ հակահարված տվեցին թուրքական զորքերին: Պարսկական զորքը, Աբաս Միրզայի գլխավորությամբ, շարժվեց դեպի Գյումրի, բայց տեղեկանալով թուրքական զորքի պարտության մասին` հեռացավ Նախիջևան: Թեև այդ հաղթաբակով ռազմավարական նախաձեռնությունն անցավ ռուսների ձեռքը, բայց Գուդովիչը դեպի Կարս առաջ շարժվելու փոխարեն զորքը պահեց Գյումրիում:

Ռուսական հրամանատարությունը 1808 թվականին վճռեց գրավել Երևանի ու Նախիջևանի խանությունները և Արաքսն ու Ախուրյանը դարձնել ռուս - պարսկական սահմանագիծ: Սակայն անհաջող անցավ սեպտեմբերին Երևանի դեմ գուդովիչի ձեռնարկած արշավանքը: Ելնելով ստեղծված կացությունից՝ ռուսական հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ռուսական սահմաններն ամրացնելու համար: Հատուկ ուշադրություն դարձվեց Գյումրիին` իբրև կարևորագույն ռազմական հենակետ: Դեկտեմբերի 1-ին այնտեղ տեղաբաշխվեց Անդրկովկասի ռուսական զորքի թիֆլիսյան գումարտ

Создать бесплатный сайт с uCoz