…ռնալ այդպիսի կազմակերպություններին:

2. Օրենքով կարող են նախատեսվել կազմակերպության նաեւ այլ իրավունքներ:

Հոդված 16. Կազմակերպության պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Կազմակերպությունը պարտավոր է՝

1) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն եւ հաշվապահական հաշվառում.

3) վարել իր անդամների հաշվառումը.

4) իր գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.

5) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ պետական լիազորված մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն եւ մյուս մարմինների որոշումների պատճենները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին՝ ներկա գտնվելու կազմակերպության ժողովին.

7) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու եւ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին՝ սահմանված կարգով դրանք հաշվառելու եւ հաշվառումից հանելու համար.

8) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի եւ (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները եւ (կամ) կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները:

2. Օրենքով կարող են նախատեսվել կազմակերպության նաեւ այլ պարտականություններ:

3.Անօրինական գործունեություն ծավալելու համար կազմակերպությունը եւ նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 17. Կազմակերպության սեփականությունը

1. Կազմակերպության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից եւ օրենքով չարգելված այլ, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից։

2. Կազմակերպության հիմնադիրների եւ անդամների՝ սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված գույքը կազմակերպության սեփականությունն է:

Կազմակերպությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան՝ օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

Կազմակերպության հիմնադիրները եւ անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ՝ անդամավճարները) նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը՝ իր հիմնադիրների եւ անդամների պարտավորությունների համար:

3. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրներին եւ անդամներին:

Հոդված 18. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության կարգ կարող է սահմանվել կազմակերպության կանոնադրությամբ:

Եթե կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ձեւավորում, ապա կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները բարձրագույն մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացության հետ մեկտեղ:

2. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողն) իրավասու է՝

1) ցանկացած ժամանակ անցկացնել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.

2) ծանոթանալ կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել կազմակերպության մարմիններ.

3) կազմակերպության պաշտոնատար անձանցից, անդամներից ու աշխատողներից պահանջել եւ ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն.

4) իրականացնել կազմակերպության կանոնադրությունից կամ բարձրագույն մարմնի որոշումներից բխող այլ լիազորություններ:

3. Կազմակերպության կողմից օրենքների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

4. Կազմակերպության կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, պետական լիազորված մարմինը կազմակերպություն է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

Հոդված 19. Կազմակերպության վերակազմակերպումը

1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կատարվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ: Կազմակերպության վերակազմակերպումը դատական կարգով հնարավոր է միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Կազմակերպությունը կարող է միաձուլվել այլ կազմակերպության (կազմակերպությունների) հետ:

Կազմակերպությունը կարող է միանալ այլ կազմակերպության:

Կազմակերպությանը կարող է (են) միանալ այլ կազմակերպություն (կազմակերպություններ):

Կազմակերպությունը կարող է բաժանվել այլ կազմակերպությունների:

Կազմակերպությունից կարող է (են) առանձնանալ կազմակերպություն (կազմակերպություններ):

Կազմակերպությունը կարող է վերակազմավորվել հասարակական միավորման որեւէ այլ կազմակերպական-իրավական տեսակի կամ հիմնադրամի:

2. Կազմակերպության (կազմակերպությունների) վերակազմակերպման հետեւանքով նրանց կանոնադրությունների փոփոխությունները եւ (կամ) լրացումները կամ գործունեության դադարումը, ինչպես նաեւ նոր ստեղծված իրավաբանական անձինք պետական գրանցում են ստանում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 20. Կազմակերպության լուծարումը

1. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է նրա գործունեության դադարմանը՝ առանց իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու։ Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:

2. Կազմակերպությունը կարող է կամավոր լուծարվել իր բարձրագույն մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է կազմակերպությունը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

3. Կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ պետական լիազորված մարմնի պահանջով եւ միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում։

4. Կազմակերպության լուծարումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով:

5. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

6. Կազմակերպության լուծարման մասին կազմակերպության բարձրագույն մարմնի որոշումը, կազմակերպության այլ մարմինների ու լուծարման հանձնաժողովի՝ լուծարման գործընթացին վերաբերող որոշումները, դրանք կայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, դատարան բողոքարկելու իրավունք ունի կազմակերպության ցանկացած անդամ: Այդ դեպքում դատարանը կարող է իր որոշմամբ կասեցնել վիճարկվող որոշման կատարման ընթացքը՝ մինչեւ գործի դատական քննության ավարտը:

7. Կազմակերպության լուծարման պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21. Կազմակերպության հարկադիր լուծարման հիմքերը

1. Պետական լիազորված մարմինը կարող է կազմակերպությունը լուծարելու պահանջով դիմել դատարան, եթե՝

1) կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն եւ պատերազմ քարոզելուն.

2) կազմակերպությունը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

3) կազմակերպության հիմնադիր կամ լիազորած անձը (անձինք) թույլ են տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ, որոնք ազդել են կազմակերպության ստեղծման վրա:

2. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով դատական ընթացակարգը կիրառվում է, եթե անարդյունավետ կամ սպառված են օրենքով պաշտպանվող իրավունքի խախտումը վերացնելու մյուս միջոցները:

3. Կազմակերպությունը լուծարվում է նաեւ սնանկության հետեւանքով:

Հոդված 22. Կազմակերպության միջազգային կապերը

Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային եւ օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպություններին եւ ունենալ միջազգային այլ կապեր։

Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 23. Միջազգային եւ օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում

1. Սույն օրենքի՝ կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող դրույթները տարածվում են նաեւ միջազգային եւ օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) գործունեության վրա:

2. Միջազգային եւ օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով եւ գործում են հիմնադրի անունից ու նրա հաստատած կանոնադրության հիման վրա, որը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Նրանց գործունեությունը կարող է դադարեցվել ինչպես հիմնադրի որոշմամբ, այնպես էլ դատարանի վճռով՝ պետական լիազորված մարմնի պահանջով, սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

3. Միջազգային եւ օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների գործունեության դադարումից (կազմալուծումից) հետո մնացած գույքը հիմնադրի սեփականությունն է:

Հոդված 24. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ կազմակերպությունների պարտադիր վերագրանցման ու ստորաբաժանումների եւ հիմնարկների պարտադիր վերահաշվառման պահանջ չի դրվում:

3. Սույն օրենքի նորմերը գերակա են կազմակերպությունների, ինչպես նաեւ նրանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների կանոնադրությունների նկատմամբ:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հոկտեմբերի 22-ի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: 
  
  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 դեկտեմբերի 2001թ. 
ՀՕ-268

14.12.2004

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

09.04.2007

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

14.04.2011

«Հասարակական կազմակերպությունների մաuին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

19.03.2012

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Создать бесплатный сайт с uCoz