ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Ընդունվել է 24.10.2001 
 

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները:

Սույն օրենքը սահմանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաեւ նրա մասնակիցների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը:

Բանկ հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման եւ գործունեության վերակազմակերպման ու լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենսդրությունը

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից (այսուհետ՝ Օրենսգիրք), սույն օրենքից, այլ օրենքներից եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

Հոդված 3. Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

2. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առեւտրային կազմակերպություն է:

3. Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել եւ իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

4. Ընկերությունն ունի օրենքով չարգելված քաղաքացիական այնպիսի իրավունքներ, որոնք անհրաժեշտ են նրա գործունեության իրականացման համար, եթե դա չի հակասում ընկերության կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկային եւ նպատակներին:

5. Ընկերությունն իրավունք ունի սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս:

6. Ընկերությունը պետք է ունենա իր ֆիրմային անվանումը հայերեն լեզվով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաեւ ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաեւ նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:

7. Ընկերությունը կարող է ունենալ իր անվանումը կամ ֆիրմային անվանումը պարունակող ձեւաթղթեր, խորհրդանիշ, ապրանքային նշան եւ անհատականացման այլ միջոցներ:

8. Ընկերության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

Հոդված 4. Ընկերության սեփականությունը

1. Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) ավանդները, դրանց հաշվին ստեղծված, ինչպես նաեւ ընկերության գործունեության ընթացքում արտադրված եւ ձեռք բերված գույքն ընկերությանն է պատկանում սեփականության իրավունքով:

2. Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել եւ տնօրինել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը:

Հոդված 5. Ընկերության եւ նրա մասնակիցների պատասխանատվությունը

1. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

2. Ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար:

3. Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար եւ իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

Ընկերության մասնակիցը, որն ընկերության կանոնադրական կապիտալում իր ավանդն ամբողջությամբ չի ներդրել, համապարտ պատասխանատվություն է կրում ընկերության պարտավորությունների համար՝ իր ավանդի չվճարված մասի արժեքի սահմաններում:

4. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար, ինչպես եւ ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության կամ համայնքների պարտավորությունների համար:

Հոդված 6. Ընկերության մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները

1. Օրենսգրքի, սույն օրենքի եւ իր կանոնադրության համապատասխան, ընկերությունն իր իրավասու մարմնի որոշման հիման վրա կարող է ստեղծել մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ:

2. Ընկերության կողմից օտարերկրյա պետություններում մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների ստեղծումն իրականացվում է տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետությունում ընկերության մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

Հոդված 7. Ընկերության հիմնարկները

1. Օրենսգրքի, սույն օրենքի եւ իր կանոնադրության համապատասխան, ընկերությունն իր իրավասու մարմնի որոշման հիման վրա կարող է ստեղծել հիմնարկներ:

2. Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնարկները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

ԳԼՈՒԽ II

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 8. Ընկերության ստեղծումը

1. Ընկերությունը կարող է ստեղծվել նոր ընկերության հիմնադրման, ինչպես նաեւ բաժնետիրական ընկերությունների կամ առեւտրային կոոպերատիվների վերակազմակերպման միջոցով:

2. Ընկերության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիրների որոշմամբ:

3. Ընկերությունը կարող է հետագայում վերածվել մեկ մասնակից ունեցող ընկերության: Մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության ստեղծման դեպքում ընկերության հիմնադրման մասին պայմանագիր չի կնքվում:

4. Ընկերությունն ստեղծված է համարվում նրա՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

5. Ընկերությունն ստեղծվում է առանց ժամկետային սահմանափակման, եթե նրա կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հոդված 9. Ընկերության հիմնադրման մասին պայմանագիրը

1. Ընկերություն հիմնադրել ցանկացող անձինք (հիմնադիրները) կնքում են գրավոր պայմանագիր: Հիմնադիրներից որեւէ մեկի պահանջով կամ, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրի համաձայն հիմնադիրների կողմից ընկերության կանոնադրական կապիտալ ներդրվելու են անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ կամ Օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում, ընկերության հիմնադրման մասին պայմանագիրը ենթակա է վավերացման նոտարական կարգով:

2. Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով սահմանվում են նրա հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, ընկերությանն իրենց գույքը հանձնելու եւ նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները, ընկերության կանոնադրական կապիտալ ներդրված ոչ դրամային ավանդների դրամական գնահատման կարգը, ինչպես նաեւ ընկերության հիմնադիրների կազմը, ընկերության կանոնադրական

կապիտալի եւ յուրաքանչյուր հիմնադրի բաժնեմասի չափը, ավանդների կազմը եւ չափը, ընկերության ստեղծման պահին ավանդների ներդրման կարգը, հիմնադիրների պատասխանատվությունը՝ ավանդների ներդրման հետ կապված իրենց պարտականությունները չկատարելու համար:

3. Հիմնադիրների կողմից ընկերության հիմնադրման հետ կապված հարցերով որոշումները պետք է ընդունվեն հիմնադիրների կողմից միաձայն:

4. Ընկերության հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչեւ ընկերության պետական գրանցումը ծագած՝ ընկերության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Ընկերության հիմնադրման մասին պայմանագրում փոփոխությունները կատարվում են ընկերության հիմնադրման մասին պայմանագրի կնքման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 10. Ընկերության կանոնադրությունը

1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների կողմից հաստատված կանոնադրությունը:

2. Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները պետք է ընդունեն միաձայն:

Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի՝

ա) ընկերության անվանումը.

բ) ընկերության գտնվելու վայրը.

գ) ընկերության կառավարման մարմինների կազմը եւ լիազորությունները, այդ թվում՝ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ ընդհանուր ժողով) բացառիկ լիազորությունը հանդիսացող հարցերը.

դ) ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման կարգը՝ այդ թվում՝ այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

ե) ընկերության կանոնադրական կապիտալի չափը.

զ) ընկերության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները.

է) ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալու կարգը.

ը) ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասն այլ անձին փոխանցելու կարգը:

Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Ընկերության մասնակցի հրավիրած աուդիտորի կամ ցանկացած այլ անձի պահանջով ընկերությունը պարտավոր է ողջամիտ ժամկետներում նրան հնարավորություն տալ ծանոթանալու հիմնադրման մասին պայմանագրին եւ կանոնադրությանը՝ դրանցում կատարված փոփոխություններով հանդերձ: Պատճենների տրամադրման համար ընկերության կողմից գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը:

4. Ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից:

Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:

5. Անձը համարվում է ընկերության մասնակից, իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա, որպես այդպիսին, գրանցվելու պահից:


 

ԳԼՈՒԽ III

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 11. Ընկերության հիմնադիրը եւ մասնակիցը

1. Ընկերության հիմնադիր են համարվում մինչեւ ընկերության պետական գրանցման պահն ընկերություն հիմնադրելու մասին պայմանագիր կնքած անձինք, իսկ ընկերությունը մեկ անձի կողմից հիմնադրվելու դեպքում՝ ընկերության ստեղծման մասին որոշում կայացրած անձը:

2. Ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք:

3. Ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող են լինել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները:

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ընկերության հիմնադիր կամ մասնակից չեն կարող լինել:

Հայաստանի Հանրապետության անունից ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդես գալ միայն կառավարությունը: Համայնքի անունից ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդես գալ միայն համայնքի ղեկավարը՝ համայնքի ավագանու համաձայնությամբ:

4. Մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության մասնակիցն իրականացնում է սույն օրենքով ընկերության հիմնադիրներին (մասնակիցներին) վերապահված իրավունքները եւ պարտականությունները: Ընկերությունը՝ որպես մեկ հիմնադիր (մասնակից), չի կարող հիմնադրել կամ ունենալ այլ տնտեսական ընկերություն, որը բաղկացած է մեկ անձից:

5. Ընկերության հիմնադիր կամ մասնակից լինելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

Հոդված 12. Ընկերության մասնակիցների իրավունքները

Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն՝

ա) սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը.

բ) ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ.

գ) ստանալ ընկերության գործունեությունից ստացվող՝ օրենքով սահմանված շահույթի մասը.

դ) օրենքով եւ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց.

ե) անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից.

զ) ընկերության լուծարման դեպքում օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով բաժին ստանալ ընկերության մնացած գույքից:

Ընկերության մասնակիցներն ունեն նաեւ օրենքով եւ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 13. Ընկերության մասնակիցների պարտականությունները

Ընկերության մասնակիցները պարտավոր են՝

ա) ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով.

բ) չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից:

Ընկերության մասնակիցները կրում են նաեւ օրենքով եւ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 14. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցելը (օտարելը)

1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ ձեւով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:

2. Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

3. Ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն օգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից, այն գնով, որն առաջարկվել է երրորդ անձանց: Ընկերության մասնակիցը, որը ցանկանում է վաճառել իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձին, պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել ընկերությանը՝ նշելով գինը եւ վաճառքի մյուս պայմանները: Ընկերությունն այդ մասին ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով հայտնում է ընկերության մասնակիցներին:

Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ նախատեսված այլ ժամկետում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից, մասնակցի բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձանց՝ նույն պայմաններով եւ ոչ պակաս այն գնից, որն առաջարկվել էր նրա մասնակիցներին:

4. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ընկերության մասնակցի բաժնեմասի (դրա մասի) ձեռքբերման՝ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ ընկերության նախապատվության իրավունքն այն դեպքում, երբ ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը:

5. Սույն օրենքով նախատեսված՝ գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնեմասի վաճառքի դեպքում ընկերության ցանկացած մասնակից եւ (կամ) ընկերությունը, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է ընկերության նախապատվության իրավունքը, իրավունք ունի 6 ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել անվավեր ճանաչելու այդ գործարքը, սկսած այն պահից, երբ նրանք իմացել են կամ պարտավոր էին իմանալ խախտման մասին:

6. Սույն օրենքով նախատեսված բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի զիջում չի թույլատրվում:

Հոդված 15. Բաժնեմասի օտարման պայմանագիրը

1. Բաժնեմասի օտարումը պետք է իրականացվի պարզ գրավոր ձեւով ձեւակերպված պայմանագրով, եթե դրա նոտարական կարգով վավերացման պահանջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ:

2. Բաժնեմասի օտարման պայմանագրի՝ սույն հոդվածով եւ ընկերության կանոնադրությամբ սահմանված ձեւը չպահպանելը բերում է նրա անվավերությանը:

3. Ընկերությունը պետք է գրավոր կերպով տեղեկացվի բաժնեմասի օտարման մասին՝ օտարման փաստը հաստատող ապացույցների ներկայացման հետ միասին: Բաժնեմասի օտարման պայմանագիրն ուժի մեջ է մտնում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից՝ ընկերության մասնակիցների գրանցամատյանում դրանց գրանցման պահից: Բաժնեմասը ձեռք բերողին փոխանցվում են ընկերության մասնակցի՝ մինչեւ բաժնեմասի օտարումը ծագած իրավունքները եւ պարտականությունները:

Հոդված 16. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի փոխանցումը նրա ժառանգներին կամ իրավահաջորդներին

1. Ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին եւ իրավաբանական անձանց իրավահաջորդներին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ: Սույն օրենքով եւ ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով ու պայմաններով՝ բաժնեմասն անցնելու համար ընկերության մասնակիցների կողմից համաձայնություն չտալը հանգեցնում է մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով դա վճարելու կամ դրա արժեքը հատուցելու՝ ընկերության պարտականությանը:

2. Այն դեպքերում, երբ ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը նրա ժառանգներին կամ իրավաբանական անձանց իրավահաջորդներին անցնելու համար անհրաժեշտ է ընկերության մասնակիցների համաձայնությունը, այն համարվում է ստացված, եթե ընկերության մասնակիցներին դիմելուց հետո 30 օրվա ընթացքում, կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ ժամկետներում ստացվել է բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը, կամ ոչ մի մասնակցից չի ստացվել գրավոր մերժում: 

Հոդված 17. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը գրավ դնելը

1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) գրավ դնել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների եւ երրորդ անձանց, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ:

2. Ընկերության մասնակցի գրավ դրված բաժնեմասի (դրա մասի) վրա բռնագանձում տարածվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ընկերության մասնակցի բաժնեմասը, մինչեւ դրա լրիվ վճարումը, կարող է գրավ դրվել միայն այն մասով, որն արդեն վճարված է:

Հոդված 18. Ընկերության կողմից կանոնադրական կապիտալում բաժնեմաս ձեռք բերելը

1. Ընկերությունն իր կանոնադրական կապիտալում բաժնեմասեր (դրանց մասեր) ձեռք բերելու իրավունք ունի միայն սույն օրենքով սահմանված դեպքերում:

2. Եթե ընկերության կանոնադրությանը համապատասխան, մասնակցի բաժնեմասի (դրա մասի) օտարումը երրորդ անձանց հնարավոր չէ, իսկ ընկերության մյուս մասնակիցները հրաժարվում են այն գնելուց, ապա ընկերությունը պարտավոր է մասնակցի պահանջով ձեռք բերել մասնակցի բաժնեմասը:

Բաժնեմասն ընկերությանը փոխանցվում է մասնակցի կողմից այն ձեռք բերելու պահանջն ընկերությանը ներկայացնելու պահից, կամ ընկերության մասնակցին ընկերությունից հեռացնելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու, կամ եթե ընկերության որեւէ մասնակցից ստացվել է մերժում բաժնեմասն ընկերության մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) փոխանցելու, կամ այն ընկերության մասնակից լուծարված իրավաբանական անձի մասնակիցների միջեւ բաշխելու կապակցությամբ, ինչպես նաեւ ընկերության կողմից նրա մասնակիցների պարտատերերի պահանջով բաժնեմասի (դրա մասի) արժեքի վճարման դեպքում:

3. Ընկերությունը պարտավոր է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով մասնակցին վճարել բաժնեմասի (դրա մասի) արժեքը:

Հոդված 19. Ընկերությանը պատկանող բաժնեմասերը

1. Ընկերությանը պատկանող բաժնեմասերը հաշվի չեն առնվում ընդհանուր ժողովի կողմից որոշումների ընդունման ժամանակ քվեարկության արդյունքները որոշելիս, ինչպես նաեւ ընկերության լուծարման դեպքում գույքը բաշխելիս:

2. Ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ պետք է բաշխվի ընկերության բոլոր մասնակիցների միջեւ՝ նրանց բաժնեմասերին համապատասխան կամ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ՝ երրորդ անձանց, եւ ամբողջությամբ վճարվի: Բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի՝ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով:

Հոդված 20. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը կամ բռնագրավելը

1. Ընկերության մասնակցի պարտքերի համար պարտատերերի պահանջով նրա բաժնեմասի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում՝ դատարանի վճռի հիման վրա:

2. Ընկերության նման մասնակցի բաժնեմասի արժեքը նրա պարտատերերին վճարելու համար ընկերությունն առաջարկում է ընկերության մյուս մասնակիցներին գնել այդ բաժնեմասը:

Եթե ընկերության մասնակիցները մեկ ամսվա ընթացքում չեն օգտվում բաժնեմասը գնելու իրենց իրավունքից, ապա ընկերությունն իրավունք ունի ձեռք բերել այդ բաժնեմասը եւ ընկերության մասնակցի պարտատերերին վճարել բաժնեմասի արժեքը:

Եթե ընկերությունը մեկ ամսվա ընթացքում չի օգտվում ընկերության մասնակցի բաժնեմասը ձեռք բերելու իրավունքից, ապա բաժնեմասի վրա բռնագանձման տարածումն իրականացվում է բաժնեմասը հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով:

3. Բաժնեմասը մեկ ամսվա ընթացքում հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում ընկերության կանոնադրական կապիտալում առանձնացվում է բաժնեմասին համապատասխան գույք՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար:

4. Ընկերության մասնակցի բաժնեմասը կարող է բռնագրավվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Ընկերության մասնակցի բաժնեմասի բռնագրավումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ընթացակարգով:

Եթե ընկերությանը կամ նրա մասնակիցներին, ընկերության մասնակցի բռնագրավման ենթակա բաժնեմասի արժեքը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով չի վաճառվում, ապա բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է Հայաստանի Հանրապետությանը:

5. Ընկերության գույքում մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը կամ բաժնեմասն ամբողջությամբ բռնագրավելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերությանը:

Հոդված 21. Ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալը

Ընկերության մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից՝ անկախ ընկերության կամ նրա մասնակիցների համաձայնությունից:

Ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալու հետ կապված հաշվարկները կատարվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

Հոդված 22. Ընկերության մասնակցին ընկերությունից հեռացնելը

1. Ընկերության մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) գումարային առումով տնօրինում է (են) ընկերության առնվազն 10 տոկոս բաժնեմասը, իրավունք ունի (ունեն) դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը:

2. Ընկերությունից հեռացված մասնակցի բաժնեմասն անցնում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է մասնակցին վճարել բաժնեմասի արժեքը, որը որոշվում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

Հոդված 23. Ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալու կամ հեռացվելու հետ կապված հաշվարկները

1. Ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից նրա բաժնեմասը փոխանցվում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից՝ 6 ամսվա ընթացքում, մասնակցին վճարել բաժնեմասի (կանոնադրական կապիտալում նրա ավանդի ոչ լրիվ վճարման դեպքում՝ վճարված մասին համապատասխան բաժնեմասի) արժեքը, որը որոշվում է ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա:

Ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերությունից դուրս եկող մասնակցին նրա համաձայնությամբ կարող է տրվել նրա բաժնեմասի արժեքին համապատասխան գույք:

Ընկերությունից դուրս եկած մասնակցի՝ որպես ավանդ ներդրված գույքի օգտագործման իրավունքն ընկերությունը պահպանում է մինչեւ օգտագործման իրավունքի ժամկետի ավարտը, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Եթե ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա ընկերությունը գույքի օգտագործման իրավունքը պահպանում է մինչեւ օգտագործման իրավունքի ժամկետի ավարտը, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հոդված 24. Շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջեւ

1. Ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:

2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջեւ՝ ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:

Հոդված 25. Ընկերության մասնակիցների միջեւ ընկերության շահույթի բաշխման սահմանափակումները

Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել ընկերության մասնակիցների միջեւ իր շահույթի բաշխման մասին կամ վճարել ընկերության մասնակիցներին շահույթ, որի բաշխման մասին որոշումն արդեն ընդունված է՝

ա) մինչեւ ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը.

բ) եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից եւ պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում.

գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 26. Ընկերության պահուստային եւ այլ ֆոնդերը

Ընկերությունը կարող է ստեղծել պահուստային եւ այլ ֆոնդեր՝ իր կանոնադրությամբ նախատեսված կարգով եւ չափերով:

Հոդված 27. Ընկերության կողմից արժեթղթերի թողարկումը

Ընկերությունն իրավունք ունի թողարկել արժեթղթեր, բացառությամբ բաժնետոմսերի, օրենքով սահմանված կարգով:


 

ԳԼՈՒԽ IV

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Հոդված 28. Ընկերության կանոնադրական կապիտալը: Բաժնեմասերն ընկերության կանոնադրական կապիտալում

1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է նրա մասնակիցների ավանդների արժեքից:

Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը չպետք է պակաս լինի փաստաթղթերը պետական գրանցման ներկայացնելու պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից:

2. Ընկերության կանոնադրական կապիտալի եւ մասնակիցների ավանդների անվանական արժեքները որոշվում են դրամով:

3. Ընկերության մասնակիցների բաժնեմասերի չափը որոշվում է տոկոսներով կամ մասերի տեսքով: Ընկերության մասնակցի բաժնեմասի չափը պետք է համապատասխանի նրա բաժնեմասի անվանական արժեքի եւ ընկերության կանոնադրական կապիտալի հարաբերությանը:

4. Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանափակվել ընկերության մասնակցի բաժնեմասի չափը: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանափակվել ընկերության մասնակիցների բաժնեմասերի փոխհարաբերության փոփոխման հնարավորությունը: Նշված դրույթները կարող են նախատեսվել ընկերության կանոնադրությամբ կամ հանվել ընկերության կանոնադրությունից նրա ստեղծման պահին, ինչպես նաեւ ընդհանուր ժողովի կողմից ընդունված միաձայն որոշմամբ:

Հոդված 29. Ավանդներն ընկերության կանոնադրական կապիտալում

1. Ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ կարող են ներդրվել դրամ, արժեթղթեր, այլ գույք կամ գույքային իրավունքներ, ինչպես նաեւ դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներ:

2. Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) կամ ընկերության մեջ ընդունվող երրորդ անձանց կողմից ներդրվող ոչ դրամային ավանդների դրամական գնահատականը հաստատվում է ընդհանուր ժողովի կողմից՝ միաձայն կարգով: Եթե ընկերության մասնակցի ոչ դրամային ավանդով վճարվող բաժնեմասի անվանական արժեքը (անվանական արժեքի մեծացումը) ավելի է ընկերության պետական գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելու պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից, ապա նման ավանդը պետք է գնահատվի անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:

Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել գույքի տեսակներ, որոնք չեն կարող որպես ավանդ ներդրվել ընկերության կանոնադրական կապիտալում:

3. Այն դեպքում, երբ ընկերության գույքի օգտագործման իրավունքը դադարել է մինչեւ այն ժամկետի ավարտը, երբ այդ գույքը փոխանցվել է նրան օգտագործման իրավունքով, որպես ավանդի ներդրում ընկերության կանոնադրական կապիտալում, գույքը փոխանցած ընկերության մասնակիցն ընկերության պահանջով պարտավոր է ընկերությանը տրամադրել դրամական հատուցում, որը հավասար է գույքի օգտագործման իրավունքի մնացած ժամանակի համար եւ նույն պայմաններով նույնատիպ գույքի օգտագործման վճարին: Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կարող է սահմանվել դրամական հատուցման տրամադրման այլ կարգ: Դրամական հատուցումը պետք է տրամադրվի միանգամյա կարգով նման պահանջ ներկայացնելուց հետո՝ ողջամիտ ժամկետներում, եթե ընդհանուր ժողովի որոշմամբ հատուցման տրամադրման այլ կարգ սահմանված չէ: Այդպիսի որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից, առանց հաշվի առնելու այն մասնակցի ձայները, որի ընկերությանը որպես ավանդ հանձնված գույքի օգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարել էր: Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կարող է սահմանվել դրամական հատուցման տրամադրման այլ կարգ:

Հոդված 30. Ընկերության կանոնադրական կապիտալում ավանդների ներդրման կարգը

Ընկերության յուրաքանչյուր հիմնադիր պարտավոր է ամբողջությամբ ներդնել իր ավանդն ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պայմանագրով սահմանված ժամկետներում, որը չի կարող գերազանցել ընկերության պետական գրանցման պահից մեկ տարին: Յուրաքանչյուր հիմնադրի ավանդի անվանական արժեքը չպետք է պակաս լինի նրա բաժնեմասի անվանական արժեքից:

Չի թույլատրվում հիմնադրի կողմից ավանդի ներդրման պարտականությունից ազատում, այդ թվում՝ ընկերության հանդեպ նրա պահանջների հաշվանցմամբ:

Ընկերության պետական գրանցման պահին պետք է վճարված լինի ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն կեսը:

Հոդված 31. Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը

1. Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը հնար… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz