ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Ընդունվել է 25.09.2001 

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի խնդիրները եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան սահմանում է բաժնետիրական ընկերությունների իրավական վիճակը, նրանց ստեղծման, գործունեության իրականացմանեւ դադարեցման կարգը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ ապահովում է բաժնետերերի, պարտատերերի իրավունքներիեւ օրինական շահերի պաշտպանությունը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կամ ստ”ղծվող բաժնետիրական ընկերությունների վրա:

3. Բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է Օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

4. Բանկային, ներդրումային, ապահովագրականեւ այլ գործունեության բնագավառներում բաժնետիրական ընկերությունների ստեղծման կարգի եւ իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

5. Մասնավորե ցման նպատակով պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման, ընկերությունների ստեղծման, լրացուցիչ բաժնետոմսերի, պարտատոմսերի թողարկման առանձնահատկությունները սահմանվում են մասնավորեցումը (ապապետականացումը) կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

6. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

Հոդված 2. Բաժնետիրական ընկերության իրավական վիճակը

1. Բաժնետիրական ընկերություն (այսուհետ` Ընկերություն) է համարվում առեւտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

2. Ընկերությունն իրավաբանական անձ է եւ ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Ընկերությունը կարող է ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնոլու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ եւ կրել քաղաքացիական պարտականություններ:

Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

4. Ընկերությունն ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Այն ստեղծվում է առանց ժամկետի սահմանափակման, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բանկեում:

6. Ընկերությունը պետք է ունենա իր ֆիրմային անվանումով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք: Վերջինս կարող է պարունակել նաեւ Ընկերության ֆիրմային անվանումն այլ լեզուներով, ինչպես նաեւ նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:

7. Ընկերությունը կարող է ունենալ իր ֆիրմային անվանումը պարունակող դրոշմներ եւ ձեւաթղթեր, ինչպես նաեեւ խորհրդանիշ եւ օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առեւտրային եւ այլ նշաններ:

Հոդված 3. Ընկերության եւ այլ անձանց պատասխանատվությունը

1. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

2. Ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետերերի պարտավորությունների համար:

3. Ընկերության բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար եւ իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

4. Եթե Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ է հանդիսանում բաժնետերերի կամ այլ անձանց գործունեությունը (անգործությունը), որոնք ունեն Ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իրավունք կամ Ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորություններ, ապա Ընկերությանը պատկանող գույքը չբավարարելու դեպքում այդ բաժնետերերի կամ այլ անձանց վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն՝ Ընկերության պարտավորությունների համար:

Վերոհիշյալ բաժնետերերի կամ այլ անձանց գործողությունները (անգործությունը) համարվում են Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ միայն այն դեպքում, եթե նրանք օգտագործել են իրենց այդ իրավունքը կամ հնարավորությունները Ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, նախօրոք իմանալով, որ այդ պատճառով Ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:

5. Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունն իր հերթին պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների պարտավորությունների համար:

Հոդված 4. Ընկերության անվանումը եւ գտնվելու վայրը

1. Ընկերությունն ունի հայերեն ֆիրմային անվանում, որը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ եւ (կամ) այլ անուն, ինչպես նաեւ ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը:

Ընկերության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաեւ Ընկերության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք Ընկերությունը կամ նրա հիմնադիրները համարում են անհրաժեշտ:

2. Ընկերությունը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը եւ (կամ) դրա հապավումը նաեւ այլ լեզուներով:

3. Ընկերության ֆիրմային անվանման գրանցման, օգտագործման եւ իրավական պաշտպանության կարգը սահմանվում է օրենքով եւ այլ իրավական ակտերով:

4. Ընկրության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որեւէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է Ընկերության պետական գրանցումը:

5. Ընկերությունը կարող է ունենալ փոստային հասցե, որով նրա հետ հնարավոր է կապ պահպանել: Ընկերության փոստային հասցեով կամ գտնվելու վայրով փոստի եւ այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:

Հոդված 5. Ընկերության մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները

1. Ընկերությունն իրավունք ունի օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ:

Ընկերության մասնաճյուղ է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը, ներառյալ՝ ներկայացուցչական գործառույթները:

Ընկերության ներկայացուցչություն է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է Ընկերության շահերը եւ իրականացնում դրանց պաշտպանությունը:

Օտարերկրյա պետություններում Ընկերության առանձնացված ստորաբաժանումների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Ընկերության առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման մասին որոշումներն ընդունվում են Ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) (այսուհետ՝ խորհուրդ) կողմից: Ընկերության առանձնացված ստորաբաժանումը հիմնադրված է համարվում համապատասխան որոշման ընդունման պահից:

3. Ընկերության մասնաճյուղերը եւ ներկայացուցչություններն իրավաբանական անձինք չեն եւ գործում են Ընկերության կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա:

Մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գույքը տրամադրում է դրանք ստեղծած Ընկերությունը: Մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գույքը հաշվառվում է ինչպես դրանց առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ Ընկերության հաշվեկշռում:

Մասնաճյուղի եւ ներկայացուցչության ղեկավարները նշանակվում են Ընկերության կողմից եւ գործում են վերջինիս տված լիազորագրերի հիման վրա:

4. Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:

5. Մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները գործում են դրանք ստղծած Ընկերության անունից: Մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գործունեության համար պատասխանատվությունը կրում է դրանք ստեղծած Ընկերությունը:

Հոդված 6. Ընկերության հիմնարկները

1. Ընկերությունն իրավունք ունի օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան ստեղծել հիմնարկներ:

Ընկերության հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առեւտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերության ստեղծած կազմակերպությունը:

Օտարերկրյա պետություններում հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Ընկերության հիմնարկների հիմնադրման մասին որոշումներն ընդունում է խորհուրդը: Ընկերության հիմնարկը հիմնադրված է համարվում համապատասխան որոշման ընդունման պահից:

3. Ընկերության հիմնարկներն իրավաբանական անձինք չեն եւ գործում են Ընկերության հաստատած անոնադրությունների հիման վրա:

Հիմնարկների գույքը տրամադրում է դրանք ստեղծած Ընկերությունը: Հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, Ընկերության հանձնարարություններին եւ իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է այդ գույքը: Հիմնարկի գույքը հաշվառվում է ինչպես դրա առանձին հաշվեկշռում, այնպես էլ Ընկերության հաշվեկշռում:

Հիմնարկի ղեկավարներին նշանակում է Ընկերությունը:

4. Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ հիմնարկների մասին:

5. Հիմնարկները գործում են դրանք ստեղծած Ընկերության անունից: Հիմնարկների գործունեության համար պատասխանատվությունը կրում է դրանք ստեղծած Ընկերությունը:

Հոդված 7. Դուստր եւ կախյալ ընկերությունները

1. Ընկերությունն իրավունք ունի ունենալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող դուստր եւ կախյալ տնտեսական ընկերություններ: Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ մասնակցությունը կատարվում է այդ երկրների օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) ընկերություն կամ ընկերակցություն նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ՝ օրենքով չարգելված ձեւով հնարավորություն ունի կանխորոշել այդ ընկերության որոշումները:

Ընկերությունը մեկ այլ (հիմնական) ընկերության կամ ընկերակցության նկատմամբ համարվում է կախյալ,եթե մյուս (գերակշռող, մասնակցող) ընկերությունը կամ ընկերակցությունն ունի այդ ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը:

3. Եթե ընկերությունը համարվում է դուստր կամ կախյալ մեկ այլ ընկերության նկատմամբ, որն իր հերթին դուստր կամ կախյալ է երրորդ տնտեսական ընկերության կամ ընկերակցության նկատմամբ, ապա առաջին ընկերությունը դուստր կամ կախյալ է ճանաչվում նաեւ երրորդի նկատմամբ: Սույն դրույթը կիրառվում է հիմնական տնտեսական ընկերության (ընկերակցության) եւ դուստր կամ կախյալ ընկերության միջեւ հետագայում ծագող հարաբերությունների բոլոր հաջորդական դեպքերի նկատմամբ:

4. Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության (ընկերակցության) պարտավորությունների համար:

Հիմնական ընկերությունը (ընկերակցությունը), որը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունի, նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար:

Հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքն ամրագրված է նրանց միջեւ կնքված պայմանագրում կամ ծագում է օրենքով չարգելված այլ ձեւով:

5. Դուստր ընկերության բաժնետերերը (մասնակիցները) իրավունք ունեն հիմնական ընկերությունից (ընկերակցությունից) պահանջել հատուցելու վերջինիս մեղքով դուստր ընկերությանը պատճառված վնասները:

Վնասները համարվում են պատճառված հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե դրանք վրա են հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետեւանքով:

6. Հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը համարվում է առաջացած հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետւանքով:

7. Սույն հոդվածի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) ենթակա է պատասխանատվության, եթե նա գիտեր կամ կարող էր իմանալ համապատասխան հետեւանքների առաջացման մասին:

8. Տնտեսական ընկերությունը կամ ընկերակցությունը, որը ձեռք է բերել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը, պարտավոր է օրենքով սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել այդ մասին:

Հոդված 8. Ընկերությունների տեսակները

1. Ընկերությունները կարող են լինել բաց եւ փակ, որը պետք է արտահայտվի Ընկերության կանոնադրության եւ ֆիրմային անվանման մեջ:

2. Ընկերությունը համարվում է բաց, եթե նրա բաժնետերերն իրավունք ունեն օտարել իրենց պատկանող բաժնետոմսերն առանց մյուս բաժնետերերի համաձայնության:Նման Ընկերությունն իրավունք ունի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն եւ դրանց ազատ վաճառք: Բաց Ընկերությունը կարող է անցկացնել նաեւ իր թողարկած բաժնետոմսերի փակ բաժանորդագրություն:

Բաց Ընկերությունների բաժնետերերի քանակը չի սահմանափակվում:

3. Ընկերությունը համարվում է փակ, եթե Ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա բաժնետերերի (այդ թվում՝ հիմնադիրների) կամ նախապես որոշված այլ անձանց միջեւ: Փակ Ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք:

Փակ Ընկերությունը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 բաժնետեր: Եթե բաժնետերերի թիվը 49-ից ավելի է դարձել, ապա Ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ համապատասխանաբար կրճատի իր բաժնետերերի քանակը: Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով:

Փակ Ընկերության բաժնետերն ունի այդ Ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք: Եթե Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից ոչ մեկը չի օգտվում նախապատվության իր իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու կամ դրանից հրաժարվելու մասին որոշումը կայացնում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ ժողով), եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Փակ Ընկերության բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքի իրականացման կարգը եւ ժամկետները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Նախապատվության իրավունքի ժամկետը չի կարող բաժնետոմսերի վաճառքի առաջարկման պահից 30 օրից պակաս եւ 60 օրից ավելի լինել: 

 

ԳԼՈՒԽ II

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 9. Ընկերության ստեղծումը

Ընկերությունը կարող է ստեղծվել նոր Ընկերության հիմնադրման  եւ գոյություն ունեցող իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) միջոցով:

Ընկերությունն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:

Հոդված 10. Ընկերության հիմնադրումը

1. Ընկերության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է Ընկերության հիմնադիր ժողովի որոշմամբ:

Ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից՝ մեկ բաժնետիրոջ կողմից Ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում, ինչի մասին տեղեկությունները պետք է պարունակվեն Ընկերության կանոնադրությունում, գրանցվեն եւ հրապարակվեն: Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրման մասին որոշումը (գրավոր) կայացնում է այդ անձը՝ միանձնյա:

2. Ընկերության հիմնադիրները կնքում են Ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է՝

ա) տեղեկություններ հիմնադիրների մասին`

- ֆիզիկական անձանց համար` անունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցները,

- իրավաբանական անձանց համար` լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցները.

բ) Ընկերության ստեղծման կապակցությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը.

գ) Ընկերության կանոնադրական կապիտալի չափը.

դ) հիմնադիրների միջեւ տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները եւ դասերը, դրանց վճարման չափը եւ կարգը.

ե) յուրաքանչյուր հիմնադրի կողմից ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը.

զ) Ընկերության ստեղծման հետ կապված հիմնադիրների իրավունքները եւ պարտականությունները.

է) մինչեւ Ընկերության հիմնադիր ժողովի անցկացումը հիմնադիրներին ներկայացնելու համար լիազորված ֆիզիկական անձի անունը.

ը) Ընկերությունը չկայացած համարվելու կամ նրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` Ընկերության ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետեւանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումն ըստ հիմնադիրների.

թ) Ընկերությունը չկայացած համարվելու կամ նրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` հիմնադիրներին բաժնետոմսերի դիմաց իրենց կատարված վճարների վերադարձման կարգը:

Ընկերության ստեղծման մասին պայմանագիրը հիմնադիր փաստաթուղթ չէ:

3. Ընկերության հիմնադրման ժամանակ նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջեւ:

4. Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերության հիմնադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ ավագանու համաձայնությամբ:

Հոդված 11. Ընկերության հիմնադիրները

1. Ընկերության հիմնադիրներ կարող են հանդիսանալ նրա հիմնադրման մասին որոշում ընդունած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունն Ընկերությունում օրենքով արգելված կամ սահմանափակված է:

2. Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները կարող են լինել Ընկերության բաժնետեր՝ քաղաքացինեորի եւ իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հանդես գալ որպես Ընկերության բաժնետերեր:

3. Ընկերության հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչեւ Ընկերության պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Ընկերությունը պատասխանատվություն է կրում իր ստեղծման հետ կապված հիմնադիրների պարտավորությունների համար միայն այն դեպքում, եթե նրա ստեղծման վերաբերյալ հիմնադիրների գործունեությունը հավանության է արժանանում ժողովում:

4. Օտարերկրյա անձինք կարող են հիմնադրել Ընկերություն եւ անդամակցել նրան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ հավասար իրավունքներով: Օտարերկրյա անձանց մասնակցությամբ Ընկերությունների ստեղծման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 12. Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը

1. Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը (այսուհետ՝ հիմնադիր ժողով) գումարվում է բաժնետոմսերի տեղաբաշխումը եւ բաժնետոմսերի դիմաց բաժնետերերի կողմից վճարումները կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:

2. Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների, ինչպես նաեւ բաժնետերերի 3/4-ը:

3. Հիմնադիր ժողովը`

ա) հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները.

բ) ընդունում է որոշում Ընկերության հիմնադրման մասին.

գ) հաստատում է Ընկերության կանոնադրական կապիտալի (այսուհետ՝ կանոնադրական կապիտալ) չափը.

դ) հաստատում է Ընկերության կանոնադրությունը.

ե) ընտրում է Ընկերության խորհուրդ.

զ) ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող).

է) ձեւավորում է գործադիր մարմին, եթե այդ լիազորությունը վերապահված չէ խորհրդին.

ը) լսում է հիմնադիրների եւ (կամ) նրանց կողմից լիազորված անձի հաշվետվությունը:

Սույն կետի «ա», «գ» եւ «ը» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի կողմից՝ նրա մասնակիցների ձայների 3/4-ով:

Սույն կետի «բ» եւ «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի կողմից՝ նրա մասնակիցների միաձայնությամբ:

Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

Հիմնադիր ժողովն իրավունք ունի քննարկել եւ որոշումներ ընդունել նաեւ այն հարցերի վերաբերյալ, որոնք Ընկերության կանոնադրությամբ վերապահված են ժողովի իրավասությանը:

4. Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրի գրավոր որոշումը պետք է պարունակի դրույթներ՝ սույն հոդվածի 3-րդ կետի «ա-է» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, ինչպես նաեւ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) եւ նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման մարմնին (մարմիններին):

6. Համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերության հիմնադրման մասին համայնքի ղեկավարի որոշումը պետք է պարունակի դրույթներ՝ սույն հոդվածի 3-րդ կետի «ա-է» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ:

Հոդված 13. Չկայացած Ընկերությունը

1. Ընկերությունը համարվում է չկայացած՝

ա) եթե սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում չի գումարվել հիմնադիր ժողովը.

բ) եթե Ընկերություն հիմնադրելու մասին որոշումն ընդունվելու պահից 6 ամսվա ընթացքում Ընկերությունը սահմանված կարգով չի գրանցվել.

գ) Ընկերության պետական գրանցումը մերժելու դեպքում (եթե մերժումը 3 ամսվա ընթացքում չի բողոքարկվել դատարան, կամ բողոքը մերժվել է, եւ այդ որոշումը մտել է օրինական ուժի մեջ):

2. Չկայացած Ընկերության հիմնադիրներին բաժնետոմսերի դիմաց կատարված վճարները վերադարձվում են Ընկերության ստեղծման հետ կապված պարտավորությունների նկատմամբ պատասխանատվությունն ըստ հիմնադիրների բաշխելուց հետո՝ համաձայն Ընկերության ստեղծման մասին պայմանագրի:

Հոդված 14. Ընկերության կանոնադրությունը

1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթն Ընկերության կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն): Սույն օրենքին համապատասխան՝ մեկ հիմնադրի ստեղծած Ընկերությունը գործում է այդ հիմնադրի հաստատած կանոնադրության հիման վրա:

Կանոնադրության պահանջները պարտադիր են Ընկերության բաժնետերերի եւ նրա բոլոր մարմինների համար:

2. Կանոնադրությունը սահմանում է`

ա) Ընկերության ֆիրմային անվանումը՝ լրիվ, կրճատ.

բ) Ընկերության գտնվելու վայրը.

գ) կանոնադրական կապիտալի չափը.

դ) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի տեսակները (սովորական եւ արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաեւ արտոնյալ բաժնետոմսերի դասերը.

ե) Ընկերության կողմից տեղաբաշխման ենթակա (հայտարարված) բաժնետոմսերի տեսակները (սովորական եւ արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաեւ արտոնյալ բաժնետոմսերի դասերը.

զ) յուրաքանչյուր տեսակի եւ դասի բաժնետոմսերով հավաստվող իրավունքները.

է) յուրաքանչյուր տեսակի եւ դասի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.

ը) Ընկերության կառավարման մարմինների կազմավորման կարգը, կազմն ու իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

թ) ժողովի նախապատրաստման եւ անցկացման կարգը.

ժ) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

3. Բաժնետիրոջ պահանջով Ընկերությունը պարտավոր է 5-օրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների եւ փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Ընկերությունը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել:

Հոդված 15. Կանոնադրության մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելը: Կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ

1. Կանոնադրության մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը կատարվում է ժողովի որոշմամբ, որն ընդունվում է դրան մասնակցած՝ քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կամ անվանատերերի ձայների 3/4-ով, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում՝ ժողովին մասնակցած՝ քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կամ անվանատերերի ձայների մեծամասնությամբ կամ խորհրդի միաձայն որոշմամբ:

2. Եթե կանոնադրության մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը սահմանափակում են բաժնետերերի իրավունքները, ապա այն բաժնետերերը, որոնք դեմ են քվեարկել այդ որոշմանը կամ չեն մասնակցել քվեարկությանը, իրավունք ունեն պահանջել Ընկերությունից հետ գնել իրենց բաժնետոմսերը՝ սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 16. Ընկերության պետական գրանցումը

Ընկերությունը ենթակա է պետական գրանցման իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Կանոնադրության մեջ կատարված լրացումների եւ փոփոխությունների, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցումը

1. Կանոնադրության մեջ կատարված լրացումները եւ փոփոխությունները, ինչպես նաեւ նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Կանոնադրության մեջ կատարված լրացումները եւ փոփոխությունները, ինչպես նաեւ նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից:

Հոդված 18. Ընկերության վերակազմակերպումը

1. Ընկերության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է ժողովի որոշմամբ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձեւով Ընկերության վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:

Օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության միաձուլման կամ միացման ձեւով վերակազմակերպումը կարող է իրականացվել միայն լիազորված պետական մարմնի թույլտվությամբ:

3. Ընկերությունը, բացառությամբ միացման ձեւով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

Ընկերությունն այլ Ընկերության հետ միացման ձեւով վերակազմակերպվելիս վերակազմակերպված են եհամարվում՝ միացող Ընկերության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

4. Ընկերության վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ՝ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձեւի եւ մասնակիցների, ինչպես նաեւ Ընկերության պարտավորությունների իրավահաջորդության մասին:

5. Վերակազմակերպվող Ընկերության պարտատերն իրավունք ունի Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաեւ վնասների հատուցում գրավոր ծանուցմամբ հետեւյալ ժամկետներում`

ա) միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձեւով վերակազմակերպման մասին ծանուցման պահից՝ 30 օրվա ընթացքում.

բ) բաժանման կամ առանձնացման ձեւով վերակազմակերպման մասին ծանուցման պահից՝ 60 օրվա ընթացքում:

Հոդված 19. Ընկերությունների միաձուլումը

1. Ընկերությունների միաձուլում է համարվում նոր ընկերության ստեղծումը՝ նրան երկու կամ ավելի միաձուլվող ընկերությունների իրավունքների եւ պարտականությունների փոխանցմամբ եւ միաձուլվող ընկերությունների դադարմամբ:

2. Միաձուլվող ընկերությունները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձեւով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միաձուլվող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաեւ միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ միաձուլվող յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի եւ (կամ) այլ արժեթղթերի:

3. Միաձուլմանը մասնակցող ընկերությունների բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովը համարվում է միաձուլման արդյունքում ստեղծվող ընկերության հիմնադիր ժողով, որը հրավիրվում է միաձուլման պայմանագրում նշված մարմնի կողմից եւ ժամկետներում ու որոշումներ է ընդունում՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz