… կետում թվարկված հարցերի վերաբերյալ:

4. Ընկերությունների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված ընկերությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:

5. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 20. Ընկերությունների միացումը

1. Ընկերությունների միացում է համարվում մեկ կամ մի քանի ընկերությունների դադարումը՝ դրանց իրավունքների եւ պարտականությունների փոխանցմամբ այլ ընկերության:

2. Միացմանը մասնակցող ընկերությունները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձեւով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միացող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաեւ միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ միացող յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգն այն ընկերության բաժնետոմսերի եւ (կամ) այլ արժեթղթերի, որին միանում են:

3. Միացման հետեւանքով ընդլայնված ընկերության բաժնետերերի (միացմանը մասնակցող ընկերությունների բաժնետերերի համատեղ) ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում միացման հետեւանքով ընդլայնված ընկերության կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, միացման պայմանագիրը եւ փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ այլ հարցերով:

4. Ընկերությունների միացման դեպքում միացած ընկերություններից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են միացման հետեւանքով ընդլայնված ընկերությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:

5. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 21. Ընկերության բաժանումը

1. Ընկերության բաժանում է համարվում Ընկերության դադարումը` նրա բոլոր իրավունքների եւ պարտականությունների՝ նոր ստեղծվող ընկերություններին փոխանցմամբ:

2. Բաժանման մասին որոշումը պետք է ընդունվի բաժանվող Ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաեւ բաժանման կարգը եւ պայմանները, բաժանիչ հաշվեկշիռը, ինչպես նաեւ բաժանվող Ընկերության բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի եւ/ կամ այլ արժեթղթերի:

3. Բաժանման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները հաստատվում են այդ ընկերությունների հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ:

4. Ընկերության բաժանման դեպքում նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված ընկերություններին` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Բաժանմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ հաշվեկշիռը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին: Բաժանվող Ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը կատարվում է բաժանման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումից հետո:

Հոդված 22. Ընկերության առանձնացումը

1. Ընկերության առանձնացում է համարվում նոր ընկերության (ընկերությունների) ստեղծումը` նրան (նրանց) վերակազմակերպվող Ընկերության իրավունքների եւ պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց վերակազմակերպվող Ընկերության դադարման:

2. Առանձնացման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմակերպվող Ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաեւ առանձնացման կարգը եւ պայմանները, բաժանիչ հաշվեկշիռը, ինչպես նաեւ վերակազմակերպվող Ընկերության բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի եւ/կամ այլ արժեթղթերի:

3. Առանձնացման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները հաստատվում են նոր ստեղծվող ընկերությունների հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունում նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ:

4. Ընկերության առանձնացման դեպքում նրա իրավունքների եւ պարտականությունների մի մասը փոխանցվում է նոր ստեղծված ընկերություններին` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Առանձնացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ հաշվեկշիռը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում  են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 23. Ընկերության վերակազմավորումը

1. Ընկերության վերակազմավորում է համարվում նրա կազմակերպական-իրավական ձեւի փոփոխությունը:

2. Ընկերությունը կարող է վերակազմավորվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ առեւտրային կոոպերատիվի:

3. Վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմավորման ձեւով վերակազմակերպվող Ընկերության ժողովում, որը պետք է հաստատի վերակազմավորման կարգը եւ պայմանները, վերակազմավորման ձեւով վերակազմակերպվող Ընկերության բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) եւ/ կամ այլ արժեթղթերի, ինչպես նաեւ փոխանցման ակտը:

4. Վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատվում է նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովում, որը որոշումներ է ընդունում նաեւ ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:

5. Ընկերության վերակազմավորման դեպքում նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:

6. Վերակազմավորմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով փոխանցման ակտը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 24. Միաձուլման (միացման) պայմանագիրը

1. Սույն օրենքի 19-րդ եւ 20-րդ հոդվածներով սահմանված կարգով հաստատված միաձուլման (միացման) պայմանագիրն օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

2. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների միջեւ, ստորագրվում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից եւ ենթակա է հաստատման՝ նրանց ընդհանուր ժողովների կողմից:

Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`

ա) մասնակից կողմերի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.

բ) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը եւ պայմանները.

գ) միաձուլվող (միացող) ընկերության բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը՝ բանաձեւային կամ այլ ստանդարտ ձեւով.

դ) միաձուլվող (միացվող) ընկերությունների բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ ստանալու կարգը եւ պայմանները.

ե) համատեղ ժողովում քվեարկության կարգը.

զ) միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման եւ անցկացման կարգը.

է) այլ տեղեկություններ՝ միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:

Հոդված 25. Փոխանցման ակտը եւ բաժանիչ հաշվեկշիռը

1. Փոխանցման ակտը եւ բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի եւ պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ՝ վիճարկվող պարտավորությունները:

2. Բաժանիչ հաշվեկշիռը պետք է ապահովի վերակազմակերպվող Ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող ընկերությունների բաժնետերերի բաժնեմասերին համապատասխանող գույքի եւ պարտավորությունների համամասնորեն բաշխումը՝ վերակազմակերպման հետեւանքով ստեղծված ընկերությունների միջեւ:

3. Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված Ընկերության իրավահաջորդին, ապա վերակազմակերպման հետեւանքով ստեղծված իրավաբանական անձինք վերակազմակերպված Ընկերության պարտավորությունների համար նրա պարտատերերի առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն:

4. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաեւ դրանցում վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի եւ պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի եւ պարտավորությունների անհամամասնորեն բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:

Հոդված 26. Բաժնետերերի իրավունքները վերակազմակերպման դեպքում

1. Ընկերության վերակազմակերպման որոշմանը դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերն իրավունք ունի պահանջել բաժնետոմսերի շուկայական արժեքի սահմանում եւ իրեն պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում՝ սույն օրենքի 57-րդ եւ 58-րդ հոդվածներով սահմանված կարգով: Բաժնետերը չի կարող պահանջել բաժնետոմսերի շուկայական արժեքի սահմանում, եթե սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ուղարկված ծանուցումը պարունակում է դրույթ՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված հետգնման գնի վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքով հետգնման պահանջը բաժնետիրոջ կողմից ներկայացվում է վերակազմակերպվող Ընկերությանը, որն այն ուղղում է վերակազմակերպման մասին որոշմամբ սահմանված իրավահաջորդին՝ վերջինիս կողմից հետգնումն իրականացնելու համար:

Հոդված 27. Ընկերության լուծարումը

1. Լուծարումն Ընկերության դադարումն է՝ առանց նրա իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Ընկերությունը կարող է լուծարվել`

ա) ժողովի որոշմամբ, ներառյալ՝ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով նա ստեղծվել էր, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել էր.

բ) դատարանի կողմից Ընկերության գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում՝ կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.

գ) օրենքով սահմանված այլ հիմքերով:

3. Ընկերության լուծարման եւ լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում կայացնում է ժողովը` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:

Ժողովը հաստատում է նաեւ ամփոփիչ հաշվեկշիռը, ընդունում է որոշումներ՝ լուծարման կարգի եւ ժամկետների, ինչպես նաեւ պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի բաշխման կարգի մասին:

Լուծարման հանձնաժողովի ստեղծման պահի դրությամբ Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր հանդիսացող բաժնետերերն իրավունք ունեն ընդգրկվել լուծարման հանձնաժողովի կազմում կամ նշանակել իրենց լիազոր ներկայացուցչին:

Լուծարման հանձնաժողովի անդամները կարող են վարձատրվել՝ ժողովի որոշմամբ սահմանված կարգով:

4. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը եւ ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

5. Ընկերության բաժնետերերը, այլ արժեթղթերի տերերն ու պարտատերերն իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության լուծարմանն առնչվող բոլոր փաստաթղթերին:

Հոդված 28. Լուծարման կարգը

1. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Ընկերության գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող Ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

2. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում Ընկերության լուծարման եւ պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է Ընկերության լուծարման գործընթացի սկիզբ:

3. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է Ընկերության գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման եւ դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաեւ տեղեկացնում է պարտատերերին Ընկերության լուծարման մասին:

4. Լուծարման ընթացքում Ընկերությունն իրավունք ունի կնքել նոր գործարքներ եւ ստանձնել նոր պարտավորություններ՝ միայն Ընկերության պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

Լուծարվող Ընկերության գույքի օտարմանը կամ պարտքերի մարմանն ուղղված բոլոր գործողությունները կարող են իրականացվել միայն լուծարման հանձնաժողովի համաձայնությամբ:

5. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող Ընկերության գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաեւ պահանջների քննարկման արդյունքների մասին:

6. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է ժողովը:

7. Եթե լուծարվող իրավաբանական անձի դրամական միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջների բավարարման համար, ապա լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է իրավաբանական անձի գույքի վաճառքը:

8. Լուծարման հանձնաժողովը լուծարվող Ընկերության պարտատերերին վճարումներ է կատարում Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ եւ միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:

Դատարանի վճռի հիման վրա Ընկերությունից բռնագանձման ենթակա գումարները վճարվում են Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:

9. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին Ընկերությունը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, Ընկերության գույքը բաշխվում է բաժնետերերի միջեւ՝ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով:

10. Լուծարվող Ընկերության պարտավորությունների վերաբերյալ պարտատիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում Ընկերության գույքը ենթակա չէ բաժանման բաժնետ”րերի միջեւ՝ մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

11. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է ժողովը:

12. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին՝ Ընկերության լուծարման պետական գրանցում կատարելու համար:

13. Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը՝ դադարած, պետական գրանցման պահից:

Հոդված 29. Լուծարվող Ընկերության գույքի բաշխումը բաժնետերերի միջեւ

1. Պարտատերերի հանդեպ լուծարվող Ընկերության պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքը լուծարման հանձնաժողովը բաշխում է բաժնետերերի միջեւ՝ հետեւյալ հաջորդականությամբ`

առաջին հերթին կատարվում են վճարումներն այն բաժնետոմսերի դիմաց, որոնք պետք է հետ գնվեն սույն օրենքի 57-րդ հոդվածին համապատասխան.

երկրորդ հերթին վճարվում են արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվարկված, բայց չվճարված շահութաբաժինները.

երրորդ հերթին կատարվում են արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումները.

չորրորդ հերթին կատարվում է լուծարվող Ընկերության մնացած գույքի բաշխումը հասարակ (սովորական) եւ բոլոր տեսակների արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի միջեւ:

2. Գույքի բաշխումը յուրաքանչյուր հերթով իրականացվում է նախորդող հերթի լրիվ բաշխումն ավարտելուց հետո:

Կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի առանձին դասերի լուծարային արժեքի վճարումներն իրականացվում են կանոնադրությամբ սահմանված հերթականությամբ, եւ յուրաքանչյուր հերթի արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումները կատարվում են նախորդ հերթի լուծարային արժեքի լրիվ վճարումից հետո:

Եթե Ընկերության տրամադրության տակ գտնվող գույքը չի բավարարում արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվարկված, բայց չվճարված շահութաբաժինները բոլոր բաժնետերերին վճարելու համար, ապա գույքը բաշխվում է բաժնետերերի միջեւ՝ նրանց պատկանող նման տեսակի բաժնետոմսերի քանակին համամասնորեն:

Եթե Ընկերության տրամադրության տակ գտնվող գույքը չի բավարարում կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքը բոլոր բաժնետերերին վճարելու համար, ապա գույքը բաշխվում է բաժնետերերի միջեւ՝ նրանց պատկանող նման տեսակի բաժնետոմսերի քանակին համամասնորեն:

ԳԼՈՒԽ III

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ: 
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Հոդված 30. Կանոնադրական կապիտալը

1. Կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:

2. Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը:

3. Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չպետք է պակաս լինի բաց Ընկերության համար` Ընկերության պետական գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի հազարապատիկ չափից, փակ Ընկերության համար` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ չափից: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, օրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նվազագույն կանոնադրական կապիտալի ավելի մեծ չափեր:

Կանոնադրական կապիտալն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

Ընկերություն հիմնադրելիս նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջեւ:

Հոդված 31. Ընկերության արժեթղթերը

1. Ընկերությունը կարող է թողարկել եւ տեղաբաշխել փաստաթղթային (տպագրական եղանակով պատրաստված) կամ ոչ փաստաթղթային ձեւի անվանական բաժնետոմսեր եւ պարտատոմսեր: Ընդ որում, բաժնետոմսերի թողարկման փաստաթղթային ձեւը բաժնետոմսերի հավաստագիրն է:

Ընկերությունը կարող է թողարկել եւ տեղաբաշխել օրենքով նախատեսված այլ արժեթղթեր:

2. Սույն օրենքի իմաստով արժեթղթերի միեւնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ (անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ եւ սահմանափակումներ) ունեցող արժեթղթերը:

Ընկերության կողմից թողարկված հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միեւնույնը:

Ընկերության որոշակի տեսակի ամեն մի արտոնյալ բաժնետոմս պետք է ունենա միեւնույն անվանական արժեքը:

3. Ընկերության թողարկած միեւնույն տեսակի արժեթղթերը պետք է ունենան թողարկման միեւնույն ձեւը եւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գրանցման նույն համարը:

Հոդված 32. Ընկերության բաժնետոմսերը

1. Ընկերությունը կարող է թողարկել հասարակ (սովորական), ինչպես նաեւ մեկ կամ մի քանի տեսակի արտոնյալ բաժնետոմսեր:

Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի նրա կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

2. Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում՝ սույն օրենքի VI գլխի դրույթներին համապատասխան, ընդ որում՝ Ընկերության կողմից փաստաթղթային ձեւով բաժնետոմսեր թողարկելու եւ տեղաբաշխելու դեպքում բաժնետոմս ձեռք բերած անձին (բաժնետիրոջը) պետք է տրվի դրա հավաստագիրը:

3. Բաժնետոմսն անբաժանելի է: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:

4. Կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող որոշակի տեսակի (դասի) բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի, ինչպես նաեւ մեկ բաժնետիրոջը տրամադրվող ձայների առավելագույն թվի սահմանափակումներ՝ տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով: Սույն սահմանափակումները պետք է վերաբերեն միեւնույն տեսակի (դասի) բաժնետոմսերի բոլոր սեփականատերերին հավասարապես եւ չեն կարող կիրառվել առանձին բաժնետիրոջ կամ բաժնետերերի խմբի նկատմամբ:

Հոդված 33. Ընկերության տեղաբաշխված եւ հայտարարված բաժնետոմսերը

1. Բաժնետերերի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի (տեղաբաշխված բաժնետոմսերի) քանակը եւ անվանական արժեքը սահմանվում են կանոնադրությամբ:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել նաեւ հայտարարված բաժնետոմսերի քանակը եւ անվանական արժեքը: Դրանք այն բաժնետոմսերն են, որոնք Ընկերությունը կարող է տեղաբաշխել, բացի տեղաբաշխված բաժնետոմսերից:

Կանոնադրությունը պետք է սահմանի Ընկերության կողմից տեղաբաշխվող յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսի սեփականատերերի իրավունքները: Կանոնադրության մեջ նշված դրույթների բացակայության դեպքում Ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել տվյալ տեսակի հայտարարված բաժնետոմսեր:

Կանոնադրությամբ կարող է նախատեսվել Ընկերության կողմից հայտարարված բաժնետոմսերի տեղաբաշխման կարգը եւ պայմանները:

2. Սույն հոդվածով նախատեսված՝ հայտարարված բաժնետոմսերի վերաբերյալ դրույթների հետ կապված կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունում է ժողովը:

Եթե Ընկերությունն իրականացնում է արժեթղթերի տեղաբաշխում, որոնք կարող են փոխարկվել Ընկերության որոշակի տեսակի (տեսակների) բաժնետոմսերի, ապա տվյալ տեսակի (տեսակների) բաժնետոմսերի քանակը չպետք է փոքր լինի այն քանակից, որն անհրաժեշտ է տեղաբաշխված արժեթղթերի փոխարկման համար՝ դրանց շրջանառության ողջ ժամկետում:

Ընկերությունն իրավունք չունի որոշումներ ընդունել այն բաժնետոմսերով տրամադրվող իրավունքների սահմանափակման մասին, որոնց կարող են փոխարկվել Ընկերության կողմից տեղաբաշխված արժեթղթերը՝ առանց այդ արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:

Հոդված 34. Կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը

1. Ընկերությունը կարող է ժողովի որոշմամբ փոփոխել կանոնադրական կապիտալի չափը: Կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը սահմանվում է օրենքով եւ կանոնադրությամբ:

Կանոնադրական կապիտալի փոփոխման հարցով ժողովի գումարման մասին ծանուցումը պետք է պարունակի`

ա) կանոնադրական կապիտալի փոփոխման շարժառիթները, եղանակն ու չափը.

բ) կանոնադրության փոփոխման նախագիծը` կապված կանոնադրական կապիտալի փոփոխման հետ.

գ) բաժնետոմսերի քանակը եւ դրանց անվանական արժեքի ընդհանուր գումարը, որը պետք է ստացվի կանոնադրական կապիտալի փոփոխման արդյունքում.

դ) նոր տեսակի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում` դրանց տեղաբաշխման կարգը եւ ժամկետները, բաժնետերերի իրավունքները՝ ըստ այդ եւ նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի:

2. Կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունները գրանցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 35. Կանոնադրական կապիտալի ավելացումը

1. Ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել իր կանոնադրական կապիտալը:

2. Բաց Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում եւ միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում:

Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահմանվի`

ա) լրացուցիչ տեղաբաշխվող հասարակ (սովորական) եւ յուրաքանչյուր տեսակի արտոնյալ բաժնետոմսերի քանակը՝ այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում.

բ) լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները եւ պայմանները, այդ թվում՝ դրանց ձեռքբերման նախապատվություն ունեցող բաժնետերերի եւ այլ արժեթղթերի սեփականատերերի միջեւ տեղաբաշխվող բաժնետոմսերի արժեքը:

3. Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունը կանոնադրական կապիտալը չի կարող մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:

4. Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը`

ա) շահույթի մի մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ.

բ) կանոնադրական կապիտալի, պահուստային կապիտալի եւ արտոնյալ բաժնետոմսերի լուծարային եւ անվանական արժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող գույքը (զուտ ակտիվները) կամ դրա մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ:

5. Բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով Ընկերությունը չի կարող ավելացնել կանոնադրական կապիտալն ավելի, քան ժողովի հաստատած վերջին հաշվեկշռում կամ վերջին աուդիտի արդյունքներով սահմանված զուտ ակտիվների արժեքն է:

6. Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է ժողովը կամ խորհուրդը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նրան տրված է այդ իրավասությունը:

7. Ընկերությունը կարող է ավելացնել կանոնադրական կապիտալը նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով: Մեկ տարուց ոչ պակաս ժամկետում բաժնետոմսերի հավաստագիրը փոխանակելու նպատակով կամ համապատասխան գրառում կատարելու համար չդիմելու դեպքում հավաստագրերը համարվում են անվավեր, եթե այդ մասին նշված է կանոնադրության մեջ:

8. Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել նաեւ իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար:

9. Մասնավորեցման նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացման առանձնահատկությունները (լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով) սահմանվում են մասնավորեցումը (ապապետականացումը) կարգավորող օրենքներով:

Հոդված 36. Կանոնադրական կապիտալի նվազեցումը

1. Կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է կատարվել`

ա) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ.

բ) բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում, դրանց մի մասի ձեռքբերմամբ եւ մարմամբ:

Կանոնադրական կապիտալի նվազեցումը բաժնետոմսերի ձեռքբերման եւ մարման միջոցով թույլատրվում է, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Կանոնադրական կապիտալի նվազեցման նպատակով Ընկերության կողմից բաժնետոմսեր կարող են ձեռք բերվել միայն բաժնետոմսերի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, այդ նպատակով Ընկերությանն առաջարկված բաժնետոմսերի ձեռքբերումն Ընկերության պարտականությունն է: Եթե ձեռքբերման առաջարկված բաժնետոմսերի քանակը գերազանցում է համապատասխան որոշմամբ սահմանված քանակը, ապա բաժնետերերից բաժնետոմսերը գնվում են նրանց առաջարկներին համամասնորեն:

2. Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել կանոնադրական կապիտալը, եթե դրա հետեւանքով կանոնադրական կապիտալի չափը ավելի կփոքրանա օրենքով սահմանված նվազագույն չափից: Ընկերության կողմից կանոնադրական կապիտալը սույն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հիմք է Ընկերության լուծարման:

Կանոնադրական կապիտալի չափի նվազեցման դեպքում մեկ տարուց ոչ պակաս ժամկետում բաժնետոմսերի հավաստագիրը փոխանակելու նպատակով կամ համապատասխան գրառում կատարելու համար չդիմելու դեպքում հավաստագրերը համարվում են անվավեր, եթե այդ մասին նշված է կանոնադրության մեջ:

3. Կանոնադրական կապիտալի նվազեցման եւ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:

4. Կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում Ընկերությունը գրավոր ծանուցում է այդ մասին իր պարտատերերին: Պարտատերերն իրավունք ունեն ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաեւ վնասների հատուցում:

5. Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրության փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օրը լրանալուց հետո եւ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ պարտատերերի բոլոր առաջացած պահանջների բավարարման դեպքում:

Կանոնադրական կապիտալի նվազեցման կապակցությամբ բաժնետերերին վճարումները կատարվում են կանոնադրության պետական գրանցումից հետո:

Հոդված 37. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերերի իրավունքները եւ պարտականությունները

1. Ընկերության յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միեւնույն իրավունքներ:

Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերը սույն օրենքի եւ կանոնադրության համաձայն իրավունք ունի`

ա) մասնակցել ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) մասնակցել Ընկերության կառավարմանը.

գ) ստանալ շահութաբաժիններ՝ Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

դ) առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե սույն օրենքով եւ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

ե) ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

զ) ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.

է) հանդես գալ առաջարկություններով ժողովներում.

ը) ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.

թ) դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված եւ գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.

ժ) Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքի իր հասանելիք մասը.

ժա) ունենալ կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

2. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատիրոջը չի կարող տրամադրվել նրան պատկանող հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքից եւ քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:

Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումներն Ընկերության կողմից չեն երաշխավորվում:

3. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը պարտավոր են չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությունները: Գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկը սահմանում է խորհուրդը:

Բաժնետերերը կարող են կրել կանոնադրությամբ նախատեսված եւ օրենքին ու այլ իրավական ակտերին չհակասող այլ պարտավորություններ: Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը կարող են չկատարել կանոնադրությամբ սահմանված լրացուցիչ պարտականությունները, եթե նա դեմ է քվեարկել կամ չի մասնակցել տվյալ հարցով քվեարկությանը:

Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz