…եր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև՝ ամբողջ աշխարհի:

3 Եթէ նրա պատուիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան:

4 Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, և նրա մէջ ճշմարտութիւն չկայ:

5 Իսկ ով պահում է նրա խօսքը, Աստծու սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. և սրանով ենք ճանաչում, որ Նրա մէջ ենք:

6 Ով ասում է, թէ ինքը Նրա մէջ է բնակւում, պարտաւոր է այնպէս ընթանալ, ինչպէս որ Նա էր ընթանում:

ՆՈՐ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ

7 Սիրելինե՛ր, ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում ձեզ, այլ՝ հին պատուիրանը, որն ի սկզբանէ ունէիք: Եւ հին պատուիրանը այն խօսքն է, որը լսեցիք:

8 Այսուհանդերձ նոր պատուիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մէջ և ձեր մէջ. քանի որ ահա խաւարն անցնում է, և ճշմարիտ լոյսն արդէն իսկ երևում է:

9 Ով ասում է, թէ ինքը լոյսի մէջ է և ատում է իր եղբօրը, սուտ է և խաւարի մէջ է տակաւին:

10 Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, և նրա մէջ գայթակղութիւն չկայ:

11 Իսկ ով ատում է իր եղբօրը, խաւարի մէջ է, խաւարի մէջ է շրջում և չգիտէ, թէ ուր է գնում, որովհետև խաւարը կուրացրել է նրա աչքերը:

ՉՍԻՐԵԼ ԱՇԽԱՐՀԸ

12 Որդեակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև ձեր մեղքերը ներուած են ձեզ նրա անուան սիրուն:

13 Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ: Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև դուք յաղթեցիք չարին:

14 Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Հօրը: Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ: Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ էք, և Աստծու խօսքը բնակւում է ձեր մէջ. և դուք յաղթեցիք չարին:

15 Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ:

16 Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն և ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից: 17 Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը: Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան:

ՆԵՌԸ՝ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ

18 Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է: Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է: 19 Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային: Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն:

20 Իսկ դուք օծում ունէք Սրբից և ամէն բան գիտէք:

21 Գրեցի ձեզ ոչ թէ որովհետև ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետև գիտէք այն. գիտէք նաև այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ:

22 Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է: Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հօրը և Որդուն:

23 Ամէն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մէջ չունի նաև Հօրը: Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մէջ ունի նաև Հօրը:

24 Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանէ, թող բնակուի ձեր մէջ. որովհետև, եթէ ձեր մէջ բնակուի այն, ինչ որ ի սկզբանէ լսեցիք, դո՛ւք ևս կը բնակուէք Որդու և Հօր մէջ:

25 Եւ այս է այն խոստումը, որը նա խոստացաւ մեզ, այն է՝ յաւիտենական կեանքը:

26 Այս բանը գրեցի ձեզ, որպէսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի:

27 Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, թող բնակուի ձեր մէջ. և կարիք չկայ, որ մէկը ձեզ ուսուցանի: Այլ եղէ՛ք այնպէս, ինչպէս որ նրա օծումն ուսու ցանում է ձեզ ամէն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպէս նա ուսուցանեց ձեզ, մնացէ՛ք նրա մէջ:

28 Իսկ այժմ, որդեակնե՛ր, մնացէ՛ք նրա մէջ, որպէսզի, երբ նա յայտնուի, վստահութիւն ունենանք և նրա գալստեան ժամանակ նրանից չամաչենք. 29 քանի որ դուք գիտէք, թէ նա արդար է, ապա իմացէ՛ք, որ ամէն ոք, որ արդարութիւն է անում, նրանից է ծնուած:

Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 4. ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ՍՈՒՏ ՀՈԳԻՆԵՐ

4 Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարէներ են երևան եկել աշխարհում:

2 Եւ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է:

3 Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմ նով եկած, նա Աստծուց չէ: Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, և արդէն իսկ աշխարհում է:

4 Դուք Աստծուց էք, որդեակնե՛ր, և յաղթեցիք նրանց, որովհետև Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կայ աշխարհի մէջ:

5 Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խօսում. և աշխարհը լսում է նրանց:

6 Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ: Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտութեան Հոգին և խաբէութեան հոգին:

ԱՍՏՈՒԱԾ ՍԷՐ Է

7 Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. և ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած և ճանաչում է Աստծուն:

8 Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է:

9 Եւ սրանո՛ւմ երևաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք: 10 Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար:

11 Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք ևս պարտաւոր ենք սիրել միմեանց:

12 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. և նրա սէրը մեր մէջ կատարեալ է:

13 Սրանո՛վ գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, և նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ:

14 Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու:

15 Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծու Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, և նա՝ Աստծու մէջ:

16 Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծու սէրը, որ նա ունի մեր հանդէպ: Աստուած սէր է. և ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ, և Աստուած բնակւում է նրա մէջ:

17 Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կþունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետև, ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում:

18 Սիրոյ մէջ երկիւղ չկայ. և կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետև երկիւղը տանջանքի ենթակայ է. և ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ:

19 Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա՛ սիրեց մեզ: 20 Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, և ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել:

21 Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաև իր եղբօրը:

Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 5. ՄԵՐ ՅԱՂԹԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆԴԷՊ

5 Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. և ամէն ոք, ով սիրում է ծնունդ տուողին, սիրում է նաև նրանից ծնուածին:

2 Սրանո՛վ ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատուիրանները. 3 քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները:

4 Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին: Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը:

5 Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին:

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՍԻՆ

6 Սա է, որ եկաւ ջրով, Հոգով և արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլև արեամբ և ջրով:

7 Եւ Հոգին է, որ վկայում է, որովհետև հէնց Հոգին է ճշմարտութիւնը:

8 Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը և արիւնը. և երեքը վկայութեան մէջ մէ՛կ են:

9 Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծու վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է: Ա՛յս է Աստծու վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար:

10 Ով հաւատում է Աստծու Որդուն, նա իր մէ՛ջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում ա՛յն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար: 11 Եւ ա՛յս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. և այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է:

12 Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կեանքը. և ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաև կեանքը:

ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ

13 Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք, և թէ՝ հաւատում էք Աստծու Որդու անուանը:

14 Եւ ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի. 15 և քանի որ գիտենք, թէ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կը ստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից:

16 Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, և Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կը շնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես:

17 Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է:

18 Գիտենք, որ, ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, և ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, և չարը նրան չի մօտենում:

19 Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մէջ է:

20 Եւ գիտենք, որ Աստծու Որդին եկաւ և մեզ տուեց խելք, որպէսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. և մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետև նա՛ է ճշմարիտ Աստուած և յաւիտենական կեանք: 21 Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից:

Создать бесплатный сайт с uCoz