Հայկական լեռնաշխարհ



Աշխարհագրական այն տարածքը, որի հետ կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Վերջինս բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, այն զարմանալիորեն համընկնում է մեր պատմական հայրենիքի հետ, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր պետություններն է հիմնել հայ ժողովուրդը։ Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, իսկ հարևան ժողովուրդները՝ Արմենիա, և միայն վրացիներն են, որ մեր երկիրը անվանում են Սոմխեթի։

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը։ Նրա նշանակալից մասն զբաղեցնում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհը, որ եղել է մեր հայրենիքի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Հայկական լեռնաշխարհը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության մեծ մասը։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և դրա շնորհիվ իշխող դիրք ունի նրանց նկատմամբ։ Դրա հետևանքով որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են Լեռնային կղզի։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները ստացել են Միջնաշխարհ անունը։

Սկիզբ առնելով Մասիս (Մեծ Արարատ) լեռնագագաթից (5165 մ) և ձգվելով արևելքից արևմուտք, Հայկական Պար լեռնաշղթան գրեթե երկու հավասար՝ հյուսիսային և հարավային մասերի է բաժանում Հայկական լեռնաշխարհը։ Մասիսը համարվել է սրբազան լեռ, և նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել։ Աշխարհում, անշուշտ, կան Մասիսից ավելի բարձր լեռնագագաթներ, սակայն և ոչ մի լեռնագագաթ իր շրջակայքի համեմատ այնպես վեր չի խոյանում, ինչպես Մասիսը։ Նրա հարևանությամբ բարձրանում է Սիս կամ Փոքր Մասիս (Փոքր Արարատ) լեռան գեղեցիկ, կոնաձև գագաթը։

Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագած քառագագաթ լեռնազանգվածը հյուսիսից եզերում են Այրարատյան դաշտը, որի անունը ժողովրդական ավանդությունը կապում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի անվան հետ։ Ներկայումս այն կոչվում է Արարատյան դաշտ, որի կենտրոնով հոսում է Երասխ (ներկայումս՝ Արաքս) գետը։ Արարատյան դաշտը, որը մեր հայրենիքի առավել ընդարձակ և արգասաբեր հարթավայրերից մեկն է, գրեթե մշտապես եղել է երկրի քաղաքական սիրտը։ Այստեղ են գտնվել Հայաստանի նշանավոր մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանը։


Գետերն ու լճերը

Հայկական լեռնաշխարհը՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է (Ջրաբաշխ է կոչվում, քանի որ Հայկական լեռնաշխարհի գետերը երկրամասի ջրերը բաշխում են տարբեր ջրային ավազանների վրա)։ Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։ Եփրատ գետը Հայաստանում ունի երկու մեծ վտակ՝ Արևմտյան և Արևելյան Եփրատը (Արածանի)։ Արևելյան Տիգրիսը հայտնի է նաև Ջերմ անունով։ Եփրատը և Տիգրիսը, միախառնվելով Միջագետքի հարավում, թափվում են Պարսից ծոց։

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որ սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Մայր գետն այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը, որտեղ տեղումները կազմում են տարեկան ընդամենը 250-300 մմ։ Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն իր ողջ երկարությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդը նրան կոչել է պարզապես Մայր Արաքս։

Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Լճում եղել է մեկ կղզի, որը Սևան–Հրազդան կասկադի կառուցման և լճի հայելու կրճատման հետևանքով վերածվել է թերակղզու։ Սևանա կղզում է գտնվում Սևանի նշանավոր վանքը։

Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի ջրերի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը, որ հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ։ Առեստ ավանի մոտ գտնվում էին արքունի ձկնորսարանները։ Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացած է եղել նավագնացությունը, իսկ նրա ափերին գտնվել են մի շարք նշանավոր նավահանգիստներ։ Վան քաղաքը գտնվում էր լճից բավականին հեռու, և նրա համար որպես նավահանգիստ ծառայում էր Ավանց գյուղը։ Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն նրա ջրերի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ։ Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է, որի վրա գտնվում է Գագիկ Ա Արծրունի թագավորի կառուցած Աղթամարի Սբ Խաչ վանքը։ Կղզու անունը պարզապես նշանակում է Աղի ծով։

Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ներկայումս Ուրմիո։ Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով լիճը զուրկ է կենդանական և մասամբ բուսական աշխարհից։ Երբ լճի հայելին դեռ չէր կրճատվել, և ջրերի աղիությունը շատ չէր մեծացել, արաբական աղբյուրները լճում հիշում են քաբուդան անունով մի կենդանի։

Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշատակության արժանի են Հյուսիսային ծովակը կամ Չըլդըրը, Գայլատու ծովակը, Արճիշակը կամ Արճակը և Թորթումի լիճն իր նշանավոր ջրվեժով։

Հայկական լեռնաշխարհը հաճախակի կրկնվող երկրաշարժերի գոտի է։ 1988 թ. Սպիտակում տեղի ունեցավ երկրաշարժ, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր բնակիչներ։

Հայկական լեռնաշխարհն այսօր հանգած հրաբուխների երկիր է, որոնցից կարելի է հիշատակել Մասիսը, Արագածը, Նեխ-Մասիքը կամ Սիփանը։


Բուսական և կենդանական աշխարհը

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Երկրի ցածրադիր հարթավայրային շրջաններում արհեստական ոռոգման շնորհիվ աճեցվում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն։ Հայաստանը հնուց ի վեր հռչակված է անուշահամ պտուղներով՝ խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, բալ, կեռաս, սալոր և այլն։ Հատկապես հռչակված է ծիրանը, որն օտարների կողմից ստացել է հայկական (armeniaca) անունը։ Հացահատիկային կուլտուրաների (ցորեն, գարի, հաճար, կորեկ) մշակությամբ նշանավոր են եղել Շիրակը, Բագրևանդը, Տարոնը, Սևանի ավազանը, Երզնկայի և Խարբերդի դաշտերը։ Հայաստանը եղել է վայրի ցորենի նախահայրենիքներից մեկը, իսկ «Աշխարհացոյց» («Աշխարհացույց»–ը աշխարհագրական երկ է, որն ստեղծվել է V դարում Մովսես Խորենացու կողմից։ Որոշ հեղինակներ այն վերագրում են Անանիա Շիրակացուն (VII դար)) հիշատակում է ինքնաբույս, այսինքն՝ վայրի, գարին, բամբակը և այլն։

Ցամաքային կլիմայի պատճառով անտառները համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում, չնայած հնում, այսօրվա հետ համեմատած, նրանք շատ ավելի տարածված են եղել։ Անտառները, որոնք մեծ մասամբ կոչվում էին մայրի, մի տեսակ օղակում էին Հայկական լեռնաշխարհը՝ զբաղեցնելով եզրային և միայն տեղ-տեղ կենտրոնական շրջանները։ Անտառներում առավել տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին, սոճին և այլն։ Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Աղձնիքի, Կորճայքի անտառներում ամենուրեք հանդիպում են վայրի պտղատու ծառեր և թփեր։ Հայաստանի կենտրոնական շրջաններում, որտեղ կլիմայական պատճառներով գործնականում բացակայում են անտառները, Խոսրով Բ Կոտակի և ուրիշների օրոք տնկվել են արհեստական անտառներ։ Դրանցից Խոսրովի անտառը ներկայումս վերածված է պետական արգելոցի։

Հնուց ի վեր ընտանի կենդանիներից Հայաստանում բուծել են ոչխար, այծ, կով, գոմեշ, ձի և պահել զանազան թևավորներ՝ հավ, բադ, սագ։ Վայրի կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, արջը, նապաստակը, կինճը (վայրի խոզ), վիթը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը և այլն։ Վայրի թռչուններից հանդիպում են արծիվը, անգղը, բազեն, արագիլը, կաքավը, բադը, սագը, լորը և այլն։ Մարդու գործունեության հետևանքով բավականին կրճատվել է կենդանական աշխարհը։ Սեպագիր աղբյուրների համաձայն՝ հեռավոր ժամանակներում Հայաստանի հարավում եղել են փղեր, ջայլամներ և առյուծներ, որոնցից վերջինները հիշատակվում են նաև «Աշխարհացույց»–ում։

Հայաստանի մի քանի աշխարհներ հնուց ի վեր հռչակված են եղել որպես ձիաբուծության խոշոր կենտրոններ։ Հայտնի է, որ Աքեմենյանների շրջանում Հայաստանը պարսից արքունիքին էր հանձնում որպես հարկ տարեկան 20 հազար ձի։ Երկրի լեռնային և նախալեռնային ծաղկառատ վայրերում մեծ զարգացման էր հասել մեղվապահությունը։ Արարատյան դաշտում բազմացող որոշակի տեսակի որդից պատրաստում էին որդան կարմիր կոչվող ընտիր ներկ, որն արտահանվում էր տարբեր երկրներ։


Կլիման

Հայկական լեռնաշխարհի կլիման գերազանցապես ցամաքային է, որը պայմանավորված է եզրային բարձրաբերձ լեռնաշղթաներով, որոնք արգելակում են օդային զանգվածների մուտքը տարածաշրջան։ Այդ իսկ պատճառով մեր հայրենիքի կլիման աչքի է ընկնում շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Սառը օդի զանգվածների ներխուժումը լեռնաշխարհ հաճախ առաջ է բերում ձյան առատ տեղումներ նրա տարածքի մեծ մասում։ Եզրային լեռնաշղթաները ձյունածածկույթը պահպանում են տարվա ցուրտ ժամանակի ողջ ընթացքում, իսկ Մասիս լեռը ծածկված է հավերժական ձյան շերտով։ Ցածրադիր վայրերում տեղումները սակավ են, և այդ պատճառով երկրագործությունը հնարավոր չէ առանց արհեստական ոռոգման։ Բնակչությունը դեռ հին ժամանակներից արհեստական ոռոգման նպատակով անցկացրել է ջրանցքներ ու առուներ, որոնցից հատկապես նշանավոր է Մենուայի ջրանցքը, որը հայտնի է Շամիրամի առու անունով։ Հայկական լեռնաշխարհում հանդիպում են կլիմայական բոլոր գոտիները՝ մերձարևադարձայինից մինչև ալպիական։

 

Ընդերքը։ Օգտակար հանածոները

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ ընդերք։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու հանքերը, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ երկաթահանքերը։ Ոսկի արդյունահանվել է Սպերում, Հայկական Տավրոսում և. այլ վայրերում, արծաթ՝ Ծոփքում, պղինձ՝ Գուգարքում, Աղձնիքում, Սյունիքում (Կապան) և այլուր, կապար՝ Վանա լճից հարավ ընկած շրջաններում։ Երկաթի հարուստ հանքավայրեր կան Աղձնիքում և այլուր։

Դեռ հնուց ի վեր հռչակված էին Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղահանքերը։

Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով և հաճախ իրենց անունն են տվել մերձակա բնակավայրերին։ Հնում նշանավոր էին Էլեգիայի (Եղեգի) և Վարշակի ջերմուկները, Վայոց ձորի ջերմուկը և այլն։ Մեր հանրապետության տարածքում մեծ հռչակ ունեն Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի և այլ հանքային աղբյուրները, որտեղ գործում են առողջարաններ։

Մեծ են և գործնականում անսպառ Հայկական լեռնաշխարհի ոչ մետաղական հանքավայրերը։ Հանդիպում են տուֆի, բազալտի, հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր։ Համաձայն «Աշխարհացոյց»–ի՝ Տուրուբերանում հանդիպել է սև և սպիտակ նավթ։ Հայաստանի Հանրապետությունում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը։

Создать бесплатный сайт с uCoz