ՆԱԽՆԱԴԱՐ 

 

Շուրջ 2,5-3 միլիոն տարի առաջ երկրագնդի վրա առաջացավ մարդու նախնին, որին ընդունված է կոչել նախամարդ։ Հնագույն մարդիկ ապրել են տաք երկրներում, ինչպես օրինակ Արևելյան Աֆրիկայում, որտեղ պեղումների ժամանակ հայտնաբերվել են մարդկանց գանգեր և ոսկորներ։ Հին մարդը շատ էր հիշեցնում կապկի։ Նա կոպիտ դեմք ուներ, ճապաղ քիթ, դուրս ցցված ծնոտ և հետ գնացած ճակատ։ Նրա քայլվածքը դեռ ուղիղ չէր և ցատկեր էր հիշեցնում, ձեռքերը երկար էին և կախվում էին ծնկներից ցած։ Նրա մոտ դեռ գերակշռում էին կենդանատիպ գծերը։ Հին մարդիկ շփվում էին միմյանց հետ ինչպես կենդանիները՝ արձակելով տարբեր հնչյուններ։ Նրանց ուղեղն ավելի մեծ էր, քան կապկինը, բայց շատ ավելի փոքր, քան ժամանակակից մարդունը։

Նախամարդը, տարածվելով աշխարհով մեկ, հաստատվում է նաև Հայկական լեռնաշխարհում, որը վերածվում է նրա օրրաններից մեկի՝ գիտնականների կողմից ստանալով «Հայկական միջանցք» անունը։ Բնության դեմ մաքառելով՝ հին մարդիկ աստիճանաբար անցնում են աշխատանքային գործունեության, որի ընթացքում կատարելագործվում է նրանց քայլվածքը, արտաքին տեսքը և ուղեղի կառուցվածքը։ Մարդիկ ապրում էին խմբերով, որոնք գիտնականների կողմից ստացել են մարդկային հոտ անունը։ Մարդկային հոտի անդամները, մեծից փոքր, զբաղվում էին հավաքչությամբ՝ ամբողջ օրը ուտելիք փնտրելով։ Նրանք ուտում էին արմտիք, պտուղներ, հատապտուղներ և թռչունների ձվեր։

 

Աշխատանքի հնագույն գործիքները

Նախամարդը վերածվեց մարդու այն պահից, երբ սկսեց քարից, փայտից և ոսկրից աշխատանքային գործիքներ պատրաստել։ Սկզբնական շրջանում օգտագործում էին գետաքարերը, որոնք ժամանակի ընթացքում կլոր ու հարթ էին դարձել։ Մարդը քարին տեսք էր տալիս, սրում՝ վերածելով աշխատանքային գործիքի։ Քարե գործիքներով նրանք պատրաստում էին սուր ծայրերով ձողեր և բրիչներ։


Որսորդություն

Սկզբում մարդը որսը կատարում էր կենդանիների նմանողությամբ՝ հանդես բերելով սակայն հնարամտություն և թակարդներ ստեղծելու կարողություն։ Հաճախ նա որսը խլում էր գիշատիչ կենդանիներից։


Կրակի հայտնագործումը

Ոչ ոք չգիտի, թե ինչպես մարդը տիրացավ կրակին։ Շատ հնարավոր է, որ նա կրակ ստացավ կայծակից բռնկված ծառից կամ էլ հրաբխային լավայից։ Տիրելով կրակին՝ մարդը կարողացավ ոչ միայն նրա օգնությամբ պաշտպանվել գիշատիչ կենդանիներից, այլև խորովել միսը՝ ստանալով առավել համեղ և սննդարար կերակուր, ինչպես նաև պաշտպանվել ցրտերից։ Կրակը հնարավորություն տվեց մարդուն աստիճանաբար յուրացնել երկրագնդի ցուրտ կլիմա ունեցող տարածաշրջանները։

Նախնադարյան հասարակության դարաշրջանը գիտնականները բաժանում են մի քանի շրջանների՝ հիմք ընդունելով, թե ինչից են պատրաստված եղել հնագույն մարդկանց գործիքները։


Հին քարի դար (պալեոլիթ)

Մարդկության պատմության հնագույն շրջանը մենք անվանում ենք քարի դար, որովհետև աշխատանքային գործիքները պատրաստվում էին քարից։ Անշուշտ, գործիքները պատրաստվել են նաև փայտից և ոսկորից, սակայն դրանք ժամանակի ընթացքում ոչնչացել են և չեն պահպանվել։ Քարի դարի վաղ շրջանը, որը հաշվվում է հարյուր հազարավոր տարիներ, կոչվում է հին քարի դար կամ հնաքար (պալեոլիթ)։ Այն ավարտվում է մեզանից շուրջ 14 հազար տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհը հնագիտորեն լավ ուսումնասիրված չէ։ Այսուհանդերձ նրա տարբեր մասերում հայտնաբերվել են մարդու աշխատանքային գործունեության բազմաթիվ հետքեր, մասնավորապես նրա կողմից պատրաստված քարե գործիքներ վանակատից (օբսիդիան, սատանի եղունգ), որձաքարից (բազալտ), կայծքարից և այլ քարատեսակներից։ Հայաստանում հատկապես նշանավոր են Արագածի փեշերին բարձրացող Արտին լեռան վրա և Արզնիում գտնված հնավայրերը, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ։ Արտին լեռան կայաններից և Արցախի Ազոխի քարայրի ստորին շերտում հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700 հազար տարվա վաղեմություն։

Հինքարեդարյան մարդը պատսպարվում էր քարայրերում։ Մարդիկ ապրում էին խմբերով (hոտերով) կոլեկտիվ ուժերով ապահովելով իրենց անվտանգությունը գիշատիչ կենդանիներից և հեշտացնելով սննդի հայթայթումը։ Մարդկային խմբերը սկզբում զբաղվում էին հավաքչությամբ, մանր կենդանիների և թռչունների որսով։ Հիմնական աշխատանքային գործիքը եռանկյունաձև կոպիտ ձեռքի հատիչն էր։ ժամանակի ընթացքում սկսեցին պատրաստել բազմատեսակ գործիքներ և զենքեր ոչ միայն քարից, այլև ոսկորից և փայտից։ Դրանով արդեն հնարավոր էր կտրել, ծակել, բերել, տաշել, շաղափել և այլն։

Հնաքարի մարդիկ սկսեցին որսալ խոշոր կենդանիներ՝ արջ, եղջերու, ցուլ, վայրի ձի և այլն, ինչպես նաև զբաղվել ձկնորսությամբ։ Հնաքարի մարդը դեռ չէր տիրապետում կրակին, սակայն հաջողությամբ օգտագործում էր այն՝ ստանալով համեղ սնունդ և պաշտպանվելով ցրտից ու գազաններից նրա միջոցով։

Շուրջ 40 հազար տարի առաջ նախնադարյան մարդը նմանվեց ժամանակակից մարդուն, որին գիտնականները անվանում են homo sapiens, այսինքն բանական մարդ։


Միջնաքար և նորաքար (մեզոլիթ և նեոլիթ)

Մարդկային հասարակության զարգացումն էապես արագացավ միջնաքարի և նորաքարի շրջանում։ Միջնաքարը կամ մեզոլիթը Հայկական լեռնաշխարհում տևել է Ք.ա. XII հազարամյակից մինչև VII հազարամյակի կեսերը։ Պեղումները ցույց են տալիս, որ հայտնաբերվել էր նետն ու աղեղը՝ արդյունավետ ու հեշտ դարձնելով որսորդությունը։ Սննդի մեջ մեծացավ մսի կերակրաբաժինը։ Ընտելացվեց շունը։ Բրիչային երկրագործության հանդես գալն ու լայն տարածումը մարդուն ապահովեցին բուսական մշտական առատ սննդով, իսկ վայրի կենդանիների ընտելացումը՝ մսով, կաթով և անասնապահական այլ մթերքներով, որի արդյունքում խիստ մեծացավ տղամարդու դերը։ Տղամարդիկ զբաղվում էին որսորդությամբ և անասնապահությամբ, իսկ կանայք՝ բրիչային երկրագործությամբ։

Հազարամյակների ընթացքում մարդկային հոտը, որի կենսագործունեությունը տարածվում էր շուրջ 15 կմ շառավղով տարածքի վրա, բազմանալով և սնունդ հայթայթելու դժվարություններ ունենալով, բաժանվում է երկու և ավելի մարդկային խմբերի, որոնք, մեկից բացի, տեղաշարժվում էին և յուրացնում նոր տարածքներ։ Սակայն որոշակի պահից մարդկային հոտերն սկսեցին բաժանվել ոչ թե կամայական ձևով, այլ ազգակցական կապերի հիման վրա։ Ավելի ուշ դրանք սկսեցին բաժանվել երկու և ավելի տոհմերի, որոնցից յուրաքանչյուրը ներառում էր մարդկային հոտի՝ մոր կողմից բոլոր ազգականներին։ Առաջացած տոհմերը միասին անմիջապես կազմում էին ցեղային համայնքը, այլ խոսքով միավորվում էին մեկ ցեղի մեջ։ Ցեղերն ունեին իրենց ցեղային լեզուները, ընդհանուր հավատալիքները և սովորույթները։

Նորաքարը (նեոլիթ) թվագրվում է Ք.ա. VII հազարամյակի կեսերից մինչև V հազարամյակի կեսերը։ Այս շրջանում կատարելության է հասնում քարի մշակման արվեստը, գործիքները հղկվում են, փայտե կոթավոր քարե կացիններով սկսում են պատրաստել սայլեր և մակույկներ։ Հանդես են գալիս մշտական կացարանները՝ բնակավայրերը։ Պատրաստվում են կավե առաջին ամանները, որոնց մեջ սկսում են կերակուր պատրաստել։ Կառուցվում են տաճարներ և ամրոց-մթերանոցներ։ Մարդը ոչ միայն յուրացնում, այլև արտադրում և մշակում է անհրաժեշտ մթերքը։ Հանդես եկան առաջին արհեստները, ծնունդ առավ արհեստական ոռոգման համակարգը։ Մարդիկ անցան նստակեցության, որը գիտության մեջ ստացել է նեոլիթյան հեղափոխություն անունը։ Բնակչության արագ աճն առաջ է բերում պայքար կենսատարածքների համար։ Հայկական լեռնաշխարհի ցեղերը արտաքին վտանգի աճի պայմաններում աստիճանաբար սկսում են միավորվել ցեղային միությունների մեջ, որոնք սփռված էին լեռնաշխարհի ողջ տարածքում։


Պղնձաքարի դարաշրջան (էնեոլիթ)

Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկները վաղնջական ժամանակներից ծանոթ են եղել ազնիվ մետաղներին՝ ոսկուն և արծաթին, բնածին պղնձին և երկնաքարային երկաթին։ Ք.ա. V հազարամյակի կեսերից սկսվում է պղնձաքարի (էնեոլիթ) դարաշրջանը։ Սակայն պղինձը, որ հեշտ կռելի էր և փափուկ, չկարողացավ կիրառությունից դուրս մղել առավել ամուր քարե գործիքները։ Պղնձաքարի շրջանում, որն ավարտվեց Ք.ա. IV հազարամյակի վերջին, գործիքների տեսականին դարձավ բազմապիսի և ավելի որակյալ։ Ընտելացվեցին խոշոր և մանր եղջերավոր անասունները։ Որպես քարշիչ ուժ լայնորեն սկսեցին օգտագործվել լծկան եզները։ Բուռն զարգացում ապրեցին արհեստները՝ բրուտությունը, մետաղագործությունը և մանածագործությունը։ Սկսեցին աշխույժ առևտրական և փոխանակային կապեր հաստատվել Հայկական լեռնաշխարհի և հարևան երկրների միջև։ Հայկական լեռնաշխարհը դառնում է աշխարհում մետաղագործության հնագույն կենտրոններից մեկը։


Բրոնզի դար

Ք.ա. III-II հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխում են բրոնզի դարաշրջան։ Շարունակվում է արհեստների զարգացումը, որոնք լայնորեն ճյուղավորվում են ու մասնագիտացվում։ Մեծ հաջողությունների հասավ հատկապես մետաղագործությունը։ Հայտնագործվեց բրոնզը, որը պղնձի ու անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածք էր։ Այն շատ ավելի կարծր էր պղնձից, հեշտությամբ ենթարկվում էր մշակման, և դրանով անհամեմատ դյուրին էր կտրել ու ծակել քարը, փայտն ու ոսկորը։ Բրոնզի հայտնագործումով զարգացում ապրեց զինագործությունը. այն՝ անջատվելով մետաղագործությունից, վերածվեց առանձին արհեստի։ Աճեցին բրոնզե գործիքների, կենցաղային իրերի ու զարդերի տեսակները, ինչպես նաև նրանց քանակը։ Հայկական լեռնաշխարհը վերածվում է մետաղների խոշոր արտահանող երկրի։

Բնակչության շրջանում սոցիալական անհավասարությունը գնալով ուժեղացավ, խորացավ ցեղային ավագանու հարստացումը, որը խթանեց ոսկերչության և արծաթագործության զարգացումը։ Ոսկուց, արծաթից և թանկարժեք քարերից պատրաստված նրբագեղ զարդերը մեր օրերի մարդկանց անգամ զարմացնում են իրենց կատարելությամբ և կատարողական վարպետությամբ։ Ծաղկեցին փայտի և կաշվի մշակումը, ջուլհակությունը և բազմաթիվ այլ արհեստներ։ Բրոնզի դարին պատկանող հոյակապ զարդեր ու հիանալի գործիքներ են հայտնաբերվել պեղումների ժամանակ Վանաձորում, Քարաշամբում, Լճաշենում՝ Սևանի ափին, և այլ վայրերում։

Արդյունավետ երկրագործության զարգացման գործում հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորի գյուտը։ Այս գյուտի շնորհիվ մարդն սկսեց հաստատվել այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր չէր զբաղվել բրիչային երկրագործությամբ։ Ընդարձակվեցին մշակելի տարածությունները, բարձրացավ բերքատվությունը, մեծապես աճեց բնակչությունը, հանդես եկան խոշոր ու բազմամարդ բնակավայրեր։ Ընդարձակվեց ոռոգման ցանցը։ Ամենուրեք սկսեցին անցկացվել ոռոգիչ առուներ։ Զարգացավ այգեգործությունը, որի առաջին պայմանը ոռոգման ցանցի ընդլայնումն էր։ Հեղաշրջիչ դեր ունեցավ ձիու ընտելացումը, որն սկսեց մեծ դեր խաղալ մարդու կյանքում։


Նախնադարյան կարգերի քայքայումը

Նախնադարի շրջանում մարդիկ իրար հավասար են եղել, և գոյություն չի ունեցել շահագործում։ Սակայն հասարակական-տնտեսական զարգացման հետևանքով վիճակը փոխվեց։ Երկրագործության և անասնապահության բուռն զարգացումը հնարավորություն տվեց ոչ միայն կերակրել մարդկանց, այլև սննդամթերք կուտակել։ Մարդն այժմ ավելի էր արտադրում, քան կարող էր սպառել։ Ճիշտ է, ավանդույթի ուժով առաջվա պես յուրաքանչյուրը պարտավոր էր իր ունեցածը կիսել իր տոհմակիցների հետ, սակայն դրանով փոքրանում էր շատ բերք ստանալու ձգտումը։ Հետագա զարգացման հետևանքով համայնքը բաժանվեց խոշոր գերդաստանների, որոնք ունեին իրենց սեփական տնտեսությունը։ Ստացված բերքն այլևս չէր հավաքվում ընդհանուր շտեմարանում, այլ հայտնվում էր գերդաստանի նահապետի տնօրինության ներքո։ Դրա արդյունքում բարձրացավ աշխատանքի արտադրողականությունը, ուժեղացավ մրցակցությունը գերդաստանների միջև՝ հանգեցնելով դրանց մի մասի հարստացմանը և մնացած մեծ մասի աղքատացմանը։ Հասարակությունը շերտավորվեց, ձևավորվեցին ունևոր և աղքատ խավերը։ Աստիճանաբար ուժեղացավ ցեղային ավագանին, որին հաջողվեց իր ձեռքում կուտակել համայնքի լավագույն հողերը, անասունների հոտերը և այլևայլ հարստություններ։ Այդ են ցույց տալիս ցեղապետերի և ավագների դամբարանների պեղումները, որոնք արտակարգ հարուստ են։ Պեղված նյութը ցույց է տալիս, որ հանգուցյալի հետ թաղում էին նաև բազմաթիվ իրեր, որոնցից նա պետք է օգտվեր հանդերձյալ կյանքում։ Դամբարաններում հանդիպում են ճոխ զարդարված կառքեր, թանկագին զենք ու զրահ, թանկարժեք իրեր, տերերի հետ մեկտեղ թաղված սպանված ստրուկների և ձիերի կմախքներ, որոնք պետք է շարունակեին ծառայել իրենց տերերին հանդերձյալ աշխարհում։ Հատկապես այս ամենը կարելի է տեսնել Արթիկի և Լճաշենի պեղածո նյութերում, որոնք ցուցադրված են Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Հակառակ դրան, ցեղերի շարքային անդամների գերեզմանները աղքատիկ են և մեծ մասամբ պարունակում են մեկ կամ մի քանի կճուճներ, բրոնզե դանակներ և հասարակ զարդեր։

Հասարակական զարգացման հետևանքով Հայկական լեռնաշխարհում հանդես են գալիս ցեղային միությունները։ Լայն ծավալ են ստանում միջցեղային և ցեղային միությունների միջև կռիվները, որոնց նպատակն էր օտարներին կողոպտելը, նրանց անասուններին ու բերքին և անգամ հողերին տիրանալը։ Սկզբնական շրջանում կռիվներին մասնակցում էին ցեղի բոլոր չափահաս տղամարդիկ, սակայն շուտով պատերազմելը նրանց մի մասի համար դարձավ զբաղմունք՝ ծնելով ռազմիկների ջոկատներ։ Արյունալի և հաճախ կրկնվող պատերազմները ստիպում էին ցեղերին պաշտպանվելու համար հսկայական քարերից ամրություններ կառուցել, որոնք ընդունված է կիկլոպյան ամրոցներ անվանել։

Ձևավորվում են պետական առաջին կազմավորումները։ Ավելի ուշ հանդես է գալիս պետությունը՝ որպես բռնության գործիք իշխանավորների ձեռքին։ Ք.ա. III հազարամյակում ծնունդ են առնում առաջին պետական կազմավորումները, ստեղծվում կառավարման մարմիններն իրենց ղեկավարներով։ Դրանք էին թագավորը, հոգևոր առաջնորդը, զորահրամանատարը և այլ պաշտոնյաներ։ Սկզբում թագավորի իշխանությունը սահմանափակված էր ավագների խորհրդով։ Աստիճանաբար նրա իշխանությունը դառնում է գրեթե անսահմանափակ։ Նրա հրամանները ստանում են օրենքի ուժ՝ ապահովելով կարգն ու կանոնը երկրում։


Երկաթի դարի սկիզբը Հայկական լեռնաշխարհում

Պետական կյանքի զարգացման համար մեծ խթան հանդիսացավ երկաթի գյուտը։ Մարդը վաղուց ծանոթ էր երկաթին՝ երկնաքարերի տեսքով, սակայն այն սկսում է լայնորեն օգտագործվել միայն Ք.ա. II հազարամյակի վերջերից։ Անտարակույս, երկաթի պաշարները բնության մեջ շատ ավելի մեծ են, քան պղնձինը, սակայն երկաթ ստանալու համար պահանջվում էր բարձր ջերմաստիճան ապահովել, ինչը երկար ժամանակ մատչելի չէր մարդուն։ Երբ ի վերջո մարդուն դա հաջողվեց, հասարակությունն ստացավ երկաթե գործիքներ ու զենքեր շատ ավելի փոքր ծախսումներով, քան բրոնզից պատրաստածները։ Երկաթից պատրաստված իրերը ոչ միայն ավելի ամուր էին, այլև, ինչը որ շատ կարևոր է, ավելի էժան։ Երկաթի լայն մուտքը մարդկային հասարակություն հեղաշրջեց տնտեսական կյանքի, արհեստների, պատերազմական գործի զարգացումը։ Մասնավոր սեփականության առաջացման հետևանքով նախնադարյան համայնական կարգերն սկսեցին արագորեն քայքայվել։ Երկաթի օգտագործումը նպաստեց Հայկական լեռնաշխարհում մեծ պետությունների հանդես գալուն։


Պաշտամունք և կրոն

Նախնադարում յուրաքանչյուր տոհմի անդամ կարծում էր, որ իր տոհմն առաջացել է որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից։ Հասկանալի է, որ տոհմերը պաշտում էին դրանց ու շատ հաճախ կոչվում դրանց անուններով (ցուլի, արծվի, կաղնու, աղավնու և այլ տոհմեր)։ Ենթարկվելով բնության արհավիրքներին և հասկանալով իր անզորությունը դրանց նկատմամբ՝ մարդը պաշտում էր բնության երևույթները՝ կայծակը, քամին, անձրևը և այլն։ Ջրի պաշտամունքին էին նվիրվում ձկնակերպ քարե կոթողները, որոնց ժողովուրդը կոչում է վիշապներ։ Բուսականության ծաղկումը, ջրի սառչելը, բնության զարթոնքը նախնադարյան մարդը փորձում էր ընկալել որպես ոգիների գործունեություն։ Նրանց բարեհաճ վերաբերմունքն ստանալու համար նա զոհեր էր մատուցում, աղերսում ոգիներին խնայել իրեն և բարյացակամ լինել ու կատարել իր խնդրածը։

Նախնադարյան մարդու կարծիքով իր մեռած հայրերն ու պապերը շարունակում են ապրել հանդերձյալ աշխարհում՝ հաջողություն կամ անհաջողություն բերելով նրան, ուստի նրանց բարեհաճությունը ձեռք բերելու համար ոչ միայն աղոթում էր նրանց, այլև զոհեր մատուցում։

Աստիճանաբար սկսեց ձևավորվել կրոնը։ Ծնունդ առան պտղաբերության ու սիրո և այլ աստվածություններ։ Էլ ավելի ամրապնդվեց անդրշիրիմյան կյանքի այն հավատը, թե մարդու մեռնելուց հետո նրա հոգին կենդանի է մնում և շարունակում է ապրել մեկ այլ կյանքով։


Արվեստ

Նախնադարյան մարդու հավատալիքները իրենց արտացոլումը գտան նոր ձևավորվող արվեստի մեջ։ Մեզ են հասել քարից ու կավից, մետաղից ու եղջյուրից կամ ոսկրից պատրաստված մեծ ու փոքր արձաններ ու ժայռապատկերներ։ Մեծ ճաշակով ու արվեստով են արված Գեղամա լեռների ու Սյունիքի ժայռապատկերները։ Դրանք պատկերում են տարբեր կենդանիների, մարդկանց, բույսերի, կռվի ու որսի տեսարաններ և երկնային մարմիններ (արև, լուսին)։

Նախնադարյան մարդն առաջին քայլերն արեց ժամանակը չափելու ուղղությամբ։ Սկզբում նա հաշվեց օրերի այն քանակը, որի ընթացքում լուսնի մահիկը, անընդհատ մեծանալով, վերածվում էր լիալուսնի և վերադառնում իր սկզբնական վիճակին։ Այսպես ծագեց լուսնային ամսվա գաղափարը։ Հնարավոր եղավ ժամանակը չափել ոչ միայն օրերով, այլև լուսնային ամիսներով։ Նախնադարյան մարդու համար շատ դժվար էր պարզել տարվա տևողությունը։ Սակայն մարդն անընդհատ զարգանում էր ու առաջադիմում։ Հետևելով եղանակային փոփոխություններին՝ նա իր համար մեծ հայտնագործություն արեց, որ գարնանից մինչև հաջորդ գարուն, բերքահավաքից մինչև հաջորդ բերքահավաք մոտավորապես նույն քանակությամբ օրեր են անցնում։ Հետևելով երկնակամարում որոշ աստղերի շարժմանը՝ Հին Եգիպտոսում առաջինը պարզեցին, որ տարին բաղկացած է 365 օրից, որով փաստորեն սկիզբ առավ շարժական տոմարը։ Առկա նյութը ցույց է տալիս, որ Հայկական լեռնաշխարհի բնակչությունը հավանաբար Ք.ա. III հազարամյակից հիանալի պատկերացում ուներ արեգակնային տարվա մասին։

Создать бесплатный сайт с uCoz