Երվանդական թագավորություն

 

Պարույր թագավոր

Ք.ա. VII դարի վերջերին Վանի թագավորությունը խիստ թուլացավ: Դրան մեծապես նպաստեցին Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակությունները: Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի թագավորությունը: Հայոց ավանդական պատմության համաձայն՝ նա Հայկ Նահապետի սերունդներից էր: Հավանաբար նրա թագավորությունը միավորում էր մեր պատմական հայրենիքի հարավային և հարավ-արևելյան շրջանները: Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին: Կամենալով Պարույրին իրենց կողմը գրավել՝ թե' Ասորեստանի և թե' Մարաստանի թագավորները նրան թագ են խոստանում: Որոշ տատանումներից հետո նա ամբողջությամբ անցավ Ասորեստանի հակառակորդների կողմը: Նա մարական թագավորից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին մասնակցելու համար: Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ Պատմահայրը, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է. «Ահա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում»: Անկախ հայկական պետականության մեծ ջատագով Պատմահայրը, որն իր երկը ստեղծում էր մարզպանության շրջանում, գրում է. «Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ... աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգներից խուսափած լինեի»:


Հայաստանի Երվանդական թագավորությունը

Պարույրի թագավորությանը չվիճակվեց երկար իշխել Հայաստանի քաղաքական թատերաբեմում: Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործը իրականացրեց Երվանդական արքայատոհմը, որի իշխանության կենտրոնն սկզբում Այրարատն էր: Պատմահայրը շփոթում է Վանի թագավոր Արամին Երվանդական Արամանիի հետ, որին նա նույնպես Արամ է կոչում: Վերջինս պայքար է սկսում օտար զավթիչների դեմ, ջախջախում նրանց առաջնորդ կութար Մադեսի զորքերը, իսկ Մադեսին հրամայում գամել Արմավիրի պարսպի աշտարակին: Արամանին, որ իր մայրաքաղաք դարձրեց Արմավիրը, հանդես բերեց մեծ քաղաքագետի և զինվորական գործչի հատկություններ: Դաշնակցելով մարերի հետ՝ նա գրավեց Ասորեստանի դաշտի մեծ մասը: Նա մեծ բանակով արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ գրավելով Մաժակ (հետագայում՝ Կեսարիա) քաղաքը և Հայաստանի սահմանները հասցնելով մինչև Սև ծովի ափերը: Ռազմական և քաղաքական այս հաջողությունների շնորհիվ Հայաստանի Երվանդականների թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի կարևոր պետության:


Հայ ժողովրդի կազմավորման ավարտը

Հայ ժողովրդի կազմավորումը, որ ակտիվացել էր Ք.ա. II հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի թագավորության շրջանում, Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը: Արամանի թագավորի կողմից արևմուտքում գրավված երկրների բնակչությունը, որ հնդեվրոպական էր և շատ մոտ հայերին, աստիճանաբար ներառվեց հայ ժողովրդի կազմավորման գործընթացների մեջ: Այնքան մեծ էին Հայոց թագավորի քաջագործությունները և այնքան հաղթական նրա զորքը, որ շուտով հարևան ժողովուրդները նրա Արամանի անունը տարածեցին թագավորության բոլոր բնակիչների վրա: Հայերը հարևանների կողմից դիտվում էին որպես Արամանի թագավորի ժողովուրդ, ուստի, հակառակ նրանց հայ ինքնանվանման, նրանց սկսեցին անվանել արամանի (որը ժամանակի ընթացքում վերածվեց արմենի), իսկ երկիրը՝ Արմենիա: Բնավ էլ զարմանալի չէ, որ պարսիկները հայերին մինչև օրս էլ կոչում են արմանի: Այս գործընթացների հետևանքով հայ ժողովրդի կազմավորումը թևակոխեց ավարտական փուլ, և երկրի ամբողջ բնակչությունը դարձավ հայախոս:


Հայ-մարական հարաբերությունները

Ք.ա. 612 թ. մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և ամենայն դաժանությամբ կործանեցին այն: Այս իրադարձությունները ցնցող ազդեցություն ունեցան Հայոց թագավորի վրա: Նա փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները: Սակայն մարական Կիաքսար թագավորի հրամանով նրա ենթակա պարսից թագավոր Կյուրոսը ժամանեց Հայաստան, որի թագավորը կռիվների մեջ էր երկիր ներխուժած սկյութների կամ խալդայների դեմ: Նա ստիպեց, որ Հայոց թագավորը մարական թագավորին օգնական զորքեր ուղարկի Ասորեստանի դեմ պատրաստվող արշավանքին մասնակցելու համար: Ասորեստանը կործանվեց Ք.ա. 605 թվին.: Մարերն ստեղծեցին հզոր տերություն, որի զորքերը Ք.ա. 585 թ. մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ: Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան: Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը:

Երվանդ Սակավակյացի և նրա որդի Տիգրանի օրոք Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը: Այն իր մեջ ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր: Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը: Այն կարող էր մարտադաշտ դուրս բերել 40 հազար հետևակ և 8 հազար հեծյալ մարտիկներ, ինչն այն ժամանակներում մեծ ուժ էր: Արքունի գանձերը կազմում էին ավելի քան 3000 արծաթ տաղանդ: Երվանդ Սակավակյացն ուներ երկու որդի՝ Տիգրան և Շավարշ, որոնցից առաջինին վիճակված էր մեծ դեր խաղալ Հայոց պատմության մեջ: Համահայկական պետությունն առաջացավ օտար նվաճողների, մասնավորապես, նրա նախկին դաշնակից Մարաստանի դեմ մղած պայքարում: Չնայած Կյուրոսի արշավանքին՝ Հայաստանի Երվանդականների թագավորությունը կարողացավ պահպանել իր անկախությունը: Ավելին, նա շուտով հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, որն ապստամբեց մարական տիրապետության դեմ:


Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը

Պարսից արքա Կյուրոս Մեծին, որը վերոհիշյալ Կյուրոսի թոռն էր, հաջողվում է տապալել Մարաստանի տիրապետությունը և հիմք դնել հին աշխարհի հզոր տերություններից մեկին՝ Աքեմենյան Պարսկաստանին: Նրան հակամարական պայքարում մեծապես օգնեց հայոց նոր գահակալը՝ նրա անձնական բարեկամ Տիգրանը, որը Երվանդ Սակավակյացի որդին էր: Ք.ա. 550 թ. Կյուրոս Մեծի ստեղծած Աքեմենյան պետությունը տարածվում էր էգեյան և Միջերկրական ծովերից մինչև. Հնդկաստանի արևմտյան երկրամասերը, Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ: Հայոց թագավորությունը՝ լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն:

Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը

Քաղաքական վիճակն արմատապես փոխվեց Կյուրոս Մեծի և հայոց Տիգրան թագավորի մահից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը: Նրա գահ բարձրանալուն որպես պատասխան ապստամբեցին պարսից տերության հպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը: Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն՝ իր ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի եռալեզու արձանագրությունը: Վերջինիս պարսկերեն և էլամերեն մասերում Հայաստանն անվանվում է Արմինա, իսկ հայերը՝ արմինացի: Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել Ուրաշտու (իմացի՛ր Ուրարտու): Ապստամբած Հայաստանը Դարեհ թագավորի զորքերին ցույց տվեց համառ ու կատաղի դիմադրություն: Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն: Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ մի պարսիկ: Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ և ոչ մի երկիր այնպիսի համառ դիմադրություն ցույց չի տվել պարսկական զավթիչներին, ինչպես Հայաստանը: Պարսից զորավարները որոշակիորեն պարտություն են կրել չորս ճակատամարտերում և միայն հինգերորդ ճակատամարտից հետո երկիրը ճանաչել է Աքեմենյան Պարսկաստանի իշխանությունը: Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը: Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո՝ նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը, որի թագավորները միաժամանակ վերածվում են պարսկական սատրապների:

Հետաքրքիր է, որ Բաբելոնիայում հակապարսկական ապստամբությունը ղեկավարել է հայազգի Արախան:


Հայաստանն Աքեմենյան սատրապություն

Պարսից արքունիքը, խորապես գնահատելով երկրի ռազմական ներուժը և խուսափելով նոր ապստամբություններից, ստիպված եղավ ճանաչել Երվանդականների իշխանությունը Հայաստանում: Միաժամանակ պարսից թագավորը նրանց վերածեց պարսից սատրապների: Սակայն երբեմն առ երբեմն սատրապական իշխանությունը հանձնվում էր պարսից ավագանու ներկայացուցիչներին: Շուրջ երկու դար Հայաստանը հանդիսացել է Աքեմենյան Պարսկաստանի տերության սատրապություններից մեկը՝ զբաղեցնելով դրանց համակարգում կարևոր և պատվավոր տեղ: Հայաստանը, լինելով պարսից XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ հարկ և պարսից բանակին հանձնել 20 հազար նժույգ, ինչը հավաստում է երկրի ոչ միայն մեծության, այլև հարստության մասին: Որպես Աքեմենյան տերության հպատակներ՝ Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են Պարսից տերության մղած պատերազմներին: Հատկապես հռչակված է եղել հայոց այրուձին:

Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները՝ խնամիական կապերով կապված լինելով հանդերձ Աքեմենյան արքայատոհմի և պարսից մեծամեծ ընտանիքների հետ, մշտապես պահպանում էին իրենց արքայատոհմի սովորույթները և հայկականությունը:


Հայաստանն ըստ Քսենոփոնի նկարագրության

Ք.ա. 401 թ. պարսից արքայի դեմ ապստամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը, սակայն նա պարտվում է և սպանվում վճռական ճակատամարտում: Նրա զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10-հազարանոց (բյուր) մի զորաբանակ: Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր երկիր վերադառնալ ոչ թե եկած երթուղով, որը բռնված էր պարսկական զորքերով, այլ նահանջել դեպի Սև ծովի ափերը Միջագետքի և Հայաստանի վրայով: Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, որի «Անաբասիս» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը: Հայոց թագավորությունը, որ շարունակում էր մնալ պարսկական սատրապություն, այդ ժամանակ բաղկացած էր երկու մասից, որոնք համապատասխանաբար կոչվում էին Արևելյան ու Արևմտյան Հայաստան:

Հայաստանի այդ ժամանակվա սատրապ Երվանդը, որ ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ, շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը: Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր: Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայաստանով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել: Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում: Քսենոփոնը նկարագրում է գյուղական տները, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը: Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը:

Աքեմենյանների տիրապետության վերջին շրջանում կամ վերջինիս անկումից հետո Հայաստանը վարչականորեն բաժանվում է Երկու անհավասար մասերի, որոնցից մեծը ստանում է Մեծ Հայք (իմացի՛ր Մեծ Հայաստան), իսկ փոքրը՝ Փոքր Հայք (իմացի՛ր Փոքր Հայաստան) անունը:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, Աքեմենյան Պարսկաստանի անկումը, Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների ձևավորումը

Աքեմենյան տերությունը, չնայած արտաքին փայլին, նման էր կավե ոտքերով հսկայի: Գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ձգտումները, և տերության տարբեր մասերում հանդես եկան գործնականում անկախ ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից էին Հայաստանում գտնվող կարդուխները, խալդայները կամ սկյութները: Եվ մինչ օրեցօր թուլանում էր Աքեմենյան տերությունը, Բալկանյան թերակղզում գնալով ուժեղանում ու առնականանում էր Մակեդոնիայի ոչ մեծ թագավորությունը: Ռազմական վերափոխությունների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր ուներ փաղանգի (ֆալանգ) ստեղծումը, մակեդոնական բանակը դարձավ իր ժամանակի ամենամարտունակ բանակը: Իրեն բավարար չափով ուժեղ զգալով՝ Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Մեծը Ք.ա. 334 թ. իր բանակով անցավ սևծովյան նեղուցները և մեկ տարվա համառ կռիվներից հետո գրավեց Աքեմենյան տերության արևմտյան սատրապությունները: Աքեմենյան բանակներն առաջին լուրջ պարտությունը կրեցին Ք.ա. 333 թ. Իսոսի ճակատամարտում: Սակայն պարսից արքունիքն անկարող եղավ հետագա երկու տարիներին ուժեղացնել երկրի պաշտպանությունը: Եվ երբ Ք.ա. 331 թվին հունա-մակեդոնական և պարսկական բանակները ճակատամարտ տվեցին Գավգամելայում, Ալեքսանդր Մակեդոնացին պարզապես ջախջախեց Դարեհ Գ-ի կողմից ղեկավարվող պարսկական բանակը: Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ն փախուստի դիմեց՝ հուսալքության մատնելով իր զորքերին, և շատ չանցած սպանվեց իր իսկ մերձավորների ձեռքով:

Ինչպես հավաստում են սկզբնաղբյուրները, Գավգամելայի ճակատամարտին մասնակցել են Մեծ Հայքի և Փոքր Հայքի զորաբանակները: Մեծ Հայքի զորքերը գլխավորում էր Երվանդ սատրապը:

Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը Հայաստան չմտան և շարունակեցին իրենց ռազմերթը դեպի Միջին Ասիա և այնուհետև՝ Հնդկաստան, որոնց նվաճումը մեծ դժվարություններ ստեղծեց հունա-մակեդոնական զորքերի համար: Հատկապես մեծ փորձություն էր նրանց համար մարտական փղերի դեմ պայքարելը: Արշավանքն ստիպված եղան դադարեցնել: Սակայն դրա արդյունքում նվաճվեց Աքեմենյան տերությունը, և ստեղծվեց մի նոր ու տարածքով նրան չզիջող պետություն, որն ընդունված է կոչել Ալեքսանդր Մակեդոնացու տերություն: Վերջինս իր պետության մայրաքաղաք դարձրեց վաճառաշահ Բաբելոն քաղաքը:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները լոկ ռազմական երևույթ չէին: Նրանք հեղաշրջիչ ազդեցություն ունեցան քաղաքական, տնտեսական և հասարակական հարաբերությունների վրա: Արևելքի երկրներում լայնորեն տարածվեց հունարենը, որը վերածվեց իշխող խավերի խոսակցական լեզվի: Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներով Առաջավոր Ասիայում սկսվեց մի նոր՝ հելլենիզմի (հունականության) դարաշրջանը:

Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չի արշավել, իսկ նրա ուղարկած բանակները ջախջախվել են հայերի կողմից: Մինչ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը կռվում էին Արևելքում, Հայաստանի երկու մասերը՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում իրեն թագավոր է հռչակում Գավգամելայի ճակատամարտի մասնակից Երվանդը, որով Երվանդական արքայատոհմը վերականգնում է իր լիակատար իշխանությունը: Փոքր Հայքում ևս թագավորական իշխանությունն անցնում է Երվանդական արքայատոհմին:


Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը

Ալեքսանդր Մակեդոնացու տերությունն իրենից ներկայացնում էր տարբեր ժողովուրդների ու ցեղերի միավորում, որոնք գտնվում էին զարգացման անհավասար մակարդակների վրա: Ոչ միայն նվաճված ժողովուրդներն էին փորձում տապալել օտար լուծը, այլև Ալեքսանդր Մակեդոնացու մահից (Ք.ա. 323 թ.) հետո իշխանության համար պայքար սկսվեց նրա զորավարների միջև: Ալեքսանդր Մակեդոնացու նախկին տերության տարածքում ստեղծվեցին մի քանի պետություններ, որոնց մեջ ամենախոշորը և, թերևս, ամենաուժեղը Սելևկյան տերությունն էր: Այն ժամանակի ընթացքում իրեն ենթարկեց Ալեքսանդրի տերության տարածքի մեծ մասը: Ծնունդ առնելով Հայաստանի հարևանությամբ՝ Սելևկյան պետությունը մեծ վտանգ էր ներկայացնում հայկական թագավորությունների համար՝ անընդհատ փորձելով տիրանալ Հայաստանին:

Մեծ Հայքի Երվանդականները, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրենց պետության կենտրոնը դարձրին Այրարատյան դաշտը: Նրանք իրենց աթոռանիստը հաստատեցին Արմավիր քաղաքում, որը Վանի թագավորության շրջանում ստացել էր Արգիշտիխինիլի անունը: Մեծ զարգացում է ապրում քաղաքաշինությունը: Քանի որ Երասխի հունի փոխվելուց հետո Արմավիրը զրկվել էր բավարար ջրից, Երասխի և Ախուրյանի ջրկիցի շրջանում Երվանդ Դ թագավորը կառուցում է Երվանդաշատ քաղաքը և այն դարձնում պետության մայրաքաղաք: Ախուրյան գետի աջ ափին հիմնադրվում է խոշոր քաղաք-սրբավայր Բագարանը: Պետության քրմապետեր են նշանակվում թագավորի եղբայրները: Մեծ և Փոքր Հայքի թագավորությունները բռնում են զարգացման ու բարգավաճման ճանապարհը:


Ծոփք-Կոմագենեի թագավորության առաջացումը

Մեծ Հայքի Երվանդականները իշխում էին մի ընդարձակ երկրի, որը տարածվում էր Կուրի և Երասխի ջրկիցից մինչև Եփրատ՝ ներառելով Կոմագենե երկիրը: Սելևկյան տերության թագավորների նենգ քաղաքականության հետևանքով թագավորության առավել զարգացած երկրամասերից Ծոփքը և Կոմագենեն անջատվում են Մեծ Հայքից և վերածվում առանձին թագավորության: Այստեղ իշխանության գլուխ է անցնում Երվանդական արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչ Սամոսը (իմացի՛ր Շամ), որը դրամ է հատել: Նրան հաջորդում է նրա որդի Արշամը, որը նույնպես արծաթե դրամներ է հատել: Շամի և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգացում են ապրում քաղաքները: Շամը Կոմագենեում կառուցում է Սամոսատ քաղաքը, իսկ Արշամը՝ Ծոփքում Արշամաշատը, որը դառնում է պետության մայրաքաղաքը: Շատ չանցած Ծոփթ-Կոմագենեի թագավորությունը տրոհվում է՝ ծնունդ տալով առանձին Ծոփքի և Կոմագենեի թագավորություններին: Ք.ա. III դ. վերջին Հայաստանը, ցավոք, միասնական երկիր չէր: Նրա տարածքում գոյություն ունեին հայկական չորս թագավորություններ՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմագենեի:

Տրոհված և թուլացած Հայաստանն այլևս ի վիճակի չէր դիմադրելու Սելևկյանների նվաճողական քաղաքականությանը: Տրոհելով Հայաստանն առանձին թույլ թագավորությունների՝ Սելևկյանները որոշակի քայլեր են ձեռնարկում Հայաստանը գրավելու ուղղությամբ: Նրանց հաջողվեց իրենց տիրապետությունը հաստատել Հայկական բոլոր թագավորություններում՝ Մեծ Հայքում կառավարիչ նշանակելով Արտաշեսին, իսկ Ծոփքում՝ Զարեհին:

Создать бесплатный сайт с uCoz