…սխան, Հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ:

Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:

 

Հողատիրության ձևերը

Ավատատիրական հասարակության ամենաբնորոշ հատկանիշներից մեկն ավատական խոշոր հողատիրությունն էր: Վաղ ավատատիրության շրջանում գոյություն է ունեցել հողատիրության երեք ձև՝ հայրենիք, պարգևականք և գանձագին: «Հայրենիք» կամ «հայրենական» էին կոչվում ժառանգական սեփականության իրավունքով հորից որդուն անցնող հողերը: «Պարգևականք» անվանվում էին այն կալվածքները, որոնք որպես ուտեստ հանձնվում էին պետական պաշտոնյաներին կամ զինվորներին: Ծառայությունը դադարեցնելու դեպքում արքունիքը դրանք հետ էր վերցնում: Սակայն խոշոր ավատատերերին հանձնված այդ հողերը միտում ունեին վերածվելու հայրենիք-ի: «Գանձագին» էին համարվում այն հողերը, որոնք գնվել էին աշխարհիկ իշխանների կամ մեծահարուստ եկեղեցականների կողմից: Սրանք ըստ էության չէին տարբերվում հայրենիք-ից: Կուսակրոնություն մտցնելուց հետո բարձրաստիճան հոգևորականներին պատկանող հողերը դարձան եկեղեցու սեփականություն:

Հայոց թագավորի տիրույթները հայրենիք էին, իսկ թագավորը երկրի թիվ մեկ ավատատերն էր: Նրա տիրույթները, որ միաժամանակ պետական հողեր էին, ժառանգաբար անցնում էին հորից որդուն: Չնայած դրանք համարվում էին անօտարելի սեփականություն՝ գնալով կրճատվում էին մինչև այն պահը, երբ արքունիքն սկսեց ամեն գնով դրանք հարքունիս գրավել:

Արքունական հողերը չէին բաժանվում արքունի սեպուհներին: Նրանց որպես բնակության վայր հանձնվում էին Հաշտյանք, Աղիովիտ և Առբերանի գավառները: Այրարատում, որտեղ գտնվում էր արքունի տիրույթների նշանակալից մասը, կարող էին ապրել միայն թագավորն ու թագաժառանգը:

 

Թագավորը և ավատատիրական իշխանությունները

Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող: Նրանք ենթակա էին թագավորին, սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն: Խոշոր ավատատերերն ունեին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը նրանցից հող էր ստանում զինվորական ծառայության դիմաց: Նախարարի զորաջոկատը պատերազմի էր դուրս գալիս արքունի բանակի կազմում՝ նրա առաջնորդությամբ և դրոշի ներքո: Թագավորը ևս ուներ ենթակա մանր ազնվականներ, որոնք կոչվում էին ոստանիկներ:

Ավատատիրությունն իր էությամբ ծնում էր երկպառակություններ, կենտրոնախույս ձգտումներ, որոնք հաճախ հրահրվում էին հարևան Հռոմեական կայսրության կամ Պարսկաստանի կողմից: Արքունիքն էլ իր հերթին կամ դաժանորեն ճնշում էր նման փորձերը կամ էլ աշխատում սիրաշահել դժգոհ նախարարներին: Արքունիքը մերթ կալվածքներ ու պաշտոններ էր բաժանում նրանց, մերթ էլ, իրեն ուժեղ զգալով, սանձահարում ըմբոստ նախարարներին՝ պահպանելով թագավորական իշխանության հեղինակությունն ու երկրի միասնությունը:

Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ: Երկրի խոշոր քաղաքներից էին Վաղարշապատը, Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Վանը, Զարիշատը և այլն: Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին: Եվ երբ IV դ. կեսերին Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի, թագավորական իշխանությանը ծանր և անդառնալի հարված հասցվեց:

 

Ավատատիրական աստիճանակարգությունը

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ: Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով:

Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները: Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել: Թագավորին էին ենթարկվում նաև կրտսեր նախարարները, որոնք նույնպես «ի սպասու ծառայություն» էին կատարում: Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները: Իրենց տիրույթներում նրանք վարչական և դատական լայն իրավունքներ ունեին: Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները նախարարական տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին:

Տիրույթ ունեցող բդեշխներն ունեին իրենց ստորակա նախարարությունները, որոնք ավատատիրական «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքով չէին գտնվում թագավորի անմիջական ենթակայության ներքո:

Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները: Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ: Նրանցից էին կազմվում արքունի հեծելազորը, նախարարական այրուձին: Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ: Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը:

Մեզ է հասել «Գահնամակ» անունով մի վավերագիր, ուր սահմանված է հայ նախարարներից յուրաքանչյուրի տեղն արքունիքում: Մեկ այլ փաստաթուղթ, որը նույնպես կրում էր «Գահնամակ» անունը, նախարարությունների ռազմական ուժը ներկայացնելու պատճառով պայմանականորեն կոչվել է Զորանամակ: Համաձայն «Գահնամակի», նախարարների արքունիքում զբաղեցրած դիրքը համապատասխանում էր նրանց ռազմական կարողություններին:

 

Պետական կարգը: Բանակը

Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:

Հազարապետությունը սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն: Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտոնյաները: Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին Գնունիները, ապա Ամատունիները:

Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը: Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը: IV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան տան ժառանգական իրավունքն էր: Սպարապետին էին ենթարկվում չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները:

Մարդպետություն գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը: Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն: Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից:

Մաղխազությունը իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը: Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր: Մաղխազությունը Խորխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր:

Թագակապ ասպետություն գործակալությունը ղեկավարում էին Բագրատունիները, որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին:

Մեծ դատավարությունը ղեկավարում էր կաթողիկոսը, որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում:

Արքունի սենեկապետությունը ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը: Սենեկապետը թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը: Կային նաև այլ գործակալություններ:

 

Բանակը

Հայկական բանակը Արշակունիների օրոք բաղկացած էր 120 հազար մարտիկներից: Դրանցից 4 հազար արքունական էին, ղեկավարվում էին բդեշխների կողմից և պաշտպանում երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով: Բանակի մաս էին կազմում մարդպետական 15 հազարանոց գունդը և մաղխազական 10 հազարանոց գունդը, որով արքունական զորուժի ընդհանուր քանակը հասնում էր 65 հազարի: Մնացած 55 հազար մարտիկները ներկայացնում էին նախարարական զորաջոկատները: Բանակի հիմնական հարվածային ուժն այրուձին էր: Մեծ ուժ էին ազատներից կազմված հետևակային զորամասերը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հավաքագրվող ժողովրդական աշխարհազորը:

Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն: Քաղաքների պարիսպներն ավերելու համար օգտագործում էին բաբան և այլ պարսպակործան մեքենաներ: Մեծ նշանակություն էր տրվում քարանետ գործիքներին: Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր, որոնցից վերջինը զբաղվում էր կռվի ժամանակ ճանապարհների անցկացումով, գետանցների ապահովումով և քաղաքների ու ամրոցների պարիսպների խորտակումով:

 

Քաղաքական կացությունն Առաջավոր Ասիայում III դ. վերջին և IV դ. սկզբներին

Դիոկղետիանոս կայսեր օրոք Հռոմեական կայսրությունը բավականին հզորացավ: Երկիրն սկսեց վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: 287թ. հռոմեական օգնությամբ հայկական գահին վերահաստատվեց Տրդատ Գ Մեծը (իշխել է մինչև 330թ.): Պարսից Ներսեհ Սասանյան արքան, որ մինչ այդ Հայոց թագավորն էր, պարսից արքայից արքա դառնալուց հետո փորձեց վերատիրել Մեծ Հայքի թագավորությանը: Սակայն նա 297թ. հռոմեա-հայկական զորքերից ծանր պարտության կրեց և ստիպված եղավ կնքել Մծբինի 40-ամյա, իր համար նվաստացուցիչ հաշտությունը: Մեծ Հայքի թագավորությունը կրկին իր արժանավոր տեղն զբաղեցրեց Առաջավոր Ասիայի քաղաքական թատերաբեմում: Ուժեղացավ թագավորական իշխանությունը:

Հռոմեական կայսրությունում գնալով ուժեղանում էին նոր վարդապետության՝ քրիստոնեության հետևորդների դիրքերը: Քրիստոնեությունը, որն սկիզբ էր առել I դարում Պաղեստինում, II-III դդ. ընթացքում լայնորեն տարածվում է Հռոմեական կայսրության մեջ և Մերձավոր Արևելքում: Նոր վարդապետության հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր: Սկզբում բոլոր այն պետություններում, ուր տարածվում էր նոր կրոնը, նրա հետևորդներին վերաբերվում էին թշնամաբար, հալածում ու կոտորում՝ փորձելով արմատախիլ անել այս նոր շարժումը: Հալածանքները մեծ թափ ընդունեցին Դիոկղետիանոս կայսեր օրոք: Սակայն նոր վարդապետությունը գնալով ծավալվում էր՝ ներառելով նորանոր մարդկանց, ժողովուրդներ և երկրներ:

Քրիստոնեությունն իր հետևորդներին քարոզում էր համակերպվել կյանքի դժվարություններին, հավատարմորեն ծառայել տերերին: Քրիստոնեական եկեղեցին ուժեղ կառույց էր, ուստի պետությունները մեկը մյուսի հետևից սկսեցին փոխել իրենց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և այն հռչակել սկզբում որպես իրավահավասար, ապա՝ պետական պաշտոնական կրոն:

 

Քրիստոնեական համայնքների տարածումը Հայաստանում

Քրիստոնեությունը սկսել է Հայաստան ներթափանցել արդեն I դարից: Քրիստոնյա քարոզիչները՝ ի դեմս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և նրանց աշակերտների, գալիս էին Հայաստան և քարոզում նոր վարդապետությունը: ժողովրդին հասկանալի լինելու համար նրանք սովորում էին հայերեն, ուստի հասան նշանակալից հաջողությունների՝ հիմնադրելով Հայաստանում վաղ քրիստոնեական առաջին համայնքները: Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին Հիսուսի աշակերտները կամ առաքյալները, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո այն կոչվեց առաքելական: III դ. վերջերին և IV դ. սկզբներին քրիստոնեական համայնքներ էին ստեղծվել թագավորության գրեթե ամբողջ տարածքում, ինչը հող նախապատրաստեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու համար:

 

Տրդատ Գ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ

Տրդատ Գ-ն սկզբում թշնամանքով էր վերաբերվում քրիստոնյաներին: Հալածանքների ենթարկվեց անգամ նրա մերձավորներից Գրիգոր Պարթևը, որը հրաժարվել էր պսակներ դնել Անահիտ աստվածուհու արձանին: Նա կտտանքների ենթարկվեց և նետվեց Խոր Վիրապի արքունի բանտ, որտեղ մնաց 15 տարի: Գրիգոր Պարթևի բանտարկության 13-րդ տարում Հայաստան եկան քրիստոնեության քարոզիչ Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն և նրանց ընկերուհիները: Այս տարիների ընթացքում քրիստոնյաների նկատմամբ Հայոց թագավորի վերաբերմունքն աստիճանաբար մեղմացել էր: Սակայն, Դիոկղետիանոս կայսեր պահանջով Հայոց թագավորն ստիպված եղավ հալածել Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց կույսերին, որոնց մեծ մասը զոհ գնաց դրան: Սակայն Հռիփսիմյանց կույսերի նահատակության տարում Գրիգոր Պարթևն ազատվեց Խոր Վիրապի բանտից, իսկ քրիստոնյաները դադարեցին հալածվել: Տրդատ արքան արդեն մտմտում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին: Ազատություն ստացած Գրիգորին թույլ տրվեց Վաղարշապատում Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում մատուռներ հիմնել, որոնց վրա VII դ. նրանց անուններով եկեղեցիներ կառուցվեցին:

 

Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

301թ. Գրիգոր Պարթևը 16 հայ մեծամեծ իշխանների ուղեկցությամբ ուղարկվեց Կեսարիա, որտեղ մեծ հանդիսավորությամբ ձեռնադրվեց Հայոց մեծ եպիսկոպոսապետ կամ կաթողիկոս: Թագավորական բանակն սկսեց ավերել երկրի հեթանոսական մեհյանները, իսկ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, որը Լուսավորիչ կոչվեց քրիստոնեության լույսը Հայաստան բերելու համար, Տարոնում ավերեց երկրի ութերորդ նշանավոր՝ Վահագնի մեհյանը՝ հիմք դնելով Հայոց առաջին եկեղեցուն: Բագավան գալով՝ նա Եփրատ (իմացի՛ր Արածանի) գետում մկրտեց Տրդատ Գ-ին ու նրա ընտանիքը, նախարարներին, Հայոց բանակը և հասարակ ժողովրդին: Համաձայն Ագաթանգեղոսի՝ մկրտվածների ընդհանուր թիվը 4 միլիոն 434 հազար էր: Քրիստոնեությունը 301թ. առաջինն աշխարհում հայտարարվեց Հայոց թագավորության պետական կրոն:

Քրիստոնեությունը Դիոկղետիանոսից հետո մեծ հաջողություններ ունեցավ նաև Հռոմում: Սակայն 313թ. Միլանի կայսերական հրովարտակով այն ընդամենը հավասարազոր կրոն ճանաչվեց, իսկ պետական կրոն դարձավ միայն IV դ. վերջին քառորդին:

Չնայած մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը քրիստոնեական համայնքները մեծապես տարածվել և ուժեղացել էին, շատ ուժեղ էին նաև հեթանոսության դիրքերը: Արքունի զորքերը քարուքանդ էին անում հեթանոսական կենտրոնները, քրիստոնյա մկրտում քրմերին ու նրանց երեխաներին: Հեթանոսական մեհյանները, որ նշանակալից զինված ուժեր ունեին, կատաղի դիմադրում էին: Արյունահեղ այս պայքարում ոչնչացվեցին Արամազդի և մյուս հեթանոսական աստվածների մեհյանները, որոնց տեղում քրիստոնեական եկեղեցիներ հիմնադրվեցին: Չմկրտված քրմերը կամ ոչնչացվեցին կամ էլ աքսորվեցին թագավորության արևելյան հեռավոր շրջաններ: Կռիվների ընթացքում Տարոնում զոհվեց Արձան քրմապետը: Քրմական մեհյանների կալվածքները, թագավորի հրովարտակով, նրանց վրա գտնվող բնակչությամբ հանդերձ հանձնվեցին քրիստոնեական եկեղեցուն:

Քրիստոնեությունը քարոզվելով հայերի համար անհասկանալի հունարենով ու ասորերենով, դժվարությամբ էր թափանցում ժողովրդի մեջ: Կամենալով մեղմել հեթանոսության դիմադրությունը՝ եկեղեցին փոխ առավ մի շարք հեթանոսական ծեսեր ու սովորույթներ, որոնցից է, օրինակ, ընտանի կենդանիների զոհաբերությունը կամ մատաղը, որը ծնունդ է առել անհիշելի ժամանակներում:

 

Հայոց եկեղեցու կառույցի ձևավորումը: Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը

Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում Հայոց եկեղեցին առաջատար դիրքեր գրավեց հայ հասարակության մեջ: Այն մեհյանների կալվածքներից ու հարստություններից բացի, հողային մեծ նվիրատվություններ ստացավ Տրդատ Մեծից ու նրա հաջորդներից: Հայոց եկեղեցին վերածվեց տնտեսական հզոր ուժի: Ժողովուրդը պարտավոր էր եկեղեցուն հանձնել բերքի մեկ տասներորդը կամ տասանորդը և վճարել պտղի: Եկեղեցին շատ շուտով դարձավ երկրի խոշորագույն ավատատերերից մեկը, որի կալվածքները զիջում էին միայն թագավորական տիրույթներին: Միայն Ներսես կաթողիկոսի օրոք կաթողիկոսական կալվածքները սփռված էին 15 գավառներում:

Արդեն Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը: Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ, որոնց գլուխ կանգնած եպիսկոպոսները եկեղեցական արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում: Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծված էին Վիրքի և Աղվանքի համար:

Անուրանալի է հայ քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման ծանրությունը և ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը: Դարեր շարունակ այն ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով:

 

Մեծ Հայքի թագավորությունը Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանում

Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանի վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ: Հայտնի է, որ 311թ. նա ծանր պարտության մատնեց Մաքսիմիանոս Դայա կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակներին, որոնք փորձում էին պատժել քրիստոնեություն ընդունած հայերին:

Քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո հռոմեական կայսր Կոստանդինի հետ հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ: Հռոմ գնացած Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը 321թ. դաշինք կնքեցին կայսրության հետ: Դաշնագրով Հռոմը հանձն էր առնում անհրաժեշտության դեպքում ռազմական ուժով օգնել Հայոց թագավորությանը:

Տրդատ Մեծի օրոք թագավորական իշխանությունը խիստ ամրապնդվեց: Քրիստոնեության ընդունումով արքունի իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված: Տրդատի իշխանության տարիներին Հայոց թագավորությանը հաջողվեց իր գերիշխանությունը հաստատել հարևան Վիրքում և Աղվանքում: Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոս: Նրա քարոզչության շնորհիվ Հայոց թագավորության ազդեցությունը տարածվեց մինչև Կովկասյան լեռներն ու նրա արևելյան լեռնաբազուկները:

Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում: Նա մահացավ 330թ.: Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը:

 

Խոսրով Բ Կոտակը և նախարարները

Տրդատ Գ Մեծի օրոք թագավորը, նախարարները և եկեղեցին համերաշխ էին: Նրա մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով Բ-ն (330-ՅՅՑթթ.), որն իր կարճահասակության պատճառով կոչվել է Կոտակ: Նրա օրոք Հայոց արքունիքը որոշում է իր վերահսկողության տակ առնել մայրաքաղաքից դեպի թագավորության սահմանները ձգվող մայրուղիները և դրանով իսկ ամրապնդել կենտրոնաձիգ իշխանությունը: Արքունիքը կարողացավ մայրուղիների վրա գտևվող նախարարություններն իրար դեմ դուրս բերել, եթե անգամ նրանք սահմանակից չէին: Դա նրանց ստիպում էր միմյանց դեմ պայքարել արքունական տիրույթների վրայով, ինչն արքունիքը առիթ դարձնելով՝ այդ տոհմերին բնաջնջում էր: Ոչնչացվեցին Օրդունիների և Մանավազյանների ընտանիքները: Նրանց տիրույթները մասամբ հարքունիս գրավվեցին, մասամբ հանձնվեցին եկեղեցուն: Խոսրով Բ-ն, հանդես բերելով ուժեղ կամք, խստությամբ գերազանցեց իր նախորդներին և շարունակեց թագավորական իշխանության ամրապնդման և հզորացման հոր քաղաքականությունը:

Խոսրով Կոտակը ծավալեց շինարարական լայն գործունեություն: Քանի որ Երասխի ջրերը Արտաշատից հեռացել էին՝ առաջացնելով ճահճուտներ և հիվանդածին կլիմա, նա Արտաշատից ոչ հեռու, Դվին կոչվող բլրի վրա, կառուցեց Դվին անունով մի նոր քաղաք: Քաղաքում կառուցվեց արքունի ապարանք:

Թագավորի մեծագործություններից մեկն էլ եղավ Դվինի շուրջ երկու արհեստական անտառների տնկումը: Նրա հրամանով Գառնու ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկվեցին: Երկրորդ անտառը տարածվում էր մինչև Երասխի ափերը և թագավորի անունով կոչվեց Խոսրովակերտ: Այն պահպանվում է մինչև օրս, վերածված է պետական արգելոցի և ներկայումս կոչվում է Խոսրովի անտառ: Թագավորի հրամանով այդ անտառներում որսի տարբեր կենդանիներ բաց թողնվեցին, և դրանք դարձան ոչ միայն արքունի որսատեղի, այլև զինավարժության վայր:

Խոսրովի գահակալության սկզբում Հայոց թագավորության անդորրը խախտեցին մազքթական ցեղերը: Նրանց Սանեսան թագավորի հրամանով սպանվեց մազքաթների մեջ քրիստոնեություն տարածող Գրիգորիս եպիսկոպոսը: Իսկ իրենք, անցնելով Կուրը, հասան Այրարատ և անգամ կարճ ժամանակով գրավեցին Վաղարշապատը: Հայոց բանակը, անցնելով հակահարձակման, ոչ միայն ազատագրեց Վաղարշապատը, այլև Օշականի ճակատամարտում ջախջախեց մազքթաց բանակը: Ճակատամարտում սպանվեց Սանեսան թագավորը:

IV դ. 30-ական թթ. կրկին սրվեցին պարսկա-հռոմեական հարաբերությունները: Պարսից Շապուհ Բ Երկարակյաց թագավորը (309-379), չհամբերելով, որ լրանա Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագրի ժամկետը, 337թ. պատերազմ սկսեց Հռոմի և Մեծ Հայքի թագավորության դեմ: Նա սկզբում պաշարեց Մծբինը և ապա ներխուժեց Մեծ Հայքի թագավորություն: Բզնունյաց նախարար Դատաբենը մեծ բանակով ուղարկվեց թշնամուն ընդառաջ՝ կասեցնելու նրա առաջխաղացումը: Սակայն նա անցավ թշնամու կողմը: Դավաճանեց նաև Աղձնյաց բդեշխ Բակուրը, որի տիրույթներում էր գտնվում Տիգրանակերտը: Օգտվելով դրանից՝ թշնամին թափանցեց երկրի կենտրոնական շրջաններ: Սակայն, հայկական բանակը Վանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում փառահեղ հաղթանակ տարավ պարսից զորքի դեմ: Գերի ընկած Դատաբեն Բզնունին, համաձայն հինավուրց սովորության, քարկոծվելով սպանվեց: Նրա տոհմը բնաջինջ արվեց: Նույն ճակատագրին արժանացան Աղձնիքի բդեշխ Բակուրը և նրա ընտանիքը: Հիշյալ իշխանների տիրույթները հիմնականում հարքունիս գրավվեցին, իսկ մնացած մասը հանձնվեց եկեղեցուն:

 

Հայ-հռոմեական և հայ-պարսկական հարաբերությունները: Տիրանի ներքին և արտաքին քաղաքականությունը

Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (339-350): Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:

Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատության վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավորին և նրա շրջապատին դուր չէին գալիս եկեղեցու թե' հզորանալը և թե' արքունիքին հակադրվելու փորձերը: Հավասարակշռություն ստեղծելու նպատակով թագավորը չխոչընդոտեց հեթանոսության աշխուժացումը՝ առաջ բերելով կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը: Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրացող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և նպատակ ուներ հեթանոսության աշխուժացման միջոցով եկեղեցու դիրքերը թուլացնել, այդ ըմբոստությունից կատաղած կարգադրեց Հուսիկին բրածեծ անել: Շատ չանցած Հուսիկը մահացավ: Կաթողիկոսության պաշտոնը խլվեց Լուսավորչի տոհմից, և նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային:

Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հակառակ իր կամքին, Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ և Շապուհ Բ-ի հրամանով կուրացվեց: Սակայն Շապուհ Բ-ն՝ պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունից ազատել Տիրանին: Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ Բ-ն:

 

Արշակ Բ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին: Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն:

353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:

Պայքար սկսվեց նախարարական տների ներսում: Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը: Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում):

Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել ավատատիրական ճնշումից դժգոհ տարրերին: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը: Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ աշխատավորները: Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում: Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել դատական պատասխանատվությունից: Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ: Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին:

Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց: Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել: Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար: Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց:

Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե' Հռոմը և թե' Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Հայաստանի ռազմուժի վճռորոշ լինելը այս կամ այն կողմին դաշնակցելու դեպքում, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին: Նա սակայն մնում էր չեզոք՝ շեշտը դնելով Հայոց թագավորության հզորությունն ամրապնդելու վրա: Այսուհանդերձ, Հայոց երկիրը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց:

Ի վերջո, ելնելով ուժերի հարաբերակցությունից, Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: 363թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա: Սակայն Հուլիանոսը կռիվներից մեկում զոհվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով: Հայաստանի համար ամենավտանգավորն այն էր, որ կայսրությունը պարտավորվում էր պարսկական արշավանքի դեպքում Հայաստանին չօգնել: Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»:

364թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Հայոց թագավորության վրա: Թշնամին մտնում է Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց թագավորների դամբարանը: Քանդել չհաջողվեց միայն Սանատրուկի գերեզմանը: Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Այրարատյան դաշտ, որտեղ ջախջախվեց հայկական բանակի կողմից: Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում:

Հայ-պարսկական հիշյալ պատերազմը տևեց 4 տարի: Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր: Սակայն ուժերն անհավասար էին և ավելի փոքր Հայաստանի ուժերն սկսեցին սպառվել: Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը: Չնայած այդ բոլորին, հայկական բանակը շարունակում էր հարվածներ հասցնել պարսից բանակներին և դուրս քշել երկրից:

Քաջ գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը նշանակալիորեն թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:

Արշակ Բ-ն մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:

 

Պապ թագավորը և Մեծ Հայք թագավորության հզորության վերականգնման նրա փորձերը

Արշակի ձերբակալումից հետո պարսկական զորքերը 367թ. կրկին ներխուժեցին Հայաստան: Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում: Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով Փառանձեմի ծանր կացությունը, որոշում են օգնե

Создать бесплатный сайт с uCoz