…երել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք:

Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռահ (Երասխ) գետի ափին:

Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական:

Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:

 

Դպրոցը

Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը մեծապես խթանեց հայոց մշակույթի զարգացումը: Ամենուրեք բացվեցին դպրոցներ՝ նոր այբուբենով մանուկներին ուսուցանելու համար: Նախկին դպրոցներում, որտեղ երեխաներին ուսուցանում էին ասորերեն կամ հունարեն լեզուներով, ուսուցումն սկսեց տարվել հայերենով և նոր գրերով: Ի տարբերություն հեթանոսության շրջանի, երբ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը: Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը: Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ բացեց ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլև բյուգանդական տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում: Մաշտոցի հիմնած դպրոցները կրթեցին մեծ թվով մանուկների՝ առաջ բերելով մշակութային հզոր շարժում:

 

Թարգմանչական գրականությունը: «Աստվածաշնչի» թարգմանությունը

Քրիստոնեությունը, ինչպես նշվեց, հայոց գրերը մատչելի դարձրեց շատերին: Իր հերթին հայոց գրերի կիրառությունը մեծապես օգնեց ժողովրդի մեջ քրիստոնեության տարածմանն ու նրա վարդապետության քարոզչությանը: Ժողովուրդն ընդունել էր նոր կրոնը, սակայն քանի որ քարոզչությունը տարվում էր հունարենով կամ ասորերենով, այն շարունակում էր նրա համար մնալ մեծ մասամբ անհասկանալի: Հոգևորականության մեջ դեռևս զգալի թիվ էին կազմում օտարազգիները: Հայոց գրերի ստեղծումը զարկ տվեց թարգմանական գրականության հանդես գալուն: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ ձեռնամուխ եղան «Աստվածաշնչի» հիրավի փայլուն թարգմանությանը: Պատահական չէ, որ ուսումնասիրողներն այն անվանում են «Թագուհի թարգմանությանց»: Այնուհետև նրանք սկսեցին հայերեն թարգմանել Հին աշխարհի նշանավոր շատ հեղինակների գործեր: Բնութագրելով նրանց գործունեությունը՝ Լեոն միանգամայն իրավացիորեն գրում է. «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Ավանդությունը հականե հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները: Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք»: Հին հայերենը՝ գրաբարը, որն արդեն մեծապես մշակվել էր հեթանոսական մեհյաններում, հենց սկզբից դրսևորեց գրական լեզվի ճկունությունն ու գեղեցկությունը: Գրաբարը, որ խոսակցական լեզու էր Այրարատում, այժմ էլ ավելի մշակվեց, հղկվեց և հետագայում իրավամբ վաստակեց ոսկեդարյան լեզու անունը: Թարգմանական գրականության ըստ ամենայնի զարգացումը զարկ տվեց նաև հայոց լեզվով ազգային պատմագրության ու գրականության զարգացմանը: Անկախ պետականությունը կորցնելուց հետո այն դարձավ հայությանը միավորող հզոր միջոց: V դարը դարձավ հայ մշակույթի զարգացման Ոսկեդարը:

 

Ազգային գրականության ձևավորումը: Գեղարվեստական արձակ, բանաստեղծություններ

Հայ պատմագիրների երկերը նշանակալից չափով նաև գեղարվեստական գործեր են: Այդ առումով հատկապես առանձնանում է Եղիշեի աշխատությունը: Գեղարվեստական մեծ շնչով է Եղիշեն ներկայացնում Վարդան Մամիկոնյանին, Ավարայրի ճակատամարտը և շատ այլ իրադարձություններ: Ոչ պակաս հետաքրքրությամբ է ընթերցվում Փավստոս Բուզանդի պատմածն արքայազներ Գնելի, Տիրիթի և Փառանձեմ թագուհու մասին, որոնց Տիգրան Չուխաջյանը նվիրել է իր «Արշակ Բ» օպերան:

Մեծ զարգացում է ապրում վարքագրությունը, որի թեման քրիստոնեական սրբերի սխրագործություններն են, կրած տանջանքները, հալածանքները և նահատակությունները: Սրբերի կենսագրությունները հայտնի են «վարք» անունով: Այդպիսի մի գեղեցիկ պատմություն է Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի վարքը: Շուշանիկը Գուգարաց բդեշխ Վազգենի կինն էր, որից զրադաշտականություն ընդունած ամուսինը պահանջում էր հետևել իրեն և ընդունել պարսից կրոնը: Շուշանիկին չեն ընկճում ոչ երկաթե կապանքներն ու բանտը, ոչ տանջանքները, և նա, չուրանալով քրիստոնեությունը, սպանվում է ամուսնու կողմից:

Հին հայ բանահյուսության բազմաթիվ նմուշներ պահպանվել են հայ մատենագիրների և, հատկապես, Մովսես Խորենացու երկերում: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո լայն տարածում են ստանում հոգևոր երգերը կամ շարականները:

 

Պատմագրություն, իմաստասիրություն (փիլիսոփայություն) և գրականություն

V դ. սկզբնավորվում և ծաղկում է ապրում հայ պատմագրությունը: Ագաթանգեղոսն իր աշխատությունը գրել է IV դարում, սակայն այն, լինելով Գրիգոր Լուսավորչի վարքը, V դարում հարստացվել է վերջինիս վարդապետությամբ և մեզ է հասել այդ վիճակով: Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը և Ղազար Փարպեցին, մեկը մյուսին շարունակելով, մեզ են հասցրել հայոց III-V դդ. պատմությունը:

Ագաթանգեղոսն իր պատմությունը նվիրել է Հայոց դարձին, այսինքն՝ Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու հաստատմանը: Նա պատմական տեղեկություններին զուգահեռ ներկայացնում է քրիստոնյա սրբերի կյանքը: Նրա պատմությունը հարուստ նյութ է պարունակում հայոց հեթանոսական կրոնի վերաբերյալ: Ագաթանգեղոսի պատմությունը շարունակել է Փավստոս Բուզանդը՝ գրի առնելով IV դ. 30-ական թվականներից մինչև 387թ. ընկած պատմությունը: Հեղինակը փառաբանել է հայ ժողովրդի ազատասիրական ոգին, նկարագրել նրա կռիվները պարսկական զորքերի դեմ, Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջամտությունները Հայոց թագավորության ներքին գործերին: Նա իր պատմությունն ավարտում է Հայոց թագավորության՝ Հռոմի և Պարսկաստանի միջև 387թ. բաժանմամբ: Խոսելով այդ մասին՝ պատմիչը սրտի մորմոքով արձանագրում է, թե «Այն ժամանակ և այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ»:

Ղազար Փարպեցին մեզ է ներկայացնում IV դ. վերջի և V դ. պատմությունը: Լինելով հիմնականում ճշմարտապատում հեղինակ՝ նա առաջնորդվել է այն սկզբունքով, որ «Պետք է ստույգը գրել, չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել»: Պատմիչն արժեքավոր և արժանահավատ տեղեկություններ է պահպանել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասին:

Հայոց լեզվով գրած V դ. առաջին մատենագիրը, թերևս, Կորյունն է, որը տալիս է Մեսրոպ Մաշտոցի վարքը և հայոց գրերի ստեղծման պատմությունը: V դ. մեկ այլ հեղինակ՝ Եղիշեն, նկարագրել է պարսկական տիրապետության դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ բռնկված հուժկու ժողովրդական ապստամբությունը:

Պատմահայր Մովսես Խորենացին առանձնանում է V դ. հայ պատմագիրների շարքում: Սահակ Բագրատունու մեկենասությամբ գրված նրա «Պատմություն Հայոց»-ը մի զարմանահրաշ երկասիրություն է, որն ընդգրկում է հայոց պատմությունը՝ սկսած մեր ժողովրդի ծագումից մինչև V դ. կեսերը: Հայոց Պատմահայրն ի մի է բերել և սերունդներին թողել հայ ժողովրդի առաջին ամբողջական պատմությունը, որը նա բաժանել է երեք գրքի: Առաջին գրքում պատմվում է Հայկ Նահապետի և նրան հաջորդած սերունդների կատարած գործերի մասին: Երկրորդ գրքում հանդես են գալիս հայոց մեծ բարեփոխիչներ Վաղարշակ և Արտաշես թագավորները, տրվում է մի շարք այլ թագավորների գործունեությունը: Երրորդ գիրքը, որ նվիրված է Հայաստանի IV-V դդ. պատմությանը, ավարտվում է «Ողբ»-ով, որտեղ հեղինակը սգում է Հայոց թագավորության անկումը և քննադատում հայ հասարակության հոռի կողմերը: Մովսես Խորենացին ճշգրիտ ժամանակագրության կողմնակից է և այդ կապակցությամբ գրում է. «Չկա հավաստի պատմություն առանց ժամանակագրության»:

Պատմահայրն օգտվել է ոչ միայն նախորդ հայ հեղինակների գործերից, այլև օտար հեղինակների երկասիրություններից, ինչպես նաև «Աստվածաշնչից»: Նրա երկը մեզ է հասցրել ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ՝ Հայկի և Բելի պատմությունը, Արայի և Շամիրամի ավանդազրույցը, Վահագնի ծննդյան երգը, Արտաշես արքային ձոնված երգերը և այլն: Ի տարբերություն իրեն նախորդած կամ հաջորդած շատ հեղինակների, նա աշխատել է իր օգտագործած նյութերի պատմական մասերը զատել առասպելականից:

Պատմահայրը հայ ժողովրդի պատմությունը գրել է հարևան ժողովուրդների պատմության ընդհանուր հենքի վրա և այդ պատճառով նրա երկը հարուստ նյութ է պարունակում նաև Վիրքի, Աղվանքի, Պարսկաստանի, Ասորիքի և անգամ առավել հեռավոր աշխարհների մասին՝ Իռլանդիայից մինչև Չինաստան: Այդ հատկապես արտացոլվել է նրա հեղինակած «Աշխարհացույց»-ում:

Մովսես Խորենացին հակիրճ և հստակ բնութագրել է հայ ժողովրդին. «Թեպետ մենք փոքր ածու (փոքրաքանակ ժողովուրդ) ենք և թվով քիչ, և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել...»: Ուշագրավ է նաև Պատմահոր՝ հայ ժողովրդին տված գնահատականը, երբ դիմում է Սահակ Բագրատունուն. «... դու պատկանում ես նախնական և քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ, այլև բազմաթիվ մեծամեծ փառավոր գործերով...»:

Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը ամբողջ միջնադարում ծառայել է որպես դասագիրք, որով հայրենասիրական ոգով դաստիարակվել են հայ ժողովրդի տասնյակ սերունդներ: Նա անվանվել է «Մեծն Քերթող», «Քերթողահայր», այսինքն մեծ իմաստուն և բանաստեղծ: Պատմահոր անունը հայտնի է ամբողջ աշխարհին, իսկ նրա գործը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով:

 

Իրադրությունը Արևմտյան Հայաստանում 387թ. բաժանումից հետո

Մեծ Հայքի թագավորությունը բաժանելուց հետո Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանն ամեն կերպ ձգտում էին սահմանափակել հայ իշխանների իրավունքները, երկրում տարածել իրենց պաշտոնական դավանանքը: Ընդ որում, քրիստոնյա Բյուզանդիան ուծացման քաղաքականություն վարելիս ոչնչով հետ չէր մնում Սասանյան Պարսկաստանից: Այդ քաղաքականությունն ավելի հետևողական դարձավ 451թ. հետո, երբ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Քաղկեդոն քաղաքում տեղի ունեցավ քրիստոնեական եկեղեցու 4-րդ տիեզերական ժողովը: Դավանաբանական սուր վեճեր ծավալվեցին Հիսուս Քրիստոսի երկու կամ մեկ բնություն ունենալու հարցի շուրջ: Բյուզանդական հոգևորականությունն ի վերջո հարեց այն ուղղությանը, թե Հիսուս Քրիստոսն ունեցել է երկու բնություն, այսինքն նա միաժամանակ եղել է թե՛ աստված և թե' մարդ: Քաղկեդոնի ժողովի հետևորդներին հետագայում կոչեցին երկաբնակներ կամ քաղկեդոնականներ: Վարդանանց ապստամբության պատճառով հայ հոգևորականները չմասնակցեցին Քաղկեդոնի ժողովին: Հետագայում, երբ բյուզանդացիները փորձեցին հայերին պարտագրել Քաղկեդոնի ժողովի որոշումները, Հայոց եկեղեցին վճռականորեն մերժեց երկաբնակությունը: Դվինում 506թ. հրավիրվեց եկեղեցական ժողով, որին մասնակցում էին նաև վրացի ու աղվան եպիսկոպոսներ: Ժողովը հրաժարվեց ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումները: Այդ պատճառով էլ հայերին սկսեցին անվանել միաբնակներ կամ հակաքաղկեդոնականներ:

Կայսրությունում պաշտոնապես ընդունված դավանանքն արքունիքի ձեռքին նվաճողական քաղաքականության գործիք էր ծառայում: Դրան հակադրվելու համար Բյուզանդական կայսրության արևելյան մյուս քրիստոնեական եկեղեցիները ևս մերժեցին Քաղկեդոնի ժողովի որոշումները: Հայերից բացի միաբնակությանը հարեցին ասորիները, ղպտիները և հաբեշները: Բյուզանդական և արևելյան եկեղեցիները վերջնականապես բաժանվեցին միմյանցից: Հաջորդ դարերի ընթացքում ևս բյուզանդական եկեղեցին ամեն գնով ձգտում էր իրեն ենթարկել Հայոց եկեղեցին և հայերին պարտադրել քաղկեդոնականությունը, սակայն շոշափելի արդյունքի չհասավ: Միաբնակության տարածումը կայսրության դեմ ճնշված ժողովուրդների բողոքի դրսևորում էր:

 

Արևմտյան Հայաստանը 387թ. հետո

Արևմտյան կամ Բյուզանդական Հայաստանը բաղկացած էր երեք հիմնական մասերից: Առաջինը Փոքր Հայքն էր, որն արդեն շուրջ կես հազարամյակ գտնվում էր Հռոմեական կայսրության կազմում: Այստեղ հայ բնակչությունը գտնվում էր հունա-հռոմեական լեզվական և մշակութային ազդեցության ներքո: Փոքր Հայքի տարածքում IV դ. վերջերին ստեղծված Առաջին և Երկրորդ Հայք պրովինցիաները վարչականորեն ոչնչով չէին տարբերվում բյուզանդական մյուս երկրամասերից: Առաջին Հայքի կենտրոնն էր Սեբաստիա քաղաքը, իսկ Երկրորդ Հայքինը՝ Մելիտինեն:

Հաջորդ մասը, որ բյուզանդացիների կողմից ստացել էր Ներքին Հայք անվանումը, ընդգրկում էր Մեծ Հայքի հյուսիսարևմտյան գավառները: Այստեղ, չնայած կայսրության բռնաճնշումներիև, հայերը բավականին լավ էին պահպանել իրենց ազգային դիմապատկերը: Ներքին Հայքի կառավարումը բյուզանդացիներն սկսեցին փոխել 387թ. շատ չանցած և կարողացան նշանակալից չափով սահմանափակել հայ նախարարների ռազմական ու վարչական իշխանությունը: Երկրամասը կառավարում էր բյուզանդական պաշտոնյան, բայց հայ նախարարները պահպանել էին իրենց ժառանգական իրավունքների նշանակալից մասը և տնտեսական հզորությունը:

Բյուզանդական արքունիքին մեծ անհանգստություն էին պատճառում Հայաստանի հարավարևմտյան գավառների տիրակալները՝ սատրապները: Սատրապական Հայաստանի թվով հինգ հայ իշխաններն իրենց տիրույթներում հիշեցնում էին արքայիկների: Սկզբում նրանց իշխանությունը ժառանգական էր, հորից անցնում էր որդուն, բայց V դ. վերջում, երբ սատրապների մեծ մասը միացավ կայսեր դեմ բռնկված ապստամբությանը՝ իրավիճակը փոխվեց: Այնուհետև նրանց նշանակում էր կայսրը, և նրանք կարող էին իշխել մինչև իրենց մահը: Չնայած սատրապները զրկվեցին իրենց իշխանությունը ժառանգություն թողնելու իրավունքից, նրանք դեռևս ազդեցիկ ու հզոր էին: Սատրապական Հայաստանում բյուզանդական կայազորներ չկային, և թշնամու հարձակման ժամանակ սատրապները սեփական զորաջոկատներով պետք է կայսրության սահմանները պաշտպանեին իրենց տիրույթներում: Այսպիսով, նրանք պահպանել էին իրենց ռազմական իշխանությունը:

Կայսրությունն իր առջև խնդիր էր դրել բյուզանդական Հայաստանի բոլոր մասերում միատեսակ կարգեր մտցնել, հեռահար նպատակ ունենալով բյուզանդականի նմանությամբ լիովին փոխել հայերի նիստուկացը, նրանց զրկել ազգային ինքնատիպությունից: Կայսերական իրար հաջորդող հրովարտակներով հայ նախարարների իրավունքներն աստիճանաբար նվազեցվում էին, իսկ բյուզանդական պաշտոնյաների իրավասությունները՝ ընդլայնվում: Արևմտյան Հայաստանին տիրանալուց հետո Բյուզանդիան մեծապես ծանրացրեց հարկերը: Արևմտյան Հայաստանի բնակչությունը չափազանց դժգոհ էր ստեղծված իրավիճակից:

 

Հուստինիանոս Ա կայսեր վերափոխումները

Դրությունն առանձնապես ծանրացավ, երբ Բյուզանդիայում գահ բարձրացավ Հուստինիանոս Ա կայսրը (527-565թթ.): Նա նպատակ ուներ վերականգնելու Հռոմեական կայսրության երբեմնի տարածքը և հզորությունը: Հուստինիանոսի մղած պատերազմներին հարկադրաբար մասնակցում էին նաև հազարավոր հայեր: Պատերազմների հետևանքով Արևմտյան Հայաստանը զրկվում էր իր զինուժից և հետզհետե թուլանում:

Հուստինիանոսի կառավարման շրջանում Բյուզանդիան վճռական փորձ կատարեց վերացնելու հայկական երկրամասերի տեղական ազգային առանձնահատկությունները: Այդ նպատակով միատեսակ կառավարում մտցվեց բոլոր հայկական երկրամասերում: Կայսրը նաև նպատակ էր դրել լիովին վերացնելու սատրապական Հայաստանի և Ներքին Հայքի հայ նախարարների արտոնյալ վիճակը: Իր կառավարման առաջին տարիներին նա հայ իշխաններին զրկեց զորք ունենալու իրավունքից՝ ստեղծելով Արևելքի ռազմական կուսակալությունը: Դրանով չբավարարվելով՝ կայսրը նոր վարչական բաժանումներ կատարեց՝ ամենուր մտցնելով բյուզանդական օրենքներ: Բյուզանդական Հայաստանի տարածքը բաժանվեց չորս մասի, որոնք ստացան Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք անվանումները: Չնայած հայկական անվանումներին, դրանք սովորական բյուզանդական պրովինցիաներ էին և կառավարվում էին բյուզանդական պաշտոնյաների կողմից:

Այսպիսով, հայ նախարարները զրկվեցին վարչական ու ռազմական իշխանությունից, սակայն շարունակում էին տիրել իրենց տոհմային կալվածքներին: Կայսրը երկու կարևոր օրենք հրապարակեց, որոնց նպատակը հայ նախարարների տնտեսական հզորության թուլացումն էր: Հայ իշխանների տիրույթները մինչ այդ չէին մասնատվում բոլոր որդիների, առավել ևս դուստրերի միջև, որով պահպանվում էր տոհմային կալվածքի ամբողջականությունը: Կայսրը խախտեց հին հայկական ավանդույթը և, առանձին օրենքով, տոհմային կալվածքներից բաժին ստանալու իրավունք տվեց անգամ կանանց: «Վայել չէ ոչ հռոմեացիներին, ոչ էլ մեր պետության արդարության ոգուն, որ ծնողներին ժառանգելու իրավունք ունեն միայն տղամարդիկ, բայց ոչ երբեք կանայք»,- կեղծավորաբար հայտարարում էր Հուստինիանոսը: Մեկ այլ օրենքով կայսրը պարտադրեց, որ աղջիկներին ամուսնացնելիս ծնողները պարտադիր նրանց օժիտ հատկացնեն: Այդ օրենքն առաջին հայացքից անիմաստ էր, քանի որ հայկական միջավայրում օժիտ տալու սովորույթը մինչ այդ էլ տարածված էր: Սակայն Հուստինիանոսի «հոգատարությունը» հայ օրիորդների նկատմամբ հեռահար նպատակ ուներ: Նա ցանկանում էր, որ բյուզանդացի ազնվականների հետ ամուսնանալիս նրանք, որպես օժիտ, ստանան հայրական կալվածքների որոշակի բաժինը: Այդպիսով, հայ նախարարների տիրույթները ժամանակի ընթացքում կփոշիանային, և բյուզանդացիներին ցույց տրվող դիմադրությունը կթուլանար:

Հուստինիանոսի վերափոխումները պայմաններ էին ստեղծում Արևմտյան Հայաստանի ներքին ինքնուրույնության վերջնական վերացման համար:

 

Հակաբյուզանդական ելույթներն Արևմտյան Հայաստանում

Բյուզանդական քաղաքականությունը դժգոհություն և զայրույթ էր առաջացնում Արևմտյան Հայաստանում: Հուստինիանոսի օրոք հայերը բազմիցս զենքի դիմեցին բյուզանդական ատելի վարչակարգի դեմ: Ամենախոշոր ելույթը տեղի ունեցավ 539թ. Առաջին Հայքում: Հայերի զանգվածային ընդվզումը գլխավորեց Հովհաննես Արշակունին: Հայերը, չհանդուրժելով հարկերի անօրինակ ծանրացումը, սպանեցին բյուզանդական կառավարչին: Նա ազգուրաց հայ ազնվական էր և դավերով էր տիրացել իր պաշտոնին:

Մայրաքաղաքից շուտով Սիտտաս զորավարի գլխավորությամբ պատժիչ զորքեր ուղարկվեցին: Նա սկզբում կեղծ խոստումներ տվեց ապստամբներին, ապա փորձեց կաշառել և իր կողմը գրավել ղեկավարներին: Երկու դեպքում էլ նա հաջողության չհասավ և ապստամբությունը ճնշելու հրաման արձակեց: Բայց ապստամբ հայերը ջախջախեցին ու հալածեցին նրա զորամասերը: Սպանվեց նաև Սիտտասը: Բյուզանդացիները նոր զորաբանակ ուղարկեցին և դարձյալ փորձեցին նենգ միջոցներով ճնշել ապստամբությունը: Բյուզանդական զորավարը բանակցությունների հրավրրեց ապստամբության ղեկավարներին և խնջույքի ժամանակ սպանել տվեց ապստամբների ղեկավար Հովհաննես Արշակունուն: Կորցնելով ղեկավարին՝ ապստամբությունը շուտով մարեց:

Հայերը ձգտում էին վրեժխնդիր լինել Հուստինիանոսից: 548թ. նրան սպանելու նպատակով Արշակ Արշակունին և սպանված Հովհաննես Արշակունու որդի Արտավանը դավադրություն կազմակերպեցին: Դավադրությունը սակայն ձախողվեց, և կազմակերպիչները բանտարկվեցին: Այդուհանդերձ, կայսրը ստիպված էր հաշվի առնել ազդեցիկ հայ ազնվականության տրամադրությունները, և որոշ ժամանակ անց դավադիրներն ազատ արձակվեցին:

 

Իրադրությունն Արևելյան Հայաստանում VI դ. սկզբին

Նվարսակի հաշտության կնքումից հետո Արևելյան Հայաստանը խաղաղ զարգացման հնարավորություն ստացավ: Մայրաքաղաք Դվինում և երկրի այլ քաղաքներում բարգավաճեցին արհեստներն ու առևտուրը: Սակայն մեծ ջանքերի գնով կիսանկախ վիճակ ձեռք բերած երկիրը՝ տանուտիրական Հայաստանը, շատ չանցած ենթարկվեց նոր փորձությունների: Այն հարկադրված էր մշտական պայքար մղելու իր ներքին ինքնուրույնությունը պահպանելու համար: Անհրաժեշտության դեպքում հայերը պարսկական տիրապետության դեմ դիմում էին զինված պայքարի: Այսպես, V դ. վերջերին, երբ պարսիկները փորձեցին խախտել Նվարսակի հաշտության պայմանները, հայերը կրկին ապստամբեցին: Տանուտիրական Հայաստանն օգտվեց Պարսկաստանում ստեղծված բարդ իրադրությունից և հրաժարվեց ճանաչել Սասանյանների տիրապետությունը: Հայերն ավերեցին Հայաստանում եղած ատրուշանները և կոտորեցին մոգերին: Պարսից արքայի ուղարկած զորքերը խայտառակ պարտություն կրեցին:

Չնայած հայերի մեծ հույսերին, Բյուզանդիան դարձյալ հրաժարվեց օգնել նրանց, և ապստամբությունը պարտվեց: Հայերի ապստամբական նոր ելույթները, այնուամենայնիվ, անհետևանք չանցան: VI դ. սկզբին պարսից արքայի հատուկ հրովարտակով Հայոց եկեղեցին պաշտոնապես անկախ ու ինքնուրույն ճանաչվեց:

 

Դվինի 554թ. եկեղեցական ժողովը

Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանում իրենց դիրքն ամրապնդելու նպատակով կարևոր նշանակություն էին տալիս Հայոց եկեղեցուն: Բյուզանդական կայսրերը շարունակում էին հայերին պարտադրել երկաբնակությունը կամ քաղկեդոնականությունը: Ուստի Հայոց եկեղեցին եռանդուն պայքար էր ծավալել պաշտպանելու իր ինքնուրույնությունն ու իրավունքները: Սասանյան Պարսկաստանը, ելնելով իր պետական շահերից և օգտվելով քրիստոնեական եկեղեցու պառակտված վիճակից, ձգտում էր իր կողմը գրավել բյուզանդական եկեղեցու հալածանքներին ենթարկվող հայ հոգևորականությանը:

Դվինի 554թ. եկեղեցական ժողովը հավատարիմ մնաց հայ հոգևորականության հետևողական դիրքորոշմանը: Ժողովը պաշտոնապես ընդունեց հայկական տոմարը (օրացույցը) և իր որոշումներով ամրապնդեց Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը: Դրանով նոր և կարևոր քայլ կատարվեց Հայոց եկեղեցին ազգային դարձնելու ճանապարհին:

Ժողովը հակաբյուզանդական ուղղվածություն ուներ, ուստի պարսիկները շտապեցին խրախուսել հայ հոգևորականությանը: Եկեղեցականներին սիրաշահելու նպատակով պարսից արքունիքը հայ ազնվականներից վերցրեց հարկեր գանձելու ժառանգական իրավունքը և այն շնորհեց եկեղեցուն:

 

Պարսից արքունիքի քաղաքականությունը

Սասանյան Պարսկաստանի համեմատաբար հանդուրժողական և մեղմ քաղաքականությունը բացատրվում էր տերության ներքին ծանր ճգնաժամով: Ապստամբել էին հպատակ ժողովուրդները, իսկ պարսից զորքերը դժվարին պաշտպանական մարտեր էին մղում երկրի սահմաններում:

Խոսրով Ա Անուշիրվան (531-578) թագավորի օրոք Պարսկաստանը ներքին և արտաքին քաղաքականության մեջ խոշոր հաջողությունների հասավ, ինչը Պարսկաստանին հնարավորություն տվեց վերանորոգելու հայերին ձուլելու և Հայաստանի կիսանկախ վիճակը վերացնելու քաղաքականությունը: Այդ նպատակին էին ծառայում վարչական փոփոխությունները, հարկային քաղաքականությունը, զրադաշտականության տարածման ծրագիրը:

Խոսրովի օրոք Սասանյան Պարսկաստանը բաժանվեց չորս քուստակների կամ կողմերի, որոնք իրենց հերթին բաղկացած էին մարզպանություններից ու առանձին աշխարհներից: Արևելյան Հայաստանը Վիրքի ու Աղվանքի հետ միասին մտնում էր Հյուսիսային քուստակի մեջ և ենթարկվում նրա կառավարիչ փոխարքային: Դրա արդյունքում Հայաստանը կորցնում էր նախկին բավականաչափ բարձր դիրքը: Եթե առաջներում Հայաստանի մարզպանն անմիջականորեն ենթակա էր պարսից արքունիքին, ապա այժմ զրկվում էր այդ արտոնյալ դիրքից: Հայաստանը ոչ միայն վերածվում էր երկրորդական մարզի, այլև նշանակալիորեն զրկվում էր ներքին ինքնուրույնությունից:

Հայաստանի համար խիստ անբարենպաստ էր պարսիկների հարկային նոր քաղաքականությունը: Անցկացվեց աշխարհագիր, ու հարկերի գանձման կարգը փոխվեց: Նախկինում հարկերը գանձվում էին բնամթերքով, այսինքն՝ գյուղացիները հարկահավաքին էին հանձնում ստացված բերքի մի մասը: Այժմ նրանք պարտավոր էին հարկերի մի մասը վճարել դրամով: Առևտրական ուղիներից և քաղաքներից հեռու ապրող գյուղացիների համար դրամ ճարելը չափազանց դժվար էր: Նրանք հարկադրված էին բարձր տոկոսներով պարտքով դրամ վերցնել վաշխառուներից: Պարսիկների հարկային նոր քաղաքականությունը հարուցեց ոչ միայն հասարակ ժողովրդի, այլև ազնվականության ու հոգևորականության դժգոհությունը: Այդ խավերը, ճիշտ է, ազատված էին գլխահարկից, բայց պարտավոր էին հողահարկ վճարել: Այս ամենի հետ մեկտեղ, պարսիկները չէին հրաժարվել զրադաշտականության տարածման և կրոնական հալածանքների քաղաքականությունից:

Պարսից արքունիքը Վահան Մամիկոնյանին փոխարինած եղբոր՝ Վարդի մահից հետո մարզպանի պաշտոնը կրկին հանձնում է պարսիկների: Միայն առանձին դեպքերում էր այդ պաշտոնը վստահվում հայ նախարարներին: Իսկ պարսիկ պաշտոնյաները հաճախ էին բռնություններ գործադրում և ապօրինությունների դիմում: Պարսից իշխանությունների կամայականությունները հատկապես անտանելի դարձան, երբ Հայաստանի մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը: Արքունիքը նրան լայն իրավունքներ էր տվել և Հայաստան ուղարկել մեծաթիվ ընտիր այրուձիով: Նոր մարզպանը, տեսնելով Հայաստանում դժգոհության տարածումը, որոշեց սկզբից ևեթ ահաբեկել հայերին: Սպանվեց Մանվել Մամիկոնյանը, կրկին սաստկացան քրիստոնյաների բացահայտ ճնշումներն ու հարստահարությունները:

Խոսրով Ա թագավորի հպատակ ժողովուրդների դեմ ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև պարսկական իշխանությունների չարաշահումները, լցրեցին հայերի համբերության բաժակը: Երկիրը կանգնած էր ապստամբության եզրին և վճռական գործողությունների դիմելու ազդանշանի էր սպասում:

 

Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը

Երկու տերությունների միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր հայ ժողովրդի համար: Ռազմական գործողությունները հիմնականում մղվում էին Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը: Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց 20 տարի: Ի վերջո, Բյուզանդիան և Պարսկաստանը 591թ. հաշտություն կնքեցին, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջև: Կայսրությունը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները, Բյուզանդիային անցան Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը: Հայաստանի քաղաքական տրոհվածությունն ավելի խորացավ՝ դժվարացնելով երկրի տարբեր շրջանների միջև տնտեսական կապերի զարգացումը:

Բյուզանդիան չգնահատեց այն մեծ աջակցությունը, որ ցույց էին տվել հայերը: Բյուզանդական կայսրերը շարունակեցին վարել հայկական զինուժերը ոչնչացնելու քաղաքականություն: Մորիկ կայսեր հրամանով հայ նախարարական գնդերը տեղափոխվում էին հեռավոր երկրներ և կռվում կայսրության թշնամիների դեմ: Այս կերպ Բյուզանդիան կամենում էր կանխել հայերի ազատագրական շարժումները: Կայսրը միաժամանակ պարսից արքունիքին խորհուրդ էր տալիս նույն կերպ վարվել պարսկահպատակ հայերի հետ:

Հայ զորականները, սակայն, հաճախ չէին ենթարկվում կայսերական հրամաններին, գերադասում էին մնալ և կռվել Հայաստանում: Հայ իշխաններից Սմբատ Բագրատունին չենթարկվեց բյուզանդացիներին և ձերբակալվեց: Սակայն նա խիզախություն դրսևորեց՝ կրկեսում սպանելով իր դեմ արձակված արջին, ցուլին և առյուծին: Զարմացած և հիացած հանդիսականների պահանջով բյուզանդական կայսրը նրան ներում շնորհեց:

 

Վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց

Պարսկա-բյուզանդական պատերազմները Հայաստանում շարունակվեցին նաև VII դ. սկզբում, բայց սահմանային նոր փոփոխություններ տեղի չունեցան: Սակայն բյուզանդական արքունիքի եկեղեցական քաղաքականության հաջողությունը եղավ վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց և քաղկեդոնության ընդունումը նրա կողմից 607թ.: Այսպիսով խախտվեց հայերի և վրացիների դավանական միասնությունը, որը բացասական հետևանքներ ունեցավ հետագայում:

Պարսկա-բյուզանդական բազմամյա պատերազմները, սակայն, ուժասպառ արեցին երկու կողմին էլ և երբ քաղաքական ասպարեզում հայտնվեցին արաբները, թե՛ Պարսկաստանը և թե' Բյուզանդիան ի վիճակի չեղան նրանց դիմագրավելու:

Создать бесплатный сайт с uCoz