Արաբական տիրապետությունը

 

Արաբական արշավանքները Հայաստան 

Արաբական ցեղերը հնագույն ժամանակներից բնակվում էին Արաբական ընդարձակ թերակղզում: Նրանց հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր, մասամբ էլ՝ երկրագործությունը: VII դ. սկզբներին արաբները միավորվեցին իրենց առաջնորդ Մուհամեդի գլխավորությամբ: Նա նոր կրոնի՝ մահմեդականության (իսլամի) և պետության՝ Արաբական խալիֆայության հիմնադիրը դարձավ: Մահմեդականների հոգևոր կենտրոնը միջազգային առևտրական ուղիների խաչմերուկում գտնվող Մեքքա քաղաքն էր: Մահմեդական կրոնը մեծ նշանակություն էր տալիս անհավատների, այսինքն՝ ոչ մահմեդականների դեմ հանուն հավատի պատերազմելու գաղափարին: Գրեթե երկու տասնամյակի ընթացքում արաբները նվաճեցին Բյուզանդիայի աֆրիկյան ու ասիական տիրույթների գերակշիռ մասը և կործանեցին Սասանյան պետությունը:

VII դ. արաբները մի քանի արշավանք կազմակերպեցին դեպի Հայաստան, որոնք ավարառուական ու հետախուզական բնույթ էին կրում: 640թ. արաբները Բաղեշի լեռնանցքով առաջին անգամ ներխուժեցին Հայաստան: Տարոնում թեև նրանց համառ դիմադրություն ցույց տրվեց, սակայն գերակշիռ ուժերի շնորհիվ արաբները հաջողության հասան: Այնուհետև շարժվելով հյուսիս՝ նրանք մտան Այրարատյան դաշտ: Այստեղ բնակչությունը զբաղված էր այգեկութի աշխատանքներով: Մայրաքաղաք Դվինի բնակիչները, հանկարծակիի գալով թշնամու անսպասելի հարձակումից, ապավինեցին քաղաքի պարիսպներին: Դվինը գործնականում մնացել էր անպաշտպան, քանի որ Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին, կարծելով, թե թշնամին երկիր կներխուժի Ատրպատականի կողմից, իր հիմնական ուժերով գտնվում էր Նախճավանի մատույցներում:

Թշնամին Դվինի շուրջը կրակ վառեց, նրա պարիսպները պաշտպանող պահապաններին ծխով ու նետահարությամբ հետ վանեց և հոկտեմբերի 6-ին գրավեց քաղաքը: Դվինի բնակչության մի մասին արաբները կոտորեցին, իսկ մյուսներին գերեվարեցին և հարուստ ավարով վերադարձան Միջագետք: Ըստ պատմիչի՝ Դվինում սպանվածների թիվը 12 հազար էր, իսկ գերեվարվածներինը՝ 35 հազար:

642-643թթ. արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան: Այս անգամ նրանք մուտք գործեցին Ատրպատականից, ասպատակեցին Գողթնն ու Նախճավանը և շարունակեցին բնակչության սրածումն ու գերեվարումը: Բյուզանդական զորքերի հրամանատարը հրաժարվեց թշնամու դեմ համատեղ կռվելու Թեոդորոս Ռշտունու առաջարկից: Նա գործեց միայնակ և պարտվեց՝ մեղքը բարդելով հայոց սպարապետի վրա: Բյուզանդացիների մեղքով արաբներն այս անգամ էլ առանց կորուստների վերադարձան Միջագետք:

Արաբները երրորդ անգամ Հայաստան մտան 650թ.: Բյուզանդական ուժերը հեռացել էին երկրից՝ հայերին թողնելով ահեղ հակառակորդի դեմ մեն-մենակ: Թեոդորոս Ռշտունին հարկադրված էր միայն սեփական ուժերով կռվել թշնամու դեմ: Արաբները մեծաթիվ հայ գերիների բերել էին Կոգովիտի Արծափ բերդի մոտ և ցանկանում էին նրանց կոտորել: Թեոդորոս Ռշտունին խիզախ ու հանդուգն հարձակումով ոչնչացրեց երեք հազար արաբների, որոնց մեջ էին նրանց երկու զորավարները:

Չնայած հաղթանակին, արաբական վտանգը խիստ մեծ էր, և նախարարները փորձում էին ստեղծված վիճակից դուրս գալու ելք գտնել: Նրանք բաժանվել էին երկու խմբավորման: Դրանցից առաջինը, կաթողիկոս Ներսես Տայեցու գլխավորությամբ, շարունակում էր անօգուտ հույսեր կապել Բյուզանդիայի հետ: Հայ իշխանների մյուս խմբավորման գլուխ էր անցել Թեոդորոս Ռշտունին: Նա ոչ միայն ականավոր զորավար էր, այլև փորձված պետական ու զինվորական գործիչ: Թեոդորոս Ռշտունին քաջ գիտակցում էր արաբների ռազմական առավելությունը բյուզանդացիների նկատմամբ և գտնում, որ նրանց հետ պետք է համաձայնության գալ: Թեոդորոս Ռշտունու այդ քայլը համարձակ, հավասարակշռված ու ճիշտ որոշում էր:

652թ. նա մեկնեց Ասորիք և տեղի արաբ կառավարիչ, իսկ հետագայում խալիֆ դարձած Մուավիայի հետ կնքեց պայմանագիր: Այդ պայմանագրով Հայաստանը երեք տարի արաբներին հարկ չէր վճարելու, որից հետո հարկի չափը որոշելու էին հայերը: Հայաստանն ունենալու էր 15-հազարանոց այրուձի, որի ծախսերը հոգալու էին արաբները: Փոխարենը հայոց հեծելազորը պետք է մասնակցեր արաբների մղած կռիվներին: Հայաստանում արաբ պաշտոնյաներ և արաբական զորակայաններ չէին լինելու: Արաբներն օգնելու էին հայերին, եթե նրանց վրա հարձակվեին բյուզանդացիները:

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դ. վերջ պահպանեց իր փաստական անկախությունը:

 

Հայաստանի նվաճումը արաբների կողմից

Մինչև VII դ. վերջը Հայաստանը գործնականում պահպանեց իր փաստական անկախությունը: 701թ. Հայաստան ներխուժած արաբական ուժերը՝ խալիֆի եղբայր Մուհամադի հրամանատարությամբ, նվաճեցին այն: Արաբները Հայաստանից բացի գրավեցին Վիրքը և Աղվանքը՝ մինչև Դերբենդ, և նշված տարածքներից կազմեցին վարչական առանձին միավոր՝ Արմինիա անունով: Հայաստանի նվաճումն ուղեկցվում էր երկրի ամայացումով, բնակչության կոտորածներով, կրոնական հալածանքներով ու հարկերի ծանրացումով:

 

Հայերի ընդվզումն արաբական տիրապետության դեմ (703թ.)

Նեղվելով արաբների ծանր հարկային լծից, հայ նախարարները 703թ. հայոց իշխան Սմբատ Բագրատունու ղեկավարությամբ գաղտնի ժողով գումարեցին: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չգտնելով՝ նրանք որոշեցին հեռանալ Բյուզանդիայի սահմանները: Նրանց երկուհազարանոց հեծելազորը հասավ Ակոռի ավան: Հեռացող հայերին վերադարձնելու համար նրանց հետապնդելու դուրս Եկավ արաբական մի մեծաթիվ զորաբանակ: Հայկական այրուձին ստիպված եղավ ամրանալ Երասխի ափին գտնվող Վարդանակերտ ավանում: Արաբների ներկայացրած հետ վերադառնալու վերջնագրի պատճառով կողմերի միջև ընդհարումն անխուսափելի դարձավ: Առավոտյան հայկական ուժերը նախահարձակ եղան: Այրարատյան դաշտի ցրտաշունչ ձմռան գիշերը բաց երկնքի տակ մնացած հակառակորդը, կորցնելով մարտունակությունը, ի վիճակի չեղավ դիմադրելու և ջախջախվեց: Թշնամու կենդանի մնացած զինվորները շտապեցին անցնել Երասխը: Սակայն գետը պատած բարակ սառույցը ջարդվեց, ու նրանք ջրասույզ եղան: Արաբական հինգ հազարի հասնող զինվորներից Վարդանակերտում փրկվեցին միայն 300-ը, այն էլ մի հայ իշխանուհու միջնորդությամբ: Սմբատ Բագրատունին մի խումբ նախարարների հետ հաստատվեց Տայքում և բանակցություններ սկսեց Բյուզանդական կայսրության հետ արաբների դեմ համատեղ պայքարելու առաջարկով: Ապստամբները հաջողության հասան նաև Ռշտունիքում և Վանանդում, որտեղ արաբական հրոսակները գլխովին ջախջախվեցին: Սակայն դրանից հետո սկսված պարսկա-բյուզանդական պատերազմում բյուզանդացիները պարտվեցին, իսկ լրացուցիչ ուղարկված արաբական ուժերը ապստամբությունը ճնշեցին:

703թ. ապստամբությունը թեև արաբների դեմ առաջին զինված ելույթն էր, անհետևանք չանցավ: Այն թե' հաղթանակի հույսեր արթնացրեց հայերի մեջ և թե' ամրապնդեց հայ զինվորականության մարտական ոգին: Խալիֆայությունն էլ իր հերթին ստիպված էր առժամանակ վարելու հարաբերական մեղմ ու հանդուրժողական քաղաքականություն: Նոր նշանակված ոստիկանը երկիրը լքած նախարարներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ճանաչեց նրանց ժառանգատիրական իրավունքը, ինչն սկզբում արաբները վերացրել էին: Այնուամենայնիվ, արաբները կարճ ժամանակ անց դաժան հաշվեհարդար տեսան հայ նախարարության հետ՝ իրենց պարտության համար: Նախճավանում նստող արաբ զորավարը 705թ. իր մոտ կանչեց հայ նախարարներին (շուրջ 2000 մարդ) այրուձիի հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով: Սակայն նրանց փակեցին Նախճավանի և Խրամ ավանի եկեղեցիներում ու հրկիզեցին: Հայ ազնվականությունը ծանր հարված ստացավ, սակայն հայերի մարտական ոգին չկոտրվեց:

 

Արաբների քաղաքականությունը Հայաստանում

Արաբների տիրապետության ժամանակաշրջանում Հայաստանը կառավարում էր խալիֆայության կուսակալը, որին հայերն անվանում էին ոստիկան: Վերջինս վարում էր զինվորական ու քաղաքացիական գործերը: Ոստիկանը հնազանդ պիտի պահեր երկիրը, այն պաշտպաներ արտաքին ուժերի հարձակումներից և ժամանակին հավաքեր հարկերը: Ոստիկանի նստավայրը Դվինն էր, իսկ VIII դ. վերջերից՝ Պարտավը: Վարչական նշանակալից իրավունքներ ուներ նաև Հայոց իշխանը, որը փաստորեն նրա տեղապահն էր: Նա նույնպես պարտավոր էր ապահովել հայ նախարարների հնազանդությունը, օգներ հարկերի հավաքմանը: VIII դ. կեսերից Հայոց իշխանի պաշտոնը սկսեցին գրավել միայն Բագրատունիների ներկայացուցիչները: Հայոց իշխանին ենթակա էին Հայոց կաթողիկոսը և սպարապետը: Նրանք իրենց պաշտոններին էին նշանակվում միայն Հայոց իշխանի համաձայնությամբ: Արաբական տիրապետության շրջանում հայոց իշխանի և սպարապետի պաշտոնների գոյությունը հավաստում է Հայաստանի որոշ ինքնավարությունը: Հայոց կաթողիկոսն առաջվա պես վարում էր «մեծ դատավարություն» գործակալությունը: Բացի այդ, նա կարող էր բանակցել օտար երկրների հետ:

Կարևոր դեմք էր Հայոց սպարապետը, որը զինված ուժերի հրամանատարն էր: Նա Հայոց իշխանի բացակայության ժամանակ փոխարինում էր նրան: Այս պաշտոնը ևս անցավ Բագրատունիներին: Հայոց այրուձին աչքի էր ընկնում մարտական բարձր հատկանիշներով, և արաբներն այն լայնորեն մասնակից էին դարձնում իրենց մղած պատերազմներին:

Իր տիրապետությունն ամուր պահելու համար Արաբական խալիֆայությունը Հայաստանի քաղաքներում՝ Դվինում, Նախճավանում, Խլաթում, Կարինում, Մանազկերտում, Արճեշում, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցներում ու բերդերում կայազորներ էր հաստատել: Նշված հենակետերի մերձակայքում ստեղծվել էին արաբական զգալի բնակչություն ունեցող բնակավայրեր:

Արաբական պետությանը հայերի հպատակ լինելն արտահայտվում էր հարկատվությամբ: Եթե հարկը սկզբում գանձում էին ըստ ծխերի, այսինքն՝ ըստ մեծ տների կամ գերդաստանների (երդերի), ապա 725թ. Հերթ ոստիկանի անցկացրած «աշխարհագրից» հետո արաբներն սկսեցին արական սեռի 15 տարեկանից բարձր ներկայացուցիչներից գանձել գլխահարկ: Դրա հետևանքով հարկային լուծն առավել ծանրացավ: Գլխահարկը գանձվում էր դրամով, որի սղությունն էլ ավելի վատթարացրեց բնակչության վիճակը: VIII դ. կեսերին արաբները պահանջում էին վճարել նաև մեռածների հարկերը: Նրանք կապարե կնիքներ էին կախում հարկեր վճարողների պարանոցներից: Հոգևորականությունը թեև օրենքով ապահարկ էր, սակայն նույնպես հարկվում էր: Բացի այդ, վանքերն ու եկեղեցիները հաճախ ենթարկվում էին ավազակային հարձակումների ու կողոպուտի:

Դրամի պակասը և հարկահանների կեղեքումները շատերին հարկադրում էին թողնել հայրենի տներն ու պատսպարվել դժվարամատույց վայրերում: Շատերն էլ հարկեր վճարելու դիմաց ստիպված էին լինում իրենց վաճառել:

Արաբները սեփականել էին երկրի նշանակալից մասը, որի բարեբեր ու արգավանդ դաշտավայրերն ու այգիները, պարարտ մարգագետինները դարձրել էին իրենց անասունների արոտավայրեր, իսկ հայ բնակչությանը հարկադրել հեռանալ առավելապես լեռնային շրջաններ:

Ուժեղացան հալածանքները Հայաստանի քաղաքական կյանքում գործուն դեր խաղացած Նախարարական որոշ տոհմերի (Մամիկոնյաններ և Կամսարականներ) նկատմամբ: Ազատագրական պայքարի ընթացքում նրանք խիստ թուլացան և քաղաքական ասպարեզից անհետացան: Հայ նախարարների տիրույթների մի մասին տիրեցին արաբները: Նրանք ստեղծեցին իրենց վարչաքաղաքական միավորները, որոնք կոչվեցին ամիրայություններ: Վերջիններս բախվում էին սկզբում հայկական իշխանությունների, իսկ հետագայում՝ Բագրատունիների թագավորության հետ: Հայաստանում արաբների վերաբնակեցումն ուղեկցվում էր երկրից հայերի արտագաղթով՝ հատկապես դեպի Բյուզանդական կայսրություն: Արաբական դաժան լծի դեմ հայ ժողովուրդը մղում էր անհաշտ պայքար՝ ձգտելով տապալել այն և ապրել ազատ ու անկախ:

 

748-750թթ.ապստամբությունը:
762թ. ապստամբությունը Վասպուրականում

VIII դ. կեսերին Արաբական խալիֆայությունը ծվատվում էր գահակալական հուժկու կռիվներից: Այս իրավիճակից փորձեցին օգտվել հայերը: Բռնկվեց ապստամբություն, որի գլուխ անցան Գրիգոր և Դավիթ Մամիկոնյան եղբայրները: Դավիթը շուտով խալիֆի հրամանով ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց: Ապստամբությունը ղեկավարեց Գրիգորը, որի շուրջը համախմբված նախարարների ճնշման ներքո նրանց միացավ սպարապետ և Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: Ապստամբները միմյանց հավատարիմ լինելու երդում տվեցին և շարժվեցին Տայք, որտեղ հույս ունեին օգնություն ստանալ Պոնտոսում գտնվող բյուզանդական ուժերից: Սակայն Տայքում ի հայտ եկան ապստամբների երկու խմբավորումների հակասությունները: Եթե Մամիկոնյանները ձգտում էին բյուզանդական ուժերի միջոցով տապալել արաբական տիրապետությունը, ապա Բագրատունիները հանձին Հայոց իշխանի, հնարավոր չէին համարում ուժեղ թշնամու դեմ հաղթանակը: Նրանք արտաքին ուժերից օգնություն ստանալու հույսեր չէին փայփայում և ձգտում էին զիջումների գնով երկրում քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել:

Այդ հակասություններն Աշոտ Բագրատունուն հարկադրեցին իր կողմնակիցների հետ Տայքից հեռանալ ու հաստատվել Բագրևանդում: Գրիգոր Մամիկոնյանը հետապնդեց նրանց, ձերբակալեց Հայոց իշխանին և կուրացնել տվեց: Աշոտ Բագրատունին փաստորեն հեռացավ քաղաքական ասպարեզից: Շուտով անակնկալ մահացավ Գրիգոր Մամիկոնյանը, ինչն էլ արաբներին թույլ տվեց 750թ. ճնշել ապստամբությունը:

762թ. Վասպուրականը ենթարկվեց արաբական ավազակախմբերից մեկի հարձակմանը, որի դեմ իրենց փոքրաթիվ ուժերով ելան Սահակ և Համազասպ Արծրունի եղբայրները: Անհավասար կռիվներում նրանք քաջաբար զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ: Պայքարը շարունակեց նրանց կրտսեր եղբայր Գագիկը: Նա իր հեծյալներով հետապնդեց ավազակներին, ձերբակալեց նրանց ղեկավարին և կոտորեց արաբների մեծ մասին: Գագիկ Արծրունին իր շուրջը համախմբեց Վասպուրականի իշխաններին, հաստատվեց Նկան անառիկ ամրոցում և մեկ տարի շարունակ հաջողությամբ հետ էր մղում արաբների հարձակումները: Չկարողանալով ուժով տիրել ամրոցին՝ թշնամին խաղաղություն առաջարկեց և նենգորեն ձերբակալեց անվեհեր իշխանին:

 

774-775թթ. համաժողովրդական մեծ ապստամբությունը

Արաբական տիրապետության դեմ սկսված նոր հուժկու ապստամբության պատճառը հարկային լծի սաստկացումն էր ու ժողովրդի դաժան կեղեքումը: Ապստամբությանը միացան նախարարական գրեթե բոլոր տոհմերը: Այն սկսվեց 774թ., երբ Արտավազդ Մամիկոնյանը Դվինում համոզեց արաբ ոստիկանին, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ և ստացավ սպառազինություն: Շարժվելով Կումայրի՝ նա սպանեց արաբ հարկահաններին, խլեց հավաքած հարկերը, սակայն արաբների ճնշման ներքո հեռացավ Բյուզանդիայի սահմանները: Սկսված ապստամբության գլուխ անցավ Մուշեղ Մամիկոնյանը: Նա, հաստատվելով Արտագերս անառիկ ամրոցում, մի քանի անգամ պարտության մատնեց Կարինից և Դվինից իր դեմ ուղարկված արաբական զորամասերին: Այդ հաջողությունների շնորհիվ ապստամբների թիվը կտրուկ աճեց և հասավ շուրջ հինգ հազարի: Նրանց միացավ նաև Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, որի շնորհիվ ապստամբության վարկը բարձրացավ: Հայերը որոշեցին գրավել բյուզանդական սահմանագլխին գտնվող Կարին քաղաքը, ուր տեղակայված էր արաբական մի մեծ կայազոր: Նրանք 774-775թթ. ձմռանը պաշարեցին քաղաքը և քարանետ մեքենաներով մեծ վնաս հասցրին հակառակորդին: Շարժումն այնպիսի թափ էր առել, որ Դվինում եղած արաբական ուժերը չհանդգնեցին օգնել Կարինում պաշարված յուրայիններին: Նրանք սպասում էին մայրաքաղաքից պատժիչ ուժերի ժամանելուն:

775թ. գարնանը գերազանց զինված արաբական 30-հազարանոց պատժիչ բանակը մտավ Հայաստան և հաստատվեց Խլաթում: Հայ ապստամբների մի մասը որոշեց գրավել Արճեշը: Նրանք շարժվեցին Արճեշ, որի մոտակայքում թշնամին դարանակալել էր: Հակառակորդի հանկարծակի հարձակումն ավարտվեց հայ նախարարական գնդերի և մարտական փորձ չունեցող աշխարհազորայինների ծանր պարտությամբ: Նրանց մի մասը խեղդվեց Վանա լճում: Զոհվեց շուրջ 1500 հոգի:

Կարինը պաշարածները Արճեշում իրենց զինակիցների կրած անհաջողությունից հետո հարկադրված էին վերացնել քաղաքի պաշարումը: Նրանք կարող էին անցնել Բյուզանդիայի սահմանը կամ էլ թշնամու դեմ կռիվը շարունակել մինչև վերջ: Ապստամբներն ընտրեցին երկրորդ ուղին և Կարինից շարժվեցին Բագրևանդ գավառ ու բանակ դրեցին Արձն գյուղի մոտ: Այստեղ 775թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ վճռական ճակատամարտը: Հակառակորդը հայերին գերակշռում էր ոչ միայն թվով, այլև սպառազինությամբ: Սկզբում հայերը սրընթաց գրոհով մեծ ջարդ տվեցին արաբներին, բայց նրանց թվական գերակշռությունն իր դերը խաղաց: Նեղ դրության մեջ ընկած հայերը միմյանց քաջալերում էին հետևյալ խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստուծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը...»: Արաբները հետ մղեցին հայերի անձնազոհ գրոհը և հակահարձակմամբ հաղթանակի հասան: Հայ ռազմիկներից շատերն ընկան հերոսի մահով: Նրանցից զոհվեցին ավելի քան երեք հազարը: Զոհվածների մեջ էին ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանը, սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ ուրիշներ: Արձնի ճակատամարտը մեկ անգամ ևս ցույց տվեց հայ ժողովրդի ազատասեր ու անկոտրում ոգին:

774-775թթ. համաժողովրդական հուժկու ապստամբությունը ցնցեց խալիֆայության հիմքերը: Սակայն ապստամբության ճնշման և հետագա հալածանքների հետևանքով նախարարական շատ տներ խիստ թուլացան, իսկ Մամիկոնյաններն ու Կամսարականները երկրի քաղաքական կյանքից գրեթե իսպառ վերացան: Նրանց տիրույթներին փորձեցին տիրել արաբ ամիրաները, որոնց էապես խանգարեցին Բագրատունիները: Մամիկոնյանների և Բագրատունիների երկարատև մրցակցությունն ավարտվեց Բագրատունիների հաղթանակով, որոնք իրենց ճկուն քաղաքականությամբ նախապատրաստեցին Հայաստանի անկախության վերականգնումը: Հենց այս ապստամբությունից հետո էր, որ Հայաստանում արաբական ցեղերի վերաբնակեցումները զանգվածային բնույթ ձեռք բերեցին:

 

Հայ իշխանական տների հզորացումը

IX դ. սկզբներին հայ իշխանական տները, օգտվելով արաբական իշխանության թուլացումից, աստիճանաբար ընդլայնեցին իրենց տիրույթներն ու ամրապնդեցին սեփական իշխանությունը: Դրանց մեջ հատկապես առանձնանում էին Բագրատունիները: Տեր դառնալով երկրի քաղաքական կյանքից հեռացած տոհմերի տիրույթներին՝ արաբ եկվոր ամիրաների դեմ համառ պայքարում նրանք տիրացան երկրի գրեթե մեկ երրորդին: Այդ հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողն Աշոտ Բագրատունին էր՝ Մսակեր մականունով: 804թ. արաբները նրան ճանաչեցին Հայոց իշխան, որն իր եղբորը նշանակեց սպարապետ: Նրանց տիրույթներն ընդգրկում էին Տարոնը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Բագրևանդը և Տայքը: Աշոտն իր իշխանության կենտրոն էր դարձրել Բագարան բերդաքաղաքը՝ Ախուրյանի ափին: Բագրատունիները ոչ միայն իրենց ձեռքում կենտրոնացրին քաղաքական իշխանությունը, այլև հսկողության տակ վերցրին եկեղեցին: Նրանց ազդեցությունը տարածվում էր անգամ Վերին Միջագետքում: Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և համագործակցում էր Հայաստանի իրենց տոհմակիցների հետ: Բագրատունիներից բացի աչքի էին ընկնում Վասպուրականի տեր Արծրունիները, Սյունյաց և Արցախի իշխանական տոհմերը: Նրանք ևս զենքի ուժով ընդարձակեցին իրենց տիրույթները՝ բազմիցս հաղթելով արաբ ամիրաներին:

IX դարում կրճատվել էր Հայաստանից խալիֆայության գանձարան մուծվող հարկի ծավալը: Նվազել էր ոչ միայն նրա չափը, այլև վճարումը դարձել էր անկանոն, դեպքից դեպք: Մինչդեռ հարկատվությունն արաբական տիրապետության ճանաչման հիմնական պայմանն էր:

Աշոտ Մսակերին հաջորդեց որդին՝ Բագարատը, որն ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Վերջինիս իրավունքները Հայոց իշխանի համեմատ շատ ավելի մեծ էին: Նա փաստորեն դարձել էր Արմինիայի ոստիկանի տեղապահ՝ փորձելով անգամ դառնալ ոստիկան: Բագարատ Բագրատունու օրոք Հայաստանը վերականգնեց իր ինքնավարությունը:

 

850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը

Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849թ. երկիր ուղարկվեց Աբուսեթ ոստիկանը: Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը: Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ: Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր: Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի մահմեդական բնակչության բողոքագրերը: Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը: Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին: Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել: 850թ. նրանց հերթական արշավանքը գլխավորեց ճանապարհին մահացած Աբուսեթի որդի Յուսուփը: Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը: Սակայն Յուսուփը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ: Յուսուփն ավերածություններ գործեց Տարոնում, նրա բնակչությանը գերության քշեց կամ դաժան կտտանքների ենթարկեց: Այդ վայրագությունները, սակայն, անպատասխան չմնացին: Իրենց քաջությամբ հռչակված Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների և Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին: Յուսուփը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից: Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը: Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում:

Արաբական խալիֆայությունն ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակով 851թ. գարնանն ուղարկեց իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային: Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին:

Բուղան սկզբում ներխուժեց Տարոն: Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավար խշխաններին, սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց: Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ: Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել: 853թ. գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը: Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց: Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ: 855թ. Բուղան հետ կանչվեց: Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը:

850-855թթ. ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենահուժկու ու ամենամեծ ելույթն էր: Ապստամբությունը խորապես ցնցեց Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը և ուղի հարթեց հայկական պետականության վերականգնման համար:

 

Աղանդավորական շարժումները Հայաստանում

Ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը: Աճեցին թե՛ հարկերը և թե' պետական ու ավատատիրական պարհակները: Վիճակն ավելի ծանրացավ օտար տիրապետությունների շրջանում: Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ: Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ:

IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ: Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար:

V դ. զանգվածային բնույթ ստացավ մեկ այլ սոցիալական շարժում, որ հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի): Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443թ. Շահապիվանի ժողովը: Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում: Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները:

 

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

 

Բյուզանդացիների քաղաքականությունը: Արաբական իշխանությունների դիրքորոշումը

Կայսրության հայկական երկրամասերում աղանդավորական շարժման լայն տարածումն առաջ բերեց բյուզանդական արքունիքի անհանգստությունը: Կացությունը ծանրացավ, երբ արաբներն իրենց հովանավորության տակ առան շարժումը՝ քրիստոնյա Բյուզանդիան թուլացնելու նպատակով: Շարժման դեմն առնելու համար բյուզանդական իշխանություններն ամենուրեք անողոք հալածանքներ սկսեցին պավլիկյանների դեմ՝ նրանց ենթարկելով ծանր պատիժների, իսկ աղանդին հավատարիմ մնացածներին պարզապես սկսեցին կենդանի-կենդանի այրել խարույկի վրա: Սակայն, հակառակ սպասվածին, շարժումը ոչ միայն չմարեց, այլև լայնորեն տարածվեց Փոքր Ասիայի տարբեր շրջաններում՝ իր մեջ առնելով մեծ թվով հույների և կայսրությանը հպատակ այլ ժողովուրդների ներկայացուցիչների: Ստեղծվում էին պավլիկյան նորանոր համայնքներ, որոնք կառավարվում էին սեփական օրենքներով:

Պավլիկյան շարժումը նոր թափ ստացավ VIII դ. կեսերին, երբ նրանց գլուխ անցան այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Հովսեփը, Վահանը և Սերգիոսը:

Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար: Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից: Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝բարի աստծու գործն է: Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ: Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով:

Պավլիկյանները յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ: Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը: Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը: Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից:

 

Շարժման վերելքը և պարտությունը

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում:

Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:

Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:

Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:

 

Կրթությունը

V-VII դդ. մեծ զարգացում ապրեց հայ դպրոցը: Դեռևս Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի օրոք մեծ թվով հայ երիտասարդներ ուղարկվում էին սովորելու հունական և ասորական կրթական կենտրոններում: Նրանք վերադառնալուց հետո վարում էին ուսուցչական գործունեություն: Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև VI-VII դարերում: Հունական փայլուն կրթություն ստացած հայ գործիչների շնորհիվ մեծապես հղկվեց հայերենը, ստեղծվեց հունաբան դպրոցը: Էլ ավելի աճեց դպրոցական ցանցը: Դպրոցներ գործում էին գործնականում բոլոր գավառներում:

Կրթությանը մեծ հարված հասցրեց Հայաստանում արաբական տիրապետությունը, որի արդյունքում շատ դպրոցներ փակվեցին, և մշակութային կյանքն էական անկում ապրեց:

 

Իմաստասիրություն (փիլիսոփայություն)

V դ. սկսած մեծ հաջողությունների է հասնում հայ իմաստասիրությունը: V դ. հեղինակ Եզնիկ Կողբացին, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, նշանավոր իմաստասեր էր: Սկզբում նա իր ուսուցչի հետ զբաղվել է թարգմանական գործունեությամբ, ավելի ուշ գրել է «Եղծ աղանդոց» (Աղանդների հերքումը) աշխատությունը, որտեղ հիմնավոր հերքում է հեթանոսությունը, պարսից զրադաշտական կրոնը և պաշտպանում քրիստոնեական վարդապետությունը: Զրադաշտական կրոնի կտրուկ մերժումն ուղղված էր պարսից արքունիքի կողմից հայերին ձուլելու փորձերի դեմ: Բարձրացնելով և մեծարելով քրիստոնեությունը՝ Եզնիկ Կողբացին անուղղակիորեն պաշտպանում էր հայ ժողովրդի ազգային-մշակութային ինքնությունը:

Վաղ միջնադարի ամենանշանավոր փիլիսոփան Դավիթ Անհաղթն է, որն իր ուսումը ստացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Նա ուսումնասիրել է հույն իմաստասերներ Պլատոնի ու Արիստոտելի գործերը և իր «Սահմանք իմաստասիրության» («Իմաստասիրության սահմանումը») նշանավոր երկում մեկնել ու զարգացրել է հույն խոշոր իմաստասերների գաղափարները՝ Հայաստանում տարածելով նրանց ուսմունքները: Բանավեճերի մեջ եղել է անհաղթելի, որի համար էլ ստացել է Անհաղթ մականունը: Նա մեծ հռչակ էր վայելում ոչ միայն հայ, այլև հույն և հռոմեացի իմաստասերների շրջանում:

 

Գրականություն

Հայ պատմագիրների երկերը նշանակալի չափով նաև գեղարվեստական գործեր են: Գեղարվեստական մեծ վարպետությամբ է Սեբեոսը ներկայացնում կրկեսում Սմբատ Բագրատունու մասնակցությունը գազանամարտին, երբ նա իրար հետևից հաղթում է արջին, ցուլին ու առյուծին և հանդիսատեսների պահանջով փրկվում մահապատժից:

VII դարը հայտնի է երկու նշանավոր բանաստեղծներով: Նրանցից մեկը Կոմիտաս կաթողիկոսն է, որը կառուցել է Հռիփսիմեի նշանավոր տաճարը: Նա գրել է սուրբ Հռիփսիմեին նվիրված մի օրհներգ (հիմն): Մյուսը, որ հայտնի է Դավթակ Քերթող անունով (Քերթող՝ նշանակում է բանաստեղծ), երկար տարիներ ապրել է Հայոց Արևելից կողմերի իշխան Ջվանշիրի արքունիքում և նրա ողբերգական մահվան առիթով գրել մի ամբողջ պոեմ:

 

Բժշկություն

Վաղ միջնադարի հայ մատենագիրների երկերում բժշկության և բժիշկների մասին պահպանվել են բազմաթիվ տեղեկություններ: Դրանցում խոսվում է զարկերակի միջոցով հիվանդությունները ճանաչելու մասին, տեղեկություններ կան մարդու զգայարանների (աչքերի, ականջների, հոտառության) և ներքին օրգանների (սրտի, թոքերի, երիկամների) կառուցվածքի ու դերի մասին: Հետևելով Հիպոկրատին, Եղիշեն գրում էր, թե բժիշկը հարուստ և աղքատ չպիտի տ… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz