…արբերի. «Բժշկի համար կարևոր չէ, թե հիվանդի անկողինը ոսկեղեն է, թե հնամաշ, նա զննում է հիվանդի ողջ մարմինը, թե արդյո՞ք տաքություն չունի, կամ թե սիրտը հանդարտ է տրոփում, և կամ լյարդը կակո՞ւղ է արդյոք, և կամ երակների զարկերը հարմա՞ր են: Եվ ըստ այնմ դեղեր է տալիս՝ հիվանդներին առողջություն պարգևելով»:

Հայ բժշկագիտությունը մեծապես հարստացավ հույն և հռոմեացի, ինչպես նաև այլ հեղինակների բժշկագիտական գործերի թարգմանությամբ, որի շնորհիվ հատկապես անտիկ բժշկության գիտելիքները տարածվեցին Հայաստանում:

 

Աշխարհագրություն և տիեզերագիտություն

V դ. վերջերին Պատմահոր կողմից ստեղծվեց «Աշխարհացոյց»-ը, որ գրված է անտիկ աշխարհագրության ավանդույթներով, Պտղոմեոսի և Պապոս Ալեքսանդրացու աշխատությունների օգտագործումով և մեծաքանակ ինքնուրույն նյութի մատուցմամբ: «Աշխարհացոյց»-ում նկարագրված են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները, Միջերկրական, Սև և Կասպից ծովերը, Եվրոպայի, Ասիայի և Լիբիայի (Հյուսիսային Աֆրիկայի) երկրները: Հատկապես արժեքավոր են Մեծ Հայքի, Վիրքի, Աղվանքի, Պարսկաստանի և Ասիական Սարմատիայի նկարագրությունները: Ամենայն հավանականությամբ «Աշխարհացոյց»-ը նույնպես ստեղծվել է Սահակ Բագրատունու մեկենասությամբ՝ որպես հայ ապստամբների համար քաղաքական ծրագիր, թե վերականգնվելիք Հայոց թագավորությունն ինչ տարածք ու սահմաններ պետք է ունենա: Պատմահայրը Մեծ Հայքի նկարագրությունը կազմել է ըստ III դ. աշխարհագրերի նյութերի:

Բնական գիտությունների ասպարեզում հայ ամենանշանավոր դեմքն Անանիա Շիրակացին է, որը ծնվել է VII դ. սկզբներին Շիրակ գավառում: Նախնական կրթությունն ստանալով տեղում՝ նա ութ տարի ուսանել է Տրապիզոնում՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի մոտ: Մեծ տիեզերագետ և մաթեմատիկոս Անանիա Շիրակացին, հետևելով անտիկ հեղինակներին, գրել է. «Երկիրը ձվի նման է. ինչպես ձվի կլոր դեղնուցը մեջտեղում է, սպիտակուցը՝ նրա շուրջը, իսկ կեղևը շրջապատում է չորս կողմից, այնպես էլ երկիրը մեջտեղում է, օդը՝ նրա շուրջը և երկինքը շրջապատում է չորս կողմից»: Անանիա Շիրակացին գիտեր, որ Արեգակի խավարման պատճառը նրան պատնեշող Լուսինն է: Հայ տիեզերագետի կարծիքով Ծիր Կաթինը «կուտակված թույլ և ուժեղ աստղերի բազմություն է»:

Տիեզերագիտության և մաթեմատիկայի բնագավառներում Անանիա Շիրակացին հետևել է անտիկ գիտության ավանդույթներին: Այդ դարաշրջանում, երբ Եվրոպայում ամենուրեք մոռացվում էր անտիկ գիտական ժառանգությունը, Անանիա Շիրակացին կարևոր դեր խաղաց այն պահպանելու և գալիք սերունդներին հաղորդելու գործում:

 

Ճարտարապետություն

Վաղ միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել շինարարական արվեստը: Կառուցվել են ամրակուռ ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կարավանատներ, հյուրանոցներ, կամուրջներ, բնակելի տներ և այլն: Որպես շինանյութ հիմնականում օգտագործվել է բազմագույն տուֆ քարը, որով մեծապես հարուստ է մեր հայրենիքը: Աշխարհիկ շինությունները, որպես կանոն, զոհ են գնացել օտարների արշավանքներին, և վաղ միջնադարի մեծաքանակ շինություններից մեզ են հասել մեծ մասամբ եկեղեցիները, որոնք հատուկ խնամքով էին կառուցվում: Բացի այդ, օտարները, վախենալով «հայերի աստծու» վրեժխնդրությունից, դրանք սովորաբար չէին ավերում:

Հայ ճարտարապետության գլուխգործոցներից է Հռիփսիմեի տաճարը Վաղարշապատում (Էջմիածնում), որը 618թ. կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը: Տաճարը լավ պահպանվել է մինչև մեր օրերը և դիտողին զարմացնում է իր գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ, իսկ մասնագետներին՝ ճարտարապետական լուծումներով:

VII դ. կեսերին կառուցվում է Զվարթնոցի հրաշագեղ տաճարը Երևանից Էջմիածին տանող մայրուղուց ոչ շատ հեռու: Կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի կողմից, ունեցել է 50 մ բարձրություն և կանգուն է մնացել շուրջ երեք դար: Կործանվել է երկրաշարժից, չնայած կարծիք կա, որ այն կործանել են արաբները: Անգամ ավերակ վիճակում այն շատ տպավորիչ է:

Աշխարհիկ կառույցներից պահպանվել են իշխանական դղյակների, ամրոցների, նրանց պարիսպների մնացորդները: Այդ շրջանում հայոց ճարտարապետությանը հատուկ էր պարզությունը և վեհությունը:

 

Քանդակագործություն և նկարչություն

Վաղ միջնադարում զարգացավ նաև քանդակագործությունը՝ պայմանավորված ճարտարապետության և շինարարության բուռն վերելքով: Այդ շրջանից հայտնի են մի շարք բարձրաքանդակներ և զարդերի փորագրություններ, որոնցով պատում էին եկեղեցիների, դամբարանների և պալատների պատերը: Իր զարդաքանդակներով հատկապես աչքի է ընկնում Զվարթնոցի տաճարը, որի պատերին նռներ և խաղողի ողկույզներ են պատկերված: Զվարթնոցի սյուներին քանդակված են թևատարած հզոր արծիվներ: Պահպանվել են նաև շինարարների մի քանի պատկերներ՝ աշխատանքային գործիքները ձեռքներին: Զվարթնոցի պատին Ներսես կաթողիկոսը թողել է հունարեն արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»:

Վաղ միջնադարում եկեղեցիների պատերը երբեմն ներսից զարդարում էին նկարներով: Դրանցում պատկերում էին Քրիստոսի հսկայական կերպարանքը՝ եզերված նռների, խաղողի ողկույզների և այլ զարդերի նկարներով:

Նկարչության մի տարատեսակ է խճանկարը (մոզաիկան), որով սովորաբար ծածկում էին եկեղեցիների, պալատների և բաղնիքների հատակը: Խճանկարները պատրաստվում էին բազմագույն և բազմերանգ քարերից: Հայկական լավագույն խճանկարները պահպանվել են Երուսաղեմի հայկական եկեղեցիներում: Դրանցից մեկն ունի շուրջ 30 քառ. մ մակերես և եզերված է թռչունների, ձկների և խաղողի ողկույզների զարդանախշերով:

 

Մանրանկարչություն

Արդեն հայ գրերի գյուտից հետո ծնունդ է առնում մագաղաթյա ձեռագրերը մանրանկարներով զարդարելու արվեստը: Ցավոք, այդ շրջանից մեզ է հասել ընդամենը չորս մանրանկար, որոնք բոլորն էլ կրոնական բովանդակություն ունեն: Հայ մանրանկարչությունը բուռն ծաղկում ապրեց զարգացած միջնադարում:

 

Թատրոն և երաժշտություն

Հայ միջնադարյան թատրոնը ժառանգեց Հայաստանի հելլենիստական թատրոնի ավանդույթները: Վաղ միջնադարում թատերական ներկայացումները տրվել են հայերենով և վայելել են մեծ ժողովրդականություն: Թատերական ներկայացումները տեղի են ունեցել քաղաքային հրապարակներում կամ գյուղական բնակավայրերի կենտրոններում՝ շրջիկ թատերախմբերի կողմից: Դրանք սովորաբար կազմված էին լինում պարուհիներից ու լարախաղացներից: Նրանց հաճախ հրավիրում էին իշխանական խնջույքներին՝ զվարճացնելու նախարարին, նրա ընտանիքի անդամներին և հյուրերին: Դերասանները փանդիռների (հայկական նվագարան) նվագակցությամբ երգում ու պարում էին հարսանիքներին, իշխանական խնջույքներին և երգում հուղարկավորության ժամանակ: Բուռն տարածում ունեին ժողովրդական գուսանական երգերը: Մեծ զարգացում ապրեց հոգևոր երաժշտությունը: Երգում էին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս կաթողիկոսի և ուրիշների հեղինակած շարականները:

Վաղ միջնադարի հայ մշակույթն ամփոփեց հայոց հին մշակույթի զարգացումը և հայ մշակույթի մեջ ներմուծեց իսկական ազգային, ժողովրդական ոգի: Հայ մշակույթի բազմաթիվ երևելի հուշարձաններ ձեռք են բերել համաշխարհային նշանակություն:

Создать бесплатный сайт с uCoz