Հայաստանը 11-14-րդ դդ.

 

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում

Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ Բյուզանդիան առաջին հերթին ձգտում էր հնազանդ պահել երկիրը: Այդ նպատակով բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը: Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը: Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները: Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը: Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը:

Բյուզանդացիները ջանում էին վերահսկել Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին: Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի: Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի: Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ: Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում: Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից: Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը:

Հայաստանի համար ամենաաղետալին այն էր, որ բյուզանդացիները փորձում էին վերացնել հայկական զինուժը: Կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել: Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

 

Սելջուկ-թուրքերի արշավանքները

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

 

Հայաստանի նվաճումը

Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան և Վրաստան: Բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:

1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

 

Հայկական թագավորությունները և իշխանությունները XI-XII դդ.

Սելջուկ-թուրքերի հայտնվելը դժվարին դրության մեջ դրեց փոքր և ռազմականապես թույլ հայկական թագավորությունների ու իշխանությունների: 1065թ. Կարսի (Վանանդի) թագավոր Գագիկ Աբասյանը, սելջուկների ներխուժումից խույս տալու նպատակով, Բյուզանդիային հանձնեց իր տիրույթները՝ կալվածքներ ստանալով Փոքր Ասիայում: Միայն Սյունիքի ու Տաշիր-Ձորագետի թագավորությունները դիմացան սելջուկյան արհավիրքներին և գոյատևեցին ևս մի որոշ ժամանակ:

Հայկական թագավորությունների, ինչպես նաև իշխանությունների վիճակը հատկապես ծանրացավ XI դ. վերջերին: Այդ ժամանակ սկսվեց Սելջուկյան սուլթանության թուլացումն ու տրոհումը: Գահակալական անվերջ կռիվներից ու խռովություններից մեծապես տուժում էին նվաճված երկրները: Սելջուկյան պետության քայքայման պայմաններում հայկական թագավորությունները և իշխանությունները հերոսական պայքարի շնորհիվ վերականգնեցին իրենց անկախությունը և անգամ ընդարձակեցին իրենց տիրույթները:

Տաշիր-Ձորագետում XII դ. սկզբին իշխում էին Դավիթ և Աբաս եղբայրները, իսկ Սյունիքում՝ Գրիգոր թագավորը: Մի շարք հայկական իշխանություններ կարողացել էին իրենց գոյությունը պահպանել երկրի լեռնային ու դժվարամատչելի շրջաններում: Այսպես, Արծրունիների տոհմի մի ճյուղը տիրում էր Աղթամար կղզուն: Այդ իշխանությունը համառորեն հետ էր մղում թշնամիների հարձակումները և իր ձեռքում էր պահում Աղթամարն ու շրջակա գավառները: Սասունի Թոռնիկյանների իշխանությունը միակն էր Հարավային Հայաստանում, որ Մանազկերտի ճակատամարտից հետո պահպանեց իր անկախությունը: Սասունից բացի, Թոռնիկյանները տիրում էին Արածանիի միջին հոսանքում ընկած գավառներին: Սասունի իշխանությունը XII դ. իր շուրջն էր համախմբել շրջակայքի ավելի փոքր հայկական իշխանությունները և գլխավորում էր ազատագրական պայքարը: Թոռնիկյան իշխանը կամ, ինչպես արաբներն էին նրան անվանում, «Սասունի թագավորը» կարող էր պատերազմական դաշտ դուրս բերել մի քանի տասնյակ հազարանոց զորք:

Հայկական մանր իշխանություններ գոյություն ունեին նաև Հարավային Հայաստանի այլ գավառներում: Սյունիքի թագավորության հարևանությամբ հայկական իշխանությունների խիտ ցանց էր հաստատված Արցախում: Հատկապես հայտնի էին Խաչեն գավառի երեք իշխանությունները, որոնք մշտական կռիվների մեջ էին թշնամիների դեմ:

 

Մահմեդական ամիրայությունների առաջացումը Հայաստանում

Սելջուկյան սուլթանության մասնատման ընթացքում Հայաստանում ևս առաջացան բազմաթիվ մահմեդական իշխանություններ՝ ամիրայություններ, որոնք ամեն կերպ խոչընդոտում էին հայ ազատագրական շարժմանը:

Գանձակի ու Դվինի Շադդադյան ամիրաները, որոնք աջակցել էին սելջուկ-թուրքերին Այսրկովկասի նվաճման գործում, 1064թ. սուլթանից ստացան Անի քաղաքը: Անիում հաստատվեց Շադդադյան Մանուչե ամիրան և շուտով բարեկամական փոխհարաբերությունների մեջ մտավ քաղաքի հայ բնակչության հետ: Նրա օրոք նորոգվեցին Անիի վնասված պարիսպները, քաղաք հրավիրվեցին որոշ հայկական իշխանական տոհմեր: Անեցիների և Շադդադյանների փոխհարաբերությունները թշնամական բնույթ ձեռք բերեցին Մանուչեի մահից հետո, XII դ., երբ կրոնական հալածանքներ սկսվեցին հայ բնակչության նկատմամբ:

Հայաստանի հյուսիս-արևելքում XII դ. կազմավորվեց Գանձակի ընդարձակ աթաբեկությունը: Այդ պետությունը պարբերաբար հարձակումներ էր գործում Արցախի հայկական իշխանությունների վրա, իսկ 1170թ. գրավեց Սյունիքի թագավորությունը: Սյունիքի Բաղաբերդ ամրոցում բարբարոսները ոչնչացրին ավելի քան 10 հազար հայերեն ձեռագիր:

Հարավային Հայաստանում ամենահզորը Շահ-Արմենների ամիրայությունն էր՝ Խլաթ կենտրոնով: Ինչպես ցույց է տալիս պետության անվանումը, նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը: Ամիրայության սահմանների մեջ էին մտնում Արճեշ, Մուշ, Մանազկերտ քաղաքները: Շահ-Արմենները Հայաստանի ազատագրման անհաշտ թշնամիներից էին:

Մահմեդական փոքրիկ իշխանություններ կային նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ Դվինում, Կարսում, Կարինում, Խարբերդում ու նրանց շրջակա գավառներում: Այդ իշխանությունները մեծ ուժ չէին ներկայացնում, բայց հաճախ միանում էին խոշոր ամիրայությունների բանակներին և փորձում կասեցնել հայ-վրացական բանակների առաջխաղացումը:

 

Հայ-վրացական զինակցության սկզբնավորումը: Պայքար Անիի համար

Սելջուկ-թուրքերի արշավանքները ծանր դրություն էին ստեղծել նաև Վրաստանում: Երկիրն ստիպված էր ընդունել սելջուկյան սուլթանների գերիշխանությունը և հարկ վճարել: Բայց երբ Վրաստանում գահ բարձրացավ Դավիթ Շինարարը (1089-1125), և շուտով սկսվեց Սելջուկյան տերության տրոհումը, երկիրը բռնեց հզորացման ու միավորման ուղին: Վրացական թագավորությունը XII դ. հզորացավ և գլխավորեց սելջուկ-թուրքերի դեմ ուղղված ազատագրական պայքարը:

Վրացական թագավորության հզորացումը ոգևորում էր հայերին և մոտալուտ ազատագրության հույսեր ներշնչում: Հայոց այրուձիի այն մասը, որը Անիի թագավորության անկումից հետո ապաստան էր գտել հարևան երկրում, վրացական բանակի կազմում մասնակցում էր մահմեդական ամիրայությունների դեմ կռիվներին: Այդ զորաջոկատները գլխավորում էին հայ իշխանները, որոնցից ոմանք բարձր դիրք ունեին վրաց արքունիքում: Հայ զորավարներից ամենանշանավորը Սարգիս Զաքարյանն էր, որն իր կյանքի վերջին տարիներին նշանակվեց վրացական բանակի և նրա կազմում կռվող հայկական զորաջոկատների գլխավոր զորահրամանատար՝ ամիրսպասալար:

Հայ-վրացական զինակցությունն արդյունավետ էր երկու հինավուրց հարևանների համար: Հայաստանից արտաքսելով թշնամուն՝ Վրաստանն ապահովում էր իր հարավային սահմանների անվտանգությունը, իսկ Հայաստանը, ի դեմս Վրաց թագավորության, հզոր դաշնակից էր ձեռք բերում: Հաշվի առնելով անցյալի դասերը՝ երկու ժողովուրդները համերաշխ ու միաբան էին գործում ընդհանուր թշնամու դեմ:

Հայկական երկրամասերի ազատագրման նախաձեռնությունը պատկանում էր տեղական բնակչությանը, որն անտանելի վիճակի մեջ էր գտնվում: Ամիրայությունները հաճախակի պատերազմներ էին վարում միմյանց դեմ, որից առաջին հերթին տուժում էր հայ բնակչությունը: Ամայանում էին գյուղերն ու քաղաքները, լքվում էին բարեբեր արտերն ու այգիները: Այդ պայմաններում հայերը ստեպ-ստեպ ապստամբում էին և օգնության խնդրանքով դիմում վրաց թագավորներին:

1124թ. անեցիները հատուկ պատգամավորություն ուղարկեցին Դավիթ Շինարարի մոտ և հայտնեցին քաղաքը նրան հանձնելու իրենց որոշման մասին: Անեցիների օգնությամբ վրացական բանակն արագորեն գրավեց Անին և ձերբակալեց քաղաքի Շադդադյան կառավարչին: Անեցիները լիակատար ինքնավարություն ձեռք բերեցին քաղաքի ներքին կյանքի հարցերում: Սակայն հաղթանակը երկար չտևեց: Անիի կառավարչի որդին զինական օժանդակություն ստացավ հարևան ամիրայություններից և պաշարեց քաղաքը:

Պաշտպանական մարտերին մասնակցում էին վրացական զորքը և անեցի աշխարհազորայինները, որոնց կազմում կային նույնիսկ կանայք: Նրանցից Այծեմնիկն անհավատալի սխրանք գործեց: Նա, արհամարհելով նետերից ստացած վերքերը, պարսպի վրայից քարեր էր նետում թշնամու զինվորների վրա: Միայն երկու տարի անց, երբ քաղաքում սով սկսվեց, անեցիները համաձայնեցհն վերստին ենթարկվել Շադդադյաններին: Հաջորդ տասնամյակների ընթացքում Շադդադյանները ևս երկու անգամ արտաքսվեցին Անիից: Սակայն հարևան ամիրայություններն անմիջապես օգնության էին հասնում և վերականգնում նրանց իշխանությունը:

 

Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրումը

Թշնամուն Հայաստանից վտարելու վճռական փուլն սկսվեց XII դ. վերջին: Ազատագրական մարտերը գլխավորեցին Սարգիս Զաքարյանի որդիները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը (թագաժառանգի խնամակալը): Եղբայրները վրացական արքունիքի ամենաազդեցիկ գործիչներից էին և մարմնավորում էին հայ-վրացական զինական համագործակցությունը: Նրանց փառքը տարածված էր մոտիկ և հեռավոր երկրներում: Եղբայրների սխրանքներին ցնծությամբ էր հետևում ոչ միայն բուն երկրի, այլև Կիլիկիայի հայ բնակչությունը:

Սարգիս Զաքարյանի ու նրա որդիների դիրքերը հատկապես ամրապնդվեցին Թամար թագուհու (1184-1207) գահ բարձրանալուց հետո: Վրացական արքունիքն սկսեց նոր ազատագրված շրջանները շնորհել դրանք ազատագրած հայ զորավարներին: Այդ հեռանկարը ոգևորում էր Զաքարյան իշխաններին և նրանց հայ զորահրամանատարներին: Այդ ժամանակ ամիրայություններն արդեն կորցրել էին երբեմնի հզորությունը, և թուլացել էր հայ-վրացական զորքերին ցույց տրվող դիմադրությունը: Նախադրյալներ էին ստեղծվել զավթիչներին հայկական երկրամասերից արտաքսելու համար:

Թշնամու դեմ պայքարում առաջին խոշոր հաղթանակն Ամբերդ ամրոցի գրավումն էր: Զաքարեի և Իվանեի գլխավորած զորքերն առաջացան դեպի Հայաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններ: 1198թ. վերջնականապես ազատագրվեց Անին, շուտով թշնամին թողեց ամբողջ Շիրակը: Զաքարյան իշխանները զավթիչներին դուրս քշեցին նաև Արագածոտնից ու Այրարատյան դաշտից: 1203թ. Զաքարեի ու Իվանեի զորաբանակները մտան Դվին:

Ազատագրական մարտեր ծավալվեցին նաև Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Այդ կռիվներին ամենագործուն կերպով մասնակցում էր հայ բնակչությունը, որը զենքը ձեռքին թշնամուն դուրս էր շպրտում հայրենիքից: Այդ էր պատճառը, որ հայ-վրացական զորքերը կարողացան հարձակում ծավալել տարբեր ուղղություններով և ամենուր հաջողության հասան: Շարժվելով դեպի արևմուտք՝ նրանք գրավեցին Կարսը, իսկ հարավում՝ Բագրևանդը: Շարունակելով հարձակումը՝ Զաքարեն և Իվանեն հասան մինչև Արճեշ ու Մանազկերտ, բայց չկարողացան ամրանալ Հարավային Հայաստանում:

1207թ. Շահ-Արմենների տիրույթներն անցան Եգիպտոսի սուլթանի ազգականներին՝ Այուբյաններին, որից հետո Զաքարյաններն անհաջողություն կրեցին Խլաթ քաղաքի մատույցներում և դադարեցրին հետագա առաջխաղացումը: Զաքարեի և Իվանեի նախաձեռնած ազատագրական մարտերը շարունակեցին նրանց որդիները: Մինչև մոնղոլական արշավանքները, շուրջ կես դար, Զաքարյան իշխանների տարբեր ճյուղերը բազմաթիվ մարտեր մղեցին: Նրանց ջանքերով ազատագրվեց Գուգարքի, Արցախի, Ուտիքի, Սյունիքի և Այրարատի մեծ մասի հայ բնակչությունը:

 

Հյուսիսարևելյան Հայաստանը Զաքարյանների օրոք

Ազատագրված տարածքներում իրենց իշխանությունը հաստատեցին Զաքարյանները և նրանց հետ կապված հայկական իշխանական տները: Զաքարե ամիրսպասալարին և նրա ժառանգներին էր պատկանում Անիի նախկին թագավորությունը՝ շրջակա գավառներով: Այս ընդարձակ իշխանության կենտրոնը Անի քաղաքն էր: Զաքարյանների երկրորդ ճյուղն ի դեմս Իվանե աթաբեկի ու նրա ժառանգների տիրում էր հյուսիսարևելյան Հայաստանի կենտրոնական շրջաններին: Նրանց նստավայրն էր Դվին քաղաքը: Զաքարյանների երրորդ ճյուղի հիմնադիրը Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամն էր: Նրա ժառանգները՝ Վահրամյանները, հաստատվել էին Հայաստանի հյուսիս-արևելքում: Նրանց գլխավոր հենակետն ու աթոռանիստը Գագ ամրոցն էր:

Սելջուկ-թուրքերի օրոք հալածված հայկական իշխանական տները վայելում էին Զաքարյանների հովանավորությունը և նրանց օգնությամբ իրենց իշխանությունը վերականգնեցին: Ծնունդ առան մի շարք նոր իշխանական տներ, որոնց հիմնադիրները Զաքարյանների հայ զորապետերն էին: Արագածոտնում ազդեցիկ դիրք էին ձեռք բերել Վաչուտյանների, Վայոց ձորում՝ Պռոշյանների, Սյունիքում՝ Օրբելյանների, Արցախում՝ Հասան-Ջալալյանների իշխանական տները:

Հայաստանի ազատագրված տարածքներում Զաքարյանները և նրանց ենթակա իշխանները լիակատար ինքնուրույնություն էին վայելում: Նրանց տիրույթները կառավարվում էին հատուկ նշանակված պաշտոնյաների միջոցով: Իշխանություններն ունեին իրենց դրոշը, զինանշանը և զորքը:

Օտարների լուծը թոթափելուց հետո բարենպաստ պայմաններ առաջացան երկրի տնտեսական զարգացման համար: Վերելք ապրեցին երկրագործությունը և անասնապահությունը: Ընդարձակվեցին այգիները և ցանքատարածությունները: Բարելավվեց ոռոգման գործը, շարք մտան նոր ջրամբարներ ու ջրանցքներ, վերականգնվեցին հները:

Անկման վիճակում գտնվող հայկական քաղաքներն ապաքինվեցին և կրկին բռնեցին վերելքի ուղին: Գեղեցկացավ, նոր շուք ստացավ քաղաքամայր Անին: Հայաստանի քաղաքները վերստին աշխուժորեն մասնակցում էին Արևելքի երկրների և Բյուզանդիայի հետ կատարվող առևտրին: Աճեցին ու ընդարձակվեցին Դվինը և Կարսը: Որպես քաղաք ձևավորվեց Երևանը:

Քաղաքներում արհեստավորները համախմբված էին հատուկ կազմակերպությունների՝ եղբայրությունների կամ համքարությունների մեջ: Այդ կազմակերպությունները միավորում էին միևնույն արհեստով զբաղվող վարպետներին: Համքարությունները պաշտպանում էին իրենց անդամների շահերը, օգնում էին նրանց դժվարությունների պահին: Եղբայրություններն ունեին իրենց կանոնադրությունները, որոնք կարգավորում էին դրանց գործունեության բոլոր կողմերը:

Ցավոք, Հայաստանի ազատագրված տարածքների քաղաքական, տնտեսական ու մշակութային վերածնունդը երկարատև չեղավ: Շուտով Արևելքից հեղեղի նման ներխուժեցին քոչվորների նոր հորդաներ, և երկրի բնականոն զարգացումը դարձյալ ընդհատվեց:

 

Մոնղոլների հայտնվելը Հայաստանում

Զաքարե և Իվանե եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը: Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում Այուբյանները, իսկ արևմուտքում Իկոնիայի սելջուկները, կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը:

Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության: Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից: Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը: Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին:

Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, անհիշելի ժամանակներից բնակվում էին Սիբիրի և Չինաստանի միջև ընկած ընդարձակ տափաստաններում: Քոչվորական այդ ցեղերը XIII դ. սկզբին Չինգիզ խանի կողմից միավորվեցին մեկ պետության մեջ: Նրա գլխավորությամբ մոնղոլական հորդաները հարձակման անցան և կարճ ժամանակամիջոցում վիթխարի տարածքներ նվաճեցին: Գրավելով սահմանակից երկրները՝ նրանք ամենուրեք ավերածություն էին սփռում, կոտորում բնակչությանը: Պատմիչներն ահ ու սարսափով են հիշում մոնղոլների չարագործությունները:

1220թ. 20-հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան: Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ: Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը: Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան: Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները:

 

Հայաստանի նվաճումը

Մոնղոլների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ 1236թ.: Նրանց 30-հազարանոց բանակը Հյուսիսարևելյան Հայաստան ներխուժեց ամռանը: Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով: Մոնղոլական հորդաներն առաջ էին շարժվում՝ հրի ու սրի մատնելով ամեն ինչ:

Մոնղոլները լավ գիտեին, որ Հայաստանում կազմակերպված դիմադրության չեն հանդիպելու: Իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին: Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ: Հայ իշխանների մի մասը փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները:

Քոչվոր մոնղոլներն առանձնակի ատելություն ունեին քաղաքների նկատմամբ, որովհետև քաղաքային բնակչությունը համառ դիմադրում էր նրանց: Իրենց ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո մոնղոլները պաշարեցին Անին: Քաղաք ուղարկված դեսպաններն անեցիներից պահանջեցին հանձնել քաղաքը: Մոնղոլների պահանջը մերժվեց, իսկ հասարակ քաղաքացիները՝ ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին: Կատաղած թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները: Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների: Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին: Անիի ճակատագրին արժանացան Դվինը, Կարսը և այլ քաղաքներ:

Մոնղոլական զորքերին ուղեկցող մեծ ու փոքր ցեղերը տիրացան լավագույն արոտավայրերին ու վարելահողերին: Նրանք հաստատվեցին Հայաստանում և ծանր կացության մեջ դրեցին տեղական բնակչությանը:

Մոնղոլները չբավարարվեցին միայն Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների նվաճումով: 1242թ. նրանց զորաբանակը շարժվեց դեպի երկրի արևմտյան շրջաններ, որոնք այդ ժամանակ պատկանում էին Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը: Սահմանագլխին նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը: Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը: Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը:

Մոնղոլները երկու տարում ավարտեցին Հայաստանի արևմտյան շրջանների նվաճումը և ձեռնամուխ եղան հարավի գրավմանը: Առանց դիմադրության հանդիպելու նրանք 1244թ. գրավեցին նաև Հարավային Հայաստանը: Ամբողջ Հայաստանը մտավ մոնղոլական հսկայածավալ տերության մեջ:

 

Մոնղոլների քաղաքականությունը Հայաստանում: Երկրի տնտեսական կյանքի քայքայումը

Մոնղոլական նվաճումներն աղետաբեր էին հարուստ ու զարգացած երկրների համար: Մարդկային հսկայական կորուստներից բացի, նրանք վիթխարի վնաս հասցրին գրաված երկրների տնտեսությանը:

Զավթիչների հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր: Այդ պատճառով նրանք ընդարձակ ու անմարդաբնակ տարածքների կարիք էին զգում: Մոնղոլների բազմահազարանոց հոտերն ամռանն արածում էին լեռնային արոտավայրերում, իսկ ձմռանը տեղափոխվում էին տաք հարթավայրեր: Այդ տեղաշարժերի ժամանակ անխնա ավերվում էին արտերն ու այգիները, թալանվում էր տեղական երկրագործների ունեցվածքը: Հայաստանի բնակչությունը խիստ նոսրացավ ինչպես բնաջնջումների, այնպես էլ երկրից զանգվածային արտագաղթի հետևանքով: Զաքարյանների ժամանակվա տնտեսական բարգավաճ վիճակից հետք անգամ չմնաց:

Բնակչության դրությունն էապես չբարելավվեց նույնիսկ այն ժամանակ, երբ մոնղոլները դադարեցրին արշավանքները: Այժմ նրանք սկսեցին հարկերի միջոցով թալանել բնակչությանը: Մոնղոլ հարկահավաքները մի քանի անգամ աշխարհագիր անցկացրին և պարտադրեցին բոլորին բազմատեսակ հարկեր վճարել: Տասնվեցից մինչև վաթսուն տարեկան բոլոր տղամարդիկ հարկման ենթարկվեցին: Հատկապես ծանր էին այն վճարումները, որ պարտավոր էին կատարել առևտրականներն ու արհեստավորները: Հարկահավաքների ախորժակը չափ ու սահման չուներ: Նրանց կամայականություններից տուժում էին հայ իշխանները, որոնցից բռնությամբ մեծ գումարներ էին շորթում: Առանձին գավառներում մոնղոլները հատուկ զորամասեր կարգեցին, որոնք վերահսկում էին տեղական իշխանների գործունեությունը: Այդ զորքերի խնդիրն էր նաև հետևել, որ բոլոր հարկերը սահմանված կարգով հավաքվեն և ուղարկվեն պետական գանձարան:

Հարկերի վճարումից բացի, բնակչության վրա այլ պարտավորություններ դրվեցին: Ծանր էր մոնղոլներին ռազմական հարկ վճարելու և զինվորներ տրամադրելու պարտականությունը: Հպատակ ժողովուրդներից հավաքագրված մարտիկներին մոնղոլները պարտադրում էին կռվել ամենավտանգավոր տեղերում, որպեսզի այդ եղանակով իրենք խուսափեն մեծ կորուստներից:

Հայ հոգևորականության նկատմամբ մոնղոլներն սկզբնական շրջանում մեղմ քաղաքականություն էին վարում: Քրիստոնյա հոգևորականությունն ազատված էր հարկերից և հալածանքների չէր ենթարկվում: Մոնղոլական պետության բոլոր մասերում քրիստոնյաներն իրավունք ունեին եկեղեցիներ կառուցել և արարողություններ կատարել: Սակայն XIII դ. վերջին, երբ հեթանոս մոնղոլների վերնախավը մահմեդականություն ընդունեց, քրիստոնյաների հալածանքները սովորական երևույթ դարձան:

Մոնղոլական տիրապետությունն իսկական աղետ էր քաղաքների համար: Հայաստանի քաղաքներից շատերն ավերակների վերածվեցին և այդպես էլ մնացին լքված:

Մոնղոլները հովանավորում էին միայն միջազգային տարանցիկ առևտուրը, որից իրենք խոշոր եկամուտ էին ստանում: Հայաստանով էր անցնում քարավանային առևտրի հարավային մայրուղին, որը Թավրիզ քաղաքը կապում էր Կիլիկյան Հայաստանի Այաս և Միջերկրածովյան այլ նավահանգիստների հետ: Այղ առևտուրը, սակայն, ի վիճակի չէր կասեցնելու երկրի ընդհանուր տնտեսական անկումը: Առևտուրը և արհեստագործությունը աշխուժացել էին միայն Հայաստանի հարավային շրջանների քաղաքներում: Փոխարենը առևտրական մեծ ճանապարհը, որն անցնում էր Այրարատյան դաշտով և Հայաստանի հյուսիսով, կորցրել էր նախկին նշանակությունը: Այդ պատճառով էլ Անիում և Կարսում հետզհետե մարում էր քաղաքային կյանքը, իսկ Դվինը որպես քաղաք դադարեց գոյություն ունենալ:

Երկրում անապահով դրություն էր ստեղծվել: Մոնղոլական պետությունը գրեթե ամեն տարի պատերազմում էր հարևան պետությունների դեմ, չէին դադարում նաև ներքին կռիվները: Զորքերի տեղաշարժերի ժամանակ ոտնակոխ էին լինում և ոչնչացվում ցանքսերն ու այգիները, ամայացվում էին նախկինում բարգավաճ շրջանները: Տնտեսական քայքայումը սպառնալից ծավալ էր ընդունել և անելանելի վիճակի մեջ դրել խաղաղ բնակչությանը:

 

Պայքար մոնղոլների դեմ

Օտար տիրապետության հաստատումը զանգվածային բողոք առաջ բերեց Հայաստանում և Վրաստանում: Տեղական իշխաններն ապստամբության ծրագրեր էին մշակում, որոնք չվրիպեցին մոնղոլների ուշադրությունից: 1249թ. հայ և վրաց իշխանները գաղտնի հավաք կազմակերպեցին և նախապատրաստվեցին ապստամբելու: Սակայն այդ նախապատրաստությունները հայտնի դարձան մոնղոլներին: Նրանք գործի անցան այն ժամանակ, երբ հայ և վրացի իշխանները գաղտնի հավաքից հետո մեկնել էին իրենց տիրույթները: Մոնղոլները ձերբակալեցին այդ իշխաններից շատերին: Երեք օր շարունակ բռնակալները չարչարում էին իշխաններին, վիրավորում նրանց արժանապատվությունը:

Մոնղոլական լծի դեմ ելույթները շարունակվեցին նաև հետագայում: Հաջորդ ապստամբության համար պատճառ դարձան հարկերի անասելի մեծացումը և հայերին ու վրացիներին Եգիպտոս պատերազմի ուղարկելու մտադրությունը: 1259թ. վրաց թագավոր Դավիթ Է-ի շուրջ համախմբված իշխաններն ապստամբության դրոշ բարձրացրին և հրաժարվեցին ենթարկվել մոնղոլներին: Մոնղոլական 20-հազարանոց բանակը հետապնդեց ապստամբներին, բայց չկարողացավ ճնշել շարժումը: Ապստամբած իշխանները հաջողությամբ դիմադրում էին և ծանր հարվածներ հասցնում մոնղոլներին: Այնուամենայնիվ, ուժերն անհավասար էին, հետագա դիմադրությունն աստիճանաբար դժվարանում էր: Այդ պատճառով էլ երկու տարի հետո ապստամբների ու մոնղոլների միջև բանակցություններ սկսվեցին, որից հետո վրաց թագավորը համաձայնեց կրկին հնազանդվել մոնղոլներին:

 

Հայկական իշխանությունների թուլացումը

Հաստատվելով Հայաստանում՝ նվաճողները կախվածության մեջ գցեցին տեղական իշխաններին: Նրանք իրենց ջոկատներով մասնակցում էին մոնղոլների վարած պատերազմներին, վճարում էին սահմանված հարկերը, կատարում էին մոնղոլների բոլոր պահանջները: Մոնղոլների հայտնվելուց հետո էլ հայ իշխանների մեծ մասը շարունակում էր ենթարկվել Զաքարյան իշխաններին: Նվաճողները, սակայն, ջանում էին ջլատել հայ իշխանների միասնությունը և զանազան միջոցներով գժտություն էին սերմանում նրանց շրջանում:

XIII դ. կեսերից հայ իշխանական դասն սկսեց արագորեն թուլանալ: Ով խուսափում էր մոնղոլների հետ համագործակցելուց, ենթարկվում էր ճնշումների: Իշխանական հին ու ազդեցիկ տները հաճախ ստիպված էին լինում վաճառել տոհմային տիրույթները: Այդպես վարվեցին անգամ նախկինում հզոր Զաքարյանները՝ 1267թ. վաճառքի հանելով Անի քաղաքը:

Հայ իշխանների դիրքերն ավելի թուլացան, երբ սկսվեց մոնղոլական պետության մասնատումը՝ ուղեկցվելով ծնունդ առած անիշխանությամբ ու բռնություններով: Հայ իշխանները համախմբված չէին և բավականաչափ ուժ չունեին մոնղոլական զորավարների կամայականություններն ու չարաշահումները կանխելու համար: Հայ իշխանական տները XIV դ. կեսերից աստիճանաբար քայքայվեցին, և նրանց տիրույթներն անցան քոչվոր ցեղապետներին ու զինվորական առաջնորդներին: Զաքարյանները, որոնց տիրույթները խիստ սահմանափակվել էին, ընդմիշտ հեռացան պատմական ասպարեզից: Թուլացել էին և տիրույթներից զրկվել նաև Արագածոտնի տեր Վաչուտյանները, Վայոց ձորի Պռոշյանները: Նույն ճակատագրին արժանացավ հայ իշխանական տների մեծ մասը:

Հայկական իշխանական տների թուլացումը թույլ չտվեց օգտվելու մոնղոլական պետության տրոհումից և վերականգնել անկախ պետականությունը:

 

Մոնղոլական պետության քայքայումը

XIV դ. սկզբին ակնհայտ դարձավ, որ մոնղոլական պետությունն արագորեն դեպի կործանում էր գնում: Հաճախակի դարձան գահակալական արյունահեղ ընդհարումները, կենտրոնական իշխանության դեմ ուղղված խռովությունները: Շարունակվում էր պետության տնտեսական կյանքի քայքայումը, անկում էին ապրում քաղաքները: XIV դ. կեսերին մոնղոլական միասնական պետությունն արդեն փլուզվել էր, և Նրա փլատակների վրա առաջացել էին բազմաթիվ անկախ իշխանություններ: Ստեղծված քաղաքական ու տնտեսական քաոսի պայմաններում խիստ ծանրացավ բնակչության դրությունը:

Քրիստոնյաների նկատմամբ երբեմնի հանդուրժողական քաղաքակա… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz