Կիլիկյան Հայաստան

 

Հայերը Կիլիկիայում 

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի: Հյուսիսարևելյան լեռնային հատվածը կոչվում է Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանները, որոնք ընդարձակ դաշտավայր են կազմում, հայտնի են Դաշտային Կիլիկիա անունով: Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա:

Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ գտնվող Կիլիկիան հին ժամանակներից ծանոթ էր հայերին: Դեռևս Ք.ա. I դ. Տիգրան Բ-ն նվաճեց և Հայոց տերությանը միացրեց Կիլիկիայի արևելյան՝ դաշտային և լեռնային շրջանները: Հավանաբար այդ ժամանակներից էլ հայերը սկսեցին բնակվել Կիլիկիայում: X դ. նրանք այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում:

Կիլիկիայի հայերի ազգային-եկեղեցական խնդիրները հոգալու համար Խաչիկ Ա կաթողիկոսը X դ. վերջին մի շարք եպիսկոպոսական թեմեր հիմնեց:

XI դ. Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Հայք, Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա: Այն կապված էր Բյուզանդիայի՝ հայերին Հայաստանից արտագաղթեցնելու քաղաքականության և սելջուկ-թուրքերի արշավանքների հետ: Քոչվոր սելջուկների արշավանքներն այնպիսի ծանր հետևանքներ ունեցան, որ հայ բնակչության նշանակալից հատվածներ ստիպված եղան հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: Բյուզանդացիները XI դ. Հայաստանից Կապադովկիա և Կիլիկիա էին տեղափոխում նաև մի շարք արքայական և իշխանական տներ՝ իրենց հպատակ բնակչությամբ: Հայաստանից ստիպված եղան արտագաղթել նաև Արծրունիները և Բագրատունիները:

Կիլիկիայում մինչ այդ ապրում էին հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ և փոքրաթիվ հայեր: Սակայն XI դ. վերջերին Կիլիկիայի բնակչության գերակշռող մասն արդեն հայեր էին:

 

Հայկական իշխանությունների առաջացումը

Կապադովկիայում, Կիլիկիայում և Հյուսիսային Ասորիքում հաստատված հայ իշխանների մի մասը զինվորական ծառայության դիմաց կայսրությունից ստանում էր այս կամ այն գավառի կառավարումը: Դրանցից էր Ապլղարիպ Արծրունին, որին բյուզանդական արքունիքը նշանակել էր Կիլիկիայի կառավարիչ (ստրատեգոս): Նրան էին հանձնվել Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և Լամբրոն ու Պապեռոն բերդերը: Հետագայում Ապլղարիպ իշխանը Լամբրոնը նվիրում է Գանձակից Կիլիկիա տեղափոխված Օշին իշխանին, որից սերում է Հեթումյան իշխանական և ապա արքայական տունը:

Անիի Բագրատունյաց վերջին գահակալ Գագիկ Բ-ն հաստատվել էր Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում: Կարսի վերջին թագավոր Գագիկ Աբասյանն իր իշխանությունն էր հաստատել Փոքր Հայքի և Կապադովկիայի՝ Կիլիկիային սահմանամերձ շրջաններում:

Հայ ստվար բնակչության, Հայոց եկեղեցու և հայկական արքայական ու իշխանական տների առկայությունը Կիլիկիայում նախադրյալներ ստեղծեց հայկական պետականության ստեղծման համար:

1071թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտվելուց հետո, Կիլիկիայում և սահմանամերձ շրջաններում հաստատված հայ իշխանները փորձեցին օգտվել Բյուզանդիայի թուլացումից և անկախանալ: Բյուզանդական ծառայության անցած հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնեց մի ուժեղ հայկական իշխանություն, որը գոյատևեց գրեթե երկու տասնամյակ: Ցավոք, այն սկսվեց քայքայվել դեռևս Փիլարտոսի կենդանության օրոք, սակայն նրա փլատակների վրա ստեղծվեցին մի քանի հայկական իշխանություններ: Հյուսիսային Ասորիքում ուժեղ և ընդարձակ հայկական իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը, որը գոյատևեց մինչև 1117թ.: Այս իշխանությունները կարճատև կյանք ունեցան, սակայն կարողացան կասեցնել սելջուկների ներթափանցումը Կիլիկիա: Դա հնարավորություն տվեց Լեռնային Կիլիկիայում հաստատված հայերին համախմբվել և հայկական մի նոր ուժեղ իշխանության ստեղծել:

 

Ռուբինյան իշխանության հաստատումը Կիլիկիայում

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը: Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ-թուրքերը: Սակայն Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար սկսված խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց ուշադրությունը Կիլիկիայից՝ թույլ տալով ամրապնդել և ուժեղացնել հայկական իշխանությունը:

Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը (1095-1100): Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա 1098թ. բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն:

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկների մի մասը հաստատվեց Փոքր Ասիայում և ստեղծեց Իկոնիայի սուլթանությունը: Վերջինս և Փոքր Ասիայում հաստատված թուրքական տարբեր ցեղեր դարձան Կիլիկիայի համար վտանգավոր հարևաններ:

 

Պայքար Դաշտային Կիլիկիայի համար

Լեռնային Կիլիկիայում ստեղծված Ռուբինյան իշխանության ուժեղացման համար առաջնահերթ խնդիր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը: Անհրաժեշտ էր դուրս գալ Միջերկրականի ափերը և հաստատվել Դաշտային Կիլիկիայում, որը նշանավոր էր առևտրաշահ քաղաքներով ու նավահանգիստներով և երկրագործական արտադրությամբ: Անհրաժեշտ էր կապեր հաստատել միջերկրածովյան երկրների հետ: Այս կենսական խնդիրները լուծելու համար Կիլիկյան Հայաստանը պայքարի մեջ մտավ Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների հետ:

Կոստանդինին հաջորդեց նրա որդի Թորոս Ա-ն (1100-1129), որը, շարժվելով դեպի հարավ, գրավեց Սիս և Անաբարզա քաղաքները: Թորոսն ամրացրեց Անաբարզան և դարձրեց իր իշխանության մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին:

Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն Ա-ն (1129-1137), որը ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերն ստիպված եղան բախվել բյուզանդացիների և խաչակիրների հետ: Օգտվելով բյուզանդացիների և խաչակիրների հակասություններից՝ Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիսը, Ադանան և Տարսոնը: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողացավ հարավում դուրս գալ Միջերկրական ծով:

Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով Լևոնը գրավեց Սարվանդիքար բերդաքաղաքը, ինչը Անտիոքի դքսության և Ռուբինյան իշխանության միջև պատերազմի պատճառ դարձավ: Խաչակիրների և հայերի պայքարից փորձեցին օգտվել սելջուկները: Նրանք արշավեցին ու ավերեցին երկու երկրների սահմանամերձ տարածքները: Սակայն Կիլիկիայի և Անտիոքի միջև մղվող պայքարը շուտով դադարեց: Հայտնվել էր մի նոր ընդհանուր թշնամի, որը երկուսին էլ հավասարապես սպառնում էր: Դա Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսն էր, որը ծրագրել էր նվաճել Կիլիկիան և Անտիոքը:

 

Հայ-բյուզանդական հակամարտությունը

Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ, ուստի Հովհաննես Կոմնենոսը 1137թ. գարնանը մեծ բանակով մտավ Դաշտային Կիլիկիա: Օգտվելով թվական գերակշռությունից, բյուզանդացիները գրավեցին Տարսոնը, Ադանան և Մսիսը, իսկ 37 օրվա պաշարումից հետո՝ Անաբարզան: Լևոնը փոքրաթիվ ուժերով ամրացավ Վահկա բերդում, որը վեցամսյա հերոսական պաշտպանությունից հետո ընկավ: Լևոնը կնոջ և երկու որդիների՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս: Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում ժամանակավորապես ընկավ:

Գերված Լևոնը և նրա որդի Ռուբենը բանտում մահացան: Հայոց իշխանի մյուս որդի Թորոսը փախուստի դիմեց և վերադառնալով, գլխավորեց Կիլիկիայի հայության ազատագրական պայքարը: Նրան միացան գերությունից խուսափած նրա երկու եղբայրները՝ Ստեփանեն և Մլեհը:

Թորոս Բ-ն փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա ազատագրեց Վահկան, Անաբարզան, Մսիսը և Տարսոնը: Այսպիսով, հայերին կրկին հաջողվեց իրենց իշխանությունը հաստատել Կիլիկիայի մեծ մասում և վերականգնել Ռուբինյան իշխանությունը: Կիլիկիան գրավելու Բյուզանդիայի հետագա փորձերն ավարտվեցին անհաջողությամբ:

Կիլիկիայի հայկական պետությունն ստեղծեց 30-հազարանոց մշտական բանակ: Մեծապես բարձրացավ Թորոս Բ-ի հեղինակությունը: Նրա կարևոր ձեռնարկումներից էր հայոց կաթողիկոսական աթոռը Հռոմկլա բերդաքաղաք տեղափոխելը, ուր այն մնաց մինչև 1292թ.:

 

Կիլիկյան հայկական իշխանության ամրապնդումը

Թորոս Բ-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը (1169-1175): Մլեհի իշխանության սկզբում Դաշտային Կիլիկիայի արևելյան մի քանի շրջաններ դեռևս գտնվում էին խաչակիրների, իսկ արևմտյան որոշ գավառներ՝ Բյուզանդիայի ձեռքում: Երկրի պաշտպանության և հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել բյուզանդացիներից ու խաչակիրներից: Այս դժվարին խնդիրը կյանքի կոչելու համար Մլեհը՝ նոր քաղաքականություն վարելով, դաշնակցեց Հալեպի մահմեդական ամիրայի հետ: Այդ ճանապարհով Մլեհը խաչակիրներից հետ վերցրեց Կիլիկիայի արևելքում գտնվող կարևորագույն բերդերը, իսկ այնուհետև Բյուզանդիայից ազատագրեց Ադանան, Մսիսը և Տարսոնը՝ իրենց ծովափնյա շրջաններով: Հայկական իշխանությունն իր վերահսկողությունը հաստատեց առևտրական կարևոր ճանապարհների վրա: Մլեհը փորձեց իր իշխանությանը միացնել նաև Հեթումյաններին պատկանող Լամբրոն բերդը, սակայն հաջողության չհասավ: Մլեհ իշխանը բարեկարգեց Սիս քաղաքն ու այն դարձրեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք: Նրա քաղաքականությունը և բարեփոխումները մեծապես նպաստեցին Կիլիկյան Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հզորացմանը: Սակայն Մլեհի քաղաքականությունից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան:

Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի որդի Ռուբենը: Օգտվելով Բյուզանդիայի և Իկոնիայի սուլթանության թշնամանքից, Ռուբենը գրավեց Կիլիկիայի արևմտյան շրջանները, որի շնորհիվ Կիլիկիայում վերացվեցին բյուզանդական տիրապետության վերջին հենակետերը: Մլեհի և Ռուբենի հաջողությունները վերջ դրեցին Կիլիկիայի նկատմամբ Բյուզանդիայի հավակնություններին:

Այսպիսով, ավելի քան մեկդարյա հերոսական ու արյունահեղ պայքարի գնով Կիլիկիայում բնակություն հաստատած հայերը ստեղծեցին հայկական իշխանություն և ամրապնդեցին այն՝ հող նախապատրաստելով վերջինս թագավորություն հռչակելու համար:

 

Իրավիճակը Մերձավոր Արևելքում XIIդ. վերջին և Կիլիկյան Հայաստանը

XII դ. վերջին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք զգալի ազդեցություն թողեցին Կիլիկյան Հայաստանի վրա: Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը: Վերջինիս սուլթան Սալահեդդինը 1187թ. պարտության մատնեց խաչակիրներին և գրավեց Երուսաղեմը: Իկոնիայի սելջուկյան սուլթանությունն իր հերթին գտնվում էր հզորության գագաթնակետին: Եգիպտոսը և Իկոնիան թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ: Խիստ լարված էին նաև Կիլիկիայի և Անտիոքի դքսության հարաբերությունները:

Այսպիսի լարված իրավիճակում Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Ռուբենի եղբայր Լևոն Բ (Ա)-ին (1187-1219): 1187թ. Իկոնիայի սուլթանության զորքերը հարձակվեցին Կիլիկիայի վրա և հասան մինչև Սիս: Սակայն հայերին հաջողվեց նրանց երկրից դուրս վտարել: Սելջուկների այս արշավանքը Լևոնին ստիպեց մտածելու երկրի հյուսիսային սահմանների ամրապնդման մասին: Այս նպատակով նա գրավեց և ամրացրեց սահմանային մի քանի բերդեր:

Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի) կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ՝ խոստանալով օգնել խաչակիրներին: Դրա դիմաց կայսրը համաձայնեց Լևոնին ճանաչել Կիլիկիայի թագավոր: Սակայն Ֆրիդրիխը Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց, և Լևոնի թագադրությունը հետաձգվեց:

Այսուհանդերձ, Լևոնը մասնակցեց խաչակիրների մղած կռիվներին: Հայկական զորքերը մասնակցեցին Աքքայի գրավմանը: Լևոնն Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորին օգնեց գրավելու բյուզանդացիներից Կիպրոս կղզին: Սակայն հակասություններ կային նաև հայերի և խաչակիրների միջև: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանների համար նորից վեճ բորբոքվեց Անտիոքի և Կիլիկիայի միջև: Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ-ն Լևոնին հրավիրեց Անտիոք՝ նպատակ ունենալով նրան ձերբակալել: Իմանալով այս մասին՝ Լևոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը և ձերբակալեց Բոհեմունդին: 1194թ. հաշտություն կնքվեց, որի համաձայն Բոհեմունդը Կիլիկիային էր վերադարձնում նրանից խլված տարածքները: Սրա դիմաց նա ազատ արձակվեց: Անտիոքի և Կիլիկիայի բարեկամությունն ամրապնդելու համար կողմերը որոշեցին Բոհեմունդի ավագ որդի ու ժառանգորդ Ռայմոնդին ամուսնացնել Լևոնի եղբայր Ռուբենի դուստր Ալիսի հետ: Ծնված արու զավակը պետք է ժառանգեր Անտիոքը և Կիլիկիան: Անտիոքի և Կիլիկիայի միավորմամբ Լևոնը փորձում էր հայ-խաչակրաց միացյալ պետություն ստեղծել:

 

Թագավորության հռչակումը

XII դ. վերջին Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի քրիստոնյա ամենաուժեղ երկրներից էր: Արտաքին թշնամիների դեմ հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրեցին Լևոն Բ-ի հեղինակությունը:

Եգիպտոսի Այուբյան սուլթանության հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր: Խաչակրաց պետությունները պաշտպանելու գործում Արևմտյան Եվրոպան և, մասնավորապես, պապականությունը մեծ հույսեր էր կապում Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց արքայական թագ ձեռք բերելու բանակցությունները Հռոմի պապի և գերմանական կայսր Հայնրիխ Զ-ի հետ, որը շուտով թագ ուղարկեց նրան: Մինչ այդ Լևոնին թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը:

Լևոն Բ-ն մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198թ. հունվարի 6-ին՝ Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Լևոնին թագավոր օծեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը, իսկ կայսրի և պապի ներկայացուցիչը մատուցեց արքայական պատվանշանները: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Նա ի դեմս Լևոնի թագադրության տեսնում էր հայոց թագավորության վերականգնումը: Պատահական չէ, որ Տարսոնում էին հավաքվել բազմաթիվ իշխաններ և բարձրաստիճան հոգևորականներ: Այստեղ էին եկել նաև օտարերկրյա պատվիրակություններ, ինչը վկայում էր թագավոր Լևոն Ա-ի (Լևոն Բ իշխանը թագավոր հռչակվելուց հետո դարձավ Լևոն Ա արքա) հեղինակության աճի և հայոց պետության միջազգային ճանաչման մասին:

 

Լևոն Ա-ի ձեռնարկումները

Լևոն Ա-ի թագավորության տարիներին Կիլիկիայի հայկական պետությունը մեծ վերելք ապրեց: Երբ մահացավ Անտիոքի դուքս Ռայմոնդը, նրա և Ալիսի որդի Ռայմոնդ-Ռուբենը դարձավ Անտիոքի գահակալ: Սակայն նրա հորեղբայր Բոհեմունդը գրավեց Անտիոքը: Լևոնը, որ հայ-խաչակրաց պետություն ստեղծելու առիթ էր փնտրում, միջամտեց Անտիոքի ժառանգության համար մղվող պայքարին և պաշտպանեց իր ազգականի շահերը: Նա 1216թ. գրավեց Անտիոքը և իշխանությունը հանձնեց Ռայմոնդ-Ռուբենին, որին հռչակել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ: Սակայն 1219թ. Ռայմոնդ-Ռուբենն արտաքսվեց Անտիոքից, իսկ նրա գործունեությունից հիասթափված Լևոնը ոչ միայն չպաշտպանեց նրան, այլև զրկեց գահաժառանգության իրավունքից: Նա Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:

Լևոն Ա-ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն բերդի գրավումն էր: Նրա նախորդները փորձել էին գրավել այն, սակայն անհաջողության էին մատնվել: Նա 1202թ. Լամբրոնի տեր Հեթում իշխանին, իբր իր դստերը նրա տղային կնության տալու համար, հրավիրեց Տարսոն և բանտարկեց: Դրանից հետո Լևոնն անարյուն գրավեց բերդը և միացրեց արքունի տիրույթներին:

Լևոնի կարևոր քայլերից մեկը երկրի սահմանների անվտանգության ամրապնդումն էր: Սահմանների վրա գտնվող մի քանի բերդեր նա հանձնեց խաչակիրներին, որի դիմաց նրանք պարտավոր էին զինվորական ծառայություն կատարել: Լեռնանցքներում կառուցվեցին ամրություններ, որտեղ տեղակայվեցին կայազորներ:

Քանի որ Կիլիկիան գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում, Լևոնը մեծ ուշադրություն դարձրեց առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս և Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ: Կիլիկիան որպես պետություն ստորագրեց մի շարք ծովային պայմանագրեր: Կարգավորվեց երկրի դրամական շրջանառությունը: Լևոնն արտոնություններ շնորհեց Ջենովայի, Վենետիկի և մի շարք այլ քաղաքների վաճառականներին:

Նա մեծ ուշադրություն էր դարձնում նաև մշակույթի զարգացմանը: Լևոնի հրամանով Կիլիկիայում հիմնադրվեցին տարբեր տիպի դպրոցներ: Նա արքունիք էր հրավիրում և հովանավորում գիտության ու արվեստի ներկայացուցիչներին:

Լևոն Ա-ն մահացավ 1219թ. և իր հաջորդներին թողեց վերելք ապրող մի պետություն:

 

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան Հայաստանում: Հողատիրության ձևերը

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկիայում ավելի բարդ ձևեր ընդունեցին, քան բուն Հայաստանում: Դա կապված էր Կիլիկիայում հայկական պետության առաջացման որոշ առանձնահատկությունների հետ: Մինչև Ռուբինյան իշխանության հաստատումն այստեղ գոյություն ունեին մեծ թվով բյուզանդական և հայկական իշխանություններ: Հետագայում Կիլիկիայում հաստատվեցին նաև խաչակիրներ, որոնք ռազմական ծառայության դիմաց հողեր էին ստանում հայ իշխաններից ու թագավորներից: Հայկական ավատատիրությունը բյուզանդական և արևմտաեվրոպական ազդեցության ներքո ունեցավ որոշ վերափոխություններ: Ստեղծված պայմաններում Կիլիկիայում ձևավորվում են հողատիրության մի քանի տիպեր՝ արքունական, իշխանական, վանքապատկան, համայնական:

Թագավորին պատկանող հողերը, քաղաքներն ու բերդերը կոչվում էին արքունի կամ թագավորական: Արքունի հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվաճման, գնման և բռնագրավման ճանապարհներով:

Կիլիկիայում հաստատված իշխանների մի մասն ուներ տիրույթներ, որոնց տիրում էր ժառանգաբար՝ որպես սեփականություն: Այս տիրույթները կոչվում էին հայրենիք, իսկ նրանց տերերը՝ հայրենատեր-բերդատերեր: Թագավորը և հայրենատեր-բերդատերերը ռազմական և վարչական ծառայության դիմաց առանձին մարդկանց պայմանական հողատիրության սկզբունքով հողեր էին տրամադրում: Այս հողերը թեև կարող էին անցնել հորից որդուն, բայց ստացողի սեփականությունը չէին և ծառայությունը թողնելու դեպքում հետ էին վերցվում:

Կիլիկիայում կային բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնք ունեին մեծ չափերի հասնող հողատարածքներ: Վանքապատկան հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվիրատվությունների և գնման միջոցով: Եկեղեցիներին ու վանքերին հատկապես մեծ նվիրատվություններ էին կատարում թագավորները և իշխանները:

Կիլիկիայում գոյություն ուներ նաև համայնական հողատիրություն: Համայնքին պատկանող հողերի մի մասը որոշակի պայմաններով տրվում էր օգտագործման գյուղացիներին: Տնամերձ հողերը գյուղացիների սեփականությունն էին: 15-20 տարին մեկ տեղի էր ունենում հողերի վերաբաժանում:

 

Գյուղական համայնքը

Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ, մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:

Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին:

Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ:

Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի:

Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում:

Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, հարսանիքի, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել:

 

Քաղաքները: Քաղաքային կյանքը

Կիլիկիան գտնվում էր Արևելք-Արևմուտք ցամաքային և ծովային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Միջերկրական ծովի ափերին գտնվող նավահանգիստները տարանցիկ առևտրի համար շատ հարմար դիրք ունեին: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով, որոնք մեծապես նպաստեցին արհեստագործության զարգացմանը: Քաղաքների վերելքի գործում որոշակի դեր խաղացին խաչակրաց արշավանքները, որոնց շնորհիվ Արևելք-Արևմուտք առևտրական հարաբերություններն էապես աշխուժացան:

Կիլիկյան Հայաստանի քաղաքային կյանքի աշխուժացման և առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև Մոնղոլական կայսրության ստեղծումը: Դրա տարածքով անցնող կարավանային առևտրի ճանապարհների մի մասն ավարտվում էր մոնղոլների դաշնակից Կիլիկիայում: Այստեղի նավահանգիստներից էլ ապրանքները ծովով տեղափոխվում էին Եվրոպա:

Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներից էին Սիսը, Տարսոնը, Ադանան, Այասը, Մսիսը, Կոռիկոսը: Բոլոր քաղաքները գտնվում էին արքունի տիրույթների մեջ և այդ պատճառով կոչվում էին թագավորական քաղաքներ:

Քաղաքների մեջ որպես վարչական և մշակութային կենտրոն առանձնանում էր Սիս մայրաքաղաքը: Այստեղ էին գտնվում հայոց արքունիքը, դրամատունը, գանձարանը, օտարերկրյա դեսպանությունները: Սիսը 1292-1441թթ. եղել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը:

Արտաքին և ներքին առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն էր Այասը: Այն անվանում էին «Հայոց թագավորի նավահանգիստ»: Այասի առևտրական նշանակությունը հատկապես բարձրացավ, երբ խաչակիրները կորցրեցին Անտիոք և Աքքա նավահանգիստները: Այասը մնաց Ասիա մայրցամաքի միակ մեծ առևտրական կենտրոնը, որը գտնվում էր քրիստոնյաների ձեռքին: Նրա առևտրական մրցակիցը Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստն էր:

Կիլիկյան Հայաստանն Արևելք-Արևմուտք առևտրին մասնակցում էր իր գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքներով: Արտահանում էին երկաթ, գունավոր մետաղներ, շինափայտ, հացահատիկ, բուրդ, ձիեր: Առևտրի զարգացմանը նպաստում էին Հայոց թագավորների կողմից եվրոպացի վաճառականներին տրված առևտրական արտոնությունները: Այսպես, 1201թ. արտոնություններ ստացան ջենովացիները, իսկ 1271 թ.՝ վենետիկցիները:

Քաղաքային բնակչության նշանակալից մասը զբաղվում էր արհեստագործությամբ: Արհեստավորները ստեղծում էին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները (եղբայրություն): Քաղաքի սահմաններում միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին մեկ համքարության մեջ: Համքարության անդամ էին դառնում այն արհեստավորները, որոնք ունեին սեփական արհեստանոց: Նրանք ունեին վարպետի կոչում: Արհեստանոցում նրանց օգնում էին ենթավարպետները և աշկերտները: Նրանք վարպետ կարող էին դառնալ արհեստագործական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո:

Կիլիկյան Հայաստանում զարգացած էին մետաղամշակությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կաշեգործությունը և զանազան այլ արհեստներ:

Արհեստի և առևտրի զարգացման համար խիստ կարևոր էր նաև դրամաշրջանառության ճիշտ կազմակերպումը: Դրամների թողարկումը սկսվել էր դեռևս Ռուբինյան իշխանության շրջանում և շարունակվել մինչև պետության կործանումը: Հիմնական դրամական միավորը արծաթե դրամն էր: Քիչ չէին նաև պղնձե դրամները: Արծաթե դրամը, որը կոչվում էր թագավորական, օգտագործել են նաև այլ երկրներում:

 

Արքունիքը

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որի մեջ մտնում էին արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:

Արքունիքի գլուխ սկզբում կանգնած էր Հայոց իշխանը, իսկ 1198 թվից՝ Հայոց թագավորը: Նրանք էին պատերազմ հայտարարում, հաշտություն և դաշինք կնքում, քաղաքներ ու ամրոցներ հիմնադրում, դրամներ հատում և լուծում գահաժառանգման խնդիրը:

Երկրի գործադիր իշխանությունը թագավորն իրականացնում էր գործակալությունների միջոցով: Տասից ավելի գործակալությունների մի մասը նման էր Հայաստանում եղածներին, իսկ մյուսները նոր էին:

Թագավորության հռչակումից հետո վերականգնվեց թագադիր գործակալությունը: Հանդիսությունների ժամանակ նա էր թագ դնում թագավորի գլխին, ինչպես նաև հետևում էր արքունի արարողակարգի պահպանմանը:

Խնամակալություն (պայլություն) գործակալությունը ծնունդ է առել դեռևս իշխանության շրջանում: Գործակալը կոչվում էր պայլ: Նա թագավորի առաջին խորհրդականն էր, իսկ նրա բացակայության դեպքում փոխարինում էր նրան: Թագավորի անչափահասության դեպքում պայլն իրականացնում էր ոչ միայն նրա, այլև ամբողջ երկրի խնամակալությունը:

Երկրի կառավարման համակարգում մեծ էր արքունի պալատի կառավարչի՝ սենեսկալի դերը, որը տնօրինում էր արքունի եկամուտները և ծախսերը:

Գործակալությունների մեջ բավական ազդեցիկ էր արքունի քարտուղարությունը, որի գլխավոր պաշտոնյան կոչվում էր կանցլեր: Սովորաբար նա էր ղեկավարում բանակցություններն օտար երկրների հետ:

Երկրի զինված ուժերը կազմակերպելու և ղեկավարելու համար ստեղծվել էր երեք գործակալություն՝ սպարապետություն, սպասալարություն, մարաջախտություն (մատակարարման): Սպարապետին Կիլիկիայում անվանում էին նաև գունդստաբլ: Նա բանակի ընդհանուր հրամանատարն էր: Բանակում մեծ էր արքունի հեծելազորի հրամանատարի՝ սպասալարի դերը: Բանակի սպառազինության և պարենի մատակարարմամբ զբաղվում էր մարաջախտությունը, որի ղեկավարը կոչվում էր մարաջախտ:

 

Բանակը

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր: Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից: Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր: Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան: Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից: Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում: Այն ստացել են 14-20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը:

Հայոց բանակում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը: Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար: Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը:

 

Դատարանները

Կիլիկիայի հայոց թագավորությունում հայերից բացի ապրում էին նաև զգալի թվով հույներ, ասորիներ, հրեաներ, խաչակիրներ և արևմտաեվրոպացի առևտրականներ, որոնք ներքին հարցերում առաջնորդվում էին իրենց օրենքներով: Անհրաժեշտ էր այս բոլորը միավորել և ստեղծել միասնական օրենսդրություն: Այս խնդիրը հաջողությամբ լուծեց Հեթում Ա թագավորի եղբայր Սմբատ Սպարապետը: Նրա կազմած Դատաստանագիրքը միավորեց այս օրենքները և հարմարեցրեց Կիլիկիայի պայմաններին:

Կիլիկյան Հայաստանում գոյություն ունեին Արքունի, Սսի արքեպիսկոպոսական, Ստորին կամ Փոքր, Եկեղեցական դատարաններ: Արքունի դատարանը քննում էր պետական կարևորագույն գործերը: Դրանց թվում էին իշխանների միջև, ծագած վեճերը, գահաժառանգության խնդիրները, պետական դավաճանությունը և այլն: Կարևոր տեղ էր զբաղեցնում Սսի արքեպիսկոպոսական դատարանը, որտեղ հիմնականում քննում էին բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող գործերը: Քրիստոնյաների և այլադավանների միջև առաջացած վեճերը նույնպես քննվում էին այստեղ:

Ստորին կամ Փոքր դատարանները գտնվում էին քաղաքներում ու գավառներում և քննում էին տարաբնույթ հանցագործություններ: Քաղաքների օտարազգի բնակչությունը դատական խնդիրները լուծում էր իր դատաստանագրքերով:

Եկեղեցական դատարանները Կիլիկյան Հայաստանում քննության էին առնում ամուսնա-ընտանեկան հարաբերությունների և մանր իրավախախտումների հետ կապված խնդիրներ:

 

Հեթումյան արքայատոհմի իշխանության հաստատումը

Թագաժառանգ Զաբելն անչափահաս էր, ուստի և նշանակվել էին երեք խնամակալ՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին, Ատան պայլը և Կոստանդին Գունդստաբլը: Շուտով Ատան պայլը սպանվեց, իսկ Հայոց կաթողիկոսը մահացավ: Կոստանդին Գունդստաբլը մնաց Զաբելի միակ խնամակալ: Լևոն Ա-ի մահից հետո Հայոց գահին փորձեց տիրանալ Ռայմոնդ-Ռուբենը, սակայն պարտվեց: Նրան ձերբակալեցին և բանտարկեցին:

Հայոց արքունիքը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Դ-ի որդու՝ Ֆիլիպի հետ: Այս ընտրությունը պատահական չէր, քանզի փորձ էր արվում վերջ դնելու Անտիոքի և Կիլիկիայի միջև թշնամանքին: Նա պետք է երկիրը կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն Ֆիլիպն սկսեց արհամարհել հայոց դավանանքը և հովանավորել խաչակիրներին: Նա արքունիքից հեռացնում էր հայ իշխաններին ու կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներին: Զայրացած հայ իշխանները նրան բանտ նետեցին, որտեղ էլ նա մահացավ:

Հայ ավագանին Տարսոնում ժողով հրավիրեց և որոշեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց Հայոց թագավոր (1226-1270): Նա հիմք դրեց Հեթումյանների արքայատոհմին:

 

Հայ-մոնղոլական դաշինքը

XIII դ. կեսերին, ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքում հայտնվեցին մոնղոլները, իսկ Եգիպտոսում իշխանությունը գրավեցին մամլուքները: Գրավելով Այսրկովկասը և Հայաստանը՝ մոնղոլական հորդաները մտան Փոքր Ասիա: Նրանք ծանր պարտության մատնեցին Իկոնիայի սուլթանությանը: Մոնղոլական արշավանքները ծանր խնդիրներ դրեցին նաև Կիլիկիայի հայկական պետության առջև: Հեթում Ա-ն գիտակցեց, որ միայն մոնղոլների հետ դաշինքը կփրկի Կիլիկիան, ուստի չօգնեց Իկոնիայի սելջուկներին: Նա իր եղբայր Սմբատ Գունդստաբլին ուղարկեց Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում: Մոնղոլները համաձայնեցին պայմանագիր կնքել Կիլիկյան Հայաստանի հետ: Հայերի համակրանքը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել նաև այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին հայերից:

Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր: Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին: Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա նա ի վիճակի չէր սեփական ուժերով պայքարելու թե' Եգիպտոսի ու սելջուկների և թե' մոնղոլների դեմ, ուստի չարյաց փոքրագույնը վերջիններիս հետ դաշնակցելն էր:

Հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz