Հայությունը 15-17-րդ դդ.

 

Լենկթեմուրի արշավանքները Հայաստան

Միջինասիական զորապետ Լենկթեմուրը (Կաղ Թեմուր) XIV դ. վերջին ստեղծել էր մի ընդարձակ պետություն, որի մայրաքաղաքն էր Սամարղանդը։ Պարսկաստանի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը 1386թ. անցան Երասխ գետը և մտան Սյունիք։ Առաջ շարժվելով Այրարատյան դաշտով՝ նրանք ասպատակեցին շրջակա բնակավայրերը։

Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը կրկին ավերածություններ գործեցին՝ ահ ու սարսափ տարածելով ամենուր։ Դաժանությունների դիմելով՝ նրանք ցանկանում էին ահաբեկել բնակչությանը և նրան զրկել դիմադրողականությունից։ Բայց դա էլ չօգնեց։ Լենկթեմուրի զորքերն այդպես էլ չկարողացան ընկճել Սասունի լեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Կատաղած Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։

Վերջին անգամ Լենկթեմուրի զորքերը Հայաստան ներխուժեցին XV դ. սկզբին՝ շարունակելով ավերել երկիրը և կողոպտել բնակչությանը։ 1402թ. Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթան Բայազետին Անգորայի ճակատամարտում։ Միայն Սեբաստիայում նրանք կենդանի թաղեցին ավելի քան 4000 մարդու։ Սակայն արյունարբու բռնակալը 1405թ. մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել, իսկ շրջակա երկրներն էլ կարճ ժամանակով ազատվեցին Նոր արհավիրքներից։

 

Քաղաքական և տնտեսական կացությունը

Լենկթեմուրի մահվան լուրը (1405թ.) ցնծությամբ է ընդունվում նվաճված ժողովուրդների կողմից։ Նա ստեղծել էր անծայրածիր մի պետություն, որը նրա մահից հետո սկսեց արագորեն քայքայվել։ Նրա ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները։ Սրանք դեռևս XIII դ. վերջին Միջին Ասիայից ներգաղթել էին Փոքր Ասիա և Հայաստան։ Նրանց դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներ, ինչից և ծագել են այդ ցեղերի անունները։

Լինելով քոչվոր անասնապահ ցեղեր՝ նրանք ժամանակին օգտվում էին մոնղոլ տիրակալների հովանավորությունից և իրենց ոչխարների հոտերով շրջում էին նրանց տերության արևմտյան երկրամասերով։ Միաժամանակ նրանց զինված ջոկատներն զբաղվում էին նվաճված ժողովուրդներին թալանելով և ահաբեկելով։

Դեռևս XIV դ. կարա-կոյունլուները և ակ-կոյունլուները ստեղծեցին իրենց իշխանությունները, որոնք ուժեղացան XV դ. սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468); Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում Հայաստանը, Ատրպատականը, Իրանը և Վրաստանը։

Կարա Յուսուֆը, դառնալով մի մեծ տերության տիրակալ, հարազատ մնաց իր քոչվորական կենցաղին։ Նա գահն անվանապես հանձնեց որդուն, իսկ ինքը Թավրիզից տեղափոխվեց Բագրևանդ գավառի Վաղարշակերտ (Ալաշկերտ) ամրոցն ու այն դարձրեց իր նստավայրը։ Այստեղ էր հաստատվել կարա-կոյունլու ցեղախմբի ամենամարտունակ ցեղը, որի առաջնորդն էր Կարա Յուսուֆը։ Նրա իշխանության տարիները՝ համեմատած Լենկթեմուրի և նրա հաջորդների հաճախակի կրկնվող արշավանքների ժամանակաշրջանի հետ, հայերին թվում էին խաղաղ։ Թովմա Մեծոփեցի պատմիչն անգամ գրում է, թե այդ տարիներին Հայաստան աշխարհում խաղաղություն և շենություն էր տիրում։

Հարաբերական խաղաղության այս կարճ շրջանում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Ծավալվեցին շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վերաշինվեց Կարս քաղաքը։ Կարա Յուսուֆի մահից հետո (1420թ.) վերսկսվեցին կռիվներն ակ-կոյունլուների և Լենկթեմուրի հաջորդների դեմ։

XV դ. 20-30-ական թթ. պարբերաբար կրկնվող պատերազմների, գաղթերի ու տեղահանությունների, գերեվարության, ինչպես նաև բնական աղետների (մորեխ, անբերրիություն) ու հաճախակի կրկնվող սովի հետևանքով Հայաստանի մի շարք գավառների բազմաթիվ բնակավայրեր լքվեցին։ Նվազեց բնակչության թիվը։ Քրդական ու թուրք-թուրքմենական մի շարք ցեղեր հաստատվեցին Հայաստանի արոտավայրերով հարուստ լեռնային գավառներում։ Փոփոխվեց երկրի էթնիկ կազմը։ Այդուհանդերձ, Հայաստանի բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայերը։

Դրանով պետք է, անշուշտ, բացատրել, որ կարա-կոյունլու գահակալները երբեմն հենվում էին հայերի վրա և անգամ իրենց կոչում էին Հայաստանի թագավորներ (շահ-ի Արման)։

Կարա-կոյունլու տիրակալները հաճախ պետական բարձր պաշտոնների էին նշանակում հայ իշխանների, իսկ բանակում ներգրավում հայ զինվորականների։ Այս առումով աչքի էր ընկնում հատկապես Ջհանշահը (1437-1467), որը կարճ ժամանակում ճնշեց ըմբոստ ցեղապետերին ու ամրապնդեց իր իշխանությունը տերության ամբողջ տարածքում։ Նրա իշխանության տարիներին երկիրը խաղաղվեց, և ժողովուրդը շունչ քաշեց անընդմեջ կռիվներից ու ասպատակություններից։ Ջհանշահի օրոք առևտրական կապեր հաստատվեցին միջինասիական երկրների և Արևմուտքի հետ։ Կարգի բերվեց կառավարման համակարգը։ Փորձ արվեց նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության աշխուժացման համար։

 

Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը

Ջհանշահը նույնպես իր պետության կենտրոն դարձրեց Թավրիզը։ Արևելյան Հայաստանից և այսրկովկասյան երկրներից կազմեց առանձին կուսակալություն, որի կուսակալը նստում էր Նախիջևանում։ Կուսակալությունն իր հերթին բաժանվեց մի քանի վարչական շրջանների։ Հյուսիսարևելյան Հայաստանի վարչական կենտրոն դարձավ Երևանը։ Դրա շնորհիվ, սկսած XV դ. 40-ական թվականներից, Երևանը դառնում է Այրարատյան դաշտի և ամբողջ Արևելյան Հայաստանի՝ այդ թվում Արցախի կենտրոն։ Դրանից հետո Երևանն աստիճանաբար վերածվում է Հայաստանի կարևոր տնտեսական և մշակութային կենտրոնի։

Չնայած 1426թ. ընկավ Մակուի հայկական իշխանությունը, այնուամենայնիվ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ Սյունյաց, Արցախի և մասամբ Վասպուրականի հայ իշխանական տները։ Թեև մահմեդական իշխանությունների բռնաճնշումների հետևանքով Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանն իր ավելի քան 6.000 տուն հպատակներով ստիպված տեղափոխվել էր Լոռի, որոշ ժամանակ անց նրա որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի Ռուստամ Օրբելյանը, նշանակվեց Այրարատյան երկրի կառավարիչ՝ նստավայր ունենալով Երևանը։ Գործելով հույժ ճկուն՝ Ռուստամը էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։

Հայ իշխանական տների վիճակը բավականին կայունացավ Ջհանշահի իշխանության տարիներին։ Նրա օրոք Գեղամա երկրի, Վայոց ձորի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի և մի քանի այլ վայրերի իշխանական տները կարողացան վերականգնել իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։ Շարունակվեց Երևանի տնտեսական վերելքը։ Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ Նրանք ոչ միայն նպաստում էին եկեղեցիների կառուցմանը, այլև պայմաններ ստեղծում այլ շինարարական աշխատանքների համար։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ Աղթամարի Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները` ներկայանալով որպես Գագիկ Արծրունու սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Բանն այնտեղ հասավ, որ Զաքարիա կաթողիկոսը պարտության մատնեց քրդական ռոժոկ ցեղին՝ գրավելով նրանց լաստանավերն ու ազատելով Աղթամարը կողոպուտի ենթարկվելուց։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող մահմեդական իշխողներին հաշտեցնողի դերում։ Հայկական իշխանությունների վիճակն ավելի ծանր էր Արևմտյան Հայաստանում։ Այդուհանդերձ, շարունակում էին գոյատևել Համշենի, Սասունի, Խութի, Տարոնի, Մոկսի, Շաւոախի և մի քանի այլ հայկական իշխանություններ։

 

Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրոդ կեսին

Ջհանշահի իշխանության տարիների հարաբերական խաղաղ շրջանը երկար չտևեց։ Ակ-կոյունլուները, որ հաստատվել էին Աղձնիքում, Ծոփքում ու Տուրուբերանում, Ջհանշահի ժամանակ հարկատու դարձան կարա-կոյունլուներին։ Սակայն Ջհանշահի մահից հետո ակ-կոյունլու Ուզուն-Հասան սուլթանը պատերազմ սկսեց կարա-կոյունլուների դեմ և հաղթելով տիրացավ նրանց տերությանը։ Հիմք դրվեց ակ-կոյունլուների ընդարձակ տերությանը (1468-1502թթ.), որի մեջ մտավ նաև Հայաստանը։

Ակ-կոյունլուների հաղթանակում կարևոր նշանակություն ունեցավ նրանց նկատմամբ հայերի դրական վերաբերմունքը։ Հայերը, նպաստելով նրանց հաղթանակին, հույս ունեին բարելավել իրենց վիճակը։ Համենայն դեպս, Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Նրա օրոք տերության տնտեսությունը վերականգնելու համար ձեռնարկվեցին բարեփոխումներ։ Անցկացվեց աշխարհագիր (մարդահամար)՝ կարգավորելու հարկերն ու տուրքերը։ Հարկման ենթակա էին 15-60 տարեկան տղամարդիկ։ Ճշգրտվեց հարկերի չափը։ Հարկահավաքման տեղական պաշտոնները վստահվեցին հիմնականում հայերին։ Սակայն Ուզուն-Հասանից հետո վիճակը ծանրացավ։ Ներքին հակասություններից ծվատվող ակ-կոյունլուների պետությունն ընկավ՝ իր տեղը զիջելով Սեֆյան Պարսկաստանին։

Քոչվոր կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների շուրջ 100-ամյա բիրտ տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։

Երկրի համար հատկապես ծանր հետևանքներ ունեցավ քաղաքային կյանքի անկումը և տնտեսության քայքայումը։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։ Թովմա Մեծոփեցու խոսքերով՝ մի քաղաք և մի քանի գյուղ միասին այնքան միջոց չունեին, որ թշնամուց հետ գնեին գոնե մեկ գերի։

Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։ Քոչվորները հայ բնակչությանը դուրս էին մղում հարթավայրային շրջաններից, որի արդյունքում հայերը հիմնականում կենտրոնացան նախալեռնային և լեռնային շրջաններում՝ ապաստանելով երկրի թեկուզև ոչ արգասաբեր, սակայն դժվարամատչելի վայրերում։

 

Ամենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում

XV դ. առաջին կեսին, երբ արդեն ընկել էր Կիլիկիայի հայկական թագավորությունը, իսկ բուն Հայաստանում պահպանվում էին միայն հայկական իշխանությունների բեկորները, Սիս քաղաքում գտնվող Հայոց կաթողիկոսությունը հայտնվել էր գրեթե անպաշտպան վիճակում։ Վերջինիս վիճակն ավելի ծանրացավ, երբ 1426թ. Կոստանդին իշխանն իր հազարավոր հպատակներով Կիլիկիայից տեղափոխվեց Կիպրոս։ Ստեղծված պայմաններում հայ բնակչության և հոգևորականության մեծ մասի մոտ առաջացավ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը կրկին Սուրբ Էջմիածին տեղափոխելու խնդիրը։ Երևանը դարձել էր Արևելյան Հայաստանի քաղաքական ու վարչական կենտրոնը, դրանով իսկ անհրաժեշտ դարձնելով կաթողիկոսության վերահաստատումն Էջմիածնում։

Էջմիածնում «թագավորական աթոռն ու կաթողիկոսական գավազանը» վերականգնելու խնդիրը բարձրացվել էր Սյունյաց միտրոպոլիտ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Նման ծրագիր են ունեցել Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Պատճառն այն էր, որ Կիլիկիայի հոգևոր գործիչների մեծ մասը տրամադիր էր միաբանվելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ՝ ակնկալելով նրա օժանդակությունը։ Սին հույսեր էին փայփայվում, որ քրիստոնյա Եվրոպան կպաշտպանի հայերին մահմեդականների բռնաճնշումներից։ Սսի կաթողիկոսության արևմտամետ վարքագիծը ոչ միայն հարվածի տակ էր դնում Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, այլև նախադրյալներ էր ստեղծում նրա և հայության պառակտման համար։ Այդ պայմաններում հատկապես բուն Հայաստանի հոգևորականությունը հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Սիսից Էջմիածին տեղափոխելու պահանջով։ Կաթողիկոսության տեղափոխման գործը ղեկավարեցին Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին։

Նրանք ստացան հայ աշխարհիկ և հոգևոր գործիչների, այդ թվում նաև Աղթամարի կաթողիկոսի, ինչպես նաև Կիլիկիայի կրոնավորների մի մասի համաձայնությունը։ 1440թ. նրանք Գրիգոր կաթողիկոսից պահանջեցին Սիսից տեղափոխվել Էջմիածին։ Մերժում ստանալով՝ Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին 1441թ. հայ բարձրաստիճան հոգևորականների և աշխարհիկ իշխանների մասնակցությամբ՝ թվով շուրջ 300 մարդ, ժողով հրավիրեցին նախ Երևանում, ապա Էջմիածնում կաթողիկոսության հարցը վճռելու համար։ Նրանք նախօրոք ստացել էին Այրարատյան նահանգի կուսակալի համաձայնությունը։ Ժողովը որոշեց Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրել Կիրակոս Վիրապեցուն։ Շուրջ 1000 տարվա ընդմիջումից հետո Սբ Էջմիածնում վերահաստատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսությունը։

Այս իրադարձությունը սոսկ կրոնական-եկեղեցական բնույթ չուներ, այլ ձեռք էր բերում քաղաքական կարևոր նշանակություն։ Նպատակը նաև պապականության և եվրոպական քաղաքական ազդեցությունից հայերին հեռու պահելն էր։ Մյուս կողմից, Հայաստանին տիրող մահմեդական տիրակալներն անհանգստություն չէին ունենա հայերի արևմտամետությունից։

Ամենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում ունեցավ մեկ այլ կարևոր նշանակություն ևս։ Այն դարձավ աշխարհով մեկ սփռված հայությանը հայրենիքի հետ կապելու հզոր միջոց։

 

Հայոց եկեղեցու թեմերն ու աթոռները

1441թ. սկսած Ամենայն Հայոց կաթողիկոսության կարևոր և խոշոր թեմերից էր Գանձասարի կաթողիկոսությունը, որի հոգևոր առաջնորդության ներքո էր Արցախի և Ուտիքի ու Արևելյան Այսրկովկասի հայությունը։ Կաթողիկոսի նստավայրն էր Արցախի Գանձասարի վանքը, որն ընդարձակ կալվածքներ ուներ։ Գանձասարի կաթողիկոսությունը գոյատևեց մինչև XIX դ. սկզբները։

Հայոց եկեղեցու համակարգում կարևոր դեր ուներ Աղթամարի կաթողիկոսությունը (գտնվում էր Աղթամար կղզում)։ Վասպուրականի վանքերը վաղուց ի վեր հայտնի էին որպես հայ գրի և գրչության խոշոր կենտրոններ։ Այնտեղ պահվում էին հազարավոր ձեռագրեր։ Աղթամարի կաթողիկոսությունն իր գոյությունը պահպանեց մինչև XIX դ.։

Հայոց եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր է խաղացել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը, որը հիմնվեց 1461թ. Օսմանյան պետության կողմից՝ Կոստանդնուպոլիսը գրավելուց շատ չանցած։ Պատրիարքի հոգևոր իշխանությանն էին ենթարկվում Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերը։ Պատրիարքության ստեղծման նպատակներից մեկը հայերին սիրաշահելն էր։ Այդ պատրիարքությունը գործում է մինչև օրս։

Մեծ հեղինակություն ուներ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որը տնօրինում էր Երուսաղեմի և նրա շրջակայքի հայության հոգևոր գործերը, հայոց եկեղեցիներն ու վանքերը։ Այդ պատրիարքությունն այսօր էլ գործում է։

Ամենայն Հայոց կաթողիկոսության Էջմիածնում հաստատվելուց հետո, իր անկախ գոյությունը շարունակեց նաև Կիլիկիայի կաթողիկոսական աթոռը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն անունով։ Շատ չանցած Կիլիկիո կաթողիկոսներն ընդունեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահությունը։

 

Քաղաքական դրությունը Մերձավոր Արևելքում XVI դ.

XV դ. վերջում և XVI դ. սկզբում քաղաքական ասպարեզում հայտնվեցին նոր ուժեր։ Դրանցից մեկը Սեֆյան Պարսկաստանն էր, իսկ մյուսը՝ Օսմանյան Թուրքիան։

XV դ. վերջում Ուզուն-Հասան սուլթանի մահից հետո նրա որդիների միջև արյունալի գահակալական պայքար սկսվեց։ Ակ-կոյունլուների պետությունը խիստ թուլացավ, որից օգտվեցին Ատրպատականի Արդաբիլ քաղաքում ու շրջակա տարածքում իշխող Սեֆյանները։

Սեֆյանների հենարանը թուրք-ղըզլբաշական (կարմրագդակների) յոթ քոչվոր ցեղերն էին։ Սրանք պայքար սկսեցին ակ-կոյունլուների դեմ՝ հենվելով պարսիկների օժանդակության վրա։ Սեֆյանների առաջնորդ Իսմայիլին հաջողվեց Շարոտի դաշտի վճռական ճակատամարտում 1502թ. փայլուն հաղթանակ տանել ակ-կոյունլուների դեմ։ Իսմայիլը Թավրիզում իրեն հռչակեց պարսից շահ։ Այս նոր պետության մեջ մտան Պարսկաստանը, Սիջագետքը, Ատրպատականը, Հայաստանն ու Վրաստանը։

Դեռևս XIII դ. վերջում Փոքր Ասիայում ձևավորվել էր Օսմանյան Թուրքիան, որը հիմնել էր Միջին Ասիայից եկած և Փոքր Ասիայում հաստատված թուրքական մի ցեղախումբ։ Նրանց առաջնորդներից Օսմանը, օգտվելով քաղաքական նպաստավոր պայմաններից, 1299թ. իրեն անկախ հայտարարեց և հիմք դրեց Օսմանյան պետությանը։ Ավելի ուշ նրա հետևորդները նվաճեցին Բալկանյան թերակղզու մեծ մասը, ապա Փոքր Ասիան։

1453թ. թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը և վերջ տվեցին Բյուգանդական կայսրության գոյությանը։ Նրանք շուտով տեր դարձան կայսրության բոլոր տարածքներին, այդ թվում Սև ու Միջերկրական ծովերի նավահանգստային բոլոր խոշոր քաղաքներին։ Ուժեղ դիմադրության հանդիպելով Եվրոպայում՝ օսմանցիներն իրենց հարվածն ուղղեցին դեպի Արևելք՝ նվաճելու Հայաստանը, Սիրիան և Միջագետքը։ Սեֆյան Պարսկաստանի հետ բախումը դարձավ անխուսափելի։

Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1514թ. սկսեց իր արշավանքը Սեֆյան պետության դեմ։ Նրա զորքն անցավ Եփրատ գետը և շարժվեց Հայաստանի խորքերը։ Շահ Իսմայիլը խուսափում էր վճռական ճակատամարտից։ Թուրքերն ուղղակի ստիպեցին պարսիկներին 1514թ. Ուրմիո լճից ոչ հեռու, Չալդրան կոչվող վայրում, ճակատամարտ տալ։ Թուրքերի հաղթանակը կատարյալ էր։ Շահ Իսմայիլը փախավ Պարսկաստան։ Թուրքերը տեր դարձան Հայաստանի մեծ մասին, իսկ շուտով՝ նաև Սիրիային, Միջագետքին և Եգիպտոսին։ Հայաստանի արևելյան գավառները մնացին Սեֆյանների պետության կազմում։

Հետագայում պատերազմն ընթանում էր փոփոխակի հաջողությամբ, հիմնականում Հայաստանի տարածքում։ Կռիվներից մեծապես տուժեց հայ ժողովուրդը։ Ավերվում էին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, քայքայվում էր տնտեսությունը, գերվում էր հայ բնակչությունը։ Օգտվելով ստեղծված վիճակից՝ Հայաստան թափանցեցին քրդական նոր ցեղեր, որոնք բնակվեցին բերրի ու արոտավայրերով հարուստ տարածքներում։

 

1555թ. Ամասիայի հաշտությունը և Հայաստանի բաժանումը

1550թ. պարսիկները մեծ բանակով հակահարձակման անցան։ Պատերազմական գործողություններն ընթացան փոփոխակի հաջողությամբ։ Վերջապես, 1555թ. Փոքր Ասիայի Ամասիա քաղաքում կողմերը հաշտություն կնքեցին։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև։ Այս բաժանմամբ Օսմանյան պետությանն անցան Փոքր Հայքը, Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, Տուրուբերանը և մի շարք այլ երկրամասեր։ Պարսկաստանին մնացին Այրարատը, Գուգարքը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը և Ուտիքը։ Այս բաժանմամբ Օսմանյան Թուրքիային անցած տարածքը կոչվեց Արևմտյան Հայաստան, իսկ պարսիկներին մնացածը՝ Արևելան Հայաստան։ Հայաստանում շուրջ 20 տարի հաստատվեց համեմատաբար խաղաղ վիճակ։

1578թ., օգտագործելով Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, թուրքերը վերսկսեցին պատերազմը և Չըլդըր լճի մոտ պարտության մատնեցին պարսիկներին։ Պատերազմը շարունակվեց նաև հետագա տարիներին և ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Դրան գումարվեց նաև սովը, որին զոհ գնացին մեծ թվով մարդիկ։

Թուրքերը 1590թ. հարկադրեցին պարսիկներին հաշտություն կնքել, որով Հայաստանն ամբողջությամբ և Այսրկովկասն ու Ատրպատականի մեծ մասը՝ Թավրիզ քաղաքով, անցան Օսմանյան տերությանը։

 

Շահ Աբասի արշավանքները

Գահ բարձրացած Շահ Աբասը (1587-1629) 1590թ. հաշտությունն օգտագործեց իր բանակը վերակազմավորելու համար։ Նա կարողացավ կարճ ժամանակում վերջ տալ ներքին հուզումներին և ուժեղացնել կենտրոնական իշխանությունը։ Հաղթելով ուզբեկներին՝ նա ապահովեց պետության սահմաններն արևելքից։

Շահը հատուկ ուշադրություն դարձրեց պետության տնտեսական զարգացմանը՝ խրախուսելով ներքին ու արտաքին առևտուրը։ Մետաքսի վաճառքը հայտարարվեց պետական մենաշնորհ։

Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։ Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։ Այդ բոլորը նպաստեցին Պարսկաստանի հզորացմանը։

Դրան հակառակ, XVI դ. 90-ական թթ. Օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Անատոլիայում, բռնկվեցին խռովություններ։ Տեղի էին ունենում գյուղացիական ապստամբություններ։ Օսմանյան պետությունը երկար ժամանակ ի վիճակի չէր ճնշելու այդ խռովությունները։ Միաժամանակ XVII դ. սկզբում գահակալական կռիվներ սկսվեցին, որոնցից Օսմանյան պետությունը խիստ թուլացավ։

Ստեղծված վիճակից օգտվեց Շահ Աբասը։ 1603թ. սկսվեց թուրք-պարսկական պատերազմը։ Պարսկական բանակը հեշտությամբ գրավեց Թավրիզը, ապա Երասխն անցնելով շարժվեց Նախիջևան։ 1604թ. գարնանը պարսիկները գրավեցին Ջուղան, Նախիջևանը և պաշարեցին Երևանը։ Շահը ճանապարհին մտավ Ջուղա քաղաք, որի բնակիչները շահին ճոխ ընդունելության արժանացրին։

Երևանի պաշարումը տևեց ինն ամիս։ Թուրքերը համառ դիմադրում էին։ Պարսկական բանակի մի մասն այդ ընթացքում արշավեց Հայաստանի հարավային և արևմտյան նահանգներ, որոնց բնակչության մի մասին բերեց Այրարատյան դաշտ։ Պարսկական բանակը լուրջ դիմադրության չհանդիպեց, իսկ հայերը շահագրգռված չէին թուրքերի համար կռվելու պարսիկների դեմ։ Վերջապես հանձնվեց նաև Երևանի բերդը։

 

Հայերի բռնագաղթը Շահ Աբասի կողմից

Օսմանյան բանակը 1604թ. ամռանը անցավ հակահարձակման։ Թուրքերն Արզրումից (Կարին) շարժվեցին դեպի Կարս և Շիրակ։ Շահ Աբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի հարձակման ուղղությամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչությանը քշել Պարսկաստան։ Դրանով Շահ Աբասը զրկում էր թշնամուն պարենավորվելուց, ինչի հետևանքով թուրքերի առաջխաղացումը կդժվարանար։

Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթը նպատակ ուներ հայ բնակչությանը քշել Պարսկաստան՝ դրանով զարկ տալու երկրի տնտեսական զարգացմանը։ Հայ առևտրականները, որոնք հատկապես աչքի էին ընկնում մետաքսի առևտրում, մեծ եկամուտ կբերեին պարսից գանձարանին։

Պարսկական բանակը նահանջում էր Այրարատյան դաշտով, Երասխի հոսանքի ուղղությամբ։ Առջևից նրանք Պարսկաստան էին քշում Այրարատյան դաշտում իրենց կողմից կուտակած ողջ բնակչությանը։ Պարսից զինվորները Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում այրում էին ամեն ինչ, ոչնչացնում տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։

Հայաստանը վերածվեց անապատի։ Գաղթից ազատվեց միայն Սյունիքի և Արցախ-Ուտիքի հայությունը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Բացի այդ, պարսիկները գիտակցում էին, որ տեղի բնակչությունը, օգտվելով իր լեռնոտ երկրամասի անառիկությունից, կարող է համառ դիմադրել։

Պարսկական բանակը, հետապնդվելով թուրքերից, շտապեցնում էր ժողովրդին օր առաջ անցնել Երասխի մյուս ափը։ Ի վերջո, մեծ կորուստների գնով Ջուղա հասած ժողովուրդը պարսկական բանակի հետ անցնում է Երասխը։ Ղրանից հետո թուրքական բանակը մտավ Նախիջևան։

Գաղթող բնակչության համար ամենադժվար վիճակն ստեղծվեց Երասխն անցնելիս։ Եղած կամուրջներն ու մյուս միջոցները գետանցի համար բավարար չէին։ Իսկ պարսիկները, վախենալով թուրքերից, ձգտում էին օր առաջ գետն անցնել և ազատվել հետապնդումից։ Շահի հրամանով զորքն ստիպում է ժողովրդին լցվել գետը և ոտքով անցնել մյուս ափը։ Մարդիկ լցվում են ջուրը։ Ով կարողանում է լողալ, հասնում է մյուս ափը։ Իսկ ով չի կարողանում, հատկապես ծերերն ու երեխաները, կանայք ու թուլակազմ մարդիկ, զոհ են գնում գետի ջրերին։ Գաղթեցվեցին նաև Ջուղայի բնակիչները, որոնք դրանից առաջ փառահեղ ընդունելություն էին ցույց տվել Շահ Աբասին։ Ինչքան էլ պարսիկները ջանացին տեղահանել բոլորին, բայց շատերին հաջողվեց խուսափել՝ թաքնվելով լեռներում, անտառներում, քարայրներում և այլուր։

Գաղթականների մի մասին, հիմնականում գյուղացիներին, տեղափոխեցին Սպահան քաղաքի շրջակա գավառներ, իսկ Ջուղայի առևտրականներին շահի հրամանով թույլատրեցին բնակվել Սպահանում։ Նրանք կառուցեցին իրենց առանձին թաղամասը և այն անվանեցին Նոր Ջուղա։

Շահ Աբասի կատարած բռնագաղթը հայ ժողովրդի գլխին եկած մեծագույն չարիքներից էր։ Հայաստանից տեղահանվեցին և Պարսկաստան քշվեցին ավելի քան 300 հազար հայեր։

 

Հայաստանի նոր բաժանումը

Պատերազմական գործողությունները Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև 1605թ. վերսկսվեցին։ Վճռական ճակատամարտում թուրքական բանակը պարտվեց։ Բայց դրանով պատերազմը չավարտվեց, այլ փոփոխակի հաջողություններով շարունակվեց ևս շուրջ 30 տարի։ Հաջողությունն ուղեկցում էր մերթ պարսիկներին, մերթ՝ թուրքերին։ Երկու դեպքում էլ գործողությունների թատերաբեմը Հայաստանն էր, իսկ տուժողն ու թալանվողը՝ հայ ժողովուրդը։

Երբ թուրքերին հաջողվեց 1638թ. գրավել Բաղդադը, պարսիկները հաշտություն առաջարկեցին։ 1639թ. նրանց միջև հաշտություն կնքվեց։ Շուրջ 80 տարի խաղաղություն հաստատվեց։ Պայմանագրով Հայաստանը վերաբաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այս անգամ սահմանն անցնում էր Ախուրյան գետով մինչև Երասխ, ուղիղ գծով շարունակվում մինչև Հայկական Պարի բարձունքները, Մեծ ու Փոքր Մասիսների միջով թեքվում դեպի հարավ և, Վասպուրականը բաժանելով երկու մասի, հասնում Միջագետք՝ Վանը և Բաղդադը թողնելով թուրքերին։

Այսպիսով, Պարսկաստանին անցած Արևելյան Հայաստանի մեջ մնացին Գուգարքը, Շիրակը, Այրարատյան դաշտը, Սյունիքը, Արցախը, Ուտիքը, Պարսկահայքը և Վասպուրականի մի մասը։ Իսկ թուրքերին անցան դրանցից արևմուտք ընկած հայկական հողերը՝ Կարս, Վան, Արզրում (Կարին) նշանավոր քաղաքներով։ Հիշյալ սահմանագիծը պահպանվեց մինչև XIX դ. սկզբները։

 

Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում

Պարսկական և Օսմանյան պետությունները դեռևս XVI դ. փորձում էին իրենց գրաված հայկական տարածքներում հաստատել վարչական կայուն համակարգ։ Դա նրանց հաջողվեց միայն 1639թ. հաշտությունից հետո, երբ հաստատվեց երկարատև խաղաղություն։

Արևելյան Հայաստանում, որպես վարչական միավորներ, կազմակերպվեցին վիլայեթներ կամ բեգլարբեգություևներ։ Նրանց կառավարիչները կոչվում էին բեգլարբեգներ կամ խաներ, որոնք նշանակվում էին պարսից շահի կողմից՝ անորոշ ժամանակով։ Նրանց պարտականությունն էր հետևել իրենց կառավարմանը հանձնված երկրամասի ներքին կարգ ու կանոնին, պաշտպանել այն օտար հարձակումներից, բաշխել և հավաքագրել շահական գանձարան մուծվող հարկերն ու տուրքերը։ Խանության կառավարման գրասենյակը կոչվում էր դիվանխանա։ Խաներն ունեին իրենց զորքը, դատարանը և ոստիկանությունը։

Վիլայեթները բաժանվում էին մահալների։ Օրինակ՝ Երևանի վիլայեթը բաժանված էր 15 մահալի։ Յուրաքանչյուր մահալ ուներ իր կառավարիչը, որը նշանակվում էր խանի կողմից։ Դրանք կոչվում էին նայիբ, միրբոլուք կամ մելիք։ Երևանի խանությունում նրանք հիմնականում կոչվում էին միրբոլուք։ Սրանք բացարձակ տեր ու տնօրեն էին իրենց ենթակա մահալներում։ Մահալների կառավարիչներն իրենց հերթին ունեին ենթակա պաշտոնյաներ գյուղերում, որոնք կոչվում էին տանուտեր կամ գյուղական մելիք։

Արևելյան Հայաստանում քաղաքական և ռազմական նշանակությամբ կարևոր տեղ էր հատկացվում Երևանի և Գանձակի վիլայեթներին։ Շահ Աբասը Երևանի վիլայեթի առաջին կառավարիչ նշանակեց իր աչքի ընկնող զորապետերից մեկին՝ Ամիրգունա խանին։ Նրա վրա էր դրված պարսկական պետության արևմտյան սահմանի պաշտպանությունը թուրքերի հնարավոր հարձակումներից։ Վիլայեթի տնտեսությունը վերականգնելու և թուրքերից այն պաշտպանելու համար Ամիրգունա խանը ձեռնամուխ եղավ բռնագաղթի պատճառով դատարկված Այրարատյան դաշտը և հարակից շրջանները կրկին վերաբնակեցնելուն։ Այդ նպատակով խանը մի շարք արշավանքներ կազմակերպեց Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայկական գավառներ և մեծ թվով հայերի տեղափոխեց Երևան ու Այրարատյան դաշտ։

Ամիրգունան Երևանի վիլայեթը, որի տարածքի մեջ էր մտնում Արևելյան Հայաստանի մեծ մասը, կառավարեց 20 տարի (1605-1625)։ Խանը փորձեց կարգավորել երկրի հողային հարաբերությունները։ Նախկին կալվածատերերը, պետական պաշտոնյաները և վանքերը վերականգնեցին իրենց իրավունքները։ Կարգի բերվեցին ոռոգման ցանցը, հարկերը և տուրքերը։ Հայ ժողովուրդը ձեռնամուխ եղավ երկրի շենացմանը։

Զարգացավ տնտեսական կյանքը, վերաշինվեցին ավերակների վերածված գյուղերն ու քաղաքները։ Վերականգնվեցին ավերված վանքերն ու եկեղեցիները։ Նորոգվեցին մասնավորապես Էջմիածնի եկեղեցիները։ Աշխուժացան արհեստներն ու առևտուրը։ Վերելք ապրեցին Երևանը, Նախիջևանը, Ագուլիսը, Գանձակը։

Արևելյան Հայաստանի մեջ մտնող Նախիջևանի երկրամասը միացվեց Երևանի վիլայեթին որոշ ժամանակ անց։ Այն ընդգրկում էր Սյունիքի արևմտյան մասերը և Նախիջևանի շրջանը։ Արևելյան Հայաստանի որոշ շրջաններ մտնում էին Թավրիզի վիլայեթի մեջ (Մակու, Կապան, Խոյ, Սալմաստ)։

Արցախի և Ուտիքի մելիքությունները, Սյունիքի մի մասի հետ, թեև մտնում էին Գանձակի վիլայեթի մեջ, սովորաբար ենթարկվում էին անմիջապես պարսից շահին։ Լոռին և Տավուշը գտնվում էին Վրաց (Քարթլիի) թագավորության ենթակայության ներքո։

 

Վարչական բաժանումներն Արևմտյան Հայաստանում

Օսմանյան Թուրքիային անցած հայկական հողերում ստեղծված վարչական միավորները կոչվում էին էյալեթներ։ Ավելի ուշ դրանցից ձևավորվեցին փաշայությունները։ XVII դ. դրանք հետևյալներն էին՝ Կարսի, Չըլդրի, Արզրումի, Վանի, Դիարբեքիրի, Մարաշի, Սվասի և Ադանայի էյալեթները։ էյալեթում իշխանությունը գտնվում էր սուլթանի նշանակած փաշայի ձեռքում։ էյալեթները բաժանվում էին սանջակների (գավառների)։ Յուրաքանչյուր սանջակ ուներ իր կառավարիչն ու ենթակա պաշտոնյաները։ Սրանք նշանակվում էին փաշայի կողմից և ենթակա էին նրան։ Սանջակի կառավարիչ բեյը կամ բեկը ուներ նույն իրավունքները սանջակում, ինչ որ փաշան՝ էյալեթում։

Բեյերը կամ բեկերը իրենց սանջակներում հսկում էին հարկերի ժամանակին հավաքմանը, լուծում էին բնակչության միջև ծագած վեճերը, հետևում կարգ ու կանոնին և դատավճիռներ կայացնում։

Գյուղերում իշխանությունը գտնվում էր գյուղի տանուտերի (ռեսի) ձեռքին։ Ռեսը պարտավոր էր հետևել գյուղի համար սահմանված հարկերի հավաքմանը, գյուղական մանր վեճերի լուծմանը, ընդունել գյուղ եկած պաշտոնյաներին և իրագործել վերևից եկած բոլոր կարգադրությունները։

Օսմանյան Թուրքիայում պաշտոնյաների նշանակման կարգը խիստ արատավոր էր։ Պաշտոնները դառնում էին սովորական առուծախի առարկա։ Սուլթանը որևէ մեկին փաշայի պաշտոնում նշանակելիս պահանջում էր, որ պաշտոն ստացողը նախօրոք էյալեթի մի տարվա հարկի չափ գումար մուծեր պետական գանձարան։ Փաշային իրավունք էր վերապահվում հարկերը գանձել իր օգտին։ Այդպես էր վարվում փաշան, երբ նշանակում էր սանջակի կառավարիչներ։ Գնալով ավելի մեծ գումարներ էին պահանջվում փաշա, ինչպես նաև սանջակի կառավարիչ դառնալու համար։ Կաշառքով պաշտոնի նշանակելն այնքան սովորական էր, որ պաշտոնները նույնիսկ աճուրդի էին հանվում։ Պաշտոնյան ամեն տարի պիտի նորոգեր իր իրավունքները կաշառքով։ Եթե զլանում էր, ապա նրա պաշտոնն անցնում էր մեկ ուրիշին, ով ավելի մեծ գումար կվճարեր։

Կաշառակերությունը Օսմանյան կայսրությունում առասպելական չափերի էր հասնում։ Այդ են վկայում եվրոպացի ճանապարհորդները և պատմիչները։ Բոլոր պաշտոնները գնվում և վաճառվում էին, ու յուրաքանչյուր ենթակա պարտավոր էր որոշակի գումար հատկացնել իր պետին։ Այս բոլորը վճարվում էր հասարակ ժողովրդի և հատկապես քրիստոնյա հայերի անտանելի հարստահարության հաշվին։

Հայ բնակչության համար մեծ պատուհաս էր դարձել հաճախակի կրկնվող մանկահավաքությունը։ Սուլթանի հրամանով քրիստոնյաներից բռնի հավաքագրում էին առողջ և բարձրահասակ մանկահասակ տղաներին, հավատափոխ անում և վերցնում զինվորական ծառայության։ Նրանցից էին կազմվում ենիչերական զորքերը, որոնք թուրքական բանակի ամենամարտունակ զորամասերն էին։

 

Հայկական իշխանությունները XVII դ. առաջին կեսին

Հայաստանին տիրած բոլոր նվաճողները աշխատել են ոչնչացնել հայ իշխանական դասն ու հայկական իշխանությունները։ Նրանց մի մասի… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz