Հայաստանի Ռուսաստանի կազմում

 

Իրադրությունը Հայաստանում և Անդրկովկասում XIX դարի սկզբին

Հայ ժողովուրդը ոտք դրեց XIX դար՝ զրկված լինելով ազատ ու անկախ ապրելու հնարավորությունից: Մեր երկիրը շարունակում էր գտնվել շահական Պարսկաստանի և սուլթանական Թուրքիայի տիրապետության տակ:

Արևելյան Հայաստանի հիմնական մասը ընդգրկված Էր Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի խանությունների մեջ, իսկ հյուսիսային որոշ շրջաններ ընդգրկված էին Վրացական թագավորության կազմում: Երևանի խանությունը, որպես խոշոր և սահմանային վարչական միավոր, անվանվում էր նաև սարդարություն (կուսակալություն), իսկ նրա խանը՝ սարդար: Խանությունը բաժանված էր 15 շրջանների (մահալների)՝ Զանգիբասարի, Սուրմալուի, Սարդարապատի, Թալինի, Ապարանի և այլն: Խանության գլուխ կանգնած էր շահի կողմից նշանակված խանը: Մահալները կառավարում էին խանի կողմից նշանակված միրբոլուքները, իսկ գյուղերը՝ գյուղապետերը: Քաղաքների կառավարիչները կոչվում էին քալանթարներ:

Արևմտյան Հայաստանի հիմնական մասն ընդգրկված էր Կարսի, Ախալցխայի, Էրզրումի, Վանի, Դիարբեքիրի, Սեբաստիայի փաշայություններում (վիլայեթներում): Փաշայությունները բաժանվում էին գավառների (սանջակների), իսկ վերջիններս՝ գյուղերի:

Օսմանյան Թուրքիան և շահական Պարսկաստանը ավատատիրական հետամնաց երկրներ էին: Ներքին խժդժությունները, կամայականություններն ու բռնությունները այդ պետությունների անբաժան ուղեկիցներն էին: Ինչպես սուլթանն ու շահը ամբողջ երկրում, այնպես էլ փաշաներն ու խաները իրենց վարչական տարածքներում միահեծան իշխողներ էին:

Թուրքիայում և Պարսկաստանում տնտեսությունը գտնվում էր հետամնաց վիճակում: Տնտեսության հիմնական ճյուղը՝ գյուղատնտեսությունը, խիստ ցածր մակարդակի վրա էր:

Ծանր էր գյուղացիության դրությունը: Աշխատավոր զանգվածների շահագործումը կատարվում էր գլխավորապես հարկահանությամբ: Հարկերը գանձվում էին հողից, ջրից, արոտավայրերից օգտվելու համար: Տասնհինգ տարեկանից բարձր յուրաքանչյուր տղամարդ տալիս էր գլխահարկ, ամեն մի ընտանիք՝ ծխահարկ: Բազմաթիվ հարկեր էին վճարում նաև արհեստավորներն ու առևտրականները: Գյուղացիները դրանք վճարում էին բնամթերքով, իսկ առևտրա-արհեստավորական դասը՝ դրամով: Գյուղացիները կալվածատիրոջ համար կատարում էին նաև կոռ ու բեգար: Նրանք պարտավոր էին վար ու ցանք անել տիրոջ համար, մասնակցել նրա տների, բերդերի, պարիսպների կառուցմանը, ճանապարհների և առուների շինարարությանը և այլն: «Երևանի խանության գյուղացիները,- գրում է Խաչատուր Աբովյանը,- կոռ ու բեգարի տակ չորացել, չոփ էին դարձել»:

Պարսիկ խաների, հատկապես թուրք փաշաների տիրապետության տակ ուրիշ ժողովուրդների շարքում ծանր իրավական պայմաններում էր գտնվում նաև հայ ժողովուրդը: Նա զուրկ էր կյանքի ու գույքի ապահովությունից, երկրի քաղաքացու տարրական իրավունքներից: Հայ ժողովուրդը համարվում էր ռայա, այսինքն՝ հպատակ, իրավազուրկ շերտ: Տնտեսական հարստահարություններից բացի, նա ենթարկվում էր նաև ազգային, կրոնական հալածանքների: Նրա վկայությունը չէր անցնում դատարանում, նա իրավունք չուներ ձի հեծնել, զենք կրել, մահմեդականի առաջ պարտավոր էր գլուխ խոնարհել, հագուստով տարբերվել նրանից: Իր ազգային ծագման ու դավանանքի համար նա վճարում էր հատուկ հարկեր, որոնցից գլխավորը կոչվում էր խարաջ: Հայ ժողովուրդը կրում էր բարոյահոգեբանական ծանր հարվածներ, վիրավորում էին նրա ազգային արժանապատվությունն ու նվիրական զգացումները:

Այդ ամենը պայմաններ էր ստեղծում և խթանում թուրքական և պարսկական դաժան լուծը թոթափելու ձգտումը:

 

Ռազմաքաղաքական իրադրությունը

XIX դարի սկզբներին բարդ իրադրություն էր ստեղծվել Անդրկովկասում: Երկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել թուրքական և պարսկական տիրապետությունը: Ռուսաստանը ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը: Նա, հանձինս վրացիների և հայերի, իր քաղաքականությունը իրականացնելու համակիրներ էր տեսնում:

1801թ. խաղաղ ճանապարհով Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին: Վրաստանի հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական մի շարք շրջաններ՝ Լոռի-Փամբակը, Ղազախը և Շամշադինը:

Ռուսաստանի՝ դեպի հարավ ծավալվելը և Անդրկովկասում ամրանալը բուռն ընդվզում առաջ բերեց երկու հակամարտ պետությունների՝ Անգլիայի և Ֆրանսիայի կողմից: Նրանք ձգտում էին Պարսկաստանին և Թուրքիային հրահրել Ռուսաստանի դեմ և կանխել վերջինիս առաջխաղացումը: Ֆրանսիան և Անգլիան միակամ էին Ռուսաստանին Անդրկովկասից վտարելու մտադրության մեջ: Գլխավորապես նրանց վարած քաղաքականության հետևանքով 1804թ. սկսվեց ռուս-պարսկական պատերազմը:

Ռազմական գործողություններն ընթանում էին հօգուտ Ռուսաստանի:

1805-1806 թթ. ռուսական զորքը գրավում է Ղարաբաղի Շաքիի, Շիրվանի, Բաքվի խանությունները: Կոտրելով հակառակորդի դիմադրությունը՝ 1808թ. ռուսները երկրորդ անգամ պաշարում են Երևանի բերդը: Բերդը ամրացվել էր ֆրանսիական ռազմական մասնագետների ղեկավարությամբ և ամուր պաշտպանվում էր: Մի քանի անհաջող գրոհներից հետո ռուսական զորքի հրամանատար Գուդովիչը դադարեցնում է պաշարումը և վերադառնում Վրաստան:

1812թ. Հայրենական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմի հաջող ավարտին: Ռուսները պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի դեմ Ասլանդուզի, Լենքորանի և Մեղրու ճակատամարտերում վճռական հաղթանակներ տարան:

1813թ. հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը: Այդ պայմանագրի համաձայն Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը անցնում էին Ռուսաստանի տիրապետության տակ:

 

Ռուս-թուրքական առաջին պատերազմը

Շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը, երբ Նապոլեոն կայսեր դրդումով 1806թ. Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ: Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը Կարսի, Ախալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում: Դժվարին կացություն էր ստեղծվում ռուսական փոքրաքանակ զորքերի և տեղի բնակչության համար: 1807թ. ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում: Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807թ. հունիսին Գյումրիի մոտ: Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում: Թուրքերը թեպետ թվական գերակշռություն ունեին, բայց, չդիմանալով հակառակորդի հարվածներին, խուճապահար փախչում են դեպի Կարս: Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց:

Աննշան իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, և միայն 1812թ. Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային: Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի առանձնատանն էլ ստորագրվեց պայմանագիրը:

 

Ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Պարսկաստանը չէր հաշտվում Անդրկովկասի իր տարածքները Ռուսաստանին անցնելու իրողության հետ: Անգլիայի դրդումով նա ձգտում էր վերադարձնել կորցրած տարածքները: Մյուս կողմից՝ Ռուսաստանը ջանում էր գրավել նաև Հայաստանը և ավելի ամրապնդել դիրքերը Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում:

Դեկաբրիստների ապստամբությունից հետո անգլիական գործակալները լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում գահակալական կռիվներ ու խառնակություն է սկսվել: Նրանք շահին համոզում էին, որ զորքը ապստամբել է, չի ենթարկվում թագավորին, ուստի ամենահարմար ժամանակն է ռուսներին Անդրկովկասից վտարելու, կորցրած տարածքները հետ վերադարձնելու համար:

Պարսկական 60 հազարանոց բանակը թագաժառանգ Աբբաս-Միրզայի գլխավորությամբ 1826թ. հուլիսին, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Ռուսաստանի սահմանները: Երևանի Հուսեյն խանի զորքերը հանկարծակի հարձակումով ներխուժեցին Շիրակի և Փամբակի սահմանները: Սկսվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը: Պարսկական բանակի անսպասելի հարձակումը ծանր դրություն է ստեղծում ռուսական փոքրաքանակ զորամասերի և սահմանամերձ բնակչության համար:

Պարսկական զորքերը հուլիսի վերջին պաշարում են Ղարաբաղի Շուշիի բերդը: Բերդի 1700-հոգանոց կայազորը և այնտեղ ապաստանած շրջակա գյուղերի բնակիչները դիմում են ինքնապաշտպանության: Պարսիկները անգլիական մասնագետների գլխավորությամբ ականապատում են բերդի պարիսպները և մի քանի անգամ գրոհում, բայց հաջողության չեն հասնում:

Բերդի կայազորի պետ գնդապետ Ռեուտի գլխավորությամբ ռուս զինվորները և հայերը տոկունությամբ դիմադրում էին: Պաշտպանական մարտերի մասնակից Լազարյանը, նշելով, որ հայերը հացահատիկի իրենց ամբողջ պաշարը նվիրաբերեցին պաշտպաններին, ավելացնում է. «Հիշում եմ նույնպես, թե ինչպես մեր հայերը գիշերներն իրենց ուսերի վրա տանում էին հացահատիկի ծանր պարկերը Շուշի գյուղի ջրաղացները, ուր յուզբաշի եղբայրներ Սաֆար և Ռոստոմ Թարխանյանները արագ աղում էին հացահատիկը և էլի հետ էին ուղարկում բերդ: Առանց այդ օգնության կայազորը երբեք չէր կարող տանել վեցշաբաթյա պաշարումը: Աբբաս-Միրզան մի քանի անգամ փորձեց վերցնել իր համար ատելի այդ ջրաղացները, բայց նրա բոլոր փորձերը փշրվեցին՝ զարկվելով հայերի հերոսական դիմադրությանը, որոնց առաջնորդում էին Թարխանյան եղբայրները»: Ղարաբաղի հայերը, իրենց նախնիների ավանդներին հավատարիմ, հերոսաբար պաշտպանում էին հայրենի հողը:

Շուշիի 47 օր տևած պաշտպանությունը նկատելիորեն ձախողեց թշնամու՝ Թիֆլիսի վրա հարձակվելու ռազմական ծրագրերը:

Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորվել էին կամավորական ջոկատներ, որոնք խիզախորեն մարտնչում էին թշնամու դեմ: Լոռի-Փամբակում քաջաբար կռվում էր Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը, իսկ Ղազախ-Շամշադինում, Դիլիջանում հակառակորդի դեմ սրընթաց գրոհներ էր կատարում վարդապետ Գրիգոր Մանուչարյանի հեծյալ ջոկատը: Նա պարտիզանական համարձակ հարձակումներով գերությունից ազատեց հարյուրավոր ընտանիքներ:

Հայազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը 1828թ. սեպտեմբերի 3-ին Շամխորի մոտ ծանր պարտության մատնեց Աբբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին: Նույն ամսին Գանձակի ճակատամարտում ռուսական զորքերը նոր հաղթանակ տարան: Հետապնդելով թշնամուն՝ նրանք հոկտեմբերին ազատագրեցին ամբողջ Ղարաբաղը:

Այսպիսով, 1826թ. ամռանը պարսիկների ունեցած հաջողությունները կարճատև եղան: Նույն տարվա աշնանը ռուսական զորքերը տեղի բնակչության աջակցությամբ պաշտպանությունից անցան հարձակման և թշնամուն դուրս քշեցին ռուսական սահմաններից: Դրանով ավարտվեց պատերազմի առաջին փուլը:

 

Ռազմական գործողությունները 1827թվին: Երևանի գրավումը

1827թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:

Երբ գեներալ Կրասովսկին իր զինվորներին ամռան շոգերից պատսպարվելու համար հանգիստ էր տվել Արագածի լանջերին, Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվեց Էջմիածնի վրա: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորամասի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:

Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս:

Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը: Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը: Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին: Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով: Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով: Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ: Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը: Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը: «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ: Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը: Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով:

Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը: Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան:

Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին: «Հասավ ժամը,- գրում էր նա,- երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը..., ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»:

Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավորները և դեկաբրիստները: 1827թ. գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին: 1827թ. մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը: Մայիս ամսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 կամավորներ: Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների շարքերը համալրվեցին՝ հասնելով ավելի քան 1000 հոգու:

Պատերազմական գործողություններին գործուն մասնակցություն ունեցան Կովկաս աքսորված դեկաբրիստները: Նրանցից 70 սպաներ և 3000 շարքայիններ մասնակցեցին ռազմական գործողություններին: Աչքի ընկնող դեկաբրիստներից էին Ե. Լաչինովը, Մ. Պուշչինը, Դ. Դավիդովը, Ի. Բուրցովը, Ն. Օրժիցկին և շատ ուրիշներ: Դեկաբրիստ սպաների ռազմական խոր գիտելիքները, շարքայինների փորձն ու մարտունակությունը էական նշանակություն ունեցան հաղթանակի գործում:

 

Թուրքմենչայի պայմանագիրը

Երևանը գրավելուց հետո սպասվում էր, որ պարսիկները հաշտություն կխնդրեն, բայց դա տեղի չունեցավ: Ռուսական զորքերը շարունակեցին հարձակումը և, հետապնդելով բարոյալքված թշնամուն, գրավեցին Թավրիզը, ապա՝ Խոյի, Սալմաստի գավառները, մի շարք քաղաքներ: Պարսիկները հաշտություն խնդրեցին, որն ընդունվեց ռուսական կառավարության կողմից: Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 1828թ. փետրվարի 10-ին կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը, և այլևս ոչ մի պատերազմ տեղի չունեցավ երկու հարևան երկրների միջև:

Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Երկու երկրների ռազմագերիներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում: Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք: Երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները: Ազատ առևտրի իրավունք տրվեց երկու երկրների հպատակներին և այլն:

Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն:

Պարսկաստանից և Թուրքիայից ավելի քան 120 հազար հայերի ներգաղթն արմատապես փոխեց հայ բնակչության տեսակարար կշիռը Անդրկովկասում: Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն ու ապահով կենտրոն:

Ռուսաստանը ևս հետամնաց երկիր էր, սակայն Պարսկաստանի համեմատությամբ ավելի առաջադեմ էր: Ռուսական պետության կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը տնտեսական և մշակութային զարգացման ավելի տանելի պայմաններ ստացավ: Ռուսական մշակույթը նպաստեց հայ արվեստի ու գիտության զարգացմանը:

Նման դրական տեղաշարժերի հետ մեկտեղ չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը ազատություն ձեռք չբերեց: Նա ենթարկվում էր ազգային-գաղութային ճնշումների: Այդ առումով չիրականացան հայ ժողովրդի ազատագրական ձգտումները: Նա պայքարում էր ազգային անկախության կամ Ռուսաստանի հովանու տակ իր պետականության վերականգնման համար: Այս ամենով հանդերձ, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հայ ժողովրդի համար ուներ որոշակի առաջադիմական նշանակություն:

 

Ռուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմը

Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:

Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:

Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը:

Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին:

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»:

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր:

Պատերազմի ընթացքում արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական ծանր լուծը, ուստի և նյութական ու ռազմական օգնություն էր ցույց տալիս ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ ևս կազմակերպվեցին կամավորական ջոկատներ: Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի օրում ձևավորվում է 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը ակտիվորեն մասնակցում է պատերազմական գործողություններին: Արևելահայերն իրենց հերթին կազմակերպում են կամավորական ջոկատներ և օգնության հասնում հայրենակիցներին: Ղարաբաղի կամավորական հեծյալ գնդի մասին Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»:

 

Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:

Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով, Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:

Ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Պասկևիչը ևս դժգոհ մնաց, երբ իմացավ, որ զենքի ուժով իր գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային: Նա Էրզրումից Նիկոլայ I թագավորին գրում է, որ հաշտության պայմանագիրը «ընդհանուր ուրախության հետ իրավացի տրտմության մեջ է գցել ժողովրդի այն մասին, որը արժանի էր մեր կարեկցությանը և' մշտապես կրած իր տառապանքներով, և' ռուսական զորքի հաջողությանը ցույց տված իր փորձով, և' այն դժբախտ ապագայով, որ նրան սպասում է»:

 

Հայերի գաղթը

Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ կրկնվող ներքին կռիվների հետևանքով Անդրկովկասում հայկական գյուղերը ավերվել էին, բնակչությունը պակասել, մահմեդականների թիվը մեծացել էր: Կայսրության սահմանամերձ շրջանների տնտեսությունը վերականգնելու և վստահելի հպատակներ ունենալու նպատակով կազմակերպվեց հայերի ներգաղթը: Հայ գործիչները շահագրգռված էին և մեծապես նպաստում էին այդ քաղաքականության իրականացմանը: Արևմտյան Հայաստանից գաղթը իրականացնելու համար կազմակերպվեց հանձնաժողով, որի մեջ մտան Ներսես Աշտարակեցին, գնդապետ Լազարյանը, Էրզրումի հոգևոր առաջնորդ Կարապետ եպիսկոպոսը և ուրիշներ:

Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայ բնակչությունը ուրախությամբ ընդունեց գաղթելու առաջարկը: Տեղական իշխանությունները աշխատում էին արգելակել նախատեսվող գաղթը, որովհետև զրկվում էին աշխատավոր հմուտ ձեռքերից: Չնայած դրան՝ գաղթել ցանկացողների թիվը մեծ էր, և գաղթը լայն ծավալ ստացավ:

Պարսկահայերի գաղթը տեղի ունեցավ 1828թ. գարնանը: Մի քանի ամսվա ընթացքում Թավրիզի, Մակուի, Սալմաստի, Խոյի և այլ շրջաններից շուրջ 40 հազար հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան: Նրանք բնակություն հաստատեցին Երևանի, Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում:

Արևմտահայերի գաղթը կազմակերպվեց 1829-1830 թվերին: Հիմնականում Էրզրումի, Կարսի և Բայազետի փաշայություններից գաղթեցին ավելի քան 80 հազար հայ բնակիչներ: Էրզրումից գաղթողները հաստատվեցին գերազանցապես Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, իսկ բայազետցիք՝ Սևանա լճի ավազանում՝ հիմնելով Նոր Բայազետ անունով բնակավայրը:

Գաղթը իրականացավ ծանր պայմաններում, անբավարար էին տեղափոխության միջոցները, սնունդը, հագուստը: Այդուհանդերձ պետությունը որոշ չափով դյուրացրեց նոր բնակավայրերում հաստատվելու նրանց պայմանները: Ներգաղթողները 6 տարով ազատվում էին հարկերից, կարիքավոր ընտանիքներին դրամական նպաստ էր տրվում, նրանք օժանդակություն էին ստանում նաև տներ կառուցելու համար: Երկրագործներին բնակեցնում էին գյուղերում, իսկ արհեստավորներին ու առևտրականներին՝ քաղաքներում: Նրանք, հաղթահարելով դժվարությունները, սկսեցին մշակել ամայի հողերը, այգիներ գցեցին, ջրանցքներ ու ճանապարհներ շինեցին, կենդանություն տվեցին հին ու նոր բնակավայրերին:

Արևմտահայերի և արևելահայերի ներգաղթը խոշոր նշանակություն ունեցավ գյուղատնտեսության, արհեստների զարգացման համար: Փոխվեց Արևելյան Հայաստանի ու Անդրկովկասի բնակչության ազգային կազմը հօգուտ հայության:

 

Հայաստանի ինքնավարության նախագիծը: Հայկական մարզը

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ ռուսական կառավարությանը զբաղեցնում էր այն հարցը, թե խանական իշխանության փոխարեն ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում: Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվում էր այդ խնդրով: Մյուս կողմից՝ այդ հիմնահարցը գտնվում էր Հայաստանի կարգավիճակով մտահոգ հայ ազգային գործիչների ուշադրության կենտրոնում: Հենց այդ շրջանում մի խումբ հայրենասերներ Լազարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում: Նախագծի համաձայն՝ Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն, որն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը: Բնակիչների իրավունքներն ու պարտականությունները սահմանվելու էին կայուն օրենքներով: Ստեղծվելու էր հայկական սահմանապահ զորք: Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները: Առաջարկվում էր վերացնել ճորտատիրության մնացորդները և այլն: Հայ հայրենասերների այդ նախագիծը մերժվեց կառավարության կողմից:

Ստեղծված պայմաններում ցարական կառավարությունը ստիպված էր հրաժարվել իր նախագծերից և բռնել փոխզիջման ուղին: Նիկոլայ I թագավորի 1828թ. մարտի հրամանով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով: Այն կառավարում էր մարզային վարչությունը՝ պետի գլխավորությամբ: Վարչության կազմի մեջ մտնում էին երկու ռուս զինվորական, տեղի քրիստոնյա և մահմեդական ազգաբնակչությունից մեկական ներկայացուցիչ: Մարզի մեջ մտնում էին Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի օկրուգը: Հայկական մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ Ա. Ճավճավաձեն, որին 1830-1838 թթ. փոխարինում է իշխան Վ. Բեհբութովը:

Հայկական մարզը բաժանվում էր գավառների, որոնք իրենց հերթին բաժանվում էին շրջանների: Գավառներում հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ: Մարզի վարչական կառուցվածքում 1833թ. փոփոխություններ են մտցվում: Վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին: Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն:

 

1836թ. եկեղեցական կանոնադրությունը

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո բնական է, որ ցարական կառավարությունը պետք է անդրադառնար հայկական եկեղեցու գործունեությանը և այն ծառայեցներ պետության շահերին: Հայկական մարզում փոփոխություններ կատարելուն զուգահեռ նա ձեռնամուխ եղավ վերակառուցելու նաև հայ եկեղեցու կառավարչությունը: Մանավանդ հայտնի էր, որ վաղ միջնադարից սկսած՝ եկեղեցին ակտիվորեն մասնակցում էր երկրի ներքին և արտաքին գործերին: Հատկապես սեփական պետության բացակայության պայմաններում մեծ էր հոգևորականության ազդեցությունը երկրի կյանքում: Պարսկական շահը և թուրքական սուլթանը հայ ժողովրդին վերաբերող խնդիրները մեծ մասամբ իրականացնում էին հոգևոր իշխանությունների միջոցով:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո ցարական կառավարությունը թույլ չէր տա, որ հայ եկեղեցու պետերը խառնվեն պետության գործերին: Ավելին, ցարիզմը ցանկանում էր հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար:

Ահա թե ինչու եկեղեցին բարեփոխելու նպատակով տակավին 1833թ. ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ: Ցարական պաշտոնյաները ելնում էին մի կողմից տեղական պահանջները, մյուս կողմից՝ պետության ընդհանուր շահերը հաշվի առնելու սկզբունքից: 1836թ. մարտի 11-ին ընդունվում է մշակված կանոնադրությունը (պոլոժենիե): Այս կանոնադրությամբ սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները: Ռուսաստանում բնակվող հայկական շրջանները բաժանվում են հոգևոր թեմերի (վիճակների): Կազմվում է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի: Յուրաքանչյուր թեմ ուներ իր առաջնորդը, վանքերն ու եկեղեցիները, դպրոցները, շարժական ու անշարժ գույքը և այլն:

1836թ. կանոնադրությունը հոգևորականությանը արգելում էր խառնվել պետության գործերին: Կառավարության հսկողությամբ պահպանվում էին Էջմիածնի կաթողիկոսի իրավունքները Ռուսաստանի և արտասահմանի հայության նկատմամբ: Հայկական դպրոցների, լուսավորական այլ հաստատությունների, ինչպես նաև ծննդյան, ամուսնության, թաղման հարցերի տնօրինումը հանձնվում էր եկեղեցուն: Կանոնադրությամբ օրինականացվում էին Էջմիածնի և հոգևոր այլ հաստատությունների ու վանքերի հողատիրական իրավունքները:

1836թ. կանոնադրությունը օրենքի ուժ ուներ և կարգավորում էր ցարական կառավարության և հայ եկեղեցու փոխհարաբերությունները:

 

Վարչական կառուցվածքը

Արևելյան Հայաստանն ու ամբողջ երկրամասը Ռուսաստանին միացնելուց հետո վարչական բաժանման, գործող օրենքների մի խառնուրդ էր ստեղծվել: Կառավարությունը մտածում էր միասնական և հստակ վարչաձև մշակել:

1840թ. ընդունվում է օրենք, որով Անդրկովկասը ենթարկվում է վարչական նոր բաժանման: Ստեղծվում է վարչական երկու միավոր՝ Վրացա-իմերեթական նահանգ և Կասպիական մարզ: Հայկական մարզը՝ որպես առանձին վարչական միավոր, վերացվում է: Մեծապետական այդ նոր օրենքը անտեսում էր Անդրկովկասի ժողովուրդների ազգային առանձնահատկությունները, այդ պատճառով էլ ընդհանուր դժգոհությունների տեղիք տվեց:

Ցարական կարգերն ամրապնդելու նպատակով 1844թ. Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Փոխարքա է նշանակվում փորձված պաշտոնյա Ա. Վորոնցովը, որը ճկուն քաղաքականություն էր վարում: 1849թ. հատուկ հրամանագրով կազմվում է Երևանի նահանգը, որի մեջ մտնում էին հինգ գավառ՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի: Վարչական այս բաժանումը պահպանվեց երկար ժամանակ՝ մինչև 1917 թվականը: 1830-1840-ական թթ. վարչական վերափոխումներով ցարական կառավարությունը Անդրկովկասում ամրապնդեց ռուսական օրենքներն ու վարչաձևը:

 

Տնտեսությունը

Երկար ժամանակ գտնվելով հետամնաց Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ՝ Հայաստանի տնտեսությունը մնացել էր չափազանց ցածր մակարդակի վրա:

Գյուղատնտեսության մեջ մշակվում էին ցորեն, գարի, բրինձ, բամբակ, ծխախոտ և այլն: Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Հայաստանում սկսվեց կարտոֆիլի և կաղամբի մշակությունը: Տարածված էր այգեգործությունը, հատկապես խաղողագործությունը: Հողը մշակվում էր միջնադարյան գործիքներով:

Հայերի շրջանում զարգացած էր արհեստագործությունը, որը կենտրոնացած էր քաղաքներում: Նրանք ունեին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները, որոնք միևնույն արհեստի մեջ համախմբված աշխատողների միություններ էին:

Արդյունաբերությունը շատ թույլ էր զարգացած: Արևելյան Հայաստանում գործում էին Ալավերդու, Ախթալայի և մասամբ Կապանի պղնձահանքերը, Նախիջևանի և Կողբի աղահանքերը: Արտադրված պղինձը և աղը արտահանվում էին:

Անդրկովկասը տնտեսապես իրեն ենթարկելու նպատակով ցարական կառավարությունը հովանավորում էր առևտուրը: Տնտեսության այս ճյուղը զարգացում էր ապրում: Անդրկովկասի առևտուրը հիմնականում կենտրոնացած էր հայերի ձեռքում:

Քաղաքները հետամնաց վիճա… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz