…կում էին: Արևելյան Հայաստանի նշանավոր քաղաքներն էին Երևանը, Ալեքսանդրապոլը (Գյումրին), Նախիջևանը, Ախալցխան, Կարսը, Շուշին: Դրանք վարչական և առևտրաարդյունագործական կենտրոններ էին, բայց դրանցում չկային մշակութային աչքի ընկնող հաստատություններ: Այդ քաղաքների բնակչությունը չէր անցնում 10-13 հազարից: Բնակչության աճը դանդաղ էր կատարվում: Երևան քաղաքը եթե 1830-ական թթ. ուներ 11300 բնակիչ, ապա 1850թ. բնակչության թիվը հասավ ընդամենը 12600-ի:

Ցարական կառավարությունը Անդրկովկասին, այդ թվում և Հայաստանին նայում էր որպես գաղութի:

 

Լուսավորություն

Կրթական-լուսավորական էական դեր էին կատարում դպրոցները: XIX դարի առաջին կեսին մեծ առաջընթաց կատարվեց ուսումնական գործում: Հիմնվեցին այնպիսի դպրոցներ, որոնք ամբողջ հայության համար տևական ժամանակ կրթական-մշակութային կարևոր կենտրոններ դարձան: Աստրախանում 1810թ. բացվեց Աղաբաբյան դպրոցը: Լազարյան գերդաստանի համբավավոր ներկայացուցիչ Հովհաննես Լազարյանի կտակի համաձայն՝ Մոսկվայում 1815թ. բացվեց Լազարյան ճեմարանը: Ուսումնական այս օջախը գործեց ավելի քան մեկ դար և դարձավ հայագիտության, արևելագիտության, առհասարակ մշակութային ճանաչված կենտրոն: Ներսես Աշտարակեցու ջանքերով 1824թ. համանման դպրոց հիմնվեց Թիֆլիսում, որը հիմնադրի անունով կոչվեց Ներսիսյան: Երևանում 1832թ. հիմնադրվեց գավառական, իսկ 1837թ.՝ թեմական դպրոցը: Մեկ տարի հետո թեմական դպրոց բացվեց Շուշիում: Հայկական դպրոցներ են բացվում Վենետիկում, Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում, Կալկաթայում, Վանում, Էրզրումում, Փարիզում և այլ բնակավայրերում: Բացվում են նաև ծխական դպրոցներ, որոնք անմխիթար վիճակում էին:

Ուսումնատենչ հայ երիտասարդները Անդրկովկասում բարձրագույն դպրոց չլինելու պատճառով մեկնում էին Ռուսաստանի, Եվրոպայի ճանաչված կրթական կենտրոնները: Այնտեղ կրթություն ստացած հայ մտավորականության առաջին սերունդը (Հ. Ալամդարյան, Խ. Աբովյան, Ս. Նազարյան, Ղ. Ալիշան և ուրիշներ) ակնառու դեր կատարեց լուսավորության ու մշակույթի ասպարեզում:

Հաջողություններ են նկատվում նաև լուսավորության մեկ այլ բնագավառում՝ ամսագրերի ու թերթերի՝ պարբերական մամուլի հրատարակության մեջ, որոնք բոլորն էլ լույս են տեսել Հայաստանից դուրս: Այս շրջանի նշանավոր պարբերականներից են «Բազմավեպ» (Վենետիկ), «Շտեմարան», «Ազգասեր» (Կալկաթա), «Լրագիր» (Կ. Պոլիս), «Հայրենասեր» (Զմյուռնիա), «Կովկաս», «Արարատ» (Թիֆլիս) հանդեսները:

 

Գիտություն

Հետաքրքիր աշխատանքներ են կատարվում գիտության տարբեր բնագավառներում: Մխիթարյան միաբանության անդամ Ղ. Ինճիճյանը հրատարակում է պատմաաշխարհագրական մի շարք ծանրակշիռ աշխատություններ: Վիեննայում լույս է տեսնում Հ. Գաթրջյանի «Տիեզերական պատմություն» երկհատորյակը: Հրատարակվում է ռուս պատմաբան Սերգեյ Գլինկայի «Հայ ժողովրդի պատմության տեսություն» աշխատությունը: Արժեքավոր ուսումնասիրություններ են կատարվում լեզվաբանության ուղղությամբ: Վենետիկում տպագրվում է մի քանի հեղինակների շուրջ 50 տարվա համատեղ աշխատանքի արդյունքը՝ «Նոր բառգիրք Հայկազյան լեզվի» գիրքը: Երկու ստվար հատորներից բաղկացած այդ բառարանը այսօր էլ չի կորցրել իր գիտական արժեքը:

Մեծանում է հետաքրքրությունը բնական գիտությունների նկատմամբ: Նշանավոր բժիշկ-գիտնական Պետրոս Քալանթարյանը, որը լավ ծանոթ էր եվրոպական և արևելյան բժշկությանը, հրատարակում է «Բժշկարան» ուսումնասիրությունը: Դասագրքեր, հետազոտություններ են հրատարակվում թվաբանության, երկրաչափության վերաբերյալ:

 

Գրականություն

XIX դարի առաջին կեսը բեկումնային ժամանակաշրջան էր գրականության համար: Այս շրջանում ձևավորվում է հայ նոր գրականությունը: Հայ գրականության այս նոր փուլը նախապատրաստելու գործում նշանակալից է Հ. Ալամդարյանի, Մ. Թաղիադյանի և հատկապես Խ. Աբովյանի դերը: Հարություն Ալամդարյանը (1795-1834) որպես ուսուցիչ աշխատել է Լազարյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում: Իր ոչ մեծաքանակ քնարական բանաստեղծություններով նա նոր երանգ է բերում գրականության մեջ, երգում աշխարհիկ կյանքը, սերը: Մեսրոպ Թաղիադյանը (1803-1858) հիմնականում ապրել ու գործել է Հնդկաստանում: Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն: Թաղիադյանը ջերմ հայրենասեր էր: «Մեր արմատը,- գրում էր նա,- մեր հայրենիքն է: Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը»:

Խաչատուր Աբովյանը (1809-1848) XIX դարի առաջին կեսի հայ գրականության և լուսավորական շարժման ամենանշանավոր դեմքն է, հայ նոր գրականության հիմնադիրը, լուսավորիչ, մանկավարժ: Նա սովորել է Էջմիածնում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա նշանակվել է կաթողիկոսի թարգման ու գրագիր:

1829թ. Էջմիածին է գալիս Դորպատի (Տարտու) համալսարանի պրոֆեսոր Պարրոտի արշավախումբը՝ Արարատ լեռը բարձրանալու: Աբովյանը, որպես թարգմանիչ, միանում է արշավախմբին և նրանց հետ բարձրանում Արարատի գագաթը: Ուշիմ պատանին գրավում է Պարրոտի ուշադրությունը և վերջինիս ջանքերով ընդունվում Դորպատի համալսարան: Վեց տարիների ուսման ընթացքում Աբովյանը հիմնավոր կրթություն է ստանում, տիրապետում մի քանի լեզուների: Վերադառնալով հայրենիք՝ նա Թիֆլիսում, ապա՝ Երևանում նվիրվում է գրական-մանկավարժական աշխատանքների: 1848թ. ապրիլի 2-ին՝ առավոտյան, դուրս է գալիս տնից և այլևս չի վերադառնում: Մինչև այժմ պարզված չէ նրա անհայտացման պատճառը:

Իր բեղմնավոր գործունեությամբ Աբովյանը ձգտել է դպրոցները դուրս բերել հետամնաց վիճակից: Նրա նախաձեռնությամբ վերացվում են մարմնական պատիժները: «Մանուկներին կրթելը,- ասում էր նա,- աշխարհիս երեսին ամեն բան է ինձ համար... Ուսուցիչը պետք է սիրի աշակերտին այնպես, ինչպես հայրը՝ որդուն»:

Մեծ է Աբովյանի գրական վաստակը: Նրա ստեղծագործությունների գլուխգործոցը հռչակավոր «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպն է: Նրանում գեղարվեստորեն ներկայացված են XIX դարի առաջին տասնամյակների պատմական անցքերը: Վեպի հիմնական գաղափարը հայրենասիրությունն ու ազատասիրությունն է. «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ,- ասում է Աբովյանը,- բայց քո հայրենիքը մի՛ տուր թշնամյաց»: Դրվատելով Ռուսաստանի կատարած դրական դերը՝ նա գրում է. «Օրհնված լինի էն սհաթը, երբ ռուսները ոտք դրին մեր հայկական հողը»:

«Վերք Հայաստանին» աշխարհաբար լեզվով գրված առաջին վեպն է: Նրանով սերունդներ են դաստիարակվել: Խաչատուր Աբովյանը նոր ուղի բացեց գալիք սերունդների համար:

 

Արվեստ

Զարգացում ապրեց արվեստը՝ իր բազմազան ճյուղերով: Կերպարվեստի մեջ նշանավոր էր Հովնաթանյանների գերդաստանը: Հակոբ Հովնաթանյանը (1809-1884) ապրել և ստեղծագործել է հիմնականում Թիֆլիսում: Նա դիմանկարչության ժամանակի ճանաչված վարպետ էր, որի գործերից մեզ են հասել շուրջ 60 կտավներ: Աղաֆոն Հովնաթանյանը, ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, զբաղվել է գեղանկարչության տարբեր ճյուղերով:

Նույնպես Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտեց ղրիմահայ Հովհաննես Այվազովսկին, որը դարձավ աշխարհահռչակ ծովանկարիչ: Այդ նույն ակադեմիայում կրթություն ստացավ նաև Աբովյանի մանկական ընկեր Ստեփան Ներսիսյանը, որի գործերից նշանավոր են Մեսրոպ Մաշտոցի, Բեթհովենի դիմանկարները, «Խնջույք գետափին» նկարը:

Երաժշտության մեջ աչքի էր ընկնում Համբարձում Լիմոնջյանը: Նա ստեղծում է հայկական նոտաներ: Այդ նոտաներով իր հետևորդների հետ ձայնագրում են եկեղեցական շարականներ, ժողովրդական երգեր ու պարեր: Մեծն Կոմիտասը ուշադրություն է դարձրել և բարձր գնահատել Հ. Լիմոնջյանի դերը:

Աշխուժություն է նկատվում թատերական արվեստի բնագավառում: Դեռևս մասնագիտացված թատրոններ չկային, բայց դպրոցներում և այլ տեղերում կազմակերպում էին սիրողական ներկայացումներ: Նման ներկայացումներ են կազմակերպվում Թիֆլիսում, Ղրիմի, Նոր Նախիջևանի հայկական գաղութներում: 1827թ. Երևանում դեկաբրիստ սպաների մասնակցությամբ առաջին անգամ բեմադրվեց Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսը:

Թուրք-պարսկական տիրապետության շրջանում գրեթե դադարել էին շինարարական աշխատանքները: Հետևաբար, վերացել էին ճարտարապետությունը զարգացնելու հնարավորությունները: Հարուստ ավանդույթներ ունեցող հայ ճարտարապետությունը զարգանում էր փոքր ձևերում: Ստեղծվում էին նրբաճաշակ խաչքարեր, մատուռներ, տապանաքարեր, դարպասներ և այլն: Գողտրիկ հուշարձանների ստեղծումը նպաստեց քանդակագործության զարգացմանը: Հայ վարպետների նուրբ քանդակներով ստեղծված խաչքարերն ու շիրմաքարերը արվեստի սքանչելի գործեր են:

Создать бесплатный сайт с uCoz