…ժեղ մասնաճյուղեր ստեղծվեցին մի շարք հայաշատ վայրերում: Կուսակցության ներսում եղած սոցիալիզմի վերաբերյալ տարաձայնությունները հարթելու համար 1896թ. հունվարին Լոնդոնում հրավիրվեց պատգամավորական ժողով: Այնտեղ արևմտահայ հնչակյանները Ա. Արփիարյանի և Մ. Տամատյանի ղեկավարությամբ պահանջում էին, որ կուսակցությունը հրաժարվի սոցիալիզմի քարոզչությունից և ղեկավարման կենտրոնացված սկզբունքից: Այդ ժամանակ կուսակցությունը բաժանվեց 2 թևի: 1896թ. Լոնդոնի պատգամավորական ժողովում արևմտահայ թևը ստացավ «վերակազմյալ հնչակյաններ» անունը: Նրանք հետագայում կատաղի պայքար սկսեցին իրար դեմ, որը հաճախ ավարտվում էր երկու թևի գործիչների սպանություններով:

 

Հայ հեղափոխական դաշնակցություն

Թիֆլիսում տարբեր հեղափոխական կազմակերպությունները միավորվեցին Քր. Միքայելյանի ղեկավարած հայ նարոդնիկների խմբի հետ: Այդ ընթացքում որոշվեց արևմտահայերի ազատագրության համար պայքարող բոլոր խմբերի միավորումով ստեղծել «Հայ հեղափոխականների դաշնակցություն»: 1890թ. սեպտեմբերին լույս տեսավ նրա «Մանիֆեստը», որտեղ գործունեության նպատակը հայտարարվում էր «Թուրքաց Հայաստանի քաղաքական ազատությունը»: Ընտրվեց կենտրոնական վարչություն: Միավորվելու համար բանակցություններ սկսվեցին նաև Թիֆլիս եկած հնչակյան Խանազատի հետ: Վերջինս պնդում էր, որ կուսակցության ծրագրում դրվեն սոցիալիզմի սկզբունքները: Դրան դեմ դուրս եկան Քր. Միքայելյանն ու Ս. Զավարյանը: Կուսակցությունների միավորմանը դեմ էին հնչակյաններից Նազարբեկյաև ամուսինները: Միությունը չկայացավ: Հայ հեղափոխականների դաշնակցությունը գործունեության առաջին ամիսներին իր կազմակերպական ցանցերը տարածեց Անդրկովկասում, թափանցեց Արևմտյան Հայաստան, նաև Ռուսաստանի հայաշատ վայրերը: Կուսակցության առաջին ընդհանուր ժողովը եղավ 1892թ.: Քննարկվեցին բոլոր վիճելի հարցերը: Կուսակցության գործելակերպի քննարկման ժամանակ սուր քննադատության ենթարկվեց կենտրոնացված ղեկավարության համակարգը: Հաղթեց Ս. Զավարյանի և Հ. Դավթյանի կողմից առաջադրված ապակենտրոնացման սկզբունքը, որը դարձավ կուսակցության հետագա ընդարձակմանը նպաստող ամենամեծ գործոնը: Այդ ընթացքում կուսակցությունը վերանվանվեց Հայ հեղափոխական դաշնակցություն: «Դրոշակի» 1894թ. համարներում տպվեց «Մեր ծրագիրը»: Ծրագրային հարցերում կուսակցությունը պետք է լիներ միասնական և կենտրոնացված: Ծրագիրը բաղկացած էր երեք մասից՝ «Նպատակ», «Միջոցներ», «Կազմակերպություն»: Կուսակցության նպատակն էր ընդհանուր ապստամբության միջոցով Արևմտյան Հայաստանի տնտեսական և քաղաքական ազատությունը: Միջոցներն էին մարտական խմբերի ձևավորումը, ժողովրդին զինելը և ինքնապաշտպանության կազմակերպումը: «Կազմակերպություն» բաժինն ընդունում էր ապակենտրոնացման սկզբունքը: Առաջին ընդհանուր ժողովին հաջորդած տարիները եղան ՀՀԴ-ի ընդարձակման շրջանը: Անդրկովկասի բոլոր նահանգներում և հայաշատ վայրերում, Հյուսիսային Կովկասում, ռուսական բոլոր գաղթավայրերում ստեղծվեցին տեղական մարմիններ: Ուժեղ կառույցներ ձևավորվեցին Ատրպատականում, Վան-Վասպուրականում, ապա նաև Թուրքական կայսրության հայաշատ վայրերում: 1890-ական թվականների երկրորդ կեսից սկսած ՀՀԴ-ն աստիճանաբար դարձավ ամենաազդեցիկ համահայկական կուսակցությունը:

Հայ ազգային կուսակցությունները, չնայած իրենց ոչ համերաշխ գործելակերպին, մեծ աշխատանք կատարեցին ժողովրդի ազգային ինքնագիտակցության արթնացման, ինքնապաշտպանության կազմակերպման գործում:

 

Հայդուկային շարժումը

Արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի մեջ մեծ տարածում գտավ հայդուկային կամ ֆիդայական շարժումը: Հայդուկ հունգարերեն բառ է, նշանակում է պարտիզան, ֆիդայի արաբերեն բառ է, նշանակում է անձնազոհ: Հայդուկային շարժումն Արևմտյան Հայաստանում սկսվեց 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից, այն իր սուր ծայրով ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների և բռնակալների դեմ: Մեծ մասամբ իբրև ճնշող և բռնակալ հանդես էին գալիս քուրդ ռազմական ավագանին՝ ցեղապետերը և թուրք պաշտոնեությունը: Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ: Չհանդուրժելով լլկանքները՝ հայ գյուղացին մի որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք և բարձրանում լեռները: Երբեմն՝ մենակ, երբեմն՝ խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ, հայդուկներն ապաստանում էին լեռներում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն: Առաջին հայդուկներից էր 1869թ. ծնված Արաբոն (Առաքել Մխիթարյան), որը, չհանդուրժելով քուրդ ցեղապետերի վայրագությունները, որոշեց նրանց պատասխանել «ակն ընդ ական»: Նա հանդուգն էր, արի, վեհանձն, պաշտպանում էր հասարակ գյուղացուն՝ անկախ ազգությունից: Կողոպտում էր հարուստների ունեցվածքը, բաժանում անխտիր բոլոր գյուղացիներին: Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոյի 16-հոգանոց խումբը շրջապատվեց թշնամու կողմից, և բոլորն էր զոհվեցին:

Ֆիդայական շարժումները վերելք ապրեցին, երբ նրանց գործունեությունն սկսեցին ղեկավարել ազգային կուսակցությունները:

Հայդուկային շարժման ականավոր դեմքերից էր Արմենակ Ղազարյանը. ծնվել է 1864թ. Սասունի Ահրոնք գյուղում: Իբրև ֆիդայի նա հայտնի դարձավ Հրայր, Դժոխք, Ուրվական անուններով: Նրա նպատակն էր ոչ թե ստեղծել ֆիդայական խմբեր, այլ առաջացնել համաժողովրդական շարժում: Լեռ բարձրանալու փոխարեն նա շրջում էր գյուղից գյուղ ըմբոստության ոգին ժողովրդի մեջ տարածելու համար: Հենց որ ՀՀԴ-ն իր գործունեությունն սկսեց Տարոնում, Հրայրն ընդունվեց նրա շարքերը: Նա թղթակցում էր և' «Հնչակին», և' «Դրոշակին», պախարակում նրանց միջկուսակցական տարաձայնությունները: Նա իրատես գործիչ էր. չէր հավատում Եվրոպայի խաբուսիկ հույսերին, ոչ էլ թուրքերի խոստումներին: Նա գործուն մասնակցություն ունեցավ Սասունի 1894թ. ինքնապաշտպանական մարտերին և զոհվեց 1904թ. Սասունի ապստամբության վճռական կռվում:

Ֆիդայական շարժման անվանի հայդուկապետերից էր Սերոբ Վարդանյանը՝ Ախլաթի շրջանի Սոխորդ գյուղի գյուղապետի կրտսեր եղբայրը: Իր վրա հարձակված քրդերից մեկին սպանելուց հետո նրան փախցնում են սկզբից Կ. Պոլիս, ապա Ռումինիա: Այնտեղ հայդուկային խումբ է ձևավորում և 1895թ. վերադառնում Ախլաթ: 1896-97 թվերին ողջ գավառում նա կազմակերպում է ժողովրդի ինքնապաշտպանությունը: Այդ պատճառով ժողովուրդը նրան սկսեց կոչել Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող: 1897-99 թվերի ֆիդայական շարժումը կոչվեց Սերոբյան շրջան: Թեղուտ գյուղի վճռական ճակատամարտից հետո մի ողջ շաբաթ նա թաքնվում էր ձյունապատ Նեմրութ լեռան կատարին: Այդ ժամանակներից նրան կոչում են նաև Նեմրութի Ասլան: Կառավարությունը մեծ գին հայտարարեց Սերոբի գլխի համար: Գեղաշենի ռես Ավոն թունավորում է նրան և հայտնում Բշարե Խալիլին: Գելիգուզան գյուղում թունավորված Սերոբը իր ընտանիքի և ընկերների հետ դիմադրում է Բշարե Խալիլի զորքերին, բայց զոհվում է թշնամու սարսափը, ժողովրդի սիրելին: Սակայն նրա անունը անմար մնաց ժողովրդի հիշողության ծալքերում: Նրա մասին հյուսվեցին երգեր ու ասքեր:

Հարյուրավոր հայդուկների շարքում իր պատվավոր տեղն ունի Գևորգ Չավուշը: Նա հին հայդուկներից էր, մարտնչել էր բազմաթիվ խմբերում: Իր անձնազոհությամբ և սխրանքներով չէր զիջում Սերոբին, սակայն անմռունչ կատարում էր նրա հրամանները: Գևորգը մղեց բազմաթիվ կռիվներ՝ Մազրայի, Շենիկի, Բերդակի, Պնավի մարտերը, որոնք բոլորն էլ ավարտվում էին հաղթանակով: Դրանցով նա սիրտ էր տալիս հայությանը, հավատ ներշնչում ֆիդայիների նկատմամբ, իսկ քուրդ ու թուրք շահագործողները վախենում էին Գևորգի պատժից: Նա դարձել էր անորսալի վրիժառու: Կառավարությունը ուժեղացրեց նրան հետապնդելու գործունեությունը և 1907թ. Սուլուխի կռվում Գևորգը զոհվեց, բայց նրա անունը մնաց ժողովրդի սրտում իբրև անձնազոհության և նվիրումի վսեմ օրինակ:

Սերոբի խմբի հայդուկներից էր Անդրանիկ Օզանյանը, ծնվել է 1865թ. Սեբաստիայի վիլայեթի Շապին-Գարահիսար քաղաքում: Սպանելով իր անմեղ հորը ծեծող թուրք պաշտոնյային՝ նա բանտարկվում է, ապա փախչում Կ.Պոլիս, հետո՝ Ռումինիա: Որոշ ժամանակ անց վերադառնում է Արևմտյան Հայաստան, հետո իր տեղն է գտնում Աղբյուր Սերոբի խմբում, որտեղ աստիճանաբար մեծ հեղինակություն է ձեռք բերում: Սերոբի դահիճ Բշարե Խալիլի սպանությունն իրականացնելուց հետո դառնում է հայդուկապետ: Նրա հռչակն ավելի տարածվեց Առաքելոց վանքի ինքնապաշտպանության ժամանակ: Նահանգական իշխանությունները փորձեցին խաբեությամբ ծուղակը գցել Անդրանիկին և նրա խմբին, բայց չհաջողվեց:

Ժողովրդական հերոս Անդրանիկը բազմաթիվ հաղթական կռիվներ մղեց Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Ռուսական բանակի հրամանատարության կողմից արժանացավ գեներալի բարձր աստիճանի, բայց հոգով միշտ մնաց հայդուկ, պատրաստ զոհվելու իր ժողովրդի և հայրենիքի համար: Հայդուկային խմբերի մեջ նշանավոր դեր էին կատարում բազմաթիվ քաջակորով այլ հայորդիներ:

Հայդուկային շարժումը հայ ազգային-ազատագրական շարժման փառավոր էջերից է: Այն նպաստեց ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ինքնապաշտպանությանը: Բազմաթիվ հայ խիզախ վրիժառուներ իրենց սխրանքներով անմահացան ժողովրդի սրտում, ապացուցելով, որ ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյություն:

 

Թուրքական կառավարության հայահալած քաղաքականությունը

19-րդ դարի վերջին քառորդում գնալով ավելի էր ծանրանում արևմտահայության սոցիալ-քաղաքական և տնտեսական դրությունը: Հայ գյուղացին մահմեդականից հինգ անգամ ավելի շատ հարկ էր վճարում: Ծանր և հյուծիչ հարկային քաղաքականությունը նպատակ էր հետապնդում թուլացնել հայերի տնտեսական հզորությունը, զրկել ապրուստի միջոցներից, հարկադրել բռնել տարագրության ուղին: Թուրքական իշխանությունները նաև այս միջոցով էին փորձում հասնել հայկական նահանգների հայաթափման զազրելի ծրագրի իրականացմանը:

Տնտեսական բազմաբնույթ ճնշումները զուգակցվում էին ազգայնամոլական քաղաքականությամբ, ազգային հողի վրա տեղի ունեցող խժդժություններով, բռնություններով: Թուրք կառավարող վերնախավի, սուլթան Աբդուլ Համիդի մոտ արմատավորվել էր այն մտայնությունը, թե Հայկական հարցը պետք է «լուծել» հայերի բնաջնջման ճանապարհով: Այդ նպատակի համար սուլթանը դեռևս 1891-ին ստեղծել էր իր անունով կոչվող քրդական «համիդիե» հեծելազորերը, որոնց հիմնական խնդիրն էր կոտորել հայերին և մյուս քրիստոնյաներին: 1890-ական թթ. սկզբներին սուլթանական կառավարությունն ամենայն մանրամասնությամբ մշակեց ջարդերի ծրագիրը՝ համապատասխան հրահանգներ հղելով տեղական իշխանություններին՝ հայկական կոտորածները բարձրացնելով պետական մակարդակի:

 

Սասունի 1894թ. ապստամբությունը

Թուրքական իշխանությունը որոշեց նախ և առաջ հաշվեհարդար տեսնել հայ ազատագրական շարժման գլխավոր օջախներից մեկի՝ Սասունի հետ: Սասունը Արևմտյան Հայաստանի լեռնային գավառներից է: Այն վարչականորեն գտնվում էր Բիթլիսի վիլայեթում և ուներ շուրջ 35000 հայ բնակչություն: Ազատաբաղձ և անկոտրում սասունցիներին ճնշելու համար սուլթանի հրամանով թուրքական ուժերը հաճախակի հարձակումներ էին կազմակերպում Սասունի հայկական գյուղերի վրա: 1891-1892թթ. սասունցիները պարտության են մատնում թուրք-քրդական ուժերին, որոնք փորձում էին ներխուժել Տատրագոմ և սրի քաշել խաղաղ բնակչությանը: Հնչակյան կուսակցության գործիչներ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաջյան) տեղի գործիչներ Հրայրի, Գևորգ Չաուշի և ուրիշների հետ ժողովրդին ապստամբության էին կոչում: Շուտով լեռնականները հրաժարվում են հարկատվությունից: Սուլթանական կառավարությունը նախ փորձում է սասունցիներին հնազանդեցնել քուրդ ցեղապետերի միջոցով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանով ավելի կսրվեն հայ-քրդական հարաբերությունները: Սակայն լեռնցիներն անկոտրում էին մնում: Սասունցիները Գրիգոր Մոսեյանի գլխավորությամբ 1893թ. պարտության են մատնում Բիթլիսի կուսակալի կողմից ուղարկված զորքերին: Բայց սուլթանին հաջողվում է ձերբակալել Մ.Տամատյանին, Տարոնի հոգևոր առաջնորդ Ներսես եպիսկոպոսին և այլ ըմբոստ սասուևցիների՝ թվով 25 հոգու: Սակայն սասունցիները չեն վհատվում: Պայքարի ղեկն իրենց ձեռքն են վերցնում Մեծն Մուրադը, Հրայրը, նրանց զինակիցները, որոնք ժողովրդին նախապատրաստում են զինված պայքարի: Առանձնապես մեծ աշխատանքներ է ծավալում երիտասարդ հայդուկ Գևորգ Չաուշը:

Կատաղած սուլթանը սասունցիների դեմ է ուղարկում 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային, որին միանում են նաև քրդական ջոկատները, թուրք խառնամբոխը: Զեքի փաշան պահանջում է վերջին 7 տարիների հարկը, սակայն սասունցիները մերժում են:

Օգոստոսի սկզբին թուրքական ավելի քան 40000-անոց զորքն ու խառնամբոխը անցնում է հարձակման: Սասունցիները դիմում են հերոսական պաշտպանության՝ խիզախության և անձնազոհության հրաշքներ գործելով: Տղամարդկանց հետ ուս ուսի քաջաբար մարտնչում էին նաև կանայք և պատանիները: Տեսնելով, որ չի կարողանում ճնշել քաջակորով լեռնականներին, թշնամին դիմում է նենգության. պատվիրակություն է ուղարկում սասունցիների մոտ և սուլթանի անունից ներում խոստանում, եթե նրանք անձնատուր լինեն: Բանակցությունների համար սասունցիներն ուղարկում են 148 հոգու, որոնք, սակայն, շրջապատվում են թշնամու կողմից և կոտորվում: Կռիվներն սկսվում են նոր թափով: Բայց ուժերը խիստ անհավասար էին: Բազմիցս գերակշիռ հակառակորդը շուտով գրավում է մի շարք բնակավայրեր, նաև՝ պաշտպանության կենտրոն Գելիեգուզան գյուղը: Ընդամենը 2000 մարտիկ ունեցող սասունցիները նահանջելով դիրքավորվում են լեռներում և, սրընթաց հակագրոհներ կազմակերպելով, զգալի հարվածներ հասցնում թշնամուն: Շուրջ 15 օր շարունակվում է այդ անհավասար գոտեմարտը: Օգոստոսի վերջերին թուրքական զորքերն ի վերջո հաղթում են և սրի քաշում մոտ 7000 հոգու: Կանանցից ոմանք, չարատավորվելու համար, ինքնասպան են լինում: Գյուղապետ Գրիգորի գեղանի հարս Շաքեն զոհվում է՝ նետվելով ժայռից, նրա օրինակին են հետևում շատերը:

Ապստամբության ղեկավարների մի մասը (Գր. Մոսեյան, Ա. Նիկայան և ուրիշներ) զոհվեց, իսկ մյուսները (Մեծն Մուրադ, Գևորգ Չաուշ և այլք) ձերբակալվեցին: Մուրադը դատապարտվեց 11 տարվա բանտարկության և աքսորվեց Տրիպոլի (Լիբանան):

Սասունի 1894թ. ապստամբությունը Բեռլինի կոնգրեսից հետո արևմտահայերի առաջին զինված ելույթն էր օսմանյան բռնապետության դեմ: Սասունցիները հույս ունեին, որ մեծ տերությունները կմիջամտեն հօգուտ իրենց: Սակայն նրանց հույսերը չարդարացան: Մեծ տերությունները Սասունի իրադարձություններով սկսեցին զբաղվել միայն այն ժամանակ, երբ Աբդուլ Համիդն արդեն ճնշել էր ապստամբությունը և սրի քաշել հազարավոր անմեղ հայերի:

 

Բարենորոգումների մայիսյան ծրագիրը

Սասունի կոտորածները բողոք և զայրույթ առաջացրին բազմաթիվ երկրներում: Միջազգային առաջադեմ հասարակայնությունը բողոքի ձայն բարձրացրեց Աբդուլ Համիդի կողմից Սասունում կատարված ոճրագործությունների դեմ: Հասարակական պահանջի ազդեցության տակ անգլիական, ֆրանսիական և ռուսական կառավարությունները սկսեցին անդրադառնալ Սասունի ջարդերին: 1894թ. նոյեմբերին կազմվեց հատուկ հանձնաժողով՝ Սասունի կոտորածներն ուսումնասիրելու համար: Մի քանի ամիս աշխատելուց հետո հանձնաժողովը եզրակացրեց, որ Սասունի հայությունը կոտորվել է առանց տարիքի և սեռի խտրության, կոտորվել է թուրքական իշխանությունների կողմից առանց պատճառի: Վերստին առաջ քաշվեց Հայկական հարցը: 1895թ. մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Թուրքիային ներկայացրին բարենորոգումների ծրագիր, որը կոչվեց մայիսյան: Ըստ դրա՝ Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի և Սեբաստիայի վիլայեթներում (նահանգներում) իրականացվելու էին բարենորոգումներ: Նահանգապետերը նշանակվելու էին 5 տարի ժամկետով, առանց կրոնական խտրության: Եթե նահանգապետը քրիստոնյա էր, ապա տեղակալը պետք է լիներ մահմեդական և հակառակը: Նահանգապետերն ու գավառապետերը նշանակվելու էին սուլթանի կողմից: Խաղաղ ժամանակ «համիդիե» հեծելազորը զրկվում էր զենք և համազգեստ կրելու իրավունքից: Վերացվելու էին բռնի պարհակները, կարգավորվելու էր հարկային դաշտը, լուծում էին ստանալու հողային և դատական հարցերը:

Ստանալով այդ փաստաթուղթը՝ սուլթանը կեղծավորաբար գոհունակություն հայտնեց, սակայն ավելացրեց, որ ինքն անարդար է համարում բարենորոգումների իրականացումը կայսրության միայն մի մասում: Դեսպաններին նա ասաց, որ անհրաժեշտ է բարենորոգումներ իրականացնել նաև մնացած վիլայեթներում: Չնայած նրան, որ սուլթանը 1895թ. հոկտեմբերին հաստատեց բարենորոգումների ծրագիրը, սակայն ոչ մի քայլ չձեռնարկեց դրանց իրագործման ուղղությամբ:

Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությունը գրավելու և նրանց աջակցությամբ մայիսյան բարենորոգումների ծրագիրը կենսագործելու համար հնչակյանները 1895թ. սեպտեմբերին Կ.Պոլսում խաղաղ ցույց կազմակերպեցին: Ցույցի կազմակերպիչները նախօրոք դեսպաններին տեղեկացրել էին, որ ցույցն ունի խաղաղ բնույթ: Շուրջ 4000 խաղաղ ցուցարարներ շարժվեցին դեպի Բաբ Ալի՝ կառավարության նստավայրը: Սակայն կես ճանապարհին ոստիկանները կանգնեցնում են ցուցարարներին և թույլ չեն տալիս պահանջագիրը հանձնել կառավարությանը: Ապա ցուցարարների վրա են հարձակվում զինվորները՝ գնդակոծելով նրանց: Նույն օրը ջարդերը տարածվում են ողջ Կ.Պոլսով, որին զոհ է գնում շուրջ 2000 հայ:

 

Արևմտահայության զանգվածային կոտորածները

Համոզվելով, որ մայիսյան բարենորոգումների ծրագիրը մեծ տերությունների միջև առկա հակասությունների պատճառով մնալու է թղթի վրա, սուլթանը վճռեց հայերի բողոքի ձայնը խեղդել աննախադեպ կոտորածներով: Դրանք սկսվում են փաստորեն 1894թ. և շարունակվում մինչև 1896թ. վերջերը:

Կառավարությունը հրահանգում է հետադեմ մահմեդական հոգևորականությանը կեղծ լուրեր տարածել, որ իբր հայերը ցանկանում են պետական հեղաշրջում կատարել, կոտորել մահմեդականներին: Ոտքի հանվեցին թուրք մոլեռանդ խառնամբոխը, քրդական ցեղերը, ոստիկանական ուժերը, բանակային կանոնավոր զորամասերը, որոնք առանց սեռի և տարիքի խտրության սկսեցին հայերի կոտորածները:

1895թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ջարդեր տեղի ունեցան Բաբերդում, Երզնկայում, Շապին-Գարահիսարում, Էրզրումում, Սեբաստիայում, Ուրֆայում, Վանում, Բայազետում, Բիթլիսում և այլուր, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում:

1896թ. օգոստոսի 14-ին մի խումբ դաշնակցականներ դիմում են արտասովոր միջոցի: Նրանք մտնում են Օտտոմանյան բանկ և պահանջում դադարեցնել ջարդերը, այլապես սպառնում են պայթեցնել բանկը: Դեսպանների միջամտությամբ բանկը գրաված խումբն ազատվում է, բայց այդ դեպքը առիթ է դառնում կոտորածների ծավալման համար: Եռօրյա ջարդերի արդյունքում միայն Կ.Պոլսում սրի է քաշվում մոտ 10 հազար հայ: Մեծ թվով հայեր զոհվեցին կոտորածներին հաջորդած ցրտաշունչ ձմռան, սովի և համաճարակի պատճառով:

1890-ական թթ. կոտորածներով, փաստորեն, սկսվեց արևմտահայության ցեղասպանությունը: Զոհվեց ավելի բան 300 հազար հայ, նույնքան էլ բռնեց տարագրության փշոտ ու փոշոտ ճանապարհը: Մոտ 100 հազար հայեր գաղթեցին Ռուսաստան, իսկ 150-200 հազարը՝ Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի զանազան երկրներ: Ցավոք, արևմտահայության որոշ մասն էլ դավանափոխվեց՝ ընդունելով մահմեդականություն:

 

Կոտորածների հետևանքները

1890-ական թվականների ջարդերը խիստ ծանր հետևանքներ ունեցան Արևմտյան Հայաստանի և ողջ հայության համար: Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի թիվը 3 միլիոնից նվազեց մինչև 2,5 միլիոն: Բնաջնջված և տարագրված հայերի բնակավայրերում իշխանությունները բնակեցնում էին մահմեդականների՝ փորձելով բնակչության տեսակարար կշիռը փոխել հօգուտ մահմեդական ազգաբնակչության: Այդ պատճառով ի վնաս հայերի զգալիորեն փոխվեց Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը:

Կոտորածներից հետո ավելի ուժեղացան արևմտահայերի ազգային և սոցիալական ճնշումները: Ազատագրական շարժումներն անմիջապես ճնշելու համար օսմանյան կառավարությունը հայկական քաղաքներում և գյուղերում հիմնեց զորանոցներ, ստեղծեց տարբեր ավազակախմբեր: Ավելի հանդուգն սկսեցին գործել սուլթանի կողմից հովանավորվող քուրդ ցեղապետերը, որոնք բռնագրավում էին հայերի հողերը՝ նրանց տերերին դարձնելով իրենց հպատակները:

Անկում ապրեց Արևմտյան Հայաստանի տնտեսությունը: Ավերվել և փակվել էին արդյունաբերական ձեռնարկությունները, կրճատվել ցանքատարածությունները: Դրանք քոչվոր ցեղերի կողմից օգտագործվում էին որպես արոտավայրեր:

 

Զեյթունի 1895թ. ապստամբությունը

Թուրքական իշխանության գլխավոր նպատակներից էր նաև հայոց ազատամարտի մեկ այլ միջնաբերդի՝ Զեյթունի վերջնական հպատակեցումը: 1895թ. ամռանը Զեյթունի և Լեռնային Կիլիկիայի մի շարք այլ բնակավայրերի հայությանը զինված պայքարի նախապատրաստելու համար Զեյթուն են գալիս հնչակյան գործիչներ: Նրանք խորհրդակցության են հրավիրում Զեյթունի իշխաններին, տեղացի գյուղապետերին, հոգևոր գործիչներին: Հասկանալով և իմանալով, որ կառավարությունը ուժեր է կենտրոնացնում Զեյթունի հետ հաշվեհարդար տեսնելու համար, քաջակորով զեյթունցիները որոշում են նրանց դիմավորել զենքը ձեռքին: Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշ Նորաշխարհյանը: Երեք օր անց քաջամարտիկ լեռնականները գրավեցին Զեյթունի կառավարչատունը՝ գերելով բոլոր պաշտոնյաներին, ապա գրավեցին գյուղաքաղաքի թուրքական զորանոցը և գերված 700 թուրք զինվորներին ստիպեցին գլուխները խոնարհած անցնել վանահոր թրի տակով: Ապա հայերը գրավեցին երկու թնդանոթ, երեք հարյուրից ավելի հրացան և ռազմամթերք: Ստեղծվում է Զեյթունի ժամանակավոր կառավարությունը՝ Աղասու գլխավորությամբ: Ձևավորվում է նաև զինվորական խորհուրդը: Զորանոցի վրա բարձրացվում է «Զեյթունի անկախ իշխանության» կարմիր դրոշը:

Սուլթանական կառավարությունը զեյթունցիների դեմ է ուղարկում 30-հազարանոց կանոնավոր և մի քանի հազարի հասնող անկանոն զորամասեր: Զեյթունցիները նրանց դիմավորում են 6000 կռվող ուժով և դեկտեմբերի 2-ից 3-ը հետ են մղում մի քանի անգամ գերակշռող հակառակորդի բոլոր գրոհները: Ապստամբության շուրջ 4 ամսվա ընթացքում զեյթունցիները տվեցին 3500 զոհ, իսկ թշնամին՝ 20000 սպանված:

Զեյթունի՝ ամիսներ տևող հերոսամարտն իր վրա է հրավիրում նաև Եվրոպայի ուշադրությունը: Հասարակական կարծիքի ճնշման ներքո գործին միջամտեցին մեծ տերությունների ներկայացուցիչները: Հաշվի առնելով, որ Թուրքիայի ներքին և արտաքին դրությունը գնալով վատթարանում է և ունկնդրելով եվրոպական դեսպանների միջնորդությանը՝ Աբդուլ Համիդը դադարեցրեց ռազմական գործողությունները: Անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում սկսվեցին բանակցությունները զեյթունցիների և թուրքական իշխանությունների միջև: Ի վերջո, փոխադարձ զիջումներով, 1896թ հունվարի 30-ին կողմերի միջև պայմանագիր կնքվեց:

Ըստ համաձայնագրի ապստամբներին շնորհվում էր ընդհանուր ներում: Հնչակյան գործիչները պետության ծախսով անարգել անցնելու էին արտասահման, փախստական հայերը կարող էին անարգել վերադառնալ իրենց բնակավայրերը: Զեյթունում այդուհետ նշանակվելու էր քրիստոնյա կառավարիչ: Հայերը վերադարձնելու էին թշնամուց խլված զենքը: Չեղյալ էին համարվում հարկային ապառքները: Համաձայնագրի իրացման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա: Հատուկ այդ նպատակի համար գավառի կենտրոն Մարաշում բացվելու էին հյուպատոսություններ: Բայց համաձայնագրի կետերի մեծ մասը չիրականացվեց: Իրագործվեցին միայն Զեյթունում քրիստոնյա կառավարչի (ազգությամբ հույն) նշանակումը, ապստամբներին ներում շնորհելը և երկրորդական բնույթի խնդիրներ:

Զեյթունի 1895-1896թթ. ապստամբությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի առասպել դարձած էջերից է: Անուրանալի է նրա ազդեցությունը ազատագրական պայքարի հետագա ծավալման գործում:

 

Ինքնապաշտպանական մարտերը

Արևմտահայերը կոտորածների առաջին օրերին հանկարծակիի եկան: Բայց շուտով բազմաթիվ վայրերում կարողացան դիմել կազմակերպված ինքնապաշտպանության: 1895թ. հոկտեմբերին Եղիշե քահանա Խաչատրյանի գլխավորությամբ ինքնապաշտպանության դիմեցին Մալաթիայի հայերը՝ պարտության մատնելով ոստիկաններին և խառնամբոխին: Սակայն նոր ուժեր ստանալով՝ թշնամին վերսկսեց հարձակումը: Մարտերն ընթանում էին փոփոխակի հաջողություններով: Ի վերջո, թուրքերը կարողացան կոտրել հայերի դիմադրությունը և սրի քաշել 3000 հոգու:

1895թ. հոկտեմբերի 31-ին երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները հարձակվում են Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա: Հայերը հնչակյան հայտնի գործիչ Մխո-Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ դիմագրավում են հակառակորդին: Համալրում ստանալով՝ թուրքերը նոյեմբերի 6-ին կրկին հարձակման են անցնում: Տեսնելով, որ ուժերը խիստ անհավասար են, հայերը կռվելով դուրս են գալիս գյուղից, բարձրանում լեռները՝ փրկվելով մահից:

Մարաշի կոտորածների ժամանակ թուրք հրոսակները համառ և կազմակերպված դիմադրության են հանդիպում Գյումպեթ թաղամասի հայերի կողմից: Թշնամու բոլոր գրոհները հետ էին մղվում փոքրաթիվ, բայց իրենց դիրքերում հաստատակամ կանգնած հայ քաջորդիների կողմից: Ցավոք, մնացած թաղամասերում հայերը չկարողացան դիմել ինքնապաշտպանության:

Հերոսական ինքնապաշտպանության դիմեց նաև Վանը: Պայքարը կազմակերպելու համար Պարսկաստանից Վան էին անցել Վազգենի, Ներսեսի խմբերը: Նրանք իրենց ուժերը ցրում են Վանում և շրջակա հայկական գյուղերում: 1896թ. հունիսի 3-ին թուրք բազմահազարանոց խուժանը անցնում է հարձակման: Հանկարծակիի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ կրեցին: Բայց շուտով Դաշնակցության, Արմենական և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորեցին մարտական ուժերը: Ինքնապաշտպանության կենտրոն դարձավ Այգեստան թաղամասը: Հունիսի 5-ին և 6-ին թուրքերը բազմիցս փորձեցին գրավել Այգեստանը, բայց մատնվեցին անհաջողության: Պաշտպանները հերոսաբար հետ էին մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Սակայն Մեծ Բրիտանիան միջամտում է գործին: Վանի անգլիական հյուպատոսը ինքնապաշտպանության ղեկավարներին առաջարկում է դադարեցնել դիմադրությունը և հեռանալ Պարսկաստան: Հայերը տեսնելով, որ ուժերը անհավասար են, իսկ օսմանյան իշխանությունները պարտավորվում են երաշխավորել նրանց ապահով անցումը Պարսկաստան, համաձայնում են: Հունիսի 8-ին մոտ մեկ ու կես հազար հայեր դուրս եկան Վանից և շարժվեցին դեպի Վարագա լեռը: Սակայն ուխտադրուժ թշնամին Սբ Բարդուղիմեոս վանքի մոտ հարձակվեց նրանց վրա և կոտորեց: Միայն 30 հոգու հաջողվեց անցնել Պարսկաստան:

Քաղաքը զրկվեց իր քաջարի պաշտպաններից: Թուրքերը հրո ճարակ դարձրին Վանը, ապա հարձակվեցին վիլայեթի հայկական գյուղերի վրա: Մոտ 20000 հայեր սրի քաշվեցին: Թալանվեցին և ավերվեցին Վասպուրականի գրեթե բոլոր վանքերը, այնտեղ պահվող թանկարժեք ձեռագրերը:

1896թ. հոկտեմբերին թուրքական զորքը և մահմեդական ամբոխը հարձակվում են Ուրֆայի հայ բնակչության վրա: Ուրֆացիները երեք ամիս շարունակ հաջողությամբ հետ էին մղում ջարդարարներին: Տեսնելով, որ չի կարողանում կոտրել ուրֆացիների դիմադրական կամքը, գավառապետը դիմում է նենգության: Նա հայկական թաղամաս է ուղարկում 5000 զինվորներ և համիդեականներ, իբր ուրֆացիներին մահմեդական ամբոխից պաշտպանելու համար: Հավատալով գավառապետի խոստումներին՝ հայերն ընդունում են զինվորներին: Մտնելով թաղամաս՝ թուրքերն ու քրդերը սկսում են կոտորածը: Կանանց ու երեխաների մի մասն ապաստանում է եկեղեցում, որը հրկիզվում է ջարդարարների կողմից: Ելուզակները սրի են քաշում ավելի քան յոթ հազար հայի:

Արևմտահայերն ինքնապաշտպանության դիմեցին նաև այլ վայրերում: Այնտեղ, որտեղ հայերը դիմադրում էին, ավելի քիչ էին զոհեր տալիս, քան այնտեղ, որտեղ հանձնվում էին թշնամու ողորմածությանը:

Դժվար է գերագնահատել ինքնապաշտպանության դերն ու նշանակությունը: Ինքնապաշտպանական մարտերի ժամանակ դրսևորվեց հայ ժողովրդի ազատաբաղձ և անկոտրում ոգին: Այդ հերոսամարտերն ապացուցեցին, որ թուրքական արյունոտ յաթաղանից փրկության միակ հույսը զինված պայքարն է:

1890-ական թվականների կոտորածների ժամանակ եղան թուրքեր և քրդեր, որոնք պաշտպանեցին հայերին: Այսպես, Մոկսի կառավարիչ, ազգությամբ քուրդ Մուրթուլլա Բեյը, տեղեկանալով ջարդերի մասին, մի գիշերվա ընթացքում Վանից հասնում է Մոկս և կանխում կոտորածը: Ցավոք, այդպիսի մարդկանց թիվը քիչ էր: Թուրքերի և քրդերի մեծ մասը, կրոնական մոլեռանդությամբ և թալանի տենչով համակված, տուրք տվեց իշխանության կոչերին և մասնակցեց կոտորածներին:

 

Գյուղացիական բարեփոխումները

Ակնառու էր դարձել ճորտատիրական Ռուսաստանի հետամնացությունը: Գահ բարձրացած Ալեքսանդր II կայսրը նախապատրաստեց և 1861թ. փետրվարի 16-ի մանիֆեստով վերացրեց ճորտատիրությունը: Թեպետ գյուղացուն ճորտությունից ազատելու ցարական մանիֆեստը թերի կողմեր ուներ, այնուամենայնիվ այդ բարեփոխումը վճռական նշանակություն ունեցավ երկրի առաջընթացի, բուրժուական հարաբերությունների ուղիով ընթանալու համար: Դրան մեծապես նպաստեցին նաև կատարված վարչական, դատական, զինվորական բարեփոխումները:

Ցարական կառավարությունը կայսրության եվրոպական մասում բարեփոխումներ իրականացնելուց հետո անցավ երկրի ծայրամասերին: Նույն 1860-ական թթ. այդ քաղաքականությունը կիրառեց Վրաստանում, որտեղ ճորտատիրական հարաբերություններն ուժեղ էին: Նկատի ունենալով, որ Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում ճորտատիրություն չկա, և հողատիրության ձևերը համանման են, ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է այդ նահանգների համար մշակեր մեկ ընդհանուր կանոնադրություն: Հանձնաժողովի մշակած կանոնադրությունը 1870թ. մայիսի 14-ին հաստատում է Ալեքսանդր II-ը, որով և այն օրենքի ուժ է ստանում:

Գյուղացիական բարեփոխումները վերաբերում էին միայն կալվածատիրական գյուղացիներին և չէին տարածվում պետական և վանքապատկան հողատիրությունների բնակչության վրա: Կանոնադրության համաձայն՝ գյուղի յուրաքանչյուր արական բնակիչ իրավունք ուներ փրկագնման կամ ետգնման միջոցով ձեռք բերել մինչև 5 դեսյատին հող: Սակայն քանի որ ետգնման վճարները բարձր էին, գյուղացիները ի վիճակի չէին նման վճարումներ կատարելու, ուստի և հիմնականում մնացին հողազուրկ: Կալվածատերերը իրենց ձեռքում պահեցին հողերի զգալի մասը: Դրանից բացի՝ նրանց օգտին գյուղացիները պարտավոր էին կոռ ու բեկար կատարել: Այնպես որ 1870թ. բարեփոխումները իրենց հիմնական մասով մնացին չիրագործված:

Անդրկովկասում ևս կատարվեցին քաղաքային և դատական բարեփոխումներ: Քաղաքներին տրվում էր ինքնավարություն, հանձին ընտրովի քաղաքային դումայի, որը գլխավորում էր քաղաքագլուխը: Նոր օրենքով նախկին դասային դատարանը, որն իրեն սպառել էր, փոխարինվում էր ընդհանուր, բոլոր քաղաքացիների համար միատեսակ դատավարությամբ: Դատական բարեփոխումը առաջադիմական նշանակություն ունեցող կարևոր քայլ էր:

Կատարված բարեփոխումները որքան էլ լիարժեք չէին, այնուամենայնիվ նպաստեցին շուկայական պահանջներին համապատասխան գյուղատնտեսության վերակառուցմանը: Բնականաբար, կյանք մտնող բուրժուական արտադրահարաբերություններն իրենց կնիքն էին դնում նաև գյուղատնտեսության վրա: Ցարական կառավարությունը, ձգտելով Հայաստանի գյուղատնտեսությունը ծառայեցնել ռուսական կապիտալիզմի շահերին, նպաստեց դրա մի շարք ճյուղերի առաջընթացին: Ռուսական մանուֆակտուրային ընկերությունները նպաստում էին բամբակագործության զարգացմանը: Ընդարձակվում էին բամբակի ցանքատարածությունները, մեծանում էր արտադրությունը: Երևանի նահանգում 10 տարում՝ 1880-1890 թթ., բամբակի արտադրությունը աճեց 5 անգամ: Արևելյան Հայաստանը դարձավ Անդրկովկասում բամբակի արտադրության գլխավոր կենտրոնը:

Հետռեֆորմյան տարիներին առաջընթաց ապրեց նաև խաղողագործությունը, ինչը պայմանավորված էր սպիրտային խմիչքների արտադրության աճով: Աստիճանաբար ավելի ու ավելի ապրանքային նշանակություն էր ձեռք բերում և ավելի մեծ ծավալներ ստանում այգեգործությունը: Թարմ ու չորացրած մրգերը վաճառքի էին հանվում և որոշ գավառներում հանդիսանում էին բնակչության ապրուստի հիմնական միջոցը: Այգեգործությամբ զբաղվում էին Երևանի, Էջմիածնի, Նախիջևանի գավառներում, Կարսի մարզում և այլ տեղերում: Անգամ բանջարաբուծությունը սկսեց կապվել շուկայի հետ: Արարատյան դաշտում մշակվող բանջարեղենը վաճառքի էր հանվում լեռնային և նախալեռնային շրջաններում:

Տեղաշարժեր կատարվեցին նաև հացահատիկի արտադրության ոլորտում: Եթե ցորենն ու գարին և մյուս հացահատիկային կուլտուրաները սպառվում էին տեղում, ապա դարի վերջին դրությունը փոխվեց: Երբ շարք մտավ Թիֆլիս - Բաքու երկաթուղին, հացահատիկի զգալի մասը սկսեցին արտահանել նաև արտասահման: Բրնձի մշակման հիմնական շրջանները Երևանի և Դարալագյազի գավառներն էին: Մետաքսագործության զարգացման պահանջարկը խթանեց նաև շերամապահության ծավալումը:

Փոփոխություններ տեղի ունեցան նաև անասնապահության ոլորտում: Հատկապես խոշոր եղջերավոր անասունները գիրացվում էին և վաճառքի հանվում: Անասնապահությունը ևս վերակառուցվում, հարմարվում էր շուկայի պահանջներին:

Այսպիսով, 19-րդ դարի վերջին արդեն բնատնտեսությունը քայքայվում էր, և գյուղատնտեսության բոլոր ճյու… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz