Առաջին Հանրապետություն

 

Ինքնակալության տապալումը։ Նոր իշխանության մարմինների ստեղծումը

Առաջին աշխարհամարտի տարիներին Ռուսաստանը հայտնվեց ծանր դրության մեջ։ Երկիրը կանգնեց հեղափոխության շեմին։ Ժողովրդի ընդհանուր դժգոհությունը վերաճեց հզոր հեղափոխության, և 1917թ. փետրվարին Ռուսաստանում տապալվեց ինքնակալությունը։ Դրանով վերջ տրվեց Ռոմանովների արքայատոհմի 300-ամյա տիրապետությանը։ Երկրում հաստատվեց երկիշխանություն։ Դրանցից մեկը աշխատավորական զանգվածների շահերն արտահայտող իշխանությունն էր՝ ի դեմս բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների սովետների (խորհուրդների), իսկ մյուսը՝ բուրժուազիայի՝ հանձին ժամանակավոր կառավարության։ Իրավական իշխանությունը գտնվում էր ժամանակավոր կառավարության ձեռքում։ Դրա կողքին մեծ դերակատարություն ուներ Պետրոգրադի խորհուրդը։

Երկիրը պատվեց բանվորագյուղացիական խորհուրդների լայն ցանցով։ Դրանք կազմակերպվեցին նաև Անդրկովկասում և Արևելյան Հայաստանում։

Փետրվարյան հեղափոխությամբ քաղաքական իրադրությունը հիմնովին փոխվեց նաև Անդրկովկասում։ Մարտի սկզբներին լուծարվեց Կովկասի փոխարքայությունը։ Այստեղ հիմնվեց ժամանակավոր կառավարության տեղական գործադիր իշխանության մարմինը, որը կոչվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե՝ ՕԶաԿոմ (Особый Закавказский Комитет)։ ՕԶաԿոմ-ի կազմի մեջ մտան Ռուսաստանի Պետական դումայի 5 անդամներ, որոնք ներկայացնում էին կովկասյան հիսնական ազգություններին՝ հայերին, վրացիներին, ադրբեջանցի թուրթերին և ռուսներին։ Նոր իշխանության այս մարմինները ժամանակավոր էին։ Դրանք պետք է կառավարեին երկիրը մինչև Համառուսաստանյան սահմանադիր ժողովի հրավիրումը և օրինական իշխանության ձևավորումը։

 

Հայ հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացումը։ Արևմտյան Հայաստանի խնդիրը

Փետրվարյան հեղափոխությունից հետո զարթոնք ապրեց ազգային կյանքը։ Սկսեցին ազատորեն գործել բոլոր կուսակցությունները, առաջացան նորերը։ Լայն գործունեություն ծավալեցին հայ կուսակցությունները՝ Դաշնակցական, Հնչակյան և այլն։ 1917թ. ապրիլին Թիֆլիսում ստեղծվեց մի նոր կուսակցություն՝ Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)։

Հայ քաղաքական կուսակցությունները հիմնականում պաշտպանում էին ժամանակավոր կառավարության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Նրանք հույս էին տածում ժամանակավոր կառավարության օգնությամբ լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանի խնդիրը։

Դա բարդ խնդիր էր, քանի որ Արևմտյան Հայաստանը Մեծ եղեռնի հետևանքով հայաթափ էր եղել։ Ժամանակավոր կառավարությունը ռուսական զորքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի համար սահմանեց կառավարման հատուկ վարչաձև։ Արևմտահայ նահանգներից կազմվեց երեք (Էրզրումի, Վանի և Խնուսի) վարչական շրջան։ Քայլեր ձեռնարկվեցին արևմտահայ գաղթականներին իրենց Երկիրը ներգաղթեցնելու, նրանց անվտանգությունը ապահովելու և տնտեսական պայմանները բարելավելու ուղղությամբ։ Հենց այդ խնդիրների քննությանն էր նվիրված 1917թ. մայիսին Երևանում գումարված Արևմտահայերի 1-ին համագումարը։ Նրա աշխատանքներին մասնակցում էին արևմտահայ գործիչներ, հայդուկապետեր, այդ թվում՝ Անդրանիկը։ Համագումարն ընտրեց Արևմտահայերի ազգային խորհուրդ՝ Վահան Փափազյանի (Կոմսի) նախագահությամբ։ Այդ ընթացքում նկատելի աշխատանք կատարվեց։ Մինչև 1917թ. վերջերը Արևմտյան Հայաստանում արդեն ապրում էին մի քանի հարյուր հազար հայեր։ Հույս էր փայփայվում, որ դրականապես կլուծվի Հայկական հարցը։

 

Հայոց (արևելահայ) Ազգային խորհրդի ստեղծումը

Փետրվարյան հեղափոխությունից հետո Անդրկովկասում առաջացան ազգային խորհուրդներ, որոնք տվյալ ազգի շրջանակներում իրականացնում էին կառավարումը։ Այդպիսիք հիմնեցին Անդրկովկասի մահմեդականները, վրացիները, ավելի ուշ՝ նաև հայերը։ Այսպիսով՝ Արևմտահայ ազգային խորհրդին հաջորդեց Արևելահայ ազգային խորհրդի ստեղծումը։

1917թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Թիֆլիսում կայացավ Արևելահայերի 1-ին համագումարը։ Համագումարի պատվիրակների կեսից ավելին Դաշնակցություն կուսակցության անդամներ էին։ Համագումարը քննության առավ արտաքին ու ներքին բնույթի (ինքնապաշտպանության, գաղթականության, պարենավորման և այլն) մի շարք կարևոր խնդիրներ։ Վերջում բազմակուսակցական սկզբունքով ստեղծվեց 15 հոգուց բաղկացած Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը։ Հայոց ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները՝ զինվորական, գաղթականության, դպրոցական, պարենավորման, բժշկական և այլն։ Հայոց ազգային խորհուրդը փաստորեն դարձավ հայ ժողովրդի գերագույն իշխանությունը մինչև Հայաստանի անկախության հռչակումը։

Բացի Թիֆլիսում ստեղծված Հայոց կենտրոնական ազգային խորհրդից, տեղերում նույնպես ստեղծվեցին ազգային խորհուրդներ՝ որպես մասնաճյուղեր և տեղական իշխանություն։ Հայ ազգային խորհուրդներ ստեղծվեցին Բաքվում, Երևանում, Ղարաբաղում, Ախալքալաքում և այլուր։

Այսպիսով, ՕԶաԿոմ-ի և դասակարգային հիմքով ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների կողքին ստեղծվեցին նաև ազգային խորհուրդներ՝ իբրև ազգային իշխանության մարմիններ։

 

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը։ Իրադրությունը Անդրկովկասում և Հայաստանում

Փետրվարյան հեղափոխությունից հետո բոլշևիկները, Վ.Ի. Լենինի գլխավորությամբ, խնդիր դրեցին զինված ապստամբության միջոցով տապալել ժամանակավոր կառավարությունը և իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Դրան հասնելու համար նրանք լայն քարոզչություն ծավալեցին՝ ժողովրդական զանգվածներին հուզող հաշտության, հողի, հացի, աշխատանքի մասին և մեծամասնություն ստացան երկրի մի շարք խոշոր քաղաքների խորհուրդներում։ 1917թ. հոկտեմբերի 25-ին (ն. տ. նոյեմբերի 7-ին) բոլշևիկները մայրաքաղաք Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) զինված հեղաշրջում կատարեցին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Վերջ տրվեց ժամանակավոր կառավարությանը, ձախողվեց Սահմանադիր ժողովի հրավիրումը։

Հոկտեմբերյան հեղաշրջման հաղթանակով սկսվում է Ռուսաստանի խորհրդային պատմության ժամանակաշրջանը։ Հեղափոխության հաղթանակից հետո ընդունվեցին հաշտության և հողի մասին դեկրետներ (օրենք), կազմվեց բանվորագյուղացիական կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ՝ Վ. Ի. Լենինի գլխավորությամբ։

Հոկտեմբերյան հեղափոխությունը Անդրկովկասում ընդունվեց ոչ միանշանակ։ Անդրկովկասի քաղաքական ազդեցիկ շրջանները հիմնականում բացասաբար ընդունեցին Հոկտեմբերյան հեղաշրջումը։ 1917թ. նոյեմբերի 15-ին երկրամասի ամենաազդեցիկ երեք կուսակցությունները՝ վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները, հեղինակազրկված ՕԶաԿոմ-ի փոխարեն ստեղծեցին իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ։ Անդրկովկասյան կոմիսարիատը ժամանակավորապես ստանձնեց երկրամասի կառավարումը։ Գործադիր մարմնից զատ՝ որոշվեց ստեղծել նաև օրենսդիր մարմին։ 1918թ. փետրվարին բազմակուսակցական սկզբունքով ձևավորվեց Անդրկովկասյան սեյմը (խորհրդարանը), որը փաստորեն վարում էր Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու քաղաքականություն։

Տարածաշրջանում Հոկտեմբերյան հեղափոխությունը պաշտպանեցին միայն տեղի բոլշևիկյան կազմակերպությունները և նրանց ազդեցության տակ գտնվող զինվորական կայազորները։ 1917թ. դեկտեմբերի կեսերին խորհրդային կառավարության ղեկավար Վ. Ի. Լենինի հանձնարարականով ականավոր բոլշևիկ Ստ. Շահումյանը (1878-1918թթ.) նշանակվեց Կովկասյան գործերի արտակարգ կոմիսար։ Բոլշևիկները այստեղ ևս վերցրին Կովկասի խորհրդայնացման գիծ, որը, սակայն, հաջողվեց իրականացնել միայն բանվորաշատ Բաքվում։

 

Թուրքահայաստանի մասին դեկրետը

Խորհրդային Ռուսաստանի կառավարության կարգախոսներից մեկը ճնշված ազգերին ինքնորոշման իրավունք վերապահելն էր։ Դա ոգևորեց մի շարք հայ ազդեցիկ գործիչների՝ Ստ. Շահումյանին, Վ. Տերյանին, Ռոստոմին, Հ. Զավրիյանին և ուրիշների։ Նրանց ջանքերով 1917թ. դեկտեմբերի վերջին խորհրդային կառավարությունը ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։

Այդ հրովարտակով խորհրդային կառավարությունը ճանաչում էր Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստանի) հայ բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը ընդհուպ մինչև լիակատար անջատում։ Դրա կենսագործման համար ժողկոմխորհն անհրաժեշտ էր համարում ռուսական զորքի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից։ Արևմտահայերի անձի ու գույքի անվտանգության ապահովման նպատակով նախատեսվում էր հայկական ազգային միլիցիայի ստեղծում։ Պահանջվում էր թուրքական իշխանությունների կողմից տեղահանված հայերի անարգել վերադարձ հայրենիք, տեղում իշխանության մարմինների ստեղծում և այլն։ Սակայն հեղափոխության հետևանքով ռուսական զորքերի կազմալուծումը և Արևմտյան Հայաստանից վաղաժամ դուրսբերումը կործանարար Եղավ հայերի համար։ Կովկասյան ռազմաճակատի քայքայման պայմաններում թուրքական զորքը անցավ հարձակման և կարճ ժամանակում վերագրավեց Արևմտյան Հայաստանը։ «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը մնաց որպես սոսկ մի փաստաթուղթ։

Այսպիսով՝ 1917թ. ռուսական հեղափոխությունների շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի համար ստեղծվեց բարդ ու դժվարին կացություն։

 

Երզնկայի զինադադարը։ Ռազմաճակատի քայքայումը

Ինչպես գիտենք, խորհրդային իշխանութան ընդունած հաշտության մասին դեկրետով կոչ էր արվում պատերազմող երկրներին վերջ տալ իմպերիալիստական պատերազմին և կնքել արդարացի հաշտություն։ Սակայն Խորհրդային Ռուսաստանի կառավարության կոչը արձագանք չգտավ Անտանտի տերությունների կողմից։ Ուստի Ռուսաստանին պատերազմից դուրս բերելու և հաշտություն կնքելու նպատակով 1917թ. վերջերին խորհրդային կառավարությունը զինադադար կնքեց Գերմանիայի հետ, ու սկսվեցին անջատ հաշտության բանակցությունները։

Խորհրդային Ռուսաստանի օրինակով Անդրկովկասյան կոմիսարիատը ևս, արձագանքելով հաշտության գաղափարին, որոշեց զինադադար կայացնել թուրքերի հետ։ Կողմերը ընդառաջ գնացին իրար, և 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրվեց զինադադար։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տագնապալի վիճակ էր ստեղծվել Հայաստանում և Անդրկովկասում։ Մի կողմից՝ ցրտաշունչ ձմեռ, սով, քայքայում, իսկ մյուս կողմից՝ թուրք-քրդական ավազակային հարձակումներ, թալան, սպանություններ։ Երկրամասի համար առավել կործանարար հետևանք ունեցավ Կովկասյան ռազմաճակատի շուրջ կեսմիլիոնանոց բանակի քայքայումը։

Հարկ է նշել, որ 1917թ. ռուսական երկու հեղափոխությունները բացասաբար անդրադարձան ռուսական բանակի մարտունակության վրա։ Սկսվեց նրա քայքայումն ու կազմալուծումը։ Դրան հատկապես նպաստեց այն հանգամանքը, որ խորհրդային կառավարությունը Հաշտության մասին դեկրետով հայտարարել էր, որ վերջ է տրվելու պատերազմին և կնքվելու է արդարացի հաշտության պայմանագիր։ 1917թ. վերջին հրահանգ էր իջեցվել՝ ռուսական զորքերը դուրս բերել Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Պարսկաստանի գրավյալ տարածքներից։ Դրա հետևանքով Կովկասյան ռազմաճակատի զորքերը սկսեցին զանգվածաբար լքել իրենց դիրքերը և վերադառնալ տուն։ Այդպիսով՝ գործնականում քայքայվեց ու մերկացավ շուրջ 750 կմ երկարությամբ ձգվող ռազմաճակատը։ Իսկ դա նշանակում էր, որ հայ ժողովուրդը կրկին կանգնում էր թուրքական ներխուժման սպառնալիքի առաջ։ Եվ թուրքական զորքերի հարձակումը չուշացավ։

 

Հայկական զորամիավորումների ստեղծումը։ Թուրքերի հարձակումը

Կովկասյան ռազմաճակատի քայքայման պայմաններում անհրաժեշտ դարձավ ինքնապաշտպանության նպատակով ազգային զորամիավորումների ստեղծումը։ Ռուսական բանակում ծառայող հայ զինվորներից ու կամավորական խմբերից պետք էր ստեղծել զորամիավորումներ՝ դիմակայելու թուրքական հարձակման վտանգին։ Այս գործընթացը շարունակվեց նաև Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Հայկական զորամիավորումների ստեղծման գործում մեծ դեր կատարեցին Հայոց ազգային խորհուրդը, Արևմտահայ ապահովության մարմինը, Բաքվի և Երևանի Հայ ազգային խորհուրդները։ Վերջինս գլխավորում էր Արամ Մանուկյանը։ Ավելի ուշ նա ստանձնեց Երևանի նահանգի դիկտատորի պարտականություններ։

Հայկական զորամասեր կազմակերպելու համար ներգրավվեցին ցարական բանակի հայազգի գեներալներ ու բարձրաստիճան սպաներ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը, Դ. Բեկ-Փիրումյանը և ուրիշներ։ 1918թ. մարտին հայկական զորամիավորումներից կազմավորվեց Հայկական առանձին բանակային կորպուսը, որի հրամանատար նշանակվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը (Դրո)։ Հայկական կորպուսի մեջ էր մտնում նաև երկրապահ կամավորական զորաբաժինը (դիվիզիան), որի հրամանատար նշանակվեց գեներալի կոչում ստացած Անդրանիկը։ Անդրանիկի կողքին խիզախաբար կռվում էին Սեբաստացի Մուրադը, Սեպուհը, Գ. Նժդեհը, Պանդուխտը և ուրիշներ։

Հայկական զորամիավորումները փաստորեն ստեղծվում էին թուրքական զորքերի հարձակման պայմաններում և կոչված էին պաշտպանել ռազմաճակատի գիծը Տրապիզոնից մինչև Վանա լիճ։ Այդ զորամիավորումները հետագայում դարձան հայկական ազգային բանակի հիմքը։

1918թ. հունվարի վերջին թուրք նվաճողները, խախտելով Երզնկայի զինադադարը, անցան հարձակման։ Նրանք կարճ ժամանակամիջոցում գրավեցին, փաստորեն, ամբողջ Արևմտյան Հայաստանը և գարնանը սկսեցին «բախել» Անդրկովկասի դռները։ Մինչև ատամները զինված թուրքական դիվիզիաներին դիմակայող միակ ուժը նոր ձևավորվող հայկական զորամիավորումներն էին։ Սակայն փորձի պակասի, Անդրկովկասի կառավարության ներսում առկա հակասությունների հետևանքով հայկական նորաստեղծ զինուժին չհաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Թուրքական հարձակման և ձմեռվա դաժան ցրտերի պայմաններում տեղի ունեցան արևմտահայության նոր կոտորածներ ու գաղթ։ Արևմտյան Հայաստանը հայաթափվեց։

 

Բրեստ-Լիտովսկի հաշտությունը և Տրապիզոնի բանակցությունները

Թուրքերի հետագա առաջխաղացումը դեպի Անդրկովկաս կանխելու և գոնե 1914թ. նախապատերազմյան սահմանները պահպանելու նպատակով Անդրկովկասյան իշխանությունները (Կոմիսարիատը և Սեյմը) 1918թ. մարտի սկզբին Տրապիզոնում Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ սկսեցին։ Բայց մինչև բանակցությունները սկսելը հայտնի դարձավ, որ 1918թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հետ Բրեստ-Լիտովսկում կնքել է հաշտության ծանր պայմանագիր։ Այդ կողոպտիչ պայմանագրով, Գերմանիայի ճնշման տակ, Ռուսաստանը Թուրքիային էր հանձնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի մասը կազմող Կարսը, Արդահանը, ինչպես նաև Վրաստանից՝ Բաթումը։ Բրեստի պայմանագրի 4-րդ կետում ասվում էր. «Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովի Արևելյան Անատոլիայի գավառների (Արևմտյան Հայաստան) շուտափույթ մաքրումը և դրանց օրինական հանձնումը Թուրքիային։ Արդահանի, Կարսի ու Բաթումի օկրուգները ևս անհապաղ պիտի մաքրվեն ռուսական զորքերից»։ Այսինքն՝ վերականգնվում էր այն սահմանագիծը, որը գոյություն էր ունեցել մինչև 1877–1878թթ. ռուս–թուրքական պատերազմը։

Բրեստի պայմանագիրը հաղթաթուղթ դարձավ Թուրքիայի ձեռքին իր հետագա զավթողական պլաններն իրականացնելու համար։ Թուրքական պատվիրակությունը, գոտեպնդված իր ռազմական հաջողություններով, պահանջեց Թուրքիային հանձնել Կարսը, Արդահանը, Բաթումը։

Միաժամանակ Թուրքիան պահանջ դրեց, որպեսզի Անդրկովկասը անջատվի Ռուսաստանից, իրեն անկախ հռչակի։ Դրանով նա նպատակ էր հետապնդում լուծել իր պանթուրքական զավթողական պլանները։ Նման պայմաններում Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը մտավ փակուղի, և ապրիլի սկզբին բանակցություններն ընդհատվեցին։

 

Թուրքական զորքերի ներխուժումը Արևելյան Հայաստան

Տրապիզոնի հաշտության բանակցությունների ձախողումից հետո թուրքական զորքերը արշավեցին Արևելյան Հայաստան։ 1918թ. մարտի վերջին ընկավ Սարիղամիշը, ապրիլի կեսերին, Անդրկովկասյան կառավարության (նախագահ՝ Ա. Չխենկելի) դավաճանական վարքագծի հետևանքով, գրեթե առանց դիմադրության թուրքերին հանձնվեց լավ ամրացված Կարսը։ Վիճակը ամենևին էլ չփրկեց Անդրկովկասը անկախ հայտարարելը։ Չկար համերաշխություն Անդրկովկասյան կառավարության ներսում և Սեյմում։ Նոր կառավարության նախագահ, մենշևիկ Ա. Չխենկելին վարում էր ըստ էության թուրքամետ գիծ։ Անդրկովկասի երեք հիմնական (հայ, վրացի, ադրբեջանցի) ազգերի անմիաբանությունն էր պատճառը, որ թուրքական զորքերը ռազմական հաջողություններ էին ունենում։

Թուրք զավթիչների դեմ պայքարի հարցում հայ քաղաքական բոլոր կուսակցությունները միակամ էին։ 1918թ. ապրիլին Ալեքսանդրապոլում Հայոց ազգային խորհրդի նախաձեռնությամբ կայացավ հայ քաղաքական կուսակցությունների և անկուսակցական գործիչների խորհրդակցություն։ Խորհրդակցությունը որոշեց «բոլոր հնարավոր միջոցներով շարունակել երկրի պաշտպանությունը»։ Սակայն հայությունը միայնակ ի վիճակի չէր դիմակայել թուրք զավթիչներին։

Թուրքական զորքերի ռազմական հաջողությունները հարկադրեցին Անդրկովկասի կառավարությանը վերսկսելու Տրապիզոնում ընդհատված բանակցությունները։ Մայիսի սկզբներին Բաթումում սկսվեցին թուրք-անդրկովկասյան հաշտության նոր բանակցություններ։ Սակայն ռազմական հաջողություններով արբեցած թուրքերն ամենևին մտադրություն չունեին բավարարվել Բրեստի հաշտության պայմաններով։ Նրանք կողոպտչական նոր պահանջներ ներկայացրին, որի պատճառով բանակցությունները կրկին մտան փակուղի։

 

1918թ. Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը։

Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր-Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։ Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։

Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում։ Ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։

Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։

Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշևամու կողմից մեկ օր առաջ գրաված Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։

Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։ Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.)։ Նրա աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց։

Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Ստեղծվեց հարվածային խումբ։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։

Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։ Ղարաքիլիսայի կռիվներում աչքի ընկան սպաներ Ա. Բեյ Մամիկոնյանը, Ն. Ղորղանյանը, Գ. Նժդեհը, մարտերում հերոսաբար զոհվեց կապիտան Գ. Տեր-Մովսիսյանը և ուրիշներ։

Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։

 

Հայաստանի Հանրապետության հռչակումը

Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։

1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

Այսպիսով, եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, իսկ կոնկրետ պարագայում Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։ Ի նշանավորումն այդ իրադարձության՝ Մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը՝ Առաջին հանրապետության անկախության օրը։

Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։

 

Բաթումի պայմանագիրը

Ինչպես արդեն տեղյակ եք, 1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։

Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Հարկ է նշել, որ չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր-ինչ դադար առնել։

Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։

Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։

Պայմանագրի համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։

Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։

Բայց մյուս կողմից, ճակատագրի հետևանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն է, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. նոյեմբերը։

 

Իշխանության մարմինների ստեղծումը (գործադիր, օրենսդիր, դատական)

Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։

Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարվել։ Այն իրականացրել էր Երևանի Ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան, 1879–1919)։ Նրան իրավամբ կարելի է համարել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր։

Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը։ Հարկ է նշել, որ հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ՝ 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Այն բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը, իսկ երկրորդինը՝ գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։

Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը։ Ընդ որում, կառավարության նախագահը (վարչապետը) համարվում էր հանրապետության թիվ մեկ պաշտոնատար անձը։ Սակայն նա ընտրվում էր խորհրդարանի կողմից և հաշվետու էր նրան։

Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես, որոշ փոփոխություններով, պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները։ Հետագայում աստիճանաբար սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։ Դատաիրավական համակարգումմտցվեց եռաստիճան (շրջանային, դատաստանական պալատ և սենատ) դատական ատյան։ Հանրապետության դատական համակարգի ժողովրդավարացման դրսևորում էր 1919թ. երդվյալ ատենակալների դատարանի հիմնումը։

Իշխանության համակարգում իրենց ուրույն տեղն ունեին տեղական իշխանության՝ գավառային, քաղաքային և համայնքային մարմինները։ Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ Հանրապետական նշանակության քաղաքների թիվը նույնպես անցնում էր մեկ տասնյակից։ Ավելի ուշ՝ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների՝ Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազ. քառ. կմ-ի, 2 մլն բնակչությամբ։ Կառավարության նախաձեռնությամբ մշակվեց և գործողության մեջ դրվեց զեմստվային (տեղական ինքնակառավարման) հաստատությունների մասին օրենքը։ Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունները և այլն։

 

Ազգային բանակի ստեղծումը

Հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր։ Պատմության փորձը սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը՝ կենսունակ, որն ունի կարգապահ ու մարտունակ բանակ։

Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պահանջով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա։ Այդ իսկ պատճառով 1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի։ Հանրապետության ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը (1873–1937), իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը (սպարապետ)՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանը (1855-1931)։

Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է փառաբանված հայդուկապետ Անդրանիկի գլխավորած հավաքական զորաջոկատին։ Գեներալ Անդրանիկը որոշակի տարաձայնություններ ուներ կառավարության հետ, ուստի 1919թ. գարնանը նա իր սուրը և զենքերը հանձնեց կաթողիկոսին և մեկընդմիշտ հեռացավ Հայաստանից։ Ազգային հերոս Անդրանիկը արտասահմանում շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։ Նա մահացավ 1927թ. ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, թաղվեց Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Երախտագետ հայ ժողովուրդը ի կատար ածեց Անդրանիկի կտակը։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվեց հայրենիք և հանդիսավորությամբ թաղվեց Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնտեղ, ուր հանգչում են Հայաստանի ու արցախյան հերոսամարտի մյուս նահատակ հերոսները։

1919թ. հունվարից, երբ արդեն թուրքական զորքը հեռացել էր Անդրկովկասից, և ավարտվել էր նաև հայ-վրացական պատերազմը, կատարվեց բանակի մասնակի զորացրում։ Դրա փոխարեն հայտարարվեց 20-25 տարեկան զինապարտ քաղաքացիների զորակոչ։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Արդեն 1920թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանը, թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում՝ 33 գեներալ և 2000-ից ավելի սպա։

Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլ… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz