Խորհրդային Հայաստան

 

Խորհրդային վարչակազմի հաստատումը

Հայաստանում հռչակված խորհրդային իշխանությունը գործում էր հեղափոխական կոմիտեների (Հեղկոմ) միջոցով։ Հեղկոմները իշխանության ժամանակավոր, նշանակովի մարմիններ էին և պահպանվեցին մինչև, խորհուրդների ընտրությունների անցկացումը։

Հայաստանի Ռազմհեղկոմը, դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Նրա նախագահն էր հայտնի բոլշևիկ Սարգիս Կասյանը։

Հեղկոմներ ստեղծվեցին ամբողջ երկրում։ Դրանք օրենսդիր և գործադիր մարմիններ էին, որոնք ընդունում էին նաև օրենքի ուժ ունեցող դեկրետներ։ Իրականում խորհրդային իշխանության քաղաքականությունը մշակվում էր կոմունիստական կուսակցության կողմից, որը և կառավարում էր երկիրը։

Վերացվեց հին պետական համակարգը և ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային (թվով 9) և շրջանային (ավելի բան 30), ինչպես նաև գյուղական հեղկոմներ։ Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա) ստեղծմանը, մի մարմին, որը կոմունիստական կուսակցության ձեռքին գործիք ծառայեց իր իշխանությունն ամրապնդելու և, այսպես կոչված, հակահեղափոխության դեմ պայքարելու համար։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։

Հեղկոմները գոյատևեցին շուրջ մեկ տարի, որից հետո նրանց փոխարինեցին ընտրովի խորհուրդները։ Խորհրդային իշխանությունը չուներ սոցիալական լայն հենարան և իր ամրապնդման համար այլախոհների նկատմամբ դիմեց բռնության։ Հայաստանում կրկնվում էր Խորհրդային Ռուսաստանի փորձը։ Առաջին զանգվածային բռնությունները տեղի ունեցան նոր իշխանության հաստատումից անմիջապես հետո։ Դրանք կիրառվեցին Դաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարության անդամների և բանակի սպայության նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց և Հայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն։

ՀԿ(բ)Կ Կենտկոմում և Հայաստանի Ռազմհեղկոմում տարբեր վերաբերմունք դրսևորվեց Դաշնակցություն կուսակցության և ընդհանրապես հայ մտավորականության նկատմամբ։ Ղեկավար գործիչների մի մասը (Ա. Մռավյան, Ս. Կասյան) կողմնակից էր մեղմ վերաբերմունքի, իսկ մյուսը պաշտպանում էր կոշտ քաղաքականությունը։ Վերջինների մեջ աչքի էին ընկնում զինվորական գործերի ժողկոմ Ավիս Նուրիջանյանը և Ռուսաստանից գործուղված չեկիստ Գևորգ Աթարբեկյանը։ Հիշյալ տարաձայնությունները, սակայն, չխանգարեցին, որ Հայաստանում ևս գործադրվեն բռնություններ։ 1920թ. դեկտեմբերին և 1921թ. հունվարին Հայաստանի բանակի շուրջ 1400 սպաներ ժամանակավորապես արտաքսվեցին երկրից կամ արգելափակվեցին։

Բռնություններն ավելի լայն ծավալ ընդունեցին ռազմական կոմունիզմի քաղաքականությունը կիրառելիս։ Ռազմական կոմունիզմը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որը բացառում էր քաղաքի և գյուղի միջև ապրանքափոխանակության կազմակերպումը և շուկայական հարաբերությունները։ Ռազմական կոմունիզմի համակարգում կենտրոնականը պարենմասնատրումն էր՝ հացի և այլ մթերքների բռնագրավումը։ Իրականում՝ պարենմասնատրումը վերածվեց ժողովրդի, առաջին հերթին՝ գյուղացիության կողոպուտի։ Այն իր նպատակին չհասավ, չբավարարվեցին ո՛չ բանակի, ո՛չ էլ քաղաքի կարիքները։ Գյուղացու չնչին ունեցվածքի բռնագրավումը նպաստեց միայն սովի և դժգոհության տարածմանը երկրում։ Դժգոհություններն ավելի խորացան, երբ 1921 թ. փետրվարին կատարվեցին նոր ձերբակալություններ ու գնդակահարություններ։ Բողոքը և դժգոհությունները սաստկանում էին՝ լցնելով ժողովրդի համբերության բաժակը։ Երկիրը գտնվում էր ապստամբության և քաղաքացիական պատերազմի նախօրյակին։

 

Փետրվարյան ապստամբությունը և քաղաքացիական կռիվները

Հայաստանում ժողովրդական ապստամբությունը և քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն և ընդգրկեցին մի շարք շրջաններ։ Ժողովրդական զինված պայքարի գլուխ էին կանգնել նախկին խմբապետերը։ Փետրվարի 16–18-ը ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը և մտան Երևան։ Նրանց օգնեց այն հանգամանքը, որ 11-րդ բանակի զորամասերը դուրս էին բերվել Հայաստանից՝ Վրաստանի խորհրդայնացմանը մասնակցելու համար։ Երևանում ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Վերջինս հրապարակեց հրաման այն մասին, որ «բոլշևիկյան իշխանությունը Հայաստանում վերացված է։ Մինչև կառավարության կազմվելը ամբողջ իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում»։

Խորհրդային Հայաստանի պետական և բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինները Հայաստանի բանակի իրենց հավատարիմ ուժերով և 2 զրահագնացքով հեռացան Երևանից։ Նրանք կենտրոնացան Ղամարլու (Արտաշատ) - Վեդի-Բասար (Արարատ) շրջանում, ընկնելով ապստամբների շրջապատման մեջ։ Խորհրդային իշխանությունը պահպանվեց հիմնականում Համամլու (Սպիտակ) - Ղարաքիլիսա (Վանաձոր) - Դիլիջան - Շամշադին (Տավուշ) գոտում։

Ապստամբությունը հենվում էր ժողովրդական զանգվածների, առաջին հերթին արևմտահայ գաղթական բնակչության աջակցության վրա։

Ռազմական գործողություններն սկզբում ընթանում էին փոփոխակի հաջողությամբ, իսկ ռուսական զորամասերի վերադարձից հետո ուժերի հարաբերակցությունը դասավորվեց ի վնաս ապստամբների։ Ռուսական 11-րդ բանակի ուժերով կազմավորվեց Երևանի ուղղության զորքերի խումբ, որը խնդիր ստացավ ճնշել ապստամբությունը և գրավել Երևանը։ Երևանի վրա հարձակումը կատարվում էր Սևանի և Համամլուի (Սպիտակ) ուղղություններից։

Ձոհերից խուսափելու համար 11-րդ բանակի ռազմական խորհրդի անդամ Գ. Օրջոնիկիձեն մարտի 20-ին վերջնագիր ներկայացրեց Հայրենիքի փրկության կոմիտեին։ Նույն օրը Թիֆլիսից Երևան ժամանեց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Նա հանդես էր եկել հոդվածներով և ներազգային պայքարն ու մարդկային զոհեր տալը համարում էր բախտախնդիրների գործ։ Ազգային մեծ գործիչը ցավ էր ապրում ժողովրդի արյունը թափելու համար։ Նրա համար գլխավորը համազգային շահերն էին, հաշտությունը, ուստի Կարմիր բանակին ևս կոչ էր անում դադարեցնել անիմաստ պատերազմը։ Խորհրդային զորքերը ապրիլի 2-ին մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։

Ապստամբները, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը և խուսափելով նոր զոհերից, այլևս դիմադրություն ցույց չտվեցին։ Նրանք Բաշ-Գյառնիի վրայով նահանջեցին Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակն անխուսափելի էր, քանի որ այդ իշխանության թիկունքում կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը։

Ապստամբների սկզբնական խնդիրն ընկերներին բանտարկությունից ազատելն էր, որը և լուծվեց։ Այնուհետև իշխանության գրավումը, ուժերի գոյություն ունեցող հարաբերակցության պայմաններում, հեռանկար չուներ։ Հետևաբար դաշնակցության կողմից քաղաքացիական պատերազմի բորբոքումը իզուր արյուն թափել ու զոհեր տալ էր նշանակում և չէր բխում ազգային շահերից։

Ապստամբության ճնշումից հետո Հայաստանի Ռազմհեղկոմը վերակառուցվեց ժողովրդական կոմիսարների խորհրդի (ԺԿԽ), որի նախագահ նշանակվեց Ալեքսանդր Մյասնիկյանը (1886-1925)։ Նա Հայաստան եկավ ՌԿ(բ)Կ Կենտկոմի որոշումով։ Մինչ այդ նա արդեն ճանաչված գործիչ էր և Բելառուսում ու Ռուսաստանում ձեռք էր բերել ղեկավար աշխատանքի մեծ փորձ։ Չնայած իր կարճատև (շուրջ մեկ տարի) գործունեությանը, Նա մեծ դեր խաղաց Հայաստանում քաղաքական լարվածության մեղմացման, հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու, երկիրը խաղաղ շինարարության ուղի փոխադրելու գործում։ Այնուհետև Ալ. Մյասնիկյանը ղեկավար աշխատանքի տեղափոխվեց Թիֆլիս (Անդրկովկասյան Դաշնություն)։ 1925 թ. նա զոհվեց ինքնաթիռի վթարից։

 

Հայաստանի առաջին սահմանադրությունը։ Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի կազմավորումը

Հեղկոմների խնդիրն էր նաև կազմակերպել իշխանության նոր մարմինների՝ խորհուրդների ընտրությունը, որը կայացավ 1921թ. վերջին։

1922թ. սկզբին տեղի ունեցավ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը։ Այն քննարկեց մի շարք հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Հայաստանի սահմանադրության ընդունումն էր։ Վերջինս փաստորեն կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը։ Սահմանադրության վերջին հոդվածները ներկայացնում էին հանրապետության խորհրդանիշերը՝ պետական զինանշանը և պետական դրոշը։ Զինանշանի հեղինակն էր նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Հետագայում (1944թ.) ընդունվեց նաև պետական հիմնը՝ երգահան Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։

Չնայած ՀԽՍՀ սահմանադրության որոշ ձևական կողմերին, այն ամրագրում էր Հայաստանի պետականության հիմնական օրենքները։ 1922թ. սահմանադրությունն առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ։

Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը, քննարկելով Անդրկովկասյան Դաշնության (ֆեդերացիայի) կազմակերպման հարցը, հավանություն տվեց դրա մտահղացմանը։ Խորհրդային իշխանության առաջնորդ Վ. Ի. Լենինը Կովկասի կոմունիստների առաջ խնդիր էր դնում ստեղծել հանրապետությունների սերտ դաշինք։ Դաշնությունը (ֆեդերացիան) պետական միավորման այն ձևն է, երբ տարբեր ինքնիշխան պետություններ միավորվում են մի նոր՝ դաշնային պետության մեջ՝ պահպանելով իրենց ինքնիշխանությունը։

1922թ. մարտի 12-ին Անդրկովկասի 3 հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատեց դաշնային պայմանագիր։ Դրանով հիմնադրվեց նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՖՍՀ)։ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը հիմնականում պահպանում էին իրենց ինքնիշխանությունը։ Անդրկովկասյան Դաշնությունը գոյատևեց մինչև 1936 թվականը։

1922թ. գործնական իմաստով քննարկվում էր այն հարցը, թե ինչպիսի միջպետական հարաբերությունների մեջ պետք է լինեն նախկին Ռուսաստանի կայսրության տարածքի վրա ստեղծված խորհրդային հանրապետությունները։ Վ. Ի. Լենինի առաջարկությամբ խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, միավորվելու էին նոր ընդհանուր պետականության՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) մեջ՝ պահպանելով իրենց անկախությունը և Միությունից դուրս գալու իրավունքը։

1922թ. դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ խորհուրդների 1-ին համագումարը, որին մասնակցում էին խորհրդային 4 հանրապետություններ՝ ՌԽՖՍՀ-ն, Ուկրաինան, Բելոռուսիան (Բելառուսը) և ԱԽՖՍՀ-ը։ Համագումարը հաստատեց ԽՍՀՄ-ի ստեղծման մասին հռչակագիրը և պայմանագիրը։ Հայաստանի ԽՍՀ-ն Անդրկովկասյան Դաշնության միջոցով մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։

Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի կազմավորումով էականորեն փոխվեց Հայաստանի ԽՍՀ կարգավիճակը։ Եթե մինչև այդ Խորհրդային Հայաստանը այս կամ այն չափով անկախ պետություն էր, ապա ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո նրա ինքնիշխանությունը զգալի չափով թուլացավ։

ԽՍՀՄ-ի կազմավորումը ազգային հարցի լուծման ձև էր, սակայն այն փաստորեն չլուծվեց։ ԽՍՀՄ-ը՝ այդ դաշնային կամ միութենական ֆեդերացիան, իրականում դարձավ միաձույլ, կենտրոնացված պետություն, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ։ Այդ պետության մեջ ժողովուրդների դժգոհության ձայնը և ազգային տարաձայնությունները խեղդվեցին։ Այդ և այլ պատճառներով ԽՍՀՄ-ը կարողացավ գոյատևել միայն յոթ տասնամյակ և կազմալուծվեց 1991թ.։

Այդուհանդերձ, ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանն ունեցավ մեծ նվաճումներ, նրա պաշտպանությունը դարձավ ապահով։

 

ՀԽՍՀ դիվանագիտական կապերը

Խորհրդային Հայաստանը չեղյալ հայտարարեց նախկին իշխանության արտաքին պայմանագրերը և նոր հիմունքներով մի շարք երկրների հետ հաստատեց դիվանագիտական կապեր։ Հայաստանի լիազոր-ներկայացուցչություններ հաստատվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Ադրբեջանում։ Մոսկվայի հայկական ներկայացուցչության միջոցով աշխատանք էր տարվում Հայաստանին տնտեսական և այլ կարգի օգնություն կազմակերպելու համար։ Հյուպատոսություններ էին գործում Սուխումում, Բաթումում, Վլադիկավկազում (Լեռնային Հանրապետություն), Տաշքենդում (Թուրքեստան)։

Հայաստանը կապեր ուներ իր անմիջական հարևաններ Պարսկաստանի և Թուրքիայի հետ։ Դժվարություններ գոյություն ունեին Թուրքիայի հետ հարաբերություններում, որի զորքերը շարունակում էին գտնվել Ալեքսանդրապոլում։ Հայ-թուրքական հարաբերությունների լարվածության հիմնական պատճառը Թուրքիայի կողմից հայկական հողերի զավթումն էր և հայության ցեղասպանությունը։ 1922թ. հանրապետության ներկայացուցիչը Ռուսաստանի պատվիրակության կազմում մասնակցեց Ջենովայի կոնֆերանսին, իսկ ռուս-գերմանական պայմանագրով Գերմանիան ևս ճանաչեց ՀԽՍՀ-ը։

Մի շարք երկրների հետ գոյություն ունեին տնտեսական-առևտրական կապեր։ Առևտրական պայմանագիր էր կնքվել Պարսկաստանի Մակուի խանության հետ, որտեղից գնվում էր հացահատիկ։ Կոստանդնուպոլսում Հայաստանի ներկայացուցչի միջոցով տնտեսական կապեր էին հաստատվել Եվրոպայի և Ամերիկայի հայկական համայնքների հետ։ Հայաստանում գործում էր իտալական «Սագո» ընկերությունը։

Շարունակվում էր Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) նպաստը հայ ժողովրդին։ Կոմիտեն Հայաստանում պահում էր մինչև 25 հազար որբ երեխաներ ու հիվանդներ։ 1921թ. մարդասիրական օգնություն կազմակերպեց նաև Անգլիական օգնության կոմիտեն։ Նրա միջոցներով Միջագետքից Հայաստան փոխադրվեցին հայ գաղթականների խոշոր խմբեր։

Դիվանագիտական հարաբերությունների առկայությունն, ըստ էության, անկախ պետականության արտահայտություն էր։ Սակայն, չնայած դրան, Հայաստանի արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականության մեջ աստիճանաբար ուժեղանում էր Խորհրդային Ռուսաստանի ազդեցությունը։

 

Հայաստանի տարածքային պահանջները

Հայաստանի խորհրդային իշխանության առաջ ծառացած էր իր ազգային տարածքների հիմնախնդիրը։ Իշխանության ղեկին նստած հայ բոլշևիկները անտարբեր չէին ազգային սահմանների ու տարածքների հարցի արդարացի լուծման հարցում։

Անդրկովկասի երեք խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող տարածքային վեճերը լուծելու համար գործում էր համապատասխան հանձնաժողով Ս.Կիրովի նախագահությամբ և երեք հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀԿ(բ)Կ Կենտկոմում կայացած խորհրդակցությունը լսեց արտգործժողկոմ Ա.Մռավյանի զեկուցումը «Ադրբեջանի և Վրաստանի հետ ներքին սահմանների հաստատման հարցի մասին»։ Զեկուցողի նախագահությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը զբաղվելու էր համապատասխան փաստաթղթերի պատրաստումով։ Տարածքային տարաձայնությունների լուծումն ու կարգավորումը կենտրոնացավ Անդրկովկասի կուսակցական ղեկավար մարմին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյում։

Թիֆլիսում կայացած Ս. Կիրովի հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Ալ. Բեկզադյանը առաջարկեց հաշվի առնել Խորհրդային Հայաստանի ծանր դրությունը և տարածքային զիջումներ անել. Հայաստանին միացնել հայկական հոծ զանգվածներով բնակեցված շրջանները՝ Ախալքալաքը, Լոռին, Լեռնային Ղարաբաղը և այլն։ Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։ Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Ս. Կիրովը։ Համաձայնություն չկայացավ նաև վրաց-ադրբեջանական վիճելի հարցերում։ Հայաստանի ներկայացուցչի առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրո։

 

Հայկական տարածքների հարցը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերում։

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան, իր հերթին, 1920-1921 թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։

1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժի կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման (հողային պահանջի) առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։

Ռուսաստանը Հայաստանին հրավիրեց մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, բայց Թուրքիան առարկեց հայկական պատվիրակության մասնակցությանը։

1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան) Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914 թ. սահմանների վերականգնում։ Սակայն այդ բոլոր հարցերը նախապես համաձայնեցվել էին բանակցող կողմերի միջև հօգուտ Թուրքիայի։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից Միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառի փոխանակություն։

Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։

Այսպիսի անարդարացի պայմանագրի ստորագրումով և կատարած զիջումներով Ռուսաստանը ձգտում էր Թուրքիային պահել հակաիմպերիալիստական ճամբարում, ձախողել թուրք-անգլիական մերձեցումը։ Բացի այդ, Ռուսաստանը հույսեր ուներ, որ Թուրքիայի միջոցով հեղափոխությունը կտարածվի Արևելքում։ Բոլոր պարագաներում ոտնահարվեցին և անտեսվեցին հայ ժողովրդի կենսական շահերը։

Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո)։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն էր ունենալու և ունեցավ հայ ժողովրդի համար։ Միջազգային հեղափոխությունը տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենալ, իսկ հայ ժողովրդի շահերի զոհաբերումը դարձավ տևական փաստ։

Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասի հանրապետությունները, որոնք մասնակից չէին դարձվել բանակցություններին, Թուրքիայի հետ ունենալու էին իրենց առանձին պայմանագրերը, պահպանելով, սակայն, մոսկովյան պայմանագրի սկզբունքները։

Նոր բանակցությունները կայանալու էին Կարսում։ Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը, իրեն տրամադրել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը։

Կարսի Անդրկովկաս-Թուրքիա կոնֆերանսը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը։

Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները բնականաբար չէին կարող քննարկվել։ Այնուամենայնիվ, Ա. Մռավյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին դրեցին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը։ Այդ պահանջները, սակայն, բավարարություն չստացան, որովհետև Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածները պահպանելու վրա։ Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ըստ էության վերջինի շարունակությունն էր։ Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փաստորեն Խորհրդային Ռուսաստանի հերթական հարվածն էին Հայկական հարցին։ Ավելին, Թուրքիայի հետ նրա դաշինքի հաստատումը համազոր էր ցեղասպանին հովանավորելուն։

Միակ դրականն այն էր, որ խորհրդային իշխանության հարկադրանքի շնորհիվ թուրքերը 1921թ. ապրիլին հեռացան Ալեքսանդրապոլից։ Դրանից հետո պարզվեց, թե նրանք ինչպիսի կոտորածներ ու ավերածություններ էին գործել։

 

Լոռու և Ախալքալաքի խնդիրը

Տարածքային այս հարցերը կարևոր տեղ էին գրավում հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Այս բոլոր իրադարձություններին հետևում էր Վ. Լենինը, ինչը վկայում էր դրանց կարևորության մասին։ Ապստամբությունը ղեկավարելու համար Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց շտաբ Հովսեփ Լազյանի ղեկավարությամբ։ Կազմակերպվեց Ղարաքիլիսայի հատուկ նշանակության ջոկատ, որն անմիջականորեն զբաղվելու էր ապստամբությամբ։

Ապստամբությունն սկսվեց 1921թ. փետրվարի 11-ին, տևեց ընդամենը 3 օր և ավարտվեց ապստամբների հաղթանակով։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։ Խորհրդայնացվեց նաև Վրաստանը (1921թ. փետրվարի 25-ին), որով ավարտվեց Ռուսաստանի ազդեցության տարածումն ամբողջ Անդրկովկասում։

Հայ-վրացական տարաձայնությունների մյուս բնագավառը Ախալքալաքի պատկանելության խնդիրն էր, որի լուծումը Հայաստանը պահանջում էր կատարել իր օգտին։ Սակայն Խորհրդային Վրաստանը համաձայն չէր դրան և պնդում էր, քանի որ Լոռին տրվեց Հայաստանին, ուստի Ախալքալաքը պետք է լինի Վրաստանի կազմում։ Այդ ոգով էլ ընդունվեց որոշում 1921թ. հուլիսին։

 

Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրները

Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմն ընդունեց դեկրետ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս տարածքային վեճեր գոյություն չունեն, որ Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարվում են Հայաստանի անբաժանելի մասեր։ Ելնելով Ադրբեջանի հեղկոմի որոշումից՝ Հայաստանի ՍԽՀ հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 24-ին հռչակագիր ընդունեց Նախիջևանի մարզի ինքնորոշման մասին։ Սակայն թուրք-թաթարական (ադրբեջանական) ազգայնամոլ առաջնորդների հրահրումով հայոց պատմական Նախիջևանի մարզում իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները։ Մոսկվայի պայմանագրով այն անցավ Ադրբեջանին։ Տասնամյակներ շարունակ, հատկապես խորհրդային իշխանության տարիներին, մարզում հայերի թիվն անընդհատ նվազել է, տեսակարար կշիռն ընկել՝ 1916թ. 40 տոկոսից իջնելով 1926թ. 10,8 և 1979թ. 1,4 տոկոսի։ Այժմ Նախիջևանը լրիվ հայաթափված է։

 

Զանգեզուրի հարցը

Երկրամասի հետագա ինքնապաշտպանության ու հեռանկարների համար Հայաստանի խորհրդայնացման շնորհիվ քաղաքական նոր իրադրություն ստեղծվեց։

Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։

1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք, մինչև պարզ կդառնար Հայաստանին միանալու հնարավորությունը։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Համագումարի կազմը հայտարարվեց Լեռնահաաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։

Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ՝ կռվին վերջ տալու համար։ Դրա հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը 1921թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքը։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ կողմնակիցներով թողեց Սյունիքի ու Հայաստանի սահմանները, հեռացավ դեպի Պարսկաստան, ապա բնակություն հաստատեց Բուլղարիայում։

Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար։ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Դրա շնորհիվ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի սահմաններում։

 

Արցախի խնդիրը

Այլ ընթացք ու վախճան ունեցավ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Գարեգին Նժդեհը շարունակում էր պնդել Լեռնային Ղարաբաղի միացման պահանջի վրա՝ որպես իր պայքարը դադարեցնելու պայման։ Հայաստանի կառավարությունը 1921թ. հունիսի 12-ին ընդունեց որոշում և արեց հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայկական ԽՍՀ անբաժան մասը»։ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար նշանակվեց Ասքանազ Մռավյանը։ Սակայն Ադրբեջանն արգելակեց այդ որոշման կատարումը։

Գ. Օրջոնիկիձեն և Ս.Կիրովը Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին խորհուրդ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում ղեկավարվել էթնիկական սկզբունքով, այն է՝ ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին և, հակառակը, ոչ մի ադրբեջանական գյուղ չմիացվի Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չէր համարում էթնիկական սկզբունքով սահմանաբաժանումը։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրվեց Կովկասյան բյուրոյի պլենում, և նրա հուլիսի 4-ի նիստում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Վերջապես ընդունվել էր արդարացի և օրինական որոշում Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին։ Այդ որոշման դեմ բողոքեց Ն. Նարիմանովը, որից հետո հարցի լուծումը փոխադրվելու էր ՌԿ(բ)Կ Կենտկոմ (Մոսկվա)։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, վերանայվեց այդ որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի սահմաններում։ Դա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ նրա տնտեսական կապերով։ Լեռնային Ղարաբաղը դառնալու էր ինքնավար մարզ՝ Շուշի կենտրոնով։ Որոշման այսպիսի շրջադարձային փոփոխությունը, ըստ երևույթին, կապված էր Ի. Ստալինի միջամտության հետ։ Այսպիսով, ղարաբաղյան հարցի լուծումը պատճառաբանվեց միայն տնտեսական գործոններով՝ անտեսելով ազգայինը։

Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը բնականաբար խիստ դժգոհ էին որոշումից և արտահայտեցին իրենց անհամաձայնությունը, սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ Հայրենի երկրին միանալու ձգտումով համակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բողոքի ձայնը չլռեց նույնիսկ ստալինյան բռնատիրության տարիներին։ Մեր օրերում նա ստիպված էր զենքով պաշտպանել իր արդարացի իրավունքները։

Տարածքային հարցերի «լուծումից» հետո հնարավոր համարվեց կատարել Անդրկովկասի հանրապետությունների միջպետական հստակ սահմանագծում։ Ստեղծվեցին միայն հայ-վրացական և վրաց-ադրբեջանական պայմանագրեր։ Հայ-վրացական պայմանագիրը Թիֆլիսում ստորագրել են Հայաստանի ԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալ. Մյասնիկյանը և Վրաստանի ԽՍՀ Հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանին։ Դրա համաձայն Վրաստանի կազմում մնաց Ախալքալաքի շրջանը, իսկ Հայաստանի կազմում՝ Լոռին։

 

Հայկական հարցը Լոնդոնի և Լոզանի կոնֆերանսներում (1921-1923)

Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսը եթե հերթական հարվածը հասցրեց Հայկական հարցին, ապա Լոնդոնի և Լոզանի կոնֆերանսները վերջնականապես տապալեցին այն։

Լոնդոնի կոնֆերանսը կայացավ 1921 թ. փետրվար-մարտ ամիսներին, մի կողմից՝ Գերմանիայի, Թուրքիայի և մյուս կողմից՝ Անտանտի ու դաշնակցային պետությունների միջև։ Ֆրանսիայի և Իտալիայի առաջարկությամբ քննարկման դրվեց նաև Սևրի պայմանագիրը վերանայելու հարցը։ Նրանք ելնում էին այն կնքելուց հետո միջազգային իրադրության մեջ տեղի ունեցած փոփոխություններից, որոնք խոսում էին հօգուտ Թուրքիայի և ի վնաս Հայաստանի։ Այսպես, Ֆրանսիան կոնֆերանսի օրերին Թուրքիայի հետ կնքել էր գաղտնի պայմանագիր։ Իսկ Անգլիան շարունակում էր իր երկերեսանի քաղաքականությունը։ Եվ, չնայած դրան, Լոնդոն ժամանած երկու հայկական պատվիրակությունները պահանջում էին Արևմտյան Հայաստանի նկատմամբ կենսագործել Սևրի պայմանագիրը, իսկ Կիլիկիայում ստեղծել «վարչական ինքնավարություն»։ Սևրի մերժումից հետո առաջ քաշվեց Թուրքիայի արևելյան նահանգներում հայկական «ազգային օջախ» ունենալու հարցը, որը նույնպես մերժվեց թուրքական պատվիրակության կողմից։

Այսպիսով, Լոնդոնի կոնֆերանսում միացյալ և անկախ հայկական պետություն ստեղծելու մասին Սևրի պայմանագիրը նենգափոխվեց «ազգային օջախի» մասին հայտարարությամբ, որը, սակայն, Թուրքիային ոչինչ չէր պարտավորեցնում։

1922–1923թթ. կայացած Լոզանի միջազգային կոնֆերանսը նվիրված էր Մերձավոր Արևելքի հարցի քննարկմանը։ Ընդունված փաստաթղթերից էր Թուրքիայի հետ դաշնակից երկրների հաշտության պայմանագիրը, որը ներկայացնում էր Թուրքիայի ժամանակակից սահմանները։ Այդ նշանակում էր, որ վերջ էր դրվում Սևրի պայմանագրին և արևմտյան տերությունների կողմից Հայկական հարցի ճանաչմանը։

Լոզանում խոսք էր գնում Թուրքիայի որևէ տարածքում հայերին կենտրոնացնելու, նրանց համար «ազգային օջախ» ստեղծելու մասին։ Լոզան էին եկել հայկական երկու պատվիրակություններ՝ ազգայինը (Գ. Նորատունկյան, Լ. Բաշալյան) և հանրապետականը (Ավ. Ահարոնյան, Ալ. Խատիսյան)։ Նրանք կոնֆերանսին ներկայացրին համատեղ առաջարկության (հուշագիր) երեք տարբերակ, որոնք նույնպես չընդունվեցին։

Այսպիսով Անգլիան, Ֆրանսիան, նաև Ռուսաստանը իրենց վարած քաղաքականությամբ տապալեցին Հայկական հարցը։ Լոզանի կոնֆերանսը դարձավ դրա գագաթնակետը։ Լոզանի պայմանագրում Հայաստանը և հայերն այլևս չէին հիշատակվում։ Հայկական հարցի փոխարեն առաջ քաշվեց հայ գաղթականների հարցը, այն հանձնելով Ազգերի լիգայի տնօրինությանը։

 

Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)

Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ., այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։

Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։

Հայաստանում նէպին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։ Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։

Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։

 

Հողային հարցը

Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz