Հնդեվրոպական նախահայրենիքը


Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։ Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները։ Հիշյալ տարածքներում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, հնդիրանական և այլ ժողովուրդների նախնիները։ Նրանց լեզուներն անվանում են հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ դրան պատկանող ժողովուրդները բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտքը ձգվող երկրների գրեթե ամբողջ տարածքը։ Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, միավորվելով, կազմել են տարբեր ժողովուրդներ։

Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանացիները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները, արիացիները, որոնց թվում մեր հարավային հարևան պարսիկները։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ են։


Հայ ժողովրդի կազմավորման մասին ավանդազրույցները

Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի հնագույն ժողովուրդների թվին, որոնց կազմավորման գործընթացների մասին սկզբնաղբյուրները կցկտուր տեղեկություններ են պահպանել։ Այդ պատճառով պատմաբանները ստիպված են դիմել ժողովրդական ավանդազրույցներին, որոնք թվով երեքն են. Հայկի և Բելի պատմությունը, հունական և վրացական ավանդապատումները։

Դրանց մեջ ժամանակագրական առումով առավել հինը հունականն է, որը գրի է առել և սերունդներին թողել հույն աշխարհագետ Ստրաբոնը։ Հունական ավանդազրույցը, որի ակունքներն, անշուշտ, հայկական են, հարմարեցված է հունա-մակեդոնական քաղաքական շահերին։ Պատմվում է այն մասին, թե ինչպես արգոնավորդ Յասոնի հետ Կողքիս (Կոլխիդա) եկած Արմենոսը, որ Հունաստանի Թեսալիա երկրամասից էր՝ Արմենիոն քաղաքից, չի վերադառնում Հունաստան։ Նա՝ իջնելով հարավ, իր ուղեկիցների հետ հաստատվում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում՝ տարածվելով անգամ մինչև Հյուսիսային Միջագետք։ Ավանդազրույցի համաձայն երկիրը Արմենոսի անունից ստանում է Արմենիա անվանումը։

Հայկի և Բելի պատմությունից, որ մեզ է հասել Մովսես Խորենացու և Սեբեոսի (VII դարի պատմիչ) աշխատությունների միջոցով, պարզ է դառնում, որ հայկական և հունական ավանդապատումները ոչ թե իրար հակասում են, այլ լրացնում։ Հայկական ավանդապատումը ծագում է հեթանոսական անհիշելի ժամանակներից։ Հետագայում քրիստոնյա հայ պատմիչների կողմից այն հարմարեցվել է քրիստոնեական աշխարհընկալմանը։ Ասվում է, որ հայերի նախնի Հայկը չի կամենում ճանաչել բռնակալ Բելի իշխանությունը։ Բաբելոնում անհաջող աշտարակաշինությունից հետո, իր ամբողջ գերդաստանով և միացած մարդկանցով ու ստրուկներով, թվով 300 հոգի, չվում է դեպի Արարադի երկիրը։ Հաստատվում է մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում։ Հնազանդեցնելով տեղի սակավաթիվ բնակիչներին և երկիրը հանձնելով իր թոռ Կադմոսին՝ նա շարժվում է հյուսիս-արևմուտք և բնակություն հաստատում Հարքի դաշտավայրում։ Բելը փորձում է խաղաղ միջոցներով իրեն ենթարկել Հայկին, սակայն, հաջողության չհասնելով, որոշում է ուժով հպատակեցնել Հայկին և Հայկյաններին։

Իմանալով Բելի հարձակման մասին՝ Հայկը շարժվում է նրան ընդառաջ և ճակատամարտ տալիս նրա զորքերին Վանա լճից արևելք՝ Հայոց ձորում։ Հայկի և Հայկյանների կատաղի դիմադրությունից զարհուրած Բելը փորձում է նահանջել դեպի թիկունքում գտնվող բլուրը և սպասել իր հիմնական զորքերի գալստյանը։ Սակայն աղեղնավոր Հայկը, կռահելով այդ, առաջ է շարժվում և նետով խոցում Բելի զրահապատ կուրծքը։ Բելը տապալվում է և հոգին փչում, իսկ նրա զորքը ցրվում է։ Հայկը հաղթանակի վայրում դաստակերտ է շինում՝ անվանելով Հայք, իսկ երկիրն էլ Հայկի անունով կոչվում է Հայք։ Հայկի մահից հետո Արամանյակը, շարժվելով հյուսիս, հաստատվում է Այրարատյան դաշտում, իսկ նրա որդի Արամայիսը հիմնադրում է Արմավիրը։ Նրա հաջորդներից էր Արա Գեղեցիկը, որի անունով էլ Արագած և Մասիս լեռների միջև ընկած դաշտը ստանում է Այրարատ անունը։

Ավանդության շարունակությունից պարզվում է, որ Հայկի սերնդից էր Արամը, որն ընդարձակում է Հայաստանը բոլոր ուղղություններով, և նրա սխրագործությունների պատճառով օտարները Հայաստանը կոչում են Արամի անունով Արմենիա, իսկ հայերին՝ արմնիկ (իմացի՛ր արմանիկ)։

Վրացական ավանդության համաձայն՝ Հայկը և նրա եղբայրներ Քարթլոսը, Եգերոսը, Հերոսը և մյուսները եղել են Թորգոմի որդիները։ Կովկասի ժողովուրդների նախահայր Թորգոմն իր որդիներով և ամբողջ ժողովրդով Բաբելոնից գալիս է և հաստատվում Մասիս և Արագած լեռների միջև փռված դաշտում։ Շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է, և նրա որդիները տարածվում են ու ընդարձակում իրենց բնակության սահմանները մինչև Կովկասյան լեռները և դրանից հյուսիս։ Հոր մահից հետո անդրանիկ որդի Հայկն իր եղբայրների հետ ապստամբում է աշխարհի առաջին բռնակալ Նեբրովթի (Բելի) դեմ և մարտում սպանում նրան։ Դրանից հետո Հայկի եղբայրները շարժվում են իրենց երկրները և ապրում փոխադարձ սիրո մեջ։


Հայկական լեռնաշխարհի ցեղային միությունները

Հայկական լեռնաշխարհը վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել բազմաթիվ ցեղերով, որոնց գերակշիռ մասը հայկական էր։ Դատելով սկզբնաղբյուրներից՝ Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորումը կոչվել է Արատտա (Ք.ա. XXVIII-XXVII դդ.)։ Այն հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր՝ հարուստ մետաղներով և այլ օգտակար հանածոներով, որոնք նշանակալից մասով արտահանվում էին։ Երկրի կառավարման գործում առաջնակարգ դեր էին խաղում քրմերը, իսկ արքան միաժամանակ երկրի գլխավոր քուրմն էր։ Որոշ արձանագրություններում Արատտան կրում է «աստվածային սուրբ օրենքների երկիր» և «անմահության երկիր» անվանումները, որի արտացոլումն է Աստվածաշնչի կողմից դրախտը Հայաստանում տեղադրելը։

Փոքր Ասիայի շրջանում բնակվող խեթական ցեղերը Ք.ա. XVIII դարում ստեղծում են ուժեղ Խեթական պետությունը, որը գոյատևեց մինչև Ք.ա. XII դարը։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան մի շարք երկրամասեր գրավվեցին խեթերի կողմից և հայտնվեցին նրանց ազդեցության ներքո։ Հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավային մի քանի շրջաններում Ք.ա. XVII դարում ստեղծվում է Միտաննի պետությունը, որը նույնպես նշանակալից ազդեցություն ունեցավ Հայկական լեռնաշխարհի բնակչության զարգացման վրա։

Հայկական ցեղային միություններն ու պետական կազմավորումներն ավելի վաղ հանդես եկան հենց նրանց ազդեցության հիշյալ շրջաններում։ Ցավոք, պատմությունը ցեղային միությունների մասին գրեթե տեղեկություններ չի պահպանել, իսկ պետական կազմավորումների մասին տեղեկություններ պահպանել են սեպագիր արձանագրությունները։


Թորգոմի տուն, Հայասա, Մելիդ, Իսուվա (Ծուփանի)

Հայկական լեռնաշխարհի ծայր արևմուտքում գտնվել է Թորգոմի տուն կամ Թեգարամա պետական կազմավորումը, որին բախտ էր վիճակված կարևոր դեր խաղալու հայ ժողովրդի կազմավորման գործում։ Նրա մասին տեղեկությունները գալիս են դեռևս Ք.ա. II հազարամյակի սկզբներից։ Նրանից դեպի հյուսիս-արևելք գտնվում էր Հայասա կամ Հայասա-Ազզի թագավորությունը (Ք.ա. XV-XIII դդ.), որն անմիջականորեն սահմանակցում էր Խեթական պետությանը։ Պետական այս կազմավորումը եղել է հայկական իշխանություններից մեկը, որը կարող էր մարտադաշտ դուրս բերել 700 մարտակառք և 10 հազար հետևակ զինվոր։ Բնակչությունն զբաղվում էր հիմնականում երկրագործությամբ և խաշնարածությամբ։ Սկսել էին զարգանալ արհեստները։ Հայասայի կենտրոններից էր Կումախան (հետագայում՝ Անի-Կամախ), որտեղ գտնվում էր հայոց թագավորների դամբարանը։

Խեթական թագավորները հաճախ են պատերազմել Հայասայի դեմ, բայց չեն կարողացել վճռական հաղթանակ տանել նրա նկատմամբ։ Ք.ա. XIV դարի սկզբներին Հայասան երկու անգամ հարձակման ենթարկվեց խեթերի կողմից, սակայն կարողացավ պահպանել իր անկախությունը։

Հայասայից հարավ ընկած էր Սուխմու երկիրը, իսկ Թեգարամայից հարավ՝ Մելիդ երկիրը և քաղաքը (ներկայումս՝ Մալաթիա)։ Սրանց հարևաններն էին հարավից Խաթե երկիրը և արևելքից Իսուվան կամ Ծուփանին (Ծոփքը)։ Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում էին գտնվում Արմե և Ուրմե նույնպես հայկական իշխանությունները։

Վանի թագավորության շրջանում (IX-VII դդ.) Այրարատյան դաշտում և նրանից հյուսիս տարածվում էր Էթիունի պետական կազմավորումը, որը ներառում էր նաև Սևանա լճի ավազանը։ Միության մեջ մտնում էին ավելի քան քսան ցեղեր, իսկ նրա բնակիչների կենցաղի մասին պատմում են Սևանի ափին՝ Լճաշենում, պեղված դամբարանների հարուստ նյութերը՝ զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն։ Նրա կենտրոնական մասն էր կազմում Ազա երկիրը, որի տարածքի վրա ներկայումս գտնվում է մեր հանրապետության մայրաքաղաք Երևանը։


Նաիրի ցեղային միություն

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում միայն Ք.ա. II հազարամյակի երկրորդ կեսից։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Վանա լճի և Եփրատի հովտի միջև, զբաղեցնում էր Նաիրի ցեղային միությունը, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր։ Նաիրյան ցեղային միության ուժեղացմանն էապես նպաստեցին ասորեստանյան թագավորների ավերիչ ու ավարառուական արշավանքները։ Դրանց դիմադրելու համար նաիրյան ցեղերը թշնամու դեմ դուրս էին բերում պատկառելի միացյալ ուժեր՝ միավորելով մի քանի տասնյակ ցեղերի զինուժը։ Նաիրյան միության բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայալեզու ցեղերը։

Հիշատակության արժանի է Դիաուեխի ցեղային միությունը, որի անունը պահպանվել է հայկական Տայք աշխարհի վրա։ Վանա լճից դեպի հարավ ընկած շրջաններում գտնվել է Ուրուատրի ցեղային միությունը, որը միավորում էր 8 ցեղեր։

Հայկական լեռնաշխարհում գոյություն են ունեցել նաև այլ ցեղային միություններ, որոնց բնակչության մի մասը ոչ հնդեվրոպական էր, որը ժամանակի ընթացքում հայացավ։

Հայ ժողովրդի կազմավորման գործընթացները ուղեկցվում էին Ասորեստանի կողոպտիչ արշավանքներով, որոնք ստիպում էին լեռնաշխարհի բնակչությանը միավորվել և միացյալ հարված հասցնել թշնամուն։


Արամայիսը և Հայկյանների Այրարատյան թագավորության հիմնադրումը

Հայկական լեռնաշխարհի հնագույն միասնական հայկական պետությունը եղել է Այրարատյան թագավորությունը։ Տոմարագիտական հաշիվները ցույց են տալիս, որ վաղ համահայկական թագավորությունը ծնունդ է առնում Արամայիսի օրոք Ք.ա. 1032 թ., երբ հիմնադրվում է Արմավիր քաղաքը։ Նրա հաջորդների օրոք Հայկյանների թագավորության մեջ են ներառվում Շիրակը և նրա շրջակա գավառները, Գուգարքը կամ նրա մի մասը, Սյունիքը, Արցախը և Ուտիքը։ Հայկյանների վերջին ներկայացուցիչներից էր Արամե-Արամը։ Հարկ է նշել, որ Վանի թագավորները երբեք իրենց պետությունը չեն կոչել Ուրարտու, որը հանդիպում է միայն ասորեստանյան թագավորների թողած արձանագրություններում։ Ասորեստանցիները հայկական թագավորության անունը Ուրարտու ձևով, որ նույնական է Այրարատին և Աստվածաշնչի Արարատին, պարզապես տարածեցին Հայկական լեռնաշխարհում նոր ծնունդ առած Վանի թագավորության վրա։ Հայկյանների շնորհիվ կազմավորված ժողովուրդն իրեն կոչում էր «հայ» կամ Թորգոմի ազգ, իսկ երկիրը՝ Թորգոմի տուն, ինչը հավաստում են հայկական սկզբնաղբյուրները։ Երբ Վանի թագավորության անկումից հետո Հայկյանները վերականգնեցին իրենց իշխանությունը, պետությունը կոչվեց նախկինի պես Այրարատյան թագավորություն կամ Թորգոմի տուն, որն Աստվածաշնչում հիշատակվում է Թոգարմա ձևով։ Այն արդեն կազմավորված հայ ժողովրդի հայրենիքն էր, որի զինված ուժերով, ըստ Աստվածաշնչի, հրեա մարգարեները սպառնում էին իրենց թշնամիներին։

Создать бесплатный сайт с uCoz