Վանի թագավորություն


Ք.ա. IX դարում Հայկյանների Այրարատյան թագավորության՝ Ասորեստանից կրած պարտությունների հետևանքով Հայկական լեռնաշխարհում ծնունդ է առնում մեկ այլ պետություն։ Վերջինս նրա արքաների թողած սեպագիր արձանագրությունների մեջ կոչվում է Բիայնիլիի թագավորություն, իսկ ասորեստանյան արձանագրություններում՝ Ուրարտու։ Եվ քանի որ Բիայնիլի անունից ծագում է Վան քաղաքի անունը, պատմագիտության մեջ ընդունված է այն կոչել Վանի կամ՝ համաձայն ասորեստանյան անվանման, Ուրարտուի թագավորություն։

Սկզբում այն փոքր պետություն էր, որ դժվարությամբ դիմադրում էր ասորեստանյան արշավանքներին։ Սակայն քաղաքական բարենպաստ պայմանների շնորհիվ այն աստիճանաբար տարածվում է և ծավալվում։ Շուրջ մեկ դարի ընթացքում զենքի ուժով Վանի թագավորությունն իր իշխանությունն է հաստատում Հայկական լեռնաշխարհի մեծ մասի վրա։ Ասորեստանցիները, որ սկզբում բախվել էին Այրարատյան թագավորության հետ, վերջինիս անունը Ուրարտու արտասանությամբ տարածեցին նոր հանդես եկած պետության վրա։

Վանի թագավորության հիմնադիրը եղել է Սարդուրի Ա-ն, որն իր մայրաքաղաք Տուշպայի (Վանի) կառուցման մասին թողած արձանագրության մեջ իրեն կոչում է «Մեծ արքա, տիեզերքի արքա, Նաիրի երկրի արքա, արքաների արքա, որը բոլոր թագավորներից հարկեր է ստացել»։

 

Վանի թագավորության վերածվելը Առաջավոր Ասիայի հզոր տերության

Վանի թագավորությունը նշանակալից չափով ամրապնդվեց Սարդուրի Ա–ի որդի Իշպուինիի գահակալության շրջանում։ Նա և նրա որդի Մենուան (Ք.ա. 810-786 թթ.) նշանակալից չափով ընդարձակեցին իրենց թագավորության տարածքը՝ ծավալվելով դեպի Արածանի գետի հովիտը և Ուրմիո լճի ավազանի հարավային շրջանները։ Սակայն Վանի թագավորությունը մեծապես հզորացավ Մենուայի օրոք։ Նրան հաջողվեց իրեն ենթարկել ոչ միայն Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, այլև համառ պայքար սկսել Ասորեստանի դեմ՝ Առաջավոր Ասիայում քաղաքական գերիշխանության հասնելու համար։ Նրա օրոք գրավվեց Այրարատյան դաշտի հարավային մասը, և Մասիս լեռան հյուսիսային փեշերին կառուցվեց Մենուախինիլի քաղաքը։ Նա իր թագավորությանը միացրեց Հայկական լեռնաշխարհի արևմտյան մի շարք շրջաններ, Դիաուեխի երկիրը և այլն։

Մենուայի կառավարման շրջանում նվաճված ցեղերի վրա պետության գերիշխանությունն ապահովելու համար կառուցվում են հզոր ամրոցներ ոչ միայն տերության կենտրոնական երկրամասերում, այլև ծայրամասային մարզերում։ Մենուան ավարտեց դեռևս Սարդուրի Ա-ի ժամանակ սկսված մայրաքաղաք Տուշպայի պաշտպանական կառույցների շինարարությունը։ Արքունիքը հոգ էր տանում գյուղատնտեսության զարգացմանը՝ մեծ ուշադրություն նվիրելով, առաջին հերթին, այգիների և ցանքատարածությունների ընդլայնմանը։ Մենուայի ժամանակներից սկսած երկրում մեծ զարկ տրվեց ջրանցքաշինությանը, որի շնորհիվ յուրացվեցին և ոռոգվեցին ընդարձակ հողատարածություններ։ Թագավորը Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գետից 72 կմ երկարությամբ ջրանցք կառուցեց մինչև պետության մայրաքաղաք Տուշպա։ Ջրանցքն այնքան լավ էր կառուցված, որ գործում է մինչև այսօր՝ ջուր մատակարարելով Վանի բնակիչներին և այգիներին։ Ջրանցքի ամբողջ երկարությամբ Մենուայի թողած արձանագրություններից մեզ են հասել 14-ը, որոնցում նա աստվածների անունից սպառնում է բոլոր նրանց, ովքեր կջարդեն արձանագրությունը և կփորձեն իրենց վերագրել ջրանցքի կառուցումը։ Ավելի ուշ հայերը ջրանցքը կոչում էին Շամիրամի ջուր՝ Ասորեստանի թագուհի Շամիրամին վերագրելով դրա կառուցումը։

Մեծ նվաճումների և Ասորեստանի դեմ մղած հաջող կռիվների արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայի հզորագույն տերության։

 

Արգիշտի Ա։ Էրեբունի և Արգիշտիխինիլի քաղաքների կառուցումը

Գահ բարձրացած Արգիշտի Ա-Ն (Ք.ա. 786-764) շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Մեծ արշավանք ձեռնարկելով տերության եփրատյան սահմանները՝ նա ոչ միայն ամրապնդեց դրանք, այլև ձեռք բերեց հարուստ ավար և մեծ թվով գերիներ։

Արգիշտի թագավորի վարած կռիվների մեջ առանձնանում է Այրարատյան դաշտի նվաճումը, որը վերածվում է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակություն ունեցող շրջանի։ Ք.ա. 782 թվին նա մեր հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում կառուցում է Էրեբունի քաղաքը, որի անունից էլ ծագում է Երևանի անվանումը։ Իր թողած արձանագրությունների մեջ նա նշում էր, որ Էրեբունին կառուցվել է «ի բարօրություն Բիայնիլի Երկրի, ի տապալումն թշնամական երկրների»։ Էրեբունին վերածվեց տերության հյուսիսային կարևոր հենակետի։ 2018 թվին կլրանա Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը։

Այրարատյան դաշտը մշտապես գտնվում էր արքունիքի ուշադրության կենտրոնում։ Կամենալով վերջնականապես ամրապնդել պետության իշխանությունն այստեղ՝ Արգիշտի Ա-ն Արամայիսի Արմավիր մայրաքաղաքի հարևանությամբ կառուցում է Արգիշտիխինիլի մեծ քաղաքը, որը վերածվում է տերության հյուսիսային շրջանների կարևոր վարչական կենտրոնի և ռազմական մի նոր հենակետի։ Արգիշտիխինիլին, որ սերտաճել էր Արմավիրին, հետագայում վերածվեց Երվանդականների թագավորության մայրաքաղաքի՝ պահպանելով Արմավիր անունը։ Արգիշտի թագավորը մեծ թվով արշավանքներ ձեռնարկեց Շիրակ, որը նրան հրապուրում էր հացահատիկի առատությամբ։ Արգիշտիի զորքերը հասան մինչև Սևանա լճի ափերը։

Հաջող էին կռիվները Ասորեստանի դեմ։ Ուրմիո լճի ավազանում և այլ վայրերում մղված կռիվներում Ասորեստանի գահակալները պարտություն կրեցին, և Վանի թագավորության հաղթարշավը շարունակվեց։ Այնքան սարսափազդու էր նրա անունը, որ ասորեստանյան զորքերի հրամանատարը խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։

  

Սարդուրի Բ։ Վանի թագավորության և Ասորեստանի միջև հակամարտության ուժեղացումը

Վանի թագավորությունը շարունակեց ռազմական և տնտեսական վերելք ապրել Արգիշտի Ա-ի որդի Սարդուրի Բ–ի օրոք (Ք.ա. 764-735 թթ.)։ Ինչպես իր նախնիները, Սարդուրի Բ-ն էլ սկզբում ուշադրություն դարձրեց իր տերության հյուսիսային երկրամասերի վերջնական հնազանդեցմանը, ինչպես նաև նոր երկրների նվաճմանը։ Արշավանք ձեռնարկվեց անհնազանդ Շիրակի դեմ, Սևանա լճի արևմտյան ափին նվաճվեցին Վելիքուխի (Գեղարքունիք) և նրան հարևան երկրները՝ պետության սահմանը հասցնելով մինչև Արցախ։ Հյուսիսում նա գրավեց Կողքիս (Կոլխիդա) երկիրը, Ջավախքի տարածքը և Աղստևի ավազանը։ Սարդուրի Բ-ն ոչ միայն կարողացավ վերստին հնազանդեցնել Մելիդի թագավորությունը և այն ծանր հարկի տակ դնել, այլև՝ Եփրատի հոսանքով շարժվելով հարավ, հաստատվել Սիրիայի նշանակալից մասում։ Հաստատվելով Բաբելոնի հարակից շրջաններում (Բաբիլու երկիր)՝ նա ձգտում էր աքցանի մեջ առնել Ասորեստանը և՛ արևմուտքից, և՛ արևելքից։ Չնայած սկզբնական հաջողություններին՝ թագավորը, ցավոք, բախվեց վերստին ուժեղացած և վերելքի ուղին բռնած Ասորեստանի դիմադրությանը։

Սարդուրի Բ-ի պայքարը Ասորեստանի դեմ, որ ռազմավարական լուրջ պլաններ էր շոշափում, դժբախտաբար, ավարտվեց անհաջողությամբ։ Ասորեստանյան գահ բարձրացած Թիգլաթ-Պալասար Գ-ն, որ կարողացել էր ամրապնդել Ասորեստանի բանակը, Ք.ա. 743 թ. պարտության մատնեց Եփրատի հոսանքով հարավ շարժվող Սարդուրիի զորքերին։ Ավելին, Ք.ա. 735 թ. ասորեստանյան բանակը, շարժվելով առաջ, մոտեցավ մայրաքաղաք Տուշպային և պաշարեց այն։ Ճիշտ է, քաղաքի միջնաբերդը թշնամուն գրավել չհաջողվեց, սակայն Տուշպան ավերվեց, և թշնամին ավարով ու գերիներով հեռացավ։

 

Վանի թագավորությունը վերջին գահակալների օրոք։ Թագավորության անկումը

Սարդուրի Բ-ին հաջորդած Ռուսա Ա-ն (Ք.ա. 735-713 թթ.) հսկայական ջանքեր գործադրեց պետության հզորությունը վերականգնելու համար։ Նա մեծ նվաճումներ կատարեց Սևանա լճի ավազանում և նրանից արևելք ու հարավ ընկած տարածքներում։ Ամենուրեք կառուցվում էին ամրոցներ՝ պետության իշխանությունը նվաճված երկրներում ամրապնդելու համար։ Նա ստիպված էր ծանր կռիվներ մղել Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերական ցեղերի դեմ, որոնք սկզբում ծանր հարվածներ հասցրին Վանի թագավորությանը։ Ի վերջո Ռուսայի դիվանագիտությունը հաղթեց, և վտանգավոր թշնամին նրա հորդորներով շարժվեց դեպի Փոքր Ասիա։ Կիմմերները հաստատվեցին Կապադովկիայում, որը նրանց անունով ստացավ Գամիրք անվանումը։ Այստեղից նրանք հաճախակի հարձակվում էին Ասորեստանի վրա։

Վանի թագավորությունը ծանր հարված ստացավ Ռուսա Ա-ի գահակալության վերջին շրջանում։ Ռուսա Ա-Ն սկզբում ամեն կերպ խուսափում էր Ասորեստանի հետ բախումից։ Իսկ երբ պարզ դարձավ, որ դա անհնար է, նա սկսեց վարել արտաքին ակտիվ քաղաքականություն։ Դրան ի պատասխան, ասորեստանյան բանակը Ք.ա. 714 թ. ներխուժեց թագավորության կենտրոնական երկրամասերը։ Թշնամին՝ անխնա ավերելով ու ավարի ենթարկելով երկիրը, անգթորեն ոչնչացնում էր ոչ միայն բնակավայրերը, այլև այգիներն ու ցանքսերը։ Վերադարձի ճանապարհին թշնամին հարձակվեց Վանի թագավորությանը ենթակա Մուծածիրի իշխանության վրա, որտեղ գտնվում էր թագավորության գլխավոր աստված Խալդիի հռչակավոր մեհյանը։ Մեհյանը, որն իր ոճով հիշեցնում էր Գառնիի տաճարի նախատիպը, ավերվեց և կողոպտվեց։

Այսուհանդերձ, դրանից հետո կիմմերական ցեղերի և այնուհետև քաղաքական ասպարեզում հայտնված սկյութական ցեղերի արշավանքները նշանակալից չափով մեղմացրին հակամարտությունը երկու երկրների միջև։ Բախումները նրանց միջև գործնականում դադարեցին։

Վանի թագավորությունը հզորության մի փայլատակում ունեցավ Ռուսա Բ-ի օրոք (Ք.ա. 685-645 թթ.): Նա հայտնի էր շինարարական աշխատանքներով Տուշպայում և Այրարատյան դաշտում, որտեղ նրա ջանքերով կառուցվեց Թեյշեբաինի քաղաքը (ներկայիս Կարմիր բլուրը Երևանի տարածքում)։ Թեյշեբաինին աստիճանաբար վերածվեց երկրամասի տնտեսական կենտրոնի և հյուսիսային կարևոր ռազմական հենակետի։ Հնարավոր եղավ կասեցնել սկյութների արշավանքները, և վերջիններս անգամ բարեկամական հարաբերություններ հաստատեցին Ռուսա Բ-ի հետ։

Ռուսա Բ-ից հետո հիշատակվում են ևս մի բանի գահակալներ, սակայն նրանք չկարողացան վերականգնել պետության երբեմնի հզորությունը։ Վանի թագավորությունը գնալով թուլանում էր։ Շուտով նրա մի մասում հանդես եկավ Պարույր Սկայորդու թագավորությունը, որը Մարական թագավորության կողմից ճանաչվեց Հայոց թագավոր։

 

Վանի թագավորության տնտեսությունը, մշակույթը և պետական կարգը

Գյուղատնտեսություն և արհեստներ

Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արհեստների զարգացման գործում։ Երկրագործությունը խթանելու համար Վանի թագավորները զարկ տվեցին ջրանցքների շինարարությանը։ Բացի Մենուայի (Շամիրամի) ջրանցքից, Տուշպա-Վան քաղաքից ոչ հեռու անցկացվում է 25 կմ-ոց Ռուսայի ջրանցքը և կառուցվում Ռուսայի ծով կոչված ջրամբարը։ Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) անցկացված ջրանցքը, որ մինչև օրս պահպանվել է, Հրազդանի ջրերը թունելի միջոցով հասցրել է Այրարատյան դաշտի անջրդի հողերը։ Երկրագործությունը, հատկապես այգեգործությունն ու խաղողագործությունը, մեծ զարգացման են հասել Վանա լճի ավազանում, Այրարատյան դաշտում, Եփրատ-Արածանիի և այլ գետահովիտներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում բնակչությունն առավելապես զբաղվում էր խաշնարածությամբ։

Վանի թագավորության շրջանում ծաղկեցին արհեստները։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ արհեստագործները պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ զենք ու զրահ, մետաղներ, առօրյա կյանքի գործիքներ ու իրեր, ինչպես նաև տարբեր տեսակի զարդեր։ Դրանք պատրաստվում էին բրոնզից, պղնձից, երկաթից, ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կավից, ոսկրից և այլ նյութերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բրդից, վուշից և կաշվից պատրաստված հագուստների ու գորգերի մնացորդներ։

  

Քաղաքաշինություն

Վանի թագավորությունը եղել է զարգացած քաղաքների երկիր, որոնց մի մասը ձևավորվել է բերդերի և ամրոցների շուրջը։ Տուշպան, Էրեբունին, Արգիշտիխինիլին, Թեյշեբաինին և այլն պեղվել են հնագետների կողմից։ Նշանակալից թիվ էին կազմում բերդ-քաղաքները, որոնց՝ քաղաքի վրա իշխող բարձրադիր վայրերում կառուցվում էր հզոր միջնաբերդը՝ պարսպապատված 2-3 շարք պարիսպներով։ Միջնաբերդի շուրջը փռված քաղաքը մեծ մասամբ նույնպես պարսպապատում էին։ Քաղաքները կառուցապատվում էին հատուկ նախագծով, որի արդյունքում նրանք ունեին ուղիղ և զուգահեռ փողոցներ։ Միջնաբերդում կամ ամրոցում բնակվում էր մարզային կառավարիչը՝ իր սպասավորներով և զինվորներով։ Այդ մասում կային նաև արհեստանոցներ ու մառաններ։ Սակայն արհեստավորների մեծ մասը բնակվում էր պարսպապատ քաղաքի տարածքում։ Քաղաքային բնակելի տները բազմատեսակ էին՝ խրճիթներից սկսած մինչև ընդարձակ բնակարաններից բաղկացած շենքերը։

Նվաճված երկրներում բերդաքաղաքները ծառայում էին որպես տնտեսական և ռազմական հենակետեր։ Այստեղ էին կուտակվում արշավանքների ժամանակ ձեռք բերված ավարը և բնակչությունից գանձված հարկերը՝ հացահատիկը, պտուղը և անասունները։

Քաղաքներում գտնվում էին Խալդի աստծո կամ տվյալ քաղաքի հովանավոր աստծո մեհյանները։ Ինչպես ասվել է, Մուծածիրի Խալդի աստծու նշանավոր մեհյանը նախատիպն է Գառնիի և համանման տաճարների։ Տաճարների մյուս տեսակը հայտնի է եղել աստծու դարպաս անունով։ Որպես շինանյութ ծառայել են քարը, աղյուսը (մեծ մասամբ չթրծված) և փայտը։ Շինությունները ծածկվում էին երկար ու հաստ գերաններով։ Ամրոցի աշտարակները և տաճար-մեհյանները կառուցելիս օգտագործվում էր տաշած քարը։

  

Կերպարվեստը

Հմուտ վարպետների ձեռքերով պալատների և տաճարների պատերը ներսից ծածկվում էին գունավոր նկարներով, որոնց մեջ հանդիպում էին ոչ միայն աստվածների, այլև կենդանիների պատկերներ։ Սովորաբար նկարները եզերվում էին գեղեցիկ զարդանախշերով։ Հանդիպում են բարձրաքանդակներ, ինչպիսին էր Թեյշեբա աստծու քանդակը։ Պահպանվել են մետաղից, քարից ու եղջյուրից պատրաստված աստվածների, կենդանիների ու մարդկանց բազմաթիվ մանր արձաններ։ Վանյան թագավորների կամ զորապետերի բրոնզե սաղավարտները, վահանները և կապարճները (նետաման) զարդարվում էին հոյակապ բարձրաքանդակ պատկերներով։ Պատկերների մեջ հանդիպում էին մարտակառքեր ու հեծյալներ, առյուծներ ու ցուլեր, քրմեր ու թևավոր ինչ-ինչ էակներ։

  

Լեզուն և սեպագրությունը

Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի բան 600 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։ Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։

Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Հայերենի ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր, ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։

Վանյան սեպագիրը փոխ է առնված ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ կամ դապ, զիլ, կուռ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ և այլն։ Հարկ է խոստովանել, որ մենք այսօր էլ օգտվում ենք այդպիսի նշաններից, օրինակ՝ գրում ենք 2 և կարդում ենք երկու, թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու։ Կամ գրում ենք § և կարդում պարագրաֆ։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիվ են։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։ Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։

Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։

  

Կրոնը և աստվածների պանթեոնը

Վանյան աստվածների պանթեոնը ներկայացրել են գրեթե 100 աստվածներ և աստվածություններ։ «Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են նրանք՝ իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով։ Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Կային նաև աստվածուհիներ։ Գոյություն են ունեցել նաև գետերի, լեռների և լճերի աստվածներ։

  

Պետական կարգը, բանակը

Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։ Ելնելով քաղաքական ինչ-ինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճված երկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամ ցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենց զորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։

Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը իրականացնում էր նրա անունից։

Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։

Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներն էին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։ Մոտավոր հաշիվներով միայն Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք Վանի թագավորություն են բերվել ավելի քան կես միլիոն ռազմագերի-ստրուկներ։ Նրանց աշխատեցնում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու Նորոգման վրա։ Այսուհանդերձ, պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականում համալրվում էր Վանի թագավորության բանակը։

Создать бесплатный сайт с uCoz