Հայաստանը 5-6-րդ դդ.


Մարզպանական Հայաստանը՝ ինքնավար երկիր 

Վերաձևելով Արևելյան Հայաստանի սահմանները՝ պարսից արքունիքը նրա տարածքի մեծ մասը վերածեց ինքնավար մարզի կամ մարզպանության: Դրանից հետո պարսիկները որոշ ժամանակ անձեռնմխելի թողեցին հայ նախարարների իրավունքներն ու արտոնությունները: Նրանք էին ղեկավարում հայոց այրուձին, նրանց էին պատկանում երկրի գլխավոր պաշտոնները: Պահպանվել էին նախկին արքունի գործակալությունները, որոնք ժառանգական իրավունքով վարում էին հին իշխանական տոհմերը: Սպարապետությունը պատկանում էր Մամիկոնյաններին, հազարապետությունը՝ Ամատունիներին, մաղխազությունը՝ Խորխոռունիներին: Հոգևորականությունը շարունակում էր վարել դատական գործերը: Եթե մարզպանի պաշտոնում սկզբում նշանակվել էր մի պարսիկ, ապա հետագայում այդ պաշտոնը պարսից արքունիքը հանձևեց Վասակ Սյունուն: Ժամանակակիցներին անգամ թվում էր, թե Արշակունիների գահազրկումից հետո թագավորական իշխանությունը մասամբ անցել է հայ նախարարներին: Սասանյանները միառժամանակ բավարարվում էին միայն հարկերի գանձումով և հաշտվում էին երկրի ինքնավարության հետ: Ստեղծված վիճակը, սակայն, չէր կարող բավարարել պարսից արքունիքին, որը ձգտում էր Հայաստանը դարձնել պարսից տերության նահանգներից մեկը: Հայ նախարարների ու Սասանյանների շահերի հակադրությունը վերջիվերջո հանգեցնելու էր այնպիսի բախման, որը վերաճելու էր զինված ապստամբության:

Արշակունիների անկումից և Հայաստանի քաղաքական մասնատումից հետո եկեղեցին դարձել էր հայ ժողովրդին միավորող միակ կառույցը: Ուստի պարսից արքունիքը ձգտում էր նրա ղեկավարությունը հանձնել իր կամակատարներին: Սասանյան արքան մեծ դժվարությամբ թույլատրեց երկիր վերադառնալ Տիզբոնում պահվող Սահակ Պարթև կաթողիկոսին, սակայն նրա իրավունքներն ամբողջությամբ չվերականգնվեցին: Պարսկական իշխանությունները կաթողիկոսի պաշտոնում այդպես էլ չհաստատեցին Հովսեփ Վայոցձորեցուն, որը Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո վարում էր կաթողիկոսական աթոռի գործերը: Այսուհանդերձ, Սասանյանները միառժամանակ խուսափում էին բացահայտ կրոնական հալածանքներից: «Աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում»,- գրում է Եղիշե պատմիչը: Իսկ հայ հոգևորականությունը, ինչպես նախկինում, ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելու պարտականությունից:

Հայաստանը ռազմականապես թուլացնելու նպատակով Սասանյանները երկրից հեռացնում էին այրուձին, որն ստիպված էր կռվել օտար երկրներում: Ընդ որում, պարսիկները նրանց ուղարկում էին մարտնչելու ամենավտանգավոր տեղերում, և հայ ռազմիկները մեծ թվով զոհեր էին տալիս: Հայ զորականներին ենթարկում էին զանազան զրկանքերի ու նվազեցնում էին ռազմական ծառայության դիմաց տրվող վարձատրությունը: Միաժամանակ, պարսիկները ձգտում էին հայ զորապետներին կրոնափոխության դրդել՝ նրանց զանազան պարգևներ, պաշտոններ ու կալվածքներ շնորհելով: Եթե պարսից տերության թշնամիների դեմ պատերազմը շարունակվում էր երկար ժամանակով, ապա ռազմական գործողություններին մասնակցող զորամասերը վերադառնում էին հայրենիք, ու նրանց փոխարինում էին նորերը: Այս ամենը հարուցում էր հայ նախարարների ու ազատների խիստ դժգոհությունը: Միևնույն քաղաքականությունը պարսիկները վարում էին նաև հարևան երկրների՝ Վիրքի ու Աղվանքի նկատմամբ: Այսպիսով, Սասանյաններին ենթակա երկրները զրկվում էին տեղական զինուժից և դառնում էին անպաշտպան:

Սասանյանները հանդուրժում էին Հայաստանի ինքնավար վիճակը, քանի դեռ պարսից տերությունը բախվում էր արտաքին քաղաքական դժվարությունների հետ: Նախ՝ խիստ անհանգիստ էր սահմաններում, շարունակվում էին քոչվոր ժողովուրդների ներխուժումներն ու ասպատակությունները: Պարսկական զորքերը երկար ժամանակ խոշորածավալ մարտեր էին վարում տերության հյուսիս-արևելքում, հետ մղելով քուշանների հարձակումները: Այդ կռիվներին մասնակցել է նաև հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Անհանգիստ վիճակ էր տիրում նաև Կովկասյան լեռնաշղթայով անցնող հյուսիսարևմտյան սահմանագծում: Հյուսիսային Կովկասում հաստատված հոների հարձակումներից պաշտպանվելու համար պարսկական իշխանությունները Կասպից ծովի առափնյա մասում, ներկայիս Դերբենդ քաղաքի մոտ, կառուցել էին պաշտպանական ամրություններ, որոնք ստացել էին Հոնաց (Ճորա) պահակ անվանումը: Այստեղ ևս կռվում էին Հայաստանից բերված զորաջոկատները: Արևմուտքում շարունակվում էր դարավոր հակամարտությունը Բյուզանդիայի հետ: Քանի դեռ անապահով էին Սասանյան Պարսկաստանի սահմանները, հայ ժողովուրդն առժամանակ չէր ենթարկվում քաղաքական, տնտեսական ու կրոնական ընդգծված ճնշումների:

 

Պարսկական քաղաքականության խստացումը

Պարսից արքունիքի քաղաքականությունը կտրուկ փոխվեց նոր թագավոր Հազկերտ Բ-ի (439-457) գահակալության առաջին իսկ տարիներին, երբ պարսկական զորքերը խոշոր հաջողությունների հասան թշնամիների դեմ: Նախ ծանր դրության մեջ ընկած բյուգանդական կայսրը հարկադրված էր հաշտություն խնդրել: 441թ. պայմանագրով Բյուզանդիան պարտավորվեց այլևս չօգնել հայերին: Հազկերտ Բ-ն այնուհետև հաղթեց քուշաններին ու հոներին: Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Հազկերտը վճռական միջոցների դիմեց՝ հպատակ երկրները վերջնականապես ծնկի բերելու համար:

Պարսից արքունիքի հեռահար ծրագրերն առանձնահատուկ եռանդով էին իրականացվում Հայաստանում: Հազկերտի հրահանգով 447թ. Հայաստան ժամանած պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ամեն ինչ անում էր՝ երկրում ուժեղացնելու պարսկական ազդեցությունը: Նրա առաջին գործը եղավ պետական պաշտոններից հայերին հեռացնելը: Հազարապետության պաշտոնը խլվեց Վահան Ամատունուց, մեծ դատավարությունը՝ Հայոց կաթողիկոսից: Այդ պաշտոնները տրվեցին պարսիկների, որը առաջ բերեց հայ իշխանների, ազատների և հոգևորականության խիստ դժգոհությունը:

Շուտով, իբրև թե հարկերը կարգավորելու նպատակով, Դենշապուհը հողերի և բնակչության հաշվառում՝ աշխարհագիր անցկացրեց: Հաշվառվեցին ոչ միայն բոլոր բնակավայրերը, այլև անբնակ գյուղերը, մշակելի ու անմշակ հողերը, մարգագետիններն ու անտառները: Ապա պարսկական արքունիքը սաստիկ ծանրացրեց հարկերն ու տուրքերը: Պարսիկներն իրենք էլ էին զարմանում, թե այդքան մեծ քանակությամբ հարկեր վճարելուց հետո ինչպես էր շեն մնում Հայոց երկիրը: Հարկի տակ դրվեց անգամ հոգևորականությունը: Այսպիսով, Սասանյանները ծրագրել էին տնտեսապես թուլացնել երկիրը և հարկային լծակի միջոցով բնակչությանը ստիպել ընդունել պարսից կրոնը՝ զրադաշտականությունը կամ կրակապաշտությունը:

 

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը

Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին:

449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ:

Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով, հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը:

Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերը ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:

 

Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Դրա հետևանքով երկրում սկիզբ էին առել տարերային հուզումներ, որոնց գլուխ էր անցել հայ հոգևորականությունը: Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:

Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները Ղևոնդ Երեցի գլխավորությամբ դագանակներով զինված հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ: Համաժողովրդական շարժումը թևակոխեց նոր փուլ՝ վերածվելով կազմակերպված ապստամբության:

Երկրի ճանաչված ղեկավարներից սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:

Ապստամբության ոգին համակել էր բոլորին: Ժողովրդի տարբեր խավերին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ համընդհանուր ատելությունը: Ապստամբներն ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ: Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

 

Շարժման ծավալումը

Ապստամբների թիվն օրեցօր ավելանում էր, իսկ թշնամական զորագնդերն արդեն դուրս էին քշվել երկրից: Երկիրը փաստորեն անկախացել էր: Հազարապետի, մաղխազի և մեծ դատավարության գործակալությունները վերստին գլխավորեցին Վահան Ամատունին, Խորեն Խորխոռունին և Հովսեփ Վայոցձորեցին: Հայ նախարարները պատրաստվում էին վերականգնել հայոց անկախ թագավորությունը: Այդ նպատակով նախարարական տարբեր խմբավորումներ առաջ են քաշում իրենց թեկնածուներին: Հայոց գահը զբաղեցնելու հավակնություններ ունեին առաջին հերթին ապստամբության հիմնական ղեկավարները՝ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին: Այդ մեծ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր պարսիկների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերել, շարժման մեջ ներգրավել հարևան բախտակից ժողովուրդներին: Դաշինք կնքելու և օգնություն ստանալու նպատակով հայերը դիմեցին Բյուզանդիային: Սակայն կայսրը ոչ միայն մերժեց հայերին, այլև վերստին հաստատեց պարսիկների հետ հին դաշինքը և նրանց խոստացավ չօգնել հայերին: Բյուզանդիան պարսից արքունիքին նաև տեղյակ պահեց հայերի ապստամբական ծրագրերին: Միաժամանակ Հայաստանի բյուգանդական մասի հայ իշխաններին արգելվեց օժանդակել իրենց պարսկահպատակ ազգակիցներին:

Բյուզանդիայի թշնամական դիրքորոշումը, սակայն, ապստամբներին չհուսահատեցրեց: Նրանք քաջ գիտակցում էին, որ պետք է հույսը դնել առաջին հերթին սեփական ուժերի վրա: Հայերն անգամ պատրաստ էին օգնելու պարսիկների դեմ ապստամբած իրենց բախտակից հարևաններին:

Պարսկական հալածանքներն ապստամբություն ծնեցին նաև հարևան Աղվանքում, որը գտնվում էր Կուր գետի, Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև: IV դ. 30-ական թթ. Աղվանքը քրիստոնեություն էր ընդունել, իսկ դարավերջին ընկել Պարսկաստանի տիրապետության տակ: Պարսիկների դեմ պայքարում հայտնվելով ծանր կացության մեջ՝ աղվաններն օգնության խնդրանքով դիմեցին հայերին: Հայաստան եկած աղվանից եպիսկոպոսն ու հազարապետը հաղորդեցին, որ պարսկական բանակն ու մոգերը ներխուժել են Աղվանք և բռնությամբ կրակապաշտություն են տարածում: Հայերը որոշեցին օգնության ձեռք մեկնել հարևան ժողովրդին:

Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի: Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին և ուղարկեցին Հեր ու Զարևանդ գավառներ՝ Ատրպատականի կողմից պաշտպանելու երկրի սահմանները: Երկրորդ զորաբանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ օգնության շտապեց աղվաններին: Երրորդ զորաբանակը Վասակ Սյունու ղեկավարությամբ մնաց երկրում: Մարզպանի խնդիրն էր անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ մյուս զորաբանակներին և պահպանել կարգն ու կանոնը երկրում:

Վարդան Մամիկոնյանը զորքով թշնամուն հանդիպեց Խաղխաղ քաղաքի մոտ (ներկայիս Ղազախ քաղաքի մերձակայքում): Հայկական փոքրաթիվ զորաբանակը որոշեց ճակատամարտ տալ և կանխել պարսիկների հնարավոր հարձակումն Աղվանքից: Հակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակն անցավ Կուրը և աղվանից զորքերի հետ Աղվանքը մաքրեց պարսկական զորամասերից: Վարդան Մամիկոնյանը շարունակեց առաջխաղացումը մինչև Ճորա (Հոնաց) պահակի ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ: Հոները պարտավորվեցին օգնել հայերին պարսիկների դեմ պայքարում:

Մինչ սպարապետն Աղվանքում էր, Հայաստանում վիճակը լարվեց: Վասակ Սյունին, տեսնելով, որ օգնություն չկա ոչ Բյուզանդիայից, ոչ էլ հոներից, իր կողմը գրավեց մի խումբ հայ նախարարների և պարսկական ավերիչ արշավանքից երկիրը զերծ պահելու նպատակով որոշեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ: Ստանալով պարսից արքունիքի համաձայնությունը՝ Վասակը հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին: Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը, քանի որ նրանք կարող էին մահապատժի ենթարկվել: Բացի այդ, նա սկսել էր երկյուղել, որ օգնության բացակայության դեպքում ապստամբությունը կպարտվի, և նա կկորցնի ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը: Այս ամենի հետևանքով Վասակը փաստորեն դրժեց համատեղ պայքարելու իր երդումը և հեռացավ ապստամբությունից:

Ստանալով այս անհանգստացնող լուրերը՝ Վարդան Մամիկոնյանը հապճեպ վերադարձավ Հայաստան, իսկ Վասակ Սյունին ապստամբների ճնշման ներքո քաշվեց Սյունիք: 450-451թթ. ձմեռն էր, սպառվել էին պարենի պաշարները: Ուստի սպարապետն արձակեց իր զորաբանակը՝ գարնան վերջին հավաքելու ծրագրով:

 

Ավարայրի ճակատամարտը

Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451 թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:

Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը: Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը:

Կռվից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Վայոցձորեցին և Ղևոնդ Երեցը քաջալերեցին հայոց զորքին ՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ: «Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»,- այս խոսքերով դիմեց սպարապետն իր զորքին:

451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը: Մուշկան Նյուսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը, օգնության եկավ Մատյան գունդը: Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- այս էր նրանց նշանաբանը: Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին: Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ:

Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել: Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Այդ ի նկատի ունենալով՝ ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը գրում է. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»:

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն: Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը: Պարսիկներին ծանր հարված հասցրեցին նաև հոները:

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից: Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին: Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը: Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին: Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից: Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին: Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն:

Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը: Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից:


Իրադրությունը Հայաստանում Վարդանանց պատերազմից հետո: Հայերի նոր ապստամբության նախադրյալները

Պարսից արքունիքի համեմատաբար մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում: Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով: Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը: Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում: Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում: Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր թե' Հայոց եկեղեցու և թե' հայ ժողովրդի համար: Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում:

Հայ նախարարությունը խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացող նախարարներին: Նախարարների միջավայրում աճում էր փոխադարձ թշնամանքը: Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում: Հարկերը նորից ծանրացան: ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր:

 

Ապստամբության սկիզբը: Ակոռիի հաղթանակը

481թ. պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը: Վախթանգ թագավորն սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը: Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպանին և ապստամբել: Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը: Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական: Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն: Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը: Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:

Ապստամբների համար ակնհայտ էր, որ պարսիկները ձգտելու են արագորեն ճնշել ազատագրական շարժումը: Եվ իրոք, Հայաստանից փախած մարզպանը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ: Պարսիկները շտապում էրն իր բնում ճզմել ապստամբությունը, արյան մեջ խեղդել հայերի նոր ելույթը և թույլ չտալ, որ ապստամբության կրակը տարածվի ամբողջ Հայաստանում:

Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց: Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը: Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ: Պարսիկները մեծ զոհեր տվեցին, իսկ ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը: Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը: Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում: Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան Հարավային Հայաստանի՝ Մոկաց, Ռշտունյաց, Անձևացյաց նախարարները: Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին 482թ. գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:


Ներսեհապատի ճակատամարտը: Ապստամբության հետագա ընթացքը

Պարսկական բանակը Հայաստան ներխուժեց հարավ-արևելքից: Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ: Հակառակորդները միմյանց հանդիպեցին Ավարայրից ոչ հեռու, Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ:

Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց Հովհաննես կաթողիկոսը: Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը: Մարտն սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով: Հայոց բանակի աջ թևի զինվորները չդիմացան և նահանջեցին: Բայց անսասան մնաց կենտրոնական զորագունդը, որին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը: Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում: Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին:

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց: Շուտով գույժ ստացվեց Վախթանգ թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը: Նա խնդրում էր հայերի օգնությունը: Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին: Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայնի դաշտում: Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը: Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան:

Հայ-վրացական բանակում միասնություն չկար: Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը: Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը: Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը: Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց: Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը:

Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում: Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին: Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք: Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին: Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին: Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պարսկական զորքերի պլանները:

 

Նվարսակի հաշտությունը

Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484թ. ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից: Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը: Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների:

484թ. աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ: Բանակցելու համար Հեր գավառի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը: Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները: Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը: Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ: Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց: Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները: Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային: Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին: Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը:

485թ. Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ: Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը: Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին: Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց: Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին: Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց: Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց: Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:

 

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ:

Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:

Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

 

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից: Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:

Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ): Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:

Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բ… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz