Բագրատունյաց Հայաստան
Բագրատունյաց թագավորության հաստատումը
Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար: Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:
Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների:
Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:
Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:
Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:
Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:
Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը:
Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում:
Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ:
Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:
Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ:
Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:
Երկրի անկախության ամրապնդումը: Հայոց տերության ստեղծումը
Աշոտ Ա-ն, որպես փորձված պետական գործիչ և զորավար, մեծ ուշադրություն էր դարձնում առաջին հերթին երկրի պաշտպանությանը: Նա քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար: Սակայն այդ հարցում թագավորը հանդիպում էր ուժեղ դիմադրության: Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին: Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների աթոռանիստը: Ավելի բարդ էր Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների խնդիրը: Դրանք իրենց կարողությամբ և ռազմական ուժով քիչ էին զիջում Բագրատունիներին: Սակայն Աշոտ Ա թագավորին հաջողվեց խաղաղ ճանապարհով, խնամիական կապեր հաստատելով, ավատատիրական այս հզոր տները ևս ենթարկել իր իշխանությանը:
Հայոց թագավորն իր իշխանությանը ենթարկեց Վասպուրականի, Գուգարքի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները: Դրանով հայկական հողերի մեծ մասը միավորեց մեկ պետության մեջ:
Հաջող արշավանքներով Աշոտ Ա-ն ծանր հարվածներ հասցրեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Մինչ այդ նրա ազդեցության տակ հայտնված այդ երկրներն ընդունեցին Աշոտի իշխանությունը: Հայոց թագավորությունն ընդարձակվեց՝ տարածվելով մինչև Կովկասյան լեռնաշղթա: Փաստորեն հիմք դրվեց Հայ Բագրատունիների տերությանը:
Աշոտին հաջորդեց նրա որդի Սմբատ Ա-ն (890-914), որը շարունակեց հոր ճկուն դիվանագիտությունը՝ բարեկամական հարաբերություններ պահպանելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ: Նրա օրոք Հայկական տերության սահմաններն ավելի ընդարձակվեցին: Սմբատն իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և հյուսիսկովկասյան մի շարք ցեղերի՝ կայազորներ հաստատելով թե' այդ երկրներում և թե' Ալանաց դռներում: Իրեն հզոր արքայից արքա զգալով՝ նա թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Նրա օրոք երկիրը տնտեսապես բարգավաճում էր, ամենուրեք ծավալվում էր խաղաղ շինարարություն:
Պետության կենտրոնացման և հզորացման այս քաղաքականությունը հանդիպում էր ոչ միայն որոշ հայ խոշոր ավատատերերի, այլև խալիֆայության համառ դիմադրությանը:
Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Սմբատ Ա-ն 893թ. բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ: Խալիֆայությունը և Ատրպատականում ձևավորված Սաջյան ամիրայությունը թշնամաբար էին վերաբերվում հայկական պետության հզորացմանը: Ավելին, Բյուզանդիայի հետ կնքած պայմանագիրն առիթ դարձնելով՝ Սաջյան ամիրայի զորքերը ներխուժեցին Հայաստան: Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները ծանր պարտություն կրեցին:
Չկարողանալով զենքով հաջողության հասնել՝ Սաջյան ամիրաները փոխեցին իրենց քաղաքականությունը: Նրանք Հայոց տերությունը թուլացնելու համար դիմեցին հայ իշխանների միջև երկպառակություն սերմանելուն: Շուտով հարմար առիթը ներկայացավ: Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար: Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց իշխանների: Թագավորից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի Նոր ամիրա Յուսուֆի հետ: Վերջինս անմիջապես միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն Հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն: Խալիֆն առանց հապաղելու թագ ուղարկեց, և 908թ. Յուսուֆը Գագիկ Արծրունուն թագադրեց որպես Հայոց թագավոր: Նրան վերապահվեց նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը: «Բաժանիր և տիրի՛ր» քաղաքականությամբ արաբները ձգտում էին ավելի խորացնել հայ ազդեցիկ իշխանների տարաձայնությունները և արգելակել Հայոց տերության հետագա վերելքը:
Յուսուֆը, Բագրատունիների թագավորությանն ընդմիշտ վերջ տալու նպատակով, Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա: Դժբախտաբար, Գագիկ Արծրունուց բացի, Յուսուֆի կողմն անցան նաև մի շարք այլ հայ իշխաններ: Հայոց թագավորության համար ստեղծվեց ծանր կացություն: Ձախողվեց բյուզանդական կայսեր զինական օգնությունը Սմբատին: Հայոց թագավորը մնաց առանց դաշնակիցների՝ արաբական վտանգին դեմ հանդիման: Սմբատ Ա-ն ստիպված եղավ մի փոքր զորագնդով ամրանալ Կապույտ բերդում: Սակայն մեկ տարվա համառ դիմադրությունից հետո, փորձելով կանխել երկրի հետագա ավերումը, նա անձնատուր եղավ: Յուսուֆը, հակառակ իր խոստումներին, հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ: Նախճավանի Երնջակ բերդն այդ ժամանակ հերոսաբար դիմադրում էր արաբներին: Յուսուֆը Սմբատին տարավ այնտեղ, որպեսզի նա բերդի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակի: Սակայն թագավորը բերդապահներին միայն դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչը նրան մահապատժի ենթարկելու առիթ ծառայեց (914թ.): Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին ժողովրդի վրա ահ ու սարսափ տարածելու նպատակով:
Արաբների ավերիչ արշավանքի և կողոպտիչ քաղաքականության հետևանքով խախտվեց երկրի բնականոն կյանքը: Երկրում սով սկսվեց, որը տևեց մի քանի տարի: Նոր ստեղծված հայկական տերությունը կանգնեց անկախությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ:
Յուսուֆը հույս ուներ, որ Սմբատի մահապատժից հետո հայերը ծնկի կգան: Սակայն տեղի ունեցավ հակառակը: Հայ ժողովուրդը ոտքի ելավ թշնամու դեմ իր անկախությունը պաշտպանելու համար: Այդ պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), որին ժողովուրդը Երկաթ մականունը տվեց խիզախության և տոկունության համար: Աշոտ Երկաթը, հոր վրեժն առնելու և երկիրն ազատագրելու համար, հավատարիմ մնացած զորագնդերի գլուխ անցած, ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը: Յուսուֆն էլ իր հերթին բռնությունների ենթարկեց անգամ իր կողմն անցած հայ իշխաններին, որոնք նոր միայն հասկացան, թե ինչ ճակատագրական սխալ են թույլ տվել՝ անցնելով արաբների կողմը: Հասկանալով, որ օրհասական պահին փրկությունը միասնության մեջ է, նրանք աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Բ-ի շուրջը:
Սևանա լճի ճակատամարտը
921 թ. Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում: Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, սակայն Աշոտ Բ-ն մի մառախլապատ օր նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, հանկարծակի սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին: Հայոց թագաժառանգի այդ անակնկալ համարձակ գործողությունը խուճապի մատնեց արաբներին: Խուճապահար նահանջող թշնամու վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ տվեց նրան: Գևորգ իշխանի այդ համարձակ քայլն իր արտացոլումն է գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում:
Սևանի փայլուն հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը: Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ:
Բյուզանդիան փորձում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը ուղղել արաբների դեմ: Ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ:
Արաբները, համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել, ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը: 922թ. խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա: Դրանով արաբները ճանաչեցին Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական մյուս բոլոր արքայիկների նկատմամբ: Արքայական այս բարձր տիտղոսը Անիի Բագրատունիները կրեցին մինչև թագավորության անկումը:
Ամրապնդելով իր իշխանությունը՝ Աշոտ Բ-ն կարճ ժամանակամիջոցում վերջնականապես հնազանդեցրեց կենտրոնախույս իշխաններին: Գագիկ Արծրունին, որը մինչ այդ հասկացել էր իր արարքի կորստաբեր լինելը և հեռացել արաբներից, ընդունեց Բագրատունիների գերիշխանությունը՝ բավարարվելով Վասպուրականի թագավոր տիտղոսով:
Այսպիսով, Հայաստանի անկախության և Հայոց տերության պահպանման համար մղվող պայքարն ավարտվեց հայերի վերջնական հաղթանակով: Հայաստանի անկախությունը նվաճված էր, իսկ Բագրատունյաց տերությունը վերականգնված: Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը:
Հայաստանն Աբասի և Աշոտ Գ-ի իշխանության շրջանում
Արաբների նկատմամբ տարած հաղթանակով Հայաստանի անկախությունը վերջնականապես ամրապնդվեց: Գրեթե վերացավ արտաքին հարձակումների վտանգը, և երկիրը թևակոխեց խաղաղության ու բարգավաճման երկարատև ժամանակաշրջան: Խաղաղ անցան Աշոտ Բ-ի թագավորության վերջին տարիները: Անժառանգ Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր, Կարսի կառավարիչ Աբասը (928-953): Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր թագավորության նոր մայրաքաղաքը: Կարսը կարճ ժամանակամիջոցում աճեց, կառուցապատվեց և դարձավ Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկը: Երկարատև և ավերիչ պատերազմից հետո բնակչությունը ձեռնամուխ եղավ երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելուն:
Կենտրոնական իշխանության հզորացմանն էր ձգտում նաև Հայոց եկեղեցին: Նկատի առնելով այդ հանգամանքը՝ Աբասը 948թ. Աղթամար կղզուց կաթողիկոսական աթոռը տեղափոխեց պետության մայրաքաղաք: Անանիա Մոկացի կաթողիկոսը հաստատվեց Կարսում: Հետագայում այն տեղափոխվեց սկզբում Շիրակի Արգինայի վանքը, իսկ այնուհետև՝ Անի:
Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ-ն (953-977): Վերջինս պետության ամրապնդման ու կենտրոնացման համար ավելի վճռական քայլերի դիմեց: Նա էլ ավելի մեծացրեց մշտական բանակը, որը պետք է պաշտպաներ երկրի անվտանգությունը: Հայոց բանակը պարտության մատնեց կովկասյան լեռնցիներին՝ վերջ դնելով նրանց ասպատակություններին:
Երկրում մեծ չափերով ծավալվում էր շինարարությունը: Երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին վանքեր, դպրոցներ ու հիվանդանոցներ: Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնեց Սանահնի և Հաղպատի նշանավոր վանքերը: Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ: Աշոտ Գ-ն հոգատար էր աղքատների, կույրերի, անդամալույծների նկատմամբ: Նրանց համար բացվում էին հիվանդանոցներ և այլ բարեգործական հաստատություններ: Դրա համար էլ ստացավ Ողորմած մականունը: Սակայն Աշոտ Ողորմածը հարկ եղած պահին մարտի դաշտում էր: Այսպես, 974թ. հայոց բանակը նրա գլխավորությամբ դուրս եկավ Հովհան Չմշկիկի բյուզանդական բանակի դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքերը:
Անին մայրաքաղաք
Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք: Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում: Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից: Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք: Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն: Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961թ. հռչակեցին մայրաքաղաք: Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց:
Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը: Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ: Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը: Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը:
Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ. կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը: Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989թ., անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը:
«Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մեթր բարձրությամբ և մեկ մեթր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմեն սրբատաշ»:
Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում: Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ: Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր: Այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ ու հռչակավոր քաղաքն էր: Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի:
Սմբատ Բ Տիեզերակալ թագավոր
Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ-ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990): Ամենուր կառուցվում էին եկեղեցիներ, տաճարներ, դպրոցներ, պալատներ, բերդեր, իջևանատներ, կամուրջներ ու ջրմուղներ:
Հայաստանում դեռևս շարունակում էին պահպանվել արաբական ամիրայությունները: Մասնավորապես Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն: Սմբատ Բ-ի թագավորության շրջանում Դվինի ամիրան հանդգնեց հանկարծակի հարձակվել Շիրակի վրա և անգամ նկատելի հաջողության հասավ: Սակայն Սմբատը կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն: Նա Դվինի ամիրայությունը՝ արաբների այդ վերջին հենակետը, 987թ. միացրեց իր թագավորությանը:
Բագրատունյաց թագավորության հզորացումը Գագիկ Ա-ի օրոք
Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020): Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները: Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին: Առանց շահնշահի հավանության նրանք չէին կարող գահակալել և հարաբերությունների մեջ մտնել հարևան պետությունների հետ: Հայոց կաթողիկոսի ընտրությունը, ինչպես Հայոց Արշակունիների օրոք, կատարվում էր Բագրատունյաց թագավորների հավանությամբ:
Այսպես, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Դավիթ Անհողինը 1001թ. ապստամբեց Գագիկ Ա-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը, Գագիկը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը: Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ Անհողին մականունը: Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ իր տիրույթների մեծ մասը:
Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը: Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները: Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին: Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը: Վասպուրականի թագավորությունից գրավվեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները:
998թ. արաբ ամիրա Մամլանը հարձակվեց Հայաստանի և Վրաստանի վրա: Նրա դեմ դուրս եկավ հայ-վրացական միացյալ բանակը և ճակատամարտում ծանր պարտության մատնեց արաբներին: Դրանով վերջ տրվեց արաբ ամիրայությունների հետագա ոտնձգություններին:
Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ: Այդ տարիներին ավելի մեծ ծավալով շարունակվեցին շինարարական աշխատանքները, երկիրը բռնեց հետագա բարգավաճման ճանապարհը: Ծաղկում էր Անին: Այնտեղ կառուցվում էին նորանոր՝ մեկը մյուսից գեղեցիկ շինություններ: Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով: Զվարթնոցի նշանավոր տաճարը քանդվել, կործանվել էր: Թագավորը դրա նմանությամբ մի տաճար կառուցել տվեց Անիում: Նրա օրոք Անին շարունակեց կառուցապատվել աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ գեղեցիկ շինություններով:
Գագիկ Ա-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը: Այդ տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար վարում էին սպարապետի պաշտոնը: Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին: Պահլավունիները ևս շինարարական լայնածավալ աշխատանքներ էին սկսել: Նրանք են կառուցել Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին, Ամբերդը, Մարմաշենը և այլն: Շինարարական աշխատանքներ ծավալվեցին նաև Վասպուրականում, Սյունիքում, Արցախում և Հայաստանի այլ մասերում:
Գագիկ Ա-ի մահից հետո Անիի թագավորությունը քաղաքականապես թուլացավ և տրոհվեց, սակայն երկրի տնտեսության խաղաղ բարգավաճումը շարունակվեց:
Ենթակա թագավորությունների առաջացումը
Հայոց Սմբատ Ա թագավորը, թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց: Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Արծրունիների գլխավորությամբ, 908թ. թագավորության վերածվեց, ինչպես տեսանք, նաև Վասպուրականը: Աշոտ Բ Երկաթի հաջորդները, որ լուրջ քայլեր ձեռնարկեցին ուժեղացնելու կենտրոնական իշխանությունը, հանդիպեցին ոչ միայն իշխանական դասի համառ դիմադրությանը, այլև արտաքին ուժերի դիվանագիտական կամ զինված միջամտությանը:
Տնտեսական կյանքի զարգացումը երկրի ուժեղ իշխանություններում տնտեսական կենտրոններ ձևավորեց, ինչը կենտրոնական իշխանությունից անջատվելու ձգտումների նախադրյալներ ստեղծեց: Անջատողական այդ փորձերը խրախուսվում էին Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից: Նրանցից առաջինը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու փաստի հետ, իսկ երկրորդը ծրագրում էր, Հայոց թագավորությունը տրոհելով, տիրանալ Հայաստանին:
Բագրատունի գահակալներն ամեն ինչ անում էին կենտրոնաձիգ իշխանությունն ուժեղացնելու համար: Սկզբնապես նրանք հասան նկատելի հաջողությունների, սակայն ավատատիրական անջատողական ձգտումներն ավելի ուժեղ գտնվեցին: X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ:
Վասպուրականի թագավորություն
Հիշյալ իշխանություններից ամենաընդարձակը և ամենազորեղը Վասպուրականի Արծրունյաց իշխանությունն էր, որը 908թ. Գագիկ Ա Արծրունու կողմից թագավորություն հռչակվեց Ատրպատականի ամիրայության օգնությամբ: Այն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած ընդարձակ տարածքը: Գագիկ Արծրունին կարճ ժամանակ անց ընդունեց Բագրատունյաց գահակալի գերիշխանությունը, որը սակայն երբեմն ձևական բնույթ էր կրում:
Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց: Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uբ Խաչ եկեղեցին և քաղաք ու արքունական պալատներ: Հետագայում լճի ջրերի բարձրացման հետևանքով քաղաքն անցավ ջրի տակ:
XI դ. սկզբին թագավորությունն ուներ 8 քաղաք, 72 բերդ ու 115 վանք և 4000-ից ավելի գյուղեր: Ամենահամեստ հաշվարկով թագավորությունն ունեցել է շուրջ 1 միլիոն բնակիչ:
Վանանդի (Կարսի) թագավորություն
Կարսում Մուշեղ Բագրատունու թագավոր հռչակվելով՝ 963թ. ծնունդ առավ Վանանդի կամ Կարսի թագավորությունը: Այն սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ էր Անիի Բագրատունյաց թագավորության հետ: Գոյատևելով մեկ դարից մի փոքր ավելի (963-1065), այն կարևոր դեր կատարեց Հայոց տերության կազմում: Աշոտ Գ թագավորը ճանաչեց Մուշեղի գահակալությունը՝ պայմանով, որ նա ընդունի իր գերագույն իշխանությունը: Դրանով ստեղծվեց Բագրատունյաց երկրորդ թագավորությունը:
Մուշեղի հաջորդ Աբասի օրոք մեծ ուշադրություն դարձվեց թագավորության ռազմական ուժը մեծացնելու վրա: Նրա լավ զինված հեծյալ և հետևակ զորաբանակները հաջողությամբ մասնակցեցին արաբական ամիրայությունների դեմ պատերազմներին:
Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն
Բագրատունիների արքայատոհմի մի ճյուղն էլ թագավորություն հիմնեց Տաշիր-Ձորագետում կամ Լոռիում: Տաշիրի կառավարիչ նշանակված Աշոտ Գ-ի որդի Գուրգենը Սմբատ Բ թագավորից արքայական տիտղոս ստացավ և 982թ. հիմք դրեց Տաշիր-Ձորագետի թագավորությանը: Այն Գուրգենի տեղական Կյուրիկե անվան պատճառով ստացավ Կյուրիկյան թագավորություն անվանումը: Այս թագավորությունը ևս ճանաչում էր Բագրատունյաց իշխանությունը:
Տաշիր-Ձորագետի թագավորությունը առեվտրական սերտ կապեր է ունեցել Անիի, Դվինի, Տփղիսի (Թիֆլիս) և այլ քաղաքների հետ՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային տարանցիկ առևտրին:
Կյուրիկյանների թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Դավիթ Անհողինի գահակալության շրջանում (989-1048): Նա մեծապես ընդարձակեց թագավորության տարածքը արևելքից՝ ի հաշիվ Ուտիքի և հյուսիսից՝ Տփղիսի ամիրայության: Թագավորության մայրաքաղաքն էր Լոռի բերդաքաղաքը, որի ավերակները պահպանվել են Ստեփանավան քաղաքի հարևանությամբ:
Սյունիքի թագավորություն
987թ. իրեն թագավոր հռչակեց նաև Սյունիքի իշխան Սմբատը: Մեկ տարի անց նա ճանաչեց Հայոց տերության գերագույն իշխանությունը: Այն գոյատևեց շուրջ երկու դար: Սկզբում թագավորության կենտրոնը Սյունի ավանն էր (այժմ՝ Սիսիան), սակայն ավելի ուշ թագավորության հյուսիսային գավառների Անիի կենտրոնական թագավորությանը միացվելուց հետո մայրաքաղաքը տեղափոխվեց Կապան: Թե' առաջին և թե' երկրորդ կենտրոնները գտնվում էին ռազմավարական նշանակություն ունեցող առևտրական ճանապարհների վրա:
Թագավորությունը մեծ ծաղկում ապրեց Վասակ թագավորի օրոք: Չնայած իր համեմատաբար ոչ մեծ տարածքին, այն XII դ. ուներ 43 ամրոց, 48 վանք և 1000-ից ավելի գյուղ: Քաղաքային կյանքը թույլ էր զարգացած: Հիշատակվում է միայն Կապանը:
Ենթակա թագավորությունների հանդես գալով Հայոց գահակալների տիրույթները կենտրոնացած էին մայրաքաղաք Անիի շրջակա գավառներում: Պատմաբաններն այն երկրի մայրաքաղաքի անունով կոչում են Անիի թագավորություն:
Բագրատունյաց թագավորության թուլացումը
Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:
Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին:
Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը:
Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:
Պայքար Անիի թագավորության պահպանման համար
Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գե