… Հեթումը 1254թ. մեկնեց Կարակորում: Նույն թվի աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը վավերացրին հայ-մոնղոլական դաշինքը: Կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ: Հայոց եկեղեցին ազատվում էր հարկերից: 

Կիլիկյան Հայաստանը մոնղոլների և մամլուքների միջև

1259թ. Եգիպտոսում իշխանության գլուխ եկան մամլուքները: Վերջիններս ստրուկներ էին, որոնք ծառայում էին սուլթանի անձնական գվարդիայում: Մամլուքներն առաջնորդվում էին մոնղոլների և քրիստոնյաների դեմ սրբազան պատերազմի գաղափարով: Նրանք աշխատում էին գրավել ոչ միայն խաչակիրների տիրույթները, այլև Կիլիկիան: Ուստի հայերի նկատմամբ նրանց թշնամական քաղաքականությունը պայմանավորված չէր միայն հայ-մոնղոլական դաշինքով:

Մոնղոլները 1259թ. ձեռնամուխ եղան Ասորիքի նվաճմանը, որին մասնակցում էին նաև հայկական զորքերը: Սակայն մամլուքներին հաջողվեց պարտության մատնել դաշնակիցներին: Նրանք, 1266թ. Անտիոքը գրավելուց հետո, հարձակվեցին Կիլիկիայի վրա: Մոնղոլներից ժամանակին օգնություն չստացվեց: Հայերը Մառի կոչված վայրում քաջաբար դիմադրեցին, բայց պարտվեցին առավել մեծաթիվ մամլուքներին: Զոհվածների թվում էր նաև Հեթումի որդի Թորոսը: Հեթումի մյուս որդին՝ Լևոնը, գերի ընկավ: Թշնամին ավերեց ու կողոպտեց երկիրը, գրավեց մայրաքաղաք Սիսը: Մամլուքները հրկիզեցին Մայր տաճարը և թալանեցին արքունի գանձարանը: Ի վերջո, հայերին հաջողվեց թշնամուց մաքրել երկիրը, որը մամլուքներին ստիպեց հաշտություն կնքել Կիլիկիայի հետ: Կիլիկիան հայտնվեց մահմեդական շրջապատման մեջ: Մամլուքները գրավել էին Անտիոքը: Հեթումը 1270թ. գահը հանձնեց եգիպտական գերությունից ազատված Լևոն Բ-ին (1270-1289), որի կառավարման առաջին տարիները խաղաղ անցան, ինչը հնարավորություն տվեց վերականգնելու երկրի ավերված տնտեսությունը:

Մամլուքների հարձակումները վերսկսվեցին 1275թ.: Նույն ժամանակ արևմուտքից Կիլիկիա ներխուժեցին Փոքր Ասիայում հաստատված թուրքմենները: Հայերը մեծ դժվարությամբ կարողացան դիմակայել այս հարձակումներին: Այդ ժամանակ Ասորիքը գրավելու համար մոնղոլները կազմակերպեցին նոր արշավանք, որին մասնակցեցին նաև հայերը: Սակայն այս արշավանքը ևս անհաջող ավարտվեց, և Լևոն Բ-ն ստիպված էր բանակցություններ սկսել Եգիպտոսի հետ: 1285թ. շատ ծանր պայմաններով տասնամյա զինադադար կնքվեց:

1292թ. մամլուքները գրավեցին Հայոց կաթողիկոսանիստ Հռոմկլան: Սպանվեցին բազմաթիվ հոգևորականներ, իսկ մյուսները Ստեփանոս կաթողիկոսի հետ միասին գերեվարվեցին: Մամլուքները թալանեցին և ավերեցին Հռոմկլայի եկեղեցիները: Հեթում Բ թագավորը (1289-1306) ստիպված էր կաթողիկոսարանը տեղափոխել Սիս:

Օգտվելով Կիլիկիայում բռնկված գահակալական կռիվներից՝ մամլուքները կրկին արշավեցին Կիլիկիա և նոր ավերածություններ գործեցին: Հեթումը հույս ուներ մամլուքներին հաղթել մոնղոլների օգնությամբ, սակայն մոնղոլական արշավանքները դեպի Ասորիք, որոնց մասնակցում էր նաև Կիլիկիան, անհաջողության մատնվեցին:

 

Կիլիկյան Հայաստանը XIV դ. սկզբին

Կիլիկյան Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ կացությունը շարունակվեց նաև XIV դարում: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլներն ընդունեցին մահմեդականություն, և փոխվեց նրանց վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ: Մոնղոլա-մամլուքյան հակամարտությունն ավարտվեց մամլուքների հաղթանակով: Օգտվելով սրանից՝ մամլուքները նորից արշավեցին Կիլիկիա:

Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար արքունիքն սկսեց բանակցել Բյուզանդիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ: Օգնության դիմաց հայերը խոստանում էին դավանական որոշ զիջումներ կատարել բյուզանդական և կաթոլիկ եկեղեցիներին: Այս խնդիրը քննարկվեց 1307թ. Սսի ժողովում: Հայոց արքունիքը փորձում էր եկեղեցիների միավորման ճանապարհով ստեղծել քրիստոնեական երկրների դաշինք՝ ընդդեմ մահմեդականների:

1307թ. նոյեմբերին Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորքերի հրամանատարն՝ իբր հյուրասիրության նպատակով, Անաբարզա հրավիրեց Հայոց թագավոր Լևոն Գ-ին, նախկին թագավոր Հեթում Բ-ին ու 40 հայ իշխանների և սպանել տվեց: Թագավորի հորեղբայր Օշինը, սակայն, մոնղոլներին կարողացավ դուրս քշել Կիլիկիայից և իրեն թագավոր հռչակեց:

Լարված իրավիճակ ստեղծվեց երկրում, երբ Օշինն ու Կոստանդին Կեսարացի կաթողիկոսը փորձեցին իրագործել Սսի ժողովի որոշումները: Մայրաքաղաքում տեղի էին ունենում ցույցեր և հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին հրաժարվել Սսի ժողովի որոշումներից: Տարաձայնություններին վերջ տալու համար Օշինն Ադանա քաղաքում հրավիրեց նոր ժողով, որը վերահաստատեց Սսի ժողովի որոշումները: Այսպես հայ հասարակության մեջ առաջացավ մի խմբավորում, որը փորձում էր Հայոց եկեղեցին միավորել քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ: Այս խմբավորումը ստացավ ունիթորներ (միարարներ) անվանումը: Ունիթորների և հակաունիթորների պայքարը խախտեց հասարակության միասնությունը և մեծապես թուլացրեց երկիրը:

 

Մամլուքների նոր արշավանքները

Օշին թագավորի մահից հետո գահն անցավ նրա որդի Լևոն Դ-ին (1320-1342): Քանի որ նա անչափահաս էր, երկիրը կառավարում էին խնամակալները: Այդ ժամանակ Կիլիկիան մնացել էր առանց դաշնակիցների՝ շրջապատված մահմեդական երկրներով: Ֆրանսիայի և Անգլիայի միջև բռնկված Հարյուրամյա պատերազմի պատճառով անհնարին դարձավ նաև Արևմտյան Եվրոպայի օգնությունը:

XIV դ. 20-ական թվականներից շարունակվեցին մամլուքների արշավանքները: Հայոց թագավորությունը 1323 և 1337 թվերին ստիպված եղավ հաշտություն կնքել ծանր պայմաններով՝ թշնամուն նյութական և տարածքային մեծ զիջումներ կատարելով:

 

Կիլիկիայի հայկական թագավորության անկումը

Լևոնը ժառանգներ չուներ, ուստի հայոց արքունիքը որոշեց գահը հանձնել նրա հորաքրոջ որդուն՝ Գվիդոն Լուսինյանին: Լուսինյանները ֆրանսիական ծագում ունեին և թագավորում էին Կիպրոսում: Նրանց իշխանությունը Կիլիկիայում կարճ տևեց: Շուտով հայոց գահն անցավ Հեթումյանների ազգակից Նղրեցիների ձեռքը, որոնք մի պահ կարծես թե կարողացան վիճակը կայունացնել:

Սակայն Կիլիկյան Հայաստանի վիճակը մնում էր ծանր: Մամլուքների ու թուրքմենների չդադարող արշավանքներն արդեն սպառնում էին պետության գոյությանը: Մամլուքները 1360թ. գրավեցին Տարսոն և Ադանա քաղաքները և այնուհետև պաշարեցին մայրաքաղաք Սիսը: Մարտերում իրենց սխրագործություններով աչքի ընկան Լիպարիտ սպարապետը, Հեթում և Զարմանդուխտ ամուսինները: Հայերը մեծ դժվարությամբ կարողացան վերացնել մայրաքաղաքի պաշարումը:

Գիտակցելով, որ քրիստոնյա երկրները չեն օգնելու Կիլիկիային, Մեսրոպ Արտազեցի կաթողիկոսը Սիս քաղաքում հրավիրեց եկեղեցական ժողով, որը չեղյալ հայտարարեց Սսի և Ադանայի ժողովների որոշումները:

1373թ. հայոց արքունիքը թափուր գահը որոշեց հանձնել Գվիդոն Լուսինյանի եղբորորդի Լևոն Ե-ին, որն այդ ժամանակ գտնվում էր Կիպրոսում: 1374թ. նա մեծ դժվարությամբ հասավ Սիս և օծվեց թագավոր: Այդ ժամանակ մամլուքները և թուրքմենները կրկին պաշարել էին մայրաքաղաքը: Պաշարվածները դրսից ոչ մի օգնություն չստանալով հրկիզում են քաղաքը և քաշվում միջնաբերդ: Համառ դիմադրությունից հետո, ռազմամթերքի և սննդամթերքի վերջանալու պատճառով, 1375թ. ապրիլի 16-ին Սիսն ընկավ: Գերյալների թվում էին Լևոն Լուսինյանն ու նրա ընտանիքը և Պողոս Սսեցի կաթողիկոսը, որոնց տարան Կահիրե: Սուլթանը Հայոց կաթողիկոսին թույլատրեց վերադառնալ, բայց Լևոնին արգելեց թողնել Կահիրեն: Հետագայում նա ևս գերությունից ազատվեց, տեղափոխվեց Եվրոպա և նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու անհաջող փորձ կատարեց: Լևոն Ե Լուսինյանը մահացավ 1393թ. Փարիզում:

Սսի անկումից հետո Լեռնային Կիլիկիայի որոշ շրջաններում հայ իշխանական տները դեռևս երկար ժամանակ պահպանում էին իրենց կիսանկախ վիճակը: Որոշ տվյալների համաձայն թագավորությունը կրճատված տարածքով շարունակեց գոյատևել մինչև 1420-ական թթ.:

 

Մշակույթի զարգացման նախադրյալները

X-XIV դդ. բարձր զարգացման հասան նյութական և հոգևոր մշակույթի բոլոր բնագավառները: Մշակութային վերածնունդը պայմանավորված էր երկրի քաղաքական և տնտեսական առաջընթացով: Պետականության վերականգնումից ու ամրապնդումից հետո տևական խաղաղություն էր հաստատվել, բարգավաճում էր տնտեսությունը: Հայ թագավորները դպրոցական գործի, գիտության և արվեստի հովանավորներ էին: Մշակութային վերելքը պայմանավորված էր նաև քաղաքային կյանքի վերածնունդով: Միջնադարյան քաղաքներն առաջ էին քաշում աշխարհիկ կրթություն ստացած, բնական գիտություններին, իրավագիտությանն ու բժշկագիտությանը տեղյակ մարդկանց մեծ պահանջ: Քաղաքներում ապրող մեծահարուստները հանդես էին գալիս որպես բարձրարվեստ գործերի պատվիրատուներ: Մշակութային առաջընթացի կարևոր նախադրյալ էր նաև հարևան երկրների հետ բազմազան շփումների աշխուժացումը:

 

Դպրոց

X-XIV դդ. աճեց դպրոցների թիվը, ընդլայնվեց դասավանդվող առարկաների քանակը: Նախնական ուսուցումը կատարվում էր տարրական դպրոցներում, որոնք գործում էին խոշոր գյուղերում, վանքերում և քաղաքներում: Այդ դպրոցները, սովորաբար, պահվում էին եկեղեցու և պետության հաշվին: Կային նաև վճարովի մասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում աշակերտներին սովորեցնում էին գրել, կարդալ, հաշվել և երգել: Երեխաները դպրոց էին ընդունվում 12-13 տարեկանում և սովորում շուրջ 3 տարի:

Նոր երևույթ էր բարձրագույն տիպի դպրոցների՝ վարդապետարանների հանդես գալը: Վարդապետարաններում դասընթացի տևողությունը 7-8 տարի էր: Դասընթացը յուրացնելուց հետո սաները ստանում էին վարդապետի աստիճան և ուսուցչությամբ զբաղվելու իրավունք: Դասագրքերը ձեռագիր էին, չափազանց թանկ և փոխանցվում էին սերնդից սերունդ:

XI-XII դդ. հայտնի էր Անիի վարդապետարանը, որտեղ գործունեություն էր ծավալել Հովհաննես Իմաստասերը: Նրա ուսուցչապետության տարիներին Անիի վարդապետարանը բազում շրջանավարտներ տվեց: Նրա սաները կրթական գործը տարածեցին Հայաստանի տարբեր վայրերում: Կիլիկյան Հայաստանի կրթական կենտրոններից մեծ հռչակ էր վայելում Սիս մայրաքաղաքի բարձր տիպի դպրոցը:

Հայաստանյան վարդապետարաններից ամենանշանավորը Գլաձորի համալսարանն էր, որը 1280-ական թվականներին հիմնադրեց Ներսես Մշեցին: Համալսարանը հովանավորում էին Պռոշյան և Օրբելյան իշխանները: Եսայի Նշեցու ուսուցչապետության տարիներին այստեղ սովորելու էին գալիս հարյուրավոր երիտասարդներ: Գլաձորում դասավանդումը կատարվում էր ժամանակի եվրոպական համալսարանների մակարդակով: Երբ քաղաքական ու տնտեսական ծանր պայմանները հարկադրեցին դադարեցնել Գլաձորի համալսարանի գործունեությունը, նրա սաները տեղափոխվեցին Տաթևի համալսարան: Այստեղ դասավանդում էին նշանավոր գիտնականներ Հովնան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Տաթևի համալսարանը գործեց մինչև 1412թ.:

 

Պատմագրություն

Բագրատունյաց Հայաստանի քաղաքական ու տնտեսական վերելքը պայմաններ ստեղծեց գիտության զարգացման համար: Բուռն ծաղկում ապրեց պատմագրությունը: Շարունակվեց «Հայոց պատմությունների» ստեղծումը: Դրանց հեղինակներն իրենց բուն աշխատությունն սկսում էին այնտեղից, որտեղ կանգ էր առել նախորդ պատմիչը: Այդպես շարադրվեց կաթողիկոս ու քաղաքական գործիչ Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը»:

Պատմիչների մյուս խումբը գրի էր առնում նաև հարևան երկրների պատմությունը՝ ստեղծելով «տիեզերական» պատմություններ: Միջնադարյան պատմագրության այս ուղղության ներկայացուցիչներն էին Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին: Պատմագրության մյուս ուղղությունը տեղական նշանավոր տոհմերի պատմության շարադրումն էր: Թովմա Արծրունին գրեց Վասպուրականի «Արծրունիների տան պատմությունը»: Առավել նշանավոր էր Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմություն» մեծարժեք աշխատությունը:

Այս ժամանակաշրջանում հայ պատմագրության մեջ սկիզբ առան նոր ուղղություններ: Պատմիչներն սկսեցին գրել ժամանակագրություններ և տարեգրություններ: Նրանք ըստ տարիների համառոտ շարադրում էին իրենց ժամանակաշրջանի իրադարձությունները: Կիլիկյան Հայաստանի պատմիչներից ամենանշանավորը Սմբատ Գունդստաբլն է, որի «Տարեգիրք»-ը պահպանել է Ռուբինյանների և Հեթումյանների ժամանակաշրջանի կարևոր դեպքերը:

 

Փիլիսոփայություն

Մեծ զարգացում ապրեց հայ փիլիսոփայական միտքը: Նշանավոր էր Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որը, զորավար ու քաղաքական գործիչ լինելուց բացի, նաև բազմակողմանի կրթված գիտնական էր: Նա թարգմանում և մեկնաբանում էր հին հունական փիլիսոփայական աշխատությունները: Հանրագիտարանային գիտելիքների տեր էր ականավոր փիլիսոփա ու տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Իմաստասերը: Փիլիսոփայական կրթությանը մեծ ուշադրություն էին դարձնում Գլաձորի ու Տաթևի համալսարաններում: Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու աշխատությունները նշանակալից առաջընթաց էին հայ փիլիսոփայական մտքի պատմության մեջ:

 

Իրավագիտություն

Աննախընթաց զարգացավ հայ իրավական միտքը: XII դ. առաջին կեսին գրված Դավիթ Ալավկաորդու «Կանոնները» կարգավորում էին ընտանեկան ու կենցաղային հարցերը: Հատկապես մեծ էին այդ ասպարեզում Մխիթար Գոշի ծառայությունները: XII դ. վերջին նա գրեց «Գիրք դատաստանի» օրենսգիրքը, որը կարգավորում էր հասարակական կյանքի բոլոր բնագավառները: Այդ երկը սկսել է թարգմանվել դեռևս միջնադարում և այսօր միջազգային ճանաչում է ձեռք բերել: Դրա հիման վրա հաջորդ դարում իր «Դատաստանագիրքն» է ստեղծել Սմբատ Գունդստաբլը: Նրա աշխատությունը հարմարեցված էր Կիլիկյան Հայաստանի առանձնահատուկ պայմաններին:

 

Բնական գիտություններ

Ժամանակի առաջադրած պահանջներով էր պայմանավորված նաև բնական գիտությունների վերելքը: Մաթեմատիկայի ասպարեզում կարևոր աշխատանք կատարեց Գրիգոր Մագիստրոսը: Նա է առաջին անգամ հայերեն թարգմանել Էվկլիդեսի «Երկրաչափությունը»: Ականավոր գիտնական Հովհաննես Իմաստասերը հարստացրեց ժամանակի թվաբանական գիտությունը, ուսումնասիրեց և բարեփոխեց հայկական օրացույցը: Այդ դարաշրջանի հայ գիտնականներն զբաղվել են նաև կենդանաբանության, կենսաբանության և բժշկագիտության հարցերով: Հայ բժիշկներից ամենահռչակավորը Մխիթար Հերացին էր: Նրա «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը շարադրված է ժամանակի խոսակցական լեզվով, որպեսզի բոլորը «կարդան և օգուտ քաղեն»: Հայ բժիշկները հիվանդություններն ուսումնասիրելու նպատակով նույնիսկ դիահերձումներ էին կատարում, ինչն արգելված էր Եվրոպայում:

 

Ժողովրդական բանահյուսություն

X-XIV դդ. շարունակում էր զարգանալ ժողովրդական բանահյուսությունը: Ժողովուրդը շարունակում էր ստեղծել նոր երգեր, հարսանեկան, սիրային խաղիկներ: Ժողովրդական երգերի մեջ արտացոլված են աշխատավոր մարդկանց երազանքներն ու զգացմունքները: IX-X դդ. լրացվեց և հարստացավ «Սասնա ծռեր» դյուցազնավեպը: Վեպի գլխավոր հերոս Սասունցի Դավիթն ազատության համար պայքարի ելած հայ ժողովրդի իղձերի մարմնացումն է: Դյուցազնավեպի չորս ճյուղերն արտացոլում են ազատության համար մարտնչող հայ ժողովրդի ձգտումները, հաղթանակի նկատմամբ վառ հավատը:

 

Գեղարվեստական գրականություն

Հայ գրականության մեջ նոր երևույթ էին աշխարհիկ թեմաներով ստեղծագործությունները: X դ. ամենամեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու տաղերով սկիզբ է դրվում հայ աշխարհիկ բանաստեղծությանը: Նրա տաղերը գովերգում են բնությունը, մարդուն, սերը: Համաշխարհային հռչակ է վայելում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Այն ժողովրդի կողմից ստացել է «Նարեկ» անունը:

Ազգային խոշոր գործիչ և բանաստեղծ էր Ներսես Շնորհալին: Մեծ սեր էին վայելում նրա գրած հանելուկները: Ժողովրդի հոգսերն ու վիճակն արձագանք են գտել նրա պոեմներում և չափածո այլ ստեղծագործություններում:

Ֆրիկի բանաստեղծությունների մեծ մասը բողոք է աշխարհի անարդարությունների և օտարների բռնությունների դեմ: Նա գրել է ժողովրդին հասկանալի խոսակցական լեզվով:

Ժողովրդական ստեղծագործությունների մեջ առակը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել: Մխիթար Գոշը (XII դ.) դարձավ գեղարվեստական գրականության նոր ճյուղի՝ առակագրության հիմնադիրը: Գոշը ձգտել է առակների միջոցով դաստիարակել ժողովրդին, համախմբել ազգային եկեղեցու շուրջը: Նրա առակները հայ աշխարհիկ գրականության առաջին էջերից են:

Առակները հատուկ տեղ են գրավում Վարդան Այգեկցու գրական ժառանգության մեջ: Նա միջնադարի ամենանշանավոր հայ առակագիրն է: Նրա առակներն իրենց ժողովրդական լեզվի և ոճի շնորհիվ լայն տարածում ստացան և դեռևս միջնադարում թարգմանվեցին այլ լեզուներով:

 

Ճարտարապետություն

Անկախության վերականգնումից հետո ճարտարապետությունը կրկին բռնեց վերելքի ուղին: Սկսվեց միջնադարյան Հայաստանի առավել հայտնի վանական համալիրների կառուցումը: Տաղանդավոր Մանվել ճարտարապետն Աղթամար կղզում կառուցեց Սուրբ Խաչ հռչակավոր եկեղեցին, որը հայ ճարտարապետության գլուխգործոցներից է: Տաճարի պատերը զարդարված են հիանալի քանդակներով, իսկ ներքնապատերը՝ ճոխ որմնանկարներով: Աղթամարում Գագիկ թագավորի հրամանով կանգնեցվեց հանդիսավոր արարողությունների դահլիճ և սկսվեց նավահանգստի շինարարությունը: Անիի ամենանշանավոր կառույցը Մայր տաճարն է՝ Կաթողիկեն, որի ճարտարապետն էր հռչակավոր Տրդատը: Գագիկ Ա-ի հրամանով, ինչպես գիտեք, կառուցվեց նաև Անիի զվարթնոցատիպ եկեղեցին: Հայ ճարտարապետությունը ծաղկեց Հայաստանի ողջ տարածքում:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տիրապետության շրջանում ճարտարապետությունն անկում ապրեց, սակայն Զաքարյանների օրոք նոր վերելք ունեցավ: Շարունակվեց վանական համալիրների շինարարությունը, որոնք լրացվեցին արհեստանոցներով, աղբյուրներով, մառաններով: Ճարտարապետական արվեստի հրաշալիք է Այրիվանքի (Գեղարդավանք) համալիրը՝ ժայռափոր եկեղեցիներով, խցերով, տնտեսական բնույթի կառույցներով:

 

Քանդակագործություն

Ճարտարապետության հետ մեկտեղ ծաղկեց քանդակագործությունը: Նորակառույցները հաճախ զարդարում էին շքեղ քանդակներով: Եկեղեցիների ճակատային մասում, սովորաբար, տեղադրում էին տաճարի պատվիրատու իշխանի քանդակը: Նրա դերն ընդգծելու համար նրան պատկերում էին ամբողջ հասակով՝ ձեռքում բռնած եկեղեցու մանրակերտը: Մեծ ուշադրություն էին դարձնում նաև շենքերի շքամուտքերը և աչքի ընկնող մասերը քանդակներով զարդարելուն:

Ամբողջությամբ քանդակներով էին պատված Աղթամարի տաճարի պատերը: Քանդակներում պատկերված են Արծրունի տոհմի նշանավոր ներկայացուցիչները, մասնավորապես Գագիկ թագավորը: Հանգամանորեն ներկայացված են իշխանական կենցաղը, փառաբանված անձանց քաջագործությունները: Հիացմունք են առաջացնում շինականների առօրյա կյանքից վերցված տեսարանները՝ այգու մշակումը, բերքահավաքը, գինու պատրաստումը և այլն:

 

Խաչքարային արվեստ

Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր IX դ. սկսած: Խաչքարերի քանդակազարդման արվեստը կատարելության հասավ XII-XIV դդ., երբ ստեղծվեցին խաչքարային արվեստի զարմանահրաշ գլուխգործոցներ:

Խաչքարը քարե սալ է, որի կենտրոնում պատկերվում է խաչը: Երբեմն էլ խաչի վրա քանդակվում է Քրիստոսի պատկերը: Խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները հաղորդում են քարագործ վարպետի անունը և հուշարձանը կանգնեցնելու ժամանակը: Խաչքարերը հիմնականում դրվել են մահացած մարդկանց հիշատակին: Հաճախ խաչքար է կանգնեցվել նաև որևէ պատմական դեպքի, աղբյուր կառուցելու կամ այլ առիթներով: Խաչքարեր են կերտել հազարավոր քարագործ վարպետներ: Նրանցից նշանավոր է ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը:

 

Որմնանկարչություն

Մեծ զարգացում ապրեց որմնանկարչությունը: Տաճարների ու ապարանքների ներքին պատերը սկսեցին զարդարել շքեղ որմնանկարներով: Պատկերազարդումն արվում էր պատերի թաց ծեփի և քարերի հղկված մակերեսի վրա: Երբեմն պատկերազարդում էին նաև հին կառույցները: Տաճարների որմնանկարները ներկայացնում էին Քրիստոսին, հրեշտակների և սրբերի: Տիգրան Հոնենցի եկեղեցում (Անի) պատկերված են Տրդատ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը: Աշխարհիկ կառույցները զարդարվում էին հեծյալների, որսի և ուրախության տեսարաններով:

 

Մանրանկարչություն

Բուռն ծաղկում ապրեց մանրանկարչությունը՝ ձեռագիր մատյանների պատկերազարդման արվեստը: Գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը, լուսանցքները և կարևոր հատվածները: Մեծ ուշադրություն էր դարձվում Քրիստոսի և սրբերի կյանքից վերցված դեպքերի պատկերմանը: Մանրանկարներն արտացոլում էին նաև իրական կյանքը: Մանրանկարիչները պատկերել են աշխատանքային գործիքներ, արհեստավորների և գյուղացիների, ժողովրդական հանդեսներ և այլն: Ձեռագրերում երբեմն նկարում էին մատյանների պատվիրատուներին և նրանց ընտանիքի անդամներին: Հայկական մանրանկարները աչքի են ընկնում զարդերի գեղեցկությամբ և վառ գույներով:

Պատկերազարդված ամենահին ձեռագրերը գրվել են IX դ. և հետագա դարերում դարձել սովորական երևույթ: Նկարազարդ ձեռագրերը շատ թանկ արժեին և մատչելի էին միայն մեծահարուստ մարդկանց: Հաճախ այդ մատյանների համար պատվիրում էին արծաթից և կաշվից պատրաստված, թանկարժեք քարերով զարդարված կազմեր: Մանրանկարչությունը զարգացման բարձր մակարդակի հասավ Կիլիկյան Հայաստանում: Կիլիկյան մանրանկարիչներից ամենահայտնին Թորոս Ռոսլինն է, որը ձեռագրեր է նկարազարդել Հայոց կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար:

 

Կիրառական արվեստ

Բարձր զարգացման հասան նաև արվեստի այն ճյուղերը, որոնք բավարարում էին մարդկանց կենցաղային պահանջմունքները: Փայտի նրբաճաշակ փորագրման գլուխգործոց է Մշո Առաքելոց եկեղեցու դուռը: Հիացմունք են առաջացնում գիրք կարդալու փայտյա հարմարանքները, գիպսից պատրաստված զարդերը, մետաղյա ջահերը և կաթսաները: Մեծ արժեք ունեն միջնադարյան ոսկերիչների ու արծաթագործների գործերը, որոնց չնչին մասն է միայն մեզ հասել:

Շարունակվում էր հայկական հռչակավոր գորգերի և գործվածքների արտադրությունը: Եկեղեցական զգեստները, հատկապես վարագույրները զարդարում էին սրբապատկերներով և Աստվածաշնչից վերցված տեսարաններով:

Կիրառական արվեստի աչքի ընկնող ճյուղերից էր խեցեգործությունը: Կավից պատրաստված խեցե իրերը՝ թասերը, սափորները և կարասները, զարդարում էին մարդկանց, թռչունների ու գազանների պատկերներով: Այդ իրերը վկայում են հայ վարպետների և բնակչության բարձր ճաշակի մասին:

 

Թատրոն

Շարունակվում էր թատերական արվեստի զարգացումը: Թատերական ներկայացումները բազմաթիվ հանդիսատեսներ էին հավաքում: Սովորական էին լարախաղացությունը, մրցում-խաղերը, վարժեցված կենդանիներով ներկայացումները: Դերասանները հանդես էին գալիս հատուկ զգեստներով և տարբեր կենդանիների դիմակներով: Ներկայացումներին մասնակցում էին նաև երաժիշտներ, պարողներ ու ծաղրածուներ: Դերասանների ու երաժիշտների խմբերը ներկայացումներ էին տալիս հրապարակներում, իջևանատներում և պալատներում: Հասարակ ժողովուրդը սիրում էր թատրոն հաճախել, ինչն անհանգստացնում էր հոգևորականներին:

 

Երաժշտություն

Զարգացման բարձր մակարդակի է հասնում երաժշտությունը: Առաջին հերթին ծաղկեց գուսանական երաժշտությունը: Նրանց երգն ու նվագը զարդարում էին ժողովրդական հանդեսները:

Առաջադիմեց նաև հայ եկեղեցական երաժշտությունը: Հոգևոր երգերը՝ շարականները, աչքի էին ընկնում պարզությամբ ու մեղեդիների գեղեցկությամբ: Եկեղեցական երաժշտությունը հիմնված էր ժողովրդական երգ ու նվագի վրա և հասկանալի էր հասարակ մարդկանց:

Այս ժամանակաշրջանում է, որ տարածում ստացան այժմյան նոտաները հիշեցնող խազերը, որոնց միջոցով գրի էին առնում երգերն ու մեղեդիները:

X-XIV դդ. հոգևոր ու նյութական մշակույթը մեր ժողովրդի արժեքավոր ձեռքբերումներից է:

Создать бесплатный сайт с uCoz