|
…րք զավթիչների դեմ:
Թուրքական բանակը, կրած պարտություններից ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա: Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում: Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին: Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղ մնացած հայ բնակչությանը: Հալիձորի անկումից հետո հայ զինվորականության միջև հակասությունները խորացան: Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել:1730թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի ազատագրական պայքարի ելած զորքերը, հետզհետե կազմալուծվելով և միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել:Այսպիսով, չնայած հայկական ուժերի տարած բազում հաղթանակներին, ազատագրական պայքարի ելած զորքերը հետզհետե կազմալուծվեցին: Այդուհանդերձ, ազատագրական այդ պայքարը խոր հետք թողեց, բարձրացրեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ: Պարսից պետությունը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը:Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:Շահական Պարսկաստանի նոր քաղաքականությունըՊարսկաստանում աֆղանական և թուրքական նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Նադիրին հաջողվում է պարտության մատնել աֆղաններին և նրանց դուրս քշել երկրից: Մի շարք ճակատամարտերում պարսկական բանակը պարտության է մատնում նաև թուրքական զորքերին: Նադիրի հաջողությունները պայմանավորված էին ժողովրդական զանգվածների աջակցությամբ:Թուրքական զորքերի դեմ պայքարում Նադիրն օժանդակություն էր ստանում նաև Անդրկովկասի ժողովուրդների, մասնավորապես հայերի կողմից: Ընդգծելու համար հայ ժողովրդի նկատմամբ իր բարյացակամությունը, Նադիրը այցելում է Էջմիածին և ներկա է լինում պատարագին: Վանքի վերանորոգման համար նա հատկացնում է 1000 թուման, տաճարը զարդարում 15 կգ կշիռ ունեցող ոսկե ջահով: Միաժամանակ կարգադրում է Էջմիածին ուղարկել ընտիր գորգեր և այլ նվերներ: Նրա հրովարտակով վերահաստատվում են կաթողիկոսի և հայ հոգևորականության հնուց սահմանված իրավունքները: Նադիրը, որպես հեռատես քաղաքական գործիչ ու դիվանագետ, լավ էր հասկանում տեղական բնակչության համակրանքը շահելու և նրա օգնության նշանակությունը հակաթուրքական պայքարում:Պարսկական և օսմանյան զորքերի միջև 1735թ. հունիսին Եղվարդ գյուղի մոտ խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ, որտեղ օսմանցիները ծանր պարտություն կրեցին: Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները: Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ:Եղվարդի ճակատամարտից հետո Նադիրը ասպատակեց Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները: Թուրքական հրամանատարությունը համաձայնեց զորքերը դուրս բերել Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից: 1736թ. Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան կրկին ճանաչում էր Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում: Նադիրը 1736թ. հռչակվեց Պարսկաստանի նոր շահ: Նրա տիրապետության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձավ Արևելքի հզոր պետություններից մեկը:Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում (Խամսայի մելիքությունները)Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին: Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին: Նույն թվականին (1736) Նադիրը Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր: Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները: Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ: Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը: Վերջինս ստացավ նաև խանի տիտղոս: Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն:Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները: Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի: Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին Գանձակից մինչև Արաքս գետը: Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մահմեդականների բոլոր փորձերը և ավերում նրանց հիմնադրած ամրությունները: Արցախի հարթավայրային մասում մահմեդականները երկար ժամանակ զբաղված էին ավարառությամբ ու կողոպուտներով: Նրանք հաճախակի հարձակումներ էին գործում հայ մելիքների տիրույթների վրա:Իրենց տիրապետությունը պահպանեցին նաև Սյունիքի և Ղարադաղի (Սև լեռներ) հայկական մելիքությունները: Սևանի հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչները Նադիրի իշխանության տարիներին ոչ միայն պահպանեցին սեփական իրավունքները, այլև ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը: Նրանք անկախ ճանաչվեցին Երևանի խանից: Արարատյան երկրի քալանթար նշանակվեց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը: Վերջինիս մահից հետո նրա որդի մելիք Մանուչարը նշանակվեց Երևանի ու Նախիջևանի զորահրամանատար: Մելիք Մանուչարը մեծ վստահություն ուներ Նադիրի մոտ: Նա իր զորամասով մասնակցել էր Նադիրի Հնդկաստան կատարած արշավանքին:Արցախի ինքնավարությունը մարմնավորվում էր նաև հոգևոր իշխանության՝ Գանձասարի կաթողիկոսության գոյությամբ: Վերջինս եռանդուն մասնակցություն էր ունենում ազատագրական շարժման մեջ: Այն Արցախի ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ ուժերի համախմբման ու նրանց պայքարի հիմնական կենտրոնն էր: 1700 թվականից մինչև իր կյանքի վերջը ազատագրական եռանդուն գործունեություն էր ծավալել Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը: Եսայի կաթողիկոսի մահից հետո էլ Գանձասարի կաթողիկոսարանը մնում էր հայոց ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: Այնտեղ էին կազմակերպվում գաղտնի խորհրդակցություններ՝ քննարկելու Հայաստանի ազատագրության տարբեր ծրագրեր:Հայերը Հնդկաստանում18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17-րդ դարերում և զբաղվում էին գերազանցապես վաճառականությամբ: Հայկական խոշոր և ծաղկուն համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքներում: 17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները փորձում էին ներթափանցել Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը» Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա համաձայն հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում:Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիները ունեին խոշոր նավատորմ, կանոնավոր բանակ, ուստի կարողացան զենքի ուժով տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:Հովսեփ Էմինի գործունեությունը Արևմտյան ԵվրոպայումՀովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել էր Կալկաթա: Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը:Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին տեղեկությունները, որտեղ հայերը տարիներ շարունակ համառ կռիվներ էին մղում հայրենիքի ազատագրության համար:1751թ. Էմինը, հակառակ հոր կամքին, որը նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա: Անգլիայում Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ: Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ: Այնուհետև Էմինը մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմին:1759թ. Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան տերության օժանդակությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը:Հովսեփ Էմինը Ռուսաստանում և ԱնդրկովկասումՎերադառնալով Անգլիա՝ Էմինը հանդիպում է Անգլիայում ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված հանձնարարական նամակ՝ ճանապարհվում է (1761 թ.) Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր հայրենիքի ազատագրության համար վրաց Հերակլ II թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ:Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում է Վրաստան: Մոսկվայում Հովսեփ Էմինին է միանում Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում հավաքագրվում է կամավորների ջոկատ, որն ուղեկցում է Էմինին:Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրերին և նրան հանձնարարում է եվրոպական ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքին:Հայաստանում ազատագրական շարժումն աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սբ. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Վերջինս մեծ աշխատանք էր տանում ջոկատներ հավաքագրելու և Թուրքիայի հպատակության տակ գտնվող ասորիների ու քրդերի հետ համագործակցելու ուղղությամբ: Հովնանը պնդում էր, որ Էմինը Հայաստան գալու ժամանակ ունենա վրաց թագավորի կողմից տրամադրված թեկուզև փոքրիկ մի զորաջոկատ: Դրանով թուրքերը կհամոզվեն, որ վրացիներն էլ են հայերի հետ: Հերակլ II-ը, զգուշանալով Թուրքիայի հետ ընդհարումից, երկար ժամանակ տատանվում էր որոշակի խոստումներ տալ:1764թ. Հ. Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին: Նամակատարը Երևանում խանի մարդկանց կողմից ձերբակալվում է: Տեղեկանալով այդ մասին՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում սեփական ուժերով Թուրքիայի և Պարսկաստանի դեմ հաղթանակի հասնելը): Նա նամակով կշտամբում է Հերակլ II-ին Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:Հ. Էմինը հարկադրված անցնում է Հյուսիսային Կովկաս, որտեղ մնում է ավելի քան մեկ տարի: 1766թ. նա վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում գտնվող Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Էմինը Գետաշենում մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը ջախջախիչ պարտության են մատնում խանի բանակին: Նրան հետապնդում են մինչև Գանձակի դարպասները և պաշարում քաղաքը: Հերակլ II-ի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը:Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հ. Էմինը Շուշիում այցելում է Իբրահիմ խանին և ապա մեկնում Գանձասար: Այստեղ նա տեղեկանում է, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով հրամայել է չընդունել և չօժանդակել Էմինին: Համոզվելով, որ Արցախում կատարում են Սիմեոն Երևանցու հրամանը, նա փորձում է դիմել այլ միջոցների, որոնք սակայն նույնպես վերջանում են անհաջողությամբ:Անհաջողությունները զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին: 1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան:Մովսես Սարաֆյանի ծրագիրըՀայրենիքի ազատագրմամբ մտահոգ աշխարհասփյուռ գաղութների մեջ առանձնանում էին մասնավորապես ռուսահայ կենտրոնները: Դա պայմանավորված էր նրանով, որ դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի ձգտումները և Հայաստանը ազատագրելու համար հայոց շարժումներն ու ծրագրերը համահունչ էին:18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում հայ բնակչությունը շարունակում էր արագորեն աճել: 1768թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմը և տարածվող լուրերը, թե ռուսները զորք են մտցնելու Անդրկովկաս, մեծ ոգևորություն առաջ բերեցին հայերի շրջանում: Ռուս-թուրքական պատերազմը Հայաստանը թուրք-պարսկական լծից ազատագրելու հույսեր էր արթնացնում:1769թ. հունիսին Աստրախանի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) Հայաստանի ազատագրության ծրագիր է ներկայացնում: Այդ ծրագրում նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել Վրաստան: Զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Սարաֆյանն առաջարկում էր հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկել նաև Արցախի մելիքներին: Սարաֆյանի համոզմամբ ռուսական բանակը հեշտությամբ կարող էր տիրանալ Երևանին, որովհետև այնտեղ իշխող խանը կախման մեջ էր Հերակլ II-ից: Վերջինս կարող էր հայ, վրացի և ռուս զինվորներ ուղարկել Երևան և գահընկեց անել խանին: Ակնկալվում էր, որ Երևանի գրավումից հետո մեծ քանակությամբ հայ բնակչություն կզինվորագրվեր ռուսական բանակին:Մ. Սարաֆյանի ծրագրի համաձայն, Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:Մովսես Սարաֆյանը առաջարկում էր նաև պատերազմի ավարտից հետո կնքվելիք հաշտության պայմանագրի մեջ մտցնել հատուկ կետ: Դրա համաձայն, Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու:Հայաստանի ազատագրության Հյուսիսային (Հովսեփ Արղությանի) ծրագիրը18-րդ դարի 80-ական թթ. աշխուժացավ հայ պետականության վերականգնման համար ազատագրական ծրագրի մշակումը: Դրան մեծապես խթանեց 1783թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված Գեորգիևյան դաշնագիրը: Դրանով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրաստանին: Այդ դաշնագիրը մեծ արձագանք գտավ հայկական շրջաններում: Դրա հետ մեծ հույսեր էին կապում ինչպես Հովսեփ Արղությանը Ռուսաստանում, այնպես էլ Շահամիր Շահամիրյանը Հնդկաստանում:Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը 1780-ական թվականների սկզբին բանակցություններ էին վարում ռուսական պետական գործիչների հետ՝ արշավանք կազմակերպելու և Հայաստանը ազատագրելու մասին:Նրանք կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ: Այն բաղկացած էր 18 հոդվածից: Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը: Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դրա համաձայն, Հայաստանում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն: Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:Մադրասի հայրենասիրական խմբակըՀայաստանի ազատագրությունը նախապատրաստելու համար Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ Մադրասում ստեղծված խմբակի անդամները 18-րդ դարի 70-80-ական թթ. մեծ աշխատանք են կատարել:Հովսեփ Էմինը, Հնդկաստան վերադառնալով, շարունակեց ազատագրական-հայրենասիրական քարոզչությունը, որը ոգեշնչում էր նաև Մադրասի հայերին:Հայաստանի ազատագրությունը, ըստ Շ. Շահամիրյանի, պետք է կատարվեր օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության միջոցով: Այն պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները: Հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանալ Վրաստանից և Ռուսաստանից:Մադրասում տպագրված «Նոր տետրակ» և «Որոգայթ փառաց» գրքերը Շ. Շահամիրյանն ուղարկում է ոչ միայն Սիմեոն կաթողիկոսին, այլև Արցախի մելիքներին, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, Վրաստանի Հերակլ II թագավորին:Շ. Շահամիրյանը նամակագրական աշխույժ կապ էր ստեղծել Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսների, վրաց թագավորների հետ: Դրանից բացի, նա կապված էր Արցախի մելիքների, Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և շատ ուրիշների հետ: Նրանց հղած իր նամակներում նա շարադրել է Հայաստանի ճակատագրի մասին ազատագրական խմբակի տեսակետները և առաջարկներ արել այդ ծրագրի իրագործման համար: Շ.Շահամիրյանն առաջարկում էր, դպրոցներ բացելով, ժողովրդի մեջ լուսավորություն տարածել, զինել ժողովրդին, պատրաստվել ազատության համար պայքարի:Նա Հերակլ II թագավորին առաջարկում էր Վրաստանում կատարել բարեփոխումներ, որոնք կհզորացնեին երկիրը, ինչպես նաև օգնության ձեռք մեկնել հայ ժողովրդի ազատագրական պայքարին: Վրաց թագավորին օգնելու նպատակով Շ. Շահամիրյանը թանկարժեք նվերներ էր ուղարկում նրան և անգամ պատրաստակամություն հայտնում տեղափոխվել Վրաստան:Վրաց թագավորը իր հերթին Լոռու գավառը նվիրաբերում է Շ. Շահամիրյանին և նրան շնորհում իշխանի տիտղոս: 1790թ. Հերակլ II-ը Շ. Շահամիրյանի առաջարկությամբ հատուկ ուղերձ է հղում Պարսկաստան քշված հայ ժողովրդին: Վերջիններին նա հրավիրում էր բնակություն հաստատել վրաց թագավորության կազմում գտնվող հայաբնակ գավառներում:Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» և Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» աշխատություններըՀովսեփ Էմինի ու Մովսես Բաղրամյանի վերադարձը Հնդկաստան կարևոր նշանակություն ունեցավ գաղթօջախի կյանքում: Նրանք համոզեցին հնդկահայ ուրիշ գործիչների ևս, որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության: Հետևաբար անհրաժեշտ է միավորել հայ երիտասարդությանը, նրանց դաստիարակել հայրենասիրության ու ազգային արժանապատվության ոգով:Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար անհրաժեշտ էր հայրենասիրական ոգով գրականություն ունենալ: Նման գրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1771թ. Մադրաս քաղաքում հիմնում է հայկական տպարան: 1772թ. այդ տպարանում լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը: Հայ իրականության մեջ դա առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունն էր: Գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները և դրան հակադրվում է առկա վիճակը, երբ երկիրը շահագործվում է օտարների կողմից: Գիրքը կոչ է անում հայ երիտասարդներին դուրս գալ օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնել ազատության. «Խիզախությամբ եղեք, եղեք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանանք վերագտնել մեր հայրենիքն Արարատյան»: «Նոր տետրակի» մեջ քննադատվում է միապետական կարգը՝ այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը: Մեկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտություն է երկրի համար: Ուստի առաջարկվում է ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով:Ստանալով «Նոր տետրակը» և զգուշանալով հայ երիտասարդների անժամանակ ապստամբելու վտանգից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը խիստ միջոցների է դիմում: Նա հրամայում է հավաքել և այրել այդ գիրքը, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին: Նրա սպառնալիքները, սակայն, չկասեցրին գրքի տարածումը:1786թ. «Նոր տետրակը» թարգմանվում է ռուսերեն և լույս է տեսնում Պետերբուրգում, իսկ այնուհետև թարգմանվում նաև վրացերեն:Շարունակելով «Նոր տետրակի» գաղափարները՝ Մադրասի խմբի անդամներից Շ. Շահամիրյանը հրատարակում է «Որոգայթ փառաց» գիրքը: Այն ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր, որը պետք է կիրառվեր երկիրը օտար լծից ազատագրելուց հետո:Հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից: Հայաստանում պետք է իշխեր օրենքը: «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն): Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ: Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը: Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ:«Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը:Հայաստանի ազատագրության Հարավային (Շահամիր Շահամիրյանի) ծրագիրըՌուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու 20 հոդվածից բաղկացած նախագիծ կազմել էր Շահամիր Շահամիրյանը: Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք էր հռչակվեր հանրապետություն՝ պառլամենտական կառուցվածքով: Կառավարությունը պետք է գլխավորեր ազգությամբ հայ նախարարը: Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար 6 հազարանոց ռուսական զորք: Հայաստանը տարեկան հարկ պիտի վճարեր Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում տրամադրեր նաև զորք: Առաջարկվում էր երկու երկրների միջև սահմանել ազատ երթևեկություն: Հայաստանի կառավարությունը Պետերբուրգում պետք է ունենար իր դեսպանը:Հովսեփ Արղությանի ծրագրի օրինակով Շ. Շահամիրյանի նախագիծը ևս ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների կողմից դրանք բավարար ուշադրության չեն արժանացել ու չեն քննարկվել:ԴպրոցXVII դարի երկրորդ կեսին հայկական մշակութային օջախները շարունակում էին հայոց ազգային ավանդույթները: Միաժամանակ նրանք առավել սերտորեն էին առնչվում եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ, որը բարերար ազդեցություն էր գործում հայ մշակույթի հարստացման վրա:Հայ ժողովրդի մշակութային առաջընթացի ու քաղաքակրթական վերելքի գրավականը եղել է կրթությունը: XVII-XVIII դարերում, չնայած ծանր իրավիճակին, Հայաստանում ոչ միայն փորձել են շարունակել նախորդ դարաշրջանների կրթական ավանդույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորություններ: Հայաստանի բուն տարածքից դուրս հայկական համայնքներում ևս աշխուժացավ կրթական գործը, որ պայմանավորված էր նաև նրանց ստվարացմամբ:XVII դարի սկզբներին Սյունյաց աշխարհում հաստատվել էր Հարանց անապատի դպրոցը, որը դարձավ ուսումնական նշանավոր կենտրոն, և որով սկիզբ առավ Արևելյան Հայաստանի կրթական ու մշակութային առջընթացը: Ստեղծվում են նոր դպրոցներ Սևանում, Շամքորում և այլ վայրերում:Մովսես Տաթևացին հիմնադրում է Հովհաննավանքի դպրոցը: 1635-1637թթ. այդ դպրոցը փոխադրվում է Էջմիածին, սակայն Հովհանավանքում ևս ուսուցումը չի դադարում, այնտեղ դեռևս ուսանում էին շատ ուսանողներ:XVII դարում գիտակրթական աշխույժ գործունեություն է ծավալում Բաղեշի Ամիրդոլու վանքի դպրոցը, որտեղ հավաքվում և արտագրվում են նաև մեծարժեք շատ ձեռագրեր:XVII դարի դպրոցական կյանքի կարևոր կենտրոն էր նաև Նոր Ջուղան: Այնտեղ Խաչատուր Կեսարացու ջանքերով հիմնվում է դպրոց, որն ավելի քան հիսուն տարի կարևոր դերակատարում է ունենում: Աշակերտներին առևտրական ասպարեզին նախապատրաստելու նպատակով դպրոցում դասավանդվում էին նաև տոմարագիտություն, թվաբանական առարկաներ, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ: Իր գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ: Այս դպրոցի շրջանավարտներից էին Ոսկան Երևանցին, մի շարք կաթողիկոսներ և ուրիշ շատ անվանի գործիչներ: Ինչպես բոլոր դպրոցները, այս դպրոցը ևս եղել է գրչության կարևոր կենտրոն, ունեցել իր մատենադարանը:ՏպագրությունՀայերեն գրքերի տպագրության սկզբնավորումը նոր փուլ նախանշեց և անգնահատելի դեր ունեցավ XVII-XVIII դարերի հայկական մշակույթի զարգացման բնագավառում: XVII դարի երկրորդ կեսին առավել նշանավոր էր Ամստերդամում հիմնադրված տպարանը:Ամստերդամի հայոց տպարանը առավել լիարժեք է սկսում գործել 1664թ. այնտեղ ժամանած Ոսկան Երևանցու և Կարապետ Անդրիանցու համատեղ ջանքերի շնորհիվ: Աստվածաշնչի ամբողջական նկարազարդ ու հատուկ խնամքով իրականացված տպագրությունը հայ տպագրության խոշոր նվաճումն էր: Ամստերդամի հայկական տպարանում տպագրվում է ևս 11 անուն գիրք:Ոսկան Երևանցին տպարանը փոխադրում է Լիվոռնո, որտեղ երեք գիրք հրատարակելուց հետո, փոխադրվում է Մարսել և այնտեղ մինչև 1680-ական թվականների վերջերը հրատարակում 16 անուն գիրք: Մարսելում Ոսկան Երևանցին 1673թ. սկսում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի տպագրությունը, որը, սակայն, մնում է անավարտ:Ամստերդամի հայոց տպարանը կարևոր դեր խաղաց հայ տպագրության պատմության մեջ: Ոսկան Երևանցին ունեցավ նաև աշակերտներ, որոնք նույն ոգով նվիրվեցին տպագրության միջոցով լուսավորության տարածման գործին:XVII-XVIII դդ. հայկական գրահրատարակչությունը մեծ առաջադիմություն է արձանագրում Կ.Պոլսում: 1677թ. այստեղ տպարան է հիմնադրում Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը: Հայ տպագրության պատմության մեջ մեծ ավանդ ունի Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին, որն իր հիմնադրած տպարանում 1699 թվականից սկսած մոտ 50 տարի հրատարակել է ավելի քան ութսուն անուն գիրք: Այս տպարանում առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հռչակավոր երկը:XVIII դարը հայ տպագրության համար դարձավ ծաղկման շրջան: Հայերեն գրքեր էին տպագրվում Կ.Պոլսում, Հռոմում, Վենետիկում, Տրիեստում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Աստրախանում, Մադրասում, Կալկաթայում, Էջմիածնում, որոնք միաժամանակ վերածվել էին հայ մշակույթի նշանավոր կենտրոնների:Հայ տպագրության մեջ վիթխարի նվաճում էր Էջմիածնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի (1763-1780) նախաձեռնությամբ տպարանի ստեղծումը (1771): Սիմեոն Երևանցին նախաձեռնում և 1776թ. իրականացնում է նաև Էջմիածնում թղթի արտադրության գործարան կառուցելու գործը:1512-1800թթ. հայ գրատպությունը մեծ առաջընթաց ունեցավ, լույս տեսավ հոգևոր ու աշխարհիկ բովանդակությամբ ավելի քան հազար անուն աշխատություն:Հնդկաստանի աշխույժ հասարակական կյանքը առաջադրեց նաև պարբերական ունենալու անհրաժեշտություն: 1794-1796թթ. Մադրասում Հարություն Շմավոնյանի նախաձեռնությամբ և հենց իր տպարանում լույս ընծայվեց հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»:ԳիտությունՀայոց գիտության պատմության համար մեծ արժեք ունի 1695թ. Ամստերդամում Վանանդեցիների ջանքերով կազմված և տպագրված «Համատարած Աշխարհացոյց» անունով քարտեզը: Քարտեզագրության ինքնատիպ ու եզակի նմուշ է Երեմիա Չելեպի Քեոմուրճյանի կազմած Հայաստանի քարտեզը: Գիտագործնական նպատակներ են հետամտել նաև մաթեմատիկայի բնագավառի ուսումնասիրությունները: 1675թ. Մարսելում լույս է ընծայվում գերմանացի մաթեմատիկոս Ք. Կլավիուսի «Գործնական թվաբանության համառոտ շարադրանք» աշխատության հայերեն թարգմանությունը: Մաթեմատիկական գիտության զարգացման համար կարևոր ձեռնարկում էր XVII դարի սկզբներին Եվկլիդեսի «Երկրաչափության» հայերեն նոր թարգմանությունը:Հայ մշակույթի զարգացման ասպարեզում մեծ է Վենետիկի Մխիթարյան միաբանության դերը: Հայ տպագրության մեջ ևս վիթխարի է Մխիթար Սեբաստացու և նրա հիմնած Մխիթարյան միաբանության հրատարակչական գործունեության նշանակությունը: XVIII դ. առաջին կեսին հրատարակվեցին Մխիթար Սեբաստացու կազմած «Դուռն քերականութեան Աշխարհաբար լեզուին Հայոց», որը կազմված էր թուրքախոս դարձած հայերին կրկին հայոց լեզուն հասու դարձնելու համար: Ապա լույս տեսան «Քերականութիւն գրաբարի լեզուի Հայկազեան սեռի», «Բառգիրք Հայկազեան լեզուի» աշխատությունները, «Համատարած Աշխարհացոյց» քարտեզը և այլ երկեր:XVII դարի երկրորդ կեսից զարգացում ապրեց նաև հայոց պատմագրությունը: Պատմիչներից նշանավոր էր Առաքել Դավրիժեցին, որի հեղինակած «Պատմությունը» իր ժամանակաշրջանի կարևորագույն աղբյուրներից է: Նույն դարի երկրորդ կեսին են ստեղծագործել Զաքարիա Քանաքեռցին, Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը, որոնց պատմագիտական աշխատություններում լուսաբանվել են ոչ միայն բուն Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության մեջ ու Պարսկաստանում տեղի ունեցած իրադարձությունները: XVIII դարում ստեղծված կարևոր պատմագիտական երկերից են Եսայի Հասան-Ջալալյանի «Համառոտ պատմություն Աղվանից», Աբրահամ Երևանցու «Պատմություն պատերազմաց», Ստեփանոս Շահումյանի «Պատմութիւն Դավիթ-բեկին» և այլ աշխատություններ:Հայ իրականության համար դարակազմիկ նշանակություն ունեցավ Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» եռահատոր աշխատությունը (1784-1786): Այն ոչ միայն առաջին անգամ ամբողջական պատկերացում էր տալիս հայ ժողովրդի անցած ուղու մասին, այլև օգտագործել է մինչ այդ անհայտ շատ սկզբնաղբյուրներ: Չամչյանի աշխատությունը հայ ժողովրդի զավակներին հաղորդում էր արժանապատվություն ու ազգային ինքնագիտակցության հզոր լիցք: Միքայել Չամչյանի «Պատմութիւն հայոց»-ը մեծապես նպաստել է հայ պատմագիտական մտքի զարգացմանը:Գեղարվեստական գրականությունXVII-XVIII դարերում կարևոր նվաճումներ են արձանագրվում նաև գեղարվեստական գրականության բնագավառում: Այդ ժամանակ չափածո ստեղծագործություններով հայտնի են դառնում Պետրոս Ղափանցին, Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան և շատ ուրիշներ: Նաղաշ Հովնաթանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, երաժիշտ: Նա հանդիսացավ մշակութային մեծ ժառանգություն թողած Հովնաթանյան տոհմի հիմնադիրը:Սայաթ-Նովան սիրված բանաստեղծ ու երաժիշտ էր ոչ միայն թիֆլիսյան բնակչության լայն շրջաններում, որտեղ նա ապրում և ստեղծագործում էր երեք լեզուներով, այլև նրա սահմաններից դուրս: Նրա երգերը տոգորված էին սիրո, արդարության, ճշմարտության, ազնվության վեհ գաղափարներով: Իր երգերում նա դատապարտում էր անազնվությունը, սոցիալական անհավասարությունը և պաշտպանում մարդկային արժանապատվությունը: |
|