Հայությունը 20-րդ դարի սկզբին
Առաքելոց վանքի կռիվը
1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվէլ է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից, թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:
Հայ բնակչությանը մնում էր միայն իր իրավունքները պաշտպանել զինված պայքարի միջոցով: Զոհված հայդուկներին փոխարինելու են գալիս նորերը: Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:
Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում: Նման բացահայտ մարտահրավերով Անդրանիկը և Գևորգ Չաուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է:
1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:
Օսմանյան իշխանությունները, տեղեկանալով այդ մասին, զորք են ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Եկուստեք փոխհրաձգություն է սկսվում: Չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս:
Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:
Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:
Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: Ուստի Անդրանիկն ու իր զինակիցները որոշում են ճեղքել պաշարումը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:
Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին: Սկսվում է հայկական ուժերի համախմբում: Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով կազմվում է ղեկավար կենտրոն:
Սասունի ինքնապաշտպանությունը
Օսմանյան իշխանությունները, տակավին 1894թ. չկարողանալով ընկճել սասունցիների դիմադրությունը, վճռում են նոր արշավանք կազմակերպել: Դրանով նրանք ձգտում էին վերացնել արևմտահայության ազատագրական կարևոր կենտրոններից մեկը:
Այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները 1902-1904թթ. ընթացքում սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Զորքերի թիվը հասցվում է 10 հազարի: Նրանց են միանում շրջակա քրդական մի քանի ցեղեր: Կառավարության նախապատրաստություններն աննկատ չեն մնում սասունցիներից: Նրանք ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային կուսակցությունները, անհանգստացած Արևմտյան Հայաստանից եկող տագնապալի լուրերից, որոշում են օգնություն ուղարկել Սասուն: 1902-1904թթ. Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները կազմակերպում են հայդուկային և զինատար խմբերի անցումը Արևմտյան Հայաստան:
Հ. Յ. Դաշնակցության հանձնարարությամբ Մենակը (Եգոր Առուստամյան) 1903թ. հետախուզեց Սասուն օգնություն հասցնելու ճանապարհները: Նույն թվականի գարնանը ռուս-թուրքական սահմանն անցան դաշնակցական մի քանի ջոկատներ: Նրանցից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) 23 հոգուց բաղկացած հեծելաջոկատին հաջողվեց հասնել Սասուն: Նրանց հայտնվելը մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն հայ ազգային կուսակցություններին չի հաջողվում անհրաժեշտ օգնությունը հասցնել Սասուն: Գրեթե բոլոր խմբերը, ճանապարհին մարտի բռնվելով ռուս սահմանապահների, թուրքական զորքի և քրդական ջոկատների հետ, չեն հասնում իրենց նպատակին: Չի հաջողվում Սասուն ուղարկել նախատեսված օգնությունը:
1903թ. աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ինքնապաշտպանության կազմակերպիչների և . մի շարք գյուղերի ավագների ու քահանաների ժողով: Ընտրվեց զինվորական խորհուրդ: Նրա անդամներն էին Անդրանիկը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ: Ինքնապաշտպանության ղեկավար ընտրվեց Անդրանիկը:
Զինվորական խորհուրդը մեծ զգուշությամբ, կառավարությունից գաղտնի, նախապատրաստվում է դիմադրությանը: Միաժամանակ քայլեր էին ձեռնարկվում, որպեսզի հարկադրեն սուլթանին հրաժարվել Սասունի վրա արշավելուց:
Թուրքական կառավարությունը հայերի դեմ ուղարկում է թնդանոթներով և գնդացիրներով զինված 10 հազար զինվոր: Նրանց էին միացել 5 հազար զինված քրդեր: Թշնամուն դիմագրավում էին 200 հայդուկ և 1000 սասունցիներ: Նրանք պաշտպանում էին տեղի 12 հազարի հասնող բնակչությանը:
1904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի 6-ին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թուրքերը, սակայն, լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում և հրետանու կրակի ներքո անցնում են հարձակման: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Զոհվեց հայ ազատագրական պայքարի ամենապայծառ ռահվիրաներից մեկը: Հրայրին թաղում են Աղբյուր Սերոբի կողքին, Գելիեգուզան գյուղում:
Սասունցիներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Նրանք հարկադրում են թուրքերին նահանջել մինչև Շենիկ:
Ապրիլի 15-ին օսմանյան հրամանատարությունը նախաձեռնում է նոր հարձակում: Հայերը ստիպված էին դիմագրավել 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանում էին Անդրանիկի գլխավորած մարտիկները: Ի վերջո զգացվում է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են լինում տեղի տալ: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղում՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղերը:
Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը: Հայերը շարունակում են մի շարք հաղթանակներ տանել: Ուժերը, սակայն, անհավասար էին: Թուրքական բանակին և քրդական ջոկատներին հաջողվում է ճնշել հայերի ինքնապաշտպանությունը: 1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:
Օսմանյան իշխանությունները փորձում են սասունցիներին վերաբնակեցնել Մշո դաշտում: Լեռնականները, սակայն, ոչ միայն մերժեցին կատարել նրանց պահանջը, այլև սպառնացին կրկին զենքի դիմել: Ի վերջո, իշխանությունները հարկադրված էին տեղի տալ և թույլատրել սասունցիներին վերադառնալ:
Սասունում հայերն ունեցան շուրջ 7 հազար սպանված: Ավերվեց և թալանվեց 42 գյուղ:
Ինքնապաշտպանության ընթացքում Եվրոպայի տերություններին ուղղված օգնության դիմումներն ու խնդրագրերը մնացին անպատասխան: Նրանք, ելնելով իրենց շահերից, ուղղակի և անուղղակի օժանդակում էին Աբդուլ Համիդ II-ին: Ռուսաստանը, պատերազմի մեջ լինելով Ճապոնիայի հետ, չէր ցանկանում լարել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացասաբար էր վերաբերվում հայ ազատագրական շարժումներին:
Երկդիմի քաղաքականություն էր վարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Իմանալով զինատար և հայդուկային խմբեր Սասուն ուղարկելու մասին, անգլիացիները այդ մասին տեղյակ են պահում թուրքերին:
Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ևս սուլթանին սաստելու որևէ քայլ չկատարեցին:
Սասունի դեպքերով չեն վերջանում թուրքական բռնությունները: Սուլթանական զորքերը ավերիչ արշավանքներ են կազմակերպում Մշո դաշտի հայկական գյուղերի վրա: Դիմադրելով ջարդարարներին և հայ բնակչությանը թուրքական նոր սադրանքներից զերծ պահելու համար, հայդուկային խմբերի զգալի մասը որոշում է աստիճանաբար հեռանալ Արևմտյան Հայաստանից: Գևորգ Չաուշն իր կողմնակիցներով մնում է երկրում: 1905-1907թթ. ընթացքում Գ. Չաուշը պայքարում է թուրք և քուրդ հարստահարողների դեմ: Օսմանյան իշխանությունները գերագույն ճիգեր են գործադրում խիզախ հայդուկի հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1907թ. մայիսին Սուլուխ գյուղի մոտ նա ծանր վիրավորվում է և կնքում իր մահկանացուն:
Երիտթուրքական հեղաշրջումը
Ինչպես տեսանք, Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:
1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:
1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:
Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն, հրաժարվում են իրենց խոստումներից: Նրանք որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրությունը հռչակում էր այնտեղ բնակվող ժողովուրդների հայրենիք: Իրականում այդ քաղաքականությունը նպատակ ուներ թուրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Հանդիպելով նրանց դիմադրությանը՝ երիտթուրքերի ծրագիրն անհաջողության է մատնվում: Ավելի ուշ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագիրը: Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը՝ համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Երիտթուրքերն իրենց առջև խնդիր են դնում բռնի ձուլման միջոցով թուրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը: Իր կողմից, Աբդուլ Համիդ II-ը գաղտնի նախապատրաստություններ էր տեսնում վերականգնելու սուլթանական բացարձակ միապետությունը:
1909թ. մարտի 31-ին նա հեղաշրջում կազմակերպեց: Սակայն կառավարությանը հավատարիմ զորքերը վերականգնում են երիտթուրքերի իշխանությունը: Սուլթանը գահընկեց արվեց: Երիտթուրքերը գահ են բարձրացնում նրա եղբորը՝ Մահմեդ V-ին:
Ադանայի կոտորածը
Անցնելով իշխանության գլուխ՝ երիտթուրքերը սաստկացրին ազգային հալածանքները: Նրանք ազգայնամոլությունը բարձրացնում են պետական քաղաքականության աստիճանի: Փաստորեն երիտթուրքերը ազգային քաղաքականության խնդրում հանդիսացան Աբդուլ Համիդ II-րդի ժառանգորդները: Նրանք յուրացրին և կատարելագործեցին սուլթանի հայաջինջ գործելակերպը: Ամրապնդելով իրենց իշխանությունը՝ երիտթուրքերը ծրագրում և իրականացնում են Կիլիկիայի հայության կոտորածը:
XX դարի սկզբին Ադանայի նահանգի բնակչության մեծ մասը՝ մոտ 400 հազարը, իսկ Ադանա քաղաքի 60 հազար բնակչությունից 22 հազարը հայեր էին:
Նրանք հանդիսանում էին նահանգի տնտեսության առաջատար ուժը: Առաջին հարվածը հասցվեց Ադանային, որի հայությունն աչքի էր ընկնում բարեկեցությամբ: Իշխանությունները ցանկանում էին տեր դառնալ հայերի ունեցվածքին և գլխավորը՝ վերջ տալ նրանց հնարավոր ազգային պահանջներին:
1909թ. ապրիլի 1-ին Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժում են քաղաքի հայկական թաղամասերը և սկսում կոտորածն ու թալանը: Ջարդարարներին զոհ են գնում հիմնականում կանայք, երեխաներ և ծերունիներ: Երեք օր շարունակվում էին այդ ոճրագործությունները:
Ջարդերը միայն Ադանա քաղաքով չեն սահմանափակվում: Կոտորածներ են տեղի ունենում նաև Կիլիկիայի հայկական այլ բնակավայրերում:
Կիլիկիայի մի շարք վայրերում հայերը դիմում են ինքնապաշտպանության, որը հնարավորություն է տալիս շատերին փրկվել:
Ադանայի ջարդի առաջին օրը՝ ապրիլի 1-ին, քաղաքի երեք հայկական թաղամասերում բնակիչներն ինքնապաշտպանություն են կազմակերպում: Մեծաքանակ և լավ զինված ուժերին դիմագրավում Էին 173 հայեր:
Առաջին ջարդից հետո իշխանությունները խաբեությամբ հավաքում են քաղաքի հայերի զենքը: Ապահովելով իրենց հնարավոր դիմադրությունից՝ թուրքերը շարունակում են կոտորածները: Դրանց մասնակցում էին օսմանյան զորքերը: Ադանայում հայերն ավելի քան 18 հազար զոհ են տալիս:
Երիտթուրք ելուզակներին միշտ չէ, որ հաջողվում էր անարգել հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ: Կիլիկիայի մի շարք հայկական բնակավայրերում հայերը կարողացան դիմադրություն կազմակերպել:
Դյորթ-Յոլ գյուղում 400 հայեր դիմագրավում են գերակշիռ ուժերի: Ինքնապաշտպանությունը գլխավորում է Միհրան Մելքոնյանը: Տղամարդկանց են միանում գերանդիներով և եղաններով զինված 100 կանայք և երիտասարդներ: Թուրքերը 13 օր շարունակ հարձակումներ են կազմակերպում գյուղի վրա, սակայն ապարդյուն: Օտարերկրյա հյուպատոսների միջնորդության և հայերի հերոսական դիմադրության շնորհիվ թուրքերը դադարեցնում են Դյորթ-Յոլի պաշարումը:
Ջարդարարներին դիմագրավում է Սիս քաղաքի հայությունը՝ 1500 հոգի: Ղևոնդ վարդապետ Թուրսարգսյանի և Գյուտ վարդապետի ղեկավարությամբ նրանք ապաստանում են վանքում և դիմադրում ջարդարարներին: Մեկշաբաթյա պաշարումից հետո հակառակորդն ապարդյուն հեռանում է:
Շեյխ Մուրադ գյուղի երիտասարդության հնգօրյա դիմադրության շնորհիվ բնակչությունը կարողանում է հեռանալ և ապաստանել Ադանայում:
Կիլիկիայի հայության հերոսական ինքնապաշտպանության մեջ նշանավոր էր Հաճնի 12-օրյա դիմադրությունը: Քաղաքի հայությունը Ներսես վարդապետի գլխավորությամբ դիմագրավում է թուրքական բազմահազար ուժերին: Ի վերջո, Մերսին քաղաքի անգլիական հյուպատոսի միջամտությամբ պաշարումը դադարեցվում է:
Մարաշ քաղաքում թուրքական իշխանությունները չեն համարձակվում տեղի հայության նկատմամբ որևէ բռնություն գործադրել, քանի որ երկյուղում են զեյթունցիների պատասխան հարձակումից: Նրանք սպառնացել էին իշխանություններին՝ Մարաշի հայերի կոտորածի դեպքում Զեյթունը անտարբեր չի մնա իր հայրենակիցների ճակատագրի հանդեպ:
Ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունենում նաև հայկական այլ բնակավայրերում:
Ընդհանուր առմամբ, Կիլիկիայի հայության ջարդերին զոհ է գնում ավելի քան 30 հազար մարդ: Տեղի հայությունը հայտնվում է ծանր վիճակում: Միայն Ադանայի վիլայեթում հայերի նյութական կորուստը կազմում էր 20 միլիոն թուրքական լիրա:
Հայկական հարցի վերաբացումը
Երիտթուրքերի տիրապետությունը գրեթե ոչ մի էական փոփոխություն չմտցրեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում արևմտահայության դրության մեջ: Ընդհակառակը, վատթարացրեց այն:
1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը քաղաքական աշխուժություն է առաջացնում հայերի շրջանում: Ելնելով ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ հայերը որոշում են մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու վրա:
1912թ. հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V-ը պաշտոնապես դիմում է Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: Մեկ ամիս անց կաթողիկոսը եգիպտահայ նշանավոր քաղաքական և հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշային լիազորում է մեծ տերություններին ներկայացնել հայկական բարենորոգումների խնդիրը:
Հայկական հարցի վերաբացումից անհանգստացած՝ թուրքական կառավարությունը կազմում է բարենորոգումների մի ծրագիր: Դրանով նախատեսվում էր բարենորոգումներ կատարել հայկական վեց վիլայեթներից (Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Տրապիզոն, Էրզրում և Սեբաստիա) միայն չորսում:
Իրենց հերթին արևմտահայերը կազմում են բարենորոգումների իրականացման սեփական ծրագիրը: Այն նախատեսում էր վեց վիլայեթները միավորել մեկ երկրամասի մեջ, որը պետք է գլխավորեր գերագույն կոմիսարը կամ գեներալ-նահանգապետը:
Հայկական բարենորոգումների իրականացման վերահսկողությունը դրվում էր մեծ տերությունների վրա: Ռուսաստանը պետք է հետևեր դրանց իրագործմանը:
Հայկական բարենորոգումների խնդիրը և ռուս-թուրքական համաձայնագիրը
1912թ. վերջին և 1913թ. սկզբին ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները համաձայնության են գալիս Օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում բարենորոգումների նախագիծ կազմելու: 1913թ. հունիսի 4-ին Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացնում է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից: Նա իրականացնելու էր գործադիր իշխանությունը: Գեներալ-նահանգապետին էին ենթարկվելու ոստիկանական և զինվորական ուժերը: Օրենսդիր մարմինը կազմվելու էր տեղի մահմեդական և քրիստոնյա բնակչությունից: Առաջարկվում էր վերացնել «համիդիե» գնդերը: Պաշտոնական լեզուն լինելու էր թուրքերենը: Զուգահեռաբար թույլ էր տրվում օգտագործել հայերենը և քրդերենը: Բարենորոգումների հսկողությունն իրականացնելու էին մեծ տերությունները:
Ռուսական կողմի ներկայացրած բարենորոգումների ծրագիրը հանդիպում է հատկապես Գերմանիայի առարկությանը: Վերջինս ձգտում էր թույլ չտալ, որպեսզի Թուրքիայում ուժեղանան Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքերը: Օսմանյան կառավարությունը, ստանալով գերմանացիների և ավստրիացիների աջակցությունը, հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը ձախողելու միտումով զանազան խոչընդոտներ է հարուցում:
Բանակցություններ են սկսվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ի վերջո, թուրքական կառավարությանն է ներկայացվում վեց կետից բաղկացած մի նախագիծ:
1913թ. հոկտեմբերի 10-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացնում է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է իրագործել հայկական վիլայեթներում բարենորոգումների ներկայացրած ծրագիրը:
1914թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները: Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):
Նահանգապետերն ունենալու էին զինված ուժեր, որոնք պետք է հետևեին նահանգների ներքին կարգ ու կանոնին: Հայերին արտոնվում էր մահմեդականների նման զենք կրել: Նահանգների վարչական խորհուրդները կազմվելու էին հավասար թվով մահմեդականներից ու քրիստոնյաներից: Նույն սկզբունքը պետք է կիրառվեր ոստիկանական և այլ պաշտոններ բաշխելիս: Հայկական դպրոցների պահպանման ծախսերն իր վրա էր վերցնում Օսմանյան պետությունը:
1914թ. գարնանը Արևմտյան Հայաստանի նահանգապետեր են նշանակվում հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Նրանք նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայկական բարենորոգումներն այդպես էլ չիրականացան:
Տնտեսությունը
Արևելյան Հայաստանը XX դարն էր թևակոխում այնպիսի իրավիճակում, որը բնորոշ էր XIX դարի վերջին տասնամյակների Ռուսաստանին։ Կապիտալիստական հարաբերություններն աստիճանաբար արմատավորվում էին տնտեսության մեջ։ Ռուսաստանը հետզհետե դառնում էր բուրժուական միապետություն։ Չնայած ցարական կառավարությունը և ռուս կապիտալիստները Հայաստանում վարում էին գաղութային քաղաքականություն, այնուամենայնիվ կամա-ակամա նպաստում էին երկրի առաջընթացին։
Ինչպես արդեն նշվել է, Անդրկովկասում արդյունաբերության զարգացմանն ուժեղ թափ հաղորդեց երկաթուղային շինարարությունը։ Այն սկսվեց XIX դարի 60–ական թվականներից և շարունակվեց գրեթե մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Այսպես, 1899թ. գործարկվեցին Թիֆլիս - Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլ - Կարս - Աարիղամիշ երկաթուղագծերը։ 1901թ. Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Անցկացվեցին նաև խճուղային ճանապարհներ։
Հայաստանում արդյունաբերության առաջատար ճյուղը մնում էր լեռնահանքային արդյունաբերությունը։ Շարունակվում էր Ալավերդու և Զանգեզուրի պղնձահանքերի շահագործումը։
Պղնձարդյունաբերությունից հետո իր տեսակարար կշռով երկրորդ տեղում էր սպիրտ-կոնյակի արտադրությունը։ Այն կենտրոնացած էր գերազանցապես Երևան քաղաքում։ Առանձնապես հռչակված էր կոնյակը։ XX դարի սկզբին Երևանի նահանգում գործում էին կոնյակի վեց գործարան, որոնց մեջ աչքի էր ընկնում ռուս կապիտալիստ Ն. Շուստովի ձեռնարկությունը։ Նրա արտադրած կոնյակը, որ «Արարատ» մակնիշով էր վաճառահանվում, իր որակով մրցությունից դուրս էր համարվում։ Հայաստանից սպիրտը և կոնյակը արտահանվում էր Պետերբուրգ, Մոսկվա, Վարշավա, Թիֆլիս, Բաքու և այլ քաղաքներ։ Մշակվում էին նաև Երևանի Նահանգի և Կարսի մարզի (Կաղզվանի) աղահանքերը։ Այդ պատճառով հայ բուրժուազիան (Մանթաշյանց, Միրզոյան, Ղուկասյան եղբայրներ, Արամյանց, Լիանոզով և ուրիշներ) և բանվոր դասակարգը ձևավորվում և զարգանում էին ամբողջ երկրամասում։ Հայ գործարար մարդկանց մի մասը նաև նշանավոր բարեգործներ էին։
XX դարի սկզբին կապիտալիստական հարաբերությունները շարունակում էին զարգանալ նաև Հայաստանի գյուղերում։ Հողագործությունից կտրվելու և արդյունաբերությանը հարելու հետևանքով գյուղացիության որոշ շերտեր հեռանում էին հայրենի բնակավայրերից և աստիճանաբար դառնում քաղաքաբնակ։
Դարավերջին և XX դարի սկզբին քաղաքային բնակչության զարգացումը հետևյալ պատկերն ուներ, եթե 1897թ. Երևանում բնակվում էր 29 հազար մարդ, ապա 1910թ. այն հասնում էր 32 հազարի։ Ալեքսանդրապոլում համապատասխանաբար 32 հազարից հասնում է 35 հազարի, Շուշիում՝ 31 հազարից՝ 42 հազարի, Կարսում՝ 21 հազարից՝ 30 հազարի։
Դարասկզբին հաջողություններ կային հացահատիկային, բանջարաբոստանային բույսերի, խաղողագործության և մանավանդ բամբակագործության մշակման բնագավառում։
Հետևապես, կապիտալիզմը, ավատատիրական հարաբերությունների համեմատությամբ արտադրության նոր եղանակ լինելով, չնայած ուժեղացնում էր շահագործումն ու աշխատավորության քայքայումը, այնուամենայնիվ հասարակական ընդհանուր զարգացման տեսակետից առաջադիմական էր։
1903թ. հունիսի 12-ի հրամանագիրը
Ցարի կողմից հայ ժողովրդի դեմ XX դարի 90-ական թվականներից ծայր առած հալածանքներն ավելի սաստկացան իշխան Գ.Գոլիցինի օրոք։ Նա 1896թ. նշանակվում է Կովկասի կառավարչապետ։
XX դարի սկզբին հայկական մշակութային միությունների, դպրոցների, մամուլի, մտավորականության դեմ իրականացվող բռնություններն արտահայտվեցին նոր ուժով։ 1903թ. հունիսի 12-ին ցար Նիկոլայ II-ը Գոլիցինի սադրանքով ստորագրեց հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը։
Այդ օրենքն ուղղված էր լուսավորական-կրթական հիմնարկությունների, առաջին հերթին դպրոցների դեմ։ Հայտնի է, որ վանքերի և եկեղեցիների կալվածքներից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները։
Այս նոր բռնությունը լցրեց ժողովրդի համբերության բաժակը։
Ինչպես Հայաստանի քաղաքներում և գյուղերում, այնպես էլ Անդրկովկասի հայաբնակ կենտրոններում տեղի ունեցան բազմաթիվ ելույթներ, ցույցեր։ Դրանք հաճախ վերածվում էին ոստիկանության և ժողովրդի միջև զինված ընդհարումների։ 1903թ. օգոստոսին Գանձակում տեղի ունեցավ առաջին զինված ընդհարումը, որի հետևանքով բնակչությունը տվեց մոտ 80 սպանված և վիրավոր։
Թիֆլիսում և Բաքվում նույնպես ընդհարումներ եղան բնակչության և ոստիկանության միջև։ Ցարիզմի նկատմամբ խիստ ընդդիմադիր դիրք բռնեց նաև Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ)։
Ցույցեր և ելույթներ տեղի ունեցան Նաև Ալեքսանդրապոլ, Երևան, Շուշի քաղաքներում, Էջմիածնում և բազմաթիվ գյուղերում։
Հայապահպանության և եկեղեցու ունեցվածքը վերադարձնելու խնդրում ակտիվ գործունեություն ծավալեցին հայ ազգային կուսակցությունները, մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցություն և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։ Այդ օրերին ընդհատակում հրատարակվող մարքսիստական «Իսկրա» թերթում լույս տեսավ հայ նշանավոր հեղափոխական Բոգդան Կնունյանցի «Նոր կողոպուտ» հոդվածը, որտեղ նա մերկացնում էր ցարական իշխանությունների ավազակությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։
1904թ. սկսված ռուս-ճապոնական պատերազմը, հեղափոխական շարժումները, հայ ժողովրդի միահամուռ դիմադրությունը հարկադրեցին կառավարությանը հրաժարվել հակահայ բացահայտ դիրքորոշումից։ Իշխանությունները վերադարձրեցին եկեղեցական գույքը և 1905թ. օգոստոսի 1-ի հրովարտակով չեղյալ հայտարարեցին 1903թ. հունիսի 12-ի օրենքը։
Արևելյան Հայաստանը ռուսաստանյան առաջին հեղափոխության տարիներին
1905թ. հունվարի 9-ին (22) Պետերբուրգում բանվորների խաղաղ ցույցի գնդակոծությամբ սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխությունը։ Հեղափոխությունը նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Ռուսաստանի մայրաքաղաքում բանվորների նկատմամբ տեղի ունեցած արյունալի սպանդն ալեկոծեց ամբողջ երկիրը։ Ծայր առան զանգվածային շարժումներ։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը։ Հունվար-փետրվար ամիսներին անընդհատ գործադուլներ էին տեղի ունենում Թիֆլիսում, Բաքվում։ Գործադուլների ալիքը հասավ նաև Հայաստան։ 1905թ. մարտին գործադուլ հայտարարեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի շուրջ 1000 բանվորներ։ Նրանց պահանջները հիմնականում տնտեսական բնույթ ունեին։
Բանվորական գործադուլներն իրենց ազդեցությունը ունեցան նաև հայ գյուղացիության վրա։ Արդեն 1905թ. գարնան, ամռան ամիսներին Հայաստանի մի շարք վայրերում, հատկապես Լոռիում տեղի ունեցան գյուղացիական ելույթներ։
Հեղափոխության առաջին ամիսներին կառավարությունը որոշ փոփոխություն կատարեց հայ ժողովրդի նկատմամբ տարվող քաղաքականության մեջ։ Կառավարչապետ Գոլիցինին փոխարինեց Ի. Վորոնցով-Դաշկովը՝ փոխարքայի պաշտոնով, որն համեմատաբար ավելի մեղմ քաղաքականություն էր վարում։
1905թ. աշնան-ձմռան ամիսներին հեղափոխական շարժումը Ռուսաստանում հասավ իր բարձրակետին, որն ստիպեց թագավոր Նիկոլայ II-ին հոկտեմբերի 17-ին մանիֆեստ հրապարակել, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ Խորհրդարանի հրավիրումն արդեն ապացույց էր այն բանի, որ Ռուսաստանը դառնում էր սահմանադրական միապետություն։
Հայ-թաթարական (ադրբեջանական) ընդհարումները
Հեղափոխության առաջին ամիսներից արքունիքը, բարձրաստիճան պաշտոնյաները միջոցներ էին որոնում ժողովրդի ուժերը մասնատելու համար։ Իշխանությունները չէին խորշում դիմելու այնպիսի ոճրագործության, ինչպիսին տարբեր ժողովուրդների միջև կրոնական և ազգային թշնամանք բորբոքելն էր։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և ադրբեջանցիների (թաթարների) դեմ։
1905թ. փետրվարի 6-ին տեղական իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով մի քանի օր անընդհատ տեղի ունեցան հայ-ադրբեջանական ընդհարումներ։ Սակայն չարիքը միայն Բաքվով չսահմանափակվեց։ Բաքուն ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։
Խաղաղ աշխատանքով զբաղված հայ բնակչությունը ընդհարումների առաջին օրերին անակնկալի եկավ և բավականին զոհեր տվեց։ Հետագայում միայն հայերը կազմակերպվեցին և հակառակորդ կողմին զգալի կորուստներ պատճառեցին։ Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն այս ծանր օրերին իր վրա էր վերցրել Դաշնակցություն կուսակցությունը։ Նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանը, Վարդանը (Խանասորի Վարդան), Քեռին (Արշակ Գավաֆյան) և մյուսները ղեկավարում էին դիմադրական մարտերը։
Կատաղի բախումներ եղան Գանձակի նահանգում, այդ թվում և Շուշի քաղաքում։ 1905թ. օգոստոսին Շուշիի կոտորածին արձագանքեց Բաքուն, որտեղ ընդհարումներն ուղեկցվում էին նավթահորերի և նավթագործարանների հրդեհումով։
Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Վրաստանում, մասնավորապես Թիֆլիսում, հայկական ինքնապաշտպանությունը գլխավորում էր Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյանը)։ Սաստիկ կռիվներ տեղի ունեցան Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավում և պարտության էին մատնում հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։ 1906թ. ընթացքում Անդրկովկասի զանազան վայրերում դեռևս ընդհարումներ էին տեղի ունենում։
1906թ. սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։
Հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ համերաշխության կոչերով հանդես եկան երկու ժողովուրդների առաջադեմ ներկայացուցիչներից շատերը և հատկապես Հովհաննես Թումանյանն ու ադրբեջանցի գրող Միրզա Սաբիրը։
Հեղափոխական շարժումների հետագա ընթացքը
Չնայած 1905թ. դեկտեմբերյան զինված ապստամբությունը պարտություն կրեց, բայց հեղափոխական շարժումները շարունակվեցին նաև 1906-1907 թվականներին։ Հայաստանում այդ տարիներին, Ալավերդու և Ղափանի, Շուստովի և Սարաջևի գործարանների բանվորներից զատ, շարժումների մեջ են ընդգրկվում նաև մանր արդյունաբերական ձեռնարկությունների, արհեստանոցների և տպարանների բանվորները։ 1906–1907թթ. ընթացքում տեղի են ունենում նաև դպրոցականների, ուսանողների, ինչպես նաև զինվորականների ելույթներ