|
…ն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։
Դիվանագիտական կապերի հաստատումըՅուրաքանչյուր նորանկախ պետության առաջնահերթ խնդիրներից է հասնել այլ պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատման և միջազգային ճանաչման։ ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական դիվանագիտական կապեր չհաստատվեցին։ Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց ու ներկայացուցչություններ հիմնեց ինչպես իր անմիջական հարևանների՝ Վրաստանի, Պարսկաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Քառյակ դաշինքի և Անտանտի մի շարք երկրների հետ։ Ընդհանուր հաշվով մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ Դիվանագիտական ներկայացուցչություններ (դեսպանատներ) բացվեցին Թիֆլիսում, Թեհրանում, Կ. Պոլսում, Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Աթենքում, Կիևում, Կրասնոդարում և այլուր։1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն (de facto) ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանը պատրաստվում էր անդամակցելու այն ժամանակվա միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությանը՝ Ազգերի լիգային։ Սակայն 1920թ. վերջին Հայաստանի անկախության վերացման ու խորհրդայնացման հետևանքով այդ հարցը փակվեց։Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարությունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը, դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերըԱնկախ պետականությունը անհնար է պատկերացնել առանց ազգային–պետական խորհրդանիշերի։ Պետական դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և ծիրանի գույներով։ Կարմիրը խորհրդանշում էր ազատագրական պայքարում հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը՝ Հայաստանի ջինջ երկինքը, իսկ ծիրանագույնը՝ աշխատանքը։ Որպես պետական հիմն (օրհներգ) ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Ընդունվեց նաև զինանշանը, որի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամաևյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատկանշական է, որ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը ժառանգել և ընդունել է այն ժամանակվա բոլոր երեք խորհրդանիշերը՝ դրոշը, օրհներգը և զինանշանը։Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները՝ Նոր տարվա, Ծննդյան, Վարդանանց, Տեառնընդառաջի, Զատկի, Մայիսի 1-ի և այլն։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհարաբերությունները։ Հռչակվեց բոլոր կրոնների (խղճի) կատարյալ ազատություն և հավասարություն։ Հայոց պետականության անվիճելի արժեքներից մեկը դարձավ հայերենը պետական-պաշտոնակաև լեզու ճանաչելը և գործողության մեջ դնելը։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Ցարական ժամանակների նախկին պետական դպրոցները ազգայնացվեցին ու հայաշունչ դարձան։Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության կայացման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի (արժույթի) ստեղծումը, որը տպվեց Լոնդոնում և դրվեց շրջանառության մեջ։Հայկական անկախ պետականության վերականգնման պատմական նշանակությունըԱյսպիսով, դարերի ընդմիջումից հետո, հայ ժողովրդի հերոսական մաքառումների արդյունքում, 1918թ. մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դա օրինաչափ պատմական անհրաժեշտություն էր։Հայաստանի անկախության հռչակումը նոր դարաշրջան բացեց հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ։ Դրանով փաստորեն սկսվեց հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը։Անկախ պետականության վերականգնումը պայմաններ ստեղծեց ազգային վերածնության ու զարգացման համար։Կարճ ժամանակամիջոցում Հայաստանը դարձավ կազմակերպված պետություն՝ իրեն բնորոշ գրեթե բոլոր հատկանիշներով՝ իշխանության մարմիններով, տնտեսական-քաղաքական համակարգով, ազգային բանակով, դիվանագիտական կապերով, պետականության խորհրդանիշերով և այլն։Պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից Հայաստանը դեմոկրատական (ժողովրդավարական) հանրապետություն էր՝ խորհրդարանի գերակայությամբ։Հայաստանի Հանրապետությունը դարձավ աշխարհացրիվ հայության հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի միավորման կենտրոն։Սոցիալ-տնտեսական դրությունըՆորանկախ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց սոցիալ-տնտեսական ծանր դրության մեջ։ Առաջին աշխարհամարտի և թուրքական արշավանքի հետևանքով ավերված ու քայքայված հանրապետության փոքր տարածքում պատսպարվում էին 300 հազարից ավելի գաղթականներ։ Մոլեգնում էին սովն ու համաճարակային հիվանդությունները, գլուխ էին բարձրացրել անիշխանական երևույթները։ Ահա այս վիճակը նկատի ուներ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունին, երբ խորհրդարանում երկրի կացությունը բնութագրեց որպես «անձև քաոս և ավերակների կույտ»։Հայաստանի տնտեսությունը թույլ էր զարգացած։ Իզուր չէ, որ այն ժամանակին համարվում էր Ռուսական կայսրության հետամնաց մի երկրամաս։ Աշխարհամարտի և թուրքական ներխուժման հետևանքով առանց այն էլ թույլ տնտեսությունը կազմալուծվել էր։ Թուրք–թաթարական շրջափակումների հետևանքով կտրվել էր արտաքին կապը, չկար ապրանքների կանոնավոր արտահանում և ներմուծում։ Բնականաբար անխուսափելի էին սովը և դրան ուղեկից համաճարակային հիվանդությունները՝ տիֆը և խոլերան։ 1918–1919թթ. ձմռանը հանրապետության մեկմիլիոնանոց բնակչության շուրջ կեսը մատնված էր սովի։ Արդյունքում՝ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում սովը, ցուրտը և համաճարակային հիվանդությունները խլեցին շուրջ 180 հազար մարդու կյանք, որոնց մեծ մասը գաղթականներ էին։ Համաճարակ հիվանդությունից մահացավ նաև հայ մեծագույն գործիչներից մեկը՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը։Ժողովրդի ֆիզիկական գոյությունը մի կերպ պահպանելու համար կառավարությունը հարկադրված ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցներ։ Կենսականորեն անհրաժեշտ մի շարք մթերքների՝ հացի, բամբակի, շաքարի, աղի, գետնախնձորի և այլնի վաճառքի նկատմամբ սահմանվեց պետական մենաշնորհ։ Մի շարք դեպքերում պարզապես կատարվում էին ունևոր մարդկանց ունեցվածքի բռնագրավումներ, որպեսզի դրանք բաժանվեին սովյալներին ու անտուններին։ Դրսից օգնություն ստանալու նպատակով Ամերիկա մեկնեց Հովհ. Քաջազնունին, որին վարչապետի պաշտոնում փոխարինեց Ալեքսանդր Խատիսյանը (1876–1945)։Այդ ծանր վիճակը շարունակվեց մինչև 1919թ. մայիս, մինչև որ Հայաստան հասցվեց ԱՄՆ-ի օգնությունը՝ 1,3 մլն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն, ինչպես նաև շաքար, ձեթ, թեյ, կակաո և այլ պարենամթերք։ Ամերիկյան ալյուրը մեղմեց սովը, և ժողովրդի վիճակը փոքր-ինչ բարելավվեց։ Երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռանում ամերիկյան մարդասիրական օգնությունը։Գաղթականության վիճակը և ներգաղթի խնդիրըՀանրապետության ներքին կյանքի բարդ խնդիրներից էր գաղթականության և որբերի հարցը։ Արևելյան Հայաստանում էին ապաստանել Մեծ եղեռնից մազապուրծ մոտ 300 հազար արևմտահայեր։ Գաղթականության մի հոսք էլ առաջացավ Ադրբեջանի Հանրապետության տարածքից։ Ենթարկվելով թուրք-թաթարական բռնությունների ու կոտորածների՝ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին Հայաստան։Կառավարությունը պետք է դժնդակ պայմաններում հայտնված գաղթականությանը կերակրեր, պատսպարեր, հող և աշխատանք տար։ Գաղթականությունը հանրապետության բնակչության սոցիալապես ամենաանապահով մասն էր։ Գաղթական յուրաքանչյուր շնչին օրական տրվում էր կես ֆունտ (200 գրամ) ալյուր։ Նրանց խնդիրներով զբաղվում էին խնամատարության, պարենավորման և ներքին գործերի նախարարությունները։Գաղթականության մեջ առավել մեծ հոգածություն էին պահանջում որբ երեխաները։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում կային 40 հազարից ավելի անտեր ու թափառական որբեր։ Նրանց խնամքը իրականացնելու համար հիմնվեցին մի բանի տասնյակ որբանոցներ, որոնցից ամենախոշորը գտնվում էր Ալեքսանդրապոլում։Պետությունն իր սուղ միջոցներով ի վիճակի չէր հոգալ որբերի խնամքի ծախսերը։ Այդ պատճառով որբերին ու գաղթականությանը օգնության ձեռք էին մեկնում արտասահմանյան բարեգործական կազմակերպությունները։ Դրանցից առավել աչքի ընկավ Ամերիկյան օգնության կոմիտեն (ԱՕԿ)։ 1919թ. մայիսից Ամերկոմը հիմնականում իր վրա վերցրեց որբ երեխաների խնամակալության գործը։ Միջոցներ ձեռնարկվեցին որբերին արհեստներ սովորեցնելու, իսկ հասակավոր գաղթականներին՝ աշխատանքով ապահովելու։Առավել ծանր ու անորոշ էր Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ գաղթականության վիճակը։ Գաղթականության ստվար զանգվածներ կային Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Իրանում, Միջագետքում և այլուր։ Արևմտահայ տարագիրները սպասում էին Հայկական հարցի արդարացի լուծմանը, որպեսզի օր առաջ վերադառնան Երկիր (Արևմտյան Հայաստան) և շենացնեն իրենց օջախները։Հայաստանի կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկեց արևմտահայության ներգաղթը կազմակերպելու ուղղությամբ։ Ստեղծվեց ներգաղթի հանձնաժողով, Հայաստանում և արտասահմանում կազմակերպվեցին բարեգործական հանգանակություններ։ Սակայն 1920թ. աշնանից, երբ Հայկական հարցի հայանպաստ լուծումը փաստորեն ձախողվեց, փակվեց նաև ներգաղթի խնդիրը։ Հայրենիքից զրկված հարյուր հազարավոր տարագիր հայեր ստիպված էին համալրելու սփյուռքահայերի շարքերը։Տնտեսության վերականգնմանը և զարգացմանը ուղղված միջոցառումներ1919թ. գարնանից, երբ հանրապետության տարածքը զգալիորեն ընդարձակվեց, և ժողովրդի վիճակը փոքր-ինչ կայունացավ, կառավարությունը որոշ ջանքեր գործադրեց տնտեսությունը բարեկարգելու ուղղությամբ։Վերանորոգվեցին ու գործարկվեցին մի քանի տասնյակների հասնող ձեռնարկություններ՝ կաշվի, օճառի, կոնյակի, սպիրտի, ծխախոտի, հախճապակու, մանածագործական, կաթնամշակման և այլն։ Պետականացվեց Շուստովի կոնյակի գործարանը։ Սարիղամիշում և Դիլիջանում հիմնվեցին սղոցարաններ, վերսկսվեց Կողբի ու Կաղզվանի աղահանքերի և Ալավերդու ու Զանգեզուրի պղնձահանքերի շահագործումը։ Կարգի բերվեցին հաղորդակցության ուղիները, որոշ չափով կանոնավորվեց առևտուրը, ընդլայնվեց փոստ-հեռագրային ծառայությունը և այլն։Կազմվեցին քաղաքաշինական հատակագծեր և էլեկտրակայանների կառուցման նախագծեր։ Փորձեր արվեցին հայ և օտարերկրացի կապիտալիստներ ներգրավելու Հայաստանի տնտեսության մեջ։ Թեև շրջանառության մեջ դրվեց հայկական դրամանիշը, սակայն տնտեսության թույլ զարգացած լինելու պատճառով այն արագ արժեզրկվեց։Հանրապետությունում վերանորոգվեցին ու կառուցվեցին մի շարք ջրանցքներ։ Կատարվեցին ճահճուտների չորացման և աղուտների վերացման աշխատանքներ։ Հայթայթվեցին սերմացու ու գյուղգործիքներ և բաժանվեցին գյուղացիներին։Քանի որ Հայաստանը ագրարային երկիր էր, ուստի երկրագործ գյուղացու համար շատ կարևոր էր հողային հարցի լուծումը։ Կառավարությունը և խորհրդարանը ընդունեցին մի շարք օրենքներ կալվածատիրական բոլոր հողերի բռնագրավման և դրանք անհատույց գյուղացիներին հատկացնելու վերաբերյալ։Այսպիսով, ինչպես տեսնում ենք, մեկ-երկու տարում տնտեսության բնագավառում նկատելի աշխատանք կատարվեց։ Սակայն դրանք միայն առաջին քայլերն էին։ Այն նախագծերը, որոնք չհասցրին կենսագործվել, կյանքի կոչվեցին արդեն Խորհրդային Հայաստանում։Կրթամշակութային կյանքըԴրական տեղաշարժեր կատարվեցին մշակութային կյանքում։ Հայոց անկախ պետականության վերականգնումը հայրենիք վերադառնալու նպաստավոր պայմաններ ստեղծեց հայ մտավորականության համար։ Հայաստան եկան կամ տեղում գործում էին գիտության ու մշակույթի բազում գործիչներ՝ Ալ. Թամանյանը, Թ. Թորամանյանը, Հ. Աբելյանը, Հ. Մանանդյանը, Մ. Աբեղյանը, Ն. Աղբալյանը, Լ. Շանթը, Յու. Ղամբարյանը, Ստ. Մալխասյանը և շատ ուրիշներ։ Նրանք լծվեցին գիտակրթական գործի բարելավմանը։Առաջընթաց ապրեց կրթական գործը։ Դպրոցական համակարգը դարձավ երկաստիճան՝ տարրական և միջնակարգ։ Եթե 1918/19 ուստարում Հայաստանն ուներ 130 տարրական դպրոց՝ 11 հազար աշակերտով, ապա 1919/20 ուստարում՝ 450 դպրոց՝ 41 հազար աշակերտով։ Հանրապետությունում գործում էր 20 միջնակարգ դպրոց՝ 5000-ից ավելի սովորողներով։ 1920թ. հունվարից տարրական դպրոցներում սահմանվեց անվճար կրթություն։Հայաստանի ազգային-մշակութային կյանքում նշանակալի իրադարձություն էր պետական համալսարանի հիմնադրումը։ 1920թ. հունվարին, համալսարանի հանդիսավոր բացման ժամանակ, վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը արտահայտեց հետևյալ միտքը, որ մենք կործանեցինք բռնության շղթան, իսկ այժմ եկել է ժամանակը փշրելու տգիտության շղթան։ Համալսարանի ռեկտոր նշանակվեց նշանավոր իրավագետ, պրոֆեսոր Յու. Ղամբարյանը։ Հայաստանի համալսարանի ծնունդը խորհրդանշեց հայ ժողովրդի վերածնունդը։Համազգային արժեք էր պետական պատկերասրահի, ազգային գրադարանի, հնագիտական, ազգագրական և այլ թանգարանների բացումը։ Ծրագրվում էր Երևանում հիմնել կոնսերվատորիա, պետական թատրոն, բժշկական, գյուղատնտեսական կրթօջախներ, Ալեքսանդրապոլում՝ գեղարվեստի ուսումնարան, Կարսում՝ ռազմական գիմնազիա և այլն։Այսպիսով, Հայաստանի ներքին տնտեսական և մշակութային կյանքում փոփոխությունները ակնբախ էին։ Չնայած հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր դրությանը, այնուամենայնիվ, կարճ ժամանակում հնարավոր եղավ դնել տնտեսության հիմքերը, հայացնել հայրենիքը, տեղաշարժեր արձանագրել կրթամշակութային ոլորտում, բացել համալսարան և այլն։Քաղաքական կուսակցություններըՀայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունն իր դրոշմն էր թողնում հասարակական-քաղաքական կյանքի վրա։ Այդուհանդերձ նկատվում էր հասարակական կյանքի աշխուժացում։ Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական-քաղաքական կյանքի կենտրոններ։ Հանրապետությունում լույս էին տեսնում մի քանի տասնյակ անուն պարբերականներ, գործում էին բազմաթիվ հրատարակություններ ու տպարաններ։ Թերթերն ու ամսագրերը լուսաբանում էին երկրի առօրյան։ Կառավարությունը հիմնականում ապահովում էր խոսքի ու մամուլի ազատությունը։Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները կուսակցություններն էին։ Հայաստանում գործում էին մի շարք քաղաքական կուսակցություններ։ Դրանցից առավել աչքի էին ընկնում Դաշնակցությունը, Հայ ժողովրդական, Հայ (սահմանադրական) ռամկավար, Սոցիալիստ-հեղափոխական (էսէռ), Սոցիալ-դեմոկրատ (մենշևիկ, բոլշևիկ) կուսակցությունները։ Հանրապետությունում շատ չնչին էր Ս. Դ. Հնչակ կուսակցության դերակատարությունը։Կուսակցությունների կողքին կային հասարակական զանազան կազմակերպություններ ու միություններ՝ արհեստակցական, Կարմիր խաչի, կանանց, աշակերտական, այդ թվում՝ սկաուտական և այլն։Ինչպես արդեն գիտենք, կառավարությունը և խորհրդարանը ձևավորվում էին ժողովրդավարական երկրներին բնորոշ կուսակցական սկզբունքներով։ Դաշնակցությունը համարվում էր հանրապետության հիմնական կառավարող կուսակցությունը։ Երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու համար Դաշնակցության հետ ժամանակավորապես միասնական (կոալիցիոն) կառավարություն կազմեց Հայ ժողովրդական կուսակցությունը։ Վերջինս Դաշնակցության պես պաշտպանում էր Արևելյան և Արևմտյան Հայաստանների միավորումով Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը։ Այդ ծրագիրն էր պաշտպանում նաև Հայ ռամկավարների կուսակցությունը։ Ռամկավարները արտահայտում էին գերազանցապես հայ գաղթականների շահերը։1919թ. փետրվարին Երևանում կայացավ Արևմտահայերի 2-րդ համագումարը, որը որոշում ընդունեց Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու մասին։ Այդ գաղափարը կենսագործելու նպատակով Հայաստանի կառավարությունը անկախության առաջին տարեդարձի օրը՝ 1919թ. մայիսի 28-ին պաշտոնական հայտարարություն արեց Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակման մասին։ Սակայն այդ հռչակագիրը կուսակցությունների միջև առաջ բերեց սուր տարաձայնություններ, որովհետև ընդունվել էր առանց խորհրդարանի գիտության։ Մի շարք կուսակցություններ բողոք արտահայտեցին, իսկ ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից։ Դրանով քայքայվեց կոալիցիան։ Դաշնակցությունը միայնակ ստանձնեց երկրի կառավարման ղեկը և պատասխանատվությունը։1919թ. կեսերից կառավարության հանդեպ ընդդիմությունը ուժեղացավ։ Առավել ընդդիմադիր ու անհաշտ էին Հայաստանի բոլշևիկները։ Նրանք առաջնորդվում էին ծայրահեղ հեղափոխական գաղափարներով ու գործելակերպով և ձգտում էին դրսի օգնությամբ, բռնի ուժով գրավել իշխանությունը։1920թ. Մայիսյան ապստամբությունըՀանրապետությունում գործող գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, բացառությամբ բոլշևիկների, ընդհանուր առմամբ պաշտպանում էին Հայոց անկախ պետականությունը։ Մինչդեռ Հայաստանի բոլշևիկները բաց չէին թողնում իշխանությունը գրավելու և Ռուսաստանի օրինակով Հայաստանում ևս խորհրդային կարգեր հաստատելու առիթը։1919թ. սեպտեմբերին բոլշևիկները ստեղծեցին իրենց ղեկավար կենտրոնը, որը կոչվեց Հայաստանի կոմիտե կամ Արմենկոմ։ 1920թ. հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920թ. ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։Կարմիր բանակի մուտքը Անդրկովկաս և Ադրբեջանի խորհրդայնացումը ազդանշան հանդիսացան Հայաստանում ապստամբություն սկսելու համար։ Ապստամբության կենտրոն դարձավ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքը։ Բոլշևիկները որոշեցին 1920թ. մայիսմեկյան հակակառավարական ցույցերը վերածել զինված ապստամբության։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալ. Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն (Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից)։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը (1873-1947)։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։Թեև մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։ Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Ղուկաս Ղուկասյանը և ուրիշներ։ Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։Այսպիսով, Մայիսյան ապստամբությունը պարտվեց։ Պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբ բոլշևիկները բավարար աջակցություն չստացան ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույսը դրել էին դրսի՝ Կարմիր բանակի օգնության վրա, որը տեղի չունեցավ։ Ապստամբությունը ընթացավ անկազմակերպ, անջատ-անջատ, առանց միասնական ղեկավար կենտրոնի։Այդուհանդերձ, չնայած Մայիսյան ապստամբությունը ճնշվեց, սակայն այն սասանեց կառավարության դիրքերը և թուլացրեց հայկական բանակի մարտունակությունը։Թուրք-թաթարական խռովություններըՀայաստանի Հանրապետության ներքին կյանքի ամենացավոտ հարցերից էին հանրապետության տարածքում ապրող մեծ թվով թուրք-թաթարական հաճախ կրկնվող խռովությունները։ Դրանք հրահրվում և ուղղորդվում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Վերջիններս ձգտում էին խորտակել Հայաստանի անկախությունը, զավթել նրա տարածքները և անմիջական սահմանային կապ հաստատել իրար հետ։Հակահայկական շարժման թեժ օջախներ էին համարվում Մեծ Վեդին, Զանգիբասարը (Մասիսի շրջ.), Շարուր-Նախիջևանը, Արդահանը, Սուրմալուն և այլն։1918թ. վերջին, աշխարհամարտի ավարտից հետո, օսմանյան թուրքերը, հեռանալով Անդրկովկասից, Հայաստանի թուրքաբնակ վայրերում թողեցին մեծ թվով ասկյարներ (զինվորներ) ու զինվորական մասնագետներ։ Նրանք սկսեցին հավաքագրել տեղացի մահմեդականներին և ոտքի հանել Հայաստանի իշխանությունների ու հայ ազգաբնակչության դեմ։ Թուրք-թաթարական խռովարարները չէին ենթարկվում Հայաստանի օրինական իշխանություններին։ Նրանք հալածում էին հայ խաղաղ բնակչությանը, կատարում ահաբեկչական գործողություններ, փակում ճանապարհները և այլն։ Անգամ Երևանում հավատարմագրված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկին զբաղված էր Հայաստանի դեմ ուղղված լրտեսական գործունեությամբ։Ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունները ստիպված էին դիմելու համապատասխան գործողությունների։ Սկզբում փորձ արվեց կոնֆլիկտները հարթել խաղաղ միջոցներով։ Բայց արդյունք չտվեց։ Խռովարարները դա համարեցին Հայաստանի թուլության նշան։ Սկսած 1919թ. կեսերից թուրք-թաթարական խռովությունները ստացան բացահայտ զինված ապստամբության բնույթ։ Հայաստանի կառավարությունը ստիպված էր զինված ուժի գործադրման միջոցով հնազանդեցնել նրանց։ Արդեն 1920թ. ամռանը հիմնականում կասեցված էին թուրք-թաթարական խռովությունները։ Թուրքերի մի մասը հեռացավ Հայաստանից։ Մի շարք ազատված բնակավայրերում բնակություն հաստատեցին արևմտահայ գաղթականներ ու Ադրբեջանից տեղահանված հայ փախստականներ։Այսպիսով, Հայաստանի կառավարությունը բավարար վճռականություն հանդես բերեց ճնշելու թուրք-թաթարական խռովությունները։ Այդ մի կողմից նպաստեց պետականության հիմքերի ամրապնդմանը, իսկ մյուս կողմից՝ երկրի հայացմանը։Հանրապետության միջազգային դրությունը (1918թ.)Ինչպես արդեն գիտենք, 1918թ. հունիսի 4-ին Թուրքիայի հետ Բաթումում հաշտություն կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր արտաքին ու ներքին չափազանց ծանր դրության մեջ։ Ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, թուրք-թաթարական շրջափակում, հարյուր հազարավոր գաղթականություն և այլն։1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը (նախագահ Ա. Ահարոնյան) փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) հետ՝ Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։Քանի դեռ շարունակվում էր աշխարհամարտը, Անդրկովկասում տեր ու տնօրինություն էին անում Քառյակ միության երկրներից Գերմանիան և Թուրքիան։ Նրանք նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Նրանց համար մեծ գրավչություն ուներ ադրբեջանական նավթը։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվել այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը՝ Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։Հայ-վրացական հարաբերություններըՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։ Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև իրար միջև կային ազգային, տարածքային-սահմանային լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ։Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան մյուս երեք պետությունները՝ այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ Սակայն 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Բանն այն էր, որ հայկական երկու գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման՝ պատերազմի։ Այն բանից հետո, երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։Հայ-ադրբեջանական հարաբերություններըՇատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը պարզորոշ դրսևորում էր գտնում։ 1918թ. նոյեմբերին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Ինչ վերաբերում էր Թուրքիային, ապա նա գաղտնի պայմանագիր էր կնքել իր ցեղակից Ադրբեջանի հետ և ցույց էր տալիս ռազմաքաղաքական օգնություն։Արցախ-Սյունիքի հայությունը միանշանակ չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ իր ազատության ու մայր հայրենիքին միանալու համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին՝ «Ղարաբաղը համարելով անբաժանելի մասը Միացյալ և Անկախ Հայաստանի Հանրապետության»։Շուշիի հայության 1920թ. մարտի ահավոր ջարդերից հետո Հայաստանի զորախումբը Դրոյի հրամանատարությամբ մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին տեղի հայ Ազգային խորհրդի 9-րդ համագումարը հռչակեց Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը։Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ, առանց որևէ կրակոցի, խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո ադրբեջանամետ քաղաքականություն սկսեց վարել Խորհրդային Ռուսաստանը։ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրին Հայաստանի Հանրապետությանը։ Դրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի ներխուժումը Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ Ավելի ուշ՝ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։Այդ տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիջևանը։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց։ Նախիջևանահայության մի մասը կոտորվեց, իսկ մյուսը հարկադրված դիմեց արտագաղթի։ 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի ժամանակ Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. (Մոսկվայի և Կարսի պայմանագրերով) Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։Միանգամայն այլ ընթացք ստացան իրադարձությունները Զանգեզուրում ու հատկապես Կապանում։ Կապանի քաջակորով ժողովուրդը դիմեց հերոսական ինքնապաշտպանության։ Այդ պայքարը գլխավորեց տաղանդավոր զորավար, ականավոր քաղաքագետ ու գաղափարախոս Գարեգին Նժդեհը (1886-1955)։1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբում հռչակվեց Ինքնավար Սյունիք, ապա՝ Լեռնահայաստան, իսկ 1921թ. ամռանը վերջնականապես միացվեց Խորհրդային Հայաստանին։Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այն անմիջականորեն առնչվում էր Հայկական հարցի հետ։Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսումՀայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն, խնդիր էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնել Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծել Միացյալ, Անկախ Հայաստան։Ինչպես հայտնի է, 1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով (նավահանգիստ էգեյան ծովում) Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին Քառյակ միության նաև մյուս երկրները, ու այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ, 1912 թվականից, Փարիզում գործում էր մեկ այլ՝ Հայ (արևմտահայ) ազգային պատվիրակություն՝ եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշայի (1851-1930) գլխավորությամբ։Հայկական այս երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ. փետրվարին նրանք խաղաղության կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ՝ ծովային ելքով։ Ի դեպ, այս խնդրում հայկական պատվի |
|