… վճռեցին դիմել ինքնապաշտպանության: Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը նրանք զինված ապստամբություն բարձրացրին Լեռնային Ղարաբաղում: Ծանր մարտերը շարունակվեցին մարտի 22-ից մինչեւ ապրիլի 13-ը: Առանձնապես ողբերգական դարձավ 1920 թվականի մարտի 23-ը, երբ թուրք-ադրբեջանական զորքերը հրկիզեցին եւ կողոպտեցին երկրամասի մայրաքաղաք, այն ժամանակների Անդրկովկասի` բնակչության թվով հինգերորդ քաղաք Շուշին: Այդ օրը սպանվեցին ավելի քան 20 հազար հայեր, իսկ քաղաքը փաստորեն ջնջվեց հողի երեսից: Պատերազմի ընթացքում Ղարաբաղում ոչնչացվեցին եւ սրբապղծվեցին տասնյակ եկեղեցիներ եւ հայոց պատմության ու ճարտարապետության այլ կոթողներ:

Շուտով Հայաստանից ապստամբներին օգնության հասան զորամասեր: Լեռնային Ղարաբաղն ամբողջովին ազատագրվեց: 1920 թվականի ապրիլի 23-ին կայացավ Ղարաբաղի հայերի իններորդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց Հայաստանի անքակտելի մասը: Համագումարի ամփոփիչ փաստաթղթում ասված է.

1. «Ղարաբաղի 7-րդ համագումարի անունից Ադրբեջանի կառավարության հետ ստորագրված համաձայնագիրը վերջինիս կողմից համարել խախտված` նկատի առնելով ադրբեջանական զորքերի կազմակերպված հարձակումը Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության վրա, Շուշիի եւ գյուղերի բնակչության կոտորածը:

2. Հայտարարել Լեռնային Ղարաբաղը որպես անբաժանելի մաս, Հայաստանի Հանրապետությանը միացնելու մասին»:

Այսպիսով, Անդրկովկասի երեք ազգային պետությունների սահմանների որոշման եւ կազմավորման նախնական շրջանում Լեռնային Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում: 1918 թվականի մայիսի վերջերից մինչեւ 1920 թվականի ապրիլ ամիսը, այսինքն` մինչեւ Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումը, Լեռնային Ղարաբաղը եղել է անկախ: Լեռնային Ղարաբաղը զավթելու` Ադրբեջանի կառավարության բոլոր փորձերը անհաջողության են մատնվել:

Միջազգային ընկերակցությունը, հանձինս Ազգերի լիգայի, վիճելի է ճանաչել հայկական Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ընդսմին, ավելի ընդարձակ սահմաններում, քան ԼՂՀ ներկայիս սահմաններն են, եւ որոշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման հարցի առթիվ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պիտի լուծում գտնի Փարիզի խաղաղության կոնֆերանսում:

Ազգերի լիգայի կողմից այդպես էլ դե-յուրե չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հեռացավ պատմության թատերաբեմից, երբ Ռուսաստանը (արդեն խորհրդային) վերադարձավ Անդրկովկաս:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ


ԼՂ հայերի պայքարը ինքնորոշման համար իր դրամատիկ զարգացումն ունեցավ Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման շրջանում:

Ապրիլի 29-ին, խորհրդային իշխանության հաստատման հաջորդ օրը, Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի կոմիսար Հուսեյնովը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հղեց հետեւյալ նոտան. «Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բանվորա-գյուղացիական կառավարությունը` հանձինս հեղափոխական կոմիտեի, պահանջում է ամենից առաջ ձեր զորքերից մաքրել Ղարաբաղի եւ Զանգեզուրի տարածքը»:

Այդ նոտան հավաստում է, որ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը ժառանգել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ագրեսիվ քաղաքականության սկզբունքները:

Բոլշեւիկների նախատեսած «հեղափոխության արտահանման» ծրագրին համապատասխան Կարմիր բանակի ղեկավարությունը Ղարաբաղ-Զանգեզուրի զինված ուժերի հրամանատար Դրաստամատ Կանայանից (Դրո) պահանջեց, որ նա հեռանա Ղարաբաղից: Պահանջը չկատարելու դեպքում անխուսափելի կդառնար Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ընդհարումը: Այդ դեպքում Կարմիր բանակը եւ Խորհրդային Ադրբեջանի զինված ուժերը պետք է միասին գործեին ընդդեմ Հայկական Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի:

Ստեղծված իրավիճակում մայիսի 26-ին Թաղավարդ գյուղում հրավիրվեց Ղարաբաղի հայերի 10-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց խորհրդային: Ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի հեղափոխական կոմիտե` Ս.Համբարձումյանի նախագահությամբ: Դ.Կանայանը իր զորքերով ստիպված եղավ նույն օրն էլ հեռանալ Ղարաբաղի սահմաններից:

11-րդ Կարմիր բանակի զորամասերից ձեւավորվեց Ղարաբաղ-Զանգեզուրի խումբը, որի ստորաբաժանումները սկսեցին առաջանալ Ղարաբաղի եւ Զանգեզուրի ուղղությամբ, նպատակ ունենալով մտնել Նախիջեւան եւ միավորվել թուրքական հեղափոխական բանակի զորամասերի հետ: Այսպիսով, 1920 թվականի գարնանը, ամռանն ու աշնանը Կարմիր բանակի եւ Խորհրդային Ադրբեջանի զորամասերի համատեղ գործողությունները ուղղված էին ղարաբաղցի հայերի ազատագրական պայքարի դեմ եւ երկրամասում առկա իրավիճակը շարունակում էր մնալ լարված եւ պայթյունավտանգ:

Սակայն նույնիսկ այդ պայմաններում, հաշվի նստելով համաշխարհային հանրության կարծիքի հետ, որը 1918-20 թվականներին չէր ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ, Խորհրդային Ռուսաստանը չդիմեց Լեռնային Ղարաբաղի բռնզավթմանը` հօգուտ Խորհրդային Ադրբեջանի: 1920 թվականի օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի եւ դեռեւս ոչ Խորհրդային Հայկական Հանրապետության միջեւ ստորագրվեց մի Համաձայնագիր, որտեղ ամրագրված էր, որ «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավունքների հարցը»:

Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանության հաստատումը նշանավորեց Ադրբեջանի կառավարության կողմից երկրամասի «խաղաղ» զավթման քաղաքականության սկիզբը: Լեռնային Ղարաբաղի խորհրդային եւ կուսակցական մարմինների կառավարման ղեկավարումը աստիճանաբար անցնում էր Ադրբեջանի ձեռքը: Սակայն Լեռնային Ղարաբաղի «խաղաղ» զավթման քաղաքականությունը բախվեց ղարաբաղցի հայերի վճռական դիմադրությանը: 1920 թվականի հունիսից հայ բնակչությունը պայքարի ելավ հանուն իր անկախության, որը նույն տարվա աշնանը վերաճեց համաժողովրդական հզոր ապստամբության: 1921 թվականի հունվարից Լեռնային Ղարաբաղը կրկին ազատ էր եւ անկախ: Ադրբեջանի կառավարությունը, ղարաբաղցի հայերի ազատագրական պայքարը ներկայացնելով որպես հակախորհրդային շարժում, Կարմիր բանակի զորամասերի օգնությամբ կարողացավ ճնշել այն 1921 թվականի ապրիլի վերջերին:

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումով ուժը կորցրեց նրա ազդեցության ոլորտների տարածման գործոնը, որից օգտվում էին ադրբեջանցի բոլշեւիկները, ինչպես նաեւ 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմը 1920 թվականի նոյեմբերի 30-ին ընդունեց Հայաստանի հեղկոմին ուղղված մի պաշտոնական ուղերձ, որտեղ ասվում է.

«Ադրհեղկոմի ողջույնը բոլորին, բոլորին, բոլորին ...

Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անունից հայ ժողովրդին հայտարարեք Ադրբեջանի Հեղկոմի նոյեմբերի 30-ի որոշումը.

«Ադրբեջանի բանվորա-գյուղացիական կառավարությունը, ստանալով ապստամբած գյուղացիության անունից Հայաստանում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակման մասին հաղորդումը, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը: Այսօրվանից չեղյալ են հայտարարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած սահմանները: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվում են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բաղկացուցիչ մասը:

Կեցցե Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի բանվորների ու գյուղացիների եղբայրությունն ու դաշինքը:

Ադրբեջանի Հեղկոմի նախագահ` Ն.Նարիմանով

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար` Հուսեյնով»:

Դեկտեմբերի 1-ին այս հեռագիրը Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստում ներկայացվեց իբրեւ հռչակագիր: Սակայն Նարիմանովը դեկտեմբերի 2-ին այն հրապարակեց մի այլ խմբագրմամբ. «Զանգեզուրի եւ Նախիջեւանի նահանգների տարածքները Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասն են, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լրիվ իրավունք»: Մտցնելով այդ փոփոխությունը Նարիմանովը իր համար հիմք ստեղծեց նոյեմբերի 30-ին ընդունված որոշումից հետագայում հրաժարվելու համար:

1921 թվականի հունիսի 3-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (բոլշեւիկների) Կովկասյան բյուրոն, որի նիստին մասնակցում էր նաեւ Նարիմանովը, միաձայն որոշեց. «Ադրբեջանի կառավարության հռչակագրում մատնանշել Հայաստանին` Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին»: Կովբյուրոյի հիշյալ որոշման համաձայն Խորհրդային Հայաստանի կառավարությունը հունիսի 12-ին ընդունեց դեկրետ, որտեղ ասված է. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմի հռչակագրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, հռչակվում է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անբաժանելի մասն է կազմում»: Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատումից հետո հենց այսպես տեղի ունեցավ ցեսիայի ակտը:

Կովկասյան բյուրոն տակավին 1921 թվականի մայիսի 2-ին Ս.Կիրովի նախագահությամբ ստեղծեց մի հանձնաժողով` Անդրկովկասյան հանրապետությունների սահմանները որոշելու համար: Սակայն հանձնաժողովի ազգային կազմի հարաբերակցությունը թույլ չտվեց կայացնել օբյեկտիվ որոշում: Հունիսի 27-ին հանձնաժողովը դադարեցրեց իր աշխատանքը եւ հարցի քննարկումը տեղափոխեց Կովկասյան բյուրո:

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Կովբյուրոյի պլենումի նիստը, որտեղ ընդունվեց հետեւյալ որոշումը. «Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայաստանի ԽՍՀ կազմի մեջ», իսկ ազգերի ինքնորոշման իրավունքի ձեւական ապահովման նպատակով Կովկասյան բյուրոն որոշեց ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:

Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիմանովը դեմ լինելով թե Հայաստանին Լեռնային Ղարաբաղի միացմանը, թե հանրաքվեի անցկացմանը, հուլիսի 4-ի նիստում առաջարկում է. «Նկատի առնելով այն կարեւորությունը, որ Ղարաբաղի հարցն ունի Ադրբեջանի համար, անհրաժեշտ եմ համարում այն տեղափոխել ՌԿ(բ)Կ Կենտկոմ` վերջնական լուծման համար»: Այդ հայտարարությունից հետո Կովբյուրոն որոշում է հարցի քննարկումը տեղափոխել ՌԿ(բ)Կ Կենտկոմ:

Սակայն հարցի քննարկումը Մոսկվա փոխադրելու փոխարեն հուլիսի 5-ին հրավիրվում է Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստ, որտեղ Ստալինի ճնշման ներքո որոշվում է. «Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրԽՍՀ սահմաններում, նրան ընձեռելով մարզային լայն ինքնավարություն` Շուշի քաղաքում վարչական կենտրոնով»: Ընդսմին, եթե Կովբյուրոյի առաջին որոշման մեջ դեռեւս հարց էր դրվում Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, ապա հուլիսի 5-ի որոշման մեջ ոչ մի խոսք չկա բնակչության որեւէ հարցման հնարավորության մասին. դժվար չէր գուշակել նման հարցման արդյունքները:

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի 1921 թվականի հուլիսի 16-ին կայացած նիստը, լսելով Կովկասյան բյուրոյի որոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, իր անհամաձայնությունը հայտնեց այդ առթիվ:

Սակայն Կովբյուրոյի որոշումից հետո էլ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր չէր կազմավորել ինքնավար մարզ: Միայն Կովբյուրոյի ճնշման տակ, երկու տարի անց, Ադրբեջանի Կենտգործկոմի 1923 թվականի հուլիսի 7-ի դեկրետով երկրամասի տարածքի մի հատվածում կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Լեռնային Ղարաբաղի մնացած մասն ընդգրկվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Ընդսմին, միայն Շահումյանի շրջանը պահպանվեց իբրեւ առանձին վարչական միավոր, իսկ մնացած հայաբնակ տարածքները բազմիցս վերաձեւվեցին եւ 1988 թվականին մտնում էին Խանլարի, ետաբեկի, Շամխորի շրջանների կազմի մեջ: Ավելին, ԼՂԻՄ հյուսիս-արեւմտյան սահմանը որոշելիս, Լաչինի եւ Քյալբաջարի շրջանների բռնազավթման միջոցով բացառվեց Հայաստանի հետ մարզի անմիջական շփման ամեն մի հնարավորություն:

Այսպիսով, գիտական շրջանառության մեջ դրված բոլոր փաստաթղթերը անհերքելիորեն ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մինչեւ 1921 թվականի կեսերը լուծվում էր Հայաստանի օգտին: Սակայն Ադրբեջանը 1921 թվականի հունիսի վերջերից շեշտակի հեղաշրջում կատարեց այդ հարցում: Նշված ժամանակաշրջանում կատարված դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման առթիվ Ադրբեջանի Հեղկոմի հռչակագիրը եւ ուղերձը կրում էին սոսկ քարոզչական բնույթ:

Կովբյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը ոչ մի իրավական հիմք չունի: Ութ հոգուց կազմված այդ կուսակցական մարմինը իրավազոր չէր առանց հաշվի առնելու հայ ժողովրդի, Հայաստանի կառավարության եւ Կոմկուսի կարծիքը, Ադրբեջանին հանձնել վերջինիս չպատկանող, Հայաստանի պատմական մասը հանդիսացող տարածքներ:

Կովբյուրոյի կողմից վերոհիշյալ որոշման ընդունման գործում վճռորոշ դեր է խաղացել նաեւ «թուրքական գործոնը», ինչպես 1921 թվականի մարտին Մոսկովյան պայմանագրի ստորագրման ժամանակ, երբ թուրքական կողմի ճնշման ներքո Ադրբեջանին հանձնվեց հայոց հինավուրց Նախիջեւանի մարզը:

ՊԱՅՔԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ

1923-1988

Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր եւ հետեւողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը, որը դրսեւորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների եւ մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ, պատճառ դարձավ, որպեսզի հայ բնակչությունը երբեք չհրաժարվի պատմական արդարության վերահաստատման եւ Ադրբեջանի կազմից մարզի դուրս բերմանը հասնելու մտքից: Նա դրանում էր տեսնում իր անվտանգ ապագայի միակ երաշխիքը եւ երբեմնի հայկական Նախիջեւանի ճակատագրից խույս տալու հնարավորությունը, որտեղ նույն հանգամանքների բերումով հայ բնակչությունը 1959 թվականի մարդահամարի համաձայն, կրճատվեց մինչեւ 1.5 տոկոս (ինքնավարության կազմավորման պահին եղած շուրջ 60 տոկոսի դիմաց), իսկ հետագա տարիներին հասցվեց զրոյի:

Այդ պայքարն ընդունում էր զանազան ձեւեր եւ մեթոդներ, թեեւ ադրբեջանական կողմը փորձեր էր ձեռնարկում ճնշելու այն: Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը 20-ական թվականներին արդեն բազմիցս ստիպված եղավ քննարկման առարկա դարձնել ղարաբաղյան շարժմանն առնչվող հարցեր: 30-ական թվականներին մեղադրվերով ազգայնականության մեջ բռնադատվեցին մարզի եւ շրջանների բազմաթիվ ղեկավարներ:

ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջեւ Լեռնային Ղարաբաղի հարցը հարուցելու փորձեր են ձեռնարկվել նաեւ ետպատերազմական տարիներին (1945, 1967, 1977թթ.): Ժողովրդի ներկայացուցիչները այդ նպատակով բազմիցս նամակներ եւ հանրագրեր են հղել Մոսկվա: 1965 թվականի հանրագրի ներքո դրված էր 45 հազար ստորագրություն: Այդ դիմումի հիման վրա ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը 1966 թվականին ընդունեց մի որոշում, որով Հայաստանի եւ Ադրբեջանի կոմկուսների կենտրոնական կոմիտեներին հանձնարարվում էր համատեղ պատրաստել Լեռնային Ղարաբաղի հարցը: Սակայն այս անգամ եւս հարցի հնարավոր լուծումը արգելակվեց Ադրբեջանի կողմից, որը աջակցություն էր ստանում ԽՍՀՄ ղեկավարության կազմի ազդեցիկ անձանցից: Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեցին ազգամիջյան ընդհարումներ եւ ժողովրդական բողոքի ճնշման ընթացքում գնդակահարվեցին ու բանտերում վերացվեցին գրեթե 20 հայեր, մոտ 10 հոգի կորան անհայտ, ավելի քան 150 մարդ բռնադատվեց: Ավելի քան երկու տարի տեւած հետապնդումների հետեւանքով Ղարաբաղից հեռացան ավելի քան 100 ընտանիքներ: Հիշյալ ձեռնարկման հեղինակն ու կատարողը Ադրբեջանի ՊԱԿ-ի այն ժամանակվա ղեկավար, Հեյդար Ալիեւն էր:

Ղարաբաղյան հարցի առթիվ բազմաթիվ առաջարկներ են մտցվել 1977թվականին` ԽՍՀՄ նոր սահմանադրության քննարկումների ժամանակ: Գործնականում միշտ եւ ամենաբարձր մակարդակներում ճանաչվել է հիմնահարցի առկայությունը, բայց սովորաբար դրա լուծումը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Ղարաբաղյան շարժման նոր փուլը մի յուրատեսակ հանրաքվեով սկիզբ առավ 1987 թվականի երկրորդ կեսերից. Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային հարցման արդյունքում Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորումը պաշտպանող դիմումի տակ ստորագրեց ավելի քան 80 հազար մարդ: Հենց այդ հանրաքվեն հիմք դարձավ, որպեսզի ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջանը 1988 թվականի փետրվարի 20-ին դիմի ԽՍՀՄ երագույն խորհրդին` մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու միջնորդագրով:

1988

ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Գորբաչովի հռչակած եւ ԽՍՀՄ-ում քաղաքական վարչակարգի ազատականացման սկիզբը դրած վերակառուցումը ժողովրդի կողմից ընկալվեց իբրեւ անցյալի սխալները շտկելու հնարավորություն: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մեջ եւս ծնվեց այն հույսը, թե հիմնահարցը կարող է ժողովրդավարական լուծում ստանալ, եւ ազգամիջյան հարաբերություններում գործնական կիրառում կգտնեն միջազգային իրավական նորմերը:

1987 թվականի վերջերից սկիզբ է առնում ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի արդի փուլը: Մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ մասնակցում էին հանրահավաքների եւ ցույցերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները խնդրագրերով մեկնում էին ԽՍՀՄ կենտրոնական կուսակցական եւ պետական մարմիններ: Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորման պահանջը բովանդակող հանրագրի տակ դրված էր ավելի քան 80 հազար ստորագրություն:

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում որոշում ընդունվեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ երագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին: Դրան նախորդել էին շրջանային խորհուրդների համանման որոշումները: Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն 1988 թվականի փետրվարի 21-ին ընդունեց ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքներին հակասող որոշում: Փորձ արվեց հիմնահարցի քաղաքական լուծումը փոխարինել սոցիալ-տնտեսական միջոցառումներով, ինչն էլ հարուցեց մարզի բնակչության խիստ դժգոհությունը:

Օգտվելով երկրի բարձրագույն քաղաքական մարմնի անվճռական դիրքորոշումից` Ադրբեջանի կոմունիստական իշխանությունները երկու ժողովուրդների պատմությունը կեղծելու եւ զանգվածային լրատվամիջոցներով ազգայնական հիստերիա հրահրելու ճանապարհով, խաղաղ լուծում պահանջող հարցը տեղափոխեցին ազգամիջյան հակամարտության հարթություն: Ադրբեջանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի վարչական մարմինների բաժնի վարիչ Ասադովը սպառնում է մարզի տարածք «հարյուր հազար զինված ադրբեջանցիների» հնարավոր ներխուժումով:

Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ք.Բաղիրովը, հանրապետության կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամները եւ ԽՄԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի հրահանգիչ Վ.Յաշինը, որոնք փետրվարի 20-ին Ստեփանակերտ էին ժամանել մարզային խորհրդի` այդ օրը նախատեսված նստաշրջանի անցկացմանը խոչընդոտելու նպատակով, հրավիրում են կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստ, որտեղ պնդում են ընդունել այն որոշման նախօրոք պատրաստված նախագիծը, որը ստեղծված կացության համար ողջ պատասխանատվությունը դնում է մարզի կուսակցական կազմակերպության վրա: Բյուրոյի կազմը նախագիծը չընդունեց: Թեպետ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները եւ կուսակցության մարզային կոմիտեի առաջին քարտուղար Բ.Կեւորկովը հակազդեցություն էին ցուցաբերում, ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը այնուամենայնիվ կայացավ: Հայաստանի հետ մարզի վերամիավորման վերաբերյալ նրա ընդունած որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ագրեսիայով: 1988 թվականի փետրվարի 22-ին ԼՂԻՄ-ին սահմանակից Աղդամի շրջանից դեպի Ստեփանակերտ շարժվեց մի բազմահազարանոց ամբոխ` «կարգ ու կանոն հաստատելու համար»: Մեծ դժվարությամբ հաջողվեց կանխել արյունահեղությունը:

Լեռնային Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները դարձան ղարաբաղյան հիմնահարցի հավանական արդարացի լուծման շրջափակման` պաշտոնական Բաքվի քաղաքականության շարունակությունը: Հայերի ցեղասպանությունը, որին մինչեւ հիմա էլ համապատասխան քաղաքական եւ իրավաբանական գնահատական չի տրվել ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ համաշխարհային հանրության կողմից, հանգամանալից կազմակերպված է եղել. մարդիկ հակահայկական հանրահավաքների էին դուրս գալիս ձեռնարկությունների եւ հիմնարկների ղեկավարների ցուցումով, իսկ հռետորների դերում հանդես էին գալիս քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Փետրվարի 27-ի «հանրահավաքն» ավարտվեց նրանով, որ կոմունիստական կուսակցության Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեն, ձեռքը վերցնելով Ադրբեջանի պետական դրոշը, իր հետեւից տարավ հսկայաթիվ ամբոխին: Ջարդ ու կոտորածի երեք օրվա ընթացքում սպանվեցին տասնյակ հայեր, որոնց մի զգալի մասը առանձին դաժանությամբ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, հսկայական թվով հայեր ենթարկվեցին բռնությունների, խոշտանգումների եւ ծաղրուծանակի, 18 հազար մարդ դարձավ փախստական:

Սակայն սադրանքների, սպառնալիքների եւ բռնության ադրբեջանական քաղաքականությունը, որ տակավին կիրառվում էր 1921 թվականից Ադրբեջանի Հեղափոխական կոմիտեի նախագահ Ն.Նարիմանովի կողմից, որը, մասնավորապես սպառնացել էր, թե Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ չմտցնելու դեպքում «մենք ոտքի կհանենք հակախորհրդային տարրերին», ի զորու չեղավ ստիպել Արցախի ժողովրդին` հրաժարվելու ընտրած ճանապարհից: Դրա հավաստումը դարձան մարզային խորհրդի հաջորդ նստաշրջանների եւ կուսակցության մարզկոմի պլենումի որոշումները, որը գլխավորում էր մարզում մեծ հեղինակություն վայելող Հենրիխ Անդրեյի Պողոսյանը, մարզի բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, կոլեկտիվների բազմակի տեւական գործադուլները` ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու պահանջով:

Համաժողովրդական շարժման ալիքի վրա ստեղծվել է «Կռունկ» ոչ պաշտոնական կազմակերպությունը, որի նախագահ դարձավ Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի տնօրեն Արկադի Մանուչարովը:

1989

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը` 1989 թվականի հունվարի 20-ից ԽՍՀՄ-ում առաջին անգամ ԼՂԻՄ-ում մտցվեց կառավարման հատուկ ձեւ: Կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հատուկ կառավարման կոմիտե` ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ Ա.Վոլսկու նախագահությամբ: Սակայն իրադրության հետագա սրումը կանխելու եւ նրա կայունացմանը նպաստելու կոչված կոմիտեի կարգավիճակը համարժեք չէր նրա առջեւ դրված խնդիրներին: Դրանից օգտվեց Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը, փորձելով կոմիտեին շրջանցելով, իր պայմանները թելադրել մարզին:

Մարզային կուսակցական եւ պետական մարմինների լիազորությունների դադարեցումը, սահմանափակիչ մյուս միջոցները կոպտորեն ոտնահարում էին ԼՂԻՄ եւ նրա քաղաքացիների իրավունքները: Հասունացել էր մարզի բնակչության ներկայացուցիչների համագումար հրավիրելու գաղափարը` նպատակ ունենալով ընտրել ժողովրդի ներկայացուցչական եւ լիազոր մարմին: Oգոստոսի 16-ին տեղի ունեցած համագումարն ընդունեց ադրբեջանական ժողովրդին ուղղված մի դիմում, որտեղ մտահոգություն էր արտահայտվում հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ օրեցօր խորացող օտարացման առթիվ, որը վերաճում էր ազգային թշնամանքի, կոչ էր արվում ճանաչել միմյանց անխախտելի իրավունքները: Համագումարը դիմում էր նաեւ հատուկ շրջանի պարետին, Խորհրդային բանակի եւ ԽՍՀՄ ՆՆ ստորաբաժանումների սպաներին ու զինվորներին` առաջարկելով ակտիվ համագործակցություն ծավալել տարածաշրջանի խաղաղության ապահովման նպատակով: Համագումարն ընտրեց Ազգային խորհուրդ (նախագահ` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վ.Գրիգորյան), որի առջեւ խնդիր դրվեց գործնականում իրագործել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը:

Սակայն հայոց բնակավայրերն ավերելուն զուգընթաց պաշտոնական Բաքուն ձեռնարկեց ԽՍՀՄ համար մի աննախադեպ գործողություն` ԼՂԻՄ եւ Հայաստանի տնտեսական շրջափակումը` օգտվելով այն բանից, որ ժողովրդատնտեսական բեռները մատակարարվում էին Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով: ԼՂԻՄ-ը փաստորեն մեկուսացած էր արտաքին աշխարհից, չէր ստանում պարեն, վառելիք եւ շինանյութեր, որի հետեւանքով էլ կանգ առան ձեռնարկությունների մեծ մասը, անգործության մատնվեց տրանսպորտը: Գյուղացիները հնարավորություն չունեին ամբողջությամբ հավաքել եւ տեղափոխել բերքը, եւ բնակչությունը հայտնվել էր սովի եզրին:

Միաժամանակ Շահումյանի շրջանում, որտեղ առկա էր հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիք, սաստկացան ճնշումներն ու պատժամիջոցները: Դեպքերի նման զարգացումը կանխելու համար ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի հուլիսի 26-ի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը ԼՂԻՄ կազմի մեջ մտցնելու վերաբերյալ:

Իրենց տրամադրության տակ չունենալով պաշտպանության համար բավարար միջոցներ եւ հնարավորություններ` Լեռնային Ղարաբաղի իշխանության մարմինները բազմիցս դիմել են ԽՍՀՄ ամենաբարձր ատյանների օգնությանը: Բայց վերջիններիս կողմից արյունահեղությունը կանխելու միջոցներ չձեռնարկվեցին: Փաստորեն անպատասխան մնաց նաեւ ԼՂ Ազգային խորհրդի նախագահության դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` երկրամասի հայ բնակչությանը զորակցելու խնդրանքով: Ավելին, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը 1989թ. նոյեմբերի 28-ին ընդունեց որոշում, որով փաստորեն նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղը պահել Ադրբեջանական ԽՍՀ կազմում: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, լուծարելով Հատուկ կառավարման կոմիտեն, փոխարենը ստեղծեց Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ Կազմակերպական կոմիտեն, ուղղակիորեն մատնացույց չանելով, ինչպես նշված է ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեի 1991թ. նոյեմբերի 28-ի որոշման մեջ, նրա ստեղծման նպատակները եւ իրավասությունը: Հետագայում Կազմկոմիտեն, ԽՍՀՄ ՆՆ եւ Խորհրդային բանակի աջակցությամբ մշակեց եւ իրականացրեց Լեռնային Ղարաբաղի եւ մերձակա շրջանների հայ բնակչության տեղահանության գործողություններ:

1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ երագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը, «հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա եւ արձագանքելով հայ ժողովրդի` բռնությամբ տարանջատված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը», համատեղ նիստում ընդունեցին որոշում Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Անհապաղ հետեւեց Ադրբեջանի ղեկավարության արձագանքը. սկիզբ առավ սադրիչ գործողությունների մի նոր ալիք` օգտագործելով ադրբեջանական իշխանությունների ազդեցության ներքո գտնվող հատուկ շրջանի պարետատունը եւ ԽՍՀՄ ներքին զորքերին:

1990

Էթնիկ զտումների եւ ազգամիջյան թշնամանքի հրահրման քաղաքականության շարունակությունը դարձան 1990 թվականի հունվարին տեղի ունեցած զինված ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում, որոնց հետեւանքով զոհվեցին հարյուրավոր հայեր, սկիզբ առավ փախստականների մի նոր ալիք: Բաքվում կատարված զանգվածային հանցագործությունները իրենց դաժանությամբ չէին զիջում սումգայիթյան դեպքերին. մարդկանց ողջակիզում էին, խոշտանգում դանակներով, ծեծում երկաթյա ձողերով եւ հասցնում մահվան: Վկայություններ կան նույնիսկ մարդակերության դեպքերի մասին: Օգտվելով այն բանից, որ միութենական մարմինների կողմից գործուն միջոցներ չեն ձեռնարկվում հայերի ցեղասպանության դադարեցման համար, 1989թ. հուլիսին, որպես ընդդիմադիր կուսակցություն ձեւավորված Ադրբեջանի ժողովրդական ճակատը, պաշտոնական իշխանությունների լուռ համաձայնությամբ, զինված հարձակում ձեռնարկեց Շահումյանի եւ Խանլարի շրջանների հայկական գյուղերի վրա: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում սկսվեցին մարտական գործողություններ:

Հաշվի առնելով ստեղծված կացությունը` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը իր 1990 թվականի հունվարի 15-ի հրամանագրով արտակարգ դրություն է մտցնում ԼՂԻՄ-ում, նրա սահմանակից ադրբեջանական շրջաններում, Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանում, ինչպես նաեւ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում, ԽՍՀՄ պետական սահմանի երկայնքով ընկած սահմանային գոտում: Պետական իշխանության եւ կառավարման մարզային ընտրովի մարմինների լիազորությունների դադարեցումից հետո մարզի բոլոր գործերի վարումը իր վրա վերցրեց զինվորական պարետատունը, որը փաստորեն ռազմական դրություն էր հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Նրա աջակցությամբ սկսեց ակտիվանալ Ադրբեջանի հանրապետական մարմինների գործունեությունը: Սաստկացավ բռնադատումների, էթնիկ զտումների եւ սպառնալիքի քաղաքականությունը: Ղարաբաղյան շարժման ավելի ու ավելի մեծ թվով ակտիվիստներ ենթարկվում էին հետապնդումների: Զանազան պատրվակներով նրանց հանդեպ գործեր հարուցվեցին, որոնց հիման վրա կատարվում էին ձերբակալություններ:

 ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ


«Մեղավորները, ովքեր մարդկանց սադրեցին ջարդերի /Սումգայիթում/, այս պահին` գրպանում պատգամավորի մանդատներ, նստած են Միլլի մեջլիսում»:

Իլյաս Իսմայլով, «Ադալյաթ» կուսակցության նախագահ, Ադր.ԽՍՀ նախկին /1988թ./ գլխավոր դատախազ «Զերկալո», 21 փետրվարի 2003թ.

Համաշխարհային հանրությունը վերջին 6 տարում անհաջող փորձեր է անում լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Մինչդեռ, միջազգային իրավունքի նորմերին խստիվ համապատասխանության հիման վրա նրա խաղաղ եւ վերջնական կարգավորման համար հարկ է հաշվի առնել այս հակամարտության ծագման առանձնահատկություններն ու պատճառները: Ղարաբաղյան հակամարտության գլխավոր տարբերիչ գծերից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը դե-յուրե երբեք չի պատկանել պետության տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հղում կատարող պետությանը` Ադրբեջանի Հանրապետությանը: Եվ այն հանգամանքը, որ միջնորդ պետությունները այսօր ելնում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության կեղծ հղումից, ոչ այլ ինչ է, քան` տարածքային նվաճումների քաղաքականության քաջալերանք, Ադրբեջանի կողմից այդ հայկական մարզի նկատմամբ կրկնակի` 1921 թվականին եւ 1991 թվականին կատարված բռնազավթման արդյունքների ճանաչում:

Ղարաբաղյան հակամարտության երկրորդ, գուցե, ավելի էական տարբերակիչ առանձնահատկությունը, պայմանավորված է հակամարտության ծագման պատճառներով եւ նրա զարգացման բնույթով: Պատմական բազմաթիվ փաստերը հիմք են տալիս ասելու, որ տարածքային վեճի առաջացման սկզբից ի վեր /1918թ./ հայկական այդ տարածքի հանդեպ ադրբեջանական պետության իշխանությունը հաստատվել եւ պահպանվել է բռնությամբ` վերջինիս ամենադաժան եւ ամենաանմարդկային դրսեւորումներով: Ավելին, բոլոր հիմքերն առկա են պնդելու, թե 1918 թվականից ի վեր հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը եղել է օսմանյան կառավարության եւ նրա ժառանգորդների` երիտթուրքերի եւ քեմալական իշխանությունների կողմից իրականացվող բռնազավթողական ծրագրի բաղկացուցիչ մասը, ծրագիր, որը նախատեսում էր իսպառ բնաջնջել ոչ միայն Թուրքիայի իշխանության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանի, այլեւ Արեւելյան Հայաստանի բռնազավթված տարածքների` Ղարսի մարզի, Նախիջեւանի, Շիրակի, Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայ բնակչությանը:

Ըստ Հենրիխ Ֆիրբյուխերի* վկայության ցեղասպանությունը կազմակերպվել եւ արտոնվել է պետական մակարդակով: «1915 թվականի ապրիլի 21-ին,- փաստագրում է հեղինակը,- թուրքական կառավարության կողմից հրաման պատրաստվեց հայ ժողովրդի բնաջնջման մասին, համապատասխան հրամաններ ստացան զինվորական եւ քաղաքացիական գերատեսչությունները: Թալեաթը եւ Էնվերը հաղթանակ տարան երկչոտ մեծ վեզիր, եգիպտական թագաժառանգ Սեիդ Խալիլ փաշայի նկատմամբ»:

Հեղինակը անհրաժեշտ է համարել մեջբերելու Թալեաթի որոշ հրամաններ` ի հավաստումն իր փաստարկների: Օրինակ, ահա թե ինչ էր ասված այդ հանցագործի կողմից Հալեպ ուղարկված 1915 թվականի սեպտեմբերի 15-ի հրամանում. «Ձեզ արդեն հայտնվել է, որ ջեմիեթի /կոմիտեի/ ցուցումով որոշվել էր իսպառ ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին: Նրանք, ովքեր հանդես կգան այդ որոշման դեմ, չեն կարող մնալ պաշտոնական աշխատանքում: Ինչքան էլ որ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ տրվի հայերի գոյությանը: Ուշադրություն մի դարձրեք ոչ կանանց, ոչ երեխաների ու հիվանդների, ոչ էլ խղճի խայթի վրա»: Իսկ նոյեմբերի 23-ի հրամանում պահանջում էր. «աղտնի միջոցներով ոչնչացրեք արեւելյան նահանգների այն բոլոր հայերին, ում կգտնեք մեր մարզում»:

Այդ հանցավոր քաղաքականության հետեւանքով 1894-1923թթ. Թուրքիայի եւ Անդրկովկասի տարածքում ողբերգաբար զոհվեցին 2 միլիոնից ավելի հայեր, ամայացան Արեւելյան եւ Կենտրոնական Անատոլիայի /Արեւմտյան Հայաստան/ երբեմնի ծաղկուն, անծայրածիր տարածքները: Եթե թուրքական Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, տոգորված պանիսլամիզմի գաղափարով, հետապնդում էր հայերին /միայն 1894-96թթ. կոտորածի զոհ դարձան ավելի քան 300 հազար մարդ/ եւ մյուս քրիստոնյաներին, ապա թուրքական «Միասնություն եւ առաջ

Создать бесплатный сайт с uCoz