ԱՐՑԱԽ


Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն — սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Հարավային Կովկասում: Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։

Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։

Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։

Պաշտոնական անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն

Մայրաքաղաքը` ք.Ստեփանակերտ

Պետական լեզուն` հայերեն

Պետական կրոնը` քրիստոնեություն, բնակչության 95% Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ են

Հիմնական օրենքը` ԼՂՀ Սահմանադրություն

Դրամական միավորը` հայկական դրամ, շրջանառության մեջ է դրվել 1993թ.

Բնակչությունը` 141.4 հազար մարդ /2010թ. հունվարի 1-ի դրությամբ/

Ժամանակը` GMT+04.00

Ազգաբնակչությունը` հայեր /95 %/, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ եւ այլն

Աշխարհագրական դիրքը` Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւելյան մաս

Խոշորագույն լճեր` Մեծ Ալ, Փոքր Ալ, Սեւ Լիճ

Տարածքը`Արցախի Հանրապետության տարածքը կազմում է ավելի քան 12 հազար կմ2, որից 1041 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

/Շահումյանի շրջանի տարածքը Գետաշենի ենթաշրջանի հետ միասին կազմում է 2527,8 կմ2, որից 698 կմբռնազավթված է Ադրբեջանի կողմից/:

Պետական սահմանը` արեւմուտքից սահմանակից է Հայաստանի հետ, հյուսիսից եւ արեւելքից` Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի հետ

Կլիման` մեղմ եւ բարեխառն, հանրապետության զգալի տարածքում` մերձարեւադարձային

Օդի միջին ջերմաստիճանը` +10.9˚C

Ամենաբարձր ջերմաստիճանը` +37˚C

Ամենացածր ջերմաստիճանը` -20˚C

Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը` 587 մմ

Ծովի մակերեւույթից միջին բարձրությունը` 1100 մ

Ամենաբաձր լեռնագագաթները` Գոմշասար` 3724մ, Գժասար` 3616մ, Թսխուդ` 3581մ, Մռավ` 3343մ, Մեծ Քիրս` 2725մ

Խոշորագույն գետերը` Արաքս, Որոտան, Ակեռա, Թարթառ, Խաչեն

Օգտակար հանածոներ` մարմար, գրանիտ, անդեզիտ, տուֆ, բազալտ, կրաքար, դիաբազ, բենտոնիտային կավեր, պեմզա, կավ, բազմամետաղներ, մասնավորապես, ցինկ, պղնձաքար, արճիճ, լիտոգրաֆային քար, քարածուխ, ծծմբաքար, երկաթ, այլ մետաղներ, ջրային պաշարներ:

Պետական դրոշ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոնական տարբերանշանը:

ԼՂՀ պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թվականի հունիսի 2-ին:

flag.gif

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ կտոր` հորիզոնական եւ հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2:

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քռիստոնեական հավատքի, անկախուքյան եւ ազատության համար.

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո.

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը


 

Պետական զինանշան


 

Պետական զինանշանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է:

Պետական զինանշանն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը:


 
coa.gif

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թեւատարած արծիվ, որի գլխավերեւում տարածվում են արեւի ճառագայթները, եւ Արտաշիսյանների հարստության թագն է: Կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի եւ Մեծ Քիրս լեռան ֆոնի վրա «Տատիկ եւ Պապիկ» քանդակի պատկերն է: Ներքեւի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերեւի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»:

 

Պետական օրհներգ


Պետական օրհներգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության խորհրդանիշն է:

ԼՂՀ պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: «Հիմն Արցախի» տեքստի հեղինակը Վարդան Հակոբյանն է, երաժշտության հեղինակը` Արմեն Նասիբյանը:

 

***

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ 1918 ԹՎԱԿԱՆԸ


Լեռնային Ղարաբաղը /հայկական անվանումը` Արցախ/ զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասը կազմող Փոքր Կովկասի լեռնային համակարգի արեւելյան ու հարավ-արեւելյան լեռնային եւ նախալեռնային շրջանները: Այն աղեղնաձեւ ձգվում է Սեւանա լճի ավազանը արեւելքից շրջապատող լեռներից դեպի հարավ-արեւելք, մինչեւ Երասխ /Արաքս/ գետը:

Պատմության տարբեր ժամանակաշրջաններում սկզբնաղբյուրները երկրամասը կոչում են տարբեր անուններով. Ուրտեխե-Ուրտեխինի, Օրխիստենե, Արցախ, Ծավդեք, Խաչեն, Սեւ այգի /Ղարաբաղ/:

Երկրամասի հնագույն պատմության մասին առաջին վկայությունները վերաբերում են վաղ պալեոլիթի աշելյան շրջանին /50.000-100.000 տարի առաջ/: Դրանք հնագույն գործիքներ ու ոսկրաբանական նյութեր են` գտնված Վորվան-Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում: Մարդու ծագումնաբանության առումով հատուկ արժեք ունի Վորվան-Ազոխի քարանձավում հայտնաբերված նեանդերթալյան մարդու ծնոտը:

Բրոնզի եւ երկաթի դարաշրջանին պատկանող դամբարանների, բնակատեղիների պեղումները /Ստեփանակերտ, Խոջալու, Կրկժան, Ամարաս, Մատաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ/ վկայում են, որ այս տարածքը մտնում էր մ.թ.ա. V-III հազարամյակից ձեւավորված, այսպես կոչված, Քուռ-Արաքսի մշակութային համակարգի մեջ:

Հնդեվրոպագիտության համար առանձնակի կարեւորություն ունեն մ.թ.ա. III հազարամյակին վերաբերող, ողջ Կովկասի տարածաշրջանում եզակի, հսկայական դամբարանաբլուրները /Ստեփանակերտ, Խաչենագետի հովիտ/: Համաձայն մի շարք հետազոտողների, հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայությունները հենց այս տիպի դամբարանաբլուրներն են:

Մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբին Արցախը ներառված էր Ասորեստանի եւ Ուրարտուի քաղաքական ու մշակութային ոլորտը: Խոջալուի դամբարանադաշտերից մեկում հայտնաբերվել է Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք: Ուրարտական Սարդուրի II թագավորի Ծովք գյուղի մոտ պահպանված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ նրա զորքերը հասել են Ուրտեխինի /Արցախ/ երկիրը:

(Սարդուրի II-ի սեպագիր արձանագրությունը: Պահպանվում է Երեւանի պատմության թանգարանում)

Ուրարտական պետությունը /Աստվածաշնչյան ձեւը` Արարատ/ եւ նրա կազմի մեջ մտնող ցեղերը կարեւոր նշանակություն են ունեցել հայ ժողովրդի կազմավորման գործում: Ուրարտական թագավորության անկումից հետո /մ.թ.ա. VI դարի սկիզբ/ տարածաշրջանում ամենաակտիվ դերակատարները դառնում են հայ էթնիկ տարրերը: Իր ստեղծման ժամանակից Հայկական նորաստեղծ թագավորությունը ստիպված էր դիմագրավել Մարաստանի տիրապետությանը: 550-331թթ. Հայկական թագավորությունը, այդ թվում եւ Արցախը գտնվում էր Աքեմենյան Պարսկաստանի թագավորության ենթակայության տակ: Մ.թ.ա. II դարի սկզբին Արտաշիսյան հարստության ձեւավորած հայկական պետության սահմանները հյուսիս-արեւելքում անցնում էին Քուռ գետով: Հունա-հռոմեական մի շարք սկզբնաղբյուրների վկայությամբ այն նաեւ հայ էթնիկ տարրի սփռման հյուսիս-արեւելյան սահմանն էր: Այդ պետության կազմի մեջ մտնող Արցախը կառավարվում էր տեղաբնիկ Առանշահիկ տոհմի կողմից: /Ըստ հայերի ծագման մասին հայկական առասպելի` այս տոհմի նահապետ Առանը հայերի նախահայր Հայկի սերունդներից է/:

Մ.թ.ա. I դարի կեսերին Հայաստանը դառնում է Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը: Հայոց Տիգրան Մեծ արքան, կարեւորելով Արցախի դերը, այստեղ է կառուցում իր անունը կրող 4 քաղաքներից մեկը` Արցախի Տիգրանակերտը: Այս քաղաքի ավերակները գտնվում են ներկայիս Աղդամ քաղաքի շրջակայքում: Այսօր էլ հին քաղաքի տեղում պահպանվել են դամբանաթմբեր, կոթողներ, ժայռափոր հարթակներ ու համալիրներ:

Մ.թ. 66-428թթ. Արցախը գտնվում էր հայ Արշակունիների թագավորության կազմում, որի անկումից եւ Պարսկաստանի գերիշխանության տակ անցնելուց հետո Արցախը եւ Ուտիքը միացվեցին Քուռի հյուսիսում գտնվող Աղվանական թագավորությանը: 469 թվականին այդ թագավորությունը վերակազմավորվեց պարսկական մարզպանության` պահպանելով Աղվանք /պարսկ. Առան/ անունը:

IV դարի սկզբին Արցախում տարածվում է քրիստոնեությունը: V դարի սկզբին, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի ստեղծման շնորհիվ, ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Արցախում, սկսվում է մշակութային աննախադեպ վերելք: Ընդ որում, Մեսրոպ Մաշտոցը Արցախի Ամարասի վանքում հիմնադրեց առաջին հայկական դպրոցը:

V դարում Հայաստանի արեւելյան մասը, այդ թվում նաեւ Արցախը, շարունակում էր մնալ պարսկական տիրապետության տակ: 451թ. հայերը` ի պատասխան Պարսկաստանի կողմից զրադաշտություն պարտադրելու քաղաքականության, հուժկու ապստամբություն են բարձրացնում, որը հայտնի է Վարդանանց Սրբազան պատերազմ անունով: Այս պատերազմին իր մասնակցությունն է ունեցել նաեւ Արցախ աշխարհը, ուր աչքի է ընկել հատկապես նրա փառապանծ այրուձին: Ապստամբությունից հետո հայկական զորամիավորումների նշանակալի մասն իր համար թաքստոցի եւ օտար լծի դեմ պայքարի վայր է ընտրում Արցախի անառիկ բերդերն ու թավ անտառները: Նույն դարի վերջում Արցախը եւ նրա հարեւան Ուտիքը միավորվում են Առանշահիկների իշխանության ներքո` Վաչագան III Բարեպաշտի /487-510թթ./ գլխավորությամբ: Վերջինիս օրոք Արցախում նկատվում է գիտության եւ մշակույթի զգալի աճ: Ժամանակակցի վկայությամբ այդ տարիներին երկրամասում կառուցվեցին այնքան եկեղեցիներ ու մենաստաններ, որքան օր կա տարվա մեջ:

VI-VII դարերի սահմանագծումԱղվանական մարզպանությունը հյուսիսում բաժանվում է մի քանի անջատ փոքր իշխանությունների, որոնք, հանդես գալով այնտեղ ապրող ժողովուրդների կամ կառավարող իշխանական տների անվան տակ, կորցնում են հավաքական «Աղվանք» եւ «աղվանցիներ» անունները: Հարավում Արցախը եւ Ուտիքը, ինչպես նշվեց, միասին կազմում են Առանշահիկների առանձին հայկական իշխանությունը: VII դարում հայ Առանշահիկներին փոխարինում է պարսկական ծագում ունեցող Միհրանյանների տոհմը, որոնք խնամիանում են Առանշահիկների հետ, ընդունում են քրիստոնեություն եւ շատ արագ հայանում:

VII դարում, արաբական տիրակալության սկզբնական շրջանում, Արցախի քաղաքական եւ մշակութային կյանքը կանգ չի առնում: IV-VII դարերում Արցախում ստեղծվում է յուրօրինակ քրիստոնեական մշակույթ: Համահայկական նշանակություն են ձեռք բերում Ամարասի վանքը, Կատարովանքը, Հոռեկը, Ջրվշտիք կամ ս.Եղիշե վանքը եւ այլն:

IX դարի սկզբներից Արցախում ուժեղանում են Խաչենի ու Դիզակի իշխանական տները: Խաչենի իշխան Սահլ Սմբատյանն ու Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսեն գլխավորում են արաբների դեմ մղվող պայքարը: Նրանց, իսկ հետագայում նաեւ նրանց ժառանգներին, հաջողվում է անառիկ պահել սեփական տիրակալության սահմանները:

X դարից ի վեր երկրամասի քաղաքական եւ մշակութային կյանքում հսկայական դեր է սկսում խաղալ Խաչենի իշխանությունը: XI-XII դարերի ընթացքում Արցախը կամ Խաչենը ենթարկվում է թուրք-սելջուկյան քոչվոր ցեղերի հարձակումներին: Սակայն, շարունակում է պահպանել իր ինքնուրույնությունը: XII դարի վերջը եւ XIII դարի I կեսը երկրամասի ծաղկման համար ամենաբարենպաստ շրջաններից էր: Այդ ժամանակ երկրամասում կառուցվում են ճարտարապետական այնպիսի արժեքավոր համալիրներ, ինչպիսիք էին Հովհաննես Մկրտչի եկեղեցին ու գավիթը` Գանձասարում /1216-1260-ական թվականներ/, Դադի վանքի կաթողիկե եկեղեցին /1214թ./, Գտչավանքի մայր եկեղեցին /1241-1248թթ./: Դրանք բոլորն էլ իրավամբ համարվում են միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներ:

XIII դարի 30-40-ական թվականներին Անդրկովկասը գրավում են թաթար-մոնղոլները: Արցախ-Խաչենի իշխան Հասան-Ջալալի ջանքերի շնորհիվ հաջողվում է երկրամասը մասնակիորեն փրկել քարուքանդ լինելուց: Սակայն, նրա մահից հետո /1261թ./ թաթար-մոնղոլների գազանությունների զոհն է դառնում նաեւ Խաչենը: Դրությունն էլ ավելի է վատթարանում XIV դարում թուրքական կարա-կոյունլու եւ աղ-կոյունլու քոչվոր ցեղերի տիրակալության տարիներին, որոնք փոխարինելու էին եկել թաթար-մոնղոլներին: Այս ժամանակահատվածում քարուքանդ արվեցին նախորդ դարերում կառուցված ճարտարապետական շատ հուշակոթողներ: Այս ժամանակներից սկսվում է կիրառվել երկրամասի Ղարաբաղ անվանումը:

XVI դարում Ղարաբաղում կազմավորվում են մի շարք ինքնատիպ վարչա-քաղաքական միավորներ, որոնք կոչվում էին «մելիքություններ», իսկ նրանց կառավարիչները` «մելիքներ» /«մելիք» սեմական բառից, որ նշանակում է «թագավոր»/: Դրանք հետագայում միավորվեցին 5 խոշոր մելիքությունների մեջ` Վարանդա, Խաչեն, Դիզակ, Ջրաբերդ, Գյուլիստան, որոնք հայտնի են «Խամսայի մելիքություններ» անվամբ /արաբերեն «խամսա»` հինգ բառից/:

XVII-XVIIIդդ. Արցախի մելիքները գլխավորում են հայերի ազատագրական պայքարն ընդդեմ շահական Պարսկաստանի եւ սուլթանական Թուրքիայի: Զինված պայքարին զուգընթաց Արցախի մելիքները բանագնացներ էին ուղարկում Եվրոպա եւ Ռուսաստան` քրիստոնյա Արեւմուտքից օգնություն խնդրելու նպատակով:

XVIII դարի 50-ական թվականներին, օգտվելով Ղարաբաղի մելիքների միջեւ ծագած ներքին երկպառակություններից, Վարանդայի մելիք Շահնազար II-ի օժանդակությամբ, թուրքալեզու քոչվոր ցեղերից մեկի առաջնորդ Փանահին հաջողվեց հիմնավորվել Շուշիի ամրոցում: Նա Ղարաբաղը հռչակեց խանություն, իրեն էլ` խան: Այդ քայլը պաշտպանություն գտավ պարսկական արքունիքի կողմից: Այս իրադարձություններով սահմանափակվեցին երկրի բնիկ մելիքների իրավունքները եւ սկիզբ դրվեց այլադավան ու այլէթնիկ տարրի իշխանությանը, ու սկսվեց նաեւ երկրամասի էթնիկական կազմի փոփոխման գործընթացը:

XVIII դարի վերջը - XIX դարի սկիզբը տարածաշրջանում նշանավորվում է ռուսական կայսրության դերի ակտիվացմամբ:

1804-13 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, ըստ 1813 թվականի հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի պայմանագրի կնքումով, Պարսկաստանը ընդմիշտ Ռուսաստանին է զիջում գրեթե ողջ Կովկասը, այդ թվում նաեւ Ղարաբաղի ու Գանձակի խանությունները: Այդ պայմանագրով վերջանում է ռուս-պարսկական առաջին պատերազմը, որը սկիզբ է դնում Անդրկովկասում Ռուսաստանի հաստատման գործընթացին:

1827-28թթ. ռուս-պարսկական նոր պատերազմն ավարտվեց 1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով, համաձայն որի Ռուսաստանին էին կցվում նաեւ Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները եւ Օրդուբադի գավառը, որով էլ ավարտվեց Արեւելյան Հայաստանի համարյա բոլոր հողերի միացումը Ռուսաստանին:

1840 թվականին ցարական Ռուսաստանի կողմից հրապարակված օրինագծով Անդրկովկասում իրականացվում է վարչական բաժանում. ստեղծվում են Վրացա-Իմերեթյան նահանգը Թիֆլիս կենտրոնով եւ Կասպիական մարզը` Շամախի կենտրոնով: Արեւելահայկական տարածքների մեծ մասն անցնում է Վրացա-Իմերեթյան նահանգի կազմի մեջ, իսկ որոշները, այդ թվում նաեւ Ղարաբաղը` Կասպիական մարզի:

XIX դարի 40-ական թվականների երկրորդ կեսին, վարչական նոր բաժանումների արդյունքում կազմավորվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու, ինչպես նաեւ մասնակիորեն Անդրկովկասում տեղավորված Դերբենդի նահանգները: Արեւելահայկական տարածքները առանձին գավառների կարգավիճակով անցնում են վերոհիշյալ առաջին երեք նահանգների կազմը:

Ցարական Ռուսաստանի 1867 թվականի դեկտեմբերի 9-ի նոր կանոնադրությամբ Անդրկովկասը բաժանվում է 5 նահանգների. Քութայիսի, Թիֆլիսի, Երեւանի, Ելիզավետպոլի եւ Բաքվի: Արեւելյան Հայաստանի մի մասը մտնում է Երեւանի նահանգի մեջ, իսկ մյուսը Ելիզավետպոլի եւ Թիֆլիսի նահանգների մեջ: Երեւանի նահանգի մեջ է մտնում նաեւ Նախիջեւանի գավառը: Լեռնային Ղարաբաղը մտնում է հիմնականում Ելիզավետպոլի նահանգի մեջ: Այսպիսի վարչա-տարածքային բաժանումը, աննշան փոփոխություններով, պահպանվեց մինչեւ 1918 թվականը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ 1918-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ


Ղարաբաղի հայերի բազմադարյա պատմության ծանր շրջաններից են 1918-1920 թվականները: Հենց այդ տարիներին էր, որ Արցախի հայկական հինավուրց մարզը դարձավ «տարածքային վեճերի» առարկա:

Ռուսական կայսրության անկումից հետո, 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում հրավիրվեց Անդրկովկասյան սեյմը, որը նույն թվականի ապրիլի 9-ին հայտարարեց Ռուսաստանից Անդրկովկասի անջատման մասին եւ հռչակեց Անդրկովկասի Դեմոկրատական Դաշնային Հանրապետությունը: Սակայն, անկախ Անդրկովկասի գոյությունը երկար չտեւեց: Ադրբեջանը ձգտում էր միավորվել Թուրքիայի հետ, Վրաստանը հույսեր էր տածում Գերմանիայի նկատմամբ, իսկ Անտանտայի առջեւ ունեցած դաշնակցային պարտքին հավատարիմ մնացած Հայաստանին ոչ ոք չէր սատարում: Ռուսական կանոնավոր բանակի հեռանալուց հետո 1918 թվականի ապրիլի սկզբներին ձեռնարկված թուրքական զորքերի նոր հարձակումն արագացրեց Անդրկովկասի փլուզումը:

1918 թվականի մայիսի 26-ին, «նկատի առնելով, որ Անդրկովկասի անկախ հանրապետությունը ստեղծած ժողովուրդների միջեւ արմատական տարակարծություններ են առաջացել պատերազմի եւ խաղաղության հարցի առթիվ», Սեյմը հավաստագրեց Անդրկովկասի փլուզումը եւ իր լիազորությունների ցած դնելը: Նույն օրն էլ Վրաստանը հայտարարեց իր անկախության մասին: Մայիսի 28-ին հռչակվեցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը:

Ինչպես հայտնի է, ցարական Ռուսաստանում վարչատարածքային բաժանումը կատարվում էր ոչ էթնիկ հատկանիշներով: Մինչեւ 1918 թվականի մայիսի ավարտը, այսինքն` մինչեւ Անդրկովկասյան սեյմի արձակումը, Լեռնային Ղարաբաղը մտնում էր Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ:

Ադրբեջանի կառավարությունն այս պայմաններում հռչակեց Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմի մեջ մտցնելու մասին: Ադրբեջանն այդ ակտով ձգտում էր իրեն ամրագրել Հայաստանի պատմական տարածքները` Ղարաբաղն ու Զանգեզուրը, որտեղ գերակշռում էր հայ բնակչությունը:

Ադրբեջանի համանման գործողությունները պայմանավորված էին նաեւ այն ողբերգական հանգամանքերով, որոնց մեջ հայտնվել էր հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ինչպես հայտնի է, 1915 թվականին Արեւմտյան Հայաստանի տարածքում Օսմանյան Թուրքիան իրագործեց հայ բնակչության ցեղասպանություն: Երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե այնքան էր հյուծված, որ չկարողացավ լրիվությամբ իրագործել հայ բնակչության եւ վաղնջական հայկական հողերի պաշտպանությունը:

Սակայն Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի ժողովուրդը հրաժարվեց ճանաչել Ադրբեջանի Հանրապետության իրավասությունը: Այստեղ իշխանությունը իրենց ձեռքը վերցրին հայկական ազգային նահանգային խորհուրդները, որոնք էլ կազմակերպեցին եւ գլխավորեցին Ադրբեջանի դեմ ուղղված պայքարը:

1918 թվականի հուլիսի 22-ին Շուշիում հրավիրվեց Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որն էլ Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ եւ Ժողովրդական կառավարություն` կազմված 7 հոգուց: Հուլիսի 24-ին ընդունվեց Ղարաբաղի ժողովրդական կառավարության հռչակագիրը, որտեղ շարադրված էին նորաստեղծ պետական իշխանության խնդիրները:

Ադրբեջանի կառավարությունն այդ համագումարից հետո փորձում էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններում ներառնել թուրքական զորքերի օգնությամբ: Զորքերի հրամանատար Նուրի փաշան մի վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի Ազգային խորհրդին, սակայն Ղարաբաղի հայերի` սեպտեմբերի 6-ին հրավիրված երկրորդ համագումարը մերժեց թուրքական հրամանատարության եւ Ադրբեջանի կառավարության այդ պահանջը:

1918 թվականի սեպտեմբերի 15-ին թուրքական զորքերը մտան Բաքու: Սկսվեց քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդը, որին զոհ գնացին 30 հազար հայեր: Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում ավերվեցին եւ ոչնչացվեցին հարյուրավոր գյուղեր: Այսպիսի պայմաններում թուրքական զորքերի հրամանատարությունը դարձյալ վերջնագիր հղեց Ղարաբաղի ժողովրդական կառավարությանը` ղարաբաղցիներից պահանջելով զինաթափվել, թույլատրել թուրքական եւ ադրբեջանական զորքերի մուտքը Շուշի եւ ճանաչել Ադրբեջանի իշխանությունը:

Վերջնագրի քննարկման նպատակով 1918 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրվեց Ղարաբաղի հայերի երրորդ համագումարը, որտեղ ընդունված` թուրքերին տրվելիք պատասխանի նախագծում վճռականորեն մերժվում էին զինաթափվելու եւ Ադրբեջանի իշխանությանը ենթարկվելու պահանջները: Մերժվեց նաեւ թուրքական զորքերը Շուշի մտցնելու պահանջը: Թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ հրաժարվել ժողովրդի ընդհանուր զինաթափման պահանջից, չպնդել Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու վրա եւ պահպանել Ղարաբաղի ստատուս-քվոն: Թուրքերը պնդում էին միայն զորքերը Շուշի մտցնելու անհրաժեշտությունը: Քանի որ առաջին համաշխարհային պատերազմում գերմանական բլոկի պարտությունը դարձել էր օրախնդիր, Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը ժամանակ շահելու նպատակով համաձայնեց այդ պահանջին: Սակայն երկրամասի բնակչությունը ծայրաստիճան դժգոհ էր եւ չէր հաշտվում թուրքական զորքերը Շուշի մտցնելու հետ:

Առանց կռվի մտնելով Շուշի` թուրքերը զինաթափ արեցին քաղաքի հայ բնակչությանը, ձերբակալեցին հայ մտավորականության ներկայացուցիչներին: Այդ էր պատճառը, որ Ղարաբաղի հայերը բեկանեցին երրորդ համագումարի որոշումը եւ սկսեցին պատրաստվել դիմադրության:

1918 թվականի հոկտեմբերի 31-ին Թուրքիան ճանաչեց կրած պարտությունը առաջին համաշխարհային պատերազմում: Նրա զորքերը նահանջեցին Անդրկովկասից, իսկ դեկտեմբերին նրանց տեղը գրավեցին անգլիացիները, որոնք էլ այստեղ դարձան բացարձակ տեր ու տիրական: Ադրբեջանի կառավարությունը այս անգամ փորձեց անգլիացիների օգնությամբ նվաճել Լեռնային Ղարաբաղը: Անդրկովկասում սահմանները չէին կարող գծվել առանց Անգլիայի համաձայնության: Հայտարարելով, թե վիճելի տարածքների ճակատագիրը պիտի որոշվի Փարիզի խաղաղության կոնֆերանսում, անգլիական հրամանատարությունը իրականում, տակավին մինչեւ հարցի վերջնական լուծումը, ջանք չէր խնայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու համար:

Լրիվ հսկողություն հաստատելով Բաքվի նավթի արտահանության վրա, անգլիացիները ձգտում էին Անդրկովկասը վերջնականապես անջատել Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը, ինչպես ենթադրվում էր, պետք է դառնար Արեւմուտքի ամրակետը եւ խոչընդոտեր տարածաշրջանի խորհրդայնացմանը: Այս պատճառով էլ Անդրկովկասի նկատմամբ դաշնային պետությունների վարած քաղաքականությունն ուներ ադրբեջանամետ ուղղվածություն: Ղարաբաղյան հարցի լուծումը ձգձգվում էր ռազմաքաղաքական իրավիճակի այնպիսի զարգացման եւ հետեւաբար Լեռնային Ղարաբաղի էթնիկ պատկերի այնպիսի փոփոխության հաշվարկով, որը նպաստավոր լիներ Ադրբեջանի համար:

1919 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական կառավարությունը, «անգլիական հրամանատարության գիտությամբ», Խոսրով բեկ Սուլթանովին նշանակեց Լեռնային Ղարաբաղի գեներալ-նահանգապետ, միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի Ազգային խորհրդին` Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով:

1919 թվականի փետրվարի 19-ին Շուշիում հրավիրվեց Ղարաբաղի հայ բնակչության չորրորդ համագումարը, որը վճռականորեն մերժեց Ադրբեջանի վերջնագիրը եւ բողոք արտահայտեց Սուլթանովին գեներալ- նահանգապետ նշանակելու առթիվ: Համագումարի ընդունած բանաձեւում ասվում է. «Պնդելով ժողովրդի ինքնորոշման սկզբունքի վրա, Ղարաբաղի հայ բնակչությունը հարգանքով է վերաբերվում դրկից թուրք ժողովրդի ինքնորոշման իրավունքին, միաժամանակ ողջ աշխարհի առջեւ վճռականորեն բողոքում է ադրբեջանական կառավարության այն փորձերի դեմ, որոնց միջոցով նա ջանում է վերացնել այս սկզբունքը Լեռնային Ղարաբաղի հարցում, որը երբեք իր վրա չի ընդունի Ադրբեջանի իշխանությունը»:

Սուլթանովի նշանակման առիթով բրիտանական առաքելությունը հանդես եկավ մի պաշտոնական ծանուցմամբ, որտեղ հայտարարեց, թե «բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվել է Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի եւ Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ: Բրիտանական առաքելությունն անհրաժեշտ է համարում վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»:

Ղարաբաղի Ազգային խորհուրդը տվեց այսպիսի պատասխան. «Ղարաբաղի հայերի Ազգային խորհուրդը լրիվ կազմով, Ղարաբաղի բոլոր շրջանների հրամանատարների հետ միատեղ, քննության առնելով Ադրբեջանի կառավարության գեներալ-նահանգապետ նշանակելու փաստը, եկել է այն եզրակացության, որ Հայկական Ղարաբաղը չի կարող հաշտվել նման փաստի հետ, որովհետեւ Ադրբեջանի կառավարությունից կախվածությունը, ինչ ձեւով էլ որ այն արտահայտվելու լինի, Ղարաբաղի հայ ժողովուրդն անընդունելի է համարում այն բռնությունների եւ իրավունքների ոտնահարման պատճառով, որոնց ենթարկվում էր հայ ժողովուրդը մինչեւ վերջերս Ադրբեջանի կառավարության կողմից ամենուր, որտեղ նա իր հույսերը կապում էր այդ կառավարության հետ: Հայկական Ղարաբաղը ցույց է տվել, որ ինքը փաստորեն իր սահմաններում չի ճանաչել եւ չի ճանաչում Ադրբեջանի կառավարության իշխանությունը, ինչպես որ վերջերս էր որոշել Ղարաբաղի հայերի համագումարը: Ելնելով այն բանից, որ բրիտանական հրամանատարության կողմից Հայկական Ղարաբաղը ճանաչվել է մի տարածք, որը մինչեւ խաղաղության կոնֆերանսը ենթարկեցված չէ որեւէ պետության, հետեւաբար, եւ հատկապես` Ադրբեջանին, Ազգային խորհուրդը Հայկական Ղարաբաղի կառավարության համար միակ ընդունելի ձեւը համարում է անգլիացի գեներալ-նահանգապետի նշանակումը, որի մասին էլ խնդրում է առաքելությանը միջնորդել անգլիական գերագույն հրամանատարության առջեւ»:

Սակայն անգլիական հրամանատարությունը, հակառակ ղարաբաղցիների բողոքների, շարունակում էր օգնել ադրբեջանական կառավարությանը` Հայկական Ղարաբաղը Ադրբեջանին կցելու քաղաքականության իրագործման մեջ: Բաքվի անգլիական զորքերի հրամանատար գնդապետ Շաթելվորթը ղարաբաղցիներին հայտարարեց հետեւյալը. «Ձեր ճանապարհները փակ են, ձեր սովահարները հաց չեն ստանա, ոչ մի բանով չենք օգնի ձեզ, մինչեւ որ չճանաչեք մուսավաթական Ադրբեջանի իշխանությունը»:

Չկարողանալով Լեռնային Ղարաբաղը ծնկի բերել ոչ սպառնալիքներով, ոչ էլ զինված ուժերի միջոցով, Շաթելվորթը 1919 թվականի ապրիլի վերջերին անձամբ եկավ Շուշի, որպեսզի Ղարաբաղի Ազգային խորհրդին հարկադրաբար ճանաչել տա Ադրբեջանի իշխանությունը: Ապրիլի 23-ին Շուշիում հրավիրվեց Ղարաբաղի հայերի հինգերորդ համագումարը, որն էլ մերժեց Շաթելվորթի պահանջը:

Մերժում ստանալով հինգերորդ համագումարից` Սուլթանովը վճռեց Լեռնային Ղարաբաղը ենթարկեցնել զինված ուժերի միջոցով: Ադրբեջանի համարյա ամբողջ բանակը կենտրոնացվեց Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ: 1919 թվականի հունիսի 12-ին անգլիական զորքերը հեռացան Լեռնային Ղարաբաղից` գործողությունների ազատություն տալով ադրբեջանական զորքերին:

Այդ օրերին համաձայնագիր ստորագրվեց Ղարաբաղի հայերի վեցերորդ համագումարը հրավիրելու համար, որին պետք է մասնակցեին թե անգլիական առաքելության, թե Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները: Համագումարի հիմնական խնդիրը մինչեւ Փարիզի խաղաղության կոնֆերանսի հրավիրումը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների հարցի քննարկումն էր: Սակայն անգլիական առաքելության եւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները եկան համագումարի աշխատանքի ավարտից հետո եւ բանակցությունները չկայացան: Պարզելու համար թե պատերազմի դեպքում Լեռնային Ղարաբաղը կկարողանա պաշտպանել իր անկախությունը, համագումարում ստեղծվեց հանձնախումբ, որն էլ հանգեց այն եզրակացության, որ ղարաբաղցիները չեն կարողանա այդ բանն անել: Համագումարն այսպիսի պայմաններում, Ադրբեջանի զինված հարձակման սպառնալիքի ներքո, ստիպված եղավ բանակցություններ սկսել:

Ձգտելով ժամանակ շահել եւ կենտրոնացնել եղած ուժերը, 1919 թվականի օգոստոսի 13-ին հրավիրված Ղարաբաղի հայերի յոթերորդ համագումարը օգոստոսի 22-ին ստորագրեց մի համաձայնագիր, որի համաձայն մինչեւ Փարիզի խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը, Լեռնային Ղարաբաղը իրեն ժամանակավորապես համարում էր Ադրբեջանի հանրապետության սահմաններում գտնվող տարածք: Սակայն հայերը զենքը ցած չդրեցին եւ ադրբեջանական զորքերն էլ չմտան Լեռնային Ղարաբաղ: Ըստ էության, օգոստոսի 22-ի համաձայնագիրը չէր փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, երկրամասն առաջվա պես մնացել էր ինքնուրույն քաղաքական միավոր:

Այս հանգամանքը չէր կարող գոհացնել Սուլթանովին, որը պատրաստվում էր Լեռնային Ղարաբաղի էթնիկ կազմի փոփոխության միջոցով այդ տարածքը վերջնականապես միացնել Ադրբեջանին: 1920 թվականի փետրվարի 19-ին Սուլթանովը դիմեց Ղարաբաղի հայերի Ազգային խորհրդին` «Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանին միացնելու հարցի անհապաղ լուծման» պահանջով:

1920 թվականի փետրվարի 28-ից մինչեւ մարտի 4-ը կայացավ Ղարաբաղի հայերի ութերորդ համագումարը, որն էլ մերժեց Սուլթանովի պահանջը: Համագումարի որոշման մեջ քննադատվեց Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը, կառավարություն, որը կոպտորեն խախտել էր օգոստոսի 22-ի ժամանակավոր պայմանագրի պայմանները: Համագումարի որոշմանը համապատասխան Անտանտի դաշնային պետությունների դիվանագիտական եւ զինվորական ներկայացուցիչները, Անդրկովկասյան երեք հանրապետությունները եւ Ղարաբաղի ժամանակավոր գեներալ-նահանգապետը իրազեկվեցին, որ «դեպքերի կրկնությունը Լեռնային Ղարաբաղի հայերին կհարկադրի պաշտպանության համար դիմել համապատասխան միջոցների»:

Սակայն Ադրբեջանի կառավարությունը չէր կամենում կանգ առնել: Նա վճռել էր` անհապաղ նվաճել Լեռնային Ղարաբաղը եւ ադրբեջանականացնել այն:

Ելնելով ստեղծված կացությունից` Ղարաբաղի հայերը… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz