… բաշխվածությանը: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և հատկապես Երևանում սեյսմիկ ռիսկի ծրագրված նվազեցումը, 

-   առողջապահության առավել արդյունավետ համակարգի ստեղծումը, որը նախատեսում է` առողջ ապրելակերպի արմատավորում, կեղծված դեղորայքի տարածման կանխում, հիվանդացության, հատկապես` ճառագայթային, սուր վարակիչ, համաճարակային հիվանդությունների, կենսաբանական ահաբեկչության ու թմրամոլության կանխարգելում, լայն տարածում ստացած հիվանդությունների վաղ հայտնաբերում, ախտորոշում ու բուժում, մայրության ու մանկության պաշտպանություն:


III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն


Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) բնակչության անվտանգության երաշխավորի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրն ունի առանցքային նշանակություն:

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու առաքելությունը կողմերի համաձայնությամբ վստահվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությամբ: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է խնդրի կարգավորման շուրջ ծավալվող քննարկումների մասնակիցների փորձագիտական բարձր մակարդակը: Հայաստանի Հանրապետությունը նպատակահարմար չի համարում խնդրի կարգավորման վերաբերյալ այլ կառույցների կողմից հայտարարությունների քննարկումն ու ընդունումը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավումը կարգավորման գործընթացներին:

 

Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ և փոխզիջումային ճանապարհով:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

 

Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, այն է` այդ հիմնախնդիրը լուծել Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով: Ուստի, Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պահանջում է մշտական բարձր մարտական պատրաստականություն: Այս գործում Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը:

IV.Արտաքին անվտանգության ռազմավարություն

Հայաստանն իր արտաքին անվտանգության ռազմավարությունն իրականացնում է` առաջնորդվելով հետևյալ գլխավոր սկզբունքներով.

 

Փոխլրացում

 

Հայաստանը միջազգային ասպարեզում հարաբերությունները կառուցում է գործընկերության հիմքի վրա` արդյունավետ հարաբերություններ զարգացնելով տարածաշրջանում գործող շահագրգիռ բոլոր ուժերի հետ միաժամանակ: Այն ողղված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը:

 

Ահաբեկչության դեմ պայքարում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրներում միջազգային հանրության համախմբումը և միջազգային կայունության արդի մարտահրավերների շուրջ մեծ տերությունների միջև ծավալված երկխոսության դրական ընթացքը ներկայումս նպաստում են Հայաստանի կողմից փոխլրացման արտաքին քաղաքականության իրականացմանը:

 

Ներգրավվածություն

 

Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային ներգրավման գործընթացներին մասնակցող երկիր է և իրեն դիտում է որպես տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների լիիրավ մասնակից: Ներգրավվածությունը ենթադրում է մասնակցություն միջազգային ասպարեզում ընթացող այն զարգացումներին, որոնց համահունչ են Հայաստանի որդեգրած նպատակները:

 

Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, զարգացման եվրոպական ուղու որդեգրումը, ԱՄՆ և Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունը, ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացումը ընդլայնում են փոխլրացման քաղաքականություն վարելու ներուժը:

 

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման ռազմավարությունը իրականացվում է երեք հիմնական հարթություններով` միջազգային, տարածաշրջանային և համահայկական:


1.Միջազգային


Միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու, դրանց դրական և բացասական միտումներին համարժեք արձագանքելու նպատակով Հայաստանը որդեգրել է միջազգային ակտիվ ներգրավման միջոցով ազգային շահերը պաշտպանելու ռազմավարությունը: Այն ենթադրում է ակտիվ մասնակցություն միջազգային արդի գործընթացներին, բազմակողմ, բազմաշերտ և երկկողմ ակտիվ քաղաքականության իրականացում:

 

Միջազգային ներգրավման ռազմավարությունը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

 

- մասնակցություն համընդհանուր նշանակության ծրագրերին, մասնավորապես` միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և խաղաղապահ գործողություններին,

 

- մասնակցություն սպառազինությունների վերահսկման ռեժիմներին,

 

- ակտիվ ներգրավվածություն միջազգային կարևորագույն կազմակերպություններում,

 

- համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընթացներում ներգրավված երկրների հետ փոխհարաբերությունների զարգացում,

 

- մասնակցություն Եվրոպայում և հետխորհրդային տարածքում ընթացող ներգրավման գործընթացներին:


1.1. Արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները


Երկրի անվտանգության ապահովմանն են նպատակաուղղված ինչպես Հայաստանի ռազմական ոլորտի համագործակցությունն առանձին երկրների հետ, այնպես էլ անդամակցությունն անվտանգության միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, մասնակցությունը դրանց շրջանակներում իրականացվող միջազգային ծրագրերին: Հայաստանի անվտանգության ռազմաքաղաքական ապահովման հիմնական բաղադրիչներն են.

 

- Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը,

 

- անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը,

 

- երկկողմ ռազմական համագործակցությունը, մասնավորապես` ԱՄՆ և Հունաստանի հետ,

 

- համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ,

 

- անվտանգության միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անվտանգության մարմինների գործունեությունը, որոնցով ապահովվում է սպառազինությունների վերահսկման բաց և թափանցիկ լինելու հանգամանքը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Պայմանագրի նպատակն է միասնական ուժերով կանխել, իսկ անհրաժեշտության դեպքում վերացնել մասնակից պետությունների դեմ ուղղված ռազմական սպառնալիքը:

 

Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն ապահովվում է անդամ-պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ: Պայմանագրի ռազմական բաղադրիչն արտոնյալ պայմաններ է ընձեռում անդամ-պետություններին ռազմատեխնիկական մատակարարումների հարցում, ինչն առաջնային կարևորություն ունի Հայաստանի համար:

 

ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացումը միտված է անդամ-պետությունների միջև ռազմական համագործակցության գործուն մեխանիզմների ստեղծմանն ու կայացմանը, միջազգային սպառնալիքների` ահաբեկչության, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետ միջոցների ստեղծմանը, այս ասպարեզում տեղեկատվության փոխանակմանը:

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ)

Հայաստանը հետամուտ է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ ակտիվ և արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ընթանում է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) և «Գործընկերություն հանուն խաղաղության՚ (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում:

 

Ակտիվ մասնակցությունը Գործընկերության շրջանակներում կարևորվում է ոչ միայն եվրոպական անվտանգության առանցքը հանդիսացող կառույցի` ՆԱՏՕ-ի հետ պատշաճ մակարդակի հարաբերություններ ունենալու անհրաժեշտությամբ, այլ նաև ԱՄՆ և դաշնակից այլ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի եվրոպական ներգրավման քաղաքականության տեսանկյունից:

 

Հայաստանը ընդլայնում է քաղաքական երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ, խաղաղապահ գործողությունների մասնակցության նպատակով կառուցում է դաշնակիցների հետ զինված ուժերի համատեղելի ստորաբաժանումներ: Հայաստանն իր խաղաղապահ գումարտակով և մի շարք այլ ուժերով մասնակցում է «Պլանավորման և վերանայման գործընթացին՚:

 

Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի»(ԱԳԳԾ) արդյունավետ իրագործումը նպաստելու է պաշտպանության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը, բարձրացնելու է վերջինիս արդյունավետությունը և ապահովելու է համատեղելիությունը զարգացած պետությունների պաշտպանական համակարգերի, ներառյալ` զինված ուժերի հետ:


1.2. Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին


Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)

1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների` մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավական պետության հաստատման սկզբունքները որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների, օժանդակ մարմինների և օղակների հետ:

 

Հայաստանը շարունակելու է մասնակցել և գործնական ներդրում կատարել ահաբեկչության դեմ միջազգային պայքարին և ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը` նպաստելով անվտանգության և կայունության ապահովման միջազգային ջանքերին:

 

Կարևորելով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ-ի առաջնային դերակատարությունը` Հայաստանը միևնույն ժամանակ համարում է, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նոր մարտահրավերներին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ը բարեփոխելու անհրաժեշտություն է առաջացել:


Եվրոպական կառույցներ

ա) Եվրոպական միություն (ԵՄ)

Եվրոպական կառույցների, առաջին հերթին ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

 

ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացումը դրական անդրադարձ կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և իրավական պետության կայացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

 

Եվրոպական միության` որպես համաշխարհային քաղաքականության և տնտեսության խոշորագույն ուժային կենտրոններից մեկի հետ հարաբերությունների զարգացումը կարևորվում է նաև առևտրատնտեսական կապերի առումով, ինչը նշանակալի գործոն է Հայաստանի տնտեսական զարգացման համար:

 

ԵՄ-ի կողմից հովանավորվող տարածաշրջանային ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծում Հարավային Կովկասում հարատև կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման համար: Հայաստանի ընդգրկումը «Եվրոպական հարևանության քաղաքականություն»(ԵՀՔ) ծրագրի մեջ զգալի առաջընթաց է եվրոպական ներգրավման ճանապարհին:

 

ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերից:


բ) Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)

Եվրոպայի խորհրդին անդամակցությունն ամրագրեց Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում, քաղաքական, իրավական, մարդու իրավունքների ու մշակութային բնագավառներում եվրոպական չափանիշներին հետևելու երկրի ընտրությունը:

 

Հայաստանը կարևորում է Հարավային Կովկասում միջպետական մակարդակով և քաղաքացիական հասարակության դերակատարների միջև շփումները խթանելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը, ինչը կարևոր գործոն է տարածաշրջանային համագործակցության խթանման, հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանային կայունության ապահովման համար:


գ) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)

Հայաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին կարևորվում է Եվրոպայի անվտանգության ու կայունության ապահովման, ժողովրդավարության և իրավական պետության չափանիշների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքների առումով:

 

ԵԱՀԿ-ն Հայաստանի համար առանձնապես կարևորվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից` կապված այդ նպատակով ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ:

 

ԵԱՀԿ-ի գործունեության երեք հիմնական` ռազմաքաղաքական, մարդկային և տնտեսական-բնապահպանական չափումներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը լրացուցիչ կարևոր գործոն է երկրի անվտանգության և կայունության համար:


Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ )

Հայաստանը ԱՊՀ կառույցի հիմնադիրներից է և նրա շրջանակներում համագործակցության ծրագրերի մշակման և իրականացման ակտիվ մասնակիցը: Դա պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ բնագավառներում երկրի ունեցած շահերով:

 

ԱՊՀ-ն զգալիորեն նպաստում է անդամ երկրների միջև տնտեսական կապերի, սոցիալական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանը:

 

ԱՊՀ շրջանակներում ջանքեր են գործադրվում նաև մի շարք ոլորտներում համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, այդ թվում` ռազմաքաղաքական, արտաքին սահմանների պաշտպանության ու վերահսկման, ինչպես նաև միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների տարանցման և տարածման, ապօրինի արտագաղթի դեմ պայքարի:


Միջազգային տնտեսական կազմակերպություններ

Հայաստանը մեծապես շահագրգռված է տնտեսական համագործակցության միջազգային կառույցներում իր ներգրավմամբ և դրանց շրջանակներում ծավալվող գործունեությամբ: Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցությունը:

 

Հայաստանի Հանրապետությունը սերտ և արդյունավետ համագործակցում է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այդ շարունակական համագործակցությունը և նշված կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցությունը մեծապես նպաստել են իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը:

 

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գործունեությանը:


1.3. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափը

Ռուսաստանի Դաշնություն

Կովկասի տարածաշրջանի մաս կազմող Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն տարածաշրջանային մակարդակով չսահմանափակվող բնույթ և ներուժ: Դրանք կրում են ռազմավարական բնույթ, ինչը պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի կարևոր դերով, հայ-ռուսական ավանդական բարեկամական կապերով, առևտրատնտեսական լայնածավալ համագործակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարմամբ, ինչպես նաև Ռուսաստանում հայկական ստվար համայնքի առկայությամբ:

 

Երկու երկրների միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին»պայմանագրով և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին»հռչակագրով կողմերի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն: Նշված պայմանագրերը և պաշտպանության ոլորտում երկու երկրների սերտ համագործակցությունը, այդ թվում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, հանդիսանում են Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկը:

 

Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում կարևորվում է որպես Հայաստանի անվտանգության և տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ապահովման գործոն: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում սահմանային անվտանգության ապահովման և հակաօդային պաշտպանության բնագավառներում:

 

Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը պաշտպանական, ռազմատեխնիկական և էներգետիկայի բնագավառներում, տրանսպորտային երթուղիների գործարկման, տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներում, Հայաստանի ռուսաստանաբնակ քաղաքացիների իրավական կարգավիճակի բարելավման հարցերում:


Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Դա պայմանավորված է ոչ միայն համաշխարհային, տարածաշրջանային ռազմաքաղաքական և տնտեսական գործընթացներում և միջազգային հարաբերություններում ԱՄՆ կարևոր դերակատարությամբ, այլև Հայաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող բազմաբնույթ աջակցությամբ:

 

Հայաստանի Հանրապետությունը սերտորեն համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` երկրի ժողովրդավարական զարգացմանը միտված բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ընդարձակ և բազմաբնույթ տնտեսական համագործակցություն է ծավալվել: Մեծ է ԱՄՆ բաժինը Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալում:

 

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը ներգրավված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում և իր նպաստն է բերում այդ ուղղությամբ տարվող միջնորդական ջանքերին: Հայաստանը կարևորում է նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության կայացմանն ուղղված ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը:

 

Հայաստանը համագործակցում է ԱՄՆ հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, խաղաղապահ գործողություններում, միջուկային զենքի չտարածման և համընդհանուր անվտանգության հետ կապված այլ հարցերում:

 

Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի հայկական Սփյուռքը, որը Միացյալ Նահանգներում ներկայացված է բազմաթիվ կազմակերպություններով և կենտրոններով:


Եվրոպական պետություններ

Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները Հայաստանի եվրոպական ներգրավման ընդհանուրգործընթացների մասն են կազմում: Երկկողմ հարաբերությունների օրակարգում Հայաստանը կարևորում է մեր երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման, եվրոպական ներգրավման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ու տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացները: Դա հնարավորություն է ընձեռում ընդարձակել առևտրային կապերը, մուտք գործել եվրոպական շուկա, խթանել Հայաստանի տնտեսության մեջ արվող ներդրումները:

 

Հայաստանը շահագրգռված է զարգացնելու բազմաբնույթ հարաբերությունները եվրոպական երկրների հետ` առաջնային համարելով քաղաքական, տնտեսական ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը: Միջազգային կազմակերպություններում համագործակցության հնարավորությունների կենսագործումը, ինչպես նաև մի շարք երկրներում մեծաթիվ հայ համայնքների առկայությունը և դրանց դրական ներուժը լրացուցիչ խթան են այդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

 

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է բարեփոխումների գործընթացում Արևելյան Եվրոպայի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:


Մերձավոր արևելք

Հայաստանի համար Մերձավոր արևելքի երկրների հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանին հարևան լինելու հանգամանքով և այնտեղ ծավալվող գործընթացների` միջազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ բազմաբնույթ կապերով կապված է եղել Մերձավոր արևելքի երկրների հետ, հիմնել է ստվար համայնքներ, իր գործուն մասնակցությունն է ունեցել տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

 

Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Մերձավոր արևելքի իր ավանդական գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ, նոր լիցք է հաղորդելու Պարսից ծոցի և Միջերկրականի արաբական երկրների հետ հարաբերություններին, առևտրատնտեսական համագործակցությանը:


Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրներ

Կայուն կերպով ընդլայվում և խորանում են Հայաստանի հարաբերությունները Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ուղղությամբ: Այս տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը կարևորվում է ԱԽՏ-ի խոշոր պետությունների, առաջին հերթին Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի միջազգային դերակատարման բարձրացմամբ, տարածաշրջանի երկրների տնտեսական ներուժով և առաջընթացով, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում նրանց հետ համագործակցելու հնարավորություններով:


2.Տարածաշրջանային

Հայաստանի անվտանգությունը գլխավորապես պայմանավորված է հարևան երկրների հետ հարաբերություններով, ինչպես նաև նրանցում և նրանց շուրջ ընթացող իրադարձություններով:

 

Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության միջավայրի ձևավորման, անվտանգության համակարգի ստեղծման, հարևան պետությունների միջև կառուցողական հարաբերությունների հաստատման օգտին: Տարածաշրջանում առկա են չկարգավորված հակամարտություններ, տարաձայնություններ հարևանների հետ: Չեն ձևավորվել կայունության, անվտանգության, հաղորդակցության ուղիների և տնտեսական համագործակցության համընդհանուր ու միասնական համակարգեր:

 

Երկխոսության և համագործակցության ճանապարհով է հնարավոր լուծել տարածաշրջանային հակամարտությունները, հարթել հակասություններն ու պատմական կնճիռները, կանխել տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացումը և դրանց բացասական հետևանքները:

 

Հայաստանի անվտանգության ապահովման տարածաշրջանային ռազմավարությունը նպատակաուղղված է.

 

- տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, երկկողմ և բազմակողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ծավալմանը,

 

- Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանը և համագործակցության բազմաբնույթ ծրագրերի կենսագործմանը,

 

- ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը,

 

- Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը,

 

- տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների տարածմանն ու առավել խորացմանը,

 

- տարածաշրջանում իրականացվող միջազգային տնտեսական ծրագրերին Հայաստանի մասնակցության ապահովմանը:


2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափ


Իրանի Իսլամական Հանրապետություն

Հայաստանի համար Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացումը պայմանավորված է էական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտիվ գործոններով` հարևանության հանգամանքով, պատմամշակութային կապերով, փոխադարձ տնտեսական շահերով:

 

Իրանի տարածքով են անցնում Հայաստանն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային երթուղիները: Հարևան երկու երկրների կողմից տնտեսական և տրանսպորտային շրջափակման պայմաններում կարևորվում է Իրանի` որպես դեպի Ասիա և Միջին արևելք ռազմավարական նշանակության ճանապարհ ապահովող երկրի դերը:

 

Փոխգործակցում են երկու երկրների էներգետիկ համակարգերը, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանի էներգետիկ անվտանգության այլընտրանքային աղբյուրների ապահովումը:

 

Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար արժևորվում են նաև այն հանգամանքով, որ վերջինս, հանդիսանալով տարածաշրջանի և իսլամական աշխարհի ծանրակշիռ ներկայացուցիչ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնականում հանդես է բերում հավասարակշռված մոտեցում:

 

Իրանի հետ տնտեսական համագործակցությունը Հայաստանը շարունակելու է զարգացնել էներգետիկայի, առևտրի ծավալների մեծացման, հաղորդակցության նոր ուղիների ձևավորման և արդեն առկա ներուժի արդյունավետ օգտագործման ուղղություններով:

 

Հայաստանը կարևորում է Իրանի ներգրավվածությունը Հարավային Կովկասում ընթացող տարաբնույթ գործընթացներում և այն դիտարկում որպես կայունության և հավասարակշռության պահպանման գործոններից մեկը:


Վրաստան

Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները ավանդաբար բարեկամական են և իրենց նշանակալի նպաստն են բերում տարածաշրջանում կայունության պահպանման գործին:

 

Վրաստանը կարևորվում է որպես տարածաշրջանում Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող պետություն, և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դրանց խորացումը բխում է Հայաստանի և Վրաստանի ռազմավարական երկարաժամկետ շահերից:

  

Հայաստանը մեծապես շահագրգռված է Վրաստանի կայուն և անվտանգ զարգացմամբ, ինչպես նաև առկա հակամարտությունների խաղաղ և ամբողջական կարգավորմամբ: Դա կնպաստի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարանցիկ ուղիների անվտանգ և վստահելի օգտագործմանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող Թբիլիսի-Սուխումի երկաթգծի վերաշահագործմանը:

 

Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայ համայնքի առկայության հանգամանքով: Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է Վրաստանի կառավարության հետ վրացահայության, այդ թվում` Ջավախքի երկրամասի հայ համայնքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:


Թուրքիայի Հանրապետություն

Հայաստանը և Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Դրանց խոչընդոտող հանգամանքներն են Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող մի շարք նախապայմանները:

 

Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին և շարունակելու է ձեռնարկել համապատասխան քայլեր խոչընդոտների հաղթահարման, երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

 

Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

 

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված բնույթը, մասնավորապես` փակ սահմանը, Հայաստանի ազգային անվտանգության համար ստեղծում է սպառնալիքներ և խոչընդոտում Հայաստանի կայուն զարգացման գործընթացին: Այդ հարաբերությունների չկարգավորվածությունն իր անմիջական բացասական ազդեցությունն է ունենում նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության զարգացման վրա:

 

Փոխհարաբերությունների կարգավորման արդյունքում կնվազեն տարածաշրջանում բաժանարար գծերի ձևավորման վտանգները, բարենպաստ մթնոլորտ կստեղծվի նաև ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման շուրջ:

 

Հայաստանի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկության կապակցությամբ նրա հետ վարվող բանակցությունների գործընթացին: Հայաստանը կարևորում է այդ գործընթացում երկակի չափանիշների կիրառման բացառումը և համարում է, որ բանակցությունների վարման կարևոր պայման պետք է լինի Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակման վերացումը, ինչը հատկապես արդիական է եվրոպական հարևանության քաղաքականությանը Հայաստանի անդամակցելու համատեքստում:


Ադրբեջանի Հանրապետություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, ինչը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն:

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման վրա ներազդելու նպատակով Ադրբեջանը հրաժարվում է ինչպես միմյանց կապող տրանսպորտային երթուղիների շահագործումից, այնպես էլ երկու երկրների միջև տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության եզրեր փնտրելու Հայաստանի և միջազգային հանրության առաջարկություններից:

 

Հայաստանը համարում է, որ տարածաշրջանային և սահմանային համագործակցությունը` որպես փոխվստահության մթնոլորտի ստեղծման և ամրապնդման միջոց, նշանակալի դրական ազդեցություն կարող է ունենալ: Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և այդ նպատակով խրախուսելու է տարբեր մակարդակներով համագործակցությունը, շփումներն ու փոխայցելությունները:


3.Հայաստան-Սփյուռք հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարևոր յուրահատկություններից է Սփյուռքին առնչվող խնդիրների համալիրը: Հայկական Սփյուռքն իր թվաքանակով գերազանցում է Հայաստանի բնակչությանը, սփռված է ողջ աշխարհով և մեծ մասամբ ցեղասպանության ու բռնի տեղահանման արդյունք է: Սփյուռքը բնորոշվում է տարբեր պետություններում բարձր մակարդակի ներգրավվածությամբ, պետական և հասարակական կյանքում զգալի դերակատարու

Создать бесплатный сайт с uCoz