ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԱԶԳԱՅԻՆ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված
ՀՀ Նախագահի 
2007թ. փետրվարի 7-ի 
ՆՀ- 37 -Ն հրամանագրի

 

(Հավանության է արժանացել ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում)

Ներածություն. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հասկացությունը

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգը: Այն իրականացվում է կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության մշակման և իրագործման միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է ճշգրտումների` ըստ ներպետական և միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաև ըստ սույն փաստաթղթում նշված նպատակների իրականացման:

 

Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են`

 

- պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,

 

- իրավունքի գերակայության ապահովումը,

 

- ժողովրդավարական արժեքների արմատավորումը,

 

- դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,

 

- զինված ուժերի մարտունակությունը,

 

- անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,

 

- արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը,

 

- սոցիալական արդարության ապահովումը:


I. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները, անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները, դրանց դեմ ուղղված սպառնալիքները

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքներն են`

 

- Անկախությունը. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

 

- Պետության և ժողովրդի պաշտպանվածությունը. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը:

 

- Խաղաղությունը և միջազգային համագործակցությունը. Հայաստանի Հանրապետությունը ձգտում է իր միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, նպաստում տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովմանը:

 

- Հայապահպանությունը. Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը` Հայրենիքում և Սփյուռքում:

 

- Բարեկեցությունը. Հայաստանի Հանրապետությունը ձգտում է կայուն զարգացման միջոցով բնակչության համար ապահովել կյանքի բարձր որակ:

2.Ազգային անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները

Ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններն ու գործողություններն են`

 

Անկախության ոլորտում.

 

- սահմանադրական կարգի, պետականության բոլոր բաղադրատարրերի, պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովումը,

 

- ժողովրդավարական համակարգի զարգացումը և պաշտպանությունը,

 

- մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովումը,

 

- Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը և պաշտպանվածությունը,

 

- շուկայական հարաբերությունների խորացումն ու արմատավորումը, տնտեսության գիտատար, ինովացիոն, արտահանմանն ուղղված ճյուղերի խթանումը,

 

- էներգետիկայի, տրանսպորտի և կապի ենթակառուցվածքների հուսալի գործունեության ապահովումն ու պաշտպանությունը:

 

Պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում.

 

- զինված ուժերի մարտունակության, անվտանգության և իրավապահ մարմինների գործունեության արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը,

 

- մասնակցությունը վերազգային հանցագործությունների, այդ թվում` միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրանյութերի ու կեղծված դեղորայքի տարածման, մարդկանց առևտրի, անորակ սննդամթերքի արտադրության և ներմուծման դեմ միջազգային պայքարին,

 

- ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումը,

 

- բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը, բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավումը,

 

- բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների` ժամանակակից մոնիտորինգով և կանխարգելմամբ զբաղվող միջազգային կառույցներում ներգրավումը, բնական և տեխնածին վտանգների հուսալի կանխատեսումը, կանխարգելումն ու չեզոքացումը, քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության և կայունության ապահովումը:

 

Խաղաղության և միջազգային անվտանգության ոլորտում.

 

- Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության ամրապնդումը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը, երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումը, այդ թվում` խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային ջանքերին, խաղաղապահ գործողություններին մասնակցելու միջոցով:

 

Հայապահպանության ոլորտում.

 

- Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համապարփակ հայեցակարգի մշակումն ու իրականացումը, Սփյուռքի ներուժի համակողմանի համախմբումը,

 

- հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի` որպես ազգային հոգևոր ժառանգության հարատևությունն ապահովող և ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացումը,

 

- ազգային մշակույթի համակողմանի զարգացումը` ինքնատիպության հիմքերի պահպանմամբ և համամարդկային մշակութային արժեքների ու նվաճումների յուրացմամբ, արտերկրում հայկական մշակութային ժառանգության ու նվաճումների արդյունավետ ներկայացումը:

 

Բարեկեցության ոլորտում.

 

- աղքատության հաղթահարումը,

 

- խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականության իրագործումը,

 

- արդյունավետ և մրցունակ գիտակրթական քաղաքականության մշակումն ու կենսագործումը` հատկապես նորարարական զարգացման ուղղությամբ,

 

- առողջապահության համընդգրկուն ու արդյունավետ համակարգի զարգացումը միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան,

 

- անհատի և հասարակության հոգևոր-մշակութային զարգացման պայմանների ապահովումը:


3.Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները


Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են` պետության, հասարակության, ընտանիքի և անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթները, գործողություններն ու անգործությունը: Այդպիսի սպառնալիքներ կարող են ծագել երկրի ներսում (ներքին սպառնալիքներ) և երկրի սահմաններից դուրս (արտաքին սպառնալիքներ):

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առանցքային խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

 

20-րդ դարի վերջին վերականգնելով իր անկախությունը` Հայաստանի Հանրապետությունը դեռևս պահպանում է անցումային ժամանակաշրջանին բնորոշ կերպափոխման առանձնահատկությունները, որոնցով էլ պայմանավորված են հիմնական ներքին սպառնալիքները:

 

Նույն ժամանակահատվածում Հայաստանի մերձակա տարածքներում ի հայտ եկան անվտանգության համար ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային սպառնալիքներ: Ներտարածաշրջանային սպառնալիքներն առավելապես պայմանավորված են տարածաշրջանում առկա ազգամիջյան հակամարտություններով, զինված բախումներով: Արտատարածաշրջանային սպառնալիքները հիմնականում բխում են տարածաշրջանի նկատմամբ բոլոր հիմնական ուժային կենտրոններում առկա շահերի խաչաձևումից:

 

Արտաքին սպառնալիքներն են`

 

- Զինված ուժի կիրառումը. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ զինված ուժի կիրառման բացահայտ սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի Հանրապետության կողմից: Թեև առկա են այդպիսի զարգացումը կանխող բազմաթիվ գործոններ, այնուամենայնիվ ամենաբարձր մակարդակով հնչող բացահայտ ռազմաշունչ հայտարարությունները հիմք են տալիս դրանք համարելու անմիջական սպառնալիքներ: Այդպիսի զարգացման պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել: Հայաստանի Հանրապետությունը, հենվելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի վրա, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում:

 

- Էթնիկական հակամարտությունները, ներքին բախումները և ռազմական գործողությունները սահմանակից պետություններում. Հայաստանի համար նման զարգացումները կարող են ներկայացնել տարաբնույթ սպառնալիքներ` տարանցիկ ենթակառուցվածքների դեմ դիվերսիոն գործողություններից մինչև հարևան պետություններում ծավալվող ռազմական գործողությունների անդրսահմանային ներազդեցությունները:

 

- Սահմանամերձ պետությունների տարանցիկ ուղիների խափանումը. Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ զգում է Թբիլիսի-Սուխումի երկաթգծի և Վրաստանից Ռուսաստան տանող ավտոճանապարհների չգործելու հետևանքները: Հայաստանի ազգային անվտանգության համար անմիջական սպառնալիք կարող է դառնալ Իրանի հանդեպ միջազգային հանրության կողմից լայնածավալ տնտեսական պատժամիջոցների հնարավոր կիրառումը:

 

- Ռազմավարական դաշինքների թուլացումը կամ ոչ բավարար ներգրավվածությունը դրանց. Հայաստանի Հանրապետությունը համարում է, որ ռազմավարական դաշինքներին անդամակցությունը պետք է բացառի դաշինքի մեկ անդամի կողմից մեկ այլ անդամի շահերին հակասող գործողությունները: Անհրաժեշտ է հստակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում մեկ անդամ-պետության դեմ զինված ագրեսիայի դեպքում այլ անդամների մասնակցության կանոնակարգերը:

 

- Ահաբեկչությունն ու անդրսահմանային հանցագործությունները. Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք է ներկայացնում միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով, զանգվածային ոչնչացման զենքի և թմրանյութերի տարածումն ու տարանցումը, փողերի «լվացումը՚, մարդկանց առևտուրը (թրաֆիքինգ):

 

- Էներգետիկ կախվածությունը. Հայաստանի Հանրապետությունը, ունենալով սահմանափակ բնական պաշարներ, ունի էներգետիկ կախվածություն: Իրագործված բարեփոխումները թույլ են տվել նվազեցնել այդ կախվածությունը` էներգետիկայի ոլորտում ձևավորելով արդյունավետ հարաբերություններ ինչպես երկրի ներսում, այնպես էլ էներգակիրներ մատակարարող հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ:

 

- Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է իր ներգրավվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին: Այդ առումով հատկապես կարևոր են Եվրոպական միության (ԵՄ) ՏՐԱՍԵԿԱ և ԻՆՕԳԵՅԹ ծրագրերը: Նշված ծրագրերից Հայաստանի Հանրապետության դուրս մղմանը միտված Ադրբեջանի Հանրապետության ջանքերը անմիջական սպառնալիքներ են:

 

- Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացումը. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Սփյուռքում հայապահպանության խնդիրը: Կազմակերպված և բնակության երկրներում արդյունավետ կերպով ներգրավված Սփյուռքի առկայությունը կարևոր է Հայաստանի միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացման տեսակետից: Հայաստան-Սփյուռք կապի թուլացումը, փոխհարստացնող շփման բացակայությունը կարող են վտանգ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքների համար:

 

- Համաճարակները և աղետները. Հայաստանի անվտանգության համար սպառնալիք կարող են հանդիսանալ սահմանակից շրջաններում, ինչպես նաև անդրազգային համընդհանուր մահաբեր համաճարակների բռնկումը և բնական ու տեխնածին աղետները:

 

Ներքին սպառնալիքներն են`

 

- Պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատա-իրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային շրջանում և բարեփոխումների ակտիվ փուլում: Ազգային անվտանգությանը սպառնալիք կարող են լինել պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը և բարեփոխումների գործընթացի դանդաղումը: Դատական իշխանության արդյունավետ, անաչառ և անկախ գործունեությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևոր ցուցանիշ է դրա նկատմամբ հասարակության վստահության մակարդակը:

 

- Քաղաքական համակարգի անկատարությունը. Ազգային անվտանգության համար վտանգ է ներկայացնում քաղաքական կուսակցությունների կայացման դեռևս ոչ բավարար մակարդակը: Ներկուսակցական ժողովրդավարացումը կարևոր է` որպես երկրում ժողովրդավարության ամրապնդման առանցքային նախապայման:

 

- Ժողովրդավարության արմատավորման ոչ բավարար մակարդակը. Անցումային շրջանում գտնվող պետություններում վտանգված են ժողովրդավարական համակարգի հարատևությունն ու արդյունավետությունը: Անմիջական սպառնալիքներ են` մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգի ձևավորումը, ընտրական գործընթացներում առկա թերությունները, քաղաքացիական հասարակության ոչ բավարար ներգրավվածությունը:

 

- Հասարակության բևեռացումը. Սոցիալական արդարության պետական արդյունավետ երաշխիքների ոչ բավարար լինելը, աղքատության մակարդակը, մասնագիտական կրթության, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության մակարդակը, հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը անցումային շրջանի ավանդական մարտահրավերներ են: Թեև Հայաստանի Հանրապետությունը կայուն առաջընթաց է գրանցում այս ուղղություններով, այնուամենայնիվ այդ ոլորտները շարունակում են մնալ բարձր ռիսկայնության դաշտում:

 

- Ուրբանիզացումը. Դեռևս ԽՍՀՄ կազմում գտնվելու ժամանակաշրջանում Հայաստանում բարձր էր ուրբանիզացման մակարդակը: Այս գործընթացը շարունակվեց նաև անկախացումից հետո: Դրա հիմնական պատճառը գյուղական շրջանների և քաղաքների` հատկապես մայրաքաղաքի միջև աշխատանքի շուկայի, կրթական հնարավորությունների, կյանքի որակի անհամաչափությունն է: Հայաստանի հետագա ուրբանիզացումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար: Դա կապված է սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցման, գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման, սահմանամերձ գյուղերի ամայացման վտանգների հետ:

 

- Շուկայական տնտեսության կայացման և ֆինանսաբյուջետային կառավարման մարտահրավերները. Արդար մրցակցային միջավայրի ձևավորման և բնական մենաշնորհների կառավարման ոչ բավարար մակարդակը, ստվերային տնտեսության և կանխիկ դրամաշրջանառության մեծ ծավալները պոտենցիալ սպառնալիք են երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ձգտում է պահպանել տնտեսական զարգացման բարձր ցուցանիշները` ապահովելով անհրաժեշտ պայմաններ ազատական առևտրի, փոքր և միջին գործարարության զարգացման, ներդրումներ ներգրավելու և դրանք պաշտպանելու համար:

 

- Ենթակառուցվածքների ցանցի ոչ բավարար մակարդակը. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է լրացուցիչ ճանապարհների, ջրատարների, կապի համակարգերի և այլ ենթակառուցվածքների զարգացման կարիք զգալ:

 

- Գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը. Կրթությունը ավանդաբար մեծ դեր ունի Հայաստանում: Գիտակրթական համակարգի կառավարման անարդյունավետությունը, միջազգային ներգրավվածության ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև յուրաքանչյուրի համար մասնագիտական կրթության ոչ լիարժեք մատչելիությունը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար:

 

- Բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերի վիճակը. Հասարակության և անհատի բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի ընտանիքում և շարունակվի կրթության բոլոր մակարդակներում: Պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության դեռևս ոչ բավարար մակարդակը և ազգային ինքնության աղավաղումը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար:

 

- Ժողովրդագրական բացասական միտումները. Հայաստանի Հանրապետությունը որպես իր ազգային անվտանգության սպառնալիք է դիտում ցածր ծնելիությունը, հիվանդացության և մահացության դեռևս ոչ ցածր և կյանքի միջին տևողության ու որակի ոչ բավարար ցուցանիշները, չկառավարվող և անօրինական արտագաղթը, հատկապես կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքը:

 

- Բնապահպանական խնդիրները և բնական պաշարների անարդյունավետ կառավարումը. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է լեռնահանքային արդյունաբերության, բնական, հատկապես` անտառային և ջրային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացումը: Բնապահպանական անվտանգության տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունեն Սևանա լճի պահպանումն ու դրա պաշարների գրագետ օգտագործումը:

 

- Համաճարակները և աղետները. Պետության տարածքում մահաբեր համաճարակների բռնկումը, ավերիչ երկրաշարժերը և այլ բնական ու տեխնածին աղետները սպառնալիք հանդիսացող գործոններ են:

 

Նշված սպառնալիքների կանխման և դրանց հետևանքների վերացման, պետության և հասարակության կայուն զարգացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության հիմքում դրվում է ազգային անվտանգության ռազմավարությունը:


II.Ներքին անվտանգության ռազմավարությունը


Հայաստանի Հանրապետության կայուն և անվտանգ զարգացումը պահանջում է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, ժողովրդավարական արժեքների արմատավորում, տնտեսական աճի պահպանմանն ուղղված քայլերի ձեռնարկում: Դրա անհրաժեշտության գիտակցմամբ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել համապարփակ բարեփոխումների իրագործմանը: Բարեփոխումներն իրականացվում են ազգային ինքնության պահպանման պայմանով` հենվելով առավելապես ազգային ներուժի վրա, օգտագործելով միջազգային հանրության փորձն ու աջակցությունը: Բարեփոխումների ձգձգումը կամ ձախողումը անմիջական սպառնալիքներ են ազգային անվտանգության համար:

 

Բարեփոխումների իրագործումն ապահովվում է միասնական պետական քաղաքականության իրականացմամբ: Այն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության որոշումների և դրանցից բխող նորմատիվ ակտերի համալիրի միջոցով:


1.Արդյունավետ պետական կառավարում


Նպատակներն են` պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, կայունության ապահովումը, ժողովրդավարական արժեքների և առաջին հերթին մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը:

 

Հաստատութենական (ինստիտուցիոնալ) բարեփոխումները միտված են ժողովրդավարական պետության զորացմանը, պետական կառավարման մարմինների արդյունավետ գործունեության, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք կայացմանը, որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը, կոռուպցիայի, մասնավորապես` կաշառակերության դեմ պայքարի ուժեղացմանը: Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է համապատասխան պետական հեռանկարային ծրագրեր, այդ թվում` հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր, վարչական արդարադատության համակարգի ձևավորման և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նախագծեր:

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրներից է ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման համակարգի հաստատումը:

 

Որպես պետության սահմանադրական կարգի պահպանության, իրավունքի գերակայության, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովման հիմնարար խնդիր` Հայաստանի Հանրապետությունը կարևորում է իրավապահպանության բնագավառի ռազմավարական բարեփոխումները: Դրանք ուղղված են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովմանը, հակաիրավական ոտնձգություններից պետության, հասարակության և անհատի պաշտպանությանը:

2. Բանակաշինություն

Նպատակն է` պետության այնպիսի պաշտպանական ներուժի ապահովումը, որն անհրաժեշտ է հետ մղելու որևէ ագրեսիա` Հայաստանի Հանրապետության ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունն ապահովում են մարտունակ, արտաքին սպառնալիքների հետմղման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի առաջնայնություններն ու նպատակները պետք է ներկայացվեն ռազմական դոկտրինի միջոցով: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են պաշտպանողական ռազմավարության սկզբունքով:

 

Հայաստանի Հանրապետությունը հետևողական է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և ռազմական բյուջեի պլանավորման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների ապահովման խնդրում:

 

Գիտակցելով արդի մարտահրավերների նկատմամբ մեկ պետության կարողությունների սահմանափակ լինելը` Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ակտիվ ռազմաքաղաքական համագործակցությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային պետությունների հետ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնակցում են խաղաղության և անվտանգության ապահովման միջազգային գործողություններին:

 

Այս բարեփոխումներն ու համագործակցությունը իրականացվում են ի նպաստ Հայաստանի Հանրապետության շահերի և ուղղված չեն երրորդ երկրների դեմ:


3.Ազատական տնտեսություն


Նպատակներն են` տնտեսության կայուն աճը, մանր և միջին գործարարության զարգացումը, էներգետիկ անկախությունը, գործարարության համար առավել ազատական պայմանների ստեղծումը:

 

Մասնավոր սեփականության հանդեպ հարգանքն ու ձեռնարկատիրական ջիղը պատմականորեն բնորոշ են Հայաստանի ազգաբնակչությանը: Այդ յուրահատկությունները և դրանց արտացոլումը բարեփոխումների քաղաքականության մեջ նպաստավոր պայմաններ ստեղծեցին Հայաստանի տնտեսության արագընթաց աճի համար:

 

Հայաստանի Հանրապետությունը հատկապես կարևորում է մանր և միջին գործարարության զարգացումը և նպաստում դրա զարգացմանը` հաշվի առնելով դրա բացառիկ նշանակությունը ժողովրդավարական հասարակության կայացման, ինչպես նաև Հայաստանի համար ավանդական ընտանեկան կապերի պահպանման համար:

 

Հայաստանն իր կայուն տնտեսական առաջընթացի ապահովման գործում կարևորում է`

 

- շուկայական հարաբերությունների հետագա զարգացումը,

 

- տնտեսության մրցունակության բարձրացումը,

 

- մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը, ֆինանսական համակարգի զարգացումը,

 

- ֆինանսական միջնորդության խորացումը,

 

- մրցակցային միջավայրի բարելավումը, տնտեսության ստվերային մասի կրճատումն ու դոլարացման էական նվազեցումը,

 

- տնտեսության ճյուղերի մենաշնորհացման կանխումը, բնական մենաշնորհների արդյունավետ կառավարումը և վերահսկումը,

 

- ներդրումների խթանման հեռանկարային ծրագրի իրագործումը,

 

- տարածքային ու ճյուղային սոցիալ-տնտեսական զարգացման համաչափությունը, ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումը,

 

- տնտեսության կառուցվածքում գիտատար ճյուղերի և բնապահպանության տեսակետից մաքուր տեխնոլոգիաների կիրառման գերակայության ապահովումը,

 

- արտահանման խթանումը:

 

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է.

էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանացում, նոր էներգետիկ, այդ թվում` միջուկային հզորությունների ստեղծում, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցում,

հանրապետության տրանսպորտային համակարգի կայուն զարգացման ապահովմանը, տարանցիկ ապրանքափոխադրումների համակարգում Հայաստանի տրանսպորտային ուղիների ներգրավմանը և դրանով իսկ` տրանսպորտային շրջափակման վերացմանը,

մաքուր շրջակա միջավայրի, բնական պաշարների, այդ թվում նաև` ջրային պաշարների ու Սևանա լճի բնահամակարգի վերականգնմանը, պահպանությանը և օպտիմալ օգտագործմանը, անտառածածկույթի պահպանմանն ու վերականգնմանը, ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների պահման համապարփակ վերահսկմանը, բնական և տեխնածին աղետների կանխատեսմանն ու վաղ ազդարարմանը, դրանց արագ արձագանքման համակարգի զարգացմանը, արտակարգ իրավիճակների բացահայտման և հաղթահարման կառույցների ստեղծմանը, բնակչության բնապահպանական իրազեկության ու կրթվածության ապահովմանը,

բնակչության կենսաբանական անվտանգության և երկրի պարենային անվտանգության ապահովմանը, այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի ու սննդամթերքի արտադրության ավելացմանը, ներմուծման և արտահանման հաշվեկշռի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ապահովմանը, տարածքային համալիր ծրագրերի իրականացմանը, հատկապես սահմանամերձ ու լեռնային շրջանների բնակավայրերի տնտեսական ու սոցիալական զարգացմանը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ագրարային հատվածում արտադրողականության մակարդակի բարձրացմանը:


4.Կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ


Նպատակներն են` աղքատության հաղթահարումը, բնակչության կենսամակարդակի հարաճուն բարձրացումը, սոցիալական արդարության արմատավորումը, հասարակության բևեռացման վերացումը, գիտակրթական համակարգի արդիականացումը, կրթության մատչելիությունը, հոգևոր-մշակութային ոլորտների շարունակական զարգացումը:

 

Կյանքի նոր որակ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական, գիտակրթական, հոգևոր-մշակութային ոլորտներում վարած քաղաքականությունը միտված է`

 

- սոցիալական պետության կերտմանը և սոցիալական արդարության արմատավորմանը,

 

- հանրային համերաշխության հաստատմանը,

 

- բնակչության սոցիալական պահանջմունքների բավարարմանը, սոցիալական ենթակառուցվածքների ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովմանը,

 

- նոր աշխատատեղերի ստեղծմամբ և ապահովագրական համակարգի ներդրմամբ բնակչության սոցիալական վիճակի հարաճուն բարելավմանը,

 

- կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացմանը, կենսաթոշակի նվազագույն չափի համապատասխանեցմանը կենսաբանական պահանջմունքների միջազգային չափանիշներին,

 

- ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը,

 

- տնտեսության և հասարակության կայուն զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատուժի, մասնավորապես` գիտական և գիտամանկավարժական ներուժի վերարտադրությանը:

 

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է`

 

- Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը, գիտակրթական համակարգի վերակառուցումը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին, ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը,

 

- գիտական արտադրանքի ապրանքայնացումը, գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր, ներառյալ` պաշտպանական ոլորտներում դրանց արդիականացումն արդյունավետ կերպով ապահովելու նպատակով,

 

- «ուղեղների արտահոսքի»կանխումը,

հայոց լեզվի` որպես հայ ազգի լեզվամտածողության հենքի և Հայաստանի Հանրապետության պետական լեզվի դերի բարձրացումը,

մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը,

- համամարդկային ու ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,

 

- մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովումը,

 

- աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, բարոյական, սոցիալական և մշակութային գործունեությանը,

 

- հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելումը,

 

- այլ պետությունների հետ համագործակցությունը` նրանց տարածքում գտնվող հայկական պատմական, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման նպատակով,

 

- Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանությունը,

 

- ներգրավումը միջազգային տեղեկատվական դաշտին, Հայաստանի և հայության մասին ճշմարտության արհեստավարժ ներկայացումը միջազգային հանրությանը, հակազդումը ապատեղեկատվությանն ու քարոզչությանը,

 

- «Ինտերնետ»համացանցում հայալեզու և Հայաստանին, հայագիտության բոլոր ճյուղերին և հայությանն առնչվող բովանդակության անհրաժեշտ ծավալի և որակի, ինչպես նաև դրանց համաչափության ապահովումը,

 

- քաղաքաշինության հարատև զարգացումը, ներառյալ` ներդաշնակ կենսատարածքի ձևավորումը և նպաստումը բնակչության տարածքային համաչափ… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz