…ն հաջողվել է իր գոյությունը պահպանել Հայաստանի լեռնային անառիկ շրջաններում և գոյատևել մինչև XIX դ. սկզբները։

Հայ ավատատերերից ոմանք հպատակվել են նվաճողներին և պահպանել իրենց գոյությունը։ Իսկ մյուսները, չդիմանալով նվաճողների ճնշումներին, արտագաղթել են երկրից։ Հայ իշխանավորներից ոմանք էլ իրենց սեփական տիրույթները փրկելու համար դրանք կամովին հանձնել են եկեղեցուն, իսկ իրենք ընդունել հոգևոր աստիճան։ Նրանք հայտնի են պարոնտեր անունով։

Հայ իշխաններից ոմանք էլ, թեև ընդունել են նվաճողների գերիշխանությունը՝ հպատակվելով նրանց, աշխատել են ամեն գնով պահպանել իրենց ինքնավարությունը։ Այդպիսի իշխանություններից էին Սյունիքի, Արցախի և Գեղարքունիքի մելիքությունները, որոնց գլուխ կանգնած էին մելիքները։ Դեռևս XVI դ. հայտնի են եղել Խաչենի և Վարանդայի մելիքությունները։ Ավելի ուշ մելիքություններ են կազմակերպվել Գյուլիստանում, Ջրաբերդում, Դիզակում ու Սյունիքի գավառներում։ Մելիքներն Արցախի և Սյունիքի նախկին հայ իշխանական տների ժառանգներն էին, որոնց իրավունքները ճանաչեցին պարսից շահերը։ Նրանք անմիջապես ենթակա էին շահին՝ ճանաչելով նրան իրենց գերագույն իշխող։ Նրանք ունեին իրենց դղյակը, ամրոցը, զորքը և պաշտոնյաները։ Որպես հպատակ նրանք շահին միայն հարկ էին վճարում։ Մելիքի պաշտոնը ժառանգական էր, բայց մահացած մելիքի պաշտոնի ժառանգումը պիտի հաստատվեր շահի կողմից։ Մելիքներն էին նշանակում և հավաքում հարկերն ու տուրքերը, լուծում բոլոր վեճերը։ Գյուղերում նրանց իշխանությունը իրագործում էր տանուտերը։ Պատերազմների ժամանակ մելիքները պարտավոր էին իրենց զորքով ներկայանալ շահին, պաշտպանել երկիրը օտար թշնամուց։ Մելիքներն ունեին ընդարձակ հողատարածքներ, որից ստացված եկամուտը միայն իրենք էին տնօրինում։

Արևմտյան Հայաստանում հայկական իշխանություններ էին պահպանվել Շատախում, Մոկսում, Սասունում, Զեյթունում, Համշենում և այլուր։ Հայ ժողովրդի պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Զեյթունը, որը գտնվում էր Կիլիկիայի՝ լեռներով շրջապատված մի փոքրիկ հովտում։ Այստեղ բնակվում էին 20-30 հազար հայեր։ Նրանք մինչև XVII դ. չէին ենթարկվում նույնիսկ հզոր Օսմանյան պետությանը։ Երկար պայքարից հետո միայն նրանք համաձայնեցին Օսմանյան պետությանը հարկ վճարել՝ իրենց ներքին անկախությունը պահելու պայմանով։ Ազատության այս օջախն իր կիսանկախությունը պահպանեց մինչև XIX դ. 60-ական թթ.։

Հայկական ինքնավար այդ իշխանությունները խոշոր նշանակություն ունեցան Արևելյան և Արևմտյան Հայաստանում՝ թուրքական և պարսկական տիրապետության դեմ մղած ազատագրական պայքարում։ Դրանք դարձան հայ ազատագրական պայքարի զարթոնքի ու կազմակերպման օջախներ։

 

Սմբատ Արծրունին՝ Հայոց թագավոր

Հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը երբեք չդադարեցրեց իր պայքարը անկախության վերականգնման համար։ Այդ պայքարը երբեմն ընթացել է դիվանագիտական բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների միջոցով։ Փորձեր են կատարվել դիմելու եվրոպական պետությունների օգնությանը։ Փորձ կատարվեց անգամ դիմելու կարա-կոյունլու Ջհանշահին։ Վերջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Ձաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ Աղթամարի կաթողիկոսները սերում էին Արծրունիների թագավորական ընտանիքից, և պատահական չէր, որ ժամանակագիրը կաթողիկոսին համարում էր «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից և ցեղից»։

Ձաքարիա Աղթամարցին որպես Հայոց թագավորի թեկնածու առաջարկում է իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։ Ջհանշահը տալիս է իր համաձայնությունը։ 1465թ. սկզբներին Աղթամարի կաթողիկոսը Աղթամարի Սբ Խաչ մայր եկեղեցում, հայոց մեծամեծերի ներկայությամբ, հանդիսավորությամբ Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա տարածքը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքով։ Որպես Հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։

 

1547թ. Էջմիածնի խորհրդաժողովը։ Ստեփանոս Սալմաստեցի

Հայ ազատագրական շարժման գործիչները համոզված էին, որ միայն սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել թուրք-պարսկական տիրապետությունից։ Այն գաղափարն էր արմատացել, թե իբր մի հզոր քրիստոնյա պետություն պետք է ազատագրի հայ ժողովրդին։ Սակայն հստակ չէր, թե որն էր լինելու այդ ուժը, և ինչ ճանապարհներով էր Հայաստանն ազատագրվելու։ Ազատագրական շարժման ղեկն իրենց ձեռքն են վերցնում հայ հոգևորականության լավագույն ներկայացուցիչները։ Նրանք էլ Հայաստանի ազատագրության խնդրի վերաբերյալ հրավիրում են խորհրդաժողովներ։

Առաջին խորհրդաժողովը 1547թ. կազմակերպել է կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին Էջմիածնում։ Ժողովին մասնակցել են արևելահայ հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան գործիչներ։ Ժողովը որոշում է դիմել Հռոմի պապին, որը, ժողովականների համոզմամբ, պետք է կազմակերպեր Հայաստանի ազատագրումը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմվեց պատվիրակություն, որը խնդրագիրը պետք է տաներ Եվրոպա՝ ներկայացնելու Վենետիկի հանրապետությանը և Հռոմի պապին։ 1548թ. պատվիրակությունը բանակցություններ է վարում Վենետիկում, իսկ 1549թ.՝ Հռոմի պապի հետ։ Բանակցությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հռոմում։ Պապական արքունիքում հայերին հասկացրին, որ նրանք նախ պետք է հրաժարվեն հայոց դավանանքից և ընդունեն կաթոլիկություն, որից հետո միայն կարող էր խոսք գնալ Հայաստանի ազատագրությանը օգնելու մասին։ Հայոց կաթողիկոսը բանակցություններ է վարել նաև Գերմանիայի կայսեր, Պրուսիայի և Լեհաստանի թագավորների հետ, սակայն շոշափելի արդյունքի չի հասել։ Նրան բախտ չվիճակվեց վերադառնալ Հայաստան։ Նա իր մահկանացուն կնքեց Լեհաստանում։

Հայ ազատագրական շարժման այս առաջին քայլը թեև ավարտվեց անարդյունք, սակայն ճանապարհ բացեց հայ-արևմտաեվրոպական հետագա բանակցությունների համար։

 

1562թ. Սեբաստիայի գաղտնի ժողովը

Մի քանի տարի անց Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողով, որի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն էր։ Ժողովականները գտնում էին, որ պետք է նոր խնդրագիր ուղարկել Հռոմի պապին ու Վենետիկի հանրապետությանը։ Անհրաժեշտ էր նրանց համոզել, որպեսզի ձեռնամուխ լինեն Հայաստանի ազատագրության գործին։

Խնդրագիրը Եվրոպա տարավ բանիմաց և աշխարհ տեսած մի մարդ՝ Աբգար Եվդոկացին։ 1563թ. Աբգարը տեսակցել է Վենետիկի հանրապետության ղեկավարության, իսկ 1564թ.՝ Հռոմի պապի հետ։ Հակառակ հայերի ակնկալիքների, Հռոմի պապն այս անգամ էլ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց Հայաստանի ազատագրության ուղղությամբ՝ պահանջելով միայն դավանաբանական զիջումներ։ Կաթոլիկ Արևմուտքը պատրաստ չէր քաղաքական լուրջ երկխոսության, նրան առաջին հերթին հետաքրքրում էին դավանաբանական խնդիրները, Հայոց եկեղեցին Հռոմին ենթարկելը։ Իսկ հայկական կողմն էլ, հույսը դնելով միայն եվրոպական օգնության վրա, թերագնահատում էր սեփական ուժերը Հայաստանի ազատագրության գործում։

 

Հայկական գաղթավայրերը միջնադարում

Աշխարհի տարբեր երկրներում առաջացած հայկական գաղութների պատմությունը հայ ժողովրդի ամբողջական պատմության անբաժանելի մասն է կազմում։ Հայկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն ու բարքերը, հայկական մշակույթը։

Հայ ժողովուրդը դեռևս հին դարերից կրել է արտագաղթերի ծանրությունը։ Հատկապես միջնադարում Հայաստանը, ինչպես հայտնի է, պարբերաբար ենթարկվել է ավերիչ արշավանքների և հաճախ ընկել օտարի ծանր տիրապետության տակ։ Եվ, չդիմանալով դաժան հալածանքներին, երկրի բնակչության մի մասը հարկադրված դիմել է արտագաղթի։ Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։

Գաղութ կամ գաղթօջախ ձևավորվում է այն պարագայում, երբ գաղթողներն օտար երկրում ապրում են համախմբված, ստեղծում են իրենց համայնքը։ Նրանք սովորաբար պահպանում են մայրենի լեզուն, հայրենի դավանանքը, ազգային ավանդույթներն ու դիմագիծը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր։

 

Ղրիմ

Ղրիմը հայերին ծանոթ է հին ժամանակներից։ Սակայն այնտեղ մշտական հայ բնակչություն է հաստատվում IX դ. սկսած։ Հետագայում, հատկապես XIV դ., մոնղոլներից հալածվող հայ բնակչությունը գաղթում է Ղրիմ։ Հայերի թիվն այնքան է ավելանում, որ թաթարներից հետո նրանք բնակչության քանակով երկրորդն էին։ Իզուր չէ, որ Ղրիմի թերակղզու հարավարևելյան շրջանը հաճախ անվանում էին ծովային Հայաստան։ Հայերը բնակվում էին թերակղզու տարբեր քաղաքներում և մի շարք զուտ հայկական գյուղերում։

Ղրիմահայերը մասնակցում էին մերձսևծովյան շրջանների, ինչպես նաև Կովկասի, Հայաստանի և Սոսկվայի հետ կատարվող առևտրին։ Հայ և օտարազգի վաճառականները Ղրիմ էին ներմուծում գործվածքեղեն, մորթեղեն, պերճանքի առարկաներ, համեմունք և այլն։ Ղրիմից արտահանում էին հաց, ձուկ, կաշի, մոմ, աղ և այլն։ Ղրիմահայ վաճառականները սերտ կապերի մեջ էին հատկապես Լվովի հետ։ Նրանց ձեռքում էր գտնվում թաթարական շրջաններում կատարվող առևտրի մենաշնորհը։ Ղրիմահայերն ավելի պակաս չափերով զբաղվում էին նաև արհեստագործությամբ և գյուղատնտեսությամբ։

Ղրիմահայերն ունեին իրենց եկեղեցին ու դպրոցները։ Նրանք կապ էին պահպանում մայր հայրենիքի ու Կիլիկիայի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի, Մոլդովայի և հայաշատ այլ վայրերի հետ։ Այդ կապերը մեծապես նպաստում էին ազգային ավանդույթները պահպանելուն և զարգացնելուն։

 

Լեհաստանի գաղթօջախները

Լեհաստանին պատկանող ուկրաինական տարածքներում հայերը հաստատվել էին դեռևս XI–XII դդ.։ Այստեղ, սակայն, հայ համայնքները ձևավորվում են XIII-XIV դդ.։ Հայերը, նեղվելով մոնղոլներից, Կիևից և Արևելյան Ուկրաինայից գաղթում են դեպի արևմուտք։ Նրանք հաստատվում և աշխուժացնում են Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի հայ համայնքները։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո գաղթականների նոր ալիք է ուղղվում դեպի այդ երկրներ։ Հայկական գաղթօջախներ են առաջանում Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և այլ վայրերում։ Հայ համայնքներն ստանում են դավանանքի ազատություն և տնտեսական ազատ գործունեության իրավունք։ Դատավարությունը տարվում էր սեփական օրենքներով, լեհահայերի դատաստանագրքով, որը կազմված էր հայկական օրենսդրության հիման վրա։

Այս երկրների հայերի գլխավոր զբաղմունքը նույնպես առևտուրն էր, թեպետև զբաղվում էին նաև արհեստներով ու գյուղատնտեսությամբ։

Հայկական համայնքների մեջ մեծ էր հատկապես Լվովի գաղթօջախի նշանակությունը։ XIV-XVII դդ. Լվովը լեհահայերի հոգևոր և վարչական կենտրոնն էր։ Հայկական մյուս գաղութները հաճախ դիմում էին Լվովի հայոց դատարանին։ Հայերն ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և միջազգային առևտրին։ Նրանք արևելյան երկրներից ներմուծում էին գորգեր, կերպասներ, չոր միրգ, համեմունք և այլ ապրանքներ։ Հունգարիայից, Մոլդովայից բերում էին խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։

Հայերն ակտիվորեն մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին։ Նրանք դիվանագիտական կարևոր ծառայություններ են կատարել, մասնակցել են թուրքական նվաճումների դեմ մղվող պայքարին։ Վիեննայի ճակատամարտում (1683թ.), որտեղ թուրքերը գլխովին ջախջախվեցին, լեհական բանակում կռվում էին նաև հինգ հազար հայեր։

Լեհահայ գաղութներն ապրել են բեղմնավոր կյանքով։ Հայկական բոլոր համայնքներում կային դպրոցներ։ XVII դ. սկզբին Լվովում հիմնվում է հայկական տպարան։ Զարգանում են մշակույթի մյուս ճյուղերը, այդ թվում և ճարտարապետությունը։ Լվովում կառուցված հայկական տաճարը (1363թ.) մինչև այժմ կանգուն է։ Տեղի հայերին հարկադրաբար կաթոլիկ դարձնելու և տրված արտոնությունները վերացնելու պատճառով հայ գաղթօջախներն անկում ապրեցին։

 

Բուլղարիա

Բուլղարիայում և Բալկաններում հայ համայնքներ առաջացել են հնագույն ժամանակներից։ Արաբական ծանր տիրապետության շրջանում հայերը զանգվածաբար դիմում էին արտագաղթի։ Բյուզանդական կայսրերը ևս պարբերաբար կազմակերպում էին հայերի բռնագաղթեցումներ։ Այդ եղանակով Բալկաններում հայկական հոծ զանգվածներ են հաստատվում։ Տակավին XI դ. Պլովդիվ քաղաքի մոտ հիմնվում է Սուրբ Աստվածածին վանքը։ Դա քաղաքի մերձակայքում հաստատված հայերի հոգևոր կենտրոնն էր։ Հետագայում, հատկապես XIV-XV դդ., հայկական գաղթօջախներ են առաջանում Պլովդիվում, Սոֆիայում և այլ քաղաքներում։

Բուլղարահայերի ճնշող մեծամասնությունն արհեստավորներ էին։ Նրանք զբաղվում էին ոսկերչությամբ, պղնձագործությամբ, դարբնությամբ, մանածագործությամբ, կաշեգործությամբ և այլ արհեստներով։ Մեծ համբավ էին վայելում, օրինակ, Սոֆիայի հայ դարբինները։ Հայերն ունեին իրենց արհեստանոցները, որոնք միաժամանակ ծառայում էին որպես վաճառատեղի։ Բացի այդ՝ բուլղարահայ արհեստավոր-վաճառականներն ակտիվ դեր էին կատարում Բալկանների ներքին և արտաքին առևտրում։ Հայերի մի զգալի մասը հաստատվել էր գյուղերում։ Նրանք զբաղվում էին երկրագործությամբ, հատկապես այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

 

Ռումինահայ գաղութները

Ներկայիս Ռումինիայի մեջ մտնող Մոլդովայում, Վալախիայում և այլ երկրամասերում հայաշատ գաղութներ առաջացան XIV դ.։ Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է XV և հաջորդ դարերում։ Հայերը հաստատվել են Սուչավայում, Յաշում, Ֆոկշանում և այլ քաղաքներում։ Հայաշատ կարևոր կենտրոններն ունեին իրենց ինքնավարությունը՝ քաղաքային խորհուրդները։ Դատավարությունը կատարվում էր ազգային ավանդույթներով։ Հայկական դատարանը գլխավորում էր քաղաքագլուխը։

Երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին առևտրում մեծ էր հայերի դերը։ Նրանք հմտորեն օգտագործում էին դեպի Լեհաստան և Ռուսաստան տանող ցամաբային և ջրային ուղիները։ Սև ծովում նրանք ունեին առագաստանավեր։ Ցամաքային ուղիներում հայ առևտրականների քարավանները հայտնի էին հայկական սայլեր անունով։ Ռումինիայի հայաշատ կենտրոնները նաև արհեստագործության նշանավոր օջախներ էին։ Ռումինահայերը սերտ հարաբերություններ են ունեցել Ղրիմի, Կոստանդնուպոլսի, Լեհաստանի հայության հետ։ Հայերը շինարարական լայն գործունեություն են ծավալել, կառուցել եկեղեցիներ, տաճարներ։ Նրանք ունեցել են ազգային դպրոցներ։ Այստեղ ևս հայերն օգտվում էին դավանանքի ազատությունից։

XVIIդ. կեսերից Մոլդովայից հայերն սկսում են հաստատվել Տրանսիլվանիայում, որտեղ հայկական համայնքներ կային դեռևս XIV-XV դարերից։

 

Իտալիա

Իտալիայում հայկական համայնքներ առաջանում են XIII-XV դդ.։ Հայերի հոսքը Իտալիա կատարվել է հատկապես Կիլիկիայից և Ղրիմից։

Դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը սերտ կապեր է հաստատում իտալական քաղաքների հետ։ Իտալիայի մի շարք քաղաքներում, որոնցից էին Հռոմը, Ջենովան, Լիվոռնոն, XIII-XIV դդ. հայերը հիմնել էին իրենց համայնքները։ Ամենախոշոր և կարևոր գաղթօջախը գտնվում էր Վենետիկում, ուր ժամանող հայ վաճառականներն ունեին իրենց կենտրոնատեղին, որը կոչվում էր Հայոց տուն։ Այն փողոցը, որտեղ գտնվել է «Հայոց տունը», կոչվել է Հայոց փողոց։ «Հայոց տունը» հետագայում ընդարձակվում է, նրա շրջակայքում կառուցվում են եկեղեցիներ։ XV-XVI դդ. Վենետիկի գաղթօջախը կազմակերպված հայկական կենտրոն էր։ Հայերը Վենետիկ էին ներմուծում բամբակ, մետաքս, աղ, չամիչ, ցորեն, պղինձ և այլն։ Վենետիկ և ուրիշ քաղաքներ պարսկական մետաքս ներմուծողները հիմնականում հայեր էին։ Վենետիկում հաստատվել էին վաճառականական բազմաթիվ տներ։ Մեծահարուստ այդ վաճառականներից բացի կային նաև մանր ու միջին առևտրականներ, որոնք կրպակներ ունեին Սբ Մարկոսի հրապարակում։

Հայկական համայնքում զգալի թիվ էին կազմում արհեստավորները։ Նրանք աշխատում էին գերազանցապես նավաշինական արհեստանոցներում։ Սակայն Վենետիկը հայերի համար նշանավոր էր հատկապես մշակույթի առումով։ Հայ մշակույթի ամենակարևոր նվաճումներից մեկը՝ հայկական տպագրությունը, սկզբնավորվել է Վենետիկում։

 

Հոլանդիա

Հայերը Հոլանդիայում կամ Նիդերլանդներում հաստատվել են XIV-XV դդ.։ Հայ վաճառականները հաստատվում էին հատկապես Ամստերդամում, որը համաշխարհային առևտրի և մշակույթի ճանաչված կենտրոն էր։ Այն Եվրոպայի կայսրուհու համբավ էր ձեռք բերել։

Ամստերդամում XVII դ. սկզբներից հիմնվում են առևտրական տներ, և ձևավորվում է հայկական համայնքը։ Այստեղ որոշ հայ առևտրականներ ունեցել են իրենց սեփական նավերը։ 1653թ. Ամստերդամից դեպի Զմյուռնիա ճանապարհված հինգ նավերից երկուսը հայկական էին։ Այստեղ ևս հայկական գաղթօջախը նշանավորվում է հայկական տպագրությամբ։ Ամստերդամում առաջին հայկական տպարանը հիմնվում է 1660թ.։ Այնտեղ կարճ ժամանակում տպագրվում են բազմաթիվ գրքեր։

Ամստերդամի գաղթօջախը թուլանում և XVIII դ. վերջերից մարում է։

 

Ռուսաստանի հայկական գաղթավայրերը

Հայերը Ռուսաստանում հաստատվում են համեմատաբար ավելի ուշ։ Հայկական փոքր համայնք գոյություն ուներ Մոսկվայում XIV-XV դդ., որն ավելի աճեց XVI-XVII դդ.։ XVI դ. հայերը հաստատվում են Աստրախանում, Կազանում՝ կարևոր դեր խաղալով վոլգյան առևտրում։ Այստեղ հայկական գաղթավայրերը հատկապես ուժեղանում են XVI դարի երկրորդ կեսից, երբ Կազանի և Աստրախանի խանությունները միացվում են Ռուսաստանին։ Հիշյալ գաղթավայրերը բարգավաճեցին XVI-XVII դդ., մասնավորապես վոլգյան առևտրի զարգացման շնորհիվ։

 

Կոստանդնուպոլսի հայկական գաղութը

Բյուզանդիայի վարած քաղաքականության հետևանքով հայերի հոսք էր տեղի ունենում դեպի կայսրության արևմտյան տարածքներ։ Հայերը հաստատվում էին հատկապես մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Նրանք շփվում էին բյուզանդական հարուստ մշակույթի հետ և կրում նրա բարերար ազդեցությունը։

Թուրքերը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո (1453թ.) սկսեցին քաղաքը վերաշինել։ Նրանք Փոքր Ասիայից գաղթեցնում էին հույների, հրեաների և հայերի։ Նրանց տրվում էին արտոնություններ՝ քաղաքը բարեկարգելու համար։ 1461թ. ձևավորվում է հայոց հոգևոր իշխանությունը՝ պատրիարքությունը։ Պատրիարքը տնօրինում էր ամբողջ արևմտահայության գործերը։

Կոստանդնուպոլսի հայկական գաղութի բնակչության մեջ մեծ էր առևտրականների և արհեստավորների դերը։ Քաղաքի աշխարհագրական հարմար դիրքը մեծապես նպաստում էր առևտրի զարգացմանը։ Հայ վաճառականներն ունեին խանութներ, իջևանատներ, պահեստներ։ Արհեստներից զարգացած էին ոսկերչությունը, արծաթագործությունը, պղնձագործությունը, կաշեգործությունը, հյուսնությունը և այլն։ Տակավին 1567թ. այնտեղ հիմնվեց առաջին տպարանը։ Այնուհետև հիմնադրվեցին նորերը։

 

Սիրիայի հայկական գաղութը

Կիլիկիայի հայկական պետության կործանումից հետո հայկական մի հոծ զանգված ապաստան գտավ Աիրիայում։ Աշխուժացան այնտեղ արդեն գոյություն ունեցող համայնքները։ Դրանցից Նշանավոր էր Հալեպի գաղութը, որը գլխավորում էր տանուտերը։ Հայերի հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կառուցվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Մինչև XV դ. վերջը հայերի թիվն այնբան է մեծանում, որ կառուցվում է նաև երկրորդ եկեղեցին։

XV-XVII դդ. Սիրիայի հայկական համայնքները վերելք ապրեցին շնորհիվ միջազգային առևտրի։ Արևելբի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրի հիմնական ուղին դարձել էր Թավրիզ-Հալեպ ուղեգիծը։ Դա կատարվել էր թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելու հետևանքով։ Հալեպում անմիջական շփման մեջ էին մտնում եվրոպական և ասիական առևտրականները։ Սերտ կապեր գոյություն ունեին Վենետիկի և Իտալիայի մյուս բաղաբ-պետությունների հետ։ Հայ խոջաները (վաճառականները) Եվրոպա էին տանում Պարսկաստանի և Սիրիայի մետաքսը։ Հայկական համայնքներ կային նաև Դամասկոսում և այլ քաղաքներում։ Դամասկոսի գաղթօջախը նույնպես ուներ իր եկեղեցիները, հյուրատունը և այլն։

 

Նոր Ջուղա

Պարսկաստանում հայ բնակչություն է հաստատվել հնագույն ժամանակներից։ Սակայն հայությունը այստեղ մեծաքանակ դարձավ 1604–1605թթ. Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի հետևանքով։ Պարսից շահը, ինչպես հայտնի է, ավելի բան 300 հազար հայերի Հայաստանից տեղափոխեց Պարսկաստան։ Սակայն նրանց մեծ մասը ոչնչացավ սովից, ցրտից և համաճարակներից։ Կենդանի մնացածները հաստատվեցին Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում։ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը։ Շահը ձգտում էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել երկիրը։

Նորաբնակները մի շարք արտոնություններ ստացան։ Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը։ Դատական գործերը վարում էր քաղաքագլխի տեղակալը։ Հայերն օգտվում էին նաև դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր։ Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ Ջուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը և հանդես էին գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդներ։ Միջերկրական ծովով նրանք կապվում էին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, իտալական քաղաքների հետ։ Ջուղայի վաճառականները ստեղծում են իրենց առևտրական ընկերությունները։ Այդ ընկերությունները առևտրական պայմանագրեր են կնքում անգամ օտար պետությունների հետ։ Ջուղայի հայ առևտրական ընկերությունը 1667թ. պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը ազատ առևտրի իրավունք է ստանում Ռուսաստանի և Ռուսաստանի տարածքով՝ եվրոպական երկրների հետ։

Նոր Ջուղայում և Պարսկաստանի մյուս գաղթօջախներում զարգացած էր արհեստագործությունը։ Արհեստներից առաջադիմել էին հատկապես ոսկերչությունը, գորգագործությունը, կերպասագործությունը, ներկարարությունը։

Նոր Ջուղայում պահպանվել են հայկական մշակույթի լավագույն ավանդույթները։ Այնտեղ բացվել են լայն գիտելիքներ տվող դպրոցներ։ Քաղաքի Ամենափրկիչ վանքում հիմնվել է մատենադարան, ուր հավաքվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծ զարգացում են ապրել մանրանկարչությունը, որմնանկարչությունը։ Նոր Ջուղան դարձել էր իր ժամանակի հայ մշակույթի կարևոր կենտրոն։

 

Հայ վաճառականությունը և հայ առևտրական կապիտալը

Ուշ միջնադարում ծանր հարված կրեց հայ վաճառականությունը՝ կապված պարսկաթուրքական պատերազմների հետևանքով երկրի ավերման, տնտեսական կյանքի լճացման և անկման հետ։ Վիճակը քիչ թե շատ փոփոխվեց Հայաստանում միայն XVII դարի առաջին կեսին, երբ զգալիորեն ընդլայնվեց երկրի ներքին շուկան և աշխուժացավ տարանցիկ առևտուրը։ Սակայն հայ վաճառականությունը մեծ հաջողությունների հասավ գաղթավայրերում՝ Նոր Ջուղայում, Հնդկաստանում, Կոստանդնուպոլսում, Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Աստիճանաբար մեծացավ և ամրապնդվեց հայ առևտրական կապիտալը։ Հայ վաճառականներն սկսեցին կարևոր դեր խաղալ Արևելք և Արևմուտք առևտրական հարաբերություններում, հաջողությամբ ծավալել ծովային առևտրուր՝ փաստորեն ստեղծելով հայ առևտրական նավատորմ։ Նրանք հաջողությամբ մրցակցում էին օտար առևտրականների հետ։

 

Դպրոց

XV-XVII դդ. Հայաստանում օտար նվաճողների մղած պատերազմները և նրանց երկարատև տիրապետության հաստատումն ահավոր հարված հասցրին հայկական մշակույթին։ Նախորդ դարերի մշակութային աշխույժ կյանքը գրեթե ամենուրեք անկում ապրեց, դադարեցին գործելուց բազմաթիվ դպրոցներ։ XV դ. սկզբին շարունակում էր գործել լոկ Տաթևի համալսարանը, որը ղեկավարում էր խոշոր աստվածաբան, փիլիսոփա և ազգային–եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին։ Տաթևի համալսարանն ուներ իր ժամանակի համար մեծաքանակ ուսանողներ, որոնք սովորում էին տարբեր լեզուներ, համարողական արվեստ (թվաբանություն), երաժշտություն և այլն։ Ուսանողները գրում էին ավարտաճառեր և ստանում վարդապետական աստիճան։ Լենկթեմուրի արշավանքների շրջանում Գրիգոր Տաթևացին ստիպված էր իր աշակերտներով տեղից տեղ փոխադրվել՝ ուսուցումը չընդհատելու և առավել ապահով վայրերում այն շարունակելու համար։ XV դ. գործում էր Ղրիմի հայոց Անտոնի վանքի դպրոցը, որի սաները սովորում էին ոչ միայն աստվածաբանություն և քերականություն, այլև տոմարագիտություն, աստղաբաշխություն, թվաբանություն և այլն։ 1620-ական թթ. հիմնադրվում է Հովհանավանքի դպրոցը, որը հետո տեղափոխվում է Էջմիածին։

XVII դ. 30-ական թթ. հիմնադրվում է Նոր Ջուղայի դպրոցը։ Դպրոցի ուսուցիչ Կոստանդ Ջուղայեցին կազմել է թվաբանության դասագիրք՝ վաճառականության համար կարևոր հաշվապահական խրատներով։ Դասավանդում էին տոմարագիտություն, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ և այլն։ XVII դ. սկզբից Բաղեշում իր գործունեությունն է սկսում Ամրդոլու վանքի նշանավոր դպրոցը, Սյունիքում նույն դարի առաջին քառորդին՝ Սյունյանց Մեծ անապատի դպրոցը։ Այդ դպրոցների շրջանավարտներն իրենց հերթին շրջագայում էին Հայաստանի տարբեր գավառներում և դպրոցներ բացում։ Դպրոցներին կից եղել են մատենադարաններ։ Շատ դպրոցներ դարձել են գրչության նշանավոր կենտրոններ, որտեղ արտագրվել և բազմացվել են ձեռագրեր։

 

Տպագրություն

Հայ ժողովրդի մշակութային խոշոր նվաճումներից մեկը հայ տպագրական գործի սկզբնավորումն էր։ Հովհան Գուտենբերգի կողմից տպագրության գյուտից ընդամենը կես դար հետո՝ 1512թ., Իտալիայի Վենետիկ քաղաքում լույս տեսավ հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ Առաջին հայ տպագրիչը Հակոբ Մեղապարտն էր։

Աբգար Թոխաթեցին իր որդու՝ Սուլթանշահի հետ այնտեղ վերսկսում է հայերեն գրքերի տպագրությունը։ Նա այնուհետև տպարանը տեղափոխում է Կոստանդնուպոլիս և լույս ընծայում բազմաթիվ գրքեր։ XVII դ. տպարաններ են հիմնվում և հայերեն գրքեր հրատարակվում Լվովում, Լիվոռնոյում և Նոր Ջուղայում:

Նոր Ջուղայում 1638թ. հիմնադրված հայկական տպարանը Պարսկաստանում առաջինն էր։ Նրա սարքավորումները բերվել էին ոչ թե Եվրոպայից, այլ պատրաստվել էին տեղում՝ հայ վարպետների կողմից։

1660-ական թթ. հայ տպագրական գործը հաջողությամբ ծավալվում էր նաև Ամստերդամում: Այստեղ առաջին անգամ տպագրվում են հայերեն Աստվածաշունչը և Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը»։

 

Գրականություն

Հայ գրականությունը XV-XVII դդ. շարունակում է հարստանալ նոր անուններով։ Շարունակական արտագաղթերի հետ կապված սկզբնավորվում և լայն տարածում են ստանում պանդխտությունը դատապարտող տաղերն ու ողբերը։ Նրանց մեջ արտացոլվում էին հայրենիքի կարոտը, օտարության դառնությունը և այլն։ XV դ. աչքի ընկնող բանաստեղծներից էր Մկրտիչ Նաղաշը, որը գրել է բազմաթիվ ոտանավորներ բնության, գեղեցկության և պանդխտության մասին։ Նա եղել է նաև նկարիչ, որի համար կոչվել է Նաղաշ։ XV-XVI դդ. բանաստեղծները, բացի կրոևաբարոյական ոտանա¬վորներից, գրել են նաև բնության և սիրո մասին, հորինել աշխարհիկ բնույթի երգեր։

Հայ գրականության մեջ խոշոր դեր է խաղացել XVI դ. բանաստեղծ Նահապետ Քուչակը։ Նա իր բանաստեղծություններում արտահայտել է սիրո և մարդասիրության խոր գաղափարներ և զբաղվել է նաև երաժշտությամբ։

XVI դ. խոշոր բանաստեղծներից է Գրիգորիոս Աղթամարցին։ Նա սերում էր Արծրունյաց թագավորական տոհմից, Սմբատ թագավորի թոռն էր և կաթողիկոսական գավազանի ժառանգական կրողը։ Ականատես լինելով թուրք–պարսկական ասպատակություններին ու ավերածություններին՝ բանաստեղծը հակիրճ բնութագրել է նրանց տիրապետությունը. «Հագարացիները կրոնով թյուր Խանձում են մեր ազգը որպես հուր»։

Գրիգորիոս Աղթամարցին երգել է սեր արդարության և խաղաղության նկատմամբ, սեր դեպի կյանքը, գարունը և բնությունը։ Նա կյանքը համեմատում է պարտեզի հետ, որտեղ ծաղիկները մարդու գեղեցիկ արարքներն են, իսկ փշերը՝ նրա մեղքերը։

Մեծ տարածում էին ստանում «Տաղարան» և «Աղվեսագիրք» ժողովածուները։ «Տաղարաններում» հավաքվում էին ժողովրդական երգեր և բանահյուսական այլ գործեր։ «Աղվեսագիրք» ժողովածուներում ընթերցանության համար արտագրվում էին առակներ և երգիծական բնույթի ստեղծագործություններ։

XV-XVII դդ. հայ գրականությունը հարստանում է նաև այլ լեզուներից կատարված գեղարվեստական թարգմանություններով։

Գրական ուղղության է վերածվում ուղեգրությունների ժանրը։ Հայ ճանապարհորդներն ու ուխտագնացները XV-XVII դդ. ստեղծել են հարուստ գրականություն (Մարտիրոս Երզնկացի, Սիմեոն Լեհացի և ուրիշներ)։

 

Արվեստ

Հայաստանի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակն իր կնիքն էր թողնում նաև արվեստի զարգացման վրա։ Չնայած աննպաստ պայմաններին, արվեստի որոշ բնագավառներ շարունակում էին զարգանալ։ Հաջողություններն ակնառու էին հատկապես ձեռագիր մատյանների նկարչական ձևավորման (մանրանկարչության) բնագավառում։ Մանրանկարներում պատկերվում էին կրոնական ու աշխարհիկ կյանքից վերցված դրվագներ։ Առավել սիրված թեմաներից էին Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի, ավետարանիչների և աստվածաշնչյան այլ թեմաներն ու պատկերները։ Պատկերում էին նաև հայոց եկեղեցու անցյալի նշանավոր գործիչներին՝ Գրիգոր Լուսավորիչ, Եզնիկ Կողբացի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ։ XVI դ. ձեռագրերում հանդիպում են նաև Ավարայրի ճակատամարտը պատկերող նկարներ, որոնց միջոցով հայ նկարիչները փորձում էին կենդանի պահել հայ ժողովրդի ազատասիրական ոգին։ Հայ մանրանկարիչներից նշանավոր էին Հակոբ Ջուղայեցին, Ավագը, Մինասը և ուրիշներ։ XV-XVII դդ. առավել հայտնի էին Վասպուրականի, Կարինի, Նոր Ջուղայի և Ղրիմի մանրանկարչական դպրոցները։

Մեծ զարգացում էր ապրում նաև կիրառական արվեստը, հատկապես՝ գորգագործությունը։ Հայկական գորգերն արտահանվում էին շատ երկրներ և մեծ հռչակ ունեին։ Ուշագրավ էին հատկապես հայկական վիշապագորգերը։ Հայկական գաղթօջախներում հայտնի էին բարձրարվեստ ոսկերչությունն ու նկարչությունը։ Արվեստի նշանավոր գործ է Նոր Ջուղայից ռուսաց թագավոր Ալեքսեյ Միխայլովիչին նվիրած Ալմաստակուռ գահը։ Նոր Ջուղայի հայ արվեստագետներից Բոգդան (Աստվածատուր) Սալթանովը, որը, 1666թ. հաստատվելով Մոսկվայում, աշխատում էր Զինապալատում և մեծ դեր կատարեց ռուսական արվեստի զարգացման գործում։

XVI դ. շարունակում է զարգանալ խաչքարային արվեստը։ Խաչքարերը տեղադրում էին որպես տապանաքար՝ հիշատակի համար։ Այդպիսիք շատ են Նորատուսի և Հին Ջուղայի գերեզմանատներում։ Հայ խոջաները Ջուղայի գերեզմանատանը կանգնեցրել էին ավելի քան 10 հազար գեղեցիկ և ճոխ քանդակներով խաչքարեր և խոյանման տապանաքարեր։

Այժմ Հայաստանի պատմության պետական թանգարանում է պահվում Սևանի Առաքելոց եկեղեցու համար 1486թ. պատրաստված դուռը, որը փայտի փորագրության արվեստի գլուխգործոց է։

 

Ճարտարապետություն

XV դ. հայկական շինարարական արվեստի անկման արտահայտություն էր այն եզակի դեպքը, երբ Մեծոփավանքի նոր եկեղեցին կառուցելու համար հրավիրվեց հույն ճարտարապետ։ XV-XVI դդ. հայ ճարտարապետության զարգացմանը խանգարում էին ոչ միայն քաղաքական անկայունությունը և տնտեսական վիճակը, այլև կրոնական մոլեռանդությունը։ Այսպես, XV դ. 30-ական թթ. տաղանդավոր ճարտարապետ Նեքեմատի կառուցած Ամիդի (Դիարբեքիր) հայոց հոյակապ գմբեթավոր եկեղեցին քանդվում է մահմեդականների կողմից, որովհետև այն իր գեղեցկությամբ ու բարձրությամբ գերազանցում էր քաղաքի մզկիթներին։

XVII դ. հայ ճարտարապետության մեջ մեծ տարածում գտավ եկեղեցիներին կից զանգակատների կառուցումը։ Էջմիածնի Մայր տաճարի զանգակատունը ևս կառուցվել է այդ ժամանակ։

XVII դ. Հայաստանում կառուցվեցին նաև մի շարք գեղեցիկ միաթռիչք և բազմաթռիչք կամուրջներ Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի և այլ գետերի վրա։ Նրանց մի մասը գործում է մինչև օրս։

XVI-XVII դդ. շինարարությունը հովանավորում էին ոչ թե խոշոր ավատատերերը, ինչպես նախորդ դարերում, այլ հարուստ վաճառականները։ Նշված շրջանում հայ ճարտարապետության կարևոր առանձնահատկությունն էր եկեղեցիներն ու վանքերն ամուր պարիսպներով շրջապատելու և դրանք բերդ-եկեղեցիներ դարձնելու միտումը (Տաթև, Գեղարդ, Խոր Վիրապ, Հալիձոր, Աստապատ, Ագուլիս և այլն)։ Մի շարք բերդ-եկեղեցիներ շրջապատվել են կրկնակի պարիսպներով և ունեցել են նաև ստորգետնյա ուղիներ՝ պաշարման ժամանակ գետերից ջուր վերցնելու համար։ Հաճախ վտանգի ժամանակ այնտեղ պատսպարվել է շրջակա հայ բնակչությունը։

XV-XVII դդ. հայ ճարտարապետները մեծ ծառայություններ ունեն նաև թուրքական շինարարական արվ

Создать бесплатный сайт с uCoz