…ղերը ներգրավվում էին շուկայական հարաբերությունների մեջ: Դրա հետևանքով խորանում էր գյուղացիության շերտավորումը, ուժեղանում պանդխտությունը:

Առաջադիմեց այգեգործությունը, հատկապես խաղողագործությունը: Շուկային համապատասխան՝ փոփոխություններ կրեցին յուղատու բույսերի արտադրությունը, շերամապահությունը, բանջարաբուծությունը:

Տեղաշարժերը առավել նկատելի էին տնտեսության մյուս ճյուղերում՝ արդյունաբերության և առևտրի բնագավառներում

 

Արդյունաբերություն և առևտուր

Հետռեֆորմյան շրջանում Ռուսաստանում սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները: Կապիտալիզմը զարգանում էր և' խորությամբ, և' լայնությամբ՝ իր ոլորտի մեջ առնելով ծայրամասերը, այդ թվում և Անդրկովկասը: Աստիճանաբար ավելի ու ավելի էին ընդլայնվում Ռուսաստանի և Անդրկովկասի տնտեսական կապերը: Դա արտահայտվեց հատկապես դարի վերջին տասնամյակներին ձեռքի աշխատանքի մեքենայացմամբ, խճուղային ճանապարհների կարգավորմամբ, մասնավորապես երկաթուղիների կառուցմամբ: Երկաթուղիները ամենուրեք հեղաշրջում էին առաջացնում երկրի տնտեսության մեջ: 1883թ. սկսեց գործել Բաքու - Թիֆլիս - Բաթում, իսկ 1899 թթ.՝ Թիֆլիս - Ալեքսանդրապոլ - Կարս երկաթուղին:

Երկաթուղիները խթանեցին ապրանքափոխանակության, առևտրի զարգացումը Ռուսաստանի և Անդրկովկասի, այդ թվում և Հայաստանի միջև: Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք: Երևանի և Ալեքսանդրապոլի առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թթ. համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ: Աճեց նաև հացահատիկի առևտուրը: Երևանի նահանգից տարեկան շուրջ 2 միլիոն փութ հացահատիկ էր արտահանվում Եվրոպա: Արագորեն աճում էին հատկապես բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը:

Հայաստանի արդյունաբերության գլխավոր ճյուղը լեռնարդյունաբերությունն էր՝ պղնձի և աղի արտադրությունը: Պղնձարդյունաբերության կենտրոններն էին Ալավերդին և Զանգեզուրը: Արդյունաբերության այս ճյուղը զգալի աճ ունեցավ: Զանգեզուրում եթե 1870թ. արտադրվում էր 13 հազար փութ պղինձ, ապա 1900թ. այն հասավ 71 հազարի: Այսինքն՝ երեսուն տարվա ընթացքում պղնձի արտադրությունը աճեց ավելի քան հինգ անգամ: Առաջին աշխարհամարտի նախօրյակին Հայաստանը տալիս էր ամբողջ Ռուսաստանում արտադրվող պղնձի 17 տոկոսը: Աճեց նաև աղի արտադրությունը:

Հայաստանում, առաջին հերթին Արարատյան դաշտում, գերազանցապես օտար կապիտալիստները բացեցին բամբակի մշակման ձեռնարկություններ: Նրանք Շուշիում և Նախիջևանում զարկ տվեցին մետաքսի արտադրությանը: Բամբակի և մետաքսի հումքը գրեթե ամբողջությամբ արտահանվում էր Ռուսաստանի արդյունաբերական կենտրոններ: Հիմնվեցին գինու, կոնյակի, կաշվի մշակման և ուրիշ արդյունաբերական ձեռնարկություններ: Կոնյակի գործարանը 1887թ. առաջինը բացեց Թաիրովը: Հետագայում ռուս կապիտալիստ Շուստովը գնեց այդ գործարանը, ընդլայնեց արտադրությունը և իր ձեռքում կենտրոնացրեց Հայաստանի կոնյակի ու սպիրտի արտադրությունը: Հայկական կոնյակը արտահանվում էր Ռուսաստան և եվրոպական երկրներ: Հայ արդյունաբերական և առևտրական բուրժուազիան ցրված էր ամբողջ Անդրկովկասում: Մի շարք խոշոր արդյունաբերողներ (Մանթաշով, Տեր-Ղուկասով, Արամյանց և ուրիշներ) իրենց կապիտալը ներդրել էին Բաքվի արդյունաբերության մեջ: Թիֆլիսի թեթև և սննդի արդյունաբերության մեջ մեծ էր հայ ձեռնարկատերերի (Ադելխանով, Ալիխանով և ուրիշներ) տեսակարար կշիռը:

Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը փոփոխություններ առաջ բերեց բնակչության կազմում, աշխուժացրեց քաղաքային կյանքը: Աճեց քաղաքների բնակչությունը: Երևանը 1865թ. ուներ 14 հազար բնակիչ, իսկ 1897թ.՝ 29 հազար: Այդ նույն ժամանակաշրջանում Ալեքսանդրապոլի (Գյումրի) բնակչությունը 16 հազարից հասավ 31 հազարի:

 

Ցարական կառավարության ազգային-գաղութային քաղաքականությունը

1860-1870-ական թթ. բարենորոգումների և տնտեսական կյանքի որոշ բարելավումներից հետո ցարիզմը փոխեց իր վերաբերմունքը և ուժեղացրեց ճնշումների ու հալածանքների քաղաքականությունը: 1881թ. մարտի 1-ին բարեփոխումներ իրականացնող Ալեքսանդր II կայսրի սպանությունը առիթ դարձնելով՝ կառավարությունը հարձակման անցավ և փաստորեն վերացրեց այն նվաճումների մի զգալի մասը, որը ձեռք էր բերվել նախորդ տասնամյակներին:

Ուժեղացվեցին ազգային հալածանքները ոչ ռուս ժողովուրդների նկատմամբ, ինքնակալությունը սկսեց հակակրանքով վերաբերվել հայերի՝ Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու ձգտումներին՝ գտնելով, որ դա վարակիչ կարող է լինել կովկասյան ժողովուրդների համար: Նա արգելեց հայ ֆիդայիներին Անդրկովկասից անցնել Թուրքիա և օգնել իրենց արևմտահայ եղբայրներին:

Չբավարարվելով դրանով՝ ցարիզմը սկսեց ուժեղացնել արևելահայերի հալածանքները: Ամենից առաջ սահմանափակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները: Նա գտնում էր, որ կաթողիկոսը հաճախ գործում է Պետերբուրգից անկախ, բացում է ազգային դպրոցներ և կատարում կառավարությանը ոչ հարիր այլ գործողություններ: Ռուսական իշխանությունները գաղտնի հսկողություն սահմանեցին Էջմիածնի վրա: Նրանք Էջմիածինը դիտում էին որպես հեղափոխական շարժման կենտրոն, ուր երեխաներին դաստիարակում են ըմբոստության ոգով: Աքսորվեցին մի շարք հոգևորականներ և աշխարհիկ գործիչներ: Այնուհետև դպրոցներում արգելվեց դասավանդել պատմություն և աշխարհագրություն՝ որպես ազգային զգացումներ առաջացնող առարկաներ: Հայկական դպրոցների վրա սահմանվեց խիստ հսկողություն, իսկ 1885թ. փակվեց Անդրկովկասում գործող շուրջ 300 հայկական դպրոց: Թիֆլիսում դպրոցների փակումը նկարագրելով՝ ականատեսը հաղորդում էր. «Ավելի քան 1000 աղջիկ ու տղա ցրվեցին իրենց տները՝ աղի-աղի արցունք թափելով, և ավելի քան 50 ուսուցիչ և ուսուցչուհի մնացին գլխիկոր ու վշտաբեկ»: Մեկ տարի անց Կովկասի իշխանությունները հարկադրված էին վերաբացել այդ դպրոցները:

Իրենց հայահալած քաղաքականությունը արդարացնելու և ռուսներին հայերի դեմ գրգռելու նպատակով հորինեցին հայերի սեպարատիզմի, այսինքն՝ Ռուսաստանից անջատվելու մտադրության մասին առասպելը: Տարածեցին լուրեր այն մասին, թե իբր հայերն ուզում են ստեղծել ազգային պետություն՝ Ռուսաստանից զավթելով Կովկասից մինչև Վորոնեժ ընկած տարածքները:

Ինքնակալությունը, առաջնորդվելով «Ռուսաստանը ռուսների համար» սկզբունքով, ջանում էր Արևելյան Հայաստանում փոխել բնակչության ազգային կազմը՝ որքան հնարավոր է շատ ռուսներ բնակեցնելով: Կարսի մարզը կայսրությանը միացնելուց հետո գտնում էին, որ անհրաժեշտ է այն և Հայաստանի այլ վայրերը բնակեցնել ռուսներով: Ցարական պաշտոնյաները մարզի ազատ տարածքները սկսեցին հատկացնել ռուսներին, որոնք գաղթեցվում էին գերազանցապես եվրոպական Ռուսաստանից: Նրանք եկվորներին ավելի շատ հողեր էին տալիս և ավելի երկար ժամանակով ազատում հարկերից ու տուրքերից: Ցարական կառավարության կողմից տարվող այդ քաղաքականության հետևանքով Լոռիում, Սևանի ավազանում, Կարսի մարզում, Զանգեզուրի ու Ղազախի գավառներում բնակություն հաստատեցին հազարավոր ռուսական ընտանիքներ:

Ցարական կառավարության գաղութային քաղաքականությունը որոշակիորեն արտահայտվում էր, ինչպես նշվեց, Հայաստանը հումքի բազա դարձնելու մեջ: Գյուղատնտեսության բնագավառում կառավարությունը խթանում էր իր արդյունաբերության համար հումք մատակարարող կուլտուրաների՝ բամբակի, մետաքսի, ծխախոտի մշակումը: Հայաստանի արդյունաբերական արտադրանքը արտահանվում էր կիսամշակված կամ ուղղակի հումքի ձևով:

Создать бесплатный сайт с uCoz